Мой список блогов

пятница, 22 марта 2013 г.

Վ.Տերյան- Տրիոլետներ Նվարդին


նկ.Ա.Ռազումովսկայա
«Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար,իմ սիրելի ,իմ լավ Նվարդ,բայց ուղղելու կարիք կա,ուստի չղրկեցի:Ուզում էի,որ «տրիոլետների մանյակ»լինի դա,բայց ամեն անգամ  երբ նստում էի Ձեզ գրելու,միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր......
Ահա, սիրելի Նվարդ,իմ տրիոլետներից երեքը:Պետք է լինի յոթը,բայց մնացյալները դեռ շատ են անմշակ:Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի
մտածումներով,ուստի «պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին....
Առայժմ վերջացնում եմ նամակս,որ ուղարկեմ,իսկ եթե հետաձգեմ նոր բաներ ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:
                                                     Ամենաջերմ համբույրներով
                                                                     Ձեր վահան»





Տեսնու՞մ ես որքան ,որքան արագ
Անցնում է բոլորն ու դառնում հուշ.
Այժմ ո՞վ է արդյոք գրկում զգույշ
Իրանըդ այնքա՜ն,այնքա՜ն բարակ:
Եվ ո՞վ է ,ո՞վ է լսում անուշ
Խոսքերըդ սիրո և սևորակ 
Հուրերիդ խառնում մի նոր կրակ,
Արբած ջեռ փայլով աչքերիդ նուշ....

Ես ձմռան օրով տեսա գարուն
Ու մայիսից վառ տեսա հունվար.
Եվ ի՞նչ մնաց ինձ այն լուսավառ 
Օրերից.... Հուշերգ մի ոլորուն
Եվ այս կարոտը,կարոտն անզոր,
Որ դառն երգում է գիշեր ու զոր...
                                      ****

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է,անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ:
Թեև իջնում է հոգուս ըստվերը
Եվ չեմ սպասում գալիք ից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո,անուշ Նվարդ:

                           2
 Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածիդ  հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում:

                           3
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու,հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն,Նվարդ,
Թեև բացվում են նորից վարդեր:
Օ,եղիր խնդուն,որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրըդ կախարդ.
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Եվ դու՝վարդերում վարդերի վարդ:

               ***
Նույնն է հասցեդ հնամյա,
Նույնն է՝օթելը՝«Պարիժ»
Բայց տրտմությունըս հիմա
Այլ է,կարոտըս՝ուրիշ:

Նույնն է խանութը դեմի,
Նույնն է ցուցանակը հիմար.
Նույն մեղմախոս Վեռլենի
Երգն ես կրկնում դու համառ:

Գուցե այստեղ գտներ իմ
Սիրտս շրջիկ ու մոլոր
Եվ խնդություն մի վերին,
Եվ ամոքում,և օրոր...

Բայց հեռանում եմ անկամ,
Ի՞նչն էվանում ինձ,ինչու
Մի՞տդ է,ինչպես մի անգամ
ինձ ասացիր դու «գնչու»...

Комментариев нет:

Отправить комментарий