Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Եղիշե Չարենց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Եղիշե Չարենց. Показать все сообщения

среда, 16 января 2013 г.

Եղիշե Չարենց

Նկ.Մարտիրոս Սարյան

...և այսպես,ահա ես-25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո ՝ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը-մենա՜կ ու հալածական՝ պոետ աքսորյալ սեփական հայրենիքում ՝հերկի եզերքին հայրենական երգի ՝ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների և պետների ՝հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո....ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ    1937.28.3,գիշեր...........
Սանձե՜լ է ուզում հողմերին
Այս... ողորմելին...

Նկ.Խուան Գրիս,Երեք լամպ


Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա-և շատեր՜րն են սնանկ հռչակվում: 
(())

Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ.
— Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ:

Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում  է պատկերդ.
Այնպես դու հեռացել  ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:

Օրերը թևավոր են, թռչո՛ւմ են.
Թռչում ես` թևավոր ես, ուրու ես: —
Կարոտս օրերի հետ թռչում է —
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՛ւ ես...
Նկ.Արշիլ Գորկի,Ածխացած Սիրահարները


Նրանք ասում են, որ դու անցել
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
— Վերադարձիր, օ, վերադարձիր...

— Վերադարձիր, օ, մենք քեզ կտանք
Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե՛ խնդություն.
Ինչպես սիրած մի թափառական
Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն...
Կգգվի դեմքիդ քամի մի զով,
Օրերի շունչը, արդեն հնչե՜ղ,
Կլցնի հոգիդ անհուն հույզով—
Ու նո՜ր, նո՜ր երգեր կներշնչե...
— Վերադարձիր, օ, վերադարձիր...

— Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր —
Անցան թափորներ արևավոր
Ու նոր բյուրավոր դռներ բացին...

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին-
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին...
Քամին ծաղկունաց շուրթերն է դողդոջ շոյում,
գուրգուրում
Ու լուռ մրմնջում ,թե հեռուներում ինչպես են սիրում...
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին...
Նկ.Արշիլ Գորկի,Ջրվեժ

Կյանքը-երգի,երկնքի՜ պես անհո՜ւն ,անհո՜ւն,
Կյանքը-կորած աստղերի՜ պես հազարանուն:

կյանքը -կրակ ճահիճներում՝ կա ու չկա,-
Կյանքը -ճամփորդ,սպասված հյուր,որ պետք է գա:

Կյանքը -երգի,երկնքի՜ պես անհո՜ւն ,անհո՜ւն ,
կյանքը -կորած աստղերի՜ պես հազարանուն:




Կան անտես հյուրեր : Գալիս են նրանք 
Անխոս ու անձայն,լռության ծոցում :
Գալիս են ,ապրում ու անցնում նրանք՝
Ոչ դուռ ենք բացում և ոչ դուռ գոցում:

Ո՛չ անուն ունեն ,ո՛չ ստվեր ,ո՛չ ձայն:
Գալիս են ,ապրում և անցնում են լուռ:
Եվ ինչո՞ւ եկան , և ինչո՞ւ անցան -
Մենք չենք իմանում աշխարհում անդուռ:

Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք-
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ :
1915



Նկ.Կուինջի,Անտառ


Քնել չի լինում…

Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ —
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:
Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես…
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:
Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:
Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ,—
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:
Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր —
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես,—
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…
Է՜, քնե՜լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
— Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին…
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ…
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…





Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.

Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել—
Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար…
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր —
Դու չեկար, չեկար,—
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի…
Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,
Որ քո կույս հոգին իմի հետ ցավի…
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…
Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի:—
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև հիմա ես չեմ մոռացել…
Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի…
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար…
Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ…
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել…
Օ, զզվելի՛ կին,—
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս…
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան…
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում:—
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար…
Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց:
Հեռվում — դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին…
Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ…
Ու… այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ…
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի…
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի…
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—

Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ..
Նկ.Արշիլ Գորկի,Նշանադրութնուն(Արշիլ Գորկին չի պատճենեում բնությունը
այլ ապակոդավորում է այն։Անդրե Բրենտոն)

Դու իմ գարնան առավոտ-ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ ,սրտիս մոտ-ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու ,ոսկի իմ ամառ ,հրանման ,հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ-ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու ,ոսկի իմ աշուն,աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ -ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Դուք բոլորդ հեռացել ,մնացել եմ հիմա ծեր 
Եվ իմ սրտով արյունոտ-ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:

Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ- ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...

1920



(())

Հոգնե՜լ եմ ,հոգնե՜լ երազից ,մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ ,շոշափել նորից,
Չունենալ երազ,թռիչք ու թևեր:
Կուզեի՜ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ ,որպես քաղցր  դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող-
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող ,մարմինը հիվանդ 
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ՝ հնամյա ավանդ :
Ճնշում է , ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ ,ծանր ,անբաժան ,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան :

Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում ,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր -
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում 
Վերջին տագնապում ,ուր կոչվում է -սեր...
...............................
Եվ ես հասկանամ,որ հավերժը հին
Վերջ չի ունենա , որ հանգստանամ...
Երբ զգամ հանկարծ , որ հասել եմ ես 
Հավիտենության սահմանը - ու նա,
Քարացած հոգիս՝ աներազ ,անտես՝
Ցո՜ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ,
Նա էլ չի՛ դառնա կյանք անսահման 
Օվկիանը ,որ կոչվում է Սանսար...

Օ, ծա՛նր է ,ծա՛նր է ,օ  ծա՜նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
-Ախ ,լինել թեթև՜ ,հրո՜տ ,հրակա՜մ,
Վառվել, որպես զոհ ,զոհս չմերժի
Արևը-արև ,ու Ա՛գնի , ու Ռա.
Վառվել ու մարե՜լ աշխարհի վրա ՝
Զոհի՜ պես արդար ,ինքաամոքիչ-
Ու մահից հետո չլինի՜ ոչինչ...

(«Մարի ,Է՛գ Թռչուն» ... հատված)

                                       
            Նկ.վան Դեյկ,Գյուղական ճանապարհ

Երեկոն անձրևոտ էր ու թաց:

Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.

Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:



Ու գնում էի ես համրընթաց,

Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում

Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...
Նկ.Կանդինսկի,Անծանոթ Ձայնին 


Հուզումների Լեզուն


Հովն - հորովել է ասում,

Անձրևը - ցուրտ բառեր,-
Հուզումնավո՛ր իմ լեզու
Ինչո՞ւ ես լռել:-

Ա՛յն ,որ ասել ես դու ուզում՝

Տես,քեզանից զորեղ -
Դրսում ծաղիկն է ասում
Եվ ջուրը բյուրեղ:

Եվ աղջըկա աչքերիցս

Երբ մանիշակն է նայում ,-
Էլ Տերյանի երգերի 
Ի՞նչն է հմայում...

Ջուրը - հորդոր է հուզում,

Հուրը - մորմոք կարմիր:-
Հուզումնավոր այս լեզուն
Պոե՛տ , քեզ չի՛ տրվի...
1934


 Կես - Գիշերային Էսքիզ


Նա մի աղջիկ էր,մի դիցուհի՛,

Որ  օրերո՛ւմ այն տրտմաթախիծ
Քեզ նայեց նազով ու ծիծաղեց--
Մի գավառական գեղեցկուհի...
Նա խոստացա՛վ քեզ երգեր երգել,
Բերել կարոտներ ու անմար փառք,-
Բայց երբե՛ք ,երբե՛ք նա քնքշաբար
Չփարվեց կրծքիդ ու չգերեց:
Այդ գեղեցկուհին...Մուսա՛դ էր նա,
Նվիրեց մի օր քեզ գորշ շապիկ
Ու գավառական մի խեղճ քնար...


    Нет, я не Байрон, я другой...


                                             Лермонтов


Քայլի՛ր,քայլի՛ր քո ճանապարհով.

Դու ո՛չ Գյոթե ես ,ոչ Վերհարեն*.
Մեր Վերհարենը - նայի՛ր ,հրեն -
Քաշում է փառքը իր պարանով...
Քայլի՛ր ,քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես ,ո՛չ Վերհարեն -
Դու լոկ Չարենց ես ,միայն Չարենց՝
. . . . . .  ու վարանոտ....
1929

(Լերմոնտովի բանաստեղծությունն ամբողջությամբ ՝ինձ նման հետաքրքրասերների համար ))))
Խնդրեմ.
Нет, я не Байрон, я другой,
Еще неведомый избранник,
Как он гонимый миром странник,
Но только с русскою душой.
Я раньше начал, кончу ране,
Мой ум немного совершит;
В душе моей как в океане
Надежд разбитых груз лежит.
Кто может, океан угрюмый,
Твои изведать тайны? кто
Толпе мои расскажет думы?

Я — или бог — или никто! —  ))

(*Էմիլ Վերհարեն ...բելգիացի ֆրանսախոս բանաստեղծ  ,դրամատուրգ...սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը)))


Օ, դո՛ւ ,- կարո
՞ղ եմ արդյոք երբեք 

Մոռանալ ես քեզ , քանի իմ մեջ
Հնչում է թեկուզ չնչին մի էջ 
Մեր կյանքից ՝անցած այնքա՛ն բեկբեկ:-


Դու շա՜տ ես ցրել, տվել քամուն

Քո գանձը ,որպես շռայլ տղա.-
Դրա համա՞ր էր արդյոք տված
Այս վսեմ բախտը քեզ աշխարհում:

Նկ.Կանդինսկի,Կոմպոզիցիա 8



Նրանք ասում են ,որ ես հոգնել եմ ,

Որ ես շեղել եմ ուղիս ուղիղ,
Որ մեր պայքարը հոգիս լքել է
Եվ ես ընտրել եմ ուրիշ ուղի:
Նրանք ծամում են այս ցուրտ խոսքերը ,
Զառամ շրթերը քսում իրար,
Կարծես շրշում են դեղին հասկերը,
Կարծես մեռնում են այնտեղ նրանք:

Դու աճում էիր ,ինչպես խոտը: - Դու

Լուսնի նման էիր՝ սենտիմենտալ:
Եվ լուսնի լորձունք էր կաթկթում
Քո շրթերից հաճախ:Խնդալ
Չգիտեիր բնավ: - Քո երգը
Մերթ հոսում էր ,որպես հորձանք,
Բարձրանում էր,որպես հորձանք,
Բարձրանում էր,որպես հանդի բերքը-
Անտեր:-Մերթ,տեսար,որոտաց
Ինչպես թիթեղաձայն թնդյուն:-
Դու խարխափում էիր ու փնտրում
Բայց ի՞նչ - անհայտ էր քեզ: - Հիմա
Դու անփորձ ես ահա աշակերտի նման.
Այս նոր հերկը,որ ուզում ես ցանել -
Օ, իհարկե ,կարող քեզ կործանել:
Բայց պիտի համառես ,որպես եզ: Պիտի
Իմանաս ,որ լուսինը քեզ
Էլ դժվա՛ր թե փրկե: -
Լուսադեմին,վաղ առավոտին ,
Երբ արևը ելնում ,որպես ճարպագունդ ,
Ու փռում է իր ճարպը արոտների վրա -
Դու բարձրանաս պիտի ու հունդդ
Ժլատորեն փռես: - Ահա՛:
Պիտի տքնես,քրտնաթոր,- պիտի դեմքդ 
Քրտինքը ողողե,ինչպես բալզամ,-
Մինչև գիշերը իջնի ու տարածվի քո դեմ
Գիշեր,վերջին խավար,մենություն ,մա՛հ տարաժամ...
Ահա:-
Նկ.Մորիս Ուտրիլլո

Նյութը դիմադրո՛ւմ է,դիմադրում է միշտ,-

Լինի երկաթ,կղմինդր,լինի մարմար:
Դիմադրում է բառը:Ահա դեմից
արդեն վազում է հանգը - «հարմար»:
Դա - հնի՛ ճանապարհն է. հեշտի ,բնազդի,
Օ,հնի հո՛ւնն է դա,սովորության հունդը,-
Այնինչ արևը,լուսինը և մեր երկրագունդը
Անվերջ կարծրանում են իրենց անեզերական վազքից :


Նկ.Պարմիջանինո,Իմաստուն Կույսերը


Երեքը 
(Պոեմ հավիտենական.... հատվածներ)

Մի հին դղյակում ապրում էին գոց 
Երեքը - նրանք . դղյակում այդ հին :
Երկուսն էլ նրանք այդ երազ կնոջ
Ասպետներն էին:
....
Կյանքը դղյակում  երազ էր ,թե վիշտ -
Ոչ ոք չգիտեր  ու չէր իմանում :
Որպես մի հեքիաթ  ,որպես հինավուրց 
Դարերում ապրած լեգենդի կտոր -
Կյանքը դղյակում դարձել էր անուրջ :
Ապրեցին անձայն ու անցան մի օր:

...

« Դու ինձ ես ուզում .այստեղ եմ  ահա:
Նստել եմ քեզ մոտ - մի՞թե չգիտես:
Լռության գրկում սպասում է նա :
Շրթերդ հրոտ համբուրում եմ - ես »:
Եվ կինը գրկեց ,համբուրեց նրան ....

...
Ու լուռ կանգնեցին իրարու դիմաց
Երկուսը - կարծես առաջին անգամ:
Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց-
Ժպիտն էլ,լացն էլ - օտա՜ր էր այնքան:
Ու կանգնած էին նրանք դեմ ու դեմ
Ու չգիտեին ՝ ի՞նչ էին ուզում :
Բայց զգում էին ,որ մի լուր գիտեն
Երկուսն էլ հոգու  անլուր երազում :
Եվ զգում էին հոգնած ու տխուր,
Որ կընկնի՜,կընկնի՜ լույսը հեռակա
Վերջին խավարի գիրկը ահավոր :
Եվ զգում էին .  վերջին անհունում,
Արևից հետո ու լույսից հետո-
Երկուսն էլ նրանք՝ անդեմ,անանուն՝
Կդառնան հլու ողջակեզ ու զոհ...




Ու վերջին անգամ նայեցին իրար....

Ծանո՜թ էր այնքան աչքերի հեռուն...
Այն ո՞ւր է տանում հորձանքը վարար-
Լույսը հոգևար մարող աչքերում:
-Դու ի՞նչ ես ուզում...Դու մրսե՞լ ես ,հա՞:

-Իսկ դու,դու ,որ միշտ արևի բովում
Այրվում էիր - եկել ես հիմա
Ու փնտրում ես իմ լուսնային հեռուն...
Ու աչքերը, խոր, խորունկ խորացան
Մյուս աչքերի խորության մեջ խոր:
Կարծես հիշեցին,կարծես մոռացան,
Որ եղել են ,կան ,ապրում են մի օր ...

1915-1917


(«Հետերա - երազ»...հատված)

Դու ինձ մոտ էիր: Ժպտացիր - ու հուր

Համբույրի ժամին հոգիս՝ գոհ,դժգոհ՝
Ընկավ գիշերի խորոչի մեջ խոր -
Բայց օրհնում էի հրդեհները քո՝
Ես օրհնում էի:Ժպտում էիր դու:
Ու հրդեհեցի  իմ դղյակը հին,
Որ իմը լինես,չդառնաս ուրու,
Որ ինձ մոտ մնաս՝պարզ ու երկրային...
Բայց ո՞ւր գնացիր,ինչո՞ւ հեռացար :
Թե՞ - այստեղ ես դու,բայց մենակ եմ ես,
Ինչո՞ւ հեռացար ու ցնորք դարձար:
Հեռավո՜ր ուրու - անմարմին ,անտես....

Նկ.Պիեռ Պրյուդոն,Անմեղությունը
 գերադսում է Սերը Հարստությունից


Շամիրամ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝

Դու եկել ես տեսնելու քաղաքները Նայրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի 

Ցանկությունով հրահրած ՝ անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,

Որոնց տեղ խոտ էր բուսնում,երբ դեռ ապրում էր Արան:

Ա՛յլ  է աշխարհը հիմա ,ա՛յլ է հիմա Նայիրին.

Ո՛չ մի արքա էլ չկա ,որ չտրվի քո հրին :

Մտի՛ր ակումբը հիմա ,մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝

Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

Ո՛չ վեճ է էլ հարկավոր ,ո՛չ պատերազմ մահառիթ.

Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-

Միայն ակնարկ մի թեթև - և կտրվեն նրանք քեզ,

Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ:-

Կգան մեկ-մեկ ու սիրով - կտանջես նրանց դու 

Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,

Որ կամոքվի քո հոգին  կարոտանքից սիրակեզ:

... Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով  նայիրյան 

Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի-

Ու սարսափով մի անօգ ՝ նորից կելնես դու կռվի :

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին -

Ոտքի կելնե նրա հետ հազարամյա  Նայիրին:

Եվ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,

Կնահանջե զորքը հետ,երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի,որպես զոհ - բայց չես հաղթի դու նրան .

-Դառն է խորհուրդը սիրո ,շամբշոտաշո՛ւրթ 
Շամիրամ...


(())


Նա ուզում է գտնել մի կշիռ - ու չափել նրանով ամբողջը,

Ունենալ անխախտ մի հաշիվ - ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն . ախ, նայե՛ք՝ նա փնտրում է
«կայունը» -
Եվ գտնում է մի... գինու շիշ - ու չափում նրանով ամբողջը:


Նկ.Սալվիատի,Գթասրտության ալեգորիա


Դու ինքդ քո մեջ միասիրտ.- ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.

Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.- ինչ որ կաս՝նա կա
այդպե՛ս է.
Բացվում ես ,լինում ,գոյանում-հառնելով հենց ինքդ քո դեմ՝
Պատմում ես դու մի՛շտ քո մասին.- ինչ որ կա
 ու այդպե՛ս է:

(())


Ինչ թո՜ւնդ է քո գինի ,իմաստո՛ւն.նրանից իմ հոգին հարբում է.

Դա գինի՞ է,թե խո՞սք է ազդու,նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես,մահո՛վ իմ սերած,խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.- նրանից իմ հոգին հարբում է:


Սիրելի Ա-Ին



Ես չե՛մ մոռացել քեզ,բարեկա՛մ,

Եվ հիշում եմ քեզ կրկի՛ն,կրկի՛ն,
Ինչպես անցորդը թափառական
Հիշում է միշտ իր անցած ուղին:-
Սիրով է հիշում նա ուղին հին,
Գուցե թախիծով,սակայն երբեք
Նա չի՛ ցանկանա կրկի՛ն,կրկի՛ն
Թողնել հեռուներն ու դառնալ ետ...
Երբ անցած ուղին հուշով անշեջ
Խոցում է,ինչպես կարոտի նետ,-
Խեղդո՛ւմ է նա կարոտն իր մեջ 
Որ երբ՛ք,երբե՛ք  չդառնա ե՛տ...


Նմանություն Հայնեին

           Սիրելի N-ին

Երգում էր պոետը՝ նստած վրանում.-

«Մարդիկ հեռանում են ու հա՛ր մոռանում...
Այդպե՛ս մոռացավ ինձ աղջիկը չար,
Եվ դա՛ էր,օ, դա՛ էր ,որ դարձավ պատճառ,
Որ ինքս,ես ինքս մի օր հեռացա-
Եվ... չանցած գարունը՝ նրան մոռացա...»-
Էլ ի՞նչ ես երգում դու՝ նստած վրանում-
Եթե հեռանում են ու հա՛ր մոռանում...
 N. N.-ին


Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ,

Թե ես և թե դու:-Ու պետք է հիմա,
Ինչպես հարկն է՝ մեզ «խելացի պահենք»-
Բայց ե՞րբ ենք արդյոք մենք եղել ջահքել...
Ինչպես Վիյոնն է մի օր ողբացել
Ջահելությունը իր խայտանկար-
Այդպես,թե կուզես,մենք պետք է հիմա
Նզովե՛նք  միայն մեր չար ,հողմածեծ
Ջահելությունը,որ անցավ արդեն-
Եվ պայծառ սրտով ընդունենք ահեղ
Այս կեսօրը,որ բացվում է մեր դեմ:-
Նկ.Անվազովսկի,Քաոս

Տխուր Կարուսել(հատվածներ)


3

Երիտասա՞րդ էր ոգիս,թե անփորձ էր դեռ,-
Որ չգիտեր ,թե կյանքում զզվանքից բացի,
Անարգանքից ՝առավել պիտո է ներել,
Որպեսզի սիրտը բյուրեղ վարժել հարվածի:


4

Ծերանա՞լ էր հարկավոր ,քարանա՞լ գուցե,
Հասկանալու ,զգալու համար այն նայիվ
Իմաստությունը,որ քեզ եթե քարկոծեն՝
Պիտո է սիրտդ գոցես,որ չար չնայի...

5

Դու պիտի սիրտըդ գոցես,և աչքերդ ապա,
Եվ պիտի բաց պահես լոկ մեղանչող հոգիդ,-
Որ չտեսնես հայացքներ՝ ահով հանդիպած,-
Որ խեղճությունը հանկարծ սրտիդ չչոքի:

6

Որպեսզի լուռ կարենաս լուտանք ու ամոթ
Ու դառնություն կրել դու,անգամ մատնություն,-
Եթե կոչված ես լինել հիմե՛ր կործանող,
Եթե գիտես,որ չկա խմիչք՝առանց թույն:
Այվազովսի,Հայ ժողովրդի մկրտությունը... 10
Ախ,մենք բոլո՛րս ենք սիրել հեքիաթներն այդ լույս,
Պատմություններն այդ՝ գրված մարդկանց մասին մեծ,-
Ե՛Վ դառնությո՛ւն, և՛ թախիծ,և՛ տանջանքը լուռ-
Այդ ոսկեկազմ գրքերում հմայել են մեզ:



Նկ.Ջովաննի Բելլինի

Խառը Բանաստեղծություններ
(1911-1922)



Գիտեմ,որ մի օր կմեռնեմ ես էլ 
Ու կվերջանա իմ կյանքի ուղին :
Մոռացված բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին :

Արևը նորից անքոգ կխնդա ՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր:
Եվ մայրս անգամ էլ չի՛ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել:

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ-
Մեղքս կմոռնան ,սիրո խոսք կասեն,-
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ...
1916


Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ 
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ 
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։


Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝ 
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։

Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի,
Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.—
Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի

Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի...

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-


Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…


Նկ .Այվազովսկի,Բրիգ Մերկուրին հարձակման է ենթարկվում թուրքական նավերի կողմից

Գիշերն ամբողջ հիվանդ ,խելագար ,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի  ձայն ու շշուկ չկար-
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին :

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավետ խոսքի,-

Բայց շուրջս այնպես գունատ էր,տկար -
Խոսքեր չկային ու արև չկար...
1915


Այվազովսկի,Բրիգ Մերկուրին թուրքական նավերի դեմ տարած հաղթանակից հետո

Պոետ
Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան-մոգական երազ,
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս:

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի,փողոցի ուղին-
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին:

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր ,որ հազար մարդ է համբուրել-
Հավատում եմ ես ,որ նրանք քրոջ
Շրթունքներն են կույս-ու մաքուր են դեռ:

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա -
Նրա թևավոր ,աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա:

Ո՞վ կհասկանա ,թե ինչո՞ւ է նա 
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ:

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար ,կամ ցնդած մարդու:
Բայց նա մեռնելիս կժպտա,կասի.
-Օրհնությո՜ւն քեզ ,կյանք: Հրա՜շք էիր դո՛ւ ...
1916


ՇԱՄԻՐԱՄ

Իրիկնային փողոցում ես տեսա նրան։ 
Նա — սևաչյա պչրուհի  գուցե — Շամիրամ։

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները  նա,

Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:


Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝ 
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։

Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։

1916
Նկ.Այվազովսկի,Ալիքների մեջ

Կարինե Քոթանճյանին

Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև:

Լուռ,անձայն նստել մի բաժակ թեյի:
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս:
Ու հին, փոշապատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս:

Եվ սիրել բախտը՝ պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր-
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ...
1916
Կուինջի,Լեռներ
Տաղ անձնական

Թողած Կարսում ,գետի  ափին,տունս ՝ շինած անտաշ քարով,
Կարսը թողած,Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:


Անց եմ կենում.շուրջս- մարդիկ,շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր,
Շուրջս աշխարհն է աղմկում,մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի,թե ո՞ւր հասար,-
Դեմքերը,ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված-վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար -էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա ,ցնդի,
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ,դեպի եզերքը Ամենտի*,
Իմ բար՜ձր,հին աստղային երազների ճանապարհով:

Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ,պիտի գնամ աչքս հեռուն:
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասեք նրան՝ Չարենցն ասավ-Մնաս բարո՜վ,մնաս Բարո՜վ...
1919

*Ամենտի-անդրաշխարհի անունն է(Ամուն կամ Ամեն աստծո  բնակատեղը ...),որն օգտագործվում էր Հին Եգիպտոսում...ըստ հին եգիպտացիների մահվանից հետո մարդու հոգին գնում է դեպի արևմուտք...մայրամուտ ...արևի հետ միասին իջնում է անդրաշխարհ...




Մինաս Ավետիսյան,Փիլիսոփա

1937.28.3. Երևան

Իմ ծննդյան տարեդարձին
40-ամյակ
Երևան

Ոչ մարդկային զգացմունք ,ոչ ջիղ ,ոչ քուն խնայող

Փողոցային այս երգիչն ու դերասանն անքանքար,
Որ բազմամարդ բակերում ,կամ մայթերի վրա քար,-
Եվ ամենուր ,ուր գտնի կանգնելու տեղ ու նայող,-


Այս և անօգ ,և բոկոտն ,և կորովի ծաղրածուն,

Ոչ երգչի ձայն,ոչ անգամ <1անընթ. բառ>
Կամ կերպարանք ունեցող թափառականն այս անօգ,
Շնորհներից երկնային միանգամայն ընչազուրկ,-

Չգիտես ե՞րբ և ինչո՞ւ  դարձած «Զվարթ գիտության»

Ասպետական խաչակիր ,ինչպես բոլոր անիծյալ
Իմ եղբայրներն անուղղյա ,որ արյան մեջ իրենց բորբ
Երգի վարակն են կրում հավիտյանից -հավիտյան,--

Վեհանձնաբար  նվիրված անանձնական իր գործին,

Ե՛վ կատարյալ ,և՛ զվարթ,իբրև շնորհ մի վերին-
Երգն է շրջում իր թշվառ ,ինչպես վահրոտ վերքերի 
Բույլն է պարզում աշխարհին մի հաշմանդամ մուրացիկ...

Ահա երգում է  նա  իմ պատուհանի տակ կրկին

Երգն իր՝ վաղո՜ւց ինձ  ծանոթ,որպես նրա աղքատիկ 
«Ամպլուայի» «մեխն» անճար ,իբրև աչքի մի հատիկ
Նրա սիրած ,փայփայած ,համայնացած մելոդին...

Գուցե նա ինքն էր հիմար այդ մեղեդին հնարել,

Գուցե անգիր էր արել մի անհռչակ հանճարից,-
Գուցե լսել էր նման  ինչ-որ  մի բան  անցյալի
Փողոցային,իր նման, տրուբադուրից անարև,-

Նկ.Օնորե Դոմյե,Հանրապետությունն ու  պաշտոնյանները))) 



Սակայն ով էլ որ գրած կամ հորինած լիներ այդ

Կիսատխուր-կիսալուրջ հայնեական սարկազմի
Ինչ-որ շեշտեր ունեցող «գլուխ-գործոցն» այն <1անընթ. բառ>
Որ նա երգում է ինչպես սոլոններն են երգում բարդ,-

Գործ չէր եթե գեղեցիկի,հաճելիության,դաշնության,

Գեթ հաճելի լինելու էլեմենտար իմաստով,-
Ապա- գործ է հանճարեղ և  <1անընթ. բառ>,
և ազդու-
Ֆենոմենալ ,ի վերուստ ,իբրև դաշինք ու նշան-

Անքերելի,ինչպես գիր ճակատագրի-անհաճո,

Քստմնելի-անգամ թույն ու թշնամանք հրահրող-
Ոգու անանց մերկություն,գռեհկություն,-անշնորհք,
Ճակատագիր դարձած սեր՝ իբր ընտրություն անհաջող...

Դժկամություն ու թախիծ,խիղճ հոշոտող ու դժնի-

Առընչության նման ՝իբր առընչություն ՝ոճրավոր,-
Այդպես տուփն է անհաճո,նկարազարդ ,ոճավո՜ր,-
Շինված... անձեռն կույրի մեծահանճար ոտքերով....

Քստմնելի՜ է այդ խեղճ անռընչությունն անհարիր,

Որպես ոճիր սրբապիղծ,ինչ-որ դաշինք  խորտակվող...
Թե նորածին այդ հրաշքն գեթ իմ աչքին -հանճարեղ
 <...............................................................

Չէի տեսել երբ նրան ես մոտիկից քանի դեռ,-

Միայն զգացմունք ,որ անգամ թշնամանքի էր նման,
Մի պղծության  նման բան ,որ անշ <........> է 
ծնում...

Եվ- մեռյալին հարություն ,կամ աչքազուրկ 

աչքում լույս
Հանկարծակի տեսնելու զգացմունքի էր նման,-
Այն ,որ զգաց  իմ հոգին-երբ պատահմամբ  այդ մարդուն
Ես մոտիկից նայեցի-երբ նա երգում էր )....Օ,-
Նույն կիսալուրջ-կիսա<........> եղանակով 
ու խոսքով,
Նույն անշնորհք երգն էր՝ նույն ձեռամբն նա երգում ,-
Բայց .... ալքիմիկոսն է ինչպես փոխում պղինձը ոսկու,-
Վայրկյաններում մի քանի այդպես փոխվեց նա -

Օ,հրաշքի ՛ պես վերին ,և անիմաց և տխուր

Այս (թովչանքի) գաղտնիքն իսկական,որ անհնար է լուծել...
Ի՞նչն է արդյոք նրա մեջ-ի՞նչը ՝որ <........>
Ոտից-գլուխ մի պոետ է դարձնում նրան իսկական....

Այս ծաղրածուն անտաղանդ ,այս երգիչը փողոցի,

Որ դռների մերթ առաջ,մերթ բակերում բազմամարդ,
Մերթ պատերի տակ՝ մռայլ ամրոցների պես վերձիգ՝
Այդ բազմահարկ տների ,-երգն է երգում իր հպարտ,-
Այդ և՛ տխուր,և՛ խղճուկ ,-ոչ երգչի ձայն հասարակ
Ոչ երգչի շունչ ու ականջ,ոչ անգամ  <........>
չունեցող,-
Անհամակիր այդ դեմքով,տափակ գլխով ու ճաղատ,-
Այդ՝ արտաքին հաճելի հրապույրից անգամ զուրկ,-

Շնորհներից երկնային զրկված ստրուկն այդ ահա,-

ինչպես ես ,-
Իմ՝ ի վերուստ մերժըված արվեստակիցն այդ,-ահա,-
Որ կանգնած է դուրսը ՝իմ բարձր պատուհանի տակ կրկին

Երգն է երգում իր նախկին՝մանուկների համար չար,-

Միևնույն երգը հիմար՝ իբրև թե շատ սրամիտ,-
Նյուանսներով անգամ բարդ,շարժումներով բեմական,-

Այդ ճաշակից փոքրագույն ,զգացմունքի ու չափի,

Խեղճ նշույլից անգամ զուրկ  այդ եղբայրն իմ վշտագին,
Կարո՞ղ եք դուք պատկերել ,օ, պոետներ մեծամիտ,-
Որ ոտքից մինչև մազը վերջին -բանաստեղծ է իսկական....

Ես մոտեցա՝ ինչպես մի հաշմանդամի,բորոտի՝

Այն էլ ՝գարշանքն իր ի տես հանողին են մոտենում,-
Եվ.... չգիտեմ ,թե ինչպես՝ խինդանման կարոտով
Եվ զարմանքով գայթակղված-կանգնած ականջ եմ դնում....

Եվ իր « համարն » հերթական վերջացնելուց լոկ հետո ,

Երբ նա լռեց-և դարձավ իմ պատկերածը նորից,-
Գիտակցեցի ,որ ՝ տարված ՝կանգնել եմ ես ահա,-

  <.............................................>


Ապա կրկին նա կրկնեց՝ հին համարներն իր՝ կրկնած

Օրը օրին ,- շարունակ,- այնքան ,որ ե՛ս գիտեմ գոց....
Եվ...սկզբից մինչև վերջ ,-և մնացի ես կանգնած,-
Եվ երբ գնաց,- ես զգացի-վշտի խոց...

Նույնն էր ամբողջը,- երգի և երգելու իմաստով,-

Նույն բառերով անճաշակ ՝ նույն իր ձայնով կեղծ ու ֆայլշ.-
Դեմքն էր գուցե ,որ նրան դարձնում էր ուրիշ-
Ա՞յն էր գուցե ,որ   <........> աչքերում 
ինչ-որ փայլ...

Ի՞նչ էր իրոք նրա մեջ,որ դարձնում էր նրան 

Արվեստագետ իսկական՝ այր շնորհյալ ի վերուստ....
Երգը՝ խղճուկ ,անճաշակ-նույն <........> 
Եվ երգում էր նա այնպես,ինչպես լսել եմ վերում:

Ես չգիտեմ,- և ինձ պես չգիտե ինքն երևի-

Երգի գաղտնիքը-ինչպես բոլոր քերթողները չգիտեն,
Բայց ես գիտեմ -ինձ համար պարզ ,ինչպես լույսն արևի-
Որ տխուր մարդն ահա,- արվեստագետ է մի մեծ...
......................
.........................
Մանուկներն են լոկ նրան  և նրա երգը սիրում,-
Վազ են տալիս ընդառաջ,երբ նա հանդես է գալիս,-
Լսում են լուռ՝ դեմքերին ՝ արտիսիստի հույզն է եռում,-
Եվ- ցնծում են միաձայն -երբ փող առատ են տալիս....

Գո՞ւցե երգի՞չն ես այդ դու ,-քե՞զ ես տեսել 

դու գուցե
Այդ երգչի մեջ փողոցի ,և հույսեր ես տալիս քեզ,-
Սակայն... նրան հակառակ՝ դու պիտի կյանքըդ գոցես,
Եվ-խոշտանգես անգամ քեզ-




Նկ.Պիկասսո,Ժաքլինը ծաղիկներով

«Մանոն Լեսկո»
Լ.Զ.-ին

Մանոն Լեսկոն,այդ կինն անմեղ,
Ո՛չ թե սիրով,այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով,միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ ,այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց-
Մանոն Լեսկոն:-

Բայց միշտ գերի սիրույն այն վեհ՝
Սրտո՛վ մաքուր ,-և ո՛չ ոսկով,-
Իր ասպետի՛ն սիրեց հավետ,-
Եվ ուրիշի մահճում անգամ
Իր ասպետից չբաժանվեց...

Եվ մնաց սուրբ ,մնաց անեղծ-
Մանոն Լեսկոն:
1929-1936 

(())

Այլևս ինչ մնաց քեզ ՝խնդրելու կյանքից,-

Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող....
Ա՜խ,խոնջենքի՜ միայն անեզերական կարոտ,-
Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ...
Ուիլյամ Բլեյկ,Ամենակարողը

Տաղ Հիվանդների Համար(հատված)

Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,

Եթե հոգնությունն է երգում քո երակներում-
Այս երգս քեզ չի ամոքի,
Քանզի ապրողներին է միայն երգը բարիք բերում:-

Բայց դու կարող ես լինել անեզրությամբ տկար,

Եվ տխրությունը,որ բարիք է բարձրագույն և ծնվում է ոգու
կարոտից-
Կարող է ծանր լինել քո ուսերի համար
Եվ դժնի տենդ դառնալ,իբրև մշուշ իջնել,և աչքերդ զրկել փարոսից...

Եթե տխրությամբ ես տկար և ոգու անեզրությամբ,

Եթե հիվանդ ես դու երգի՛ կարոտով-
Ես քեզ ապաքինում և օգնություն կտամ,
Եվ դու ոտքի՛ կելնես,և կողջունես այս երգս քո վիշտը փարատող:
........
Եվ թեկուզ լինում եք դուք երբեմն ծանրաբեռնված
կարոտով ,որ նման է հիվանդության,-
Այս տողերով,վսեմ այս դեղով կազդուրված՝
Դիմեցե՛ք դեպի անհայտ հեռուները-և հեռուները ձեզ 
անմահությո՜ւն կտան...



Կուինջի,Մայրամուտ

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո -
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սու՜տ ու մու՜թ երեկո:
Իջել էր մի  սու՜տ ու մու՜թ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած

Տրտում,հոգևար,կծկված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ ,որ թե մութ ,թե լույս՝
Երկու՜սն էլ չկան,երկուսն էլ-երազ...

Ոչ մութ կար,ոչ լույս:Ոչ հրդեհ,ոչ ձյուն:

Մշուշում միայն,մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՜ւմ էին թևերը նրա...


(())



Ես ի՞նչ անեի,քույր իմ,երբ չկար

Այլևս ոչինչ.
Ոչ կապույտ հոգուս թևը խելագար,
Ոչ կույս աչերիդ ձյունը ամոքիչ:

Ձեռքերդ ՝նիհա՜ր,դալկացած,ծարա՜վ,

Պարզել էիր դու-
Ո՞վ գիտե,արդյոք Հյուսի՞ս ,թե Հարավ,
Թե՞ -դեպի ստվերը Արևի -հոգու...

Ես ի՞նչ անեի,ի՞նչ աներ հոգիս,

Որ կանչում էր Քե՜զ-
Ու Քո Հու՜շ դարձած երազը մոգիչ,
Երազը ձյունե,երազն-արևկե՜զ...


(())

Քույր,գուցե՜ չըկանք...
Գուցե մեկը,-ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով...

Թվում էր հոգուս,

Թե երկուս ենք մենք,
Բայց ,նայիր,հիմա
Դարձել ենք - երեք...

Երկուսս էլ հիմա

Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:

Կամուրջներ չկան:

Իսկ գետը-վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար...





Արմենուհի Տիգրանյանին

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ։



Նկ.Կուինջի,Մայրամուտ Ձմռանը

Վերջին Աղոթք

Տե՜ր իմ,-էություն իմ,-հարազատ իմ-այսինքն՝
Այն,որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Այն,որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպես հենց,ինչպես իր հետ ինքը,-




Չե՞ս զարմանում,Տե՜ր իմ,որ ես դիմում եմ քեզ,
Ես՝բանաստեղծս անահ և մատնչող արի՝
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր(1անընթ. բառ) կրկնապատիկ հրկեզ,-


Տարօրինա՞կ է ,չէ,որ ես դիմում եմ քեզ՝
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ՝ սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի՝թերևս անզոր ինձ պես....

Բայց ես դիմում եմ քեզ,ինչպես հաճախ
անապատում ՝ահեղ սամումների ժամին՝
Քարավանի տերերն արնաշախաղ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց՝լոկ ուղտերի դեղին 
Բնազդին են կառչում-և գտնում ուղի....



                                          




Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր։ 
Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ 
Հրով քո՝ շարմաղ, մաքուր։

Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ —
Կորե՜լ է աշխարհի մեջ,
Լռե՜լ է՝ անտեր, անօր։ —

Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս. —
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,

Որ ձայնս լսես ու գաս...
Այվազովսկի,Հրաժեշտ
«Տեսիլաժամեր» Շարքից
1915

Ես նստում էի անմարդ բուլվարում՝

Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթար՜թ,անթա՜րթ նայում էի ես

Անսահման,անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ-
Հավիտենության կապույտ դաշտերում:

Ու երբ երեկոն մեռնում էր բոցում

Ու իջնում էր պարզ,աստղազարդ գիշեր-
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ...

4


Եվ մի իրիկուն զանգերի երգում 

Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես...Խաղա՜ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր

Թիթեռի նման ճախրում էին դեռ-
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ,մի լուսե թիթեռ...

Անցար-լուսավո՜ր,հեռավո՜ր, թեթև՜,

Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս՝ տխուր ,հոգնաբեկ,անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի...

                               7


Հիմա չգիտեմ,մոռացել եմ ես

Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես,մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:

Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն ,որ մի օր անցար
Օրերիս նման-ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր,մի վերջին գիշեր,

Երբ վերջին միգում աչքերս մարին-
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...






Նկ.Հ. Սեգերս,Երկու ծառ