նկ.Մինաս Ավետիսյան
ԱՆՄԵԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ
Մտքովըս հաճախ բաներ են անցնում,
Որ շատ է նման խելագարության.
Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
Չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ էլ ափսոսանք.
Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
Ինչ-որ ափսոսանք
Ծագում է հանկարծ
Ու ծակում հոգիս...
Խաղալիք սարքողը
Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չեմ ուզում» եւ կամ «ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
ՈՒ չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ,
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասես»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասես»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն - շոշափե՜ն:
ՈՒ երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել - շոշափել,
Այլեւս չասել չեմ կարողանա
ՈՒ կասեմ.
- Գիտեք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրոք կդառնամ:
... Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքեւ են թափվում
Աստղերի պաղ - պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերեւ»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ինչ արժի» ես ինձ
Լուռ կասեմ «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջույն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ինչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասես»:
Իսկ այդ աղջիկը, գիտեք, ասում էր,
«Երբ Բեթհովեն եմ լսում, թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով »...
Ես ունեմ նաեւ ճիշտ կաղապարը եւ այդ աղջըկա,
Տա՜ք կաղապարը:
ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ այդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:
Եվ ով ինձ հարցնի. «Ինչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա»:
«Դատա՜րկ բան, - կասեմ, -
Ընդամե՜նն արժի մի ... անցած մի կյա՜նք »...
Այսպես, կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:
Եվ ամեն անգամ
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը»,
Որ հարց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա»:
Որ պատասխան չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
ՈՒ ... հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ոչ ոք չի կարող):
Լոկ մի բան սարքել,
Այն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ այդ չի սարքվում,
Թեպետ եւ անվերջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծու,
Տիրակալների հրամաններով,
Պարանով,
Որ լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքով,
Որ մարդկանց կրծքերի վրա
ՈՒսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում են այն, ինչ որ չի՜ սարքվում,
ՈՒրեմն նաեւ չի կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումից եմ պակաս:
Եվ ... վճռվա՜ծ է.
Ես էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, եւ շա՜տ:
ՈՒ պիտի ծախեմ,
Ծախեմ ամենո՜ւր,
ՈՒր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներում
ՈՒ խանութների դռների առջեւ,
Մայթերի վրա
Եվ արձանների պատվանդաններին,
Թե գրքերի մեջ,
Թե ամբիոններից:
ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ոչ թե ես,
Այլ, այն խաղալիք աղջիկը:
Եվ նա կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան, - կասի, -
Ընդամե՜նն արժի մի ... անցած մի կյա՜նք »...
... ՈՒ պիտի որ ես, ինքներդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առեւտրով:
Եվ այնքան պիտի ես հարստանամ,
Որ ... համերգի տոմս առնեմ ու ...
... Գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով ...
Իսկ թե այդ պահին
Գարուն թե աշուն կլինի դրսում,
Միթե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ,
Միթե նույնը չէ եւ ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվեն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած թե չամպած
Երկնքից պիտի թափվեն - չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ կարճ կոչվում են «տերեւ» ...
ՈՒ տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի «Բարեւ»,
Ես ի պատասխան կասեմ «Ինչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ - որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրեւ պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»:
Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
ՈՒմ իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ով կամ ինչ լինելը:
Ձեռներըս նորից ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ինքս էլ, ինքս էլ ինձ կասեմ «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Իմ իսկ բերանից,
Իմ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկըրկընի
Հնավաճառի ելեւէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի» ...
Նկ. Մինաս Ավետիսյան
Եկ հպարտ մնանք
Մեզ վիճակվեց - մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք ` երկու ցավի, երկու դավի ճանկում
Բռնվեցինք մի նոր , չկրկնվող սիրով:
Ու վիճակվեց... ապրել մեկս մեկից բաժան,
Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի,
Քեզ ` չազատել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ` չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...
Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ...
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –
Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...
Պատահում է և ... շատ հաճախ,
Մարդ մտովին կրակում է ինքն իր վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ–որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է։
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում – մնում ենք մենք։
Եվ ինքներս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական–կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևս մի կարճ տարի...
Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜–քանի՜ անգամ
Այս սրախիճ տատասկապատ ճանապարհը
Կրկընել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնել եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց...
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ի՛նքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջկա աչքերի մեջ։
. . . . . . . . . . . .
Փակի՜ր աչքերդ, սիրելիս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ ... ավիրեմ քո՛ աչքերը...
Փակի՜ր աչքերդ, սիրելի՜ս...
Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:
Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):
Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…
13.03.1967թ. Արզնի
Մենք իրար ձեռք չսեղմեցինք...
Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:
Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:
Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:
Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ...
...Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜...
Նկ. Մինաս Ավետիսյան
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անուշ մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով ներողություն...
Այսուհետև, ինձ հավատա,
Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս։
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար
դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են։
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել։
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ
դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ։
Չգիտեմ`ի՞նչ անեմ:
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ-ինչոցը` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտեմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ-գնամ, տամ փողոցին տուրքը.
Կամ հավաքեմ հարկըս նույն այդ փողոցներից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ:
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատըս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատնյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցըված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով…
«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ…
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում «հե՜յ-հե՜յ» գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
«Հե՜յ-հե՜յ» կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ «հե՜յ-հե՜յ» կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի…
Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
«Լույս զվարթ» եմ երգում իմ մտքի մեջ
Եվ «Առավոտ լուսո»:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել…
Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը (իրե՜նք) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը…
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:
Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը…
Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց,
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում…
Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես (մարդո՜ւ նման) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես (և ավելի՜) զգուշացո՜ղ ձիեր…
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացըս զսպեմ ու ձեր… ցա՜վը տանեմ, ձիե՛ր…
Եվ իմ ներսում,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռոսյան տխուր հաղթանակն էր տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր…
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր…
Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ «մեղա»,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի… տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի… ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ.
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թափող
Ձիե՛ր…
Նկ. Մինաս Ավետիսյան
Ամպոտ եղանակ
Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն,
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ ... համատարած սիրտ.
Շարժումներս ամեն, սրտի բաբախում,
Բոլոր ձեւերըս, շարժումներ սրտի ...
Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես ...
Իսկ դրսում ցուրտ է.
Դրսում ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՜յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշրտուքը անօգ ծառերի,
Շնչառության պես,
Հևոցի՜ նման,
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր,
Չինգիզ խանի պես,
Լենկ Թեմուրի պես
Ու թուրքի նման:
Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես ...
Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխ եմ հանում ես, լոտոսի պես
Մինչեւ կզակըս արդեն ջրասույզ,
Չեմ խեղդվում դարձյալ:
իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում - դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում,
Չինգիզ խանի պես,
Լենկ Թեմուրի պես
Ու թուրքի՜ նման:
Տե՜ր աստված, դու բարին կատարես ...
Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաեւ իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրեւով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը, արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ,
Նույն Չինգիզ խանի հորդայի նման,
Նույն Լենկ Թեմուրի բանակի հանգույն,
Ու մորեխի պես միեւնույն թուրքի:
Տե՜ր աստված, դու բարին կատարես ...
Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ոչ հալած խելքի,
Եվ ոչ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված,
Արդեն ավերված,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին,
Նույն Չինգիզ խանը,
Նույն Լենկ Թեմուրը,
Միեւնույն թո՜ւրքը:
Տե՜ր աստված, փառքըդ շատ լինի:
Իմ Կաթնեղբայրը
Ես եղբայր չունեմ,
Մայրս էլ մեղք չունի.
Ծնել է,
Սակայն ծնելը քիչ է,
Սնելն է դժվար,
Քանի որ հաճախ
Եվ սով է լինում,
Եվ գաղթ,
Եվ ավեր:
Ես եղբայր չունեմ:
Ու եղբայրացար
Ինձ եղբայր դարձար,
Ով համբերություն:
Ես շատ եմ քայլել քեզ հետ միասին,
Դու իմ մանկության միա՜կ խաղընկեր,
Իմ պատանության միա՜կ գաղտնարան,
Իմ ջահելության լո՜ւռ խորհըրդակից:
Փոքր էիր այնքան,
Երբ փոքր էի ես,
Ինչքան մեծացա,
Դու էլ մեծացար,
Երկվորյակի պես
Ետ չմնացիր
Ու չթողեցիր երբեք ինձ մենակ.
Երբ տատանվեցի,
Դարձար ինձ նեցուկ,
Խեղանդամվեցի,
Դարձար ինձ հենակ ...
Ու դեռ քայլում ենք:
Իմ Համբիկ ... Համբեր ... իմ Համբերությո՜ւն,
Դու էլ ես հոգնել,
Հոգնել ես, սակայն ծպտուն չես հանում,
Թե տրտընջում ես,
Միայն ականջիս,
Որ շատ է լեցուն քո շշուկներով,
Ինչպես փչակը, շնչով հովերի
Եվ այն լռությամբ,
Որ քիչ է լինում,
Եվ այն լռությամբ,
Որ հասավ թե չէ,
Ես վեր եմ թռչում,
Ասես խոցեցին,
Ինչպես այն քնած ջրաղացպանը,
Որ իր աղացի խոլ աղմուկի մեջ
Կարող է քնել մեռածի նման
Եվ խայթվածի պես իսկույն արթնանալ.
Երբ որ իջնում է մի պահ լռություն,
Երբ չի աղմըկում իր ջրաղացը ...
Իմ Համբիկ ... Համբեր ... իմ Համբերությո՜ւն
(())
...Պարտականության եւ սիրո միջեւ
Այս ես եմ տնկված,
Ուղեփակոցի գերանի նման ...
Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
Այսինքն,
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
Կասեմ.
- Վերցրու՜ ինձ,
Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրու՜ ինձ,
Դարձրու՜ ինձ, կասեմ այն «Չի կարելի՜» - ին,
Այն «Ոչ» - ը,
Այն «Չէ» - ն,
Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման ...
Ու եթե հարցնես կտակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ այն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես (ի՜նչ կատակ) ... տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
- Առեք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցեք,
Որովհետեւ ես, ահա, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջեւ,
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետեւ ես այսուհետեւ
Կարի՜ք չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպես,
Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց եւ կրակված այդ բառը («ի՜մըս») ...
Հիմա դու իմն ես, որքան որ իմն է ... Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է ... Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետեւ ես,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջեւ,
Ուղեփակոցի գերանի նման ...
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես ... մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փետում են հին նավակները ծովախորշերում ...
Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա…
Դու օտար չես, չէ:
Բայց իմն էլ չես, հա ...
Դու, վաղընջական հինավուրց բագին,
Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
Ես, մի հեթանոս, առայսօր ծպտյալ:
Դու, հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
Քո ամեն մատից, մի ակըն ցայտիչ:
Իմ թաց աչքերի երկու ափերով,
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:
Անշարժությունը քո պիրկ ոտների
Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
Որ պտտվում է չորսբոլորքը քո
Ողջ շառավիղով իր ոտնակապի:
Նա արածում է այն, ինչ աճում է
Իր ոտների տակ եւ քո շուրջբոլոր,
Բայց որոճում է ... միայն քե՜զ ու քե՜զ
Ու բառաչում է ... միայն քե՜զ համար:
Քո ստինքները, պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան ... սկիհի՜ համար:
Թվում է, թե քո շրթունքներն փակ
Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
Քեզ գրկել տվին մի ... թո՜ւխ մանուկի:
բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
Երբ բաց աչքերիս երկու ափերով,
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:
Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
Երբ սկսվում է նո՜ր դարագլուխ,
ջանում եմ մի կերպ խուսափել քեզնից,
Իսկ դարագլխի ավարտի վրա,
Ինքնակամորեն քե՜զ վերադառնում:
Անտեսանելի վերջի՜դ ժամանակ,
Անտեսանելի սկզբի՜ս պահին
Հանդիպում ենք մենք ու ... տրվում իրար:
Եվ չե՜ն տեսնում մեզ ... չի տենսում նույնիսկ
Ոչ պատվանդանըդ,
Ոչ կոշկատակըս ...
Դու դիցուհի ես:
Բայց եւ ի՜մն ես դու ...
Մի գուցե մեզ էլ այս էր վիճակված.
Դու, քո զղջումի զնդանում փակված,
Ես, իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ - առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում ...
Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ - առաջ.
Կրակը կողքիս, միշտ մնալ սառած.
Բաց դուռը դեմըս, բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ ...
Նկ. Մինաս Ավետիսյան
ՍԻՐՏ ԻՄ
Սիրտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ որ հիմա, տարիքըս առած,
Արդեն եւ խոհեմ, եւ հասուն դառած,
Չեմ ուզում թեթեւ քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ - տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած ...
Մինչդեռ դու, սիրտ իմ, ինչպես եւ առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր ...
Ես խնդրում եմ քեզ, ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը
Որ քաղցր է կյանքում, ինչ գողացված է ...
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ
Հրաժարվում եմ նախ, իմ իսկ ձեռքից,
Եթե նա պիտի պոկի վիրակապ
Փակվել սկըսվող խորամուխ վերքից:
Հրաժարվում եմ օգնական զորքից,
Թե պիտի հետո նա չհեռանա
իմ երկրի խորքից:
Հրաժարվում եմ այն միակ արկից,
որ պատերազմի ելք չի որոշում,
Այլ միայն տասնյակ մարդկանց է հոշում:
Այն միակ զարկից,
որ եւ հերիք է,
Որպեսզի կրկին նոր կյանք ստա
Մսրա Մելիքը.
Նաև այն բարկից,
Որ լոկ վառում է, չի տաքացընում,
Եվ ոչ թե թրծում, այլ ճաքեցընում:
Հրաժարվում եմ
Ինչից որ կուզեք,
Նույնիսկ սեփական հպարտությունի՜ց:
Բայց ոչ թանկ նստող ճշմարտությունից:
Իսկ եթե հանկարծ անկարող լինեմ
Չհրաժարվել ճշմարտությունից
Թե կուրծքըս չուզի, որ իր վանդակին գնդակներ խրվեն,
Թե վիզըս չուզի պինդ օղակի մեջ մի կողքի ծռվել,
Թե մեջքս չուզի մայր հողի վրա դիտապաստ փռվել, -
տեսնելով, որ իմ կյանքը հատվում է,
Իմացեք, ես էլ
Այդ պահին կասեմ.
- «Բայց այսուհանդերձ ... նա պտըտվո՜ւմ է »...
Բարով Տեսանք
Ինձնից հեռու էր նա՜:
Ինձնից հեռու էր նա,
Ում ես հազա՜ր անգամ անվանել եմ կյանքում. «Իմ մոտիկըս»:
Նա,
Կարծես կարոտ էր սոսկ,
Լոկ ցնորք էր:
Եվ ամե՜ն ինչ կարծես հետըս բողոքում էր ...
Կարծես լեռներն անգամ շուռ - մուռ էին գալիս, իրենց ստվերներով,
Ինչպես ամեն գիշեր կողքից - կողք է շրջվում մեզնից ամեն մեկը,
Երբ քունն անհանգիստ է ու երազն է խառնակ:
(Թվում է, թե հիմա էլ չպիտի լինի ո՜չ մի ստվեր.)
Պիտի լինի լոկ շող,
Եվ շառավիղ լինի,
Շառայլ լինի,
Լինի երազներով խորանարդված խոր քուն,
Որովհետեւ ...
Հիմա ես ասում եմ սիրով.
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Բողոքում էր նաև,
Բողոքում էր նույնպես,
Բողոքում էր նույնիսկ ... հորիզոնը,
Իր մենության համար,
Մենակության համար,
Միայնությա՜ն.
Այնտեղ ժամադրվում ու հանդիպում էին երկիրն ու երկինքը,
Միայն ու լոկ նրանք, ուրիշ ոչ մի հոգի:
(Էլ մենակ չեն նրանք.
Հանդիպել ենք եւ մենք,
Մեր հանդիպմամբ կծկած մեզ բաժանող անծիր հորիզոնը):
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Մթնած երկնքի մեջ, իրիկնացող օդում,
Ինչ - որ անտես ձեռքով ինչ - որ անտես բան են զոդում:
Ջրգողությամբ հիվանդ սեւ ամպերը
Ապաքինվում կրկին ու լալիս են ուրախ,
Եվ անձրեւը հիմա թթխմորվում,
Ուռչում - ուռճանում է պղպըջոցով:
(Թող խմորվի նաեւ երջանկությունը մեր
Ու դառնա հաց օրվա, ձրի նպա՜ստ,
Իրար փնտրողների,
Բայց չգտնողների,
Միջահատված - զատված խեղճ սիրազույգերի
Ու սիրազուրկերի ափի վրա):
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Երեքշաբթին, վախով, վիզն է քորում,
Կամենալով խոսել օրենք - իրավունքից:
Բայց կիրակին, հեռվից, բիբում նրան,
Բայց կիրակին նրան սաստում է խեթ.
(Թող մեկ շաբաթվա մեջ զույգ կիրակի լինի) ...
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Նկ. Մինաս Ավետիսյան
Գժվել է գարունը:
Եվ օդը գինով է:
Եվ լույսից, լոկ լույսի՜ց կարող է մայրանալ,
Կարող է մայրանալ ... մինչեւիսկ չբե՜րը:
Մինչդեռ ես կրում եմ ուժից վեր այս բեռը,
Իմ գլխի եւ սրտի՜ այս բեռը,
Որի տակ
Իննաձեւ մարմինըս քարշում եմ ութաձեւ:
Քարշում եմ:
Չեմ խորհում.
Եվ դա իմ խորհելն է:
Չեմ լսում:
Չեմ ուզում ընդունել ո՜չ մի ձայն:
Բայց անվերջ լսվում է, թե իմ մեջ, թե իմ շուրջ.
«Ինչ - որ տեղ ինչ - որ բան սխալ է»:
... Ինչ - որ բան սխալ է հենց Երկրի առանցքում,
Որ ուղիղ չի անցնում, այլ ինչ - որ թեքությա՜մբ:
Ինչ - որ բան սխալ է մինչեւիսկ լույսի մեջ,
Որ պիտի ունենար ծանրություն ու կշիռ:
Թե կրոնն է սխալ, այդ վաղո՜ւց հայտնի է,
Բայց մի տեղ սխալ չէ եւ հավատ կոչվածը:
Ինչ - որ բան սխալ է ճշմարտի մեջ անգամ,
Եվ ստույգ կոչվածն է ստուգվել աղերսում:
Ինչ - որ բան սխալ է եւ արյան, արյա՜ն մեջ.
Չհեղվեր, հեղվելիս ինչու է մակարդվում:
Թե ձեռքն է գավաթին երկարվում հուսահատ `
Սխալ է եւ գինի՜ն.
Չի խցվում կոկորդում:
Սխալ են ջրերն էլ,
Հոսում են վերից վար,
Վերից վա՜ր,
Վերից վա՜ր `
Անընդհատ անկում է:
Կոշկատակն է սխալ.
Հողից է մեզ կտրում:
Սխալ է եւ հողը.
Առնըվում - ծախվում է:
Սխալ է կրակն էլ.
Ինչիս է մխալը:
Լռությունն է սխալ.
Մեր թեւերն է փետրում:
Իսկ անկե՜ղծ խոսելը ... սխալ ու սխա՜լ է:
Իսկ ինչն է տարբերում եւ ինչն է անջատում
Փակուղի ասվածից հորիզոն կոչվածը,
Եթե սա `ոտքերըդ, նա աչքերդ է հատում:
Սխալ է ջարդելը,
Բայց չէ որ դրանից
Երկրաչափն է կարծեմ օգտըվում արանքում.
Ձեւերն են բազմանում այդ ջարդում - փշրումից:
Սխալ կա թերեւըս եւ նրանց արարքում,
Որ անկեղծ ձգտում են շտկելու սխալը
Եվ ամեն մի սխալ շտկելիս, ակամա,
Գործում են նոր սխալ,
Սխալ է ձգտո՜ւմը:
Ինչ - որ բան, ու լո՜ւրջ բան, անկասկած, սխալ է
Եվ մարդուս մարմնի մեջ,
Մի գլխով ինչ անել,
Երբ այսքա՜ն դժվար է անսխալ ապրելը ...
Հետո ինչ դուրս եկավ,
Սխալ է ատելը
Սխալ է սիրելը,
Այրվելը,
Մխալը:
Սխալ է, անկասկած, և այսպես դատելը
Ուստի և այս երգը ... սխալի՜ց սխալ է ...
նկ. Մինաս Ավետիսյան
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են.
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաեւ խղճում եմ,
Եթե զղջաում են.
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ.
Նաեւ ատում եմ,
Եթե ստում են.
Բայց ամենից խոր
Ես հավատում եմ:
Ոչ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը.
Ոչ միայն գիտեմ.
Ես հավատում եմ,
Որ անհնար Է արեւը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի ...
Ինչու թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի ~ նչ ասես չկա նրա փակ սրտում.
Գիտի կործանել,
Բայց եւ ... գո ~ րծ անել,
Մատնություն գրած նույն իր ձեոքերով,
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով `
Եվ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նույն այդ ձեռքերով `
Եվ դանակ խրել,
Եվ վեպեր գրել.
Նա գիտի զարկել
Ու զրկե ~ լ գիտի,
Բայց գիտի գրկել
Ու փրկե ~ լ գիտի.
Նա գիտի կեղծել
Ու սրբապղծել,
Առավել եւս,
Գիտի ստեղծե ~ լ.
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո ~ ւմ եմ.
Ես հավատում եմ նրա բնության ոչ թերությանը `
Ստորությանը
Ու չարությանը,
Այլ խորությա ~ նը
Ու բարությա ~ նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությանը,
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը, -
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել `նրա ծնվելիք որդուն.
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի, -
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը.
Եվ Վեներայի լանջին կկառչի, -
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը ...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ, նրա հոտառությանը,
Ամե ~ ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ, նրանց մթարությանը.
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն,
Էլի ~ ճար կանեն,
Տեղ կհասցնեն ...
Ես հավատում եմ հավատի ~ ն մարդու `
Իմ այս հավատին
ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ
Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքս ինձ,
Ասում եմ ես մտքիս մեջ
Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:
Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝
Ո՜չ քեզ, ո՜չ ինձ:
Ո՜չ մեկիս...
Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜),
Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել...
Եվ կույր ձեռքս
կույրին հատուկ խարխափումով ու դողով
Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում
Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից
Ջնջում է իմ «հարկավոր չէ» -ն տառ առ տառ...
Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն,
Տանջանքի հո՜ղը գլխիդ:
Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ,
Որ մոռանաս «միթե» -ները,
«Չէ որ»-ները քո երկսայր
Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին
Գարնան պես:
Իսկ գարո՜նը...
Արձակվում է ճամփաների պաղն արդեն:
Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:
Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի
Իրենց հունով բաց են անում նորանոր
Երակներ ու զարկերակներ սև ու տաք.
Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝
Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ...
Ինչքա՜ն կուզես «հարկավոր չէ՜» գոռգոռա.
Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից
Ձյան պես հալվի,
Դառնա պաղած թանապուր.
Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ
Քո սեփական արյունով,-
Միևնո՜ւյնն է.
«Հարկավոր չէ՜»-ն իր իսկ կամքին հակառակ,
Ինքն իրենից թաքուն անգամ՝
Ի վերջո
Վերափոխվում ու դառնում է «ի՜նչ ուզում է թող լինի»,
Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...
Որովհետև... «չէ որ»-ները նո՛յնպես քնել են ուզում...
Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...
Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից
Միշտ զգում եմ գլխապտույտ,
Որ տևում է ամիսներ...
Որովհետև... պարտվե՞լ, այո՛,
Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,
Սակայնո՛չ թե ինքդ քեզնից.
Ինքդ քեզնից պարտվելով՝
Դու դառնում ես փսոր ծամոն
Կամ ինքնաթափ պատի ծեփ
Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,
Գեթ մեքենա՛ խելացի,
Որ կուզեի՛ իրոք դառնալ,
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ:
Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:
Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,
«Հարկավոր չէ՛»-ն հարկավոր չէ՛ իսկապես.
Մե՛նք ենք իրար հարկավոր...
Անցած Սերերը
-Իմ սերե՞րն անցած…
Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես… ծննդյան եզակի օրը:
Եվ հետո… հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում… ավելորդ ատամ:
Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:
Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես… մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…
Ախ այս ամենա-ն…
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ… այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց… դժբախտ չե՜ն զգում…
Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա…
-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր… մեռած երեխաները…
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ…
ԱՆՋԱՏՈՒՄ
Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:
Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտից արդյոք,
Թե այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում `
Ինչ - որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն ...
Ուր ես: Ինչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դաշտ կա: Անջատված ենք:
Խնձորն էլ են քամում - հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա ... անջատվա՜ծ ենք ...
Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ - որ մի գնդակ է անվերջ կաղում - խաղում:
Խենթանում են այսպես: Գնդակն ինչ գործ ունի
Ինձ հետ, լռության հետ եւ մեր անջատման հետ ...
Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է `ճյուղի նման ջարդված ...
Տեսնես թե աշխարհում կա գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա `ես փոխում եմ ազգությո՜ւնըս ...
Կա: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց եւ լռություն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մեկ բառով է լցված `« անջատվել »- ով:
Եվ մեկ միտք է հիմա մեջըս գոռում - գոչում,
- Աշխարհում կա արդյոք գոնե մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա `ես փոխում եմ ազգությո՜ւնըս ...
Հեռու ես, հեռու՜,
Ու ձայն չես տա ինձ, որքան էլ ձայն տամ.
Գիտեմ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ, որքան էլ փնտրեմ.
Բայց ... միթե սրտին բան կհասկացնես.
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում.
Մայթերը լի են ժպիտ - ծիծաղով,
«Ներողություն» - ով ու «համեցեք» - ով,
«Ցտեսություն» - ով ու «բարեւ» - ներով.
Բոլորն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դու չկաս - իմ սիրտն է թափուր ...
ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ
Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում.
Ինչպես քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղում: Բայց դրանից
Ոչ կոշիկըդ կլայնանա,
Ոչ էլ ցավը կմեղմանա ...
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:
Աշնան օր
Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք…
…Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում…
ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Եվ այն հասկացա -
- Խինդով ու ցավով -
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա, անհնար է բուրմունքն սպանել,
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:
- Ամենավայրի սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:
ՔՄԾԻԾԱՂ
Ամենից դժվար բանը սիրելն է:
Իսկ ոտներիցըս բարի բան - չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց այն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ եւ մեր միջեւ
Ձգվել է իբրեւ մի մե՜ծ քմծիծաղ:
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը, Որ քեզ են ուզում կենդանացընել:
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
- Իմ չարությունը արդարացի է:
Կա գիշերային ինչ - որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը եւ մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չափ էլ:
Ու տուն եմ գալիս,
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Այն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջեւ ձգվում է իբրեւ մի մե՜ծ քմծիծաղ:
Բայց թռչունի չափ ես չկամ իրոք.
Ես թեւեր չունեմ,
Եվ անկարող եմ նաեւ քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է ... նույնպես քմծիծաղ.
Առանց քեզ
Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է…
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել – և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ…
Անուղղելին
Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:
Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:
Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:
Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:
Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:
Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:
Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:
Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
- Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…
Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում.
- ես քեզ եմ ուզում...
Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միակ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..
Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում...
Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շատ է սազում...
Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քեզ է իր խորքը սուզում...
ՍԻՐՏ ԻՄ
Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...
նկ. Մինաս Ավետիսյան
ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԳՐՈՏՎԱԾ ԵՄ
Եվ ամբողջովին գրոտված եմ ես,
Այնպես եմ պատված սոսինձ բառերով,
Ինչպես հնձվորի ոտք ու ծնկերը
Փշոտ սերմերով այն լպիրշ բույսի,
Որ հենց այդպես էլ կոչվում է՝ կպչուկ։
Ոտիցըս գլուխ գրոտված եմ ես,
Ու եթե վրաս լուսանցք է մնում,
Դա էլ՝ ձե՛զ համար,
Որ գրի առնեք
Ձեր հազա՜ր ու մի դիտողությունը։
-Մի «կեցցես»-ի հետ՝ հազար «բա եղա՞վ»։
Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Այս անվերջ զնգոցն ու զանգը,-
Լավ երգը կրկնել տուր անվերջ`
Կցնդի նախկին հուզանքը:
Թե ջուրը նույն ափն է ծեծում`
Լճակ է և կամ ճահիճ է,-
Մաքո՛ւր ջուր, հոտա՛ծ ջուր չկա,
Գործում է միայն հոսա՜նքը:
ԱԽ, ԳՈՆԵ ԱՆՓԱԿ
Ախ, գոնե անփակ
Բերանը փակի,
Որ «Լո՜ւյս է, լույս է»-ն
Ականջ չծակի:
Այս ծակ-ակտիվը
Ո՞նց չի հասկանում.
Առանց աքլոր էլ
Լույսը կծագի:
ՍԻՐՎԱԾ ՏՈՂԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արտառոց եմ ես,
Անհասկանալի.
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
... Եվ կհասկանաս:
Հավատա, կօգնե՜ն:
Չէ որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը....
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ - որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ, իմ սիրտն է քնած.....
Եվ զգում եմ ես ինձ այն վիճակում ծանր,
Որ եւ պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում ...
Ու ես չեմ ուզում ոչինչ ուզենալ ոչ այն պատճառով, որ ուզենալը վիրավորիչ է, այլ
այն պատճառով, որ պատճառ չկա բան ուզենալու .......
Քանի որ ՑԱՎՈՎ տեսնում եմ կրկին,
Որ մարդկանց առաջ զո՜ւր է բացվելըս,
Դաշտի պես փռվել ու տարածվելըս ....
Ես բարության պապակից եմ մխում հիմա ...
Ու վերստին կանգնած եմ ես ինքս իմ դիմաց
Ինքնադժգո՜հ,
Ինքնապարսա՜վ
Ու խռովուն:
(Բարությունն այս ինձ խեղդում է կամա՜ց - կամա՜ց) ...
Ես խուսափում եմ
Թեթեւ դերերից,
Էժան սերերից
Եվ ամեն տեսակ
Ու ամեն կարգի բոլոր տերերից
Մարդկանց առաջ եւ քո առաջ
Ահավասիկ ինքս եմ բացվում,
Ինչպես մանուկն օրորոցում `
Երբ շոգում է ...
Թե ինչ է փոխվել, ես գիտեմ, անգին.
Միշտ, ամեն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում ...
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ոչ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այս վիճակը քո,
Ոնց պիտի լինես,
Ինչ պիտի անես.
Տես, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սուտ ու փո՜ւտ աշխարհ,
Փուչ ու ո՜չ աշխարհ ...
Խղճամ, թե ատեմ այն
տարագըրին,
իր հայրենիքում ...
Որ միշտ ապրում է ...
իր հայրենիքում ...
Սուտ կա, որ ճիշտ արժե:
ՈՒ ես հավատում եմ մեր հնարած Ստին,
Թե չենք կորցնի իրար:
Արտառոց եմ ես,
Անհասկանալի.
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
... Եվ կհասկանաս:
Հավատա, կօգնե՜ն:
Չէ որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:
(())
Ասում են թույնով կենաց չեն խմում…
Իսկ ես կխմեմ…
Հանուն այս խաղի այս կեղտոտ խաղի,
Որ հիմարաբար սեր էինք անվանում:
Հանուն այն բոլոր տառապանքների,
Որ խենթաբար զգացմունքներ էինք կոչում:
Հանուն… Քեզ…
Եվ քո աչքերի, որ ծովեր էի անվանում,
Ու չէի հասկանում, որ վաղուց խեղդվել եմ
Ինձ շատ հարազատ այդ ծովի խորքերում ,
…Ասում են թույնով կենաց չեն խմում
…Կենացդ լինի…
Սպասումի իմ կարոտը իր դիրքերը դեռ չի թողել,
Կոկորդիս մեջ դեռ կռվում է խեղդիչ ծուխը սուր
վառոդի
Քո սեփական բուրմունքի հետ ...
Գուցե կարոտից
(Ես ուզում եմ քեզ տեսնել բաց աչքով).
Եվ այն կարոտը,
Որ սրտի վրա `
Իր տիրո՜ջ վրա,
Նոր տեր է կարգվել ...
Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
Որին չեմ սիրում,
Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում -
ՄԵրթ `կոչվում թախիծ,
Մերթ `կարոտ,
Մերթ `վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
Հետապնդում է
Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան, Ում դուր չենք
գալիս ...
- Անտանելի՜ - ահե՜ղ բան է,
Երբ խղճում է մարդ ինքն իրեն:
Առավել քան բավական է հենց այսքանը:
Իսկ ավելին հարկավոր չէ՜,
Տեր, ողորմյա՜ ...
Երբ կսկիծն է արդեն դարնում անտանելի,
Ասում են, թե մոտենում է նրա վերջը:
Զուր են ասում:
Սուտ են ասում ...
նկ. Մինաս Ավետիսյան
Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:
-Սերն է...
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,
-Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...
-Սերն է...
Անծանոթներ
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո~ր:
Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե~ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:
Անծանոթ ենք իրար:Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս` վառվա~ծ արդեն)...
Առերևույթ սառն ու թեթև:
Ա՛խ, դա խաղ է մի սրտակեղ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ`
Գլանակիս կրակի պես,
Իսկ դու~,իսկ դո՛ւ... Փնտրու~մ ես դու,
Որոնու~մ ես ինչ –որ մի բան
(Պայուսակու՞մ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,
Եվ... չես գտնում հավանաբար...
Խենթանում եմ քո պատճառով
Խենթանում եմ քո պատճառով ու քեզ համար,
Խենթանում եմ ու հասկանում,
Որ կարոտը մի գույն ունի ու դա գույնն է քո աչքերի,
…...
Որ թախիծը մի ձև ունի
ու դա ձևն է քո աչքերի:
Ու ես այսօր հասկանում եմ,
Որ անսահման խենթությունն էլ ունի սահման,
ՈՒ սահմանին "ԴՈւ" ես կանգնած, մեկ էլ "ԱՍՏՎԱծ
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՍՈՆԱՏ
Ա. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից գուցե մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,-
Կիսախելագար մտքեր են գալիս
Որ խտանում են իմ խեղճ գանգի մեջ,
Խտանում, ինչպես սերմերը՝ հասկում։
Ես միտք եմ անում,
Ա՜խ, եթե մեռնելն այնպես հեշտ լիներ,
Ինչպես ծնվելը...
Բայց մինչև անգամ թե այդպես լիներ՝
Կշահեինք մե՛նք,
Դարձյա՛լ - վերստի՛ն - կրկի՛ն - նորի՛ց մե՛նք,
Բայց ո՛չ մայրերը։
Բա մեղք չե՞ն նրանք...
Բ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից իզո՜ւր մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,-
Պարապ քայլերով պատից մինչև պատ՝
Կոշիկիս մռթով ու կրունկներով
Խուլ նվագում եմ հատակի վրա,
Որ տանտիրուհու ձեռքի է կարոտ,
Եվ այդ նվագին ունկ չդնելով՝
Հանկարծ միտք անում,
Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի,
Սակայն ոչ երբեք Արևի վրա։
Եվ չգտնելով հարմար պատասխան,
Ավելին՝ նույնիսկ չըորոնելով,
Զգում եմ, թե ես ո՜նց եմ կարոտել
Ա՛յն ավազակին,
Որ կոչվում է շոգ։
Գ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից արդե՛ն մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,-
Աչքըս, ակամա,
Ճամփորդության է դուրս գալիս հանկարծ,
Դիմացի շենքի
Զարդաքանդակված քիվի երկայնքով
Ճամփորդում այնպե՛ս զգույշ ու դանդաղ,
Ասես մրջյուն է
Եվ ոչ թե հայացք։
Ճամփորդում է նա քիվի երկայնքով,
Եվ հասկանում եմ ես լուսնոտներին։
Ու հանկարծ,-
Կյանքումս առաջի՜ն անգամ,-
Լուռ միտք են անում.
Լուսնային ախտով հիվանդներ թե կան,
Իսկ ինչո՞ւ չկան
Արևի ախտով տառապող մարդիկ,
Եվ դա չի՞ կապվում այն առեղծվածին,
Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի,
Սակայն ոչ երբեք Արևի վրա...
Դ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից վաղո՜ւց մոռացված
Նույն այդ անձրևն է ինքն իրեն թախծում,
Երբ տխրությունը դարձյա՛լ իմ տան մեջ
Իրեն պահում է տատիրոջ նման,-
Գրասեղանից մի գիրք եմ վերցնում,
Որ՝ հետապընդված իմ իսկ մտքերից՝
Գեթ ապավինեմ էջերին նրա։
Վերցնում եմ և - ի՜նչ.
Խորհում ակամա,
Որ նույնիսկ գիրքը... նա էլ է նեղվում՝
Ընդմիշտ սեղմըված ամուր կազմի մեջ...
Ե. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից ընդմի՜շտ մոռացված
Նույն հին անձրևն է թախծում ինքն իրեն,
Եվ տխրությունը իմ ներկայությամբ
Տանըս մեջ իրեն տանտեր է զգում.-
Էլ ի՞նչ է մնում,
Որ ես ինչ անեմ.-
Գլուխս եմ կողպում
Ու բաց եմ անում փակված բերանըս.
- Է՜յ, ընկե՛ր երկինք,
Մի՛ խուլիգանիր,
Թե չէ՝ միլիցիա կզանգահարեմ։
Ձայնըս չի՞ հասնում հեռու երկընքին,
Թե՞ միլիցիայից նա չի երկյուղում
Եվ բաց չի անում իր դեմքը ամպած.
Ամենքի կողմից իզո՜ւր մոռացված
Այդ նույն անձրևն է թախծում ինքն իրեն,
Իմ տուն ներս եկած տխրությունն անկոչ
Տանտիրությունն է դեռ շարունակում,
Ու ես, զայրագի՛ն,
Ու ես, ճարահա՛տ,
Քենըս թափում եմ իմ խոհանոցի ծորակի վրա,
Որ բաց է եղել.
Ես խեղդելո՜ւ պես ծորակն եմ փակում։
Եթե անզոր եմ երկընքի հանդեպ,
Այս լիրբ ծորա՛կը թող լռի գոնե,
Որ... չատեմ ջուրը
Ու չկարոտեմ ա՛յն ավազակին,
Որ շոգ է կոչվում։
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Դու` 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
Դու` հյուլեական,
Կարծես էական
Եվ ավելի քան կարծես բանական,
Բայց նաև նույնքան խելագար դարի,
Ո՜վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության անդարման ցավով,
Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
Եվ իր թունավոր սաղարթն է բերում
Խառնելու գլխիդ մազերին անգամ:
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ահարկու՜ ցավով...
Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
Եթե ներկադ էլ
Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
Քան վաղվա մասին պարապ խորհելու...
Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանես,-
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
Ինչպե՞ս իմանաս:
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...
Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
Ազատու՜մ չկա: Եվ պրծու՜մ չկա:
Կա մի վիթխարի՜ անորոշություն,
Որ տորիչելյան դատարկության պես
Երբեք չի՛ լցվում:
Կա մի անսահմա՜ն անորոշություն,
Որ սողոսկում է`օդի պես` այնտեղ,
Ուր կա ծակոտիք:
Կա մի որոշյա՜լ անորոշություն,
Կրկնակաղապար` ընկույզի՛ նման:
Եվ ինչպե՞ս ապրել
Թունոտ ու կարծըր կաղապարների
Անշունչ արանքում,
Էլ ինչպե՞ս ապրել...
Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն
Ու կուրանալուն`
Խոնավությունի՛ց,
Ինչպես որ մարդը` անորոշության
Օվկիանին անափ:
Իսկ ու՞ր է ցամաքն ու չորությունը:
Ցեմենտ կոչվածը
Կարգին շնչում է միայն ջրի՛ մեջ,
Մինչդեռ այդ խեղճը շնչահեղձվում է
Հենց ի՛ր իսկ փոշով,
Ինչպես որ մարդը`անորոշությամբ:
Իսկ ու՞ր է ջուրը...
Արևի շողերն ուզում են մտնել
Նաև եղնջի թփուտի մեջ թավ,
Բայց, դաղդղվելով, բեկվում են կողքի:
Թող ցույց տան նույնիսկ եղնջի՛ թփուտ,
Որ չի ստվերվում անորոշությամբ,
Եվ բնակավայր դու կդարձընես
Այդ եղնջու՜տը...
Թե ծառ լինեիր`
Դու կարտասվեիր սեփական խեժով
Եվ քո կեղևով քեզ շրջափակած`
Քեզ կբուժեիր:
Բայց քո արցունքը
Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,
Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը`
Լեցու՜ն, լեփ-լեցո՛ւն անորոշությամբ...
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա...
Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձ նմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորո՜շ ցավին...
ԱԹԻԼԼԱՅԱԲԱՐ
Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին - անգիտակցաբար մեծ մեղք են գործում:
Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:
Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել...
նկ. Մինաս Ավետիսյան
Երգ Երգոց
... Խնդրեցի զնա, եւ ոչ գտի.
Կոչեցի զնա, եւ ոչ ետ ինձ զձայն. ...
Իւղ թափեալ է անուն քո ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
Ձմեռն այս վկա.
Քեզ չփընտրեցի, չըորոնեցի
Եվ ... գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
0 ,՜Սուլամի՜թա.
0 ,՜Սու՜լ ...
Սուլամի
0՜, Սուլամի՜թա.
Քո բիբլիական անունն եմ սիրում,
Սիրում եմ, այն էլ բիբլիական սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
Թվում է հիմա հեթանոսական,
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց ... նրա աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնական օրվա,
Մինչ նա իմ միակ շապիկն է. մսե՜ ...
Եվ ես սիրում եմ քեզ, ամբողջովի՜ն.
Իսկ ինչ ես, ինչ ես դու ամբողջովին,
Եթե ոչ մարմին,
Ու նաեւ արյուն.
Ւսկ մնացածը, բառեր են միայն,
Պա՜ղ - արհեստակա՜ն ու ճապաղ լեզվի
Մի թարգմանությու՜ն.
Իսկ ես խոսում եմ մայրենի լեզվով,
Ադամի նման
Ու Եվայի հետ.
0 ՜,Սուլամի՜թա, օ,՜ Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել ...
Ուր է դրախտը,
Եթե ոչ, միայն քո թարթիչների հովանու ներքո,
Քո դեռ փակ ծոցում, որի դռները,
Արդեն թակում են
Եվ երկու՜ կողմից.
Քո սիրտը, ներսից,
Իմ ձեռքը, դրսից ...
0 ՜,Սուլամի՜թա, բաց արա դուռըդ.
Ես քեզ չեմ փնտրել, քեզ չեմ որոնել,
Չեմ էլ հարցըրել ես պահակներից
Քո
Իմ չունեցած - չիմացած հասցեն.
Ես ճամփորդի պես,
Ու մոլորվածի,
Հասել եմ դուռըդ,
Որ եւ բախում է իմ ձեռքը դրսից,
Քո սիրտը, ներսից.
Ընդունիր հյուրիդ,
Որ կդառնա տեր,
Բայց նաեւ, ծառա՜ ...
Եվ թույլ տուր խոսել.
Գրկելուց առաջ,
Փարվելուց առաջ,
Թույլ տուր քեզ նայել
Մի փոքըր հեռվից.
Եվ թույլ տուր կրկնել,
Համբույրի առաջ,
Համբույրի նման
Կրկնել անունըդ.
- 0 ՜,Սուլ ...
Սուլամի ...
0 ՜,Սուլամի՜թա ...
... Գեղեցիկ ես իբրեւ զԵրուսաղեմ ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
0 ,՜Սուլամի՜թա.
Հապա շուռ արի, որ ես քեզ տեսնեմ.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ոչ ավելի ու ոլ էլ պակաս.
Ինչդ է գեղեցիկ, ուրիշը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են.
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել.
Եվ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Եվ սովորական, քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ.
Դու սեւ ես, ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սեւության մեջ, այնքան լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը.
Սեւ են աչքերըդ, իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս այն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու.
Սեւ են վարսերըդ, ինչքան ճերմակ է
Դեռ փակ կուրծքը քո,
Ավելի ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
Որ փրկեց Նոյին,
Ուրեմըն, եւ քեզ,
Ինձ ու ... մեր սե՜րը.
Ավելի ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես եւ ոչ մի սեւ աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ.
Մի լինիր այսքան ... այսքան սպիտակ.
Բացվիր հայացքիս եւ աչքերիս դեմ,
Նաեւ մատներիս,
Յուրաքանչյուրը, միս դարձած մի շող.
Արեւառություն ընդունիր մի քիչ
Իմ հայացքի տակ,
Նաեւ մատների՜ս.
Քո կրծքի նման ճերմակ են նաեւ քո ատամները.
Եթե պարկեշտ ես,
Մի՜ ժպտա երբեք ...
0 ՜,Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի եկ ինձնից,
Բայց շիկնիր, շիկնի՜ր,
Որ իմ նեղ խցում
Արեւածագի պատրանքն զգամ ես.
Շիկնի՜ր ու թույլ տուր,
Որ հետըդ խոսեմ,
Փարվելուց առաջ.
Փարվելուց առաջ,
Մի փոքըր հեռվից
Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում.
Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր,
Քո թուխ մազերով լուսապսակված.
Եվ քո շուրթե՜րը ...
Ինչու է թվում,
Թե քո այտերին - առաջին անգամ -
Հպվելը նույնքան դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման - դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն - առաջին անգամ -
Նույնն է, ինչ մի նոր տաճար ավերել,
Թե հիմնադըրել մի եկեղեցի ...
Քո պարանոցը,
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից - դարե՜ր - մարդիկ են կախվել,
Ինձ նմաննե՜րը ...
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չեմ բողոքում.
0՜, Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից.
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված.
Դու չես կամենում, որ ամբողջ գիշեր
Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
Սաղմոսնե՜ր երգեն.
«0 Սուլ ...
Սուլամի ...
0 Սուլամի՜թա ... ».
0 ՜,Սուլամի՜թա.
Տեսնում ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի,
Սողոմոնիպես.
Նրա արյունից միթե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում.
Որտեղից հապա
Նրա արյունը օտարիս սրտում,
Իմ սրտում, որ քեզ
Սիրում է այսպես,
Աստվածաշնչյան այնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական,
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց ... նրա աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնական օրվա.
Իսկ նա իմ միակ շապիկն է. մսե՜.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի,
Սողոմոնի պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես ...
Գիտես,
Ես ինչ - որ չափով նույնպես արքա եմ.
Ոչ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ոչ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել.
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ինչ եմ ես հապա,
Ինչպես ինձ կոչել, եթե ոչ արքա, -
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները երբ են պատկանել մանկլավիկների ...
Մուծէք ինձ ի տուն գինւոյ ...
Վասնզի խանդակաթ եմ սիրով ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Երուսաղեմում երբեւէ չեղած աղջիկներ խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ.
Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաեւ ծանրաքար մի բեռ,
Սեփական սի՜րտըս.
Նա ծա՜նր է դարձել,
Եվ ... ծանըր այնքան,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի.
Իսկ մինչեւ անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքիս չեմ կրում,
Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված.
Երուսաղեմում երբեւէ չեղած խարտյաշ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ, տեսեք - ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո.
Երուսաղեմում երբեւէ չեղած խարտյաշ աղջիկներ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբեւէ չեղած
Երուսաղեմի դուստրը սեւահեր
Ւնձ չի պատկանում.
Նա կա եւ չկա, ինչպես երկինքը,
Իմն է - իմը չէ, ինչպես որ ինքը ...
Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն.
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, եւ ձայն չի տալիս.
Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներում որոնեմ նրան.
Երուսաղեմում երբեւէ չեղած աղջիկներ խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաեւ ձեր դեմքին,
Գտնում եմ մի մաս, մի նշույլ, մի շող,
Իսկ իրեն, բնա՜վ.
Երուսաղեմում երբեւէ չեղած խարտյաշ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան,
Երուսաղեմի թխահեր դստեր,
Ինչ պիտի ասեք.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով.
Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական,
Իր բազմադարյան
Հրեական արյան
Եվ նոր,
Նոր զարթնած իր սրտի նման, -
Հին ու նոր,
Ինչպես առավոտն ինքը.
Դուք լսում եք ինձ, խարտյաշ աղջիկներ.
Դուք գիտեք արդյոք, թե ինչ եմ ուզում,
Որ ասեք նրան, այդ սեւահերին.
Երդվեցնում եմ ձեզ, ասացե ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջին,
Իսկ ես էլ, նրա առաջին սերը.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկներ խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան,
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում, դռնփակ հնձան,
Բուրող հնձանում, եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
Ես չնվաղեմ.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաեւ,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
Եվ նույնիսկ կանչի՜,
Ինձ ձայն տա սիրով,
Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի եւ սիրո եզերքին ընկած
Խեցին կա,
Սակայն ...
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը
Հափշտակված է օտար գազանից
Եվ կամ թաղված է իր քարե բնում ...
Երուսաղեմում երբեւէ չեղած աղջիկներ խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սեւակըն դստեր,
Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն.
Թող նա շտապի,
Թե չէ, կուշանա՜,
Թե չէ, կլսի
Ոչ թե իմ կանչը,
Այլ վերջին ճի՜չը ...
Ահեակ նորա ընդ գլխով իմով,
եւ աջ նորա պատեսցէ զինեւ ...
«ԵՐԳ ԵԳՈՑ»
Եվ դու չուշացար,
Դու շտապեցի՜ր,
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա ...
Իմ Սուլամի՜թա.
Եկար վազեվազ,
Եռամյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ, եկա՜ր.
Եկար ... եւ իսկույն, իմ Սուլամիթա,
Հազարամյակներն իմ ու քո միջեւ ասես ջնջվեցին ...
Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ:
Ես այգի չունեմ ... եւ այգիս չեկար.
Մայթեր կան հիմա
Ու գորշ քաղաքներ,
Շենքեր բազմահարկ,
Նրանցից մեկում,
Սենյակ մի նեղլիկ.
Դու այնտեղ եկար.
Եկար փարվեցիր,
Քո ամբողջությա՜մբ.
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները, երկնին.
Ու ես այդ պահին զգայուն էի,
Ինչպես քո մաշկը,
Եվ մաքուր էի,
Ինձ վրա հառված հայացքիդ նման.
Եվ դու բացվեցի՜ր ...
Այդպես բացվում է մահճում երեխան,
Մթնում, ծաղիկը.
Ու ես այդ պահին,
Քո անմեղության բույրերից արբշիռ,
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ ... աղքատությա՜մբ.
Ու տրվեցի՜ր դու,
Ծնվելով նորից:
Այդպես տրվում է հողն արմատներին,
Իր հունին, ջուրը.
Ու ես հասկացա, որ ես ոչ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
Որքան քո գրկում.
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում.
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ ...
Իմ սերերն իրար եւ նման էին,
Եվ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները.
Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար ...
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա.
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
Քո թուխ վարսերից
Ու ծավալվելով,
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ոչ այս, եւ ոչ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
Չկար ժամանակ,
Չկար նաեւ միտք.
Կար շնչառություն,
Որ շատ էր նման
Օվկիանոսների տուրեւառությա՜ն ...
Ես ննջեմ, եւ սիրտ իմ արթուն կայ ...
Դիր զիս իբրեւ զկնիք ի վերայ սրտի
Քո ... վասնզի հզօր է իբրեւ զմահ սէր ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Լաւ են երկու, քան զմի ... զի եթէ
ննջեսցեն երկուք, ջեռուցանեն զմի -
մեանս, իսկ մին, զիարդ ջեռուցու ...
«ԺՈՂՈՎՈՂ»
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա.
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում.
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ.
Հիմա դու չկա՜ս,
Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձած,
Մի սովորակա՜ն - աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում ...
Ինձ արդեն վաղու՜ց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
Եվ փնտրում եմ քեզ,
Սակայն չեմ գտնում,
Ու կանչում եմ քեզ,
Բայց ձայն չես տալիս.
Տարածությունն է ընկած մեր միջեւ,
Ինչպես մի սահման,
Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց.
Իսկ մենք, թշնամի ...
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ - որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ, իմ սիրտն է քնած.
Հեռու ես, հեռու՜,
Ու ձայն չես տա ինձ, որքան էլ ձայն տամ.
Գիտեմ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ, որքան էլ փնտրեմ.
Բայց ... միթե սրտին բան կհասկացնես.
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում.
Մայթերը լի են ժպիտ - ծիծաղով,
«Ներողություն» - ով ու «համեցեք» - ով,
«Ցտեսություն» - ով ու «բարեւ» - ներով.
Բոլորն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դու չկաս - իմ սիրտն է թափուր ...
Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ, գիտես, ես էլ եմ նախանձ.
Նախանձում եմ ես սիրող զույգերի՜ն.
Շրջում են գրկված, ձեռք - ձեռքի, կիպ - կից:
Մենակ եմ լոկ ես.
Դու չկաս, լոկ դու՜.
Ձեռքիս ափերը հալվել են ուզում.
Ուր է կրակը.
Քո ձե՜ռքը չկա.
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
Ուր են ուսերըդ,
Եվ լանջըդ ուր է.
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
Սիրած ծաղիկըդ.
Ես ում նվիրեմ:
Հեռախոսային խցերն ազատ են,
Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում.
Ում զանգահարեմ, եթե դու չկաս.
Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը, սառած լավայով.
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ,
Այժըմ և ընդմի՜շտ.
Այժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից, արդեն
Շերտավոր եմ ես,
Ինչպես հովազը:
Ախ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի,
Ցանկացա՜ծ գնով.
Եվ ու՜ր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչու չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի ...
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը:
Ու ես ապրում եմ,
Այդպես վառվելով:
Դու կարծես չկաս
Ու չես լինելու,
Այլեւս ինձ համար մեռած ես կարծես.
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի,
Կվառվի այլուր.
Եվ դու - ինձ համար - չե՜ս մեռնի երբեք,
Ինչպես չի մեռել
Քո նախա - նախա - նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն էր կրում,
Իմ Սուլամի՜թա.
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի.
Եվ ի հակառակ, անկասկած ասել,
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն, իր ծաղկելը,
Ցուլն, իր բառաչը,
Եվ ժամապահն, իր նշանաբանը,
Սակայն ոչ ես `քե՜զ,
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա ...
Նկ.Մինաս Ավետիսյան
ԱՆՄԵԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ
Մտքովըս հաճախ բաներ են անցնում,
Որ շատ է նման խելագարության.
Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
Չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ էլ ափսոսանք.
Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
Ինչ-որ ափսոսանք
Ծագում է հանկարծ
Ու ծակում հոգիս...
Խաղալիք սարքողը
Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չեմ ուզում» եւ կամ «ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
ՈՒ չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ,
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասես»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասես»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն - շոշափե՜ն:
ՈՒ երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել - շոշափել,
Այլեւս չասել չեմ կարողանա
ՈՒ կասեմ.
- Գիտեք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրոք կդառնամ:
... Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքեւ են թափվում
Աստղերի պաղ - պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերեւ»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ինչ արժի» ես ինձ
Լուռ կասեմ «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջույն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ինչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասես»:
Իսկ այդ աղջիկը, գիտեք, ասում էր,
«Երբ Բեթհովեն եմ լսում, թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով »...
Ես ունեմ նաեւ ճիշտ կաղապարը եւ այդ աղջըկա,
Տա՜ք կաղապարը:
ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ այդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:
Եվ ով ինձ հարցնի. «Ինչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա»:
«Դատա՜րկ բան, - կասեմ, -
Ընդամե՜նն արժի մի ... անցած մի կյա՜նք »...
Այսպես, կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:
Եվ ամեն անգամ
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը»,
Որ հարց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա»:
Որ պատասխան չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
ՈՒ ... հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ոչ ոք չի կարող):
Լոկ մի բան սարքել,
Այն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ այդ չի սարքվում,
Թեպետ եւ անվերջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծու,
Տիրակալների հրամաններով,
Պարանով,
Որ լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքով,
Որ մարդկանց կրծքերի վրա
ՈՒսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում են այն, ինչ որ չի՜ սարքվում,
ՈՒրեմն նաեւ չի կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումից եմ պակաս:
Եվ ... վճռվա՜ծ է.
Ես էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, եւ շա՜տ:
ՈՒ պիտի ծախեմ,
Ծախեմ ամենո՜ւր,
ՈՒր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներում
ՈՒ խանութների դռների առջեւ,
Մայթերի վրա
Եվ արձանների պատվանդաններին,
Թե գրքերի մեջ,
Թե ամբիոններից:
ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ոչ թե ես,
Այլ, այն խաղալիք աղջիկը:
Եվ նա կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան, - կասի, -
Ընդամե՜նն արժի մի ... անցած մի կյա՜նք »...
... ՈՒ պիտի որ ես, ինքներդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առեւտրով:
Եվ այնքան պիտի ես հարստանամ,
Որ ... համերգի տոմս առնեմ ու ...
... Գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով ...
Իսկ թե այդ պահին
Գարուն թե աշուն կլինի դրսում,
Միթե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ,
Միթե նույնը չէ եւ ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվեն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած թե չամպած
Երկնքից պիտի թափվեն - չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ կարճ կոչվում են «տերեւ» ...
ՈՒ տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի «Բարեւ»,
Ես ի պատասխան կասեմ «Ինչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ - որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրեւ պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»:
Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
ՈՒմ իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ով կամ ինչ լինելը:
Ձեռներըս նորից ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ինքս էլ, ինքս էլ ինձ կասեմ «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Իմ իսկ բերանից,
Իմ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկըրկընի
Հնավաճառի ելեւէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի» ...
Նկ. Մինաս Ավետիսյան
Եկ հպարտ մնանք
Մեզ վիճակվեց - մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք ` երկու ցավի, երկու դավի ճանկում
Բռնվեցինք մի նոր , չկրկնվող սիրով:
Ու վիճակվեց... ապրել մեկս մեկից բաժան,
Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի,
Քեզ ` չազատել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ` չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...
Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ...
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –
Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...
Պատահում է և ... շատ հաճախ,
Մարդ մտովին կրակում է ինքն իր վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ–որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է։
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում – մնում ենք մենք։
Եվ ինքներս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական–կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևս մի կարճ տարի...
Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜–քանի՜ անգամ
Այս սրախիճ տատասկապատ ճանապարհը
Կրկընել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնել եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց...
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ի՛նքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջկա աչքերի մեջ։
. . . . . . . . . . . .
Փակի՜ր աչքերդ, սիրելիս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ ... ավիրեմ քո՛ աչքերը...
Փակի՜ր աչքերդ, սիրելի՜ս...
Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:
Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):
Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…
13.03.1967թ. Արզնի
Մենք իրար ձեռք չսեղմեցինք...
Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:
Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:
Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:
Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ...
...Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜...
Նկ. Մինաս Ավետիսյան
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անուշ մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով ներողություն...
Այսուհետև, ինձ հավատա,
Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս։
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար
դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են։
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել։
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ
դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ։
Չգիտեմ`ի՞նչ անեմ:
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ-ինչոցը` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտեմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ-գնամ, տամ փողոցին տուրքը.
Կամ հավաքեմ հարկըս նույն այդ փողոցներից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ:
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատըս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատնյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցըված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով…
«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ…
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում «հե՜յ-հե՜յ» գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
«Հե՜յ-հե՜յ» կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ «հե՜յ-հե՜յ» կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի…
Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
«Լույս զվարթ» եմ երգում իմ մտքի մեջ
Եվ «Առավոտ լուսո»:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել…
Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը (իրե՜նք) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը…
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:
Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը…
Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց,
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում…
Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես (մարդո՜ւ նման) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես (և ավելի՜) զգուշացո՜ղ ձիեր…
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացըս զսպեմ ու ձեր… ցա՜վը տանեմ, ձիե՛ր…
Եվ իմ ներսում,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռոսյան տխուր հաղթանակն էր տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր…
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր…
Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ «մեղա»,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի… տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի… ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ.
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թափող
Ձիե՛ր…
Նկ. Մինաս Ավետիսյան
Ամպոտ եղանակ
Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն,
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ ... համատարած սիրտ.
Շարժումներս ամեն, սրտի բաբախում,
Բոլոր ձեւերըս, շարժումներ սրտի ...
Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես ...
Իսկ դրսում ցուրտ է.
Դրսում ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՜յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշրտուքը անօգ ծառերի,
Շնչառության պես,
Հևոցի՜ նման,
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր,
Չինգիզ խանի պես,
Լենկ Թեմուրի պես
Ու թուրքի նման:
Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես ...
Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխ եմ հանում ես, լոտոսի պես
Մինչեւ կզակըս արդեն ջրասույզ,
Չեմ խեղդվում դարձյալ:
իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում - դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում,
Չինգիզ խանի պես,
Լենկ Թեմուրի պես
Ու թուրքի՜ նման:
Տե՜ր աստված, դու բարին կատարես ...
Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաեւ իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրեւով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը, արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ,
Նույն Չինգիզ խանի հորդայի նման,
Նույն Լենկ Թեմուրի բանակի հանգույն,
Ու մորեխի պես միեւնույն թուրքի:
Տե՜ր աստված, դու բարին կատարես ...
Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ոչ հալած խելքի,
Եվ ոչ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված,
Արդեն ավերված,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին,
Նույն Չինգիզ խանը,
Նույն Լենկ Թեմուրը,
Միեւնույն թո՜ւրքը:
Տե՜ր աստված, փառքըդ շատ լինի:
Իմ Կաթնեղբայրը
Ես եղբայր չունեմ,
Մայրս էլ մեղք չունի.
Ծնել է,
Սակայն ծնելը քիչ է,
Սնելն է դժվար,
Քանի որ հաճախ
Եվ սով է լինում,
Եվ գաղթ,
Եվ ավեր:
Ես եղբայր չունեմ:
Ու եղբայրացար
Ինձ եղբայր դարձար,
Ով համբերություն:
Ես շատ եմ քայլել քեզ հետ միասին,
Դու իմ մանկության միա՜կ խաղընկեր,
Իմ պատանության միա՜կ գաղտնարան,
Իմ ջահելության լո՜ւռ խորհըրդակից:
Փոքր էիր այնքան,
Երբ փոքր էի ես,
Ինչքան մեծացա,
Դու էլ մեծացար,
Երկվորյակի պես
Ետ չմնացիր
Ու չթողեցիր երբեք ինձ մենակ.
Երբ տատանվեցի,
Դարձար ինձ նեցուկ,
Խեղանդամվեցի,
Դարձար ինձ հենակ ...
Ու դեռ քայլում ենք:
Իմ Համբիկ ... Համբեր ... իմ Համբերությո՜ւն,
Դու էլ ես հոգնել,
Հոգնել ես, սակայն ծպտուն չես հանում,
Թե տրտընջում ես,
Միայն ականջիս,
Որ շատ է լեցուն քո շշուկներով,
Ինչպես փչակը, շնչով հովերի
Եվ այն լռությամբ,
Որ քիչ է լինում,
Եվ այն լռությամբ,
Որ հասավ թե չէ,
Ես վեր եմ թռչում,
Ասես խոցեցին,
Ինչպես այն քնած ջրաղացպանը,
Որ իր աղացի խոլ աղմուկի մեջ
Կարող է քնել մեռածի նման
Եվ խայթվածի պես իսկույն արթնանալ.
Երբ որ իջնում է մի պահ լռություն,
Երբ չի աղմըկում իր ջրաղացը ...
Իմ Համբիկ ... Համբեր ... իմ Համբերությո՜ւն
(())
...Պարտականության եւ սիրո միջեւ
Այս ես եմ տնկված,
Ուղեփակոցի գերանի նման ...
Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
Այսինքն,
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
Կասեմ.
- Վերցրու՜ ինձ,
Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրու՜ ինձ,
Դարձրու՜ ինձ, կասեմ այն «Չի կարելի՜» - ին,
Այն «Ոչ» - ը,
Այն «Չէ» - ն,
Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման ...
Ու եթե հարցնես կտակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ այն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես (ի՜նչ կատակ) ... տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
- Առեք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցեք,
Որովհետեւ ես, ահա, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջեւ,
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետեւ ես այսուհետեւ
Կարի՜ք չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպես,
Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց եւ կրակված այդ բառը («ի՜մըս») ...
Հիմա դու իմն ես, որքան որ իմն է ... Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է ... Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետեւ ես,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջեւ,
Ուղեփակոցի գերանի նման ...
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես ... մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փետում են հին նավակները ծովախորշերում ...
Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա…
Դու օտար չես, չէ:
Բայց իմն էլ չես, հա ...
Դու, վաղընջական հինավուրց բագին,
Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
Ես, մի հեթանոս, առայսօր ծպտյալ:
Դու, հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
Քո ամեն մատից, մի ակըն ցայտիչ:
Իմ թաց աչքերի երկու ափերով,
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:
Անշարժությունը քո պիրկ ոտների
Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
Որ պտտվում է չորսբոլորքը քո
Ողջ շառավիղով իր ոտնակապի:
Նա արածում է այն, ինչ աճում է
Իր ոտների տակ եւ քո շուրջբոլոր,
Բայց որոճում է ... միայն քե՜զ ու քե՜զ
Ու բառաչում է ... միայն քե՜զ համար:
Քո ստինքները, պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան ... սկիհի՜ համար:
Թվում է, թե քո շրթունքներն փակ
Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
Քեզ գրկել տվին մի ... թո՜ւխ մանուկի:
բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
Երբ բաց աչքերիս երկու ափերով,
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:
Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
Երբ սկսվում է նո՜ր դարագլուխ,
ջանում եմ մի կերպ խուսափել քեզնից,
Իսկ դարագլխի ավարտի վրա,
Ինքնակամորեն քե՜զ վերադառնում:
Անտեսանելի վերջի՜դ ժամանակ,
Անտեսանելի սկզբի՜ս պահին
Հանդիպում ենք մենք ու ... տրվում իրար:
Եվ չե՜ն տեսնում մեզ ... չի տենսում նույնիսկ
Ոչ պատվանդանըդ,
Ոչ կոշկատակըս ...
Դու դիցուհի ես:
Բայց եւ ի՜մն ես դու ...
Մի գուցե մեզ էլ այս էր վիճակված.
Դու, քո զղջումի զնդանում փակված,
Ես, իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ - առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում ...
Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ - առաջ.
Կրակը կողքիս, միշտ մնալ սառած.
Բաց դուռը դեմըս, բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ ...
Նկ. Մինաս Ավետիսյան
ՍԻՐՏ ԻՄ
Սիրտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ որ հիմա, տարիքըս առած,
Արդեն եւ խոհեմ, եւ հասուն դառած,
Չեմ ուզում թեթեւ քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ - տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած ...
Մինչդեռ դու, սիրտ իմ, ինչպես եւ առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր ...
Ես խնդրում եմ քեզ, ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը
Որ քաղցր է կյանքում, ինչ գողացված է ...
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ
Հրաժարվում եմ նախ, իմ իսկ ձեռքից,
Եթե նա պիտի պոկի վիրակապ
Փակվել սկըսվող խորամուխ վերքից:
Հրաժարվում եմ օգնական զորքից,
Թե պիտի հետո նա չհեռանա
իմ երկրի խորքից:
Հրաժարվում եմ այն միակ արկից,
որ պատերազմի ելք չի որոշում,
Այլ միայն տասնյակ մարդկանց է հոշում:
Այն միակ զարկից,
որ եւ հերիք է,
Որպեսզի կրկին նոր կյանք ստա
Մսրա Մելիքը.
Նաև այն բարկից,
Որ լոկ վառում է, չի տաքացընում,
Եվ ոչ թե թրծում, այլ ճաքեցընում:
Հրաժարվում եմ
Ինչից որ կուզեք,
Նույնիսկ սեփական հպարտությունի՜ց:
Բայց ոչ թանկ նստող ճշմարտությունից:
Իսկ եթե հանկարծ անկարող լինեմ
Չհրաժարվել ճշմարտությունից
Թե կուրծքըս չուզի, որ իր վանդակին գնդակներ խրվեն,
Թե վիզըս չուզի պինդ օղակի մեջ մի կողքի ծռվել,
Թե մեջքս չուզի մայր հողի վրա դիտապաստ փռվել, -
տեսնելով, որ իմ կյանքը հատվում է,
Իմացեք, ես էլ
Այդ պահին կասեմ.
- «Բայց այսուհանդերձ ... նա պտըտվո՜ւմ է »...
Բարով Տեսանք
Ինձնից հեռու էր նա՜:
Ինձնից հեռու էր նա,
Ում ես հազա՜ր անգամ անվանել եմ կյանքում. «Իմ մոտիկըս»:
Նա,
Կարծես կարոտ էր սոսկ,
Լոկ ցնորք էր:
Եվ ամե՜ն ինչ կարծես հետըս բողոքում էր ...
Կարծես լեռներն անգամ շուռ - մուռ էին գալիս, իրենց ստվերներով,
Ինչպես ամեն գիշեր կողքից - կողք է շրջվում մեզնից ամեն մեկը,
Երբ քունն անհանգիստ է ու երազն է խառնակ:
(Թվում է, թե հիմա էլ չպիտի լինի ո՜չ մի ստվեր.)
Պիտի լինի լոկ շող,
Եվ շառավիղ լինի,
Շառայլ լինի,
Լինի երազներով խորանարդված խոր քուն,
Որովհետեւ ...
Հիմա ես ասում եմ սիրով.
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Բողոքում էր նաև,
Բողոքում էր նույնպես,
Բողոքում էր նույնիսկ ... հորիզոնը,
Իր մենության համար,
Մենակության համար,
Միայնությա՜ն.
Այնտեղ ժամադրվում ու հանդիպում էին երկիրն ու երկինքը,
Միայն ու լոկ նրանք, ուրիշ ոչ մի հոգի:
(Էլ մենակ չեն նրանք.
Հանդիպել ենք եւ մենք,
Մեր հանդիպմամբ կծկած մեզ բաժանող անծիր հորիզոնը):
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Մթնած երկնքի մեջ, իրիկնացող օդում,
Ինչ - որ անտես ձեռքով ինչ - որ անտես բան են զոդում:
Ջրգողությամբ հիվանդ սեւ ամպերը
Ապաքինվում կրկին ու լալիս են ուրախ,
Եվ անձրեւը հիմա թթխմորվում,
Ուռչում - ուռճանում է պղպըջոցով:
(Թող խմորվի նաեւ երջանկությունը մեր
Ու դառնա հաց օրվա, ձրի նպա՜ստ,
Իրար փնտրողների,
Բայց չգտնողների,
Միջահատված - զատված խեղճ սիրազույգերի
Ու սիրազուրկերի ափի վրա):
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Երեքշաբթին, վախով, վիզն է քորում,
Կամենալով խոսել օրենք - իրավունքից:
Բայց կիրակին, հեռվից, բիբում նրան,
Բայց կիրակին նրան սաստում է խեթ.
(Թող մեկ շաբաթվա մեջ զույգ կիրակի լինի) ...
- Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:
Նկ. Մինաս Ավետիսյան
Գժվել է գարունը:
Եվ օդը գինով է:
Եվ լույսից, լոկ լույսի՜ց կարող է մայրանալ,
Կարող է մայրանալ ... մինչեւիսկ չբե՜րը:
Մինչդեռ ես կրում եմ ուժից վեր այս բեռը,
Իմ գլխի եւ սրտի՜ այս բեռը,
Որի տակ
Իննաձեւ մարմինըս քարշում եմ ութաձեւ:
Քարշում եմ:
Չեմ խորհում.
Եվ դա իմ խորհելն է:
Չեմ լսում:
Չեմ ուզում ընդունել ո՜չ մի ձայն:
Բայց անվերջ լսվում է, թե իմ մեջ, թե իմ շուրջ.
«Ինչ - որ տեղ ինչ - որ բան սխալ է»:
... Ինչ - որ բան սխալ է հենց Երկրի առանցքում,
Որ ուղիղ չի անցնում, այլ ինչ - որ թեքությա՜մբ:
Ինչ - որ բան սխալ է մինչեւիսկ լույսի մեջ,
Որ պիտի ունենար ծանրություն ու կշիռ:
Թե կրոնն է սխալ, այդ վաղո՜ւց հայտնի է,
Բայց մի տեղ սխալ չէ եւ հավատ կոչվածը:
Ինչ - որ բան սխալ է ճշմարտի մեջ անգամ,
Եվ ստույգ կոչվածն է ստուգվել աղերսում:
Ինչ - որ բան սխալ է եւ արյան, արյա՜ն մեջ.
Չհեղվեր, հեղվելիս ինչու է մակարդվում:
Թե ձեռքն է գավաթին երկարվում հուսահատ `
Սխալ է եւ գինի՜ն.
Չի խցվում կոկորդում:
Սխալ են ջրերն էլ,
Հոսում են վերից վար,
Վերից վա՜ր,
Վերից վա՜ր `
Անընդհատ անկում է:
Կոշկատակն է սխալ.
Հողից է մեզ կտրում:
Սխալ է եւ հողը.
Առնըվում - ծախվում է:
Սխալ է կրակն էլ.
Ինչիս է մխալը:
Լռությունն է սխալ.
Մեր թեւերն է փետրում:
Իսկ անկե՜ղծ խոսելը ... սխալ ու սխա՜լ է:
Իսկ ինչն է տարբերում եւ ինչն է անջատում
Փակուղի ասվածից հորիզոն կոչվածը,
Եթե սա `ոտքերըդ, նա աչքերդ է հատում:
Սխալ է ջարդելը,
Բայց չէ որ դրանից
Երկրաչափն է կարծեմ օգտըվում արանքում.
Ձեւերն են բազմանում այդ ջարդում - փշրումից:
Սխալ կա թերեւըս եւ նրանց արարքում,
Որ անկեղծ ձգտում են շտկելու սխալը
Եվ ամեն մի սխալ շտկելիս, ակամա,
Գործում են նոր սխալ,
Սխալ է ձգտո՜ւմը:
Ինչ - որ բան, ու լո՜ւրջ բան, անկասկած, սխալ է
Եվ մարդուս մարմնի մեջ,
Մի գլխով ինչ անել,
Երբ այսքա՜ն դժվար է անսխալ ապրելը ...
Հետո ինչ դուրս եկավ,
Սխալ է ատելը
Սխալ է սիրելը,
Այրվելը,
Մխալը:
Սխալ է, անկասկած, և այսպես դատելը
Ուստի և այս երգը ... սխալի՜ց սխալ է ...
նկ. Մինաս Ավետիսյան
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են.
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաեւ խղճում եմ,
Եթե զղջաում են.
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ.
Նաեւ ատում եմ,
Եթե ստում են.
Բայց ամենից խոր
Ես հավատում եմ:
Ոչ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը.
Ոչ միայն գիտեմ.
Ես հավատում եմ,
Որ անհնար Է արեւը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի ...
Ինչու թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի ~ նչ ասես չկա նրա փակ սրտում.
Գիտի կործանել,
Բայց եւ ... գո ~ րծ անել,
Մատնություն գրած նույն իր ձեոքերով,
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով `
Եվ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նույն այդ ձեռքերով `
Եվ դանակ խրել,
Եվ վեպեր գրել.
Նա գիտի զարկել
Ու զրկե ~ լ գիտի,
Բայց գիտի գրկել
Ու փրկե ~ լ գիտի.
Նա գիտի կեղծել
Ու սրբապղծել,
Առավել եւս,
Գիտի ստեղծե ~ լ.
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո ~ ւմ եմ.
Ես հավատում եմ նրա բնության ոչ թերությանը `
Ստորությանը
Ու չարությանը,
Այլ խորությա ~ նը
Ու բարությա ~ նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությանը,
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը, -
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել `նրա ծնվելիք որդուն.
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի, -
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը.
Եվ Վեներայի լանջին կկառչի, -
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը ...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ, նրա հոտառությանը,
Ամե ~ ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ, նրանց մթարությանը.
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն,
Էլի ~ ճար կանեն,
Տեղ կհասցնեն ...
Ես հավատում եմ հավատի ~ ն մարդու `
Իմ այս հավատին
ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ
Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքս ինձ,
Ասում եմ ես մտքիս մեջ
Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:
Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝
Ո՜չ քեզ, ո՜չ ինձ:
Ո՜չ մեկիս...
Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜),
Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել...
Եվ կույր ձեռքս
կույրին հատուկ խարխափումով ու դողով
Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում
Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից
Ջնջում է իմ «հարկավոր չէ» -ն տառ առ տառ...
Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն,
Տանջանքի հո՜ղը գլխիդ:
Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ,
Որ մոռանաս «միթե» -ները,
«Չէ որ»-ները քո երկսայր
Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին
Գարնան պես:
Իսկ գարո՜նը...
Արձակվում է ճամփաների պաղն արդեն:
Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:
Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի
Իրենց հունով բաց են անում նորանոր
Երակներ ու զարկերակներ սև ու տաք.
Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝
Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ...
Ինչքա՜ն կուզես «հարկավոր չէ՜» գոռգոռա.
Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից
Ձյան պես հալվի,
Դառնա պաղած թանապուր.
Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ
Քո սեփական արյունով,-
Միևնո՜ւյնն է.
«Հարկավոր չէ՜»-ն իր իսկ կամքին հակառակ,
Ինքն իրենից թաքուն անգամ՝
Ի վերջո
Վերափոխվում ու դառնում է «ի՜նչ ուզում է թող լինի»,
Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...
Որովհետև... «չէ որ»-ները նո՛յնպես քնել են ուզում...
Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...
Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից
Միշտ զգում եմ գլխապտույտ,
Որ տևում է ամիսներ...
Որովհետև... պարտվե՞լ, այո՛,
Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,
Սակայնո՛չ թե ինքդ քեզնից.
Ինքդ քեզնից պարտվելով՝
Դու դառնում ես փսոր ծամոն
Կամ ինքնաթափ պատի ծեփ
Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,
Գեթ մեքենա՛ խելացի,
Որ կուզեի՛ իրոք դառնալ,
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ:
Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:
Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,
«Հարկավոր չէ՛»-ն հարկավոր չէ՛ իսկապես.
Մե՛նք ենք իրար հարկավոր...
Անցած Սերերը
-Իմ սերե՞րն անցած…
Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես… ծննդյան եզակի օրը:
Եվ հետո… հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում… ավելորդ ատամ:
Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:
Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես… մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…
Ախ այս ամենա-ն…
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ… այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց… դժբախտ չե՜ն զգում…
Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա…
-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր… մեռած երեխաները…
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ…
ԱՆՋԱՏՈՒՄ
Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:
Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտից արդյոք,
Թե այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում `
Ինչ - որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն ...
Ուր ես: Ինչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դաշտ կա: Անջատված ենք:
Խնձորն էլ են քամում - հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա ... անջատվա՜ծ ենք ...
Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ - որ մի գնդակ է անվերջ կաղում - խաղում:
Խենթանում են այսպես: Գնդակն ինչ գործ ունի
Ինձ հետ, լռության հետ եւ մեր անջատման հետ ...
Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է `ճյուղի նման ջարդված ...
Տեսնես թե աշխարհում կա գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա `ես փոխում եմ ազգությո՜ւնըս ...
Կա: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց եւ լռություն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մեկ բառով է լցված `« անջատվել »- ով:
Եվ մեկ միտք է հիմա մեջըս գոռում - գոչում,
- Աշխարհում կա արդյոք գոնե մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա `ես փոխում եմ ազգությո՜ւնըս ...
Հեռու ես, հեռու՜,
Ու ձայն չես տա ինձ, որքան էլ ձայն տամ.
Գիտեմ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ, որքան էլ փնտրեմ.
Բայց ... միթե սրտին բան կհասկացնես.
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում.
Մայթերը լի են ժպիտ - ծիծաղով,
«Ներողություն» - ով ու «համեցեք» - ով,
«Ցտեսություն» - ով ու «բարեւ» - ներով.
Բոլորն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դու չկաս - իմ սիրտն է թափուր ...
ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ
Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում.
Ինչպես քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղում: Բայց դրանից
Ոչ կոշիկըդ կլայնանա,
Ոչ էլ ցավը կմեղմանա ...
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:
Աշնան օր
Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք…
…Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում…
ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Եվ այն հասկացա -
- Խինդով ու ցավով -
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա, անհնար է բուրմունքն սպանել,
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:
- Ամենավայրի սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:
ՔՄԾԻԾԱՂ
Ամենից դժվար բանը սիրելն է:
Իսկ ոտներիցըս բարի բան - չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց այն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ եւ մեր միջեւ
Ձգվել է իբրեւ մի մե՜ծ քմծիծաղ:
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը, Որ քեզ են ուզում կենդանացընել:
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
- Իմ չարությունը արդարացի է:
Կա գիշերային ինչ - որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը եւ մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չափ էլ:
Ու տուն եմ գալիս,
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Այն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջեւ ձգվում է իբրեւ մի մե՜ծ քմծիծաղ:
Բայց թռչունի չափ ես չկամ իրոք.
Ես թեւեր չունեմ,
Եվ անկարող եմ նաեւ քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է ... նույնպես քմծիծաղ.
Առանց քեզ
Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է…
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել – և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ…
Անուղղելին
Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:
Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:
Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:
Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:
Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:
Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:
Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:
Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
- Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…
Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում.
- ես քեզ եմ ուզում...
Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միակ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..
Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում...
Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շատ է սազում...
Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քեզ է իր խորքը սուզում...
ՍԻՐՏ ԻՄ
Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...
նկ. Մինաս Ավետիսյան
ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԳՐՈՏՎԱԾ ԵՄ
Եվ ամբողջովին գրոտված եմ ես,
Այնպես եմ պատված սոսինձ բառերով,
Ինչպես հնձվորի ոտք ու ծնկերը
Փշոտ սերմերով այն լպիրշ բույսի,
Որ հենց այդպես էլ կոչվում է՝ կպչուկ։
Ոտիցըս գլուխ գրոտված եմ ես,
Ու եթե վրաս լուսանցք է մնում,
Դա էլ՝ ձե՛զ համար,
Որ գրի առնեք
Ձեր հազա՜ր ու մի դիտողությունը։
-Մի «կեցցես»-ի հետ՝ հազար «բա եղա՞վ»։
Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Այս անվերջ զնգոցն ու զանգը,-
Լավ երգը կրկնել տուր անվերջ`
Կցնդի նախկին հուզանքը:
Թե ջուրը նույն ափն է ծեծում`
Լճակ է և կամ ճահիճ է,-
Մաքո՛ւր ջուր, հոտա՛ծ ջուր չկա,
Գործում է միայն հոսա՜նքը:
ԱԽ, ԳՈՆԵ ԱՆՓԱԿ
Ախ, գոնե անփակ
Բերանը փակի,
Որ «Լո՜ւյս է, լույս է»-ն
Ականջ չծակի:
Այս ծակ-ակտիվը
Ո՞նց չի հասկանում.
Առանց աքլոր էլ
Լույսը կծագի:
Արտառոց եմ ես,
Անհասկանալի.
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
... Եվ կհասկանաս:
Հավատա, կօգնե՜ն:
Չէ որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը....
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ - որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ, իմ սիրտն է քնած.....
Եվ զգում եմ ես ինձ այն վիճակում ծանր,
Որ եւ պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում ...
Ու ես չեմ ուզում ոչինչ ուզենալ ոչ այն պատճառով, որ ուզենալը վիրավորիչ է, այլ
այն պատճառով, որ պատճառ չկա բան ուզենալու .......
Քանի որ ՑԱՎՈՎ տեսնում եմ կրկին,
Որ մարդկանց առաջ զո՜ւր է բացվելըս,
Դաշտի պես փռվել ու տարածվելըս ....
Ես բարության պապակից եմ մխում հիմա ...
Ու վերստին կանգնած եմ ես ինքս իմ դիմաց
Ինքնադժգո՜հ,
Ինքնապարսա՜վ
Ու խռովուն:
(Բարությունն այս ինձ խեղդում է կամա՜ց - կամա՜ց) ...
Ես խուսափում եմ
Թեթեւ դերերից,
Էժան սերերից
Եվ ամեն տեսակ
Ու ամեն կարգի բոլոր տերերից
Մարդկանց առաջ եւ քո առաջ
Ահավասիկ ինքս եմ բացվում,
Ինչպես մանուկն օրորոցում `
Երբ շոգում է ...
Թե ինչ է փոխվել, ես գիտեմ, անգին.
Միշտ, ամեն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում ...
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ոչ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այս վիճակը քո,
Ոնց պիտի լինես,
Ինչ պիտի անես.
Տես, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սուտ ու փո՜ւտ աշխարհ,
Փուչ ու ո՜չ աշխարհ ...
Խղճամ, թե ատեմ այն
տարագըրին,
իր հայրենիքում ...
Որ միշտ ապրում է ...
իր հայրենիքում ...
Սուտ կա, որ ճիշտ արժե:
ՈՒ ես հավատում եմ մեր հնարած Ստին,
Թե չենք կորցնի իրար:
Արտառոց եմ ես,
Անհասկանալի.
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
... Եվ կհասկանաս:
Հավատա, կօգնե՜ն:
Չէ որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:
(())
Ասում են թույնով կենաց չեն խմում…
Իսկ ես կխմեմ…
Հանուն այս խաղի այս կեղտոտ խաղի,
Որ հիմարաբար սեր էինք անվանում:
Հանուն այն բոլոր տառապանքների,
Որ խենթաբար զգացմունքներ էինք կոչում:
Հանուն… Քեզ…
Եվ քո աչքերի, որ ծովեր էի անվանում,
Ու չէի հասկանում, որ վաղուց խեղդվել եմ
Ինձ շատ հարազատ այդ ծովի խորքերում ,
…Ասում են թույնով կենաց չեն խմում
…Կենացդ լինի…
Սպասումի իմ կարոտը իր դիրքերը դեռ չի թողել,
Կոկորդիս մեջ դեռ կռվում է խեղդիչ ծուխը սուր
վառոդի
Քո սեփական բուրմունքի հետ ...
Գուցե կարոտից
(Ես ուզում եմ քեզ տեսնել բաց աչքով).
Եվ այն կարոտը,
Որ սրտի վրա `
Իր տիրո՜ջ վրա,
Նոր տեր է կարգվել ...
Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
Որին չեմ սիրում,
Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում -
ՄԵրթ `կոչվում թախիծ,
Մերթ `կարոտ,
Մերթ `վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
Հետապնդում է
Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան, Ում դուր չենք
գալիս ...
- Անտանելի՜ - ահե՜ղ բան է,
Երբ խղճում է մարդ ինքն իրեն:
Առավել քան բավական է հենց այսքանը:
Իսկ ավելին հարկավոր չէ՜,
Տեր, ողորմյա՜ ...
Երբ կսկիծն է արդեն դարնում անտանելի,
Ասում են, թե մոտենում է նրա վերջը:
Զուր են ասում:
Սուտ են ասում ...
նկ. Մինաս Ավետիսյան
Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:
-Սերն է...
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,
-Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...
-Սերն է...
Անծանոթներ
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո~ր:
Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե~ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:
Անծանոթ ենք իրար:Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս` վառվա~ծ արդեն)...
Առերևույթ սառն ու թեթև:
Ա՛խ, դա խաղ է մի սրտակեղ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ`
Գլանակիս կրակի պես,
Իսկ դու~,իսկ դո՛ւ... Փնտրու~մ ես դու,
Որոնու~մ ես ինչ –որ մի բան
(Պայուսակու՞մ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,
Եվ... չես գտնում հավանաբար...
Խենթանում եմ քո պատճառով
Խենթանում եմ քո պատճառով ու քեզ համար,
Խենթանում եմ ու հասկանում,
Որ կարոտը մի գույն ունի ու դա գույնն է քո աչքերի,
…...
Որ թախիծը մի ձև ունի
ու դա ձևն է քո աչքերի:
Ու ես այսօր հասկանում եմ,
Որ անսահման խենթությունն էլ ունի սահման,
ՈՒ սահմանին "ԴՈւ" ես կանգնած, մեկ էլ "ԱՍՏՎԱծ
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՍՈՆԱՏ
Ա. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից գուցե մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,-
Կիսախելագար մտքեր են գալիս
Որ խտանում են իմ խեղճ գանգի մեջ,
Խտանում, ինչպես սերմերը՝ հասկում։
Ես միտք եմ անում,
Ա՜խ, եթե մեռնելն այնպես հեշտ լիներ,
Ինչպես ծնվելը...
Բայց մինչև անգամ թե այդպես լիներ՝
Կշահեինք մե՛նք,
Դարձյա՛լ - վերստի՛ն - կրկի՛ն - նորի՛ց մե՛նք,
Բայց ո՛չ մայրերը։
Բա մեղք չե՞ն նրանք...
Բ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից իզո՜ւր մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,-
Պարապ քայլերով պատից մինչև պատ՝
Կոշիկիս մռթով ու կրունկներով
Խուլ նվագում եմ հատակի վրա,
Որ տանտիրուհու ձեռքի է կարոտ,
Եվ այդ նվագին ունկ չդնելով՝
Հանկարծ միտք անում,
Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի,
Սակայն ոչ երբեք Արևի վրա։
Եվ չգտնելով հարմար պատասխան,
Ավելին՝ նույնիսկ չըորոնելով,
Զգում եմ, թե ես ո՜նց եմ կարոտել
Ա՛յն ավազակին,
Որ կոչվում է շոգ։
Գ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից արդե՛ն մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,-
Աչքըս, ակամա,
Ճամփորդության է դուրս գալիս հանկարծ,
Դիմացի շենքի
Զարդաքանդակված քիվի երկայնքով
Ճամփորդում այնպե՛ս զգույշ ու դանդաղ,
Ասես մրջյուն է
Եվ ոչ թե հայացք։
Ճամփորդում է նա քիվի երկայնքով,
Եվ հասկանում եմ ես լուսնոտներին։
Ու հանկարծ,-
Կյանքումս առաջի՜ն անգամ,-
Լուռ միտք են անում.
Լուսնային ախտով հիվանդներ թե կան,
Իսկ ինչո՞ւ չկան
Արևի ախտով տառապող մարդիկ,
Եվ դա չի՞ կապվում այն առեղծվածին,
Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի,
Սակայն ոչ երբեք Արևի վրա...
Դ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից վաղո՜ւց մոռացված
Նույն այդ անձրևն է ինքն իրեն թախծում,
Երբ տխրությունը դարձյա՛լ իմ տան մեջ
Իրեն պահում է տատիրոջ նման,-
Գրասեղանից մի գիրք եմ վերցնում,
Որ՝ հետապընդված իմ իսկ մտքերից՝
Գեթ ապավինեմ էջերին նրա։
Վերցնում եմ և - ի՜նչ.
Խորհում ակամա,
Որ նույնիսկ գիրքը... նա էլ է նեղվում՝
Ընդմիշտ սեղմըված ամուր կազմի մեջ...
Ե. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից ընդմի՜շտ մոռացված
Նույն հին անձրևն է թախծում ինքն իրեն,
Եվ տխրությունը իմ ներկայությամբ
Տանըս մեջ իրեն տանտեր է զգում.-
Էլ ի՞նչ է մնում,
Որ ես ինչ անեմ.-
Գլուխս եմ կողպում
Ու բաց եմ անում փակված բերանըս.
- Է՜յ, ընկե՛ր երկինք,
Մի՛ խուլիգանիր,
Թե չէ՝ միլիցիա կզանգահարեմ։
Ձայնըս չի՞ հասնում հեռու երկընքին,
Թե՞ միլիցիայից նա չի երկյուղում
Եվ բաց չի անում իր դեմքը ամպած.
Ամենքի կողմից իզո՜ւր մոռացված
Այդ նույն անձրևն է թախծում ինքն իրեն,
Իմ տուն ներս եկած տխրությունն անկոչ
Տանտիրությունն է դեռ շարունակում,
Ու ես, զայրագի՛ն,
Ու ես, ճարահա՛տ,
Քենըս թափում եմ իմ խոհանոցի ծորակի վրա,
Որ բաց է եղել.
Ես խեղդելո՜ւ պես ծորակն եմ փակում։
Եթե անզոր եմ երկընքի հանդեպ,
Այս լիրբ ծորա՛կը թող լռի գոնե,
Որ... չատեմ ջուրը
Ու չկարոտեմ ա՛յն ավազակին,
Որ շոգ է կոչվում։
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Դու` 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
Դու` հյուլեական,
Կարծես էական
Եվ ավելի քան կարծես բանական,
Բայց նաև նույնքան խելագար դարի,
Ո՜վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության անդարման ցավով,
Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
Եվ իր թունավոր սաղարթն է բերում
Խառնելու գլխիդ մազերին անգամ:
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ահարկու՜ ցավով...
Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
Եթե ներկադ էլ
Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
Քան վաղվա մասին պարապ խորհելու...
Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանես,-
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
Ինչպե՞ս իմանաս:
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...
Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
Ազատու՜մ չկա: Եվ պրծու՜մ չկա:
Կա մի վիթխարի՜ անորոշություն,
Որ տորիչելյան դատարկության պես
Երբեք չի՛ լցվում:
Կա մի անսահմա՜ն անորոշություն,
Որ սողոսկում է`օդի պես` այնտեղ,
Ուր կա ծակոտիք:
Կա մի որոշյա՜լ անորոշություն,
Կրկնակաղապար` ընկույզի՛ նման:
Եվ ինչպե՞ս ապրել
Թունոտ ու կարծըր կաղապարների
Անշունչ արանքում,
Էլ ինչպե՞ս ապրել...
Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն
Ու կուրանալուն`
Խոնավությունի՛ց,
Ինչպես որ մարդը` անորոշության
Օվկիանին անափ:
Իսկ ու՞ր է ցամաքն ու չորությունը:
Ցեմենտ կոչվածը
Կարգին շնչում է միայն ջրի՛ մեջ,
Մինչդեռ այդ խեղճը շնչահեղձվում է
Հենց ի՛ր իսկ փոշով,
Ինչպես որ մարդը`անորոշությամբ:
Իսկ ու՞ր է ջուրը...
Արևի շողերն ուզում են մտնել
Նաև եղնջի թփուտի մեջ թավ,
Բայց, դաղդղվելով, բեկվում են կողքի:
Թող ցույց տան նույնիսկ եղնջի՛ թփուտ,
Որ չի ստվերվում անորոշությամբ,
Եվ բնակավայր դու կդարձընես
Այդ եղնջու՜տը...
Թե ծառ լինեիր`
Դու կարտասվեիր սեփական խեժով
Եվ քո կեղևով քեզ շրջափակած`
Քեզ կբուժեիր:
Բայց քո արցունքը
Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,
Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը`
Լեցու՜ն, լեփ-լեցո՛ւն անորոշությամբ...
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա...
Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձ նմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորո՜շ ցավին...
ԱԹԻԼԼԱՅԱԲԱՐ
Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին - անգիտակցաբար մեծ մեղք են գործում:
Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:
Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել...
նկ. Մինաս Ավետիսյան
Երգ Երգոց
... Խնդրեցի զնա, եւ ոչ գտի.
Կոչեցի զնա, եւ ոչ ետ ինձ զձայն. ...
Իւղ թափեալ է անուն քո ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
Ձմեռն այս վկա.
Քեզ չփընտրեցի, չըորոնեցի
Եվ ... գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
0 ,՜Սուլամի՜թա.
0 ,՜Սու՜լ ...
Սուլամի
0՜, Սուլամի՜թա.
Քո բիբլիական անունն եմ սիրում,
Սիրում եմ, այն էլ բիբլիական սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
Թվում է հիմա հեթանոսական,
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց ... նրա աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնական օրվա,
Մինչ նա իմ միակ շապիկն է. մսե՜ ...
Եվ ես սիրում եմ քեզ, ամբողջովի՜ն.
Իսկ ինչ ես, ինչ ես դու ամբողջովին,
Եթե ոչ մարմին,
Ու նաեւ արյուն.
Ւսկ մնացածը, բառեր են միայն,
Պա՜ղ - արհեստակա՜ն ու ճապաղ լեզվի
Մի թարգմանությու՜ն.
Իսկ ես խոսում եմ մայրենի լեզվով,
Ադամի նման
Ու Եվայի հետ.
0 ՜,Սուլամի՜թա, օ,՜ Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել ...
Ուր է դրախտը,
Եթե ոչ, միայն քո թարթիչների հովանու ներքո,
Քո դեռ փակ ծոցում, որի դռները,
Արդեն թակում են
Եվ երկու՜ կողմից.
Քո սիրտը, ներսից,
Իմ ձեռքը, դրսից ...
0 ՜,Սուլամի՜թա, բաց արա դուռըդ.
Ես քեզ չեմ փնտրել, քեզ չեմ որոնել,
Չեմ էլ հարցըրել ես պահակներից
Քո
Իմ չունեցած - չիմացած հասցեն.
Ես ճամփորդի պես,
Ու մոլորվածի,
Հասել եմ դուռըդ,
Որ եւ բախում է իմ ձեռքը դրսից,
Քո սիրտը, ներսից.
Ընդունիր հյուրիդ,
Որ կդառնա տեր,
Բայց նաեւ, ծառա՜ ...
Եվ թույլ տուր խոսել.
Գրկելուց առաջ,
Փարվելուց առաջ,
Թույլ տուր քեզ նայել
Մի փոքըր հեռվից.
Եվ թույլ տուր կրկնել,
Համբույրի առաջ,
Համբույրի նման
Կրկնել անունըդ.
- 0 ՜,Սուլ ...
Սուլամի ...
0 ՜,Սուլամի՜թա ...
... Գեղեցիկ ես իբրեւ զԵրուսաղեմ ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
0 ,՜Սուլամի՜թա.
Հապա շուռ արի, որ ես քեզ տեսնեմ.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ոչ ավելի ու ոլ էլ պակաս.
Ինչդ է գեղեցիկ, ուրիշը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են.
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել.
Եվ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Եվ սովորական, քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ.
Դու սեւ ես, ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սեւության մեջ, այնքան լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը.
Սեւ են աչքերըդ, իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս այն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու.
Սեւ են վարսերըդ, ինչքան ճերմակ է
Դեռ փակ կուրծքը քո,
Ավելի ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
Որ փրկեց Նոյին,
Ուրեմըն, եւ քեզ,
Ինձ ու ... մեր սե՜րը.
Ավելի ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես եւ ոչ մի սեւ աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ.
Մի լինիր այսքան ... այսքան սպիտակ.
Բացվիր հայացքիս եւ աչքերիս դեմ,
Նաեւ մատներիս,
Յուրաքանչյուրը, միս դարձած մի շող.
Արեւառություն ընդունիր մի քիչ
Իմ հայացքի տակ,
Նաեւ մատների՜ս.
Քո կրծքի նման ճերմակ են նաեւ քո ատամները.
Եթե պարկեշտ ես,
Մի՜ ժպտա երբեք ...
0 ՜,Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի եկ ինձնից,
Բայց շիկնիր, շիկնի՜ր,
Որ իմ նեղ խցում
Արեւածագի պատրանքն զգամ ես.
Շիկնի՜ր ու թույլ տուր,
Որ հետըդ խոսեմ,
Փարվելուց առաջ.
Փարվելուց առաջ,
Մի փոքըր հեռվից
Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում.
Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր,
Քո թուխ մազերով լուսապսակված.
Եվ քո շուրթե՜րը ...
Ինչու է թվում,
Թե քո այտերին - առաջին անգամ -
Հպվելը նույնքան դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման - դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն - առաջին անգամ -
Նույնն է, ինչ մի նոր տաճար ավերել,
Թե հիմնադըրել մի եկեղեցի ...
Քո պարանոցը,
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից - դարե՜ր - մարդիկ են կախվել,
Ինձ նմաննե՜րը ...
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չեմ բողոքում.
0՜, Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից.
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված.
Դու չես կամենում, որ ամբողջ գիշեր
Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
Սաղմոսնե՜ր երգեն.
«0 Սուլ ...
Սուլամի ...
0 Սուլամի՜թա ... ».
0 ՜,Սուլամի՜թա.
Տեսնում ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի,
Սողոմոնիպես.
Նրա արյունից միթե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում.
Որտեղից հապա
Նրա արյունը օտարիս սրտում,
Իմ սրտում, որ քեզ
Սիրում է այսպես,
Աստվածաշնչյան այնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական,
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց ... նրա աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնական օրվա.
Իսկ նա իմ միակ շապիկն է. մսե՜.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի,
Սողոմոնի պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես ...
Գիտես,
Ես ինչ - որ չափով նույնպես արքա եմ.
Ոչ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ոչ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել.
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ինչ եմ ես հապա,
Ինչպես ինձ կոչել, եթե ոչ արքա, -
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները երբ են պատկանել մանկլավիկների ...
Մուծէք ինձ ի տուն գինւոյ ...
Վասնզի խանդակաթ եմ սիրով ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Երուսաղեմում երբեւէ չեղած աղջիկներ խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ.
Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաեւ ծանրաքար մի բեռ,
Սեփական սի՜րտըս.
Նա ծա՜նր է դարձել,
Եվ ... ծանըր այնքան,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի.
Իսկ մինչեւ անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքիս չեմ կրում,
Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված.
Երուսաղեմում երբեւէ չեղած խարտյաշ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ, տեսեք - ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո.
Երուսաղեմում երբեւէ չեղած խարտյաշ աղջիկներ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբեւէ չեղած
Երուսաղեմի դուստրը սեւահեր
Ւնձ չի պատկանում.
Նա կա եւ չկա, ինչպես երկինքը,
Իմն է - իմը չէ, ինչպես որ ինքը ...
Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն.
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, եւ ձայն չի տալիս.
Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներում որոնեմ նրան.
Երուսաղեմում երբեւէ չեղած աղջիկներ խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաեւ ձեր դեմքին,
Գտնում եմ մի մաս, մի նշույլ, մի շող,
Իսկ իրեն, բնա՜վ.
Երուսաղեմում երբեւէ չեղած խարտյաշ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան,
Երուսաղեմի թխահեր դստեր,
Ինչ պիտի ասեք.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով.
Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական,
Իր բազմադարյան
Հրեական արյան
Եվ նոր,
Նոր զարթնած իր սրտի նման, -
Հին ու նոր,
Ինչպես առավոտն ինքը.
Դուք լսում եք ինձ, խարտյաշ աղջիկներ.
Դուք գիտեք արդյոք, թե ինչ եմ ուզում,
Որ ասեք նրան, այդ սեւահերին.
Երդվեցնում եմ ձեզ, ասացե ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջին,
Իսկ ես էլ, նրա առաջին սերը.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկներ խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան,
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում, դռնփակ հնձան,
Բուրող հնձանում, եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
Ես չնվաղեմ.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաեւ,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
Եվ նույնիսկ կանչի՜,
Ինձ ձայն տա սիրով,
Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի եւ սիրո եզերքին ընկած
Խեցին կա,
Սակայն ...
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը
Հափշտակված է օտար գազանից
Եվ կամ թաղված է իր քարե բնում ...
Երուսաղեմում երբեւէ չեղած աղջիկներ խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սեւակըն դստեր,
Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն.
Թող նա շտապի,
Թե չէ, կուշանա՜,
Թե չէ, կլսի
Ոչ թե իմ կանչը,
Այլ վերջին ճի՜չը ...
Ահեակ նորա ընդ գլխով իմով,
եւ աջ նորա պատեսցէ զինեւ ...
«ԵՐԳ ԵԳՈՑ»
Եվ դու չուշացար,
Դու շտապեցի՜ր,
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա ...
Իմ Սուլամի՜թա.
Եկար վազեվազ,
Եռամյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ, եկա՜ր.
Եկար ... եւ իսկույն, իմ Սուլամիթա,
Հազարամյակներն իմ ու քո միջեւ ասես ջնջվեցին ...
Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ:
Ես այգի չունեմ ... եւ այգիս չեկար.
Մայթեր կան հիմա
Ու գորշ քաղաքներ,
Շենքեր բազմահարկ,
Նրանցից մեկում,
Սենյակ մի նեղլիկ.
Դու այնտեղ եկար.
Եկար փարվեցիր,
Քո ամբողջությա՜մբ.
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները, երկնին.
Ու ես այդ պահին զգայուն էի,
Ինչպես քո մաշկը,
Եվ մաքուր էի,
Ինձ վրա հառված հայացքիդ նման.
Եվ դու բացվեցի՜ր ...
Այդպես բացվում է մահճում երեխան,
Մթնում, ծաղիկը.
Ու ես այդ պահին,
Քո անմեղության բույրերից արբշիռ,
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ ... աղքատությա՜մբ.
Ու տրվեցի՜ր դու,
Ծնվելով նորից:
Այդպես տրվում է հողն արմատներին,
Իր հունին, ջուրը.
Ու ես հասկացա, որ ես ոչ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
Որքան քո գրկում.
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում.
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ ...
Իմ սերերն իրար եւ նման էին,
Եվ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները.
Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար ...
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա.
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
Քո թուխ վարսերից
Ու ծավալվելով,
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ոչ այս, եւ ոչ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
Չկար ժամանակ,
Չկար նաեւ միտք.
Կար շնչառություն,
Որ շատ էր նման
Օվկիանոսների տուրեւառությա՜ն ...
Ես ննջեմ, եւ սիրտ իմ արթուն կայ ...
Դիր զիս իբրեւ զկնիք ի վերայ սրտի
Քո ... վասնզի հզօր է իբրեւ զմահ սէր ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Լաւ են երկու, քան զմի ... զի եթէ
ննջեսցեն երկուք, ջեռուցանեն զմի -
մեանս, իսկ մին, զիարդ ջեռուցու ...
«ԺՈՂՈՎՈՂ»
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա.
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում.
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ.
Հիմա դու չկա՜ս,
Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձած,
Մի սովորակա՜ն - աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում ...
Ինձ արդեն վաղու՜ց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
Եվ փնտրում եմ քեզ,
Սակայն չեմ գտնում,
Ու կանչում եմ քեզ,
Բայց ձայն չես տալիս.
Տարածությունն է ընկած մեր միջեւ,
Ինչպես մի սահման,
Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց.
Իսկ մենք, թշնամի ...
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ - որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ, իմ սիրտն է քնած.
Հեռու ես, հեռու՜,
Ու ձայն չես տա ինձ, որքան էլ ձայն տամ.
Գիտեմ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ, որքան էլ փնտրեմ.
Բայց ... միթե սրտին բան կհասկացնես.
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում.
Մայթերը լի են ժպիտ - ծիծաղով,
«Ներողություն» - ով ու «համեցեք» - ով,
«Ցտեսություն» - ով ու «բարեւ» - ներով.
Բոլորն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դու չկաս - իմ սիրտն է թափուր ...
Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ, գիտես, ես էլ եմ նախանձ.
Նախանձում եմ ես սիրող զույգերի՜ն.
Շրջում են գրկված, ձեռք - ձեռքի, կիպ - կից:
Մենակ եմ լոկ ես.
Դու չկաս, լոկ դու՜.
Ձեռքիս ափերը հալվել են ուզում.
Ուր է կրակը.
Քո ձե՜ռքը չկա.
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
Ուր են ուսերըդ,
Եվ լանջըդ ուր է.
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
Սիրած ծաղիկըդ.
Ես ում նվիրեմ:
Հեռախոսային խցերն ազատ են,
Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում.
Ում զանգահարեմ, եթե դու չկաս.
Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը, սառած լավայով.
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ,
Այժըմ և ընդմի՜շտ.
Այժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից, արդեն
Շերտավոր եմ ես,
Ինչպես հովազը:
Ախ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի,
Ցանկացա՜ծ գնով.
Եվ ու՜ր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչու չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի ...
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը:
Ու ես ապրում եմ,
Այդպես վառվելով:
Դու կարծես չկաս
Ու չես լինելու,
Այլեւս ինձ համար մեռած ես կարծես.
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի,
Կվառվի այլուր.
Եվ դու - ինձ համար - չե՜ս մեռնի երբեք,
Ինչպես չի մեռել
Քո նախա - նախա - նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն էր կրում,
Իմ Սուլամի՜թա.
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի.
Եվ ի հակառակ, անկասկած ասել,
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն, իր ծաղկելը,
Ցուլն, իր բառաչը,
Եվ ժամապահն, իր նշանաբանը,
Սակայն ոչ ես `քե՜զ,
Իմ Սուլ ...
Սուլամի ...
Իմ Սուլամի՜թա ...
Նկ.Մինաս Ավետիսյան
Комментариев нет:
Отправить комментарий