Мой список блогов

среда, 16 января 2013 г.

Եղիշե Չարենց

Նկ.Մարտիրոս Սարյան

...և այսպես,ահա ես-25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո ՝ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը-մենա՜կ ու հալածական՝ պոետ աքսորյալ սեփական հայրենիքում ՝հերկի եզերքին հայրենական երգի ՝ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների և պետների ՝հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո....ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ    1937.28.3,գիշեր...........
Սանձե՜լ է ուզում հողմերին
Այս... ողորմելին...

Նկ.Խուան Գրիս,Երեք լամպ


Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա-և շատեր՜րն են սնանկ հռչակվում: 
(())

Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ.
— Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ:

Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում  է պատկերդ.
Այնպես դու հեռացել  ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:

Օրերը թևավոր են, թռչո՛ւմ են.
Թռչում ես` թևավոր ես, ուրու ես: —
Կարոտս օրերի հետ թռչում է —
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՛ւ ես...
Նկ.Արշիլ Գորկի,Ածխացած Սիրահարները


Նրանք ասում են, որ դու անցել
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
— Վերադարձիր, օ, վերադարձիր...

— Վերադարձիր, օ, մենք քեզ կտանք
Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե՛ խնդություն.
Ինչպես սիրած մի թափառական
Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն...
Կգգվի դեմքիդ քամի մի զով,
Օրերի շունչը, արդեն հնչե՜ղ,
Կլցնի հոգիդ անհուն հույզով—
Ու նո՜ր, նո՜ր երգեր կներշնչե...
— Վերադարձիր, օ, վերադարձիր...

— Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր —
Անցան թափորներ արևավոր
Ու նոր բյուրավոր դռներ բացին...

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին-
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին...
Քամին ծաղկունաց շուրթերն է դողդոջ շոյում,
գուրգուրում
Ու լուռ մրմնջում ,թե հեռուներում ինչպես են սիրում...
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին...
Նկ.Արշիլ Գորկի,Ջրվեժ

Կյանքը-երգի,երկնքի՜ պես անհո՜ւն ,անհո՜ւն,
Կյանքը-կորած աստղերի՜ պես հազարանուն:

կյանքը -կրակ ճահիճներում՝ կա ու չկա,-
Կյանքը -ճամփորդ,սպասված հյուր,որ պետք է գա:

Կյանքը -երգի,երկնքի՜ պես անհո՜ւն ,անհո՜ւն ,
կյանքը -կորած աստղերի՜ պես հազարանուն:




Կան անտես հյուրեր : Գալիս են նրանք 
Անխոս ու անձայն,լռության ծոցում :
Գալիս են ,ապրում ու անցնում նրանք՝
Ոչ դուռ ենք բացում և ոչ դուռ գոցում:

Ո՛չ անուն ունեն ,ո՛չ ստվեր ,ո՛չ ձայն:
Գալիս են ,ապրում և անցնում են լուռ:
Եվ ինչո՞ւ եկան , և ինչո՞ւ անցան -
Մենք չենք իմանում աշխարհում անդուռ:

Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք-
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ :
1915



Նկ.Կուինջի,Անտառ


Քնել չի լինում…

Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ —
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:
Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես…
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:
Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:
Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ,—
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:
Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր —
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես,—
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…
Է՜, քնե՜լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
— Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին…
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ…
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…





Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.

Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել—
Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար…
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր —
Դու չեկար, չեկար,—
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի…
Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,
Որ քո կույս հոգին իմի հետ ցավի…
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…
Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի:—
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև հիմա ես չեմ մոռացել…
Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի…
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար…
Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ…
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել…
Օ, զզվելի՛ կին,—
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս…
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան…
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում:—
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար…
Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց:
Հեռվում — դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին…
Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ…
Ու… այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ…
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի…
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի…
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—

Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ..
Նկ.Արշիլ Գորկի,Նշանադրութնուն(Արշիլ Գորկին չի պատճենեում բնությունը
այլ ապակոդավորում է այն։Անդրե Բրենտոն)

Դու իմ գարնան առավոտ-ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ ,սրտիս մոտ-ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու ,ոսկի իմ ամառ ,հրանման ,հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ-ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու ,ոսկի իմ աշուն,աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ -ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Դուք բոլորդ հեռացել ,մնացել եմ հիմա ծեր 
Եվ իմ սրտով արյունոտ-ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:

Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ- ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...

1920



(())

Հոգնե՜լ եմ ,հոգնե՜լ երազից ,մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ ,շոշափել նորից,
Չունենալ երազ,թռիչք ու թևեր:
Կուզեի՜ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ ,որպես քաղցր  դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող-
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող ,մարմինը հիվանդ 
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ՝ հնամյա ավանդ :
Ճնշում է , ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ ,ծանր ,անբաժան ,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան :

Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում ,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր -
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում 
Վերջին տագնապում ,ուր կոչվում է -սեր...
...............................
Եվ ես հասկանամ,որ հավերժը հին
Վերջ չի ունենա , որ հանգստանամ...
Երբ զգամ հանկարծ , որ հասել եմ ես 
Հավիտենության սահմանը - ու նա,
Քարացած հոգիս՝ աներազ ,անտես՝
Ցո՜ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ,
Նա էլ չի՛ դառնա կյանք անսահման 
Օվկիանը ,որ կոչվում է Սանսար...

Օ, ծա՛նր է ,ծա՛նր է ,օ  ծա՜նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
-Ախ ,լինել թեթև՜ ,հրո՜տ ,հրակա՜մ,
Վառվել, որպես զոհ ,զոհս չմերժի
Արևը-արև ,ու Ա՛գնի , ու Ռա.
Վառվել ու մարե՜լ աշխարհի վրա ՝
Զոհի՜ պես արդար ,ինքաամոքիչ-
Ու մահից հետո չլինի՜ ոչինչ...

(«Մարի ,Է՛գ Թռչուն» ... հատված)

                                       
            Նկ.վան Դեյկ,Գյուղական ճանապարհ

Երեկոն անձրևոտ էր ու թաց:

Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.

Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:



Ու գնում էի ես համրընթաց,

Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում

Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...
Նկ.Կանդինսկի,Անծանոթ Ձայնին 


Հուզումների Լեզուն


Հովն - հորովել է ասում,

Անձրևը - ցուրտ բառեր,-
Հուզումնավո՛ր իմ լեզու
Ինչո՞ւ ես լռել:-

Ա՛յն ,որ ասել ես դու ուզում՝

Տես,քեզանից զորեղ -
Դրսում ծաղիկն է ասում
Եվ ջուրը բյուրեղ:

Եվ աղջըկա աչքերիցս

Երբ մանիշակն է նայում ,-
Էլ Տերյանի երգերի 
Ի՞նչն է հմայում...

Ջուրը - հորդոր է հուզում,

Հուրը - մորմոք կարմիր:-
Հուզումնավոր այս լեզուն
Պոե՛տ , քեզ չի՛ տրվի...
1934


 Կես - Գիշերային Էսքիզ


Նա մի աղջիկ էր,մի դիցուհի՛,

Որ  օրերո՛ւմ այն տրտմաթախիծ
Քեզ նայեց նազով ու ծիծաղեց--
Մի գավառական գեղեցկուհի...
Նա խոստացա՛վ քեզ երգեր երգել,
Բերել կարոտներ ու անմար փառք,-
Բայց երբե՛ք ,երբե՛ք նա քնքշաբար
Չփարվեց կրծքիդ ու չգերեց:
Այդ գեղեցկուհին...Մուսա՛դ էր նա,
Նվիրեց մի օր քեզ գորշ շապիկ
Ու գավառական մի խեղճ քնար...


    Нет, я не Байрон, я другой...


                                             Лермонтов


Քայլի՛ր,քայլի՛ր քո ճանապարհով.

Դու ո՛չ Գյոթե ես ,ոչ Վերհարեն*.
Մեր Վերհարենը - նայի՛ր ,հրեն -
Քաշում է փառքը իր պարանով...
Քայլի՛ր ,քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես ,ո՛չ Վերհարեն -
Դու լոկ Չարենց ես ,միայն Չարենց՝
. . . . . .  ու վարանոտ....
1929

(Լերմոնտովի բանաստեղծությունն ամբողջությամբ ՝ինձ նման հետաքրքրասերների համար ))))
Խնդրեմ.
Нет, я не Байрон, я другой,
Еще неведомый избранник,
Как он гонимый миром странник,
Но только с русскою душой.
Я раньше начал, кончу ране,
Мой ум немного совершит;
В душе моей как в океане
Надежд разбитых груз лежит.
Кто может, океан угрюмый,
Твои изведать тайны? кто
Толпе мои расскажет думы?

Я — или бог — или никто! —  ))

(*Էմիլ Վերհարեն ...բելգիացի ֆրանսախոս բանաստեղծ  ,դրամատուրգ...սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը)))


Օ, դո՛ւ ,- կարո
՞ղ եմ արդյոք երբեք 

Մոռանալ ես քեզ , քանի իմ մեջ
Հնչում է թեկուզ չնչին մի էջ 
Մեր կյանքից ՝անցած այնքա՛ն բեկբեկ:-


Դու շա՜տ ես ցրել, տվել քամուն

Քո գանձը ,որպես շռայլ տղա.-
Դրա համա՞ր էր արդյոք տված
Այս վսեմ բախտը քեզ աշխարհում:

Նկ.Կանդինսկի,Կոմպոզիցիա 8



Նրանք ասում են ,որ ես հոգնել եմ ,

Որ ես շեղել եմ ուղիս ուղիղ,
Որ մեր պայքարը հոգիս լքել է
Եվ ես ընտրել եմ ուրիշ ուղի:
Նրանք ծամում են այս ցուրտ խոսքերը ,
Զառամ շրթերը քսում իրար,
Կարծես շրշում են դեղին հասկերը,
Կարծես մեռնում են այնտեղ նրանք:

Դու աճում էիր ,ինչպես խոտը: - Դու

Լուսնի նման էիր՝ սենտիմենտալ:
Եվ լուսնի լորձունք էր կաթկթում
Քո շրթերից հաճախ:Խնդալ
Չգիտեիր բնավ: - Քո երգը
Մերթ հոսում էր ,որպես հորձանք,
Բարձրանում էր,որպես հորձանք,
Բարձրանում էր,որպես հանդի բերքը-
Անտեր:-Մերթ,տեսար,որոտաց
Ինչպես թիթեղաձայն թնդյուն:-
Դու խարխափում էիր ու փնտրում
Բայց ի՞նչ - անհայտ էր քեզ: - Հիմա
Դու անփորձ ես ահա աշակերտի նման.
Այս նոր հերկը,որ ուզում ես ցանել -
Օ, իհարկե ,կարող քեզ կործանել:
Բայց պիտի համառես ,որպես եզ: Պիտի
Իմանաս ,որ լուսինը քեզ
Էլ դժվա՛ր թե փրկե: -
Լուսադեմին,վաղ առավոտին ,
Երբ արևը ելնում ,որպես ճարպագունդ ,
Ու փռում է իր ճարպը արոտների վրա -
Դու բարձրանաս պիտի ու հունդդ
Ժլատորեն փռես: - Ահա՛:
Պիտի տքնես,քրտնաթոր,- պիտի դեմքդ 
Քրտինքը ողողե,ինչպես բալզամ,-
Մինչև գիշերը իջնի ու տարածվի քո դեմ
Գիշեր,վերջին խավար,մենություն ,մա՛հ տարաժամ...
Ահա:-
Նկ.Մորիս Ուտրիլլո

Նյութը դիմադրո՛ւմ է,դիմադրում է միշտ,-

Լինի երկաթ,կղմինդր,լինի մարմար:
Դիմադրում է բառը:Ահա դեմից
արդեն վազում է հանգը - «հարմար»:
Դա - հնի՛ ճանապարհն է. հեշտի ,բնազդի,
Օ,հնի հո՛ւնն է դա,սովորության հունդը,-
Այնինչ արևը,լուսինը և մեր երկրագունդը
Անվերջ կարծրանում են իրենց անեզերական վազքից :


Նկ.Պարմիջանինո,Իմաստուն Կույսերը


Երեքը 
(Պոեմ հավիտենական.... հատվածներ)

Մի հին դղյակում ապրում էին գոց 
Երեքը - նրանք . դղյակում այդ հին :
Երկուսն էլ նրանք այդ երազ կնոջ
Ասպետներն էին:
....
Կյանքը դղյակում  երազ էր ,թե վիշտ -
Ոչ ոք չգիտեր  ու չէր իմանում :
Որպես մի հեքիաթ  ,որպես հինավուրց 
Դարերում ապրած լեգենդի կտոր -
Կյանքը դղյակում դարձել էր անուրջ :
Ապրեցին անձայն ու անցան մի օր:

...

« Դու ինձ ես ուզում .այստեղ եմ  ահա:
Նստել եմ քեզ մոտ - մի՞թե չգիտես:
Լռության գրկում սպասում է նա :
Շրթերդ հրոտ համբուրում եմ - ես »:
Եվ կինը գրկեց ,համբուրեց նրան ....

...
Ու լուռ կանգնեցին իրարու դիմաց
Երկուսը - կարծես առաջին անգամ:
Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց-
Ժպիտն էլ,լացն էլ - օտա՜ր էր այնքան:
Ու կանգնած էին նրանք դեմ ու դեմ
Ու չգիտեին ՝ ի՞նչ էին ուզում :
Բայց զգում էին ,որ մի լուր գիտեն
Երկուսն էլ հոգու  անլուր երազում :
Եվ զգում էին հոգնած ու տխուր,
Որ կընկնի՜,կընկնի՜ լույսը հեռակա
Վերջին խավարի գիրկը ահավոր :
Եվ զգում էին .  վերջին անհունում,
Արևից հետո ու լույսից հետո-
Երկուսն էլ նրանք՝ անդեմ,անանուն՝
Կդառնան հլու ողջակեզ ու զոհ...




Ու վերջին անգամ նայեցին իրար....

Ծանո՜թ էր այնքան աչքերի հեռուն...
Այն ո՞ւր է տանում հորձանքը վարար-
Լույսը հոգևար մարող աչքերում:
-Դու ի՞նչ ես ուզում...Դու մրսե՞լ ես ,հա՞:

-Իսկ դու,դու ,որ միշտ արևի բովում
Այրվում էիր - եկել ես հիմա
Ու փնտրում ես իմ լուսնային հեռուն...
Ու աչքերը, խոր, խորունկ խորացան
Մյուս աչքերի խորության մեջ խոր:
Կարծես հիշեցին,կարծես մոռացան,
Որ եղել են ,կան ,ապրում են մի օր ...

1915-1917


(«Հետերա - երազ»...հատված)

Դու ինձ մոտ էիր: Ժպտացիր - ու հուր

Համբույրի ժամին հոգիս՝ գոհ,դժգոհ՝
Ընկավ գիշերի խորոչի մեջ խոր -
Բայց օրհնում էի հրդեհները քո՝
Ես օրհնում էի:Ժպտում էիր դու:
Ու հրդեհեցի  իմ դղյակը հին,
Որ իմը լինես,չդառնաս ուրու,
Որ ինձ մոտ մնաս՝պարզ ու երկրային...
Բայց ո՞ւր գնացիր,ինչո՞ւ հեռացար :
Թե՞ - այստեղ ես դու,բայց մենակ եմ ես,
Ինչո՞ւ հեռացար ու ցնորք դարձար:
Հեռավո՜ր ուրու - անմարմին ,անտես....

Նկ.Պիեռ Պրյուդոն,Անմեղությունը
 գերադսում է Սերը Հարստությունից


Շամիրամ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝

Դու եկել ես տեսնելու քաղաքները Նայրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի 

Ցանկությունով հրահրած ՝ անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,

Որոնց տեղ խոտ էր բուսնում,երբ դեռ ապրում էր Արան:

Ա՛յլ  է աշխարհը հիմա ,ա՛յլ է հիմա Նայիրին.

Ո՛չ մի արքա էլ չկա ,որ չտրվի քո հրին :

Մտի՛ր ակումբը հիմա ,մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝

Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

Ո՛չ վեճ է էլ հարկավոր ,ո՛չ պատերազմ մահառիթ.

Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-

Միայն ակնարկ մի թեթև - և կտրվեն նրանք քեզ,

Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ:-

Կգան մեկ-մեկ ու սիրով - կտանջես նրանց դու 

Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,

Որ կամոքվի քո հոգին  կարոտանքից սիրակեզ:

... Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով  նայիրյան 

Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի-

Ու սարսափով մի անօգ ՝ նորից կելնես դու կռվի :

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին -

Ոտքի կելնե նրա հետ հազարամյա  Նայիրին:

Եվ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,

Կնահանջե զորքը հետ,երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի,որպես զոհ - բայց չես հաղթի դու նրան .

-Դառն է խորհուրդը սիրո ,շամբշոտաշո՛ւրթ 
Շամիրամ...


(())


Նա ուզում է գտնել մի կշիռ - ու չափել նրանով ամբողջը,

Ունենալ անխախտ մի հաշիվ - ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն . ախ, նայե՛ք՝ նա փնտրում է
«կայունը» -
Եվ գտնում է մի... գինու շիշ - ու չափում նրանով ամբողջը:


Նկ.Սալվիատի,Գթասրտության ալեգորիա


Դու ինքդ քո մեջ միասիրտ.- ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.

Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.- ինչ որ կաս՝նա կա
այդպե՛ս է.
Բացվում ես ,լինում ,գոյանում-հառնելով հենց ինքդ քո դեմ՝
Պատմում ես դու մի՛շտ քո մասին.- ինչ որ կա
 ու այդպե՛ս է:

(())


Ինչ թո՜ւնդ է քո գինի ,իմաստո՛ւն.նրանից իմ հոգին հարբում է.

Դա գինի՞ է,թե խո՞սք է ազդու,նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես,մահո՛վ իմ սերած,խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.- նրանից իմ հոգին հարբում է:


Սիրելի Ա-Ին



Ես չե՛մ մոռացել քեզ,բարեկա՛մ,

Եվ հիշում եմ քեզ կրկի՛ն,կրկի՛ն,
Ինչպես անցորդը թափառական
Հիշում է միշտ իր անցած ուղին:-
Սիրով է հիշում նա ուղին հին,
Գուցե թախիծով,սակայն երբեք
Նա չի՛ ցանկանա կրկի՛ն,կրկի՛ն
Թողնել հեռուներն ու դառնալ ետ...
Երբ անցած ուղին հուշով անշեջ
Խոցում է,ինչպես կարոտի նետ,-
Խեղդո՛ւմ է նա կարոտն իր մեջ 
Որ երբ՛ք,երբե՛ք  չդառնա ե՛տ...


Նմանություն Հայնեին

           Սիրելի N-ին

Երգում էր պոետը՝ նստած վրանում.-

«Մարդիկ հեռանում են ու հա՛ր մոռանում...
Այդպե՛ս մոռացավ ինձ աղջիկը չար,
Եվ դա՛ էր,օ, դա՛ էր ,որ դարձավ պատճառ,
Որ ինքս,ես ինքս մի օր հեռացա-
Եվ... չանցած գարունը՝ նրան մոռացա...»-
Էլ ի՞նչ ես երգում դու՝ նստած վրանում-
Եթե հեռանում են ու հա՛ր մոռանում...
 N. N.-ին


Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ,

Թե ես և թե դու:-Ու պետք է հիմա,
Ինչպես հարկն է՝ մեզ «խելացի պահենք»-
Բայց ե՞րբ ենք արդյոք մենք եղել ջահքել...
Ինչպես Վիյոնն է մի օր ողբացել
Ջահելությունը իր խայտանկար-
Այդպես,թե կուզես,մենք պետք է հիմա
Նզովե՛նք  միայն մեր չար ,հողմածեծ
Ջահելությունը,որ անցավ արդեն-
Եվ պայծառ սրտով ընդունենք ահեղ
Այս կեսօրը,որ բացվում է մեր դեմ:-
Նկ.Անվազովսկի,Քաոս

Տխուր Կարուսել(հատվածներ)


3

Երիտասա՞րդ էր ոգիս,թե անփորձ էր դեռ,-
Որ չգիտեր ,թե կյանքում զզվանքից բացի,
Անարգանքից ՝առավել պիտո է ներել,
Որպեսզի սիրտը բյուրեղ վարժել հարվածի:


4

Ծերանա՞լ էր հարկավոր ,քարանա՞լ գուցե,
Հասկանալու ,զգալու համար այն նայիվ
Իմաստությունը,որ քեզ եթե քարկոծեն՝
Պիտո է սիրտդ գոցես,որ չար չնայի...

5

Դու պիտի սիրտըդ գոցես,և աչքերդ ապա,
Եվ պիտի բաց պահես լոկ մեղանչող հոգիդ,-
Որ չտեսնես հայացքներ՝ ահով հանդիպած,-
Որ խեղճությունը հանկարծ սրտիդ չչոքի:

6

Որպեսզի լուռ կարենաս լուտանք ու ամոթ
Ու դառնություն կրել դու,անգամ մատնություն,-
Եթե կոչված ես լինել հիմե՛ր կործանող,
Եթե գիտես,որ չկա խմիչք՝առանց թույն:
Այվազովսի,Հայ ժողովրդի մկրտությունը... 10
Ախ,մենք բոլո՛րս ենք սիրել հեքիաթներն այդ լույս,
Պատմություններն այդ՝ գրված մարդկանց մասին մեծ,-
Ե՛Վ դառնությո՛ւն, և՛ թախիծ,և՛ տանջանքը լուռ-
Այդ ոսկեկազմ գրքերում հմայել են մեզ:



Նկ.Ջովաննի Բելլինի

Խառը Բանաստեղծություններ
(1911-1922)



Գիտեմ,որ մի օր կմեռնեմ ես էլ 
Ու կվերջանա իմ կյանքի ուղին :
Մոռացված բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին :

Արևը նորից անքոգ կխնդա ՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր:
Եվ մայրս անգամ էլ չի՛ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել:

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ-
Մեղքս կմոռնան ,սիրո խոսք կասեն,-
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ...
1916


Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ 
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ 
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։


Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝ 
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։

Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի,
Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.—
Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի

Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի...

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-


Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…


Նկ .Այվազովսկի,Բրիգ Մերկուրին հարձակման է ենթարկվում թուրքական նավերի կողմից

Գիշերն ամբողջ հիվանդ ,խելագար ,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի  ձայն ու շշուկ չկար-
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին :

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավետ խոսքի,-

Բայց շուրջս այնպես գունատ էր,տկար -
Խոսքեր չկային ու արև չկար...
1915


Այվազովսկի,Բրիգ Մերկուրին թուրքական նավերի դեմ տարած հաղթանակից հետո

Պոետ
Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան-մոգական երազ,
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս:

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի,փողոցի ուղին-
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին:

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր ,որ հազար մարդ է համբուրել-
Հավատում եմ ես ,որ նրանք քրոջ
Շրթունքներն են կույս-ու մաքուր են դեռ:

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա -
Նրա թևավոր ,աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա:

Ո՞վ կհասկանա ,թե ինչո՞ւ է նա 
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ:

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար ,կամ ցնդած մարդու:
Բայց նա մեռնելիս կժպտա,կասի.
-Օրհնությո՜ւն քեզ ,կյանք: Հրա՜շք էիր դո՛ւ ...
1916


ՇԱՄԻՐԱՄ

Իրիկնային փողոցում ես տեսա նրան։ 
Նա — սևաչյա պչրուհի  գուցե — Շամիրամ։

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները  նա,

Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:


Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝ 
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։

Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։

1916
Նկ.Այվազովսկի,Ալիքների մեջ

Կարինե Քոթանճյանին

Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև:

Լուռ,անձայն նստել մի բաժակ թեյի:
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս:
Ու հին, փոշապատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս:

Եվ սիրել բախտը՝ պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր-
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ...
1916
Կուինջի,Լեռներ
Տաղ անձնական

Թողած Կարսում ,գետի  ափին,տունս ՝ շինած անտաշ քարով,
Կարսը թողած,Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:


Անց եմ կենում.շուրջս- մարդիկ,շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր,
Շուրջս աշխարհն է աղմկում,մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի,թե ո՞ւր հասար,-
Դեմքերը,ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված-վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար -էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա ,ցնդի,
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ,դեպի եզերքը Ամենտի*,
Իմ բար՜ձր,հին աստղային երազների ճանապարհով:

Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ,պիտի գնամ աչքս հեռուն:
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասեք նրան՝ Չարենցն ասավ-Մնաս բարո՜վ,մնաս Բարո՜վ...
1919

*Ամենտի-անդրաշխարհի անունն է(Ամուն կամ Ամեն աստծո  բնակատեղը ...),որն օգտագործվում էր Հին Եգիպտոսում...ըստ հին եգիպտացիների մահվանից հետո մարդու հոգին գնում է դեպի արևմուտք...մայրամուտ ...արևի հետ միասին իջնում է անդրաշխարհ...




Մինաս Ավետիսյան,Փիլիսոփա

1937.28.3. Երևան

Իմ ծննդյան տարեդարձին
40-ամյակ
Երևան

Ոչ մարդկային զգացմունք ,ոչ ջիղ ,ոչ քուն խնայող

Փողոցային այս երգիչն ու դերասանն անքանքար,
Որ բազմամարդ բակերում ,կամ մայթերի վրա քար,-
Եվ ամենուր ,ուր գտնի կանգնելու տեղ ու նայող,-


Այս և անօգ ,և բոկոտն ,և կորովի ծաղրածուն,

Ոչ երգչի ձայն,ոչ անգամ <1անընթ. բառ>
Կամ կերպարանք ունեցող թափառականն այս անօգ,
Շնորհներից երկնային միանգամայն ընչազուրկ,-

Չգիտես ե՞րբ և ինչո՞ւ  դարձած «Զվարթ գիտության»

Ասպետական խաչակիր ,ինչպես բոլոր անիծյալ
Իմ եղբայրներն անուղղյա ,որ արյան մեջ իրենց բորբ
Երգի վարակն են կրում հավիտյանից -հավիտյան,--

Վեհանձնաբար  նվիրված անանձնական իր գործին,

Ե՛վ կատարյալ ,և՛ զվարթ,իբրև շնորհ մի վերին-
Երգն է շրջում իր թշվառ ,ինչպես վահրոտ վերքերի 
Բույլն է պարզում աշխարհին մի հաշմանդամ մուրացիկ...

Ահա երգում է  նա  իմ պատուհանի տակ կրկին

Երգն իր՝ վաղո՜ւց ինձ  ծանոթ,որպես նրա աղքատիկ 
«Ամպլուայի» «մեխն» անճար ,իբրև աչքի մի հատիկ
Նրա սիրած ,փայփայած ,համայնացած մելոդին...

Գուցե նա ինքն էր հիմար այդ մեղեդին հնարել,

Գուցե անգիր էր արել մի անհռչակ հանճարից,-
Գուցե լսել էր նման  ինչ-որ  մի բան  անցյալի
Փողոցային,իր նման, տրուբադուրից անարև,-

Նկ.Օնորե Դոմյե,Հանրապետությունն ու  պաշտոնյանները))) 



Սակայն ով էլ որ գրած կամ հորինած լիներ այդ

Կիսատխուր-կիսալուրջ հայնեական սարկազմի
Ինչ-որ շեշտեր ունեցող «գլուխ-գործոցն» այն <1անընթ. բառ>
Որ նա երգում է ինչպես սոլոններն են երգում բարդ,-

Գործ չէր եթե գեղեցիկի,հաճելիության,դաշնության,

Գեթ հաճելի լինելու էլեմենտար իմաստով,-
Ապա- գործ է հանճարեղ և  <1անընթ. բառ>,
և ազդու-
Ֆենոմենալ ,ի վերուստ ,իբրև դաշինք ու նշան-

Անքերելի,ինչպես գիր ճակատագրի-անհաճո,

Քստմնելի-անգամ թույն ու թշնամանք հրահրող-
Ոգու անանց մերկություն,գռեհկություն,-անշնորհք,
Ճակատագիր դարձած սեր՝ իբր ընտրություն անհաջող...

Դժկամություն ու թախիծ,խիղճ հոշոտող ու դժնի-

Առընչության նման ՝իբր առընչություն ՝ոճրավոր,-
Այդպես տուփն է անհաճո,նկարազարդ ,ոճավո՜ր,-
Շինված... անձեռն կույրի մեծահանճար ոտքերով....

Քստմնելի՜ է այդ խեղճ անռընչությունն անհարիր,

Որպես ոճիր սրբապիղծ,ինչ-որ դաշինք  խորտակվող...
Թե նորածին այդ հրաշքն գեթ իմ աչքին -հանճարեղ
 <...............................................................

Չէի տեսել երբ նրան ես մոտիկից քանի դեռ,-

Միայն զգացմունք ,որ անգամ թշնամանքի էր նման,
Մի պղծության  նման բան ,որ անշ <........> է 
ծնում...

Եվ- մեռյալին հարություն ,կամ աչքազուրկ 

աչքում լույս
Հանկարծակի տեսնելու զգացմունքի էր նման,-
Այն ,որ զգաց  իմ հոգին-երբ պատահմամբ  այդ մարդուն
Ես մոտիկից նայեցի-երբ նա երգում էր )....Օ,-
Նույն կիսալուրջ-կիսա<........> եղանակով 
ու խոսքով,
Նույն անշնորհք երգն էր՝ նույն ձեռամբն նա երգում ,-
Բայց .... ալքիմիկոսն է ինչպես փոխում պղինձը ոսկու,-
Վայրկյաններում մի քանի այդպես փոխվեց նա -

Օ,հրաշքի ՛ պես վերին ,և անիմաց և տխուր

Այս (թովչանքի) գաղտնիքն իսկական,որ անհնար է լուծել...
Ի՞նչն է արդյոք նրա մեջ-ի՞նչը ՝որ <........>
Ոտից-գլուխ մի պոետ է դարձնում նրան իսկական....

Այս ծաղրածուն անտաղանդ ,այս երգիչը փողոցի,

Որ դռների մերթ առաջ,մերթ բակերում բազմամարդ,
Մերթ պատերի տակ՝ մռայլ ամրոցների պես վերձիգ՝
Այդ բազմահարկ տների ,-երգն է երգում իր հպարտ,-
Այդ և՛ տխուր,և՛ խղճուկ ,-ոչ երգչի ձայն հասարակ
Ոչ երգչի շունչ ու ականջ,ոչ անգամ  <........>
չունեցող,-
Անհամակիր այդ դեմքով,տափակ գլխով ու ճաղատ,-
Այդ՝ արտաքին հաճելի հրապույրից անգամ զուրկ,-

Շնորհներից երկնային զրկված ստրուկն այդ ահա,-

ինչպես ես ,-
Իմ՝ ի վերուստ մերժըված արվեստակիցն այդ,-ահա,-
Որ կանգնած է դուրսը ՝իմ բարձր պատուհանի տակ կրկին

Երգն է երգում իր նախկին՝մանուկների համար չար,-

Միևնույն երգը հիմար՝ իբրև թե շատ սրամիտ,-
Նյուանսներով անգամ բարդ,շարժումներով բեմական,-

Այդ ճաշակից փոքրագույն ,զգացմունքի ու չափի,

Խեղճ նշույլից անգամ զուրկ  այդ եղբայրն իմ վշտագին,
Կարո՞ղ եք դուք պատկերել ,օ, պոետներ մեծամիտ,-
Որ ոտքից մինչև մազը վերջին -բանաստեղծ է իսկական....

Ես մոտեցա՝ ինչպես մի հաշմանդամի,բորոտի՝

Այն էլ ՝գարշանքն իր ի տես հանողին են մոտենում,-
Եվ.... չգիտեմ ,թե ինչպես՝ խինդանման կարոտով
Եվ զարմանքով գայթակղված-կանգնած ականջ եմ դնում....

Եվ իր « համարն » հերթական վերջացնելուց լոկ հետո ,

Երբ նա լռեց-և դարձավ իմ պատկերածը նորից,-
Գիտակցեցի ,որ ՝ տարված ՝կանգնել եմ ես ահա,-

  <.............................................>


Ապա կրկին նա կրկնեց՝ հին համարներն իր՝ կրկնած

Օրը օրին ,- շարունակ,- այնքան ,որ ե՛ս գիտեմ գոց....
Եվ...սկզբից մինչև վերջ ,-և մնացի ես կանգնած,-
Եվ երբ գնաց,- ես զգացի-վշտի խոց...

Նույնն էր ամբողջը,- երգի և երգելու իմաստով,-

Նույն բառերով անճաշակ ՝ նույն իր ձայնով կեղծ ու ֆայլշ.-
Դեմքն էր գուցե ,որ նրան դարձնում էր ուրիշ-
Ա՞յն էր գուցե ,որ   <........> աչքերում 
ինչ-որ փայլ...

Ի՞նչ էր իրոք նրա մեջ,որ դարձնում էր նրան 

Արվեստագետ իսկական՝ այր շնորհյալ ի վերուստ....
Երգը՝ խղճուկ ,անճաշակ-նույն <........> 
Եվ երգում էր նա այնպես,ինչպես լսել եմ վերում:

Ես չգիտեմ,- և ինձ պես չգիտե ինքն երևի-

Երգի գաղտնիքը-ինչպես բոլոր քերթողները չգիտեն,
Բայց ես գիտեմ -ինձ համար պարզ ,ինչպես լույսն արևի-
Որ տխուր մարդն ահա,- արվեստագետ է մի մեծ...
......................
.........................
Մանուկներն են լոկ նրան  և նրա երգը սիրում,-
Վազ են տալիս ընդառաջ,երբ նա հանդես է գալիս,-
Լսում են լուռ՝ դեմքերին ՝ արտիսիստի հույզն է եռում,-
Եվ- ցնծում են միաձայն -երբ փող առատ են տալիս....

Գո՞ւցե երգի՞չն ես այդ դու ,-քե՞զ ես տեսել 

դու գուցե
Այդ երգչի մեջ փողոցի ,և հույսեր ես տալիս քեզ,-
Սակայն... նրան հակառակ՝ դու պիտի կյանքըդ գոցես,
Եվ-խոշտանգես անգամ քեզ-




Նկ.Պիկասսո,Ժաքլինը ծաղիկներով

«Մանոն Լեսկո»
Լ.Զ.-ին

Մանոն Լեսկոն,այդ կինն անմեղ,
Ո՛չ թե սիրով,այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով,միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ ,այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց-
Մանոն Լեսկոն:-

Բայց միշտ գերի սիրույն այն վեհ՝
Սրտո՛վ մաքուր ,-և ո՛չ ոսկով,-
Իր ասպետի՛ն սիրեց հավետ,-
Եվ ուրիշի մահճում անգամ
Իր ասպետից չբաժանվեց...

Եվ մնաց սուրբ ,մնաց անեղծ-
Մանոն Լեսկոն:
1929-1936 

(())

Այլևս ինչ մնաց քեզ ՝խնդրելու կյանքից,-

Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող....
Ա՜խ,խոնջենքի՜ միայն անեզերական կարոտ,-
Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ...
Ուիլյամ Բլեյկ,Ամենակարողը

Տաղ Հիվանդների Համար(հատված)

Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,

Եթե հոգնությունն է երգում քո երակներում-
Այս երգս քեզ չի ամոքի,
Քանզի ապրողներին է միայն երգը բարիք բերում:-

Բայց դու կարող ես լինել անեզրությամբ տկար,

Եվ տխրությունը,որ բարիք է բարձրագույն և ծնվում է ոգու
կարոտից-
Կարող է ծանր լինել քո ուսերի համար
Եվ դժնի տենդ դառնալ,իբրև մշուշ իջնել,և աչքերդ զրկել փարոսից...

Եթե տխրությամբ ես տկար և ոգու անեզրությամբ,

Եթե հիվանդ ես դու երգի՛ կարոտով-
Ես քեզ ապաքինում և օգնություն կտամ,
Եվ դու ոտքի՛ կելնես,և կողջունես այս երգս քո վիշտը փարատող:
........
Եվ թեկուզ լինում եք դուք երբեմն ծանրաբեռնված
կարոտով ,որ նման է հիվանդության,-
Այս տողերով,վսեմ այս դեղով կազդուրված՝
Դիմեցե՛ք դեպի անհայտ հեռուները-և հեռուները ձեզ 
անմահությո՜ւն կտան...



Կուինջի,Մայրամուտ

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո -
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սու՜տ ու մու՜թ երեկո:
Իջել էր մի  սու՜տ ու մու՜թ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած

Տրտում,հոգևար,կծկված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ ,որ թե մութ ,թե լույս՝
Երկու՜սն էլ չկան,երկուսն էլ-երազ...

Ոչ մութ կար,ոչ լույս:Ոչ հրդեհ,ոչ ձյուն:

Մշուշում միայն,մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՜ւմ էին թևերը նրա...


(())



Ես ի՞նչ անեի,քույր իմ,երբ չկար

Այլևս ոչինչ.
Ոչ կապույտ հոգուս թևը խելագար,
Ոչ կույս աչերիդ ձյունը ամոքիչ:

Ձեռքերդ ՝նիհա՜ր,դալկացած,ծարա՜վ,

Պարզել էիր դու-
Ո՞վ գիտե,արդյոք Հյուսի՞ս ,թե Հարավ,
Թե՞ -դեպի ստվերը Արևի -հոգու...

Ես ի՞նչ անեի,ի՞նչ աներ հոգիս,

Որ կանչում էր Քե՜զ-
Ու Քո Հու՜շ դարձած երազը մոգիչ,
Երազը ձյունե,երազն-արևկե՜զ...


(())

Քույր,գուցե՜ չըկանք...
Գուցե մեկը,-ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով...

Թվում էր հոգուս,

Թե երկուս ենք մենք,
Բայց ,նայիր,հիմա
Դարձել ենք - երեք...

Երկուսս էլ հիմա

Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:

Կամուրջներ չկան:

Իսկ գետը-վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար...





Արմենուհի Տիգրանյանին

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ։



Նկ.Կուինջի,Մայրամուտ Ձմռանը

Վերջին Աղոթք

Տե՜ր իմ,-էություն իմ,-հարազատ իմ-այսինքն՝
Այն,որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Այն,որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպես հենց,ինչպես իր հետ ինքը,-




Չե՞ս զարմանում,Տե՜ր իմ,որ ես դիմում եմ քեզ,
Ես՝բանաստեղծս անահ և մատնչող արի՝
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր(1անընթ. բառ) կրկնապատիկ հրկեզ,-


Տարօրինա՞կ է ,չէ,որ ես դիմում եմ քեզ՝
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ՝ սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի՝թերևս անզոր ինձ պես....

Բայց ես դիմում եմ քեզ,ինչպես հաճախ
անապատում ՝ահեղ սամումների ժամին՝
Քարավանի տերերն արնաշախաղ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց՝լոկ ուղտերի դեղին 
Բնազդին են կառչում-և գտնում ուղի....



                                          




Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր։ 
Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ 
Հրով քո՝ շարմաղ, մաքուր։

Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ —
Կորե՜լ է աշխարհի մեջ,
Լռե՜լ է՝ անտեր, անօր։ —

Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս. —
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,

Որ ձայնս լսես ու գաս...
Այվազովսկի,Հրաժեշտ
«Տեսիլաժամեր» Շարքից
1915

Ես նստում էի անմարդ բուլվարում՝

Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթար՜թ,անթա՜րթ նայում էի ես

Անսահման,անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ-
Հավիտենության կապույտ դաշտերում:

Ու երբ երեկոն մեռնում էր բոցում

Ու իջնում էր պարզ,աստղազարդ գիշեր-
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ...

4


Եվ մի իրիկուն զանգերի երգում 

Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես...Խաղա՜ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր

Թիթեռի նման ճախրում էին դեռ-
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ,մի լուսե թիթեռ...

Անցար-լուսավո՜ր,հեռավո՜ր, թեթև՜,

Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս՝ տխուր ,հոգնաբեկ,անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի...

                               7


Հիմա չգիտեմ,մոռացել եմ ես

Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես,մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:

Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն ,որ մի օր անցար
Օրերիս նման-ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր,մի վերջին գիշեր,

Երբ վերջին միգում աչքերս մարին-
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...






Նկ.Հ. Սեգերս,Երկու ծառ

ԱՌԱՎՈՏ


Իմ անցած օրերի պես,

Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն մնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ —
Ծերացել եմ ես։

Բայց այս վառ օրերի մեջ,

Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է 
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է 
Կրակները հին։ —

Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,

Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես 
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր։

Եվ հիմա ես լսում եմ,

Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է 
Իմ հոգին հուզել —
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ 
Ու նորի՜ց երազել եմ 
Կարոտանք ու սեր...
Նկ.Մոդիլիանի


Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման- ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին -
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր,

Ու աստղը ժպտա մոխրացած քարին...



(())
Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է 
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Սրտիս մեջ վառվել է, վառվում է 

Կարոտդ անուշ ու հրկեզ —
Իսկ դուրսը հողմի պես տարվում են 
Օրերը շեշտով այս երգիս։

Օրերը փրփուր են, ալիք են,

Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը —

Հուզվում են օրերը պուրպուր։



Նկ.Սեմիրադսկի,Նայադներ

Արփենիկ Չարենցի հիշատակին

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ,—
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՛ւ կսկիծ...

Նաժիշտներով իր յոթ շրջապատված՝
Նաժիշտներով սիրո և դավի կե՛զ,—
Իբրև հոժա՛ր կամքով մահապարտված՝
Ընդունեց սերն իմ սև — իմ Նավզիկեն...

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե,—
Բայց սև աղետ դարձավ ու մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե...

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ—
Դու ժպտացի՛ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե...



...Արդեն նայիվ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով՝
Խոստանալով գարո՛ւն ու գարնային հմայք՝
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ...

Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
Նայադների չքնաղ երգի՛ն գերի՝
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին...

Մի՞թե կրկին, իբրև վերադարձող Ուլիս՝
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ —
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի՝
Ինձ հանդիպեց մի օր — իմ Նավզիկեն...

Նո՛ւյն նայադներն ահա — և կախարդիչ նույն երգը,—
Բայց ավելի՛ անհուն ու հմայիչ...
Եվ մոտենում է նո՛ւյն կախարդական եզերքը՝
Բայց... ինչո՞ւ է թվում նա ամայի...

Նո՛ւյնն են ափերը լուրթ,— և պտույտի ելած
Նո՛ւյն աղջիկներն ահա,— և Նավզիկեն...
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը — երազի պես...

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան,
Տարիների կարմիր ավազի մե՛ջ՝
Անվերադարանցվ և զառանցանք դարձավ —
Մանկությա՛ն պես անցած— իմ Նավզիկեն...



Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն — մահու կսկիծ։

Արկածներիս ծովի կղզիներում անցած,
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած՝
Իբրև ուրի՛շ Ուլիս, ուրիշ սե՛ր...

Հեքիաթային կապույտ իր եզերքին կառչած՝
Իբր ուրիշի՛ սիրո մի Նավզիկե —
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ՝
Կարոտներիս կարմիր երազի մեջ...

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե —
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան՝
Կարոտներիս կարմիր ավազի մե՛ջ...

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած՝
Վայրկյաններիս կարմիր երազի մե՛ջ՝
Մի՛շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե՛ն մի Նավզիկե...

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցրած ամե՛ն մի Նավզիկե՝
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ —
Իմ երգերի կարմիր ավազի՛ մեջ...

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի՛ր ավազի մեջ —
Ինչ-որ մնում էր դուրս իմ երգերից գրած—
Իմ չսիրա՛ծ աղջիկ, տվեցի քե՛զ...

Տարիներում անցած իմ կարոտին կառչած՝
Իմ չերազած միա՛կ իմ Նավզիկե,
Ուր սպասում էի — կորցըրի նրանց՝
Երազներում սիրած, երազի՛ պես...

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած՝
Ինձ չըժպտաց և ո՛չ մի Նավզիկե,—
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց—
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ...

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած՝
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ,—
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց—
Կյանքում տվեցի քեզ, իմ Նավզիկե՛։

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ-որ կարոտ էր, հուր — ես տվի քեզ,
Որ չըմնա երա՛զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո՛չ մի Նավզիկե։—

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Թե ինձ տալով միայն— մահու կսկիծ։—

Ո՛չ գգվանքներս՝ քեզ շռայլորեն ցրած՝
Գիշերներիս կարմիր երազի մեջ,—
Ոչ կարոտներս անհուն՝ իմ երգերում գրած,—
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե՛։—

Նայադների՜ նման, նայադների՜ նման,—
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում դեռ կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով— կսկիծ...

Եվ կկանչեն նրանք մինչև անշնչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ՝
Ինձ համբուրե, իբրև իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն...



Մեֆիստոֆել


Եվ ասաց նա ինձ.«Լսիր,լսիր.-

Ափերիցդ հորդող քո էներժին,
Որ տալիս էս դու գինու ,կանանց,-
Տուր անպարտելի խոսքիդ,գրչիդ,
Դարձրու այն մաղձ,թույն ու թանաք...»-
Եվ ես ասացի.-լսում եմ ,սիր:-


Գ .և Ա.


Գովում է Գ-ըն Ա-ին,

Գովում է Ա-ն Գ-ըին,
Երկուսն էլ գրքային հերոսներ են,-
Դրվատում են իրանց 
Գործերը չգրած
Եվ փայլում են նրանց երեսները...

Սաադի

Կանցնենք մենք էլ այս աշխարհում,
Ինչպես ծովում՝ ջրի կաթիլ,
Ծուխ կդառնա ամեն գարուն ,
Ինչպես ասել է Սաադին,-
Բայց չի ասել դժբախտաբար
Բանաստեղծը այդ հանճարեղ,
Որ քանի դեռ ապրում է մարդ -
Էպիգրամներ պիտի գրե: ))))



Նմանություն Ռիլեեվին

Ах, где те острова
 Рылеев 

Ախ ,ո՞ւր են հիմա այն

Փողոցները մեր լայն
Ու տները,
Ուր վազում են արագ
Ու երգում են բարակ
Առուները...
Ուր Փ.-ի երգերից
Շառաչում է ջրի 
Խարազանը-
Եվ, նստած ջրերում,
Պոեմներ է գրում
Ալազանը...



Նայիրյան Հովվերգություն

(հին էպիգրամներից)

Մի անգամ մտա թանգարանը մեր հեղափոխական.

Նստած էր այնտեղ վարիչը և դինջ զրույց էր անում
Մի շատ անվանի խմբապետի հետ:-Երբ դուրս 
եկա ես-
Գնա,-ասացի իմ բարեկամին,-մտիր թանգարան.
Հեղափոխական մեր թանգարանում անվրդով նստած
Զրույց են անում Դանը նայիրյան  և քեռի Մախնոն:-


Մոնումենտ 

(հեկզամետր)

Կանգնած է ահա մետաղե այս մոնումենտը, նայիր.-

Մի մարդ է՝ աչքերը հառած դեպի հեռուները. դեմքին
Նստել է մի խոհ հանճարեղ,կերպարանքը խրոխտ է ու վեհ,-
Բայց ի՞նչ է կյանքում նա արել -անհայտ է այսօր ամենքին:
Մարդիկ կան այդպես մեր կյանքում:-Քայլում են հպարտ,
ամբոխում
Կանգնում են,որպես մոնումենտ,իսկ թե ի՞նչ են արել-
չգիտես:-
Քո դատարկ գլուխն է միայն այդ մարդկանց միակ պատվանդանը,
Հիմարությունդ է միայն դարձնում նրանց մոնումենտ:-



Նա


Նա ոչ պոետ է,ոչ քննադատ,
Ոչ վիպագիր է, ոչ մտածող,
Բայց ունի գլուխ,ունի ճակատ-
Եվ բավական է ունեցածով:
Եվ երազում է նա անընդհատ 
Ուղեղով իր ծույլ ու բթացող,
Որ թե պոետ է ,թե քննադատ,
Թե վիպագիր է ,թե մտածող:



N.N.

Կոճղանման գլուխ: Մոնումենտալ ճակատ:
Երկրագնդի նման կլոր նստուկ:-
Այ թե ինչու է նա, որպես մտքի գագաթ,
Թե վեհություն,թե ահ, թե պատկառանք ազդում:-



Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,

Սխալվում է միշտ ու կարծիք փոխում.
Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
Որ մատն ուզում է բերանը կոխի,
Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում...
Բաշինջաղյան,Արարատ


Անվերնագիր


Կար մի քննադատ՝-Նա երեկ,ահեղ փրփուրը բերնին,

Ինձ գովք էր կարդում և պատառոտում թշնամիներիս,
Այսօր նրանց է համոզում ահա,որ պիտի մեռնի
Իր հերոսական դիրքերի վրա,հայհոյելով ինձ:-

Էհ,մեռնի թող նա՝ որ դիրքերում էլ ուզում է լինի,

Միայն թե -մեռնի...

Հարց ու պատասխան


-Այսինչի մասին ինչո՞ւ չեք մի սուր էպիգրամ հյուսել:-

-Օ,ես չեմ սիրում ձեռքերս կեղտոտ բաների քսել:-   ))))



Էպիտաֆիա


Աստ հանգչի-(անուն): Նայիրյան երկրի քննադատը մեծ,

Որ երկա՜ր ապրեց,բայց հերոսաբար ոչինչ չգրեց:-
Խոնարհիր գլուխդ,օտարական ,այս քարի առաջ.-
Այստեղ նայիրյան հանճարն է հանգչում՝ կրկնակի մեռած:-   ))))))»




Ալեհեր Բարեկամիս
(Տխուր էպիգրամ նրա մի գրական ելույթի առթիվ)

Օ,դու ,ալեհեր իմ բարեկամ,
Ուշացած,տխուր փիլիսոփա,
Եղանակի պես փոփոխական,
Քմահաճ,բեկբեկ,որպես նոպա.-
Օ,հին բարեկամ դու Հեգելի,
))))Մարքսի վրայով հապճեպ անցած,-
Ես ներում եմ քեզ,ներում էլի,
Քանզի-խե՜ղճ ես դու և ոչ թե չար...



Ֆաուստ
(Թեմա: Սևագրություն)

Չէի՜ր ձանձրանա դու գիտությունից,
Չէի՜ր ձանձրանա սիրուց ու կյանքից,
Թե ունենայիր թշնամիներ մեծ,
Թե նրանց շարքում գեթ մեկը լիներ
Մտքիդ հավասար...Այժմ դու ես լոկ
Միակ թշնամիդ...Ու ձանձրանում ես....





«Հանդերձ»

Ահա քննադատ,որ եվրոպացի
Եվ ինտելիգենտ լինելով հանդերձ՝
Ջոկել չգիտե դեռ չորը թացից
Եվ ամեն ինչից դողում է անդեմ:-


Մի անպտուղ իմաստասերի


Քեզ հարց եմ տալիս ,ո՜վ իմաստասեր,
Որ բազմապիսի գրքեր ես կարդում.-
Դու կարդացածդ գլխո՞ւմդ ես բարդում,
Թե-դրանի՞ց   է նստուկդ հաստացել... )))))



(())


Տրված է մեզ երգի անեզրական շնորհք,
Տրված է թափ, թռիչք, մտքի խոյանք ու թեև,-
Իսկ մենք սահում ենք դեռ, զարմանալի թեթև,
Այն փոշապատ, մաշված ուղիների հունով,
Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի, սերտած
Երկու խղճուկ հանգի, երկու կռտած
Դատողության,- (թեկուզ հիմնականում
Դատողությունն այդ վեհ է, սակայն հաճախ
Բզկտում են նրան, փետրահանում
Ու կմախքը նրա խեղճ ու կրակ
Թրջում ճղճիմ, հիմար հիացմունքի թուքով:-
Այդպես կարող է լոկ ստրո՛ւկն հոգով
Անմտության, անշունչ հնչնախաղի փոխել
Հանճարեղ խոհն անգամ:- Այդպես ահա՛
Արծիվների թևե՛րն են մարդիկ կտրում մեկ-մեկ
Եվ վանդակում պահում նրանց կմախքը լոկ
Փետրահանած ու մերկ):-
Հիմա խոհե՛ր կան՝ այդ արծիվների նման:-
Ու պոետներ բազում, որոնց համար
Հիմնականը փետո՛ւրն է - մի ամեհի խանդով
Փետրաթափ են անում նրանց անդուլ:-
Այդ խոհերից վսեմը - աշխատա՛նքն է գուցե.-
Կարդա՝ նրանց երգերը՝ աշխատանքին ձոնած,
Կարդա՛ սրտով մաքուր,- եւ ինձ ասա՛ հիմա՝
Աշխատե՞լ են նրանք երբևիցե...
Գիտե՞ն նրանք արդյոք, որ խոսքը - թո՛ւջն է նույն,
Որ պահանջում է ջանք ու քրտնաջան լարում,
Մաքառման շունչ ջերմին, հոգնության տենդ ու թույն,
Պահանջում է խոնջենք . . . . . . .


(())


Նա կարդում էր երկար,նստած ալեյում,
Այն հին կաղնու ներքևը,որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքագլուխ
Դանակով փորագրել էր «արփենիկ»:
Նա կարդում էր անհագ,լափելով
Էջերը,գլուխները:-Գրքի թերթերից
Մեկը,տիտանային,կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին,իր կրքերը:
Գլուխը վառվում էր:Սիրտը
Թրթռում էր՝-Ուզում էր թռչի դուրս,դուրս:-
Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդում,կարդում,կարդում:-
Չքացել էր աշխարքը:-Այգին
Դարձել էր անիրական:Այգին չկար:
Կար մի մարդ հանճարեղ,կար մի կին:
Կար մի կարոտ միայն:
Եվ անարատ մի սիրտ կար: Եվ ուղեղ՝
Դեռ անապակ,դեռ ջինջ,դեռ մաքուր:
Գավառացի պատանի կար մի խեղճ
Նայիրյան այդ խեղճ քաղաքում:
Նա կարդում էր:Սուզվում էր անդարձ
Ցնորքների հորձանքը:-Գրքի էջերից
Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
Որի հոգին,մտքերը,տենչերը
Վիթխարի են,ամեն ինչ խորտակող,
Որը բարձր է իր բութ շրջապատից,
Ինչպես ճահճից -Էլբրուսը,- և վարդագույն
Մի մշուշի նման նրա հոգում
Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
Նա կարդում էր անհագ-և գնում էր,հանդուգն,
Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով:-
Եվ թվում էր նրան ,թե իր գլխին 
Շառաչում են շանթեր,-և իր սրտում
Հրդեհներ վառում անիրական մի կին,
Մի հանճարեղ աղջիկ...Անհագ թերթում
Ու կարդում էր անվերջ,մինչև հոգնեց:
Զգաց ՝ քաղցած է քիչ,իսկ գրպանում...
Ընդամենը ուներ... երկու կոպեկ...
.....
Երազվում էր դեռ նա,այն հանճարեղ գերմարդը:-
Շուտով կիջնի գիշեր,այգի կգա Նվարդը...
Նա շտապ կերպով վերջացրեց:-Հանկարծ 
Մի շարժումով կրկին իր ճակատը շոյեց-
Եվ որոշեց,որ ինքը դառնալու է կյանքում....
Մի հանճարեղ պոետ:-
...
Արդեն այգին լցվել էր:--Դեմը նայեց-
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով,
Իր երազած աղջիկը,իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը...Նա մոտեցավ,
Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը....
(հատվածներ «HOMO SAPIENS» նովելից)


(())

 Մոռացել էի արդեն  ես
Իմ սրտի թագուհուն լուսե,
Որի դեմքը կյանքում հողմածեծ
Տարինե՜ր էի երազել:
Մոռացա կարոտը իմ վառ,
Մոռացա թագուհուն իմ անգին ,
Որի մի հայացքի համար
Ես դարձել էի խաչակիր...




(()) «Սե՜ր»...-Մարդկության անցյալ ողջ 
Պատմության մեջ,-մարդկության
Երազներում ՝այն դողդոջ-
Կապկանման մարդու լայն
Գազանատիպ բերանով
Հնձած խոսքից առաջին,
Մինչ «հանճարեղ մարդը նոր»
Նույնն են կրկնում բառացի...


(())


Դեռ չի եղել հացն աշխարհում գերագույն կուռք 
մարդկային.
Հանուն սիրո ՝ շատ են եղել հարստություն լքողներ.
Բայց չեն եղել հանուն հացի սիրո վրա թքողներ,
Որ գեթ իրենց աչքին իրենք մեծագործներ թվային....




(())




Վահան Տերյանի հիշատակին


Դու արդեն հեռացել ես,աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս,որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա:

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
անցածի փշերը դառնորեն  խոցեն-
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե:

Որբ,մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր,
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե:

Եվ նորից կզգանք ,որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ,հեռու ընկեր իմ,օ, Վահան Տերյան...
/

Վահա՜ն Տերյան,ինչպե՞ս երգեմ հիշատակը քո.
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո:
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե մահվան բոթ ու անձրևը լա:
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան,քո անցած ուղին:
Ու մշուշում տխու՜ր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

//


Դու-լուսե,անցար ու չկաս:
Դու-թեթև ,անմարմին,անծիր:
Դու ուրի՜շ խնդության երազ:


Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն:
Փռեցիր լուսավոր գանձեր:

Եվ երբեք,երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում,-
Քո կանթեղը-հեռո՜ւ կարոտի:
1920

***
Մի՜շտ, երբ կարդում եմ Տերյանը,- Կարսն է հիշում իմ հոգին:
Իմ մանկությունն ու այգին հին,- իմ հայրենին ու նաիրյանը...
Լաց է լինում - մեղմ, հոգին իմ,- դարձն, է տոնում մորմոքի,-
Կարսն եմ հիշում հեռավոր,- միշտ, երբ կարդում եմ Տերյանը...

Մի՞թե կասեմ ես, որ հին է օրորանն այդ սուրբ ցնորքի...
Ի՞նչ եմ - անում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյանը. -
Ես երազում եմ լոկ ի՜մը,- այն, որ տվեց իմ արյանը
Բույր ու երանգ հնօրյա,- երգ ու ցնորք անմեկին...
Այլ երգ չունի էլ հոգին իմ,- լոկ, երբ կարդում եմ Տերյանը,-
Լոկ մանկականն ու նաիրյանը,- Կարսն է հիշում իմ հոգին: 


Ա՜խ, կարծես նստած ես դռանը և ինձ հետ Տերյան ես կարդում...
Շարքն ես կարդում նաիրյան՝ նաիրյան խոսքերի գանձարանը...
Օ՜, սիրում էինք մենք նրան, ինչպես հույսն են սիրում ապարդյուն,-
Եվ... Տերյան էիր դու կարդում՝ միշտ հետըս նստած մեր դռանը...
Բայց ցնորք ես դո՛ւ էլ հուրհրան - քո հուշն է միայն դեռ արթուն:
Օ՜, սրբազան իմ Վահան,- երբ փակվեց հոգուս դամբարանը՝
Խոհերի՝ անաղարտ դեռ պահած - պահապանն աննինջ եղար դու...
Հիշատակդ, որ վառ ու բուրյան է,- խփել է կապույտ իր վրանը,
Հնչում է ձայնդ ահա արևի նման զվարթուն...
Նո՜ւյն կարոտն ես դու նաիրյան, և նստած կրկին իմ դռանը՝

Հին տրտունջը քո մեջ դեռ պահած - ահա հետըս Տերյան ես կարդում...



Խեղկատակ
                                                                                Ու գինու պես քո հոգին
                                                                                Հորդ կթավի նրանց մութ
                                                                                Ու մահահոտ հատակին:
                                                                                    «Խրախճանք» ,բալլադ 1-ին


Կուզե՞ք-երգեմ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ,որ զգաք-
Ինչ որ կուզեք,կուզեք -սեր,
Կուզեք-մահ:
Ես երգում եմ,որ հուզեմ.
Տալիսեմ երգս լուսե
Ո՞ւմ որ կուզեք.թեկուզ նա 
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը-
Արջի:

Ես երգում եմ ակամա:
Ինչ էլ երգեմ.կուզեք-սեր,
Կուզեք-մահ:-
Բայց չեմ կեղծում ես երբեք:
Լսեք երգերս-
Ահա-
Լսեք երգերս,բայց թե-
Չհարբեք:
Ես չեմ ուզում,որ հարբեք.
Լավ չէ,գիտե՞ք ,երբ որ մի 
Անհու՜ն կարոտ դառնում է քաղցր
Քամի...

Չե՞ք հասկանում:
Իզու՜ր,իզու՜ր:Դուք պետք է որ
Հասկանաք:
Թռչե՞լ է պետք,սակայն ո՞ւր:-
Չե՞ք հասկանում.ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե-
Ձեզ թուղթ թվան ու թանաք:
Չե՞ք հասկանում....-Դուք պետք է որ
Հասկանաք:

Ուրիշ- ոչինչ:
Ու հիմա-
Նույնն է նորից.ես երգում եմ,որ հուզեմ:
Ես երգում եմ-ակամա:
Ինչ էլ երգեմ.կուզեք -սեր,
Կուզեք-մահ:

Ես-խեղկատակ եմ հիմա...





Կես-գիշերային էսքիզ

Ինչպես սեմինարիստ՝ պոետը նստել էր
Պատուհանի առաջ։— Նայում էր աստղերին։
Հեռվում ծխնելույզի ծուխը, որ բարակ ձգվում էր վեր՝
Նրան թվում էր անիրական փերի։
Եվ այդ սենտիմենտալ կես-գիշերին,
Որի մեջ ձայներն էին աննշմար աճում,
Լուսինը կանչում էր նրան իր մեռած ափերից,
Եվ պոետի հոգում հոսում էր սիրազեղ վարդաջուր։
Իսկ հետո, երբ հեռուն ժամացույցը ցնցեց
Իր հատու զարկերով լռությունը—
Նա արդեն դանդաղ մռթմռթում էր
Տերյանի երգերից ինչ-որ մի տող հնչեղ։
Հետո կինը նրան սենյակներից կանչեց,
Նա ցնցեց մազերը և մտավ ներս։—
Այս ամենը կատարվում էր կես-գիշերին, երբ

Լուսինը գծում էր երկնքում իր էլիպսիսն անշեղ։—



Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…
1928-19-В



Քույր, գուցե՜ չընկանք…

Քույր, գուցե՜ չընկանք…
Գուցե մեկը,- ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով…
Թվում էր հոգուս,
Թե երկուսս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք- երեք…
Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:
Կամուրջներ չկան:
Իսկ գետը- վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար…


Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո


Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ…
Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն

Ու դողում էին թևերը նրա…






Վերադարձած աշուն



Ցուրտ է,աշունը շրշում է,- ցուրտ է և սիրտըս
                                                   մըրսում է,-
Սիրտս իմ,հիշո՞ւմ ես-աշուն էր,ուշ մի աշուն
                                              էր Ղարսում,-
Ճիշտ այսպիսի մի աշուն էր ,ցուրտ՝ խշխշում էր
                                                                աշունը,-
Թաց՝սրթսրթում էր աշունը,ինչպես շունը ՝գիշերը դրսում...



Ե՞րբ էր, հիշո՞ւմ ես,օ, սիրտ իմ,- այն ե՞րբ էր
                                       խշշում այդ աշունը.-
Երե՞կ էր, տարինե՞ր առաջ,-ա՜խ,գուցե դա՜ր է անցել...

Ոչ.-ընդամենը քսան և երկու տարի է-
                                                հիշում եմ.-
Կարծես քույրն է նրա աշունը,- նույն
                              շրշյունն և նույն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը՝՝
                                մանկությունը...հուշի՜ նման ծեր....

Մանկությունը-ախ,ի՞նչ ես ասում,մանկություն
                                                և աշո՞ւն-մանկությունը
Կարո՞ղ է արդյոք առնչվել թովչության հետ
                                               անձրևի ու աշնան,-
Մանկությո՞ւնը-ինչ էլ որ լինի -առավոտ է,
                                          գարնան ցանկություն է ,
Իսկ աշունը՝մշուշ է ,մահվան մուժ,-հուշերի
                                                  տերևներ թոշնած...
Բայց էլի ինչ էլ որ ասեն,մենք գիտենք հո քեզ 
                                                        հետ,օ,սիրտ իմ,
Որ...մանկության նման  լույս,մանկության նման 
                                                              կենսալի՝
Այդ աշունը-առաջին սիրո,առաջին երգերի
                                                            մեր քույրն էր...
Որ անցած աշունն այն հեռու,-դա հենց ինքը՝
                                              մեր մանկությունն էր....
Մանկությունն էր հեռու այդ աշունը,առավոտն
                                                   էր մեր առաջին՝
Մանկության պես լուսեղ և անբիծ-այդ աշունը 
                                                    սիրո՝ մեր սերն էր...
Բայց -խնդությա՜ն էր նման այն հեռու աշնան տխրությունը,-

Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունը...
                                                                                               

Աշունը ,ա՜խ ,այնպես անցավ՝
Եվ ցնցող,և ծանր ,ինչպես 
Հանճարեղ ոճիր կամ հանցանք:

Ցերեկները ծնծղաներ հնչեց,
Ցնծության շեփորներ հնչեղ,-
Գիշերները-դարձան զառանցանք:-

Եվ ինչ էր այդպես շափշափում
Ցնծությամբ-այդքան անիմաստ,-
Արդյոք ի՞նձ էր,ի՞նձ էր խաբում...

Ա՜խ,-գիտեմ արդեն ես հիմա,
Որ աշնան  ցնծուն տագնապում-
Արշավող ցրտերի դիմաց,-

Իր մեռած խոսքերն է թափում
Եվ նորոգ զրույցներ խորհում
Գալիքից տագնապող մի մարդ:

Որպեսզի գալիք սարսափում,
Օրերի վերջին տագնապում-
Չգտնեն իրեն-մերձիմահ...

Ե՞րբ,արդյոք ե՞րբ դու դարձար,սիրտ,այդքան 
                              խեղճ ու հլու-
Գուցե այդ դու ես մրսում դուրսը աշնան մորմոքում:-
Մի՞թե թախիծն է քո ցուրտ -ցուրտ արցունքով 
                                 մորմոքում,
Մի՞թե քո սերն է լալիս ցուրտ անձրևի դակտիլում...

Սակայն ո՞ւր է Ղարսը և ո՞ւր է պարտեզում մրսող 
                                 այն տղան,-
Որ ուներ երազներ բուրյան ,և ո՞ւր է տխրաձայն Տերյանը...

Աշունը մշուշ է մանում իր մաքուր և բարակ թելով,
Եվ անձրևը արցունքի նման ցուր տողեր շարում
                                   դակտիլով....

                                                      (())

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա. 
Դու հարազա՜տ, սրտիս մոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: 
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ, 
Ամռան կեսօր դու իմ տոթ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: 
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած, 
Անուշացած մրգի հոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: 
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր 
Եվ իմ սրտով արյունոտ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա: 
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ 
Ու բերել է մահվան բոթ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա... 


 Բ.-Սոնետ Անկշռելի

                                  «... Մենա՜կ պիտի դու ընդունես 
                                        Գողգոթան այս նոր...«
                                                          Վ. Տերյան


Ո՞ւր ես արդյոք քո սև խաչափայտը տանում,
Ով տառապյալ Հոգիս:-Կա՞ Գողգոթա նոր արդ,
Որ բարձրանաս հպարտ,-և լուսազարդ
Քո պսակին նայեն մարդիկ սիրով անհուն:


Իբրև Հիսո՞ւս ես դու արդյոք լյառ բարձրանում,-
Թե՞ -ավազակ ես լոկ դու մահապարտ...
Պիղատո՞ս է արդյոք այսօր ամեն  մի մարդ,
Որ քո հանդեպ ձեռքերն է լվանում...

Էլ ի՞նչ  պսակ լուսե ,-էլ Գողգոթա
Ինչպե՞ս ելնես, Հոգիս,չարչարանքով հոժար-
Երբ չգիտես ինքդ էլ՝ Հիսո՞ւս ես,թե Հուդա...

Ունե՞ս արդյոք, Հոգիս, անագորույն նժար,
Որ նժարես այս խոհն անկշռելի-
Չարչարանքիդ այս սև՜ կեսգիշերին...

18-19.7. 1936
գիշեր-առավոտ-ցերեկ


                                                     (())


Մահվան մեջ-սեր,սիրո մեջ-մահ...
Դու-հողմային մշուշ ու մահ ,
Դու- կրակի դուստր բարի-
Քեզ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս՝արի՜:
Հասել է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քեզ եմ նետում եղբայրաբար 
Իմ արյունի ճիչը վերջին :
Բո՜րբ  աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա-
Եվ թող տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ -սեր,սիրո մեջ -մահ...








26.8.1936

Մինաս Ավետիսյան,Բնապատկեր Խաչքարերով


...Եվ ի՞նչ պատահեց կյանքում արդարև,
Որ ձեռքս հանկարծ հոժար,ինքնիրեն,
Իմ գրած բոլոր տողերի վերև 
Չոր թվականներ սկսեց գրել...
Եվ վերնագրերն այդ սովորական,
Որ բառեր էին գրված թանաքով,-
Խորհրդանիշեր դարձան մոգական՝
Ինչպես խաչն առաջ-մահ նշանակող:


20.8.1936,Ծաղկաձոր

Կրկին կանգնած եմ ես ինքս իմ դեմ շվար՝
Անօգնական,մենակ ,ինչպես կաղնին հանդում,
Ուր ոչ մի ծառ չկա,-ուր տագնապով անդուլ
Քամիներն են միայն շաչում դժնի ու հար:

Ուր գորշ հողին կպած՝լոկ քանի մացառ,
Որպես մարդիկ,որ մի գաղտնիք են իմանում՝
Փսփսում են իրար ինչ-որ անհայտ անուն,
Երազելով մի հարթ մի անկաղնի բացատ...
...........................................................................


«Ծիածան» գրքից

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քույր,փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո-
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Հիշում եմ հիմա,որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո,երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության-
Փռվեց քո դեմքին,իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն....


5
Աղոթքի պես,երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն...

Միայն զգում էի,որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան-
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՜ծ  ծիածան...
6

Քույր,երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՜նջ մնաց քո աչքերում,իմ հոգում-
Մի սրբացած,անրջացած ծիածան՝
Վերջի՜ն սիրո մի լուսավոր ամոքում:

Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ու անհուն.
Ու հիշում եմ,որ քեզ կանչեց մի կարապ,
Երբ արթնացար արևածագի դղյակում...

Ու հիշում եմ ես երկինքը վարդագույն,
Ոսկի վարդեր,որ բացվեցին ու չկան....
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտ կարմրության...

Ու հիշում եմ հուր արևը-մի թիթեռ,-
Ճախրեց,անցավ,աննյութացավ ու չկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ ,ջինջ է դեռ-
Մի լու՜յս ժպիտ լուսաժպիտ աղջկա...

Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում,իմ հոգում-
Մի սրբացած,անրջացած ծիածան՝
Վերջի՜ն սիրո մի լուսավոր ամոքում...


                      Հրաժեշտի երեկոն

Դու մոտեցար որպես քույր-ու հեռանում ես ահա.
Աղոթք դարձած,խնկաբույր-դու հեռանում ես ահա:

Ինչու եկար,և ինչու անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր-ու հեռանում ես ահա...

Գուցե սո՜ւտ է սերը այս-հրաժեշտի մի երազ-
Քույր,հուշ դարձած հեռավոր,դու հեռանում ես ահա... 

Նկ. Պիեռ Նարսիս Գերեն,Մորփեոսն ու Իրիդը
Ութնյակներ Արևին
   
Կարծես ճամփա եմ ընկել 
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ,զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և կին է,և քույր ,և հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրաշք է ու տենդ:


Իմ ուղեղը բորբոք,կրակուն՝
Ալ գծեր ծփծփուն,հուրհուր
Իմ ուղեղը բորբոք ,կրակուն :
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք,-
Ախ,ուղեղս-արև ալվլան
Ու աշխարհը-ցնորք է մի շոգ:


Բայց ինչու միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ....
Որքան արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նույն արևն է կարմիր ու լուսե,
Նույն անուշ աշխարհի վրա....

Բորբ մի աղջիկ զարկեց  ձեռքով իր բոց  կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
Հազար վարդեր կրակվեցին շուրջը,կողքին,
Հազար խաշխաշ,ու գանան օր,ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտամք ու տապ,թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացըն.-
Աշխարհը -ալ,նարնջագույն,վառքը- կարմիր,
Ողջը -հրա՜շք ու խնդությու՜ն արեգնածին....




  RESIGNATION

Որպես երգը Վերլենի՝
Հին ասոնանսով-
Նույն տրտունջն է վաղեմի
Իմ հոգում այսօր:-

Տրտնջում է իմ հոգում
Այնքա՜ն հոգնաբեկ,-
Կարծես երգն է,որ թաքուն
Նա է նվագել:


Մի՞թե այս հին տրտմության,
Մահու պես անդուռ-
Այս մորմոքո՞վ քեզ գտա,
Օ,երգ իմ անտուն...

Եվ թու՞յն էին միթե սև
Իմ գրած երգերը,
Որ դառնացավ կյանքդ այսպես,
Տեր իմ...

Եվ միթե ա՞յս է հնուց
Քո օրենքը,Տեր իմ,-
Որ-ինչպես ճանճը՝ գինուց-
Քնքուշ երգեր երգելուց
Սատկեն պոետները....



«Էմալե Պրոֆիլը Ձեր» Շարքից
                (Գալանտ երգեր)

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:

Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց.
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
 Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա գիտե՞ք-
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք-
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից-
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:

(Տրիոլետ ինտիմ)

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես շիկնեցիր,
Ինչի՞դ է կյանքը,իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
Թողել ենք նավը,ղեկը,լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.-
Հիմա ամեն ինչ անիմաստ է-
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր....

Ես անդարձ Ձեզ սիրել եմ ,և իմ սիրտը հուր է՝
Թող ցրե իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է,ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ,և  իմ սիրտը հուր է.-
Օ,թողեք որ,քույր իմ,մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր.-
Ես անդարձ Ձեզ սիրել եմ,և իմ սիրտը հուր է.-
Թող ցրե իմ հուրը տխրությունը Ձեր:


Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր-
Այս գիշեր իմ սիրտը  Ձեզ նորի՜ց հիշել է....
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը.
Օ,ինձ ի՞նչ,որ երգն իմ ու գինով իմ սերը 
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր-
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր:


«Փողոցային պչրուհուն» շարքից

        1.Խրախճանք

Ջահերն այնտեղ կասկածոտ
Ակնարկում են ու թարթում
Գիշերային ,սակայն տոթ
Հմայքների թակարդում:
Այնտեղ շքեղ ու փարթամ,
Մանեկենի պես կիներ
Ծախում են սուտ խնդություն
Թիթեղաձայն ոսկիներ:
Ու մեռելի նման պաղ
Մարդիկ հոգնած ու դեղին
Այնտեղ լցվում են ուրախ 
Խենթությունով հրեղեն:
Անցիր մենակ:-Կես մթում,
Ակնարկներով հրակեզ,
Հմայքներով անպատում
Կհմայեն նրանք քեզ:
Նստիր այստեղ:Թող նրանք 
Սրահներում իրենց մութ
Վառեն կարմիր մի կրակ՝
Անհրապույր ու աղոտ:
Անհարազատ թող լինին
Կարոտակեզ քո հոգուն-
Թե երգերը նրանց հին,
Թե ժպիտները բեկուն :
Համոզիր քեզ,որ վաղուց
Դու երազել ես սիրով
Ծախվող հմայքը այդ ուշ
Խրախճանքի ու սիրո:
Ու կդառնա ողջը- սուտ,
Ու գինու պես քո հոգին
Հորդ՝ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
Ու  էլ մինչև առավոտ
Պիտի մնաս նրանց հետ՝
Խրախճանքում նրանց տոթ,
Անիմաստ ու անհեթհեթ:
Էլ հանձնվիր մինչև լույս,
Որպես գերի մի անկամ-
Խրախճանքին նրանց ուշ,
Անուրախ ու արնաքամ: -
Ոչ մի վայրկյան չկասե
Թող հորձանքը ժրաջան-
Հարբիր սիրով նրանց սև,
Որ շրթերդ չճչան.......



ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ 

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես 
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: 
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. 
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ: 
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝ 
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս: 
Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝ 
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս: 
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել. 
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես. 
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել, 
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ: 
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, 
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան. 
Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր 
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան... 
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած. 
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից. 
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած, 
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ: 
Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես, 
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան... 
- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս 

Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան...
                                                 

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու.


Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան-
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու:
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…


Այնքան մաղձ կա իմ սրտում,այնքա՜ն դառնություն.
Ես միայն վիշտ եմ տեսել,և թախիծ,և թույն...

Չգիտեմ՝ե՞ս եմ եղել մեղավոր,թե մեր
Կյանքն է եղել անողոք,մռայլ, ու նեռ...

Ոչ բարեկամ ունեցա,ոչ թշնամի մեծ.-
Բարեկամը- հեռացավ,թշնամին-տևեց:

Համայնական էր թեկուզ կյանքը մեզանում-
Ամեն ոք շուրջս իր թելն էր մանում...

Ես էլ,մենակ,մանեցի իմ թելը կյանքում -
Ինչքան որ ուժ ունեի -անխոնջ ու անքուն :

Թույն շահեցի սակայն ես վաստակիս համար-
Եվ մնացել եմ այսպես դառնացած հիմա...


Այս «Երկերիս» մասին,ա՜խ,ասել է մի «պոետ»,
Թե իզուր է Պետհրատն ինձ թուղթ ու մուր թողել...

Խփել է գիրքս գետնին-մի սինկլիտի առջև-
Եվ հայհոյել է հետին հայհոյանքով հապճեպ....

Բերել է իբր օրինակ անպետքության վերին,-
Եվ ոչ մի,ոչ մի   ընկեր չի ապտակել նեռին...

Մնում է հայ ժողովուրդ ,որ դու ասես նրան 
Քո դատաստանը հատու, քո խոսքը հուրհրան:

Եթե իզուր եմ գրել այս ողջ գիրքը ես-
Տուր,կործանիր ինձ հրե անեծքով քո թեժ:

Թքիր անպետք երեսիս,մտքիս ու գրչիս-
Թող մոռացվեմ ես ,ինչպես հացկատակ վերջին...

Իսկ եթե պահ մի գեթ եղել եմ քեզ հետ-
Ներվի,ներվի թող հավետ իմ վաստակը խենթ...

Եվ սերունդները թքեն թող դեմքին նրա,
Որ կործանել է փորձում գործն այս հուրհրան...

Երկի՜ր իմ,խե՜ղճ իմ ժողովուրդ,ինչ արել եմ ես-
Քո անունո՜վ եմ արել և տվել եմ քեզ...


Նկ.Կացուսիկա Հոկուսայ

Ճապոնական թանկաներ

Բարձրացավ քամին....
Տերևներն աշնան ահա
Թռչում են դեպի մահը...
Այս տխուր ժամին
Իմ սրտում արդեն մահ է....


Ծառերից պատին
ստվեր է ընկել կապույտ...
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում...

Բիլ ճառագայթ է,
Բիլ-կապույտ ճառագայթ է...
Քո ժպիտը ,Սեր....

Օ,իրիկվա երկինք,-
Դու անսահման կապույտ ես....
Օ,սիրտ իմ տխուր.... 

1937 . 3.15

Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլոր հույզերի.
Ինձ համար արդեն դժվար է 
Հավատալ երգերին ու սերին:
Էլ ինչու ես ուզում դու կրկին
Բորբոքել իմ հոգում նոր սեր.
Էլ դժվար թե դառնամ ես երգիչ
Եվ սիրո սոնետներ հյուսեմ:
Կար մի օր գանգրահեր մի տղա,
Նա սիրում էր սիրել երազները,
Նա սիրում էր աչքերը խաղաղ,
Նա սիրում էր կանացի վարսերը:
Նա գնաց,գանգրահեր այդ տղան ,
Եվ անդարձ տարավ իր հետ
Այն ամենը,ամենը,որ նրան 
Դարձնում էր քնքուշ ու պոետ:
Եվ նրա փոխարեն հիմա
Կանգնած է անկիրք ահա դեմըդ
Մոխիրե աչքերով մի մարդ,
Որն անցել է դրախտն ու գեհենը:
Ա՜խ,այնպես դժվար է նրան
Հավատալ երգերին ու սերին,-
Նա արդեն անցել է ճանապարհը
Երկնային բոլոր հույզերի.... 





Նո՛ւյնն է կարոտս հիմա`


Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ:

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
1920


Կա հոգեկան անհունության մի վայրկան, 
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ, 
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան 
ՈՒ դառնում են ուղևորները ճամփից 
Դուռս բաց է ,դուռս բաց է ձեր համար 
Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր, 
Սիրտս վառել է կրակները անմար' 
Հին երազները ու կարոտները հրե: 
Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում 
Հավատում էր կարոտակեզ ,որ կգաք, 
ՈՒ կլինի հանդիպումի երազում 
Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ: 
ա՛խ ես գիտեմ , որ դուք կգաք խնդագին, 
Լույս կվարեք մառախուղում ու մուժում 
ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի, 
Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:

                                           (())
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր - 
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, - 
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:
Նկ.Ռեմբրանտ,

«Տաղարան»-ից

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, 
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

                                      (())


Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց. 
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց: 

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ 
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց: 

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ 
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց: 

Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ 

Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց: 
                               
                                 (())


Էլի գարուն կգա,կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը,կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի սարին կշմա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ  կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ես չեմ ասե-նա կասե վաղը,
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը-
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը,վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը-
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

                                    (())



Հազար ու մի գիրք կարդացի-խելացի գիրք չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկա-սիրեկան գիրկ չտեսա:

Հասա մինչև Ֆռանգստան,երգ ու տաղեր լսեցի-
Սայաթ-Նովի ձիրքի նման երկնային ձիրք չտեսա:

Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի՝
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա:

Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի-
Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա:

Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի-
Բաղերն ընկա՝քեզանից անուշ ու հասած միրգ չտեսա:

                                       (())


Ամեն տեսակ երգ երգեցի-ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային,անմահական խաղն է էլի:

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ մրգեր ըլին շարած՝
Անմահական մրգերի տեղ-շահնշահի բաղն է էլի:

Բախչի միջի ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած-առավոտվա շաղն է էլի:

Գնա կուզես Ֆռանգստա,ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ-սիրեկանի թաղն է էլի:
                                             
                                  (())


Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով,սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը,ասին:

Սակայն երբ խալխի անսիրտ քեֆերին  ես անուշ տաղերս ասի ՝
Ամառվա մրգերի նման անու՜շ է քո բառը,ասին:

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր,մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ  ու չար է,ասին:

Եվ սրտի ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի-
Չարենցը ցնդած-գինեմոլ ,հարբեցող - հիմար է,ասին:

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի,-
Դուրսը ցուրտ,ձմեռ է,սակայն հոգուդ մեջ ամառ է,ասին:

Ասի թե՝ մարդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն,համառ է,ասին:

Խնդացին,քրքջացին միայն,որ այդպես մնացել եմ մերկ,-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է ,ասին:



Այրած երգեր

Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,-
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած:
Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,-
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին:
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր` երկու աչքեր մեռած,
Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա:
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
« - Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:-
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,-
Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»...
Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,-
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին:-
Երբ դադարեց քո ձայնը այն երեկո - հանգիստ
Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած...

1929




ԻՄ ՄՈՒՍԱՅԻՆ
(Ռոնդո) 

Մաքուր իմ սեր, միա՜կ իմ զեն,
Միակ իմ հուր, իմ սուր, իմ զարդ,-
Հարս իմ լուսե, քույր իմ հպարտ,-
Իմ անաղարտ սիրո հույզեր,-
Լո՛ւյս իմ կյանքի, հո՛ւյս իմ զվարթ...

Ամեն վայրկյան ու ակնթարթ
Դո՛ւ ես միայն ինձ հետ կիսել
Թե՜ վիշտ, թե՜ վերք, թե՜ երգ, թե՜ վարդ,-
Մաքո՜ւր իմ սեր: -

Ինչպես անգետ մանկան համար
Թռիչք, ու վազք, ու կարուսել,-
Ինչպես երգչին՝ - քնքուշ քնար,
Զորավարին՝ - անկոր սուսեր,-
Իմ զեն, իմ սուր, իմ հո՜ւր անսար,-
Անհուն իմ սեր... 


                        (())


                                           

ՊՈԵՏ

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան — մոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝ 
Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին —
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին։

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել —
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ 
Շրթունքներ են կույս — ու մաքուր են դեռ։

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա —
Նրա թևավոր, աստղային հոգին 
Ճախրում է հեռու աստղերի վրա։

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա 
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա 
Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու։ 
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
— Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...



ՄԵԾ ԱՌՕՐՅԱՆ

Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ: -
Ճամփին, փողոցում, քամին սանձարձակ
Հռնդում էր ցուրտ, փչում էր խոնավ
Եվ մտնում մինչև ոսկորները: - Նա
Մրսել էր թեկուզ և սրթսրթում էր
Ինչպես թրջած հավ,- ուղեղը սակայն
Եռում էր անսանձ խոհերի տապից:
Իր ամբողջ կյանքում առաջին անգամ
Նա չնկատեց ցուրտը, չանիծեց
Աշխարհը, մարդկանց և իր բախտը բութ
Ու անաջողակ: - Ուղեղում - մտքեր
Նոր ու անսովոր, մտքեր, որոնք մեծ
Ու ճնշող էին ու հրապուրիչ,
Ինչպես մի հեռու, հզոր, անծանոթ
Աշխարհից հնչող շռնդալից երգ: -
Եվ հիշում էր նա, նորից ու նորից,
Ամբողջը... նրանց դեմքերը, նրա
Խոսքերը և՜ պարզ, և՜ զարմանալի,
Ինչպես մեքենան այն հրաշագործ,
Որ գումարում է, հանում, բաժանում
Եվ բազմապատկում: Այդպե՜ս, ճի՜շտ այդպես
Զարմացավ նա, երբ առաջին անգամ
Ցույց տվին նրան հաշվող մեքենան: -
Այդ զարմանալի մեքենան: - Իր գորշ,
Իր միապաղաղ կյանքում, ուր չկար
Ո՜չ մի բան լուսեղ ու զարմանալի,
Որ ամբողջովին մի շղթա էր գորշ,
Փոքրիկ հոգսերի,- որ տևում էր լոկ,
Որպես ռոճիկից ռոճիկ ընթացող
Մի տաղտկալի երթ,- իր կյանքում դա մի
Հրաշք էր վսեմ ու անիրական: -
Այդ զարմանալի մեքենան...Մի պահ,
Առաջին անգամ երբ նա դարձըրեց
Այդ մեքենայի կոթը,- մի վայրկյան
Կաշկանդեց նրան անդրաշխարհային
Մի երանություն: - Մի վայրկյան նրան
Թվաց, թե ինքը մի գերերկրային
Հանճարի ուժով պոկվեց առօրյա
Իր անաստղ կյանքից - և թռավ դեպի
Հրաշքով լեցուն աշխարհ մի ուրիշ,
Դեպի հեռավոր աշխարհն այն, որի
Փարթամ, դյութական կենցաղի մասին
Երազել է միշտ ինքը, որպես մի
Դրախտի մասին: - Որի գիտության
Ու հարստության մասին նա այնքան
Կարդացել է դեռ մանուկ հասակից
Անթիվ գրքերում ու ժուռնալներում:
Օ, չքնա՛ղ աշխարհ... - նա գուրգուրանքով
Շոյեց մեքենան մի քանի անգամ,
Հետո հուզմունքից փայլող աչքերով
Նայեց հիմնարկի վարիչի դեմքին
Եվ ժպտաց մի պահ գոհ ու հաղթական: -
Այո՜, հուզմունքից փայլող աչքերով
Նայելով անթարթ վարիչի դեմքին -
Ժպտաց նա մի պահ՝ գոհ ու հաղթական
Եվ հետո, փայլող աչքերը կրկին
Հառելով փոքրիկ այն մեքենային -
Նա բարակ քրքջաց՝ հեգնանքով, թաքուն
Արհամարհանքով լեցուն քրքիջով...
«Հի՛-հի՛-հի՛» - քրքջաց, ձեռքերը հետո
Ինքնագոհաբար նա քսեց իրար
Եվ ասաց. « - Այո՜... սիրելի վարիչ,-
Այսպիսի բանե՜ր...» - Իսկ վարիչը՝ բութ
Հայացքն հառելով իր փայլող դեմքին,
Չհասկանալով իր արձակած սուր
Հեգնանքը՝ նետած նրանց հասցեին

Երեխայաբար ծիծաղեց ինքն էլ...
Կարո՞ղ էր արդյոք լոկ կուսակցական
Իր տոմսի ուժով մարդու շարք անցած
Այդ ողորմելին,- մտածում էր նա,-
Հասկանալ իր սուր հեգնանքը՝ հղած
Իրենց հասցեին: - Կարո՞ղ էր արդյոք
Այդ ողորմելին հասկանալ, որ այդ
Ֆանտաստիկական մեքենան իրոք
Մի անհերքելի մահավճի՜ռ էր
Ուղղած իրենց դե՜մ: - Ի՞նչ ունեն սրանք,-
Մտածում էր նա, նրանց վիթխարի
Հանճարի, ուժի և տեխնիկական

Քանքարի հանդեպ... Ի՞նչ ունեն - միայն
Տկլոր սրունքներ և ուրիշ ոչինչ:
Եվ ի՛նչ, ի՛նչ հեգնանք սատանայական,-
Մտածել էր նա հաճախ,- այսպիսի
Մարդկային տարրից, նման չքավոր
Երկրում՝ ունենալ կոմունիստական
Հասարակակարգ կառուցելու ի՜ղձ...
Երեք տարի է ահա, որ ինքը
Այստեղ, նաիրյան այս գործարանում
Աշխատում է սոսկ մի հաշվետարի-
Պաշտոնով: - Երեք տարի շարունակ
Այստե՞ղ է թափել իր քրտինքը նա,-
Եվ ի՞նչ է տեսել՝ տգիտությունից
Եվ ստոր, փոքրիկ շահերի համար
Իրար դեմ մղվող պայքարից բացի...
Վերևում՝ գործին անծանոթ մարդիկ,
Եսասեր, իրար ոտքի տակ փորող,
Անդեմ, ինքնագոհ և ստրկամիտ: -
Իսկ գործարանի բանվորնե՞րը... օ,
Կա՞ արդյոք թեկուզ լույսի մի նշույլ
Այդ մարդկանց կյանքում...Կարո՞ղ է արդյոք
Մի բան սպասել ինքը նրանցից,
Երբ ճանաչում է նրանց ավելի՜,
Քան ինքը - իրեն: Խեղճ, տգետ մարդիկ,
Օրվա վաստակի համար մաքառող,
Մարդիկ, որ կարծես իզուր են կրում
Կոչումը մարդու: - Նրանց պիտի դեռ
Սովորեցնես քթները սրբել
Եվ ապա՜ նստել հացի... օ, նրանց
Փոխելու համար սերունդնե՜ր են պետք
Եվ ո՜չ թե օրեր, կամ տասնամյակներ: -
Կարո՞ղ են նրանք հասկանալ արդյոք,-
Մտածում էր նա դեռ երեկ,- թեկուզ
Տարրական մի միտք - կարո՞ղ է նրանց
Գլուխը մտնել որևէ վսեմ
Գաղափար... օ, դա մի անիրական
Հրաշք էր թվում նրան դեռ երեկ,-
Նա ավելի շատ գլո՜ւխը կտար,
Քան կհամոզվեր երեկ, որ նրանք,
Այդ քարե դարից մնացած մարդիկ
Կարող են լինել խոհի ընդունակ,
Կարող են իրենց մտքով ըմբռնել
Մի բարձր, պայծառ գաղափար, կամ խոհ: -
Նա չէ՜ր էլ կարող երևակայել
Դեռ երեկ, որ այս ածխադեմ մարդիկ
Կարող են երբեք լինել ընդունակ
Ինքնազոհության և հերոսության,-
Որ մարդիկ այդ մութ կարող են իրենց
Սրտերում կրել ոգևորության
Հուրը սրբազան, այն հուրը, որով
Դառնում է մարդը աստված ու հերոս...
Այո ՜ - տարիներ շարունակ իրեն
Համոզել է նա, որ մարդիկ այդ մութ
Լոկ ուտելո՜ւ են ընդունակ, այո՜,-
Ուտելո ՜ւ միայն և ծանր, դժվար,
Անմարդավայել, սև աշխատանքի,-
Բայց այսօր ահա, ընդամենը մի
Ժամվա ընթացքում, փլվում է հանկարծ
Իր, տարիների ընթացքում կոփված,
Համոզմունքների շենքը անհողդողդ -
Եվ չի ՜ հավատում իր աչքերին նա,
Դժվարությամբ է իր միտքը ահա
Ենթարկվում իր նոր, անհասկանալի
Զգացմունքների եռուն հորձանքին...
Եվ ո՞նց պատահեց ամբողջը... Այնքա՛ն
Այնքա ՜ն հասարակ ու զարմանալի,
Այո՜ - հասարակ ու զարմանալի,
Ինչպես մեքենան այն հրաշագործ,-
Հաշվող մեքենան: -
...Առավոտ նրան
Եկան ասացին, որ երեկոյան
Հայտարարված է ընդհանուր ժողով,
Ուր սոցմրցության հարցն է դրվելու
Քննության... Այո՜: - Լսեց քմծիծաղ,
Ինչպես լսում էր նա սովորաբար
Լուրերն այդպիսի,- և որոշեց գալ: -
Նախ՝ ա՜յն պատճառով, որ պարտադիր էր
Ներկայությունը պաշտոնյաների,
Եվ ապա - դե, նա ի՞նչ պիտի աներ
Տանը: - Եվ եկավ: - Ժողովը տևեց
Բավական երկար: - Նախ նայում էր նա
Շուրջը՝ քմծիծաղ արհամարհանքով
(Իհարկե, գաղտնի...) - Իսկ հետո... հետո..
Օ, ինքն է՜լ գլխի չընկավ, թե հետո
Ո՛նց, ո՛նց գրավվեց ինքն հետզհետե,
Կարծես թե մեկը սուզեց նրան մեծ
Մի կաթսայի մեջ... Կարծես թե մեկը
Պիրկ, ջղուտ ձեռքով պոկեց իր խավար
Աչքերից բարակ, թափանցիկ մի քող -
Եվ տեսավ հանկարծ նա այն, որ երեկ
Չէր կարող անգամ երևակայել,
Թե կարող է ինքն զգալ ու տեսնել...
Եվ ինչի՞ց, ինչի՞ց, ինչի՞ց սկսվեց,-
Մտածում էր նա՝ ժողովից հետո
Վերադառնալիս: - Ցուրտ, խոնավ քամին
Լիզում էր նրա դեմքը, թափանցում
Մինչև թոքերը բավական հիվանդ,-
Նա չէր նկատում ո՛չ մի բան սակայն,
Ձեռքերը կոխած գրպաններն՝ արագ
Քայլում էր ցեխոտ, խարխուլ մայթերով,
Ու բոցկլտում էր ուղեղը՝ ջերմին
Խոհերից թե՜ նոր, թե՜ զարմանալի...
«Ինչի՞ց սկսվեց...» - Հիշեց. - դահլիճում
Ծուխ, ծանոթ մշուշ: - Մշուշում - դեմքեր,
Բոլորը ծանոթ: - Նրանց ամեն օր
Տեսնում էր ինքը, ու թվում էր թե
Ճանաչում է նա յուրաքանչյուրին,
Ինչպես սեփական իր կնոջը, կամ
Երեխաներին: - Նստած էր Խեչոն,
Այդ վտիտ մարմնով բանվորը, որի
Դեմքին կա նստած միշտ դժգոհություն,
Ինչի՞ց - չգիտես: - Նստած էր Համոն,
Այդ հայհոյասեր լենինականցին,
Այդ պարծենկոտը, որ չի՛ հավանում
Ոչ ոքի՝ բացի սեփական անձից: -
Մուկուչը հետո, այդ երիտասարդ
Բանվորը, որ միշտ ծաղրում է իրեն,
Սիրում է խմել և գնալ կինո,
Թեկուզ ունի մայր, կին ու երեխա,
Որ նայում են լոկ նրա վաստակին: -
Նստած էր Հայրոն... Տպավորվել էր
Նրա ուղեղում մանավանդ նրա՜,
Այդ տարիքն առած, բայց անգրագետ,
Կոպիտ, քչախոս, մի՜շտ անբավական
Բանվորի դեմքը... Այդ մարդը, որի
Ամե՜ն մի մազը ծանոթ էր իրեն,
Որին չէր սիրում ինքը և որից
Նա չէր սպասում ոչինչ՝ վայրենի
Հայհոյանքներից և մութ, եսամոլ
Իղձերից բացի: - Նա չէ՞ր, այդ Հայրոն,
Որ քիչ էր մնում սպաներ մի օր
Իր ընկերներից մեկին՝ մի փոքրիկ
Վեճի ժամանակ... Եվ այսպես, հերթով
Մտաբերում էր նա նրանց մեկ-մեկ,-
Մոտ հիսուն հոգի, որ նստած էին
Սկզբում դժգոհ, հոգնած դեմքերով:
Դահլիճը արդեն լցված էր ծխով,
Հորանջում էին արդեն ձանձրույթից,
Երբ եկավ հանկարծ զեկուցողը - և
Ժողովն սկսվեց: - Ինքը անկյունում
Կծկված՝ մի փոքր արհամարհական
Ժպիտը դեմքին՝ նայում էր նրան: -
Ի՞նչ էր սպասում այդ հավաքույթից
Ինքը - թվում է, թե պարզ է, առանց
Երկար խոսքերի: - Մի պաշտոնական
Զեկուցում, հետո վաղուց պատրաստված
Մի բանաձևի քվեարկություն -
Եվ ուրիշ ոչինչ: - Մութ, մեռյալ մի գործ,
Որ փաթաթվում է այդ անգրագետ
Խեղճերի վզին, որպես մի վերին,
Անխուսափելի կամքի ցանկություն...
Այդպե ՜ս էլ կարծես սկսվեց: - Նախ նա,
Այդ զեկուցողը, հայտնեց, որ իրենց
Սոցմրցության են կանչել՝ Լենինի -
Քաղաքից՝ հսկա մի գործ սա անի
Բանվորները... (Նա այդպես էլ ասաց՝
«Լենինի քաղաքը», և ո ՜չ - Լենինգրադ,
Ինչո՞ւ, չգիտեր ինքն էլ երևի...) -
Խոսեց նա հետո մրցության մասին,
Դրա էության,- բերեց ցիտատներ
Լենինից, Մարքսից և Ստալինից,-
Եվ հետո անցավ սոցիալիստական
Շինարարության հնգամյա հսկա
Պլանին: Բերեց մի քանի թվեր,
Հետո անպաճույճ, պարզ, հասկանալի
Խոսքերով պատմեց, նկարագրեց
Աշխատանքները նա այդ վիթխարի -
Եվ հանկարծ ինքն էլ նկատեց, որ մի
Ինչ-որ անսովոր, խոր լարվածությամբ
Լսում են ահա բոլորը նրան,-
Լսում է ի՜նքն էլ և աչքերից իր
Ընկնում է կարծես մի մութ վարագույր...
Բայց ո ՜չ. - դեռ դա չէ ՜ր պատճառը իր այդ
Անսպասելի ոգևորության,-
Զեկուցումը չէ՜ր... Չէ՞ որ՝ ինչ որ նա ՜,
Այդ զեկուցողը պատմեց ժողովին -
Ո՜չ նորություն էր իր համար, ո ՜չ էլ
Երկնքից իջած մարգարեություն...
Չէ որ, վերջապես, այդ մարդու ասած
Բոլոր այդ վսեմ բաների մասին
Ինքը բազմիցս կարդացել էր մեր
Բոլոր թերթերում և ժուռնալներում -
Կարդացել էր և... չէր հավատացել: -
Ուրեմն դա չէ՛ր պատճառը նրա
Ոգևորության: - Բա ի՞նչն էր, ի՞նչը,-
Մտածում էր նա արագ քայլերով
Կտրելով ծանոթ ճանապարհը: - Նա
Իր ներքին անթարթ հայացքը հառած
Սեփական մտքի խորքը՝ ճգնում էր
Լրիվ ճշտությամբ, մանրամասնորեն
Վերականգնել իր բորբոքված մտքում
Ամբողջը: - Այո ՜: - Զեկուցողը երբ
Իր խոսքն ավարտեց - դահլիճում արդեն
Տիրում էր մի խոր, ջերմին լռություն: -
Մի լարվածություն անսպասելի
Նստել էր, ծանր, բոլորի դեմքին -
Եվ ի՜նքն էլ, ի՜նքն էլ համակված էր այդ
Խոր, անակնկալ, գոլ լարվածությամբ...
Բայց դա ո՞նց, դա ո՞նց, դա ոնց պատահեց
Այդ ինչպե՞ս եղավ, որ ինքն էլ հանկարծ,
Համակված կարծես մի մութ մոգությամբ
Սկսեց տարվել մտքերով - այնքա՛ն
Նոր ու անսովոր... Իր մշուշապատ,
Թե պայծառացած աչքերի առջև,
Գուցե ընդհանուր այդ լարվածության
Ազդեցության տակ - սկսեց հանկարծ
Վիթխարի պատկեր մի գծագրվել,
Մի զարմանալի, հոյակապ պատկեր...
Դահլիճում տիրող կապույտ լռության,
Կապտավուն ծխի ու մարդկային այդ,
Խոր լարվածության միջից ելնելով,
Ձուլվելով գուցե իր լսողության
Սահմանին հասնող խոսքերից, նաև
Մարդկային խորունկ շնչառությունից,-
Հյուսվելով նրբին, անհասկանալի,
Անշոշափելի տարրերից - քիչ-քիչ
Իր պայծառացած աչքերի առջև
Սկսվեց փռվել պատկերն այդ - այնքա՛ն
Ե՜վ հեքիաթային, և՜... հասանելի: -
Տեսնում էր նա բիլ մշուշի միջից
Դաշտեր, հովիտներ, լեռներ ամեհի,
Քաղաքներ հսկա ու գործարաններ,-
Եվ հասնում էին նրա ականջին
Ամեհի ձայներ... Բանա՞կ էր արդյոք,
Մի բազմամիլիոն, երկաթյա բանակ,
Որ արշավանքի ելած լցրել էր
Աշխարհը հաստատ, մեկին ձայներով...
Ոտքերի դոփյուն, մկանների երգ,
Լարված կամքերի աճումն ամեհի,
Փոկերի դղիրդ, շչակների ձայն,-
Եվ ձուլված իրար այս ամենը՝ մի
Աղմուկի նման ռիթմային, հզոր,
Որպես երկաթյա երաժշտություն՝
Հնչում էր վսեմ ու անպարտելի...
Եվ այդ ամեհի երաժշտության,
Այդ ծխի, կապույտ մշուշի միջից,
Այդ բիլ լռության - տեսնում էր նա կոշտ,
Մազապատ, անտաշ դեմքը Հայրոյի,
Որ այնտեղ, բեմից, ձեռքը ծոծրակին,
Քաշում էր կարծես իր կոպիտ կրծքից
Խոսքի ու խոհի անսովոր գլխից
Այնքան հասարակ ու գոտեպնդիչ
Բառեր... օ, այո ՜ - խոսում էր - Հայրոն...
Եվ ի՞նչ էր ասում. - օ, սովորական
Բառեր... Հասարակ, բայց զարմանալի հոսքեր...
Հասարակ,- օ, ո՜չ,- և եթե
Հասարակ էին խոսքերը նրա,
Ապա... ճի՜շտ այնքան հասարակ, որքան
Պարզ ու հասարակ է վերջ ի վերջո
Հաշվող մեքենան... այն զարմանալի,
Հրաշք-մեքենան: - Հայրոյի ասած
Խոսքերում անշուշտ ա՜յն էր իր համար
Թե անակնկալ, թե զարմանալի,
Որ ինքը... այո՜, չէր կարող երբեք
Երևակայել, որ նա, այդ Հայրոն,
Ընդունակ է գեթ գլխի ընկնելու,
Թե ինչ են ուզում մարդիկ իրենից,
Էլ ո՞ւր մնաց, որ նա զգար իրեն
Անխախտ մասնիկը այն մեծ բանակի,
Որ Երևանից մինչև Լենինգրադ
Ձայնում են իրար՝ ֆանտաստիկական
Եվ չտեսնված մի աշխատանքի,
Մի վեհ, վիթխարի մի գործի համար...
Խոսեցին հետո մյուսները: - Եվ -
Այն մարդիկ, որոնց ինքը ամեն օր
Տեսնում էր, ապրում հետները, և միշտ
Թվում էր նրան, թե ճանաչում է
Ինքը բոլորին ավելի, քան լավ,-
Հանկարծ հառնեցին իր առջև - այնքա՛ն
Կարծես անծանոթ, անճանաչելի: -
Երեք տարի է ահա, որ ինքը
Ապրում է այստեղ, այս մարդկանց կողքին,-
Մտածում էր նա,- և ի՞նչ. - այս երեք
Տարվա ընթացքում կարողացե՞լ է
Արդյոք հասկանալ այս մարդկանց, տեսնել,
Զգալ, թե ինչո՞վ, ինչո՞վ են նրանք
Ապրում ու շնչում: - Ճգնե՞լ է արդյոք
Ըմբռնել նրանց առօրյա կյանքի
Ու աշխատանքի իմաստը,- նրանց
Անդուլ մաքառման և ընդվզումի
Իմաստը: - Օ, ո՜չ... Վերցնենք թեկուզ,-
Մտածում էր նա,- այդ նույն Հայրոյին.
Անցել է անփույթ այդ մարդու կողքից
Ինքը ամեն օր տեսել է միայն
Նրա մարդկային թերությունների
Կեղևը, նրա կոպիտ խոսքերի,
Նրա ձեռների, կեղտոտ մատների
Կոշտերը միայն: - Եվ այսպես - բոլոր
Այդ մարդկանց, նրանց առօրյա անդուլ
Աշխատանքների և նրանց ամբողջ
Գործի նկատմամբ: - Անանցանելի
Մի պատնեշ է միշտ եղել բարձրացած
Կարծես իր - և այդ բանակի միջև,
Մի զարմանալի անթափանց պատնեշ,
Որը չես կարող թեկուզ շոշափել,
Բայց պինդ է այդ նուրբ պատնեշը գուցե,
Քան քարը: - Այո՜: - Եվ պատնեշը այդ,
Քաշված իր և իր շրջապատի մեջ -
Ինչի՞ց է արդյոք դա առաջացել...
Ինչի՞ց, օ, ինչի՞ց,- հարցընում էր նա,-
Եվ չէր հասկանում, չէր գտնում դրա
Պատճառն իսկական: - Անդրադառնալով
Իր ամբողջ կյանքին՝ փորձում էր գտնել
Այդ հարցին նա մի պատասխան: - Փոքրիկ,
Խուլ, գավառական քաղաքում ահա -
Իր հայրը՝ չարչի , թե արհեստավոր...
Օ, և այս, և այն: - Տանը շարունակ
Չքավորություն, խեղճություն, կարիք...
Երկդասյան դպրոց. հետո սեփական
Ջանքերով մի կերպ ընկած Երևան.
Սովորում է նա թեմականում... և -
Դա ե՞րբ էր,- թողեց դպրոցը, մտավ
Հաշվապահական կուրսեր - և ահա
Դարձավ հաշվետար: - Տասնյոթ թվին
Նա ամուսնացավ - և այն օրվանից
Աշխատում է նա գրասենյակներում: -
Կարգեր են փոխվել, բանակներ եկել,
Բանակներ անցել - իսկ նա միևնույն
Մատյանների մեջ թաղված շարունակ
Ապրում է մի գորշ խխունջի նման,
Դժգոհ իրենից, դժգոհ բոլորից,
Դժգոհ մանավանդ անհասկանալի
Այս «ընկերներից», որոնցից միայն
Սարսափել է ինքն ու ակընկալել
Ամենայն չարիք ու դժբախտություն...
Հեռու է եղել ինքը շարունակ,-
Մտածում էր նա,- կռվից, պայքարից. -
Չի եղել երբեք նա կուսակցական,
Դժգոհ է եղել նա դաշնակներից,
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չի հավատացել
Եվ սրանց... Ինչո՞ւ... Ի՞նչն է վախեցել
Կորցնել, բացի իր խեղճությունից,
Իր ճղճիմ, խղճուկ, անաստղ գոյության
Գորշ, անհրապույր հեռանկարից...
Խխունջի նման կառչած շարունակ
Իր ընտանիքին, հոգսերին, հացի
Չնչին փշրանքին, թաղված գլխովին
Այդ ամենի մեջ - չի կարողացել
Սթափվել, բանալ աչքերը, տեսնել
Իր շուրջը թափով թնդացող կյանքի
Ընթացքը թե՜ վեհ, թե՜ հերոսական...
Ինչո՞ւ, օ, ինչո՞ւ,- հարցնում էր նա
Ինքը իրենից, և չէր կարենում
Գտնել իր հարցին պատասխան: -
Արագ, կուրծքը դեմ տված քամու հորձանքին,
Քայլում էր նա՝ ողջ մարմինը թեքած,-
Եվ քամու հնչեղ հորձանքում նա ա՜յլ
Ձայներ էր լսում, նոր ու կատաղի,
Տեսնում էր դեմքեր կոպիտ, անծանոթ,-
Եվ բարձրանում էր նրա մշուշոտ,
Բայց պայծառացած աչքերի առջև
Ելնելով կարծես գիշերվա մուժից -
Մեր մեծ առօրյան... Մի նո՜ր, վիթխարի
Իմաստ էր նրա աչքին ստանում
Այն ամենը, որ ինքը ամեն օր
Տեսնում էր, սակայն՝ անհասկանալի
Ինչ-որ պատճառով՝ նա չէ՜ր հասկանում
Մինչև այս գիշեր... Առաջին անգամ
Այդ հաշվետարը, այդ մարդը փոքրիկ,
Որ ապրել էր միշտ իր փոքրիկ, ճղճիմ,
Չնչին հոգսերով,- առաջին անգամ
Իր անաստղ կյանքում զգաց նա կյանքի
Աճումն, ահռելի ընթացքը,- նրա
Երկաթ քայլերի դոփյունն անհողդողդ: -
Այնտեղ, մշուշում, տեսնում էր նա մի
Հսկա գործարան... Քաղաքում հեռու,
Ուր չի եղել նա իր կյանքում երբեք,
Որից բյուրավոր վերստեր են իրեն
Բաժանում,- այնտեղ, քաղաքում այդ մեծ,
Որ առաջնորդի անունն է կրում
Բազմությունների այս արևակամ,-
Տեսնում էր այնտեղ նա կրակներ բյո՜ւր,
Աստղերի նման փայլող կրակներ,
Որոնց շուրջն անդուլ եռում են այս մեր
Հայրոյի նման ածխադեմ մարդկանց
Հոծ բազմություններ... Այդ կրակներից
Ձգվում են ահա դեպի խորքը այս
Հեռավոր երկրի - կրակե թելեր: -
Ձգվում են թելեր ոսկեցոլ աստղի
Շողերի նման: - Երբ նայում է մարդ
Կիսախուփ աչով հեռու աստղերին -
Այդպիսի ահա ոսկեցոլ թելեր,
Ձգվելով այդ ջինջ, պայծառ աստղերից՝
Կապում են մարդու հայացքը նրա՜նց,
Այդ ջինջ աստղերին: - Առաջին անգամ
Նա զգաց այդ պիրկ, անմար թելերի
Գոյությունը - և աշխարհը նրա
Աչքերին հանկարծ լայնացա՛վ, ձգվե՛ց,
Դարձավ անսահմա՛ն, անծի՛ր, անեզե՛րք,
Երկնքի՜, հոգո՜ւ և տիեզերքի՛
Նման անեզերք: - Թեթև քայլերով
Տուն հասավ, թակեց նա դուռը: - Քամին
Շաչում էր դեռ թունդ, թռչում սանձարձակ:
Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ: -
Արագ մտավ տուն: - Կինը հարցական
Հառեց մի վայրկյան աչքերը նրա
Շորերին, դեմքին և ոչինչ չասաց: -
Սենյակում փայտյա սեղանի վրա,
Դրված էր մի հին դեղին ինքնաեռ,
Կողքին - մի քանի դատարկ բաժակներ-
Եվ ուրիշ ոչինչ: - Թափառ աչքերով
Նայեց մի վայրկյան այդ ամենին նա,
«Թեյ կա՞» - հարցըրեց մեքենայաբար
Կնոջը - և երբ կինը օրորեց
Գլուխը - նա լուռ վերարկուն հանեց
Եվ գնաց, պառկեց անկյունում դրված
Անկողնի վրա: - «Հարբա՞ծ է», իրեն
Հարց տվեց մտքում կինը, հետո լուռ,
Չարացած դեմքով չանչ արավ նրան -
Եվ ինքն էլ իր հին շորերն հանելով,
Մտավ անկողին: -
Սենյակի մթնում
Խոր լռության մեջ այդ գիշեր երկար
Մտածում էր նա աչքերը հառած
Մութ առաստաղին: - Եվ սրթսրթալով
Երբ վերջապես նա աչքերը փակեց
Եվ քունը՝ խոնավ, գգվող թաթերով
Սկսեց իջնել նրա աչքերին,-
Դեռ հնչում էին նրա ականջին
Ամեհի խոսքեր ու ոտնաձայներ,
Կրակներ էին իր դեմ կայծկլտում -
Եվ մթության մեջ թվում էր նրան,
Թե իր հոգնաբեկ մարմնի վրայով
Դոփելով անցնում, անցնում են անվերջ
Հայրոյի նման ածխադեմ մարդկանց
Երկաթյա գնդեր,- գնում են դեպի
Երկաթից, կամքից ու աշխատանքից
Կոփվող մի աշխարհ...

. . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . .

Իսկ առավոտյան,
Երբ եկավ կրկին նա գրասենյակ
Քնատ էր դեմքը, դժգոհ ու մռայլ.
Գիշերը կարծես եղել էր քեֆի
Եվ այժմ ծանր էր գլուխը, սիրտը
Խառնում էր կարծես - և աշխարհը ողջ
Թվում էր պղտոր, մթին զառանցանք: -
Իր մթնած, կիտված հոնքերի տակից
Նայում էր մեկ-մեկ նա շուրջը, նրանց,
Եվ նրանք կրկին նո՜ւյնն էին թվում,
Նույնն էին թվում այդ մարդիկ նրան՝
Նույն սովորական և անհրապույր,
Կարիքից, հոգսից ու աշխատանքից
Բթացած մարդիկ... Երեկվա իր մեծ
Խոհերից նրա պղտոր ուղեղում
Մնացել էր լոկ մի մթին մորմոք,
Մնացել էր լոկ խղճի խայթի պես
Մի ծանր զգացմունք, որը ճգնում էր
Նա իր մեջ խեղդել: - Նման զգացմունք
Ունենում է մարդ, երբ հանցանք է մի
Կատարում գաղտնի. - խայթում է խիղճը -
Եվ իզուր է նա ճգնում թաքցնել
Սեփական խղճից գիտակցությունը
Այդ անդառնալի հանցագործության...
Այդպես երբեմն հարբելուց հետո,
Մյուս առավոտ ամաչում է մարդ,
Երբ հիշում է, որ ինչ-որ անծանոթ
Մի մարդու առջև բացել է սիրտը
Գիշերը՝ խելքից ընկած ժամանակ...
Հեռու, մարմրող ցոլքերի նման
Ցոլացին մի պահ նրա պղտորված
Գիտակցության մեջ երեկվա իր մեծ
Խոհերի վերջին փշրանքները - և
Սուզվեցին անդարձ ուղեղի մուժում: -
Նա թթված դեմքով բացեց իր հսկա
Հաշվեմատյանը, մի վերջին անգամ
Բութ, դժգոհ դեմքով իր շուրջը նայեց -
Եվ խորասուզվեց իր մանրակրկիտ,
Անվերջ, չհատնող հաշիվների մեջ: -
«Հը, հո չե՞ս հարբել գիշերը» - նրան
Հարցրեց Կարոն, հաշվապահը: - Նա
Լուռ, անթարթ նայեց նրա աչքերին
Եվ ասաց. - «Այո ... մի փոքր... երեկ...
Ժողովից հետո...» - Եվ կրկին նա լուռ
Թեքվեց իր հսկա մատյանի վրա
Եվ խորասուզվեց հաշիվների մեջ...
. . . . . . . . . . . . . . . . . . .
Այսպես
Մի անգամ ահա այդ փոքրիկ մարդու,
Այդ հաշվետարի մոտով, այդքան մոտ,
Թնդալով անցավ մեր մեծ առօրյան,
Նա անգամ զգաց, շոշափեց մտքով
Ընթացքը նրա հսկավիթխարի,-
Նայեց նա մի պահ հրաշքի նման
Իր աչքերի դեմ բռնկված այդ վեհ,
Այդ շռնդալով անցնող պատկերին-
Եվ ընկճվելով նրա ամեհի
Մեծության ներքո, այդ անգրկելի,
Անհուն վեհության - սուզվեց նա կրկին
Իր սովորական մտմտանքի մեջ...


Եվ նովելը մեր վերջացավ այսպես: -





Մակագրություն գրքի վրա

Չընդունես ,ընկեր,այս գիրքս այնպես,
Ինչպես աղջիկն է նվեր ընդունում.-
Սպասում է նա դրան անհամբեր,
Իսկ ստանալիս-մի կողմ է դնում:-
1928

Ընթերցողիս
Ուղարկում եմ գիրքս քեզ,
Ով դու ընթերցող:
Կուզես՝ կարդա,օ,կուզես՝
Շպրտիր մի կողմ:

գրել եմ ես իմ գրքում
այնպիսի տողեր,
որ չի գրի իր երգում
Եվ ոչ մի պովետ:-
Լավ եմ գրել ես ,թե վատ-
Սրտովդ իմացիր,-
Չկա ուրիշ քննադատ
Քո սրտից բացի:
1929


Նկ.Մորո,Մուսան ու Հեսիոդը





Ինձ բոլորն են խաբում, սիրտ իմ, 
Եվ ես անօգ եմ մարդկանց հանդեպ: 
Աշխարհը, կյանքը բիրտ է, 
Իսկ դու միամիտ ես այնպե՜ս...
Գալիս են աչքերիդ առաջ
Կատարում ինչ որ կուզեն, 
Իսկ դու հայացքդ վեր հառած
Որոճում ես հիմարական հույզեր:
Քեզ խաբում են, անում ոտնակոխ, 
Եթե լույս ես տալիս, համարելով այն թույն
Ձգտումներ և՛ սին, և՛ լրբենի թակով
Իրենց գործն են տեսնում վատթարագույն:
Երազում եմ միայն թքել դեմքիդ
Եվ լույսերիդ հանդեպ քեզ թույն ձոնել, 
Լավ չէ՞ արդյոք որ դու կործանվելով հիմքից
Սև կախաղան ելած պարտությունդ տոնես:
Թքես ինքդ էլ քո այն ամենալույս
Ամենասուրբ կոչածդ ուրուների վրա
Անարգելով ամեն փրկության հույս՝
Ինքդ մարես ճրագն այս հուրհուրան...

Նկ. Ի. Գրաբար, Յասամաններ և անմոռուկներ     ե

2 комментария:

  1. Չարենց ,գիտես չէ , դու գիտես՝
    Որ թանկ է ընկեր հոգին,
    Բայց դու գիտես և չգիտես՝
    Ով է եղել միշտ քո կողքին:՝
    Եվ ինձ նման դու էլ որքան
    Թանկ ես վատնել,թանկ ու բյուրեղ՝
    Հավատալով ,որ կան,ախ ,կան
    Լավեր,նորեր մեր մեջ ՝այստեղ...



    Նորից մի կարոտ ,սիրո մի թախիծ,
    Ծանոթ մեղեդին երազ անցյալի
    Պարուրեց հոգիս...

    Նորից մի համբույր վաղանցիկ գարնան
    Վարդի բուրմունքով
    Օրօրեց հոգիս...

    Արմենուհի Տիգրանյան-Չարենցին

    «Երանի նրանց ,որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգու խորքում»

    ОтветитьУдалить
  2. Ե. Չարենց-Արմենուհի Տիգրանյանին

    Ես այլ աշխարհից եմ եկել,
    Ուրիշ է իմ կարոտը անբառ:
    Չկա փրկության մի երկիր,
    Չկա փրկության ճանապարհ:
    Մարդիկ - ես սիրում եմ նրանց -
    Բայց այլ է կարոտը իմ անհուն.
    Այս գորշ աշխարհի վրա
    Կարող ես սփոփել - միայն դո՜ւ:

    Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
    Հոգուս տխրությունը անել,
    Ուզում եմ ցնդել, վերանալ, -
    Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
    Ուզում եմ հավիտյան շնչել
    Անուշ թովչությունը դեմքիդ -
    Խմել քո երգերը հնչեղ
    Ու կորչել քո երգում վճիտ...


    Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
    Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
    Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար.
    Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ.
    Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
    Ա՛խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:


    Անհայտ հեռուներից եկած`
    Մենակ, անընկեր, անտուն`
    Վառված քո անուշ կրակից`
    Գնում եմ ես հիմա հեռու,
    Գնում եմ երգելով, զնգալով,
    Սրտիս մեջ` քո դեմքը լուսե.
    Զգում եմ՝ խնդություն է գալու
    Մի նոր երազանք ու սեր:
    Ուզում եմ չլինել, ցնդել,
    Փռվել աշխարհովը մեկ -
    Դու սիրտս հրկիզել ես արդեն,
    Քեզ չեմ մոռանա ես երբե՜ք:


    Քո դեմքը, թովչությունը դեմքիդ,
    Աչքերիդ լուսությունը անհուն -
    Ինչպե՞ս, ի՞նչ խոսքերով երգեմ,
    Դու` ծափ, արբեցում, խնդում:
    Դու - վառ ծիծաղի մի հնչյուն
    Դեպի իմ տխրությունը նետած,
    Հոգիս՝ տրփակեզ մի գնչու
    Երգում է` խենթացել է բախտից:

    Արի՜, ծա՜փ զարկիր, հոգիս
    Մատներիդ կարկաչում թող զնգա -
    Ինչքան ինձ քո բանտում փակես -
    Հոգիս սիրելու է քեզ այնքան:


    Մրսած մի եղեգի նման
    Կարոտս անսկիզբ ու անծայր
    Տխուր դողդողում է հիմա,
    Երգում է միայն քեզ համար:
    Երգում է անըսփոփ ու տխուր
    Կարոտս - անմայր մի մանուկ -
    Իմ երգը - աչքերիդ պես խոր
    Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
    Բայց դու կարոտիս հանդեպ
    Ինչո՞ւ ես լռել, շվարել,
    Ինչո՞ւ է լռությունը անդեմ
    Շարել իր պատնեշները քարե:
    Երգի՜ր, զրընգա՜, զնգա՜,
    Նետի՛ր երգիդ վանկը հետին
    Անփույթ ժպիտի պես մանկան-
    Քո թույլ, հոգնաբեկ պոետին:
    Մենակ ես ընկել եմ ճամփա,
    Ուսիս` հոգնությունը իմ ծեր,
    Նետի՛ր արևի մի փայլ
    Դեպի իմ խավարը անծիր...

    ОтветитьУдалить