Мой список блогов

четверг, 25 апреля 2013 г.

Հովհաննես Շիրազ «Հայոց Անունները»






























նկ.Գրիգոր Խանջյան


Քո մայր լեզվով խոսիր ,պոետ,
Որ հավերժվի ազգը քո հետ:

Անուն կա ,որ վարդի բույր է,
Կա, որ սարի պաղ աղբյուր է,
Կա,որ քեզ տուն կանչող քույր է,
Կա,որ անուշ մոր համբույր է,
Կա,որ ձեռիդ եղբեր սուր է,
Հայ անունը ՝պատիվը մեր՝
Միշտ լավ գործի ծնունդ անմեռ:


Անուն էլ կա,որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ է հին,
Որ կնքել է ինչ-որ տերտեր՝
Կամ թե դժնի մի ճորտատեր.
Ու մենք հաճախ չենք ամաչում ,
Հին անվամբ ենք իրար կանչում,
Թե՝հե՜յ ու՞ր ես բեդնի Խաչո,
Ի՞նչ բանի ես ղաչաղ Վաչո,
Տաշտաքերենց,
Կաշառակերենց,
Անուննե՞ր են ,թե՞ հին վերքեր,
Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,
Թե ի՞նչ չլուտ ,ինչ Չպլաղենց,
Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց:

Անուն էլ կա,որ լսելիս
Մարդ ակամա հարց է տալիս,
Թե ի՞նչ Կնյազ ,ի՞նչ Իշխանիկ,
Ի՞նչ Խան ախպեր,կամ ՝ի՞նչ Խանիկ
Երբ ինքն ,ահա, մի մարդ է նոր ,
Մի հին չոբան ,չոբանի թոռ,
Առաջ քաշված,
Փառքով նշված,
Ինքն է թաղել իշխան ու խան,
Բայց գրվում է դեռ Իշխանյան,
Աղախանով կամ Բախշիբեգ,
Ամիրխանով կամ Յախշիբեգ:
Աձն էլ յախշի ,վա՜յ ,անհոգի,
Կարծես թե կար լավն էլ բեգի.
Գայլը յախշի՞,տես դու հալա՝
Անունն անգամ խաթաբալա:
Անունն անգամ 
Օձի նման 
Փաթաթված վիզն Հայաստանի,
Այրող հուշն է այն սուլթանի ,
Որ մեր լեզուն ու հողն անվերջ
Ձուլել կուզեր իր ցեղի մեջ,
Եվ կձուլեր (հայ կա դրսում ,
Որ հայերեն էլ չի խոսում....)  Սա ինձ չի վերաբերվում..)))
Մենք էլ այժմ չէինք կարող 
Խոսել լեզվով մեր դայլայլող,
Հայոց լեզվով մեր ազգաթագ, 
Թե մեզ չառներ իր թևի տակ ,
Խաղաղության Մաշտոց հսկան,
Որ կանչում է, թե ՝ով տղաս ,
Յոթ լեզու էլ թե իմանաս,
Չմոռանաս քո մայր լեզուն,
Մոռանալդ է ոսոխն ուզում....

Անունն էլ կա ,բայց ո՞րն ասես,
Կատակով են դրել կարծես,
Մեկը մեկից անտոհմ ու սին՝
Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին,
Էլ Իլոնա,էլ Ալֆրեդ,
Էլ Ժոռժետա,էլ Վան- Շիլբերտ,
Էլ Ռիտա,էլ Պատեֆոն,
Էլ Կլարա,էլ Անելկա,
Թե թարգմանես՝ ի՞նչ դուրս կգա,-
Ծաղր ու ծանակ մեր ուստրերին,
Եվ առավել մեր դուստրերին:
Բայց ծիծաղից վատթարը կա՝
Հանդիպում ես յոթ աղջկա՝
Յոթից մեկն է Վարդ կամ Նարգիզ,
Մյուսներն ՝ Լուիզ ,Լարիս,
Եվ դեռ Էլլա ,կամ՝ Նովելլա,
Մարդ չգիտի խնդա՞,թե լա.
Մի՞թե չկար,որ չեն դրել,
Հայ մի անուն մարդավայել,
Որ կնքել են Արգենտինա,
Կարծես երկրի քարտեզ է նա.
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,
Գիտե՞ք անունն ինչ է դրել
Մեծ աղջկան ՝Գալանտերիա,
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա:
Ծիծաղո՞ւմ ես,բայց սպասիր ,
Մարդ-ավտոյի մասին լսիր.
Այն ,որ ավտոն շատ սիրելով 
Շևրոլետ է դրել սիրով՝
Բայց Շևրոլետն օրորոցում
Այս վշտից էր լալիս,կոծում:
Եվ ասում են ,երբ մեծացավ,
Անունն ինչ է,երբ հասկացավ,
Հենց այս եղավ խոսքն առաջին.
՞նչ Շևրոլետ,ավտո հո՞ չեմ,
Լա՞վ է քեզ էլ Վիլիս կանչեմ:
Ծիծաղում ես,բայց ծիծաղն ի՞նչ,
Ուր է հայոց անունը ջինջ,
Հազարից մեկն հազիվ ունի
Անուշ անունն իր հայրենի.
Մի Հասմիկ է,հազար Էլլա,
Մի Անահիտ,այնքա՜ն Բելլա,
Մի Արտավազդ,այնքա՜ն Համլետ,
Որ վիճում են մեր անվանց հետ,
Թե՝ եթե բանն այսպես գնա,
Էլ ձեր հայոցն ո՞ւր կմնա...

Այնինչ ամեն հայ դյուցազուն 
Փրկեց քո կյանքն ու հայ լեզուն,
Անհայտ հեռվում ընկավ կռվում,
Որ դու հիշես ,պահես,փրկես,
Մոռացումից անունն իր վես,
Վարդան պահես,պահես Հունան ,
Վահրամ պահես,որ իմանան,
Թե որ երկրի ծաղիկն ես դու.
Տոհմանունն էլ հողն է մարդու:
Երբ հնչում է մի Սանասար
Կարծես Սասնա քո սարն հասար,
Մի Այծեմնիկ անունն անգամ
Մայր Անին է հերոսական.
Մի անունն էլ հայ զորք է մի,
Մի զինվորն է, էլ ու՞ր զոհվի:
Ա՝խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված գրվես Աղախանով,
Ինչո՞ւ «փոքրիկ«  մի յան ջնջես՝
Մի ողջ ազգի մեծ սիրտ տանջես,-
Գոռ անունն է մի բուռ Ոսկի՝
Սուրբ մասունք է մի բուռ ազգի:
Հայ անունն եմ ես ձեզ ասում:
Դուք հասկացեք հայոց լեզուն ,
Ու թող ծաղկի կյանք ու գինով ՝
Ամեն մի ազգ ՝իր անունով:
Թող չխանդի Դեզդեմոնան ,
Երբ դուստրերս Նազիկ մնան,
Ինքն էլ մնա Դեզդեմոնա,
Խաղաղ մնա,մնա մեզ քույր,
Որ անվամբ էլ ծաղկենք մաքուր:
Մեր անունն էլ մի միտք ունի.
Ի՞նչ պակաս է մի Աղավնի,
Անունն ինքն էլ աշխարհի մեջ
Անուշ մի կանչ խաղաղատենչ,
Ո՞վ է բռնել մեր կոկորդից ՝
Որ ձեռք քաշենք Հայկ ու Վարդից,
Հայկ անունն եմ ես ձեզ ասում 
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ամեն անուն մի բառ է ճոխ՝
Ավանդավեպ՝ ազգդ պահող.
Մի Վարդան է երբ մեկն ասում՝
Ավարայրն է հետդ խոսում,
Բավ է պոկես ի սեր այլոց
Հայ կնիքից անունն հայոց:
Ա՜խ, ի՞նչ ասեմ ես այն հային,
Որ սեր չունի էլ ազգային,
Որ մայր հողից չի ամաչում,
Իր հայ որդուն Ջոն է կանչում:
Այս է ցավը,ով մտակույր,
Պահիր անունդ հայրենաթուր
Պահիր ազգդ պատվո գահին՝
Անունով էլ մեր ազգային:
Կամ երբ մի նոր մանչ ես ծնում ,
Անունն ինչո՞ւ Հայկ չես դնում,
Անունն անգամ զրահ հագին,
Կամ ի՞նչ վատ է մեր Գարեգին,
Կամ այս Շավարշն հայրենաշեն,
Այս իմ Տիգրանն ու Եղիշեն,
Այս իմ Արան գեղեցկաթով,
Այս իմ Մհերն ՝իր քաջ Դավթով,
Այս իմ Աստղիկն ամենագեղ,
Անունն ինքն է հույսի կանթեղ,
Այս իմ Վարդանն ու Վրթանես,
Քո անուններն ինչո՞ւ վանես,
Այս Սանասարն ու Սլկունին,
Այս իմ հայոց Մարզպետունին,
Հայ անունն էլ կյանքն է հային
Հայոց լեզվով աստվածային:

Ես մեկն ասի ,դուք հիշեցեք
Մեր անուններն հազար ու մեկ,
Հազար բարի գործից ծնված՝
Սերունդներով ոսկեջրած,
Մեզ ավանդված,որ զրահենք ,
Մեր հայ ազգը հավերժ պահենք:
Մարդս զանգ է ,աշխարհն ականջ,
Լավ անունը զանգի ղողանջ,
Բայց զանգ առանց զանգահարի,
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոշ մի ղողանջ չի հանելու,
Զանգահարը գործն է մարդու,
Գործ,որ թեկուզ ուժով բազկի,
Հավերժ փրկե պատիվն ազգի:
Գործ,որ Հայկից մինչև Հունան՝
Տավիղն է մեր խաղաղության:
Էլ ո՞ւր  մեր լույս լեզուն մարել՝
Այս նոր վշտի դեմ խոնարհել.
Ու թող այնտեղ Ջեմման ՝Ջեմմա,
Աստղիկն այստեղ ՝Աստղիկ մնա:
Քանզի ամեն ազգի անուն 
Իր տարազն է, իր մայր լեզուն,
Իր սրբությունն հավերժական .
Եվ օրենքն է ողջ մարդկության՝
Իր ազգինը ով չսիրի
Թշնամին է ողջ ազգերի.
Ինչո՞ւ հագնես  ձև ամենի,
Երբ քոնն ունես ,ով քաղքենի,
Երբ իր գույնից ,իր անունից ,
Իր մայր լեզվից ձեռ քաշողը:
Վերջն էլ կտա իր մայր հողը....
Գրիգոր Խանջյան


      Իդա


Իդա,ինչու է անունդ ...Իդա,
Թե դու քույրն էիր իմ հայոց բարդու,
Բույրն էիր հայոց ծաղկի մարգարտյա,
Թե երազն էիր ինձ նման մարդու:

Դու շուշան էիր ,էլ ի՞նչ ատրուշան,
Բույրն էիր իմ սուրբ  գինարբու ծաղկի ,
Այս ինչո՞ւ դարձար սև թրաշուշան,
Ինչո՞ւ չդարձար Նվարդն իմ կյանքի:

                

Կսիրեիր ինձ ,Իդա,
Թե Վարդուհի լինեիր,
Կդառնայիր մարգարտյա՝
Թե մարգարիտ լինեիր:
Թե լինեիր Վարդիթեր՝
Չէիր թողնի ինձ անտեր,
Թե լինեիր Աղավնի ,
Թե դառնայիր Ծովինար ՝
Սերդ աչքս չէր հանի ,
Բախտս գիրկս կմնար ,
Թե լինեիր Վանուհի ,
Թե լինեիր Նռանե ,
Թե լինեիր Սրբուհի ,
Թե լինեիր Գայանե,
Թե լինեիր Արաքսի ,
Թե լինեիր Լուսինե ՝
Թեկուզ վիշտը մասիսի 
Էլ իմ գլխին չէր ձյունե:

Կսիրեիր ինձ ,Իդա,
Թե լինեիր Վարդուհի ,
Կպաշտեիր ,հավատա ,
Թե դառնայիր Հայկուհի:
.....................................
Թե դառնայիր Անահիտ ՝
Չէիր դավի ինձ երբեք,
Կմնայիր միշտ գահիդ,-
Ինձ կասեիր «գիրկս եկ»:
Թե լինեիր դու Աստղիկ ՝
Չէիր թողնի ինձ մթնում,-
Կդառնայիր գեղեցիկ
Աստվածուհի իմաստուն:



Անցել է ,Իդա , երեսուն տարի,
Բայց դեռ սիրատանջ հույսս չի սառել,
Ճակատիս ողորկն էլ կնճիռ է դառել,
Բայց դեռ նման եմ խենթ սիրահարի:

Հապա ինչո՞ւ է քո սերը սառել ,
Ինչո՞ւ գեթ գիշերն ինձ չես անրջում,
Ու, թե դու միայն ինձ էիր տենչում ՝
Ինչո՞ւ ես այժմ դռնե դուռ ընկել....


դուռ ընկել....


P.S ինչպիսի հանդգնություն
....)))
Այս բանաստեղծությունը «համարձակվել է » իր բլոգում տեղադրել մի մարդ ,որի անունը հեռու է « հայի անուն » կոչվելուց...))) Շիրազն անպայման «կանպատվեր» ինձ...)))


նկ.Գրիգոր Խանջյան




ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Հուրն են սիրո սևիկ սիրուն լույս աղջիկները Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն՝ կույս աղջիկները Հայաստանի,
Իմ սիրտն ինչ է, ախ, թե ուզեն բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն՝ հույս աղջիկները Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր,-
Մեկը՝ աստղիկ, մեկը՝ լուսնյակ, մեկն՝ արևի տեսքով քաղցր,-
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում՝ ո՞նց դիմանաս վտակ սրտով,-
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան,-
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս՝ այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես՝ ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են՝ դարդ չտվին,-
Գերեզմանս են աչքով փորում զուր՝ աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց՝ երգս պաղ էր՝ արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ,-
Բայց քաջ կասեմ՝ մեկին սիրես, լավին սիրես ու լավ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:


                                                
                                Նկ. Հակոբ Հակոբյան 
                                              

Իմ մանկության դառն հուշեր, 
Ու ես ձեր մեջ որբ տղա, 
Բայց ահա խոր մի գիշեր 
Որբանոցից ես փախա . 
Մորս կարոտն իմ սրտին՝ 
Քաղաքն արի ոտնատակ, 
Գտա միայն մեր բարդին 
Ու մեր խրճիթն՝ ավերակ։
Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝ 
Թե ինչպես ձեռքն ասկյարի 
Հորս թողել կիսամեռ, 
Չէր թողել քարը քարի... 
Բայց ու՞ր էր մայրս դալուկ, 
Ա՜խ, նա էլ էր որբացել, 
Արցունք դարձել ու մանուկ 
Աչքիս մեջ էր մնացել։ 
Եվ հուշերի սրտամշուկ 
Շշուկներն են վկայում, 
Որբ մնացի և արցունք, 
Եվ Շիրակիս շուկայում 
Խուժանացա։ Եվ մի օր 
Տեսա՝ սև հացը ձեռքին 
Տուն էր գնում գլխիկոր 
Հին շուկայից մի խեղճ կին։
Վրա պրծա ու ձեռքից 
Հացն ուզեցի փախցնել, 
Նա ետ դարձավ, բայց մեկից, 
Ա՜խ, չիմացավ ինչ անել, 
Եվ անունս շրթունքին՝ 
Ինձ գառի պես գիրկն առավ, 
Ամուր սեղմեց իր կրծքին։
Եվ գլուխս էր գուրգուրում, 
Սեղմում կրծքին իր մաշված, 
Եվ աչքերս էր համբուրում, 
Եվ ձեռքերս մրոտված, 
Եվ կրկնում էր՝ «Գի՛ժ ջան, գի՛ժ» ։ 
Եվ լալիս էր, եվ գգվում, 
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ 
Մարդիկ էին հավաքվում...
Բայց սիրտս, որ տարիներ 
Կարոտել էր մոր գրկի, 
Չէր հարցնում, թե ով էր, 
Չէր մտածում ու կրկին, 
Թեև, որպես մի թռչնակ, 
Թպրտում էր կույր ու խեղճ, 
Բայց զգում էր, որ մի տաք 
Բույն էր գտել գրկի մեջ։
Նա խենթ փայում, փայփայում, 
Եվ խայտում էր իմ հոգին, 
Ու կարծես թե շուկայոււմ 
Ինչքան հաց կար՝ ինձ տվին 
Բայց նա հացն էլ մոռացած՝ 
Դեռ ինձ կրծքին էր սեղմում, 
Ա՛խ, նա մայրիկս էր կորած, 
Կորած որդուն տարավ տուն...



Նկ. Հակոբ Հակոբյան



 Խիկար Բարսեղյանի « Շիրազ» գրքից  

...արտագրությունը կյանքիցս ընդամենը  մի ժամ խլեց...հոգ  չէ...աննպատակ չէր...)))) Վայելե՛ք...)))
կամաց-կամաց  շարունակելի...))»


Իմ Սիրելի Բագրատ

  
   Հիվանդ պառկած էի,երբ ստացա նամակդ , բայց շտապով պատասխանում եմ, որ չնեղանաս...լավ խորհուրդներ տալը հեշտ է ,լավ աղջիկ ճարելն է դժվար...մանավանդ բանաստեղծ համար և այն մարդու համար, որ արդեն քառասուն տարեկանի ձորերն է իջնում...մի քիչ  ավել, մի քիչ պակաս...ես ռուս աղջիկ սիրում եմ, անչար ազգ է  ու վերջապես Լենին է ծնել ))).... բայց ռուս աղջիկ առնելուց վախենում եմ ,ես հայ բանաստեղծ ,մոլեգին մարդ,նա  մեր տանը  անլեզու թութակ պիտի դառնա... մի երկու բառ սովորելով: Մինչ բանաստեղծի կինը նրա մուսան պիտի լինի, նրա սրտի լեզուն էլ պիտի հասկանա...այնպես որ  ուշ է, բախտիս նավը ցամաքում մնաց...և եթե մեկ մեկ օրորվում է-այդ հառաչանքներիս ալիքներն  են դիպչում նրա կողերին ու  մի վայրկյան  նա ( բախտիս նավը)  իրեն ծովն ընկած է զգում... այս մնաց ինձ՝ այս անդառնանուշ ցնորքը: Այո, կաշխատեմ շուտ տուն գալ: Թեև ոչ մեկդ չեք ուզում գալս ,բայց մայրս  կուզե՝ միակ անկեղծս աշխարհում,իսկ Տելոյին նամակներ էլ եմ գրում ,որ լավ մարդ դառնա... էլի կգրեմ ,որ շատ ես ուզում, բայց հոր խոսքը ոսկի է, քեռունը՝ արծաթ: Տելոն շնորհալի տղա է ,աչք որ դարձվի ՝ մեծ մարդ դուրս կգա,որ չդարձվի.... ինձ նման թշվառ...նա մոր ((քրոջս) չծաղկած շնորհքն է ժառանգել...Գոհարն էլ երբ մանուկ էր՝ լավ նկարում էր ...Մեծ հույս կար վրան...բայց...այս մի փոքր,բայց խոսքը մի ծովի ծանրություն ունի մեջը....Բնության մեջ էլ բոլոր աշխարհ եկած սերմերը ծաղիկ չեն աշխարհ բերում...ուրեմն  մնում է մեծախորհուրդ ուշք դարձնել տղայի վրա... նամակ կգրեմ նաև դպրոցի մեծին,դիրեկտորին: Ընդհանրապես...տխուր եմ ու վշտաթառամ: Շատ  ուրախ եմ ,որ Գոհարին առաջ են քաշել,սեղմում եմ ձեռը:Հայտնիր ,շատ շուտով գալիս եմ : Հոգիս ելավ...ինչպես նավը ծովում է կենդանի,բանաստեղծն էլ իր մայր ժողովրդի մեջ է...անմահ,բայց սա արդեն շատ եղավ:

                                                       Քո Հովհաննես Շիրազ


Սիրելի Գոհար

    Ստացա նամակդ: Իմ մասին ինչ գրեմ,ես լավ եմ,բայց շատ են դժվար դասերը՝ լեզուն կիսով չափ գիտեմ,կյանքի լեզու ն այլ է ,ավելի հասարակ ու հասկանալի,բայց այլ է այստեղ ՝ գրականության, փիլիսոփայության մասին խոսելիս,դասախոսելիս,նոր-նոր բառեր, անհասկանալի ինձ համար,ոչ թե նյութն է մութ,այլ շատ բառեր ինձ համար:  Ի ՞նչ գործ ունեմ ես այստեղ ՝ անվերջ միտք եմ անում այժմ: Ես մի մեղու եմ այժմ,որ ընկել է ծաղիկներով լիքը մի ծո դաշտ և չգիտե որ մեկից մեղր քաղե ,որը թողնի և աչքն է հոգնում և միտքն է դադրում և այսպես... բայց էլի լավ է ինձ նմանի համար ՝ ինչ էլ որ քաղեմ՝ էլի լավ է ,իտո խլեբ:
Բայց ո ՞վ է մեղավոր ,որ ես այսպես եմ,իհարկե դուք,մայրս, դու՝ թշվառ մանկությունս այն- ինչ այն ժամանակներում պիտի սովորեի ՝այժմ են ուզում սովորեցնել...բայց էլի ոչինչ ,իտո խլեբ:))) Այլևս չգիտեմ ինչ գրեմ քեզ,բարևում եմ բոլորիդ,տխուր եմ և կարոտում եմ իմ Հայաստանին ,կարոտում և տխրում  եմ խորապես: Այստեղ ինձ ոչ ոք չգիտե, բացի մի քանի գրողներից,մեր շատ անտաղանդ գրողներ այստեղ անուն ունեն, ես ոչ, նրա համար ,որ իմ գրվածքներս գրեթե չեն թարգմանված , թարգմանվածներն էլ  շատ տխմար...ու տխրում եմ ու վհատվում- խաչը տերը զորավոր կանի, իսկ ես տեր չունեմ , այսինքն՝ գործնական մարդ չեմ , միայն պոետ , միայն բանաստեղծ և սիրտս հառաչում է , և հոգիս ամպում... բայց ՝ իտո խլեբ՝

                                                       Ողջույններով ՝ 
                                                                 Քո Հովհաննես Շիրազ



Իմ Սիրելի Գոհար

   Ստացա նամակդ , ստացել էի նաև նոր տարվա ողջույնդ և կոնյակն ու մյուս բաները...շնորհակալ եմ: Ես այժմ ոչ մի կաթիլ բերանս չեմ առնում ... դասերս շատ են ու շատ եմ հոգնում... բայց պատվի հարց է , տակից դուրս եմ գալու...
ես ձեզանից , մանավանդ Մանիկից շատ եմ նեղացել- նամակով գրում էին ,թե մայրս լավ է , լավ էլ ապրում է- արձակուրդիս գնացի տեսա,որ բոլորը սուտ , երեք ամսվա մեջ մի անգամ էր տաք կերակուր կերել... բերող , դնող չունի ... և տխրեցի ու կատաղությունից խմեցի ...էլ ինչ... ինչ գրեմ:

                                                              Քո Շիրազ
1955,Մոսկվա


Իմ պաշտելի Գոհար
Աղաչում եմ... հիշիր Վիլիկիդ, հիշիր և աղաչիր ,որ Տելոյիդ հեռու պահեմ այդ բոլորիդ տենչած ավտո կոչված չարագուշակից,աղաչում եմ խելքի եկեք...
                   Աղերսում եմ , հիշիր Վիլիկիս ողբերգականը...
                                      
                                                           Հ. Շիրազ
                                                                   Երևան


Ողջույններս Բագրատին, Էմմային

    Ինչպե ՞ս ես սիրելի Տելո
   Խաբլան ես , խաբլան , ինչու խոստացար նամակ գրել, բայց չես գրում: Դասերդ լավ սովորիր և գրքեր կարդա նաև դասերիցդ դուրս , իմացիր ,որ լավ, նույնիսկ մեծ մարդ ես դուրս գալու... վայ քեզ ,եթե հույսերս քամուն տվիր, էլ ինձ համար Տելո չես...
        Քո ժամանակը ոսկի է այժմ , իմացիր ծախսել այնպես,որ ապագայի քաղցր պտուղ տա-այսինքմ հիմա ես սովորելու խելառի պես,այլապես մարդ չես դառնա:

                                                                  Քո քեռի


Դաշտ ու սարի ձունն հալվելիս
Վառվող սրտիս ջուր չի բերում,
Գարունն հազար ծաղկով գալիս՝
Իմ մի ծաղկից լուր չի բերում,
Հազար բուրմունք է շաղ տալիս՝
Ինձ գեթ հույսի բույր չի բերում...

                                             Հովհաննես Շիրազ

                  1953




                                        ***
«Ջո՜ւր,Ջու՜ր ,Պուլպուլակի Սառը Ջո՜ւր...»

Հուլիս,1937:

«Խորհրդային Հայաստան » թերթում գրական աշխատող եմ : 
    Ապակեպատ փոքրկ սենյակներում տոթ է: Մուշոն ,գարեջրի մեծ բաժակը պարպելով ,մռնչում է ,ինչ-որ բան ասում:
   Հայկական  մեծ ցեղասպանության օրերին թուրք ասկյարների սվինը խոցել է նրան,անդամալույծ դարձրել: Մի քաղաք  , մի Մուշո: Բոլորը ճանաչում են նրան ,բայց քչերը գիտեն նրա ողբերգական կյանքի պատմությունը:
  Խմբագրության միջանցքում մեկը ջրով լի կուժը ձեռքին բացականչում է.
-Ջո՜ւր, ջո՜ւր,պուլպուլակի սառը ջո՜ւր...
 Հրաչյա Միրզոյանն ասում է.
-Մեր Շիրազն է ,երիտասարդ տաղանդավոր բանաստեղծը, մանկությունն է հիշել:
  Ջրավաճառ երեխայից Շիրազը վերցրել է կուլան և մտել խմբագրություն:
--Ջո՜ւր, ջո՜ւր,պուլպուլակի սառը ջո՜ւր...
 Խմբագրության աշխատողները դուրս են եկել սենյակներից  և ուրախանում են: Մոտեցա Հրաչյային և խնդրեցի  Շիրազի հետ ծանոթացնել : Երբ Շիրազն ավարտեց իր կատակախաղը ,մտավ գրականության  և արվեստի բաժին ՝ Հրաչյա Քոչարի մոտ...
-Ծո՜, Օնիկ , մանկությո՞ւնդ հիշեցիր,-ասաց Քոչարը: -մոռացիր ,այլևս ջրավաճառ չես,բանաստե՜ղծ ես, բանաստեղծ,էլ Օնիկ Կարապետյան չես ,էլ Օվոն չես ,այլ Հովհաննես Շիրազը...
   Առաջին անգամ ես տեսա Շիրազին ,ծանոթացա նրա հետ:  Ասացի,որ բանաստեղծություններ եմ գրում :
- Իսկ գրական անունդ ի՞նչըխ է :
-Բախ...
Շիրազը ծիծաղեց.
-Բախ անունով երաժիշտ լսել եմ ,բայց բանաստեղծ՝ ոչ... իսկ ջուր ծախե՞լ ես:
-Ո՛չ:
-Ափսո՜ս:




Աննախադեպ Երևույթ
20 դեկտեմբերի,1968

     Սերո Խանզադյանը ,Համո Սահյանը և Գուրգեն Մահարին գործով հրատակչություն են եկել: Զրուցում ենք. Սերոն և Համոն ,ինչպես հասկացա ,եկել են բարեխոսեն, որ Գ. Մահարու հատորների հրատարակությունն արագացվի: Մահարին իր ասելիքը գրավոր ներկայացրեց: Կարդացի: 
          Հոնորար էր ուզում ,այն էլ մեծ գումար:
-Գուրգեն խան ,- ասացի նրան, Ձեր խնդանքը ի կատար: Հանգիստ մնացեք : Այսօր նոր բան գրե՞լ եք: 
-Այո՛ ,օր չի լինում , որ  չգրեմ : Նոր գրքիս տպաքանակը չե՞ք բարձրացնի:
-Ինչո՞ւ չէ:
 Գեղարվեստական արձակի պահանջը մեծ է: Սերոն , Վախթանգը լայն ճանապարհ են բացել : Չափածոն էլ է հիմա լավ տարածվում :
 -Այսինքն ՝ Հ. Շիրազի «Հուշարձան Մայրիկիս»  գրքի նման ,- ասաց Մահարին :  -Գիտեք ինչ ,լույս են տեսել բանաստեղծությունների գրքեր ,որոնք գրախանութ են տարվել և այնտեղից փոխանակ ընթերցողի տուն գնալու ,ստիպված են եղել պահեստ վերադառնալ: Բայց Շիրազի « Հուշարձան մայրիկիս » գիրքը,որ ձեր հրատարակչությունը լույս   է ընծայել հիսուն հազար տպաքանակով,աչքովս եմ տեսել ,սպառվեց այնպիսի արագությամբ ,ինչպես սովի տարիներին  մատնաքաշ հացը: Դա աննախադեպ երևույթ էր:
-Դուք ճիշտ եք: Այժմ պատրաստվում ենք « Հուշարձանը»  ևս հիսուն հազար տպաքանակով հրատարակել ,համոզված ենք ,որ նույնպիսի արագությամբ կսպառվի : Վերջերս ֆրանսիացի  մի բանաստեղծի հետ զրույց ունեցա : Երբ նա իմացավ ,որ բանաստեղծությունների գիրքը 50 հազար օրինակով ենք տպագրել  և մեկ օրում սպառվել է ,շատ զարմացավ: Զարմանքը քիչ է . չհավատաց: Նա ասաց ,որ իր հայրենիքում արվեստի ու գրականության քիչ երկրպագուններ չկան ,այդուհանդերձ ,նշանավոր բանաստեղծների գրքերը լույս են տեսնում երկուսից - երեք հազար տպաքանակով,այն էլ ոչ միշտ: Շիրազի բոլոր գրքերն էլ ջերմ ընդունելություն են գտել ընթերցողների մոտ: Նրա գրքերն ընթերցողներ չեն փնտրել, ընթերցողներ են  փնտրել Շիրազի գրքերը :
-Եթե Շիրազը մեր խոսակցությանը ներկա լիներ,-ասաց Սերոն,- կասեր՝ հըբը՛...Շիրազը պոռթկումների բանաստեղծ է ,մեծ քնարերգակ ,ամեն քայլափոխում արարում է մի նոր հրաշք : 
-Շիրազը առասպել է ,-ավելացրեց Համոն,- առասպել է բոլորի համար ,և՛ հայրենիքում , և՛ սփյուռքում:
-Հրատարակչություն եկանք հարցով ,- ասաց Մահարին ,- բայց զբաղվեցինք Շիրազով : Վատ չէ... 
«ԴԵՎԻՆ ԿՃԱՆԱՉԵ՞Ս...»
Սեպտեմբեր,1964:

-Դեվին կճանաչե՞ս,-հարցրեց Շիրազը,- թեհրանաբնակ հայ բանաստեղծ է:
-Ոչ ,չեմ ճնաչում: Սփյուռքահայ մամուլում նրանից միայն մի երկու բանաստեղծություն եմ կարդացել :
-Բա ասում ես ՝ չեմ ճանչե ,դե ճանչում ես , էլի :
Դևից նամակ եմ ստացել : Նա գրում է . Շատ սիրելի ու հարազատ ,թանկագին գրչեղբայր Հովհաննես Շիրազ 
,մեծ հաճույքով եմ կարդում ստեղծագործություններդ ,շատ ուրախացա ,որ իմացա՝ ծննդյանդ 50-ամյակին պարգևատրվել ես Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով...Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում,անզուգական բանաստեղծ  իմ եղբայր , ցանկանում եմ այնպիսի վերելք ,որ արժանի լինի հասնելու մինչև քո սիրած ու պաշտած Մասիսի ճառագայթափայլ ու թագակիր գագաթները: Շատ ապրես...
    Կարդաց ու ավելացրեց.
-Կտեսնե՞ս սփյուռքը ինչպես կհարգե ինձ:
-Շատ վաղուց գիտեմ քո նկատմամբ սփյուռքահայության ջերմ վերաբերմունքի մասին:
-Հա , բայց ուշադրություն դարձրու,տես, Դևը առյուծին ինչպես է շնորհավորում: Ինչ էլ որ լինի ՝ Դև է ,չէ՞...՝






Նկ. Հակոբ Հակոբյան 




«Լավ Փառաբանեցի,Չէ
՞ » 
9 ապրիլի,1969:

   Երևանի բժշկական ուսումնարանի դասախոսական և ուսանողական կոլեկտիվն այսօր  հանդիպում ունեցավ Հովհաննես Շիրազի հետ: Ես էլ մասնակցեցի,ջերմ խոսք ասացի նրա ստեղծագործությունների, հատկապես  հրատարակման պատրաստվող գրքերի մասին: Շատ գոհ մնացին:Ելույթ ունեցավ Շիրազը : Դաճլիճը ծափերի  որոտից թնդում էր. մեկ ժամի չափ նա արտասանեց իր քնարական գործերից ,ինչպես միշտ ,ծրագրում ուներ « Մարգարիտն ու փրփուրը » , որի վերջին հինգ տողը առանձին շեշտվածությամբ է արտասանում.
            ....Մարդիկ կան ,որոնք փրփուրի նման
                Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում,
                Բայց խորքում որքա՛ն
                Մարգարիտներ կան,
                Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում :

Արտասանում է ,աչքի տակով նայում ծափերի ալիք առաջացնող ունկդիրներին և կամաց ականջիս շշնջում ՝ 
-Հըբը ,մարգարիտը ես եմ ,փրփուրը հակառակորդս:
-Գրողն ինչ զգում է ,արտահայտում է,թեկուզ ի վնաս  իրեն : Այս դեպքում հոգուտ քեզ է,- ասացի նրան:
-Հոգուտ ինձ է ,որովհետև ես եմ ինձ շնորհներ պարգևողը ,բայց ուրիշներն են դափնեվորում:
       Շիրազն այսպիսի տողեր էլ ունի՝
    
             Ինչո՞ւ ուրիշին տվիք իմ գահը,
              Մի՞թե  փրփրած գովքն է անմահը...
      
    Մեկը մյուսին փոխանցեցին ասմունքող ուսանողները:
Շիրազը ձեռքիցս վերցրեց հրավիրատոմսը ,որի վրա իր նկարն է և մի հատված « Համամարդկայինից » ու ցույց տվեց  ինձ այս տողերը .
          Ցածում բախվում են օրոցք ու շիրիմ,
          Ցածում կյանք ու մահ իրար շաղախված,
          Բախվում են հավերժ հաշտ ու ոխերիմ,
          Անհայտից հսկում,սգում է աստված....
Հետո նա ավելացրեց.
              Բայց սասանեցեք աստծո սուգից,
              Աշխարհ է գալու ցածում ինքն աստված,
              Այնժամ մարգարե կկոչեք դուք ինձ,
               Երբ մարդ չեք գտնի...փրկված....

            Տվեց ինձ և ասաց.
-Առ, պահիր ,այս վերջին տողերն անտիպ են:
-Անտիպ էլ չլինեն ,ոչինչ ,հո ՞քո ձեռքով են գրված , տանեմ թղթերիս մեջ դնեմ :
    Տուն գնալուց հարցրեց.
-Տեսա՞ր ,ժողովուրդը ինչպես է ընդունում ,մի քանի անգամ հետս արի, գործս ավելի կշահի: Նկատեցի՞ր ,թե քանի մարդ էր ձայնագրում: Գո՞հ ես : Ռուս ժողովրդին լավ փառաբանեցի, չէ՞:
    Մի քանի օր անց Արվեստի աշխատողների տանը ևս երեկույթ կազմակերպվեց՝ նվիրված Շիրազին: Պոետի կյանքի ու գրական գործունեության մասին զեկուցեց  բանաստեղծ Բաբկեն Կարապետյանը : Շիրազը գոհ մնաց
-Բաբկենը իմ հին ,հավատարիմ ընկերն է ,- ասաց Շիրազը ,- նրա խոսքերն անկեղծ են , ես լիովին հավատում եմ նրան, նա շատ անգամ է օգնել, նրա գեղարվեստական գործերը օգտակար են :

    Շիրազը նկատեց ,որ դահլիճում  եմ : Ելույթն ընդհատեց և նայելով  իմ կողմ ՝ ասաց.
- « Հուշարձան մայրիկիս » գիրքը պրոֆեսոր Բարսեղյանն է լույս աշխարհ հանել,շնորհակալ եմ...
  Դահլիճը ծափահարեց:
   Շիրազը շարունակեց իր ելույթը:




Նկ.Հակոբ Հակոբյան

«Մռնչա Շիրա՜զ ,Ազատություն Մասիսին»
Հուլիս,1974:

  «Հուշարձան մայրիկիս » քնարական ժողովածուն տպարան ուղարկելուց  առաջ նորից կարդացի : Հարուստ էր բանաստեղծական գյուտերով և նորություններով ,իսկը մայրերգության հրաշապատում: Առանց ակրոստիքոս բառի հիշատակության նրանում մի բանաստեղծություն կար ,որի սկզբնատառերի բառակազմությունը որոշակի միտք էր պարունակում: Ոչ մեկին այդ մասին ոչինչ չասացի: Երբ Շիրազը եկավ  հրատարակչություն,ակրոստիքոսի խոսքերը կրկնեցի և ասացի.
-Հը՜,հավանո՞ւմ ես...
  Նա թե՝ «Էդիկ ես եմ  գրել  ,ո՞ր սատանան բացեց գաղտնիքս»:
- Ես վերծանեցի,գրվածքդ ուզում ես թող մնա,թեև թեմատիկ առումով մայրական շարքին քիչ է առնչվում:
Դրանում որևէ վատ բան չկա:
-Քանի որ ծածկագիրս այդպես շուտ հայտնի դարյավ ,ժողովածուումս չեմ դնի ,թող մնա թղթերիս մեջ : Ինձնից հետո գրականագետները թող պեղեն և հրապարակ  հանեն:
-Այդ մտքերդ նույնությամբ արդեն մի քանի տարի է, ինչ հրապարակում ես , էլ ի՞նչ կարիք կա ակրոստիքոս գրելու:
- Դա շատ վաղուց եմ գրել: Տանեմ պահեմ:
  Լույս տեսավ « Քնար Հայաստանի» երրորդ գիրքը ,նրանում հանդիպեցի այդ նույն բանաստեղծությանը՝ որի սկզբնատառերից ստացվում է ՝  մռնչա Շիրա՜զ,ազատություն Մասիսին:
Զանգահարեցի իրեն .
-Բարև ,Առյուծ ,մռնչա,Շիրազ,ազատություն Մասիսին... Նա քա՜հ-քա՜հ ծիծաղեց:
-Դե, որ մռնչալ ես ուզում ,արի գնանք վարպետ Մարգարի մոտ: Գնացինք: Վայելեցինք  Մարգար Սեդրակյանի  հյուրասիրությունը: Վարպետ Մարգարը հուշերի կծիկը  բացած պատմում էր զորավար Անդրանիկի մասին : Այնուհետև թվեց, թե ինչ նշանավոր մարդիկ են եղել իր մոտ, հիշեց Մաքսիմ Գորկու այցը,նրա թևավոր խոսքերը ՝ «Արարատի »  մառանի աստիճաններով , համտեսից հետո ,վերելքն ավելի դժվար է ,քան բիբլիական «Արարատ» լեռը բարձրանալը: Շիրազը թե՝ «Ես ,հիմա հինգ անգամ այս աստիճաններով վեր  ու վար կանեմ, միայն թե թույլ տային գեթ մեկ անգամ իմ պաշտելի Արարատի գագաթը բարձրանամ և այնտեղից բարձր, շատ բարձր ,Ձենով Օհանի ձայնով մռնչամ...
Մասի՛ս,Մաս՛իս ,ա՜խ Մասի՛ս...»:


«Ավա՜ղ,ավա՜ղ...»
17 սեպտեմբերի,1981

  Զանգ: Վերցնում եմ հեռախոսափողը: Շիրազի ձայնն է:
  - Մի ջահել գյումրեցու միջոցով ուղարկում եմ երկերիս առաջին հատորը,դու ինձ շատ ես օգնել ,շնորհակալ եմ,թեև «Հայոց Դանթեականը» լույս աշխարհ չբերիր:
    Մեկ ժամ անց բերեցին հատորյակը: Շիրազը գրքի անվանաթերթի վրա գրել է.« Նրան, որին պարտական եմ սուրբ գրքիս աշխարհ գալը...- բայց ավա՜ղ հետևյալում նա կուլ գնաց...մութից լույս չհանելով « Հայոց Դանթեականը», նույնքան սուրբ գիրքս ,էլ չեմ ասում Անին, Թոնդրակեցիներս,ավա՜ղ,ավա՜ղ...»:
  Օրեր հետո ասացի.
-Շիրազ,գերդաստանիդ լուսանկարը շատ տպավորիչ է, մի օրինակ նվիրիր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին,նա քեզ շատ է սիրում:
-Քանի նրա լուսահոգի հայրը՝ մեծ գիտնական և հռետոր Համազասպը  ապրում էր , գործերս հաջող էին գնում:Նա ինձ անչափ սիրում էր , մեր բնավորություններն էլ էին նման ,որդին գիտեր: Այժմ Համազասպը չկա ,աղբյուրներս ցամաքել են: Դե ,որ ասում ես՝ կնվիրեմ ... Բայց ի՞նչ մակագրեմ:
-Ինչ էլ գրես բանաստեղծություն է լինելու...
-Ինչըխ լավ ասացիր:
-Աղբյուրներիդ ցամաքելու մասին էլ հիշիր: Լուսանկարի մի օրինակ էլ լավ կլինի ինձ նվիրես:Երեխաներիդ բոլորի անունները հիշո՞ւմ ես:
-Ինչպե՞ս չէ: Բա Երկերիս ժողովածուի առաջին գրքում « Քնար բալիկներիս » շարքը չե՞ս կարդացել,բոլորի համար ձոներգեր եմ հյուսել: Մասիս-Մասիսիկ (բիբլիական սարիս անունն է,մասիսախև եմ ,չէ՞) , Սիփան- Սիփանիկ ( մյուս սարիս անունն է) , Արաքս (գետն է մայր Արաքսը ) , Աստղիկ ( մորս անունն է ) , Հայկ- Թաթոսիկ (հորս անունն է) , Անի ( քաղաքիս անունն է) Վան-Վանանդիկ (մյուս քաղաքիս անունն է ) :
  Ասացի ,թե երեխաներիդ անվանակոչության ժամանակ էլ ես քեզ հարազատ մնացել:
  - Երեխաներս իմ գանձերն են ,շարունակությունս... նրանց արյունը իմ անդրադարձն է : 
   Ասաց ու ծիծաղեց:


                       Նկ. Հ. Հակոբյան         

3 комментария:

  1. Լիլի ջան,երբ վերընթերցեցի Շիրազի "Հայոց անունները" ժպիտով հիշեցի մի զավեշտալի պատմություն . մայրս պատմում էր,որ երբ ուսանող էր բանասիրական ֆակ.ում,հաճախ էին հանդիպումներ կազմակերպում Շիրազի հետ:Եվ մի անգամ էլ երբ մայրս ասմունքում է Շիրազի գործերից մեկը,նա հուզված բեմ է բարձրանում,համբուրում մորս ճակատը և հարցնում անունը, որպեսզի հայտնի իր շնորհակալությունը. մայրս ասում է անունը ` Զոյա...և...հրդեհ . Շիրազը սպասվելիք գովեստի փոխարեն այլայլված շպրտում է.- Թքեմ անվանդ վրա... Եվ իջնում բեմից:
    Լավն են մեր հանճարները,մի քիչ խելառ... Իսկ քեզ,Լիլի ջան,Շիրազն էլ իրավունք չէր ունենա անպատվելու,որովհետև... հիշեցնեմ քեզ Հ. Սահյանի`Շիրազին ուղղված խոսքերը . - Օտար անունն առել վրան, ծաղր է անում սրան - նրան... Չնայած Շիրազը այս երեստվանքից ճարպկորեն է խուսանավում` բացատրելով այսպես . "Շիր" /իր ծննդավայր Շիրակի մի մասնիկը/ և "ազն" /որ երևի թուրքերենով նշ. է որդի / այսպիսով` Շիրակի որդի` լրիվ բացառելով Իրանի Շիրազ քաղաքի տարբերակը: Էնպես որ , Լիլի ջան , դու էլ ասելու բան կունենաս...

    ОтветитьУдалить
  2. Anna jan,shnorhakal em...mi or anpayman kxosenq...heriq che Lili-hetn el latinatar hayeren.che,hastat chem dimana mer SHIRAZI barkutyan krakin ...naxatox xosqeri texatarapin...jptum em

    ОтветитьУдалить
  3. Հարգելի՛ս, ինչու՞ եք բանաստեղծության բառերը տեղ֊տեղ փոխել, ո՞ր իրավունքով...

    ОтветитьУдалить