Мой список блогов

четверг, 23 мая 2013 г.

Հովհաննես Շիրազ...«Ցերեկներս քրիստոնյա,գիշերներս հեթանոս»

... Ինչպիսի՜սիրային քնարերգություն...ինչպիսի՜  «ագրեսիվ  ու նրբին»  էրոտիկա... պոետիկ ֆանտազիաներ...արգելված պտղի շուրջ քաղցր մտորումներ... ,սիրային ապրումներ ու երանություն ...))))
 Սողոմոնից  «հետ չմնաց  »  սիրելի Շիրազը...)))»
Քնար Սիրո ...մեր Շիրազի «Երգ երգոցը»...
                           
                                                                   Ինչպես սերը հեթանոս՝    
                                                                                            Սուրբ է մերը հեթանոս,
                                                                                            Եկ,այս գիշեր ետ բերենք
                                                                                            Գիշերները հեթանոս,
                                                                                             Այնպես ,որ մեզ նախանձեն
                                                                                              Աստվածները հեթանոս:


Գազել Շամիրամին



Նկ. Գուերչինո(Ջովանի Ֆրանչեսկո Բարբյերի, 1591-1666) «Շամիրամ»

Ես աչք ունեմ քո հող թագին,եկ ,Շամիրամ,այս գիշեր,
Ա՜խ, սիրել եմ ուզում կրկին,եկ, Շամիրամ,այս գիշեր,


Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ,
Թե դեռ վարդ կա քո շրթունքին,եկ,անթառամ այս գիշեր:

Վախենում եմ կյանքս թռչի սիրո տենչ ու տանջանքով,
Ես կարոտ եմ քո գգվանքին,եկ, տարփանամ այս գիշեր:


Հոգնել եմ ես քրոջական համբույրներից խաբուսիկ,
Մարմին կուզե իմ խենթ հոգին,եկ՝ խենթանամ այս գիշեր:

Հրաբորբոք այնպես գրկեմ ,որ Արային մոռանաս,
Մի գառ դառնաս դու իմ գրկին, եկ՝ գայլանամ այս գիշեր:


Քո շուրթերից ծծեմ գինին ասորական դաշտերի,-
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին՝ եկ ՝ մեղրանամ այս գիշեր:

Շամբշոտանալ կուզե հոգիս շամբշոտաշատ մի գրկում,
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ ցոփանանք այս գիշեր:

Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,-
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին՝եկ ՝ վագրանամ այս գիշեր:

Սև աչերիդ սիրո հուռութք՝ հյուսքերիդ սև պարանով
Օձափաթույթ եկ իմ մեջքին,եկ, փաթութ գամ այս գիշեր:

Մռնչում է մարմնակարոտ մարմինս՝ ընդդեմ իմ ոգու,
Եկ, ծծերիդ ծով ծփանքին ծիածան գամ այս գիշեր:

Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ,
Եկ, ծովանամ քո տարփանքին,եկ՝ հովանամ այս գիշեր:

Ես Արան եմ... եկ Նվարդիս գեթ մի գիշեր ես դավեմ,-
Որ ներըմպեմ դարիս ոգին,եկ՝ շնանամ այս գիշեր:

Ավաղ, էլ ոչ սուրբ Նվադ կա,ոչ սուրբ Արա Գեղեցիկ,
Շամիրամվեց Նվարդն անգին,եկ ՝ շամբշանամ այս գիշեր:

Արև կրքով հասիր՝ ցրիր արցունքներս աստղացած,
Որ նման բորբ այս լուսնակին՝ որբ չմնամ այս գիշեր:

Հոգնել եմ ես՝ երազածիս երազներով գրկելուց,-
Ես տենչում եմ առյուծ մի կին,եկ, գառնանամ այս գիշեր:

Շատ ազգեր են սրից կորել,սիրով արի,ոչ սրով,-
Ափսոս կորած քո էլ ազգին,եկ, Շամիրամ,այս գիշեր:

Բեր Վանա ծովն աչքերովդ՝ ծով գիրկն ընկնեմ,հովանամ՝
Գեթ պատկերը բեր իմ աչքին,եկ , ծովանամ այս գիշեր:

Քրիստոնյա իմ մարմինն էլ՝ հեթանոսվի թող այսպես,
Որ գառնանաս իմ խոյանքին,եկ, արբենամ այս գիշեր:

Բայց թե զորքով ինձ հայտնվես՝ ես քեզ պատանք կդառնամ,
Ու գերեզման քո բանակին,եկ, Շամիրամ, այս գիշեր:


Juliano Zasso (1833-1889).Ara Geghetsik dead body brought to Shamiram...

                                                            (())

Քեզնով լիքն եմ այս գիշեր,ու թվում է,թե կրկին
Դու իմ զոհն ես այս գիշեր,դու իմ սիրո  վանքի գառ,
Ես քո գրկում ,այս գիշեր,դրախտ ունեմ իմ գրկին,
Դու ողջ գիշեր ինձ զոհվիր,լույսը բացվի՝ արևս առ:

Ի՞նչ եմ անում քո,պաղ քույր,կարապավիզ լուսընկան,
Կարապներն էլ երանի կտան մեջքդ գրկողին,
Դու՝ գրկիս մեջ,ես՝ քո մեջ ,ու թող այդպես հոգիս տամ,
Զույգ թևերս կամրջած բույր -մազերիդ հեղեղեն:

Գիտեմ ինչու ես նազում՝  քո գերին եմ այս գիշեր,
Մի ստինքիդ մեջ է դեռ աստվածուհիս Անահիտ,
Մյուսիդ մեջ Աստղիկն է ,որ աչքիդ մեջ մշուշեվել՝
Ինձ դարձնում են թե գերին և թե արքան համբույրիդ:

Օ՜,դու իմն ես այս գիշեր,ինչպես շուրթերս անբաժան ,
Համբույրներիս արևից մի նվաղիր լուսնորեն,-
Ես ուզում եմ դեռ գրկել ու համբուրել քեզ այնքան,
Ինչքան պիտի մինչև մահ շուրթերս իրար համբուրեն:

Քրիստոնյա ցերեկներն անէանան թող անհետ,
Քո շուրթերում բնակվեն գիշերներս հեթանոս,
Գիշերներս հեթանոս հեթանոսվեն միշտ քեզ հետ,
Սիրո մեջ էլ եկ ցմահ բարբարոսվենք մենք անխոս:

Ուրիշ բան չեմ աղերսում մշտադրուժ իմ բախտից,
Իմ ողջ կյանքը մի հավերժ գիշեր լիներ քո գրկում,-
Ձեռ քաշեի անմարմին,անմարմնախոս դրախտից,-
Հավատայի ,որ սիրտդ լոկ ինձ համար է զարկում...


Վարդգես Սուրենյանց (1860-1921)  Գեղանկարիչ...Թատրոնի նկարիչ...արվեստի տեսաբան


Իմ սիրերգանքը

Բամբասում են ինձ շշուկով ,չար շշուկով անանց:
Իբր կանանց շատ եմ սիրում ,ո՞վ չի սիրում կանանց:

Իբր շատ եմ աչքով անում, իրավ, ով գեղանի,
Ով աչք ունի սիրածարավ՝ ինչպե՞ս աչքով չանի...

Լավը տեսնող աչք ունեցողն ինչպե՞ս աչքով չաներ,
ախ ,թե չաներ ,ով սիրուններ,աչքերն ինչպե՞ս հաներ:

Իբր աչքով շամբշոտաշուրթ,վշտով թափառական՝
Ամենքին եմ գիրկս կանչում ,ո՞վ չի կանչում ,սակայն:

Իբր սիրտս է խելագարվում,երբ չեն գիրկս գալիս,
Երգ եմ լալիս մարգարտաշար,ո՞վ չի սիրուց լալիս:

Ամենքին ,իբր, խանդում սիրացնորք աչքով,
Ո՞վ չի խանդում այս աշխարհում ,որ լցված է քաջքով...

Իբր ամեն մազ կտրածին իմ վարդերն եմ տանում,
Ո՞վ չի տանում ,երբ ինձ նման անսփոփ է մնում:

Իբր կանցնեմ ես ճորտի պես,ամեն հոնքի տակով,
Ո՞վ չի անցնում,թեկուզ արքան ,երբ թովում են աչքով:

Իբր շուրթեր աստվածային դեռ համբուրած չկամ,
Ո՞վ կա էլ կույս՝ թեկուզ սիրով արար աշխարհը ման գամ:

Իբր անտեր դերվիշ դառած՝ գինու գավն եմ գրկում,
Ո՞վ չի գրկում,ով բամբասանք,երբ մենակ է կյանքում:

Իմ սերերն են,իբր, բերել գլխիս ձյունը ցավով,
Ո՞վ չի իր ծով կյանքը կորցրել կնոջ մի շիթ դավով:

Իբր վշտից մեկ իմաստունխենթ եմ ՝հազար ու մեկ ,
Ով չի ,սակայն կնոջ դավով դժոխքն ընկել ,ասեք:

Ծիածանը տեղս լիներ՝կսևանար ցավից,-
Իբր շուրթս ծով է փնտրում շվայտ ծարավից...

Բամբասում են ինձ անդադար,չար շշուկով անանց՝
Իբր կանանց շատ եմ ատում,ո՞վ չի ատում կանանց...

                                          

                                  
                                     

      Նկ.  Թեոդոր Աքսենտովիչ (1853-1938) ծագումով հայ  լեհ մեծանուն նկարիչ...Պորտրետիստ.                                              

         
Օ,կին-բաժակից անբաժան գինի,
Իրավ է քնում վիշտս քեզանով,
Բայց վշտիս վիշտն էլ՝ ինչքան էլ քնի,
Ինչքան էլ քնի երջանիկ քնով,
Թեկուզ չզարթնի քնից խայամյան,
Թեկուզև քնի ցավս հավիտյան ,
Թեկուզև մեռնի՝
                           Անիծում եմ քեզ:
Քեզ նզովում եմ անչար մորս պես,
Ոհ, նզովում եմ ,որ հարբեցրիր,
Ինձ հարբեցրիր այն գիշերն այնքան,
Որ այս նենգուհուն իմ գիրկը բերիր,
Նզովյալ գինի, բոզ հավերժական:
Օ՜, այնքան էի քեզանով հարբել՝
Որ չիմացա էլ՝ թեկուզ մի վայրկյան,
Թե, ախ,ո՞ւմ էի հարբած համբուրել,
Ի՞նչ պտուղ էի գրկում ես այնքան:
Անեծք գիշերին այն պոռնկաշուրթ,
Այն, խարդավաշուրթ՝ անաչք գիշերին:
Անեծք վայելքին և այն անհագուրդ,
Անեծք ու նզովք իմ սև հուշերին:
Ով,դու կին-գինի,նզովում եմ քեզ,
Անեծք գիշերիդ հավերժավայրկյան,
Խելքս գլխիցս  խլեցիր այնպես,
Այնպես ,որ գերի ընկա այս... կնկան,
Այս, որ ուզե՝ կխաբե և քեզ:
Կլլկե և քեզ... ձագեր կծնի,
Աստծո հացն էլ արցունք կդարձնե...
................................................................
Ինչպես դարձրեց քեզ իմ բաժակում,-
Ախ, ինչ դժբախտ եմ անաստված գրկում:

                               ***   
Էլ ետ չեք դառնա,ով մաքուր հուշեր,
Կույս երազներիս կանթեղներն հանգան,
Երբ դու էլ հասար,վայելքի գիշեր,
Ա՜խ, երբ որ հասա անհաս աղջկան:

Այն,որ թվում էր ինձ ասվածուհի,
Այն,որ հավիտյան անհաս էր թվում,
Այժմ ստվերն է ընկած իր գահի,
Ու ես խեղդվում եմ զղջումիս ծովում...

Եվ հիմա՝ ում որ գիրկս չեմ առել՝
Հանգած երազիս կանթեղն է վառվում,
Ամենաանհաս իմ աստղն է դառել,
Իր ետևից եմ այժմ թափառում...

Ինչո՞ւ է այսպես,աստված իմ,ինչո՞ւ,
Երբ պիտի սիրուց սիրտս հագենա,
Բավ չէ թափառեմ,որպես մի գնչու,
Չմնամ լուսնի պես բարձրագնա:

                                    ***

Սիրտ իմ, արցունքիս խորհուրդ է անանց,
Գգված է վաղուց՝ ում էլ որ գրկես,
Դու մի հավատա  ծովին ու կանանց՝
գգված է վաղուց՝ ում էլ որ գրկես,
Կանայք ծովից նենգ անդունդ են անանց,
գգված է վաղուց,ում էլ որ գրկես....

                                     ***

...Ասում ես՝ իզուր է՝ « քեզ չեմ սիրելու»,-
Բայց ձյունդ գարուն է վերջը բերելու,-
Մի սիրիր,մերժիր ինձ, դրժիր ինձ,սակայն,
Միայն թե միշտ  այդպես մնա կուսական:
Միայն թե՝ քո սրտից ինձ մի բաժանի...
Միայն թե,իմ անգին,միայն թե՝ հավետ
Առանց ինձ ման չգաս՝ թեկուզ լուսնի հետ....
................................................................................
Թեկուզ պաղ լուսնի պես միշտ հեռու լինես՝
Միայն թե, ուր գնամ՝ ճամփիս հայտնվես....

                                       ***     

Ինչքան էլ ,հանկարծ, հանդիպենք անփույթ՝
Նորից են ժպտում աչքերդ կապույտ,
Կարծես,ծովի պես,չունեն իրենց տակ 
աչքերդ՝ հույսիս նավերը՝ խորտակ:
Եվ դեռ իմ դառըն հուշերի ծովում
Նորից եմ մեղսոտ աչքերիդ գերվում,-
ա՜խ, դաս չի առնում սիրտս վշտերից՝
Նորից եմ խաբվում.... խաբող աչերից...
....................................................................
Ժպտուն աչերիս դու մի հավատա,-
Սիրտս արցունքի լիճ է մարգարտյա: 


                                     ***
Երանի քեզնով այնպես գերվեի,
Որ թվար՝ նոր եմ քսան տարեկան,
Այնպես գերվեի,այնպես տարվեի,
Որ ինձ թվայիր իրավ կուսական,
Կույր սիրով այնպես խելագարվեի,
Որ մոռանայի աստծուս անգամ....
...........................................................
Օ՜, չէ, ցնորք է թովչանքն էլ քո ջինջ,
Բանաստեղծությո՜ւն,էլ ուրիշ ոչինչ:

                                 ***

Սիրածներես ոչ մեկը
Լույս չբերեց աչքունքիս,
Ոչ թխլիկը,ոչ շեկը
Չարժեր ոչ մի արցունքիս:

Նրանք աստղեր թվացին,
Քանզի խաբված՝ հառաչում,
Հեծնում ցնորք սիրույս ձին,
Աստղերի էի ես տենչում:

Բայց երբ աստղն է ընկնում ցած,
Նոր ես տեսնում,իմ հոգի,
Որ ցնորք է մոխրացած 
Անհաս աստղն էլ երկնքի:

Սիրածներես ոչ մեկը
Չարժեր ոչ մի արցունքիս,
Եվ թխլիկը, և շեկը
Ավերեցին բերդ հոգիս...

                              ***   
                            (ալեգորիա)

Արշալույսը՝ կույս աղջիկ,
Քողածածուկ ,սուրբ ու հեզ,
Ելավ ,ահա, կույս մահճից,
Աշխարհ մտավ քրոջ պես:

Ու թափառեց՝ կույս գալով,
Արևակուրծք թափառեց,
Ինքն էլ վառվեց՝ լույս տալով,
Հազար ու մի սիրտ վառեց:

Վառեց, վառվեց՝ մոտ ,հեռվի
Տեսածներով,քանզի հար
Վառողն ինքն էլ կվառվի
Վերջը քո մեջ,ով աշխարհ:

Ու եղծըվեց քույրս կույս,
Վերջալույսվեց և ընկավ,
Անսրբացավ և անհույս
Հազար գրկի մեջ հանգավ:

Սակայն... քավեց մեղքը,սո՜ւս,
Երբ գիշերվա մեջ խավար
Բացեց լուսին կուրծքը լույս՝
Աստղեր ծնեց անհամար...


           Թեոդոր Աքսենտովիչ

Ա՜խ, էլ ինչո՞վ,ինչո՞ւ ապրեմ,
Երբ չպիտի սիրով հարբեմ,
Երբ համբույրիս հետքը չկա
Շուրթին սիրած իմ աղջկա:

Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ,
Սիրուց քաղցր՝ սերն է միայն,-
Հասիր,ծաղկենք ,իմ հեռավոր,
Վառենք հանգած օջախն իս տան:

Թե քո սերը թևեր տա ինձ ,
Քեզ արծըվի կաթ կբերեմ,
Ետ կխլես դու ինձ մահից՝
Թե մի գիշեր քեզ համբուրեմ:

Դու,որ ինձ չսիրես սրտանց,
Էլ ո՞վ սիրե,իմ հայուհի,-
Հասիր ,թե իմ սերն է աստված,
Դու իմ միակ աստվածուհի...                         

                                      *** 

Ա՜խ, չգայիր գիրկս դեռ,
   Դեռ հանելուկ լինեիր,
Ես՜ հույսերիս ծովափին,
      Դու ծովում ձուկ լինեիր,
Երազեի քեզ անվերջ,
        Բայց երբ հանկարծ հանեի՝
Երանի թե ինձ նման      
            Մի մեծ մանուկ լինեիր....

                                
                                      ***                                 
    ...Ա՜խ,հուշ դառած աչքերդ իմ աչքերի մեջ են դեռ,
Քո հայացքի հաշիշը դեռ իմ խելքն է գողանում,
Քո մազերի մեջ են դեռ իմ հուշերը լողանում,
Քո ձեռքերի շշուկը իմ ձեռքերի մեջ է դեռ:

Քո վարսերի բուրմունքը ռունգերիս մեջ է հար,
Հոտոտում եմ հուշերս,երբ գալիս է գիշերս,
Երբ լալիս է գիշերս,հոտոտում եմ հուշերս,
Քո շուրթերի խաշխաշը իմ հուշերի մեջ է հար:

Քո շուրթերի շամբուշը գիշերներիս հուշն է միշտ,
Երբ շրշում է գիշերս,շիկանում են ուժերս,
Շիկանում են ուժերս,երբ խուժում է գիշերս,
Քո մարմնաշող գիշերը հաշիշներիս մուժն է միշտ:

Քո հուշերի հաշիշը շշուկներիս մեջ է տաք,
Գիշերներիս շուրթերով համբուրում եմ հուշերս,
Երբ գժվում է գիշերս՝ քեզ են փնտրում ուժերս,
Քո շրուշակն հաշիշվող իմ շուրթերի մեջ է տաք:

Մեր շարբաթվող գիշերներն իմ գիշերի մեջ են,եկ,
Քո շշուկներն հիշելով՝ շամբուշվում է գիշերս,
Քո վարդաշողն  հիշելով՝ սիրտս են խրվում փշերս,
Քո մշուշներն՝ անմշուշ մշուշներիս մեջ են ,եկ:

Թուխ մազերիդ շշուկը ձյուն մազերիս մեջ է դեռ,
Ավա՜ղ , ինչո՞ւ լուսացան մեր գիշերներն այն շամբշոտ,
Հրաբուխվող արյունով՝ ո՞ւմն ես հիմա, իմ կարոտ,
Քո հաշիշվող հեռավորն՝արցունքներիս մեջ է դեռ...
                         


                                      ***

Սիրտ իմ խելառ,սիրտ իմ խեղճ,
Կույս ես փնտրում,որ չկա,
Իսկ դու կո՞ւյս ես ,որ անվերջ
Կույս ես տենչում աղջկա,
Կույս ես տենչում,բայց կյանքի
Կոկոնում էլ կույս չկա:

          
 Նկ.  Թեոդոր Աքսենտովիչ



Կուրծքդ բաց տեսնեմ ո՞վ է կուտ տալիս
Քո զույգ սպիտակ աղավնիներին,
Նրանց համար եմ ես գաղտնի լալիս,
Օ՜, թույլ տուր դառնամ ես նրանց գերին,
Համբույրով բանամ կրծքակալդ փակ,
Շոյանքով կյանք տամ աղավնիներիդ,
Այնքան փայփայեմ,մինչև որ նրանք
Կաթնաղբյուր դառնան վաղվա ձագերիդ...







Երազիս ծով էր տիեզերքն անծայր,
Մի ափին այս նոր աշխարհն էր ծաղկել,
Եվ մյուս ափին դու էիր, Այծյամ,
Եվ նշենու պես ինձ էիր թեքվել...

Ու ես հարբելով նշենուդ բույրով,
Դեպի քեզ եկա՝ կարոտով ցողված,-
Քո գիրկը հասա սիրույս մակույկով,
Այն մյուս ափին աշխարհը թողած:

                                     ***




Խորագիրը Խորքում

Մրմնջում է հովը
Ռուբայթն իմ լույս,
Նորեց սիրույս ծովը
Չնաշխարհիկ մի կույս:
Ասես եթեր ու քույր,
Շուշանակուրծք,մաքուր,
Իմ վիշտ,անէացիր,
Րոպե,հավերժացի,-
Անձայն ղողանջեցին
Զարման զանգերն իր նուրբ ՝
Ասես բացվեց կրծքին
Զվարթնոցը մեր սուրբ,
Աղավնիներ,աղոթք,
Տխրություններ շաղոտ ,
Ու ես՝ ջահել մի քուրմ,
Թույլ տուր գգվեմ,իմ քույր:
Յուրաքանչյուրս պահս
Ուրվավեղար մահս
Նորանում է,երբ դու 
Մենակ ես ինձ թողնում...
Ախ, հրաշք է կինը՝
Սիրո մեկ պահով էլ,
Ինքն է նորն ու հինը
Սիրո խաբկանքով էլ,-
Ինձ ,սակայն , ցավ ծնում՝
Նա է խելքից հանում...


                        ***

Կույս ծծերիդ կույս կժերով,
Գիրկս գայիր՝ կես գիշերով...

Ծով մարմընիդ մեջ սուզվեի,
Երազից էլ անուշ,անուշ,
Ձյուն ծծերիդ մեջ կիզվեի:
Անուշ-անուշ,անուշ-անուշ,

Աստղերի պես հեռանայինք
Իրար գրկած՝անուշ-անուշ ,
Արար աշխարհ մոռանայինք՝
Անուշ-անուշ,անուշ-անուշ:

Վերանայինք այս ցած կյանքից,
Մենանայինք՝ անուշ-անուշ,
Ցած նայեինք կույս լուսնյակից,
Ծիծաղեինք անուշ-անուշ:

Ես՝քեզ մեղու,դու ինձ ծաղիկ,
Քեզ գրկեի՝անուշ,անուշ,
Թաղեինք մահն անցողիկ՝
Անուշ-անուշ,անուշ-անուշ:

Հազար տարի կյանք մնայինք,
Սեր մնայինք՝անուշ,անուշ,
Հավերժ-հավերժ համբուրվեինք՝
Անուշ-անուշ,անուշ-անուշ:

                           ***

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած ,խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ախ,դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին....արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի:
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց ,որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ախ, ինչ լավ եղավ,որ փշրտեցիր ,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզանով,ինչպես լուսինը՝ լուսնով ,
Որ լուսնացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում,
Ոչ թե ցնորքով իմ սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս է կապում,
Ինձ ծունկի բերում,որպես սիրատանջ
Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
........................................................
Ա՜խ, արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում:
                               

                               ***

Էլ ո՞ւմ համար են նռները կրծքիդ,
Գարուն ես, բայց քո աշունն էլ կգա,
Մահվան ավարն է վաղը ողջ այգիդ,-
Ես սիրում եմ քեզ,բայց կյանքը վկա՝
Ինձնից ամուր է մահը սիրահար:
Բաց դուռդ՝քանի այգիս է դալար:
         Քանի ջահել ես՝
          Պիտի վայելես,-
Բաց կուրծքդ կոկոն,որ դեմս բանա
Ճոխ այգեստաններն իմ հեռու Վանա,
Գեթ մի զույգ խնձորն իմ Արտամետի,
Բաց, քանի մահը դուռդ չի բախել,
Քանի մազերդ գիշեր են սաթի,
Քանի մահը մեզ ազատ է թողել,
Բաց,  մահվան վրա կուզեմ ծիծաղել...
Գլուխս թաղել դեռ դրախտապերճ
Այս մատաղ կրծքիդ զույգ նռների մեջ:
Բաց ՝ գեթ մի դուռը վանհուշ այգուդ,
Վաղը ոչ մի նուռ ծառիդ չի մնա,
Մի մնա այգուդ բիրտ պահակն անգութ,
Բաց այգեստաններն իմ ոսկի Վանա,
Բաց,որ յոթ որդով այգեկութն հասի,
Աչքս դժոխքում դրախտ էլ տեսնի...





Գիշերներ են լուսընկա գալիս-գնում ու չկա
Իմ հուշերի աղջկա շշուկն անգամ հովի մեջ.
Ու կարոտում եմ նրա շշուկներին երեկվա,
Որ մշտանուշ շշուկով կշտամբում էր ինձ անվերջ...
Չէր հավատում,որ ինքն էր միակ սերն առաջին:
Ախ,թող լիներ,թող լիներ նա իմ կողքին այս գիշեր ,
Ու թող նորից կշտամբեր հրաժեշտով իր վերջին,-
Թեկուզ ամեն խոսքի մեջ հույսիս ճամփեն մշուշվեր,
Թեկուզ խոսեր  մահիս պես,ախ, միայն թե ես մեկ էլ
Լսեի ձայնն ու թեկուզ նորից արցունքն ինձ խեղդեր,-
Այնքան լայի,որ տղմուտ լացով աչքս ցամաքեր,
Ու ցամաքած աչքս մութ՝ինձ գերեզման թող դառնար,
Գերեզմանվեր իր հուշն էլ,մշուշի պես ամբառնար:-
Ախ, առանց սեր՝նոր կյանքն էլ ինձ շիրիմ է՝ առանց սեր,
Թե մարդ- հոգիս թռչուն է՝ ՝սերն է թևը թռչունի,
Առանց սիրո ,ով անգութ,այս նոր կյանքն էլ համ չունի:
Բանաստեղծի իմ փառքն էլ՝ թագադրված Մասիսով՝
Առանց սիրո թե մնա՝ես կմեռնեմ սիրասով,-
Ես կմեռնեմ առանց կին,առանց սիրո գիշերվա՝
Ինձ դրախտ էլ դժոխք է,կյանքն էլ մահ է ինձ վրա,-
Միշտ կայծակող ամպի պես,հասիր թեկուզ որպես հողմ ,
Ցրե  ամպն էլ իմ կյանքի,կյանքս ետ բեր ,անողորմ...
..................................................................................
Ինձ մի թողնի անսփոփ,ինձ մի թողնի անհենակ,
Ա՜խ, թե թողնըս ,կանիծեմ ՝ դու էլ մնաս միշտ մենակ,
Դու էլ ՝անթիվ աստղերում,մենակ մնաս լուսնի պես,
Այս անհամար աստղերից թող ոչ մեկը գրկե քեզ:




Ես կուզեի աղջիկ մի հեզ,
Որ ինձ համար հառաչեր,
Մոտս մնար Սևանի պես,
Զանգուի պես չփախչեր:

Աչքերիս պես հավատարիմ
Ճար ու ճամփա ինձ ցույց տար,
Շուրթերիս պես ՝ինձ մտերիմ,
Ուր գնայի ՝հետս գար:

Ես կուզեի եղնիկ մի կույս,
Որ չըլիներ որսըված,-
Որ ետ բերեր հավատս լույս,
Գտներ բախտս կորսըված:

Մոտս մնար ՝սրտիս պես խոր,
Երազում էլ ինձ կանչեր,
Ինքն էլ ինձ պես՝ գիշեր ու զոր
Հայոց ցավով հառաչեր:

Մոտս մնար աչքերիս պես,
Արցունքիս պես չկորչեր,
Աղբյուր լիներ խոնարհ ու հեզ՝
Լոկ իմ տան մեջ խոխոջեր:

Այգիս լիներ՝ տունս գրկած,
Ձմեռ-գարուն բողբոջեր,-
Կյանքս հազար ցավից փրկած՝
Ինձ շիրիմից դուրս կանչեր...


                                                      (())


Ամեն ինչ ես դու, ո´վ կին, ա~մեն ինչ.
Ե´վ սուրբ մայր ես դու, և´ կին-սատանա,
Ե´վ հրեշտակ ես, և´ դև ես թովիչ,
Համբույրիդ մեջ էլ և´ կյանք ես, և´ մահ,
Ե´վ մութ անդունդ ես, և´ կանթեղ ես ջինջ:

Ցերեկն անզոր ես, գիշերներն հզոր,
Գիշերը նուրբ դև, ցերեկն` հրեշտակ, 
Առյուծն էլ քո դեմ մանուկ է անզոր,
Երբ սուրբ քնքշանքդ դառնում է հեշտանք,
Երբ կին ես, ոչ թե սրբությունը` մոր:

Սիրո սատանան և աստվածն ես դու,
Ե՞րբ պիտի մեռնի սատանան քո մեջ.
Որ մնաս միայն աստվածը մարդու,
Չէ՞ որ մարդ ծնող մայր աստվածն ես հար,

Ե՞րբ պիտի մարվի մեղքիդ ծովն անմար:



Երբ սիրում Էի այն հեզ աղջկան,
Սիրտս քնքուշ Էր վարդի թերթի պես,
Ա՜խ, հիմա անսեր՝ կոպիտ եմ այնքան,
Որ երբեք մեկին չեմ սիրել կարծես…

Հիմա մայիս է, ու վարդերիս մեջ,
Ա՜խ, ես եմ կարծես փուշը վարդերիս,
Որտեղի՞ց գտնեմ, քույր իմ, հիմա քեզ,

Որ համբույրիդ պես քնքշանա հոգիս։



Խորն ու կապույտ աչքերով աղջիկ Էր նա մի փոքրիկ,
Դասընկերս մանկական,
Ա՜խ, նա էլ էր կարմրում, երբ նստում էր ինձ մոտիկ,
Երբ ժպտայի ես նրան։
Երբ ուրիշին նա ժպտար՝ սիրտս արագ կզարկեր,
Կփախչեի դաշտերը,
Որտեղ նորից իմն էին՝ դարձած կապույտ ծաղիկներ,
Նրա կապույտ աչքերը։
Մի օր դասի չէր եկել… ու ես .դասս մոոացած
Վազ տվեցի նրանց տուն,
Բայց երբ նրան ես տեսա ջրհորն ի վար կռացած՝
Մոտ գնացի զվարթուն։
…Գլուխներս ջրհորից վար կախեցինք մենք անձայն,
Ու կթվար չկայինք,
Երբ որ ջրի հայելում մեր շուրթերը մոտեցան…
Ա՜խ, չիմացանք ինչ արինք…
Բայց ջրհորը՝ նրա մոր աչքը թվաց մեր աչքին,
Ետ քաշվեցինք մի… վայրկյան,
Ա՜խ, ես հետո իմացա, որ նա էր սերս առաջին,-

Նա էր իմ սերն իսկական…


Երբ քեզ որոնող աչքերս եմ գոցում,
Հայտնվում ես դու գրկիս մեջ իմ սեր,
Բայց երբ հիացքից աչքերս եմ բացում,
Չքանում ես դու ու… ծարավ եմ դեռ.
Ա՜խ, ես հուր եմ, ջուր ես դու,
Թե ես քոնն եմ, ո՞ւր ես դու:

Թե ինձ չես սիրում, ինձ չես կարոտում,
Ինչո՞ւ ձեր մոտիկ աղբյուրը թողած,
Մեր աղբյուրից ես գալիս ջուր տանում,
Մազերդ մարմար ուսերիդ փռած:
Ա՜խ, ես հուր եմ, ջուր ես դու,
Թե ես քոնն եմ, ո՞ւր ես դու:


                              
                    Իդա

Անցել է ,Իդա , երեսուն տարի,
Բայց դեռ սիրատանջ հույսս չի սառել,
Ճակատիս ողորկն էլ կնճիռ է դառել,
Բայց դեռ նման եմ խենթ սիրահարի:

Հապա ինչո՞ւ է քո սերը սառել ,
Ինչո՞ւ գեթ գիշերն ինձ չես անրջում,
Ու, թե դու միայն ինձ էիր տենչում ՝
Ինչո՞ւ ես այժմ դռնե դուռ ընկել....


Իդա,ինչու է անունդ ...Իդա,
Թե դու քույրն էիր իմ հայոց բարդու,
Բույրն էիր հայոց ծաղկի մարգարտյա,
Թե երազն էիր ինձ նման մարդու:

Դու շուշան էիր ,էլ ի՞նչ ատրուշան,
Բույրն էիր իմ սուրբ  գինարբու ծաղկի ,
Այս ինչո՞ւ դարձար սև թրաշուշան,
Ինչո՞ւ չդարձար Նվարդն իմ կյանքի:

                

Կսիրեիր ինձ ,Իդա,
Թե Վարդուհի լինեիր,
Կդառնայիր մարգարտյա՝
Թե մարգարիտ լինեիր:
Թե լինեիր Վարդիթեր՝
Չէիր թողնի ինձ անտեր,
Թե լինեիր Աղավնի ,
Թե դառնայիր Ծովինար ՝
Սերդ աչքս չէր հանի ,
Բախտս գիրկս կմնար ,
Թե լինեիր Վանուհի ,
Թե լինեիր Նռանե ,
Թե լինեիր Սրբուհի ,
Թե լինեիր Գայանե,
Թե լինեիր Արաքսի ,
Թե լինեիր Լուսինե ՝
Թեկուզ վիշտը մասիսի 
Էլ իմ գլխին չէր ձյունե:

Կսիրեիր ինձ ,Իդա,
Թե լինեիր Վարդուհի ,
Կպաշտեիր ,հավատա ,
Թե դառնայիր Հայկուհի:
.....................................
Թե դառնայիր Անահիտ ՝
Չէիր դավի ինձ երբեք,
Կմնայիր միշտ գահիդ,-
Ինձ կասեիր «գիրկս եկ»:
Թե լինեիր դու Աստղիկ ՝
Չէիր թողնի ինձ մթնում,-
Կդառնայիր գեղեցիկ
Աստվածուհի իմաստուն:




                                                      Վարդգես Սուրենյանց (1860-1921)  Գեղանկարիչ...Թատրոնի նկարիչ...արվեստի տեսաբան 


Ցած թողնելով Վանա հովիտն Ապարանջան աղբյուրին
Մոտենալով Ծովասարին Սիամանթոն անվեհեր, 
Դեպի յուրդերն իր նազելու՝ երգով ելավ սարն ի վեր.

- Ամպեց, կորավ լուսնկան, 
Արտեր, մտեք քուն, 
Արտով կանցնի իմ ճամփան՝
Կերթամ յարիս տուն։
Սերս գաղտնի թող մնա, 
Սերս՝ յարիս պես, 
Ճամփեն պիտի չիմանա, 
Թե ուր կերթամ ես…
Մենակ յարս կիմանա, 
Թե ուր կերթամ ես, 
Մեկ էլ ծովակն իմ Վանա՝ 
Մորս աչքի պես:

                                    «Սիամանթո և Խջեզարե»



                       

Комментариев нет:

Отправить комментарий