Мой список блогов

среда, 8 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Երազ եմ տեսնում: Սև ճանապարհ է:

Երազ եմ տեսնում: Սև ճանապարհ է:
Սպիտակ է ձին:Քայլքը համառ է:
Եվ այդ սպիտակ,միևնույն այդ ձին
Ինձ մոտ է բերում իմ իսկ սիրածին:
Գալիս է ,գալիս ինքը սիրածըս,
Ինքը սիրածըս,բայց չսիրածըս:

Ա՜խ,նեղլիկ ճամփեք,լայնանալ պետք չի:
Ա՜խ,իմ ռուսական սպիտակ կեչի:
Դու քո ճյուղքերով,
Ինչպես ձեռքերով,
Իմ այս սիրածի ճամփան լավ փակիր՝
Հանուն այն Մեկի,
Ում սիրեց հոգիս:

вторник, 7 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Շան որդին



Տարիներն անցած դուրս լողում մուժից,
Խշշում են որպես մարգը ծաղկեղեն,
Այսօր այն շանն եմ հիշել,որ ինձ
Պատանեկության ընկեր է եղել:

Պատանությունն իմ անցել է,չկա,
Բայց հիշում եմ ես ,հիշում անդադար,
Սպիտակ հագած մի լավ աղջկա,
Որին իմ շունը դարձավ փոստատար:

Սերգեյ Եսենին Իմ սրտում արդեն հոգսեր կան այնքան

Իմ սրտում արդեն հոգսեր կան այնքան,
Ինքս ինձ խաբելուց դադարում եմ ես:
Ինչի՞ համար եմ կոչվել շառլատան
Եվ սկանդալիս հռչակվել այսպես:

Ես ոչ խեղդել եմ բանտում թշվառին,
Ոչ ոճրագործ եմ,ոչ անտառի գող,
Ես լոկ խելառ եմ մի փողոցային,
Ամեն անցորդի դեմքին ժպտացող:

Սերգեյ Եսենին Դու ինձ մի՛ տանջիր

Դու ինձ մի՛ տանջիր 

Դու ինձ մի՛ տանջիր իզուր սառնությամբ

Եվ մի՛ հարցնի իմ տարիքն ,անգի՛ն,
Բռնված ծանր ցավագարությամբ,
Ես նմանվում եմ դեղին կմախքի:

Կար ժամանակ ,երբ մեր խրճիթում
Ես տենչում էի՝ մանկան պես գերված,
Թե փառք կունենամ և հարստություն,
Բոլորի կողմից կլինեմ սիրված:

Սերգեյ Եսենին Մնաս բարով,իմ բարեկամ,մնաս բարով

Մնաս  բարով,իմ բարեկամ,մնաս բարով,
Թանկագինս ,իմ սրտի մեջ ես դու մնում ,
Կանխատեսված այս բաժանումը շուտով
Մեզ առջևում  նոր հանդիպում է խոստանում :

Մնաս բարով ,իմ բարեկամ ,անխոս , անձեռք,
Դու մի թախծիր ,վիշտ մի բարդիր քո հոնքերին,
Այս աշխարհում մեռնելն,  այո ,նոր չէ երբեք ,
Բայց ապրելն էլ ,անշուշտ ,նոր չէ բոլորովին:

Սերգեյ Եսենին Ես այսքան հոգնած դեռ չէի եղել

    
Ես այսքան հոգնած դեռ չէի եղել:
Այս թաց աշնան մեջ ու մառախուղի
Երազում տեսա ես իմ կյանքը խենթ
Ու տեսա կապույտ երկինքն իմ գյուղի:

Ինձ շատ կանայք են սիրել աշխարհում,
Ես էլ եմ սերս շատերին ցրել,
Եվ դրանից չէ՞ ,որ մթին մի ուժ
Ինձ դառն օղուն է մտերմացրել:

Սերգեյ Եսենին Ունի կանաչ,կանաչ վարսեր

Ունի կանաչ,կանաչ վարսեր
Ու կուրծք ունի նա կուսական,
Օ՜,նուրբ կեչի,քնքուշ իմ սեր,
Ի՞նչ ես ջրին նայում այդքան:

Ի՞նչ է արդյոք շրշում քամին,
Ափի ավազն ի՞նչ է ասում,
Գուցե,կեչի, քո ճյուղ-ծամին
Լուսինն իբրև սանր ես ուզում:

Սերգեյ Եսենին Սուրում է լճի վարդագույն ջրում

Սուրում է լճի վարդագույն ջրում
Աշնան ոսկեղեն տերևի հյուլը,
Ինչպես թիթեռն է  նվաղած սուրում
Դեպի խավարում առկայծող հուրը:

Ես գերված եմ այս գիշերով խաղաղ,
Հարազատ են ինձ դեղնած արտերը,
Աշնան հողմն,ինչպես սիրահար տղա,
Բարձրացընում է կեչու փեշերը:

Սերգեյ Եսենին Նման չէ գարունն,ավա՜ղ,խնդության

Նման չէ գարունն,ավա՜ղ,խնդության,
Եվ արևից չէ ավազը դեղին:
Հնդկացորենի աղվամազն է տաք
Իր գույնը տվել քո այդ ձեռքերին:

Երդվեցինք կապույտ  ջրատեղի մոտ,
Ճերմակափետուր կարապի վրա,
Որ մենք միասին կլինենք հավետ
Եվ երբեք ,երբեք չենք թողնի իրար:

Սերգեյ Եսենին Անցավ օրը,և սահմանը կարճացավ

Անցավ օրը,և սահմանը կարճացավ,
Իմ մեկնումի պահը դարձյալ մոտեցավ:
Ես հատում եմ մատիս թեթև շարժումով
Տարիների գաղտնիքների ջուրը մով:

Ճակատագրիս ալիքների վրա լուրթ
Կուտակվում է փրփուրների քափը ցուրտ,
Եվ դառնում է լուռ գերության հետքը սառ
Իմ խորոշմած շրթունքի մոտ նոր մի ծալ:

Սերգեյ Եսենին Փռվել է դարձյալ ճերմակ դաշտերին

Փռվել է դարձյալ ճերմակ դաշտերին
Նուրբ ու նախշավոր ծիրանին անծայր,
Եվ ղողաջում է ընդերկար ու զիլ
Նիժեգորոդյան զանգակը դարձյալ:

Դու ցույց ես տալիս քողի տակ միգոտ
Հրապույրները քո աղջկական.
Եվ հովն է շոյում շեկ ծամերը քո
Գլխաշորիդ տակ քնքշորեն այնքան:

Սերգեյ Եսենին Ճերմակ բաճկոն ու կարմիր գոտիկ

Ճերմակ բաճկոն ու կարմիր գոտիկ,
Կակաչ եմ քաղում մարգում մոտիկ:

Շուրջպարն է թնդում գյուղի ծայրին,
Երգում է այնտեղ իմ սիրուհին:

Հիշում եմ,ինչպես նա ինձ դաղեց.
«Քո շեկ քաքուլն իմ հոգին հանեց,

Սերգեյ Եսենին Ցնորք


Մութ եղևնուտում ոսկուն են տալիս
Ուռենիների տերևները չոր.
Ես բարձր ափն եմ ահա դուրս գալիս,
Ուր լճախորշն է օրորվում անդորր...
Զույգ կիսալուսնի ցնցվող պոզերից
Պղտորվել է լիճն ինչպես շեկ մի ծուխ.
Չտարբերելով ջուրը սեզերից,
Ջրահավն է ճահճում լալիս կամացուկ:
Հնձված,ամայի այդ մարգագետնից
Լսում եմ մի կանչ ինձ այնպե՜ս ծանոթ.
Իմ մտերմուհի,դու կանչում ես ինձ
Թախծելու՝նիրհուն քո ափերի մոտ...
Բազում տարիք  են իմ գլխով սահել,
Խինդ ու ցավեր եմ տեսել ես բազում,
Բայց սրբությամբ եմ սրտիս մեջ պահել
Քո մշուշային թևերը նազուկ: