1915,սեպտեմբեր,Պետրոգրադ
Այս անգամ ուշացավ նամակս,բայց բանն այն է,որ ես վճռել էի գալ Կովկաս,դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի......
ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի:Մոսկվայի ժողովածուի հետ համաձայնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն,և մերում պոեզիան շատ կրճատեցինք-ընդամենը երկու թերթ պիտի բռնե,իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային:
Այստեղ Պաոլոն է աշխատում գլխավորապես՝ թեև անունով կա խմբագրական մասնաժողով: Թարգմանել են «Անուշը»,«Աղավնու վանքն» ու «Աղջկա սիրտը»,շատ լավ է թարգմանված,կարդացի- Վյաչեսլավ Իվանովն է թարգմանել Իվան Ֆադեյիչի գրվածների մեծ մասը:Եվ նա շատ է հավանում Իվան Ֆադեյիչին:Առհասարակ Մոսկվայի ժողովածուն հետաքրքրական կլինի և լավ,մերը ոչ, որովհետև հայոց պրոզան-Աստված գիտե,թե ինչ բան է:Ափսո՜ս չէ մեր պոեզիան. բայց ինչ արած, դարձյալ պետք է հրատակել և պրոզան:
Մեր ժողովածուի մեջ պիտի մտնի «Պեպոն»,որ թարգմանել ենք ես ու Գորկին միասին:,«Ցավագարը» և մի շարք այլ գրվածներ:«Գիքորը» ինձնից անկախ պատճառով չհաջողվեց մտցնել:
Ինչևէ,տեսնենք ինչ պիտի դուրս գա: Մեր պրոզան սարսափելի կերպով պրիմիտիվ է,երբեմն մարդ շշմած է մնում,թե ինչպես են այդքան միամիտ ու պարզամիտ մեր գրողները:Բոլորը գրված է կիսագրագետ մարդկանց համար:Ցավել պետք է,բայց,իհարկե,սիրել և աշխատել,որ առաջ գնա...Մի շաբաթ ապրեցի Գորկու մոտ ամառանոցում-շատ հետաքրքրական զրույցներ տեղի ունեցան-մի օր կգրեմ Ձեզ այդ մասին:Պատմեցի նրան մեր գրողների և պոետների մասին,ի միջի այլոց Իվան Ֆադեյիչի մի քանի սովորությունների մասին-շատ ծիծաղեց:
Ա՜խ ,սիրտ չկա գրելու,սիրելի Նվարդ,չի գրվում,թողնեք մի ուրիշ օրվա....
Ձեր Վահան
«Սիրելի Նվարդ
1916,մայիսի վերջ-հունիսի սկիզբ,Պետրոգրադ
Նամակդ ստացա միաժամանակ Պաոլոյի նամակի հետ:Այս րոպեիս գրելու առանձին հավես չկա,բայց ուզում եմ ,որ նամակս դեռ Թիֆլիսում ստանաս: Այստեղ անձրև է ու ցուրտ: Իմ բախտն է դա: Բոլորովին տարբերություն չկա այսպիսի գարնան և աշնան մեջ, եթե չհաշվենք «սպիտակ» գիշերները,որ իրոք լավն են:
Վերջին երկու -երեք շաբաթը, գուցե և ավել,զբաղված էի պոեզներով-ուզում էի կարգի բերել հին բաներս ու նորերը գրել: Շատ բան չարի, բայց էլի մի քիչ բան արի-դա էլ է փառք մեզ նման անիծվածների համար:
Մեր ժողովածուի համար գրում ես ,որ խիստ են քննադատում:Ես հանգիստ եմ, վասնզի այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը:Եվ թշվառ գավառն ամեն բան թամաշա ու ղալմաղալ է դարձնում:Մարդիկ կարծում են,որ այդ փոքրիկ բանից է կախված աշխարհի,հայոց ազգի լինել չլինելը և դրա համար այդպիսի աղմուկ ու կռիվ են հանում ամեն բանի շուրջը: Եվ,բացի այդ, ամեն մեկը կարծում է ,որ միայն ինքն է,որ գտել է ճշմարտությունը- նա արդեն այդ ուրիշին ժխտում է լիովին:
Այդ հիմարներին ասա,որ նախ, այդ ժողովածուից չի կախված հայոց ազգի գոյությունը,երկրորդ,որ դա շտապ կազմված,այն էլ անմարդ մի երկրում կազմված բան է և բնավ претензия չունի հայոց գրականության լիակատար պատկեր տալու-այլ միայն նպատակ է ունեցել տալ որոշ նմուշներ,որոնք կարելի է բնորոշել նմուշներ-ուրիշ ոչինչ:Ախր մի ժողովածու,որքան և մեծ լինի նա,չի կարող պարունակել իր մեջ մի ամբողջ գրականություն,որքան էլ դա փոքր ու թշվառ լինի(ինչպես մերը- «խոստովանինք ասիկա»,ինչպես ասում է պոետ Թեքեյանը)................
Նամակս ,սակայն ,երկարեց:Մյուս նամակումս կգրեմ մի քանի այլ բաների մասին,որ այժմ շատ հեռու կտաներ և նամակիս հղումը կհետաձգեր:կգրեմ Բորժոմ:
Առայժմ ջերմ ողջույներս ձերոնց բոլորին և, ամենից առաջ, իհարկե,մեր ալեհեր պառնասականին իմ և Սուսաննայի կողմից,ապա քեզ և հետո բոլոր այլոց...
Վահան»
Комментариев нет:
Отправить комментарий