Мой список блогов

четверг, 18 апреля 2013 г.

Անդրե Մորուա « Նամակներ անծանոթուհուն»


Художник Коржев, Осень прародителей
Նկ.Գ.Կորժև

Տարեց ամուսնական զույգերի մասին ...*


«Կա ,Տիկին, տարեց ամուսնական զույգերի երեք տարատեսակ:Սկսենք ամենավատից `  միմյանցից հոգնած ամուսնական զույգերից: Քառասուն տարվա ամուսնական կյանքը չմերձեցրեց նրանց: ամուսնանալիս նրանք շատ քիչ ընդհանուր բաներ ունեին ,իսկ  այժմ նրանք պարզապես չգիտեն ինչի մասին խոսել:Նման ամուսիններին դժվար չէ ճանաչել,տեսնելով,թե ինչպես  են  նրանք  լուռ նստած   ռեստորանում սեղանի շուրջ և  նույնիսկ չեն ժպտում միմյանց :Ամեն մեկն անտեսում է մյուսին,դեռ լավ է ,եթե նրանց միջև չկա բացահայտ թշնամանք:

Ինչո՞ւ են նրանք միասին:Սովորությունից,պատշաճության հանդեպ ունեցած հարգանքից,ընտանեկան հարմարվողականությունից ,առանձին բնակարաններ գտնելու անկարողությունից,ինքնուրույն ապրելու անզորությունից:Դրանք խղճալի ամուսնական զույգեր են:

Երկրորդ տարատեսակը մի փոքր ավելի  լավ է:Նրանք կազմվում են այն  տղամարդկանցից և կանանցից,որոնք չտածելով  միմյանց հանդեպ իսկական սեր ՝մնում են հավատարիմ ընկերներ:Երկար տարիների խաղաղ գոյակցությունը համոզել է նրանցից յուրաքանչյուրին ,որ ,չնայած զուգընկերոջը չի կարելի համարել ո՛չ քնքուշ,ո՛չ հմայիչ ,այնուամենայնիվ , նա ունի  բազմաթիվ այլ կարևոր հատկանիշներ:Նրա վրա կարելի է հույս դնել: Նա ունի համակերպվող բնավորություն,այսքան տարիներ նա ներել է մեղքերն այլոց և արել է այնպես ,որ ներվեն սեփական մեղքերը:Նման զույգերին երբեմն միավորում են  համատեղ հաջողությունները ,սերը երեխաների ու թոռների հանդեպ:Մոտիկ մարդկանց   ներկայությունը նման ամուսնիններին փրկում է միայնակությունից ,սերտ  կապերով  նրանց կապում  շրջապատող աշխարհին:
Երրորդ ,հիացմունքի արժանի տարատեսակը ՝ երջանիկ տարեց զույգերն են:
Ամենադժվարը ամուսնության մեջ սիրուց բարեկամությանն անցնելու կարողությունն է ՝ընդ որում  չզոհաբերելով սերը:Այստեղ անհնարին ոչինչ չկա:Ցանկությունների տաք կրակը  երբեմբ շատ երկար չի մարում,բայց ,ամուսինների մոտ  ,որոնք իսկապես սիրում են միմյանց « այդ շքեղ ծաղկանախշերով սքանչելի  մետաքսը     աստառված է մի ուրիշ ,ավելի հասարակ,բայց այնպիսի  մաքուր և  հազվագյուտ նրբերանգի գործվածքով   ,որ նախըտրում ես   երեսի փոխարեն աստառը տեսնել»:Նման  ամուսնության մեջ տիրում է փոխադարձ վստահություն,առավել լիակատար ,ամեն ինչ այնքան ամբողջական է ,որ թույլ է տալիս կանխազգալ  սիրելի անձնավորության  հոգու բոլոր մղումները,  շարժերումները...նման ամուսինների համար ձանձրույթը սարսափելի չէ:Ամուսինն ավելի երիտասարդ ու գեղեցիկ աղջիկների ընկերակցության փոխարեն գերադասում   է  իր կնոջ ընկերակցությունը  և դա փոխադարձ է:Ինչո՞ւ   : Նրանցից յուրաքանչյուրը գիտի ,թե հատկապես ինչը կարող է հետաքրքրել մյուսին, երկուսի ճաշակները այնքան են  համընկնում   ,որ  նրանց միջև զրույցը երբեք չի լռում...  նույնքան հաճելի է  զբոսանքը երկուսով,ինչպես   ժամանակին  թանկ էր սիրային ժամադրությունները՝ նրանց հարսանեկան երթի այդ   նախերգանքները...Յուրաքանչյուրը գիտի,որ մյուսն այնպես է ճանաչում իրեն,որ կանխավ զգում ,կռահում  է ամեն ինչ:Միաժամանակ նրանք մտածում են նույն  բաների  մասին... նրանցից ամեն մեկը ուղղակի  ֆիզիկապես կարող է տառապել  մյուսի բարոյական ապրումների պատճառով ...
Ի՜նչ հրաշք է հանդիպել մի  տղամարդու(կամ կնոջ) ,որը կյանքի ընթացքում ոչ մի անգամ   չի հիասթափեցրել ու չի խաբել ձեզ...
Երբ տարեց ամուսնական զույգը անվթար  հաղթահարում է(ընդ որում երբեք  աղետի չենթարկվելով)  կեսօրվա դևի փրփրեցրած ծովը  ,այն  մտնում է խաղաղ նավահանգիստ ,ուր տիրում է երանավետ անդորր... Չկա   ավելի սքանչելի բան ,քան ամուսնական այդ դաշինքի  անխռովությունը: Եվ միայն մահվան մասին մտքերն են մթագնում ներդաշնակությունը սիրո....Միմյանց հանդեպ կրքոտ կապվածությունն իր մեջ վեհ իմաստ  է կրում   ,բայց դա հղի է վտանգներով,քանզի ,երբ խոսքը գնում է  մեր սիրելի անձնավորության  կյանքին ,ապա ամեն ինչ դրվում է խաղաքարտին ...
Մարդն այնքան փխրուն է...Բայց մահն անզոր է այդ մեծ սիրո առջև ...Քաղցր մխիթարությամբ են լցվում ժամերը վշտի ու միայնության ,երբ
հիշողությանդ  մեջ վերստի հառնում են ոչ մի բանով չմթագնած հուշերդ...Բացի այդ ,տարեց զույգերը ,որոնք  իրենց դարն ապրել են երջանիկ ,դեռ երկար կապրեն նրանց հիշողության մեջ ,որոնք  ճանաչել են   նրանց ,սիրել  ու հիացել   նրանցով ...
Գուցե դուք ասեք .«Աստվա՜ծ իմ ,ինչո՞ւ եք դուք ինձ ՝երիտասարդ կնոջս պատմում տարեց ամուսնական զույգերի մասին»:Որովհետև մեղք չէ պատրաստել իրեն  ապագային՝ թող որ  նույնիսկ հեռավոր ...Նաև այն պատճառով ,որ այս կիրակին այնքա՜ն տխուր էր... Փարիզյան թեթև ,թափանցիկ,կապտավում ու փխրուն մառախուղը  պարուրել  էր մեր  պատուհանների  տակ Բուլոնյան անտառի  արդեն աշնանային թարշամության քողով  ծածկված ծառերը ..
Մնա՜ք բարով...»
André Maurois: Lettres à l'inconnue

*միայն այս մեկն եմ ես թարգմանել  ... համեմատեցի գրքի հետ  ու  զարմացա ...հիացա   ինձնով  :)) ապրեմ ...))) բավականին լավ եմ թարգմանել...))) ժպիտներ )))

Ես սիրահարված եմ Մորուային...)))

         
  Նկ.Ռենուար
                             
                                                         (




Սալոնային կյանքի տեսարաններ 

Խորհուրդներ երիտասարդին 

Ես ամբողջ երեկո հետևում էի   քեզ  :Դու տխուր  էիր ու դժգոհ ինքդ քեզանից:Նստել էիր այն կնոջ կողքին ,որը քեզ դուր է գալիս,և համառորեն լռում էիր:Նա փորձում էր խրախուսել քեզ ,հետո զարմացած վեր կացավ ,փնթփթալով ,թե իր գնալու ժամանակ է: Մի ժամ հետո դու նորից տեսար նրան ՝ աշխույժ և ուրախ նստել էր ուրիշի կողքին:
   Դու գնացիր դեպի այն տղամարդկանց խումբը ,որոնք հափշտակաված զրուցում էին քաղաքականության մասին:
նրանց քննարկման թեմաները քեզ քաջ ծանոթ էին ՝պատերազմ,հարկեր,տնտեսական անկում:Նրանց ասածների մեջ ոչինչ չկար ,բացի ընդհանուր բաներից,որոնք ամեն առավոտ կարելի է տեսնել թերթերում ,բայց և այնպես զրույցը թվում էր աշխույժ ու սրամիտ:Դու փորձեցիր միանալ զրույցին:Նրանք զարմանքով աչքերը հառեցին վրադ, ինչպես երաժշտախմբի բազմափորձ մասնակիցներն այդպես նայում  են նորեկ ջութակահարին,երբ վերջինս սխալ նոտա է վերցնում :Դու սկսեցիր  ինչ-որ բան պատմել ,բայց երկու խոսք էլ չէիր հասցրել ասել ,երբ բարձր ձայնով մի տղամարդ ընդհատեց քեզ ,և ոչ ոք չհետաքրքրվեց ,թե ինչպիսին է քո պատմության վերջը:
   Դու չհամարձակվեցիր առաջինը հեռանալ,բայց թողեցիր հյուրասենյակը գնացող առաջին իսկ հյուրից հետո:
  քայլում էիր դանդաղ,գլխահակ,և ես ուզում էի մոտենալ քեզ ու ասել .«Մի վշտացիր...Քեզ ուղեկցել են անհաջողություննե՞րը...Դա բոլորի հետ է պատահում:Մի կարծիր ,թե ինչ-որ մեկն ուշադրություն է դաձրել քո լռակյացությանը  :Մարդիկ չափազանց զբաղված են իրենցով ,որ  երկար խորհեն  քո մասին:
   Դու նախանձում ես նրանց վստահությա՞նը:Դու էլ այն ձեռք կբերես : Դա բարձր պաշտոնի ու քննադատական ոգու բացակայության արդյունքն է:Տարիներ հետո դու էլ պաշտոն կունենաս: Կսովորես տարրական ճշմարտություններ պնդել : Կհագնես այս կամ այն վարդապետության (դոկտրինա)  զրահը: Նրանով պաշտպանված դու քեզ ավելի վստահ կզգաս: Իսկ առայժմ հիշիր զգուշության մի քանի կանոններ:Բերանդ չբանաս ,եթե քեզ համար նոր միջավայր ես ընկել : Լսիր ,ձգտիր հասկանալ ,թե ինքդ ինչի ես ընդունակ: Փարիզյան սալոններում զրույցը պտտվում է միաժամանակ երեք նյութի շուրջ: Ուսումնասիրիր բոլոր այդ թեմաները,ասես անգիր ես անում  պատմության քննության տոմսերը:Եվ սպասիր քո ժամին:Երբ խոսք է բացվում փաստերի մասին ,նյութի  հիմնավոր իմացությունն է իրավունք  տալիս մտնել խոսակցության մեջ:Եղիր աստվածաբան ,հոգեբան , իրավաբան: Մեջերումներ արա եկեղեցական բանադրանքի սահմանումներից  ու քաղաքացիական օրենսգրքի հոդվածներից: Վերնախավը գնահատում է մասնագետներին:  )))
 Կանանց հետ եղիր պարզ ու վճռական:Նրանք սիրում են բնականությունը,ինչպես նաև ,երբ հետները խոսում հենց իրենց մասին: Համարձակ պատմիր աշխատանքիդ մասին Տղամարդու գործունեության մեջ կա  կոպիտ քնքշանքի նման մի բան ,որը շոյում է նրանց:Մի վախեցիր  անհասկանալի լինելուց: Կանայք կասեն .«Սա այն երիտասարդն է ,որն ունի գեղեցիկ աչքեր .որն ինձ պատմում էր Էյնշտենի մասին»:

 Մարդաշատ հավաքույթում  գեթ մի հայացքով  կինը կարող է սատարել  ու օգնություն հասնել  բարեկամին,եթե վերջինս հուզված է ու վախեցած :
Նրա աչքերում բռնկվող ժպիտը վեր կսլանա  ինչպես արտույտ ու  կնստի խաղաղված հոգուն:

սա էլ  հենց նոր թարգմանեց՝ Լիլին...))))



                                                   
Նկ.Ռենուար,Մոնեի կինն ու որդին

Ամուսնություն

Դուք ժամանակակից մարդ եք և քսան տարեկանում,անկասկած,մարմնական սիրո որոշ փորձ ունեք : Կարելի՞ է արդյոք չայրվել ցանկությունից ,երբ հանգիստ չկա պոռնոգրաֆիական ֆիլմերից,էրոտիկ վեպերից ,մերկ մարմիններից : «Անգործուն ցանկությունը ժանտախտ է ծնում » (Բլեյք): Ուրեմն, պետք է գործել ,այսինքն՝ սիրել: Բայց ձեր սերնունդ այդ խնդիրը լուծում է ոչ այնպես ,ինչպես իմը: Իմ պատանեկության ժամանակներում աղջիկներին արթուն կերպով հսկում էին,նրանք զգուշանում էին տղամարդկանցից՝ վախենալով հղիությունից ու խայտառակությունից ,այդ պատճառով պատանին ստիպված էր ընտրել առաքինության ( դժվար ելք դրությունից),ծախու կանանց սիրո (այն ժամանակներում հեշտ մատչելի ,բայց ազնիվ մարդուն անվայել ելք) և սիրուհու միջև:
Պատանին սիրո դպրոց էր անցնում ամուսնացած կնոջ մոտ ,որը նրանից ավելի տարիքով և ավելի փորձված էր: Անցյալ հարյուրամյակի 20-ական թվականների սկզբներին քառասունհինգամյա տիկին դը Բեռնին  «դայակում էր » քսանամյա Օնորը դը Բալզակին ,որի հանճարն չէր ծաղկի առանց այդ սիրո:Այդ ժամանակներում ասում էին .«Վատ է ,եթե երիտասարդ տղան ամուսնանում է մարմնական սեր չճաշակած : Երբ երկու նորապսակներն էլ ոչինչ չգիտեն  և ոչինչ չեն կարողանում ,նրանք ենթարկվում են միմյանցից հիասթափվելու վտանգին և բանը կարող է վերջանալ ապահարզանով ,իսկ եթե կրոնը դա արգելում է,ամուսնությունն ամբողջ կյանքում կկապի երկու էակների ,որոնք չեն հասկանում և չեն սիրում իրար»: 
Ինչ վերաբերվում է աղջիկներին ,թեև նրանք արդեն  չունեն բալզակյան միամիտ կանանց (որոնց հոր իշխանությունը պարտադրում էր մի հարուստ ծերունու կամ ազնվատոհմ թեթևսոլիկի) հլու հնազանդությունը,բայց և այնպես միանգամայն աղոտ էին պատկերացնում սիրո մարմնական կողմը:Նրանք իրար հետ կիսվում էին ենթադրություններով ու կռահումներով,փորձում իմանալ ճշմարտությունը,իսկ ի վերջո ամուսնանում էին կուրորեն ,սոսկ նրա համար ,որ փեսացուն դուր էր եկել ծնողներին:Այստեղից էլ ՝ ամուսնական առաջին գիշերվա տխուր պատմությունները,որոնցով  լի են Դյումա-որդու պիեսներն ու Մոպասանի վեպերը:Եթե ամուսինը գործում էր ապաշնորհ ու  կոպիտ ,կտրուկ անցումը գերզգայուն անմեղությունից դեպի անասնական կրքի կոպիտ ճշմարտությունը ,առաջ էր բերում սարսափ  և խուճապ ՝միանգամայն բնական ,բայց դրա շնորհիվ ոչ պակաս տանջալից: Ինձ կարող են առարկել ,որ բանն այդպես էր միայն բուրժուական միջավայրում ,որ երիտասարդ գեղջկուհիներն ավելի իրազեկ էին ,որ բանվորների շրջանում մեծ մասամբ ամուսնանում էին ոչ թե շահադիտությամբ ,այլ սիրով : Դա ճիշտ է միայն մասամբ . հաճախ պատահում էր ,որ երիտասարդ աղախինն ամուսնանում էր ծեր ֆերմերի հետ ,իսկ բանվորի հարսնացուի ծնողների համար ամենևին միևնույնը չէր ,թե ինչքան է նրա վաստակը:
   Այսօր իրավիճակը փոխվել է  :Աշխարհի ամենահին արհեստը չի վերացել,բայց զգալիորեն կորցրել է ճանաչումն ու հեղինակությունը: Այժմ արդեն Ֆրանսիայում ֆիրմային վաճառասրահից կին չես գտի ,իբրև մի զույգ կոշիկ...Բնակարանային ճգնաժամը հանգեցրեց ամուսնական ճգնաժամի : Պատահական ընկերակիցներ կարող են հանդիպել հյուրանոցում ,բայց այնտեղ այնքան էլ հարմարավետ չէ ,ինչպես տանը,և անհամեմատ ավելի վտանգավոր:Հաճելի կահավորանքը նպաստում է սիրուն  . անճաշակ կահավորանքը սպանում է այն : Բայց դրա փոխարեն աղջիկներն ավելի համարձակ են տրվում երիտասարդներին ,քան անցյալում:Ինչո՞ւ : Շատ պատճառներով: Այն կինը,որն աշխատում է և սովորում ,ազատ է ու անկախ. դասախոսությունների հաճախելը ,սպորտով զբաղվելը ,ճանապարհորդությունները,հանգիստն ամառային ճամբարներում բարենպաստ հող են ստեղծում  շփման համար . հասարակական կարծիքն ավելի ներողամիտ է դարձել ,ծնողներն առաջվա նման խիստ չեն հետևում աղջիկներին  . այժմ կինը կարող է կամ խուսափել անցանկալի հղիությունից ,կամ էլ մենակ մեծացնել երեխային: Մեր օրերում շատ կանայք հնարավորություն են ստացել ապրելու առանց տղամարդու նյութական օգնության ,նրանց օգնում է պետությունը:Բոլոր այդ պատճառներով շատ աղջիկներ իրենց այնպես ազատ են պահում ,ինչպես նախկինում միայն տղամարդիկ էին իրենց պահում ....
Վերադառնանք ձեզ: Ամուսնանալ,թե՞ ամուրի մնալ :
Հիշո՞ւմ եք Պանուրգին: .-Եթե դուք գտնում եք ,որ ավելի լավ է մնալ նախկին դրության մեջ և փոփոխություններ չփնտրել, ապա ես կգերադասեի չամուսնանալ : -Որ այդպես է մի ամուսնացեք,- ասաց Պանտագրուելը: Այո ,բայց մի՞թե դուք ուզում եք,որ ես օրերս քարշ տամ մեն-միայնակ,առանց կյանքի ընկերուհու,- առարկեց Պանուրգը : Դե՛,դե՛ ,ամուսնացե՜ք ,աստված ձեզ հետ ,-ասաց  Պանտագրուելը»: Ի՞նչ խորհուրդ տամ ձեզ : Չեմ սկսի խրատներ կարդալ:Հումանիստական ,բայց խիստ բարոյախոսությունը ձեզ կպարտադրի լինել հավատարիմ ու նվիրված ՝ իհարկե,հարմարվելով հանգամանքներին ու սիրեցյալիդ բնավորությանը:Դուք ձեզ միանման չեք պահի թեթևսոլիկ պչրուհու և այն աղջկա հետ ,որը հոգի կտա ձեզ համար: Կարճ ասած, կարծում եմ ,որ առաջին ,անխուսափելի սխալներից հետո դուք կընտրեք ամուսնությունը:
   Սկզբում մի քիչ կսարսափեք : Եվ պատճառ կա: Հոժար կամքով ամուսնանալով, այսինքն ՝ կնության վերցնելով մի կնոջ և ընտանիք կազմելով ,տղամարդը հրաժարվում է այն ամենաթանկ բանից ,որ պարգևում է նրան ազատությունը:
« Հավատարմությունը տղամարդու համար նույնն է ,ինչ վանդակը վագրի համար : Այն ներհակ է նրա էությանը»,- գրել է Բեռնարդ Շոուն: Դա այդպես է:Բայց եթե բոլորը ենթարկվեին բնության ձայնին ,աշխարհում ոչ մի գեղեցիկ բան չէր մնա :Ոչ ոք մահվան չէր գնա ՝ պաշտպանելով թույլերին ու անմեղներին, ոչ ոք օրական տասերկու ժամ չէր նստի գրասեղանի առջև ,որ վեպ գրի: Արդյո՞ք  դա նշանակում է ,որ պետք է իր մեջ խրախուսել վախկոտությունը,դաժանությունը,անհավատարմությունն ու ծուլությունը:Քիչ թե շատ ազնիվ ամեն արարք անձնազոհություն է պահանջում: Այդ քայլին դիմելը բավական դժվար է ,բայց այլ կերպ հնարավոր չէ ապրել:Երբ որոշումն ընդունված է,«Հաջո՞ղ է արդյոք իմ ընտրությունը» հարցն իր տեղը զիջում է « Ինչպես երջանիկ կյանք ստեղծել նրա հետ ,ում ընտրել եմ» հարցին: Զուր չէ,որ քահանան փեսացուին ու հարսնացուին հարցնում է ,թե նրանք համաձա՞յն են արդյոք  մարդ ու կին դառնալու. չէ ՞որ առանց դրա չկա  ո՛չ խորհրդավորություն ,ո՛չ էլ ամուսնություն:
 Պե՞տք է արդյոք ամուսնությունը:Հնարավո՞ր է արդյոք հասարակություն առանց ամուսնության , ուր երեխաներին կդաստիարակեն համատեղ  և ուր կտիրի սեռական ազատություն: Մարդկային գրեթե  ողջ պատմությունը վկայում է այն մասին ,որ դա անհնար է:Ամուսնությունը այս կամ այն երկրի ,ռասայի,կրոնի ,դարաշրջանի սեփականությունը չէ: Դա այն չգրված օրենքներից մեկն է ,որոնք արմատավորված են մարդու բուն էության մեջ: 
« Մարդու ձագերն » աշխարհ են գալիս թույլ,մեծանում են դանդաղ,կարիք են զգում,որ մեծերը նրանց հաղորդեն իրենց փորձն ու ցեղի ավանդույթները . այստեղից էլ ՝կայուն ամուսնական զույգեր ստեղծելու անհրաժեշտությունը: Համայնքի կամ պետության ներկայացուցիչը որտեղի՞ց վերցնի մայրական քնքշությունն ու հայրական խստությունը : Մյուս կողմից , «ամուսնությունը միակ կապն է ,որ ժամանակը կարող է ամրապնդել» (Ալեն): Ֆիզիկական հակումը մարդուն մղում է սուր զգացմունքների որոնումների:Ամուսնության ինստիտուտի անանց արժեքը նրանում է,որ այն զսպում է մարդկային կրքերի անկայունությունը հասարակության կողմից խրախուսվող ամուսնական հարաբերությունների կայունությամբ:
  Այս վերջին հանգամանքը հատկապես կար.որ է : Որքան էլ հաստատուն լինի ամբողջ կյանքում միմյանց հավատարմություն  պահպանելու սիրահարների մտադրությունը ,նրանց միությունը քայքայվում է ,որովհետև հասարակությունն ըմբոստանում է նրանց դեմ :
Աննա Կարենինան և Վրոնսկին անկեղծորեն սիրում են իրար,բայց հասարակությունը դատապարտում է նրանց , և սերն ավարտվում է կործանումով: Լիստը  և տիկին դ'Ագուն ստեղծված են միմյանց համար ,բայց ստիպված են բաժանվել:Եթե սիրահարները համառում են , դառնում են «սիրո տաժանակիրներ »:  Չկա ավելի քիչ ազատ բան ,քան ազատ սերը:
 Անշուշտ ,լինում են բացառություններ,բայց այդ դեպքում կինն է  իր կյանքը զոհաբերում սիրելի մարդուն (Ժյուլիետ Դրուե և Վիկտոր Հյուգո), կամ էլ տղամարդն ու կինը միմյանց տալիս են լիակատար ազատություն , և նրանց արդեն կապում են ոչ այնքան սիրային,որքան բարեկամական ,մտերմական հարաբերությունները:Այդպիսի զույգերն  ապրում են շատ համերաշխ, սակայն չի կարելի չխոստովանել, որ նման հարաբերությունների ընդունակ են միայն բացառիկ անհատականությունները: Տղամարդկանց ու կանանց մեծամասնությունը չի հանդուրժի , որ իրենց ընկերակիցը դոնժուան լինի :
  Եվ այսպես՝ամուսնություն: Բայց ինչպիսի՞: Մենք ասացինք ,որ ամուսնությունը զսպում է մարդկային կրքերի անկայունությունը: Սկզբում պետք է կիրք լինի : Ընտրեք մի կին ,որը ձեզ դուր է գալիս թե՛ մարմնով ,թե՛ դեմքով կամ համենայն դեպս  զզվանք չի հարուցում ձեզ : Պարտադիր չէ ,որ բոլորը նրան գեղեցիկ համարեն,կարևորն այն է ,որ նրա հմայքը տարածվի ձեզ վրա : Ճաշակով մարդը  կարող է այնպես հագցնել ու սանրել տգեղ աղջկան ,որ նա գեղեցկուհի դառնա: « Նորապսակների հիշողություններում» Ռենե դը
 լ 'էստորանդն ամուսնանում է չսիրած մեկի հետ և նրան դարձնում է իր սիրուն արժանի մարդ:Սակայն ,այս դեպքը դեռևս ոչինչ չի ապացուցում : Ռենեն չէր կարող վերադաստիարակել իր ամուսնուն,
եթե նրա մոտ համապատասխան տվյալներ չլինեին: Հաշվենկատ ամուսնությունը  լավ ընթացք կստանա սոսկ այն դեպքում ,եթե հույս կա այն սիրով կատարված ամուսնություն դարձնելու : Հակառակ դեպքում դա ոչ թե խելացի ,այլ խելացնոր ամուսնություն է: Հիշեցե՛ք . բարի սիրտը ,աշխույժ միտքը,ճաշակի ընդհանրությունն ավելի կարևոր են ,քան գեղասքանչ դեմքը : Գրում էին ,թե գեղեցկությունը երջանկություն է խոստանում,բայց,  առանց հոգու արժանիքների ,մարմնի գեղեցկությունը ձեզ հուսախաբ կանի:
  ճի՞շտ է արդյոք ,որ ամուսնական կյանքի միօրինակությունը բթացնում է ցանկությունը: Եթե կինը ալարկոտ և սառը լինի,շուտով կիրքն իր տեղը կզիջի հոգնածությանն ու ձանձրույթին : Ընդհակառակը ,վայելքի րոպենները միասին ապրելու սովորությունից երջանկություն է ծնվում: « Տղամարդկանց մեծ մասը ,-ասում է դոկտոր Օ 'Գրենդին,-գործնականորեն միամուսնական են : Ես ուզում եմ ասել ,որ հակառակ էրոտիկ գրականության տարածած լեգենդների ,նորմալ տղամարդը հեռու է բոլոր կանանց ցանկանալուց , և նման է այն լուցկիներին, որոնք վառվում են միայն իրենց տուփից: Նրա մոտ ցանկություն առաջացնում  է միայն մի որոշակի կին,ընդ որոմ , մեծ մասամբ դա իր սեփական կինն է:Եթե ենթադրենք,որ ամուսնու համար իր կնոջ դեմքը ,մարմինը , ձայնը դառնում են բուն սիրո գաղափարն արտահայտող նշաններ ,հեշտությամբ կհասկանաք ,որ իր կինը նրան հուզում է ավելի ուժեղ, քան այս կամ այն պատահական ,թերևս,ավելի գեղեցիկ,բայց անցկացրած գիշերների մասին ոչ մի հիշողություն չարթնացնող կինը:Միամուսնության հակում ունեցող մարդու համար նորմալ կյանքը հնարավոր է միայն միամուսնության ժամանակ:»
Նկ.Կլոդ Մոնե,Ալիսա Օշեդը այգում

                                                  
Կլեոպատրայի քիթը
«Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար ,ամբողջ աշխարհն այլ կլիներ»՝
Երբ մենք ուսումնասիրում ենք սեփական կյանքը կամ մեր երկրի պատմությունը ,հաճախ մեզ համակում է Պասկալի այդ արտահայտությանը դիմելու գայթակղությունը:Ամենասարսափելի հետևանքների հանգեցնող իրադարձություններն այնքան աննշան էին,իսկ դրանց խճճվածքն այնքան զարմանալի ,որ մենք պարզամտորեն ապշում ենք ճակատագրի անհետևողականության վրա:
  Եթե Առլետա  Ստավինսկայան ավելի քիչ սիրեր թանկարժեք զարդեր ,Երրորդ հանրապետության պատմությունն այլ կերպ կդասավորվեր : Եթե Վադեմիերում  թնդանոթները ժամանակին Բոնապարտին ժամանակին հասցրած զինվորները ճանապարհին ուշանային թեկուզ տասը րոպե,ասենք,կոկորդները թրջելու համար , մեր գրքերում չէին հիշատակվի ՛ոչ Աուստեռլիցը ,ո՛չ էլ Վագրամը : Եթե պրիզիդենտ Վիլսոնը ժամանակին Փարիզ ուղարկեր որևէ հանրապետակա սենատորի,,ամերիկան հիսուն տարով , իսկ գուցեև ընդմիշտ կներքաշվեր Եվրոպայի քաղաքական կյանքի մեջ:
 Անցյալին վերաբերվող մտորումներում  անխուսափելիորեն առկա են նման ենթադրություններ: « Եթե ես չորոշեի այս տարի զատկի արձակուրդներեն անցկացնել 
Սեն-Տրոպեզում ,երբեք չէի հանդիպի այն կնոջը ,որը դժբախտացրեց ինձ »: Ոչինչ չի ապացուցում սույն դատողության ճշմարտացիությունը: Անշուշտ, աննշան ու չնախատեսված պատահականություններն ամեն ակնթարթ փոփոխում են իրադարձությունների սովորական ընթացքը:Բայց արտասովոր զուգադիպությունների միայն ամբողջ շղթան կարող է այդ ընթացքին տրամագծորեն հակադիր բնույթհաղորդել:
  Դե,դուք Սեն-Տրոպեզ չընկնեիք,կընեիքՍեն-Ռաֆայել,այնտեղ կհանդիպեիք նույն կերտվածքի մեկ ուրիշ կնոջ,նա, ինչպես առաջինը,,նույն պատճառներով դուր կգար ձեզ,քանզի ,ինքներդ էլ  այդ չիմանալով ,դուք այն ժամանակ հոգեկան տառապանքեր  էիք փնտրում : Ձեր կյանքի այս կամ այն հանգամանքները կարող էին բոլորովին այլ լինել ,բայց նրա ընդհանուր ուրվագծերը մոտավորապես այդպիսին էլ կմնային:

Լորդ Դանսենին այդ թեմայով մի շատ հետաքրքիր պիես է գրել : Առաջին գործողության մեջ մեր առջև գնացքից ուշացած մի մարդ է :Այն րոպեին ,երբ նա մոտենում է կառամատույցի ելքին ,գնացքը շարժվում է:Այդ ուշացման հետևանքով նրա հետագա կյանքն անհաջող է դասավորվում , և նա շարունակ պնդում է .« Երևակայեցեք, եթե մի՛ վայրկյան ավելի շուտ գայի ...»:Եվ ահա մի գեղեցիկ օր ոմն արևելյան վաճառական նրան առաջարկում է գնել մի կախարդական բյուրեղ ,որը նրա տիրոջը թույլ է տալիս իր ցանկությամբ փոխակերպել անցած իրադարձություններից մեկը:Պիեսի հերոսն ,իհարկե ցանկանում է հայտնվել այն նույն կառամատույցում , միայն թե մի վայրկյան ավելի շուտ : Այս անգամ նա գնացք է նստում և նրա կյաանքը նորից է սկսվում : սակայն ,թեպետ արտաքինից ամեն ինչ այլ կերպ է դասավորվում, հերոսը կրում է նույնպիսի  լիակատար անհաջողություն,ինչպես առաջին անգամ,քանի որ ձախողման արմատական պատճառները նրա բնավորության և ոչ թե հանգամանքների մեջ էին:
   Նույն բանը տեսնում ենք նաև ժողովուրդների պատմության մեջ : Նրանք չեն կարող խուսափել իրենց համար նախանշված ճակատագրից: Եթե Վանդեմիերում հրենատավորներն ուշացումով հասնեին , ժամանակավորապես կփոխվեր Բոնապարտի 
ճակատագիրը, բայց ոչ Ֆրանսիայի պատմությունը՝ համենայն դեպս իր գլխավոր գծերով կմնար նույնը: Կհայտնվեր մեկ ուրիշ Բոնապարտ : Ամեն մի սերունդ իր մեջ կրում է որոշակի թվով հերոսներ ու գործիչներ:Սակայն խաղաղ ժամանակ նրանք հեռու են մնում գործերից :1985թվականին բոնապարտներն իրենց կյանքն ավարտում էին մի որևէ գավառական կայազորում իբրև գումարտակի զորաբնակարանապետներ կամ համբակներ:  Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար ,Հռոմի պատմությունը կընթանար իր ընթացքով ՝ վեհությանը կհաջորդեր անկումը:
  Իսկ դուք ,տիկին ,ավելի երկար քիթ ունենայիք , միևնույնն է , ես հիմա կգրեի անծանոթուհուն :Միայն թե այդ անծանոթուհին կլիներ ուրիշը : Մնա՜ք բարով:

Նկ.Գ.Կլիմտ ,Կամմեր ամրոցը Ատտերզեե լճի ափին



 « Նամակներ Անծանոթուհուն» 

Վիտամին «PP»


   Բոլորի նման դուք էլ , guerida, գիտեք որ մեծ Հյուգոյին ,որին վերջերս այնպես ճոխ կերպով փառաբանեցին ,ամբողջ հիսուն տարի պաշտում էր Ժյուլիետ Դրուեին . դուք գիտեք ,որ նա նրան գրել է քսան հազար նամակ  և դրանցում քսան հազար ձևով (ըստ որում կարողացել է խուսափել միօրինակությունից) կրկնել է.«
«Դու ամենամեծն ես, ամենագեղեցիկը...Սիրելիս,ներիր ինձ իմ անսահման սերը քո հանդեպ...Տեսնել քեզ ՝ նշանակում է ապրել, լսել քեզ՝ նշանակում է մտածել ...համբուրել քեզ՝ նշանակում է երկինք համբառնալ...Բարև սիրեցյալս ,բարև:Ինչպես ես քեզ զգում այս առավոտ :Իսկ ես կարող եմ անել լոկ մի բան ՝ օրհնել քեզ հիանալ քեզնով և ամբողջ հոգով սիրել քեզ...»:
Ես այստեղից արդեն լսում եմ ,թե ինչպես դուք՝ ամզոնուհիդ,դուք՝անողորմդ ,դուք՝ կռվարարդ,բացականչում եք.« Հիսուն տարվա պաշտամո՞ւնք... Ա՜հ,այդ կինը ինչպե՜ս ձանձրացրած կլինի նրան»:Արի տես,որ ոչ,թանկագինս ,այդպես մի մտածեք : Որքան հիշում եմ,ես ինքս էլ հաճախ հիշեցնում էի կոկետության անհրաժեշտ չափի մասին ,հայտնի է ,որ շատ տղամարդիկ ու կանայք քամահրում են այն,ինչը հեշտ է տրվում իրենց, և ձգտում են այն բանին ,ինչը դուրս է պրծնում իրենց ձեռքից. Ես գիտեմ ,որ Հյուգոն շատ անգամ է խաբել խեղճ Ժյուլիետին,նույնիսկ այն ժամանակ ,երբ նա դեռ լավիկն էր,և որ նա այդ բանից շատ է տառապել:Բայց դրա փոխարեն ուրիշներն անցնում էին «քամու ,ալիքի պես» ,իսկ ինքը ամբողջ կյանքում մնացել է նրա հետ :
Ժյուլիետը մնացել է նրա հետ ,որովհետև պայքարի համար ծնված  և անհրաժեշտ զենքի նման մերձավորների վստահության կարիք ունեցող որոշակի տիպի մարդիկ՝արվեստագետներ,քաղաքագետներ,ականավոր գործիչներ, հավատարմության ու ակնածանքի ամենօրյա դոզայի պահանջ են զգում: Նախապատվությունը,մեծարումը ,ակնածանքը ՝ միմյանց մոտ այդ բոլոր հասկացությունները պարունակում են հատուկ վիտամին՝ «PP»,առանց որի նրանց կամքը թուլանում է...Մարմինը փթթում է արևի տակ ,ոգին՝ սիրո ճառագայթներում:
Միօրինակությո՞ւն է : Այո, այն երբեմն հոգնեցնում է: Ես ավելի քան վստահ եմ ,որ Հյուգոն չի կարդացել Ժյուլիետի բոլոր քսան հազար նամակները:Կարելի է հեշտությամբ պատկերացնել բանաստեղծի « հաղթանակ օրերից» մեկը  ,երբ ,ոգևորությամբ համակված , շտապելով րոպե առաջ գործի անցնել ,նա առավոտվանից բաց է անում իր սիրուհու պարզունակ նամակնը,արագորեն աչքի անցկացնում ,համոզվում ,որ դա ոչ այլ ինչ է, քան սովորական զեղումների հավաքածու,ընթերցում վերջին տողերը. «Ավա՜ղ :Ես սիրում եմ քեզ առավել ,քան երբևէ,սիրում եմ ինչպես առաջին երեկոյան » -և անտարբերությամբ ուղերձը դնում է արկղիկը ՝ նման նամակների կույտի մեջ : Լինում էր նաև ,որ ,ուրիշին սիրահարված ,Հյուգոն  նամակների մեջ փնտրում էր բնավ ոչ Ժյուլիետի ստորագրած ծրարը,իսկ նրա նամակները մնում էին չբացված:
   Բայց լինում էին նաև այնպիսի օրեր ,երբ շնորհազրկված բանաստեղծը գտնվում էր վտանգի մեջ,երբ նա զզվանքով էր լցվում աշխարհում ամեն ինչի նկատմամբ , երբ նրա ստեղծագործությունների դեմ դավեր էին նյութվում,իսկ ինքը հալածանքի էր ենթարկվում : Այդ ժամանակ « առյուծների» սնափառ «որսորդուհիներն » ուրիշ որս էին փնտրում  և միայն Ժյուլիետն էր անապատում կամ տարագրության մեջ մշտապես գտնվում  իր բանաստեղծի  կողքին , և նրա ամենօրյա նամակներն ու քնքուշ խոստովանություններն օգնում էին վիրավոր ու հալածատանջ առյուծին վերստին ուժ առնելու: Նման պահերին հենց Ժյուլիետի համար էր Հյուգոն գրում բանաստեղծություններ,որոնցում այդքան տարիներից հետո ձգտում էր որոշել ,թե ինչ է դարձել իրենց սերը.

     Երկու սիրող սրտեր միահյուսվել են հեզ,
     Հիշողությունները վաղուց միացրել են մեզ,
     Այսուհետ մենք չենք ապրի իրարից բաժան :
    (Այդպես չէ՞, Ժյուլիետ , այդպես)  օ՜հ ,իմ սեր ,
     Ե՛վ անդորրը իրիկնային  , և՛ վառ շողքը ցերեկվա ,
    Ե՛վ բարեկամ , և՛ սեր՝ ամեն ինչ ես դու ինձ համար :

    Ձեզ չի՞ թվում ,որ ծեր հասակում այսպիսի բանաստեղծություններ ստանալու համար արժեր երկրպագել բանաստեղծին երիտասարդ ժամանակ:  թանկագինս ,անհապաղ գրեք ինձ պաշտամունքով լի մի հուզիչ ուղերձ, իսկ ես խոստանում եմ մի սոնետ հորինել ձեր հոբելյանի առիթով: Մնա՜ք բարով:



Նկ.Ռենուար
                                                                   

Կյանքը դիմակահանդես է: Պե՞տք է արդոք միշտ միևնույն դիմակը կրել: Դա կախված է դիմակից և ձեզանից,: Եթե դիմակը ձեզ չի սազում ,եթե ձեզ խանգարում է,եթե  ձեզ թվում է ,թե այն ստիպում է  խաղալ մի դեր ,որի համար չեք ստեղծված ,փորձեցեք փոխել մեկ ուրիշով : Դրանք շատ են :Ահա խոստումնալից քաղաքագետի վեհակերպ դիմակը, ահա արվեստագետի դիմակը,որի հետ ամենից շատ կսազի բաց օձիքով վառ  կովբոյկան  . ահա . ակնոցի  տակից խորաթափանց հայացք գցող ապագա բժշկի դիմակը:Դեռ ընտրելու ժամանակ կա :
Բայց զգու՜յշ եղեք:Դիմակն ինքը կսկսի վարել  պարահանդեսը :Մյուս դիմակները ձեզ կընդունեն այն մարդու տեղը,որ թվում եք:
Կյանքի պարահանդեսին գնալով ,հարմար դիմակ ընտրեցեք....
հատված «Դիմականհանդես»-ից


 (())


Փող

Փողն արհամարհելը հեշտ է հարուստ կամ պահանջմունքներից  զուրկ մարդու համար:Բայց կա՞ն արդյոք մարդիկ,որոնք բոլորովին զուրկ են պահանջմունքներից: Ամենաանպահանջկոտ պառավը պետք է ինչ-որ տեղ ապրի ,ինչ-որ ձևով տաքացնի իր բնակարանը,մի բան ուտի:Աղքատության երդում տալիս է վանականը,այլ ոչ թե վանքը,և վանականն էլ սուրբ ոգով չի ապրում: Կարծում եմ ,դուք նորմալ մարդ կլինեք . դուք պիտի կերակրեք ձեր կնոջը,երեխաներին:Ձեր եկամուտները պետք է  փոքր-ինչ գերազանցեն  ծախսերը ,որպեսզի կարողանաք ետ գցել սև օրվա համար :
Փող վաստակել մեծ կամ փոքր հաջողությամբ ընդունակ է ամեն ոք,ով տիրապետում է որևէ արհեստի և չի խուսափում աշխատանքից:Անհամեմատ դժվար է վաստակած փողերը տնօրինելը:
.....
Կարճ ասած . Հիշեք ժողովրդական իմաստությունը .«Բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ մի դրեք»...Թողեք ձեզ նահանջի մի քանի ճանապարհներ: Մի քանի զամբյուղ լցնելու համար պետք  է շատ ձու ունենալ :Նահանջի մի քանի ճանապարհներ պաշտպանելու համար պետք է շատ զինամթերք ունենալ:)))
Գուցե ,կուզենաք ձեր ամբողջ ունեցածը ներդնել մի որևէ նոր ձեռնարկման կամ գիտական հետազոտության մեջ:Գուցե,վճռեք,թե ավելի լավ է ամեն ինչ դնել խաղաթղթի վրա ՝հույս ունենալով շահել, քան քիչ-քիչ խաղալով աստիճանաբար տարվել: Համենայն դեպս ,աշխատեցեք ,որ ձեր ծախսերը եկամուտներից պակաս լինեն:Ես ասում եմ աշխատեցեք, որովհետև ծախսերը չի կարելի անվերջ սեղմել, իսկ եկամուտները երբեմն տատանվում են: 
   Առանց ծայրահեղ անհրաժեշտության մի ասեք ՝«Վատթարագույն դեպքում պարտք կվերցնեմ»: Պարտքերի մեջ խրվելը միշտ վտանգավոր է: Ամենաբարյացկամ պարտատերը կդառնա այրունարբու գազան ,եթե կորցնի վստահությունը  ձեր նկատմամբ,և բարեկամությանը վերջ կդրվի: Դուք առաջինը կխուսափեք նրանից ,որովհետև նա ձեզ համար կենդանի նախատինք կլինի:Եթե նույնիսկ վնասը նրա համար այնքան էլ զգալի չէ,նա ձեզ չի ների ,որ խաբել եք իրեն:Ամենաանձնազոհ ընտանիքը հոգնում է անիրականանալի  նախագծերին փող տալուց: Ուրիշ բան եթե ձեր ձեռնարկումը վերելք ապրի ....
Ռենուար

   Ոչ ոք ապահովված չէ պատահականություններից, ընդ որում ,ամենից առաջ դրանք տհաճ պատահականություննե են լինում :Մենք այնպե՜ս հեշտ ենք գայթակղվում ,երբ խոսքը մեր ապագայի մասին :Ավելի լավ է պահպանել ունեցածդ ,քան  դիմել ռիսկի և ամեն ինչ կորցնել:
  Դուք կասեք .«Դա կարողություն դիզելու միջոց չէ»:
Բոլորովին ընդհակառակը:Եվ պետք է արդյոք կարողություն դիզել:
Լինել աղքատ և  չունենալ ամենաանհրաժեշտը ՝մեծ դժբախտություն է. ոչ պակաս դժբախտություն է հարուստ ծնվելը : Այս դեպքում մարդը մեծանում է առանց մյուս մարդկանց հետ ինչպես հարկն է շփվելու՝չբաժանելով նրանց չարչարանքները,տխրությունները,ուրախությունները: Նա ապրում է սեղանապետներով բնակեցված անապատում :  «Ոսկի երիտասարդությունը» հաճախ պարտություն է կրում և կարիքի մեջ ընկնում : Այն մարդիկ ,որոնք  սկսել են զրոյից  և ինքներն են կուտակել իրենց կարողությունը,ավելի մարդկային են:Նրանք հիշում են,թե իրենք ով են եղել: Ճիշտ է , հուշերն աստիճանաբար ջնջվում են նրանց հիշողությունից : Գալիս է մի օր ,երբ նրանք սկսում են մտածել հարուստների նման: Իսկ չէ որ «նոր գաղափարներ չեն ծնվում այն թաղամասում ,ուր ճաշելու են նստում սպիտակ կրծքակալներով...Համոզելու արվեստը պակասում է նրանց մոտ ,ովքեր դրա կարիքը ունեն:Նրանք կույր են : Նրանք կորցնում են իշխանությունը ,որովհետև գիտելիքները չեն բավարարում : Գիտելիքն աղքատ մարդու սեփականությունն է »:
Մաղթում եմ ձեզ դիզել միջակ կարողություն , մաղթում եմ այն դիզել սեփական աշխատանքով :

Նկ.Ռենուար

Երբեք չափազանց հարուստ մի եղեք:հարուստի,ինչպես զավթիչի համար,գլխավորը ժամանակին կանգ առնելն է: Դա հազվագյուտ շնորհք է:
Հարստությունը ձեզ համար հատկապես վտանգավոր է ,եթե թանկ եք գնահատում գեղարվեստական ստեղծագործության նկատմամբ ունեցած ձեր ընդունակությունները:Ստեղծագործության էությունը այնպիսին է,որ ինչքան դժբախտ  ու չքավոր է արվեստագետը ,այնքան նա բարձր է ճախրում իր ստեղծագործություններում :
 Բալզակն արդյոք  Բալզակ կդառնար  առանց աղքատության,պարտատերերի,պարտակալանատան,վաշխառուների :Իր չարքաշ կյանքում նա բախվել է մարդկային հազվագյուտ կերպարների հետ
,որոնց իր գեղեցիկ
 առանձնատանը քարտուղարների ու ծառաների հուսալի պաշտպանության ներքո գտնվող հարուստը երբեք չի ճանաչի:Կարիքը նրան ստիպում է աշխատել:Արդյոք նա տարեկան չորս վեպ կգրեր,արդյոք ոգեշնչման պոռթկումի պահին մի գիշերում կստեղծեր հանճարեղ նովելներ ,եթե նրա դռների մեջ կանգնած չլիներ առևտրի մի ոմն պահապան ՝ պատրաստ իսկույ ևեթ ձերբակալելու նրան ,եթե չմարեր այս կամ այն մուրհակը : Ես աչքովս եմ տեսել ,թե ինչպես հարստությունը կործանել է մեծ թվով երաժիշտների ու նկարիչների տաղանդը: Այդ ճակատագրից հաջողվում է խուսափել  լոկ նրանց ,ովքեր հարստանալուց հետո էլ շարունակում են աշխատել այնպես ,ինչպես չքավորության ժամանակներում : Վիկտոր Հյուգոն հսկայական կարողության տեր էր և  հմտորեն էր տնօրինում այն,բայց մինչև գերեզման ապրեց շատ համեստ:Անպտղությունը շրջանցում է նաև այն արվեստագետներին ,որոնք Բալզակի նման ,դեռ չհասցնելով հոնորարն ստանալ ,խելահեղ շայլությամբ իսկույն մսխում էին այն:
...
Ես ,թերևս, ձեզ մի այլ խորհուրդ կտայի .«Հնարավորին չափ ապահովեցեք ձեր և ձեր մերձավորների ներկան ու ապագան :Այդ անելով ,ապրեցեք համեստ:Դա ավելի օգտակար կլինի ձեր լյարդի,ձեր մտքի,ձեր մտքի և ձեր սրտի համար»:

Ես ճանաչում էի մի միլիարդատիրոջ,որը,հոգնելով ծախու կանացից,նստում էր մետրո և փորձում նվաճել դեռատի անծանոթուհիների սրտերը: Մանուշակների համեստ փնջեր էր նվիրում նրանց և հաճույք ստանում բուն այն փաստից,որ այդքան էժան գնով հաջողության էր հասել : Հարցը սև խավիարի համար փող ունենալը չէ ,այլ դրանում համ գտնելը: 

Վաղ թե ուշ ժլատ մարդու կուտակածը վերադառնում է հասարակությանը...

Փողի հանդեպ ճիշտ վերաբերմունք մշակելը շատ  դժվար է:  
Մի կողմից ,այն արհամարհելը հիմարություն է :Քանի որ մարդիկ հազարամյակներ շարունակ օգտագործել են այդ դրոշմանիշները ,որոնք կարելի է փոխանակել ապրանքներով կամ փոխանցել մեկ ուրիշին ,նշանակում է, նրանք չէին կարող առանց դրա  յոլա գնալ :
Նկ.Գ.Կլիմտ,Ատտերզեե լիճը

Եթե հնարավորություն ունեք ,օգնեցեք ոտքի կանգնել ձեր երեխաներին : Իհարկե ,այն դեպքում ,եթե նրանց պլանները ձեզ խելամիտ են թվում :Եթե նրանցից մեկն ուժեղ,անհաղթահարելի հակում է զգում դեպի գործունեության  մի որևէ ասպարեզ, մի խանգարեք ,անգամ եթե նրա ճաշակը չի համընկնում ձերին: Բալզակի ծնողները ,ակնածանք փափագող այդ մանր բուրժուաներն,ամենևին չէին խրխուսում որդու հակումները դեպի գրական գործունեությունը: Սակայն տվին նրան ապրուստ և իր ուժերը փորձելու համար մի տարի ժամանակ :Մի՞թե ավելի լավ կլիներ ,եթե ծնողները նզովեին նրան :Հիշեցեք ձեր երիտասարդությունը:Բայց օգնելով ձեր երեխաներին ,պահանջեք,որ իրենք էլ իրենց օգնեն:Նրանք չեն ունենա ո՛չ կայուն բնավորություն,ո՛չ կամքի ուժ,եթե չսովորեն արգելքներ հաղթահարել:Թռչունը կտուցով է կերակրում ճտերին և միևնույն ժամանակ սովորեցնում է նրանց թռչել:
(կրճատումներով )
Նկ.Ռենուար

Քնքուշ ,ինչպես հուշ

Քնքուշ ,ինչպես հուշ...Այսպես է վերնագրված Գիյոմ Ապոլիների նամակների հատորյակը ,որը հարկ է ,որ դուք կարդաք :Այժմ սիրային նամակները հազվագյուտ են ու համառոտ: Ապոլիների նամակները ձեզ կհիացնեն :Բացի այդ,դրանք անչափ շատ են սազում ձեզ , քանի որ նույնպես հասցեագրված են անծանոթուհուն:

Դա տեղի ունեցավ 1915 թվականի հունվարի 1-ին: Հրետանային կապրալ Կոստրովիցկին ( գրականության մեջ նա մտել է իբրև Գիյոմ Ապոլիներ,ըստ իր երկու անունների): Նիցցայում նստեց Մարսելի գնացքը և վագոնախցում տեսավ չքնաղ մի աղջկա՝ Մադլեն Պ-ին : Ապոլիները քնքուշ էր ու բանաստեղծական  և անծանոթուհու հետ սկսեց խոսել սիրո մասին ,բանաստեղծություններ կարդալ նրան :Բոդլեր,Վեռլեն , Վիյոն ...Ապոլիներն ու անծանոթուհին անգիր գիտեին միևնույն բանաստեղծներին : « Սակայն նա բանաստեղծությունները կարդում էր կամ ,ավելի ճիշտ , ցածրաձայն արտասանում այնպիսի պարզությամբ ,-գրում է Մադլենը,- որ ես չէի կարող համեմատվել նրա հետ.  ապշած եմ , հազիվ սկսելով որևէ բանաստեղծություն ,խոնարհաբար զիջում էի նրան ...»: Որքա՜ն նուրբ է ասված :
 Ապոլիները գնում էր ռազմաճակատ ,Մադլենն ուղևորվում ՝ Ալժիր , նրանք հասցեներ փոխանակեցին , և սկսեցին գրեթե ամենօրյա նամակագրություն: Վարսակով լի պարկին նստած , թուղթը դրած տապալված ծառի բնին,կապրալը գրում էր՝ հիշողության մեջ վերականգնելով երկար թարթիչներով զրուցասեր ջահել ուղևորուհու պատկերը: Լինելով բանաստեղծ և ասպետ , նա հեշտությամբ հորինում էր հրաշալի նամակներ, որոնք սփռված էին բանաստեղծական տներով.
                   
                          Վարգելով սուրում են հուշերս
                           Դեպի աչքերն իր յասամանե
                            Ու վառ,անհոգ երազներս
                            Տանում են ինձ երկինք լուսե:

   Ձեզ տարօրինակ է թվում ,guerida , որ այդ նամակագրությունն անծանոթուհու հետ , որին նա տեսել էր ընդամենը երեք ժամ և նույնիսկ ոչ մի անգամ չէր համբուրել, մեծ սեր էր ծնել: Ստենդալից ու Պրուստից  հետո այն միտքը , թե սիրո աղբյուրն ավելի շուտ մեզանում է , քան սիրած էակում , հանրածանոթ բան է դարձել:
Կյանքի ու մահվան մեջ հավասարակշություն պահպանող զինվորի սիրտը լի է սիրով: Հայտնվում է մի անծանոթուհի ՝ և նրա զգացմունքը , բերնեբերան լցվելով ,կենտրոնանում է նրա վրա ու բյուրեղանում: Պատմությունը մեզ հուշում է , որ ավելի շատ սիրել են այն կանանց , ում հազվագյուտ են տեսել : Դանթեն Բեատրիչեի մասին ոչինչ կարգին չգիտեր  . իր ամենաբուռն կրքերին Ստենդալն անձնատուր էր լինում գլխավորապես մտքում , իսկ «Կորուսյալ ժամանակի որոնումները»  վիպաշարի «չքնաղ աղջիկը» միայն մի անգամ է երևացել կայարանի կառամատույցում: Այդպես էլ Ապոլիների ավելի ու ավելի կրքոտ  և բաժանման ազդեցության տակ  բուռն ցանկասիրությամբ տոգորված նամակները դարձան անհամեմատ ավելի հանգիստ, հենց որ նա արձակուրդի ժամանակ տեսնվեց  իր սիրած կնոջ հետ: « Կանաց մեծ ուժը նրանց բացակայության մեջ է » : Այնպես որ դուք շատ ուժեղ եք ,տիկին:
  Եթե բանաստեղծի այդ նվիրական խոստովանությունները ձեզ դուր գան ,այնուհետև ընթերցեք նաև նրա մյուս սիրային ուղերձները . դուք կտեսնեք ,որ նա  հաճախ միևնույն օրը գրում է միանգամից երեք տարբեր  կանաց, ձոնում նրանց միանման ,սոսկ աննշան փոփոխություններով, բանաստեղծություններ:Այդ ամենը տհա՞ճ է: Դուք իրավացի չեք ,իմ թովչանք : Նամակագրական ժանրում փայլող բոլոր սիրահարներն են էլ այդպես են վարվում : Շատոբրիանը կարող էր առանց վարանելու տիկին  դը Կաստելանի համար պատճենել նախկինում տիկին Ռեկամիեին  գրած նամակը...)))) Իսկ բանաստեղծություններն առավե՜լ ևս: Ինչպես հրաժարվել նման հիանալի զենքից  և չգործածել այն ևս մեկ անգամ : Ձեզ սարսափեցնո՞ւմ է այդ կեղծավորությունը : Սակայն բանաստեղծները շատ ավելի անկեղծ են , guerida : Ապոլիների կամ Շատոբրիանի համար բոլոր երեք կանայք միաձուլված են սիլֆուհու՝ իրենց երևակայությամբ ստեղծված մի կերպարի մեջ: Բանստեղծներին պետք են այսպիսի վերամարմնավորումները: Առանց դրա չկա պոեզիա:
«Մի՞թե դուք կարծում եք ,որ եթե Լաուրան Պետրարկայի կինը լիներ, նա ամբողջ կյանքում սոնետներ կգրեր»-հարցնում էր մեծ Բայրոնը :
  Այնպես որ ,մնացեք անծանոթուհի : Մնա՜ք բարով:



հ.գ. Դ
ե արի ու այսքանից  հետո հավատա տղամարդկանց « սիրային զեղումներով » լի ,ոչ առաջին թարմության «մաշված » նամակներին...))) 
գերադասում եմ սիլֆուհի ( օդի ոգի...ոգեղեն)   լինել...)))
Հենց այդպես էլ անում եմ ... )))մնում եմ անծանոթուհի...))) տխուր և անչար ժպիտ :)

Նկ.Ռենուար



Քնքշանքի սահմանների մասին

Պոլ Վալերին գերազանց էր դատում շատ բաների և հատկապես սիրո մասին . նրան դուր էր գալիս խոսել  կրքերի մասին ՝օգտվելով մաթեմատիկական տերմիներից(եզրույթներից))). նա միանգամայն իմաստաբար գտնում էր,որ արտահայտությունների ճշգրտության և զգացմունքների անորսալիության  միջև եղած հակադրությունը  ծնում է հուզող անհամապատասխանություն : Ինձ հատկապես դուր եկավ նրա  մի ձևակերպումը ,որը ես անվանեցի Վալերիի թեորեմ .« Քնքշանքի այն քանակությունը ,որ ճառագայթվում  ու կլանվում է ամեն օր ,սահման ունի » :
  Այլ կերպ ասած ,ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը ,իսկ առավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում: Ամեն ինչ հոգնեցնում է,նույնիսկ այն ,որ քեզ սիրում են : Այդ ճշմարտությունը օգտակար է հիշեցնել, քանի որ շատ երիտասարդներ ,ինչպես և ծերունիներ  այդ մասին ,հավանաբար , չէին էլ կասկածում :
Կինն ըմբոշխնում է  սիրո առաջին բերկրանքը , նա համակվում է ցնծությամբ , երբ առավոտից երեկո պնդում են ,թե որքա՜ն գեղեցիկ ,որքա՜ն սրամիտ է նա, ի՜նչ երանությունէ նրան սիրելը , ի՜նչ հրաշալի են նրա զրույցները . նա կրկնում է այդ գովերգությունն ու հավատացնում իր ընկերոջը ,որ նա ամենալավ ու ամենախելոք տղամարդն է աշխարհում , անզուգական սիրեկան ,  հիանալի զրուցակից: Թե՛ մեկին, թե՛ մյուսին դա անչափ հաճելի է: Եվ հետո ի՞նչ: Լեզվի հնարավորություններն անսահմանափակ չեն : «Սկզբում սիրահարների համար հեշտ է խոսել միմյանց հետ...-  նկատել է անգլիացի Սթիվենսոնը: - Ես՝ այդ ես եմ :Դու՝ այդ դու ես ,իսկ մնացած բոլորը հետաքրքրություն չեն ներկայացնում »:
  Կարելի է հարյուր ,բայց ոչ հարյու՜ր հազար ձևով կրկնել .«Ես՝ այդ ես եմ :Դու՝ այդ դու ես» : Իսկ առջևում օրերի անվերջ շարանն է:
-Ինչպե՞ս է կոչվում այն ամուսնական միությունը ,երբ տղամարդը բավարարվում է մեկ կնոջով ,- հարցրել է  ոմն դասախոս  մի ամերիկացի ուսանողուհու:
-Միապաղաղ,-պատասխանել է նա:
   Որպեսզի ամուսնությունը չվերածվի միապաղաղության ,հարկավոր է աչալրջորեն հետևել ,որ քնքշությունն ու նրա արտահայտման ձևերը հերթագայվեն որևէ այլ բանով :Սիրող զույգին պետք է թարմացնեն « ծովից փչող քամիները» ՝ շփումն այլ մարդկանց հետ ,ընդհանուր աշխատանքը ,բարեկամները,հանդեսները: Գովասանքը հուզում է ՝ծնվելով կարծես թե պատահմամբ ,ինքնաբերաբար ՝ փոխըմբռնումից ,անջատված բավականությունից  . դառնալով պարտադիր ծիսակատարություն ,այն ձանձրացնում է:
  Օկտավ Միրբոն ունի երկու սիրահարների երկխոսության ձևով գրված մի  նովել . սիրահարներ ,որոնք լուսնի լույսի ներքո ամեն երեկո հանդիպում են զբոսայգում : Զգայուն սիրահարը շշնջում է ավելի քնքուշ ձայնով ,քան լուսնկա գիշերն է.« Տեսե՜ք...ահա այն նստարանը ,օ՜հ ,սիրելի նստարան »: Սիրուհին հուսահատ հոգոց է հանում .«Դարձյալ այդ նստարանը»:  Ուրեմն ,եկեք զգուշանանք ուխտատեղի նստարաններից :  Զգացմունքների հենց դրսևորման պահին ծնված ու հորդացող քնքուշ խոսքերը սքանչելի են : Շարունակ կրկնվող արտահայտություններով քնքշությունը ջղայնացնում է:
   Ագրեսիվ և ամեն ինչից դժգոհ կինն արագորեն ձանձրացնում է տղամարդուն .սակայն  ոչ պահանջկոտ ,ամեն ինչից  պարզամտորեն հիացող կինը  նույնպես երկար չի պահի իր իշխանությունը նրա նկատմամբ: Հակասությո՞ւն է: Անշուշտ: Մարդը հյուսված է հակասություններից: Մերթ մակընթացություն,մերթ տեղատվություն: « Նա դատապարտված է տագնապի ջղաձգություններից շարունակ անցնելու  ձանձրույթի ընդարմացմանը »,-ասում է Վոլտերը: Մարդկային ցեղի շատ ներկայացուցիչներ ստեղծված են այնպես ,որ հեշտությամբ են ընտելանում սիրված լինելուն և թանկ չեն գնահատում այդ զգացմունքը ,որում չափազանց վստահ են:
   Մի կին կասկածում էր տղամարդու զգացմունքներին և իր բոլոր մտքերը կենտրոնացրել էր նրա վրա : Անսպասելիորեն իմանում է, որ տղամարդն իրեն փոխադարձությամբ է պատասխանում: Նա երջանիկ է, բայց ,եթե տղամարդը օրուգիշեր անընդհատ կրկնի ,որ նա կատարելություն է ,նրան ,թերևս ձանձրացնի ՝ մեկ ուրիշ ,ոչ այնքան զիջող տղամարդ գրգռում է նրա 
հետաքրքրությունը : Ես ճանաչում եմ մի դեռատի աղջկա ,որը  հաճույքով երգում էր հյուրերի առջև . նա շատ գեղեցիկ էր ,և դրա համար էլ բոլորը նրան մինչև երկինք էին բարձրացնում: Միայն մի պատանի լռություն էր պահպանում:
-Դե,իսկ դո՞ւք,- վերջապես չդիմացավ աղջիկը : -Ձեզ դուր չի ՞ գալիս,թե ինչպես եմ երգում:
-Օ՜հ, ընդհակառակը ,- պատասխանեց պատանին: -Եթե դուք նաև ձայն ունենայիք ,պարզապես հիանալի կլիներ:
Հենց նրա հետ էլ աղջիկը ամուսնացավ: Մնա՜ք բարով:
Նկ.Ռենուար
Մի ջահել աղջկա մասին 

-Հրապուրել տղամարդուն...-ասում է նա : -Սակայն կնոջը չի տված հրապուրել: Նա պասսիվ էակ է ՝Նա սպասում է քնքուշ խոստովանությունների ...կամ վիրավորական խոսքերի : Հո ի՛նքը չի նախաձեռնություն ցուցաբերելու:
-Դուք նկարագրում եք երևութականությունը ,այլ ոչ թե իրականությունը ,-առարկում եմ ես: -Բեռնարդ Շոուն վաղուց արդեն գրել է ,որ եթե կինը սպասում էլ է քնքուշ խոստովանությունների ,ապա այնպես, ինչպես սարդն է սպասում ճանճին: ))»
-Սարդը ոստայն է գործում ,-պատասխանում է նա ,-իսկ ի՞նչ պիտի անի ձեր կարծիքով խեղճ աղջիկը : Նա կամ դուր է գալիս ,կամ ՝ ոչ: Եթե նա դուր չի գալիս ,նրա խղճուկ ջանքերը չեն կարող վերափոխել տղամարդու զգացմունքները: Կարծում եմ , նա ավելի  շուտ կհասնի հակառակ արդյունքի .ոչինչ այնպես չի ջղայնացնում պատանուն ,ինչպես այն աղջկա հավակնությունները ,որի նկատմամբ ինքն անտարբեր է : Այն կինը ,որն ինքն իրեն պարտադրում է տղամարդուն  և անում առաջին քայլը, կարժանանա տղամարդու արհամարհանքին ,բայց ո՛չ սիրուն:
-Դա ճիշտ կլինի,-ասում եմ ես ,- եթե կինը գործեր անհմուտ կերպով և ակնհայտ լիներ ,որ նախաձեռնությունը բխում է իրենից ,բայց վարպետությունը հենց այն է ,որ առաջին քայլերն աննկատ արվեն :  « Նա փախչում է լացող ուռենիների հովանու տակ,բայց ուզում է ,որ իրեն տեսնեն..»: Նահանջելով ՝ գայթակղել հակառակորդին . ահա ռազմական ,հին ,ստուգված խորամանկությունը,այն բավական շատ է ծառայել և՛ աղջիկներին,և՛ զինվորներին :
-Դա իրոք փորձված խորամանկություն է ,-համաձայնում է նա,-բայց ,եթե հակառակորդն  ինձ հետապնդելու չնչին ցանկություն անգամ չունի ,իմ փախուստը ոչ մի բանի չի հասցնի,ես այդպես էլ միայնակ կմնամ  լացող ուռենիների հովանու տակ :
-Հենց այստեղ  էլ ,դուք  ՝կանայքդ, պետք է ձգտեք ձեզ հետապնդելու ցանկություն առաջացնել տղամարդու մեջ: Դրա համար մշակված  է մի ամբողջ ռազմավարություն(տակտիկա)  ,և ձեզ այն ավելի լավ է ծանոթ,քան ինձ: Պետք է նրան որոշ բան թույլ տալ ,ձևացնել ,թե նա իբր ձեզ խիստ հետաքրքրում է,այնուհետև անսպասելիորեն « ամեն ինչ կոտրել»  և վճռականորեն արգելել այն ,ինչը դեռ երեկ նա նվաճած էր համարում : Տաք ու սառը ցնցուղը դաժանորեն սթափեցնում է , բայց նրա տակ և՛ սերը, և՛ ցանկությունն աճում են առատ խմորիչով:
-Ձեզ համար հեշտ է ասել ,-առարկում է աղջիկը,բայց նման տակտիկան ենթադրում է ,նախ, սառնասրտություն այն կնոջ մոտ ,որն ի կատար է ածում դիտավորությունը  ( իսկ ինչպե՞ս ստուգման ենթարկել մի մարդու ,որի ձայնը ստիպում է ձեզ դողալ)  . երկրորդ ,անհրաժեշտ է ,որ ստուգման ենթարկվող տղամարդը արդեն սկսի մեզ վրա ուշադրություն դարձնել: Հակառակ դեպքում ,ինչքան ուզում եք գլորել ձեր թելի կծիկը , կատուն հրաժարվում է խաղալ:
-Երբեք չեմ հավատա ,-ասում եմ ես,- որ ջահել ու սիրուն աղջիկնն ի վիճակի չէ  ստիպելու տղամարդուն ուշադրություն դարձնել իր վրա  . իբրև սկիզբ  բավական է խոսք բաց անել նրա մասին: Ուժեղ սեռի մեծ մասը պարծենում է իր մասնագիտությամբ: Համաբերությամբ լսեք նրա շաղակրատանքը մասնագիտության և իրենց մասին  ՝ դա միանգամայն բավական է ,որպեսզի ձեզ խելացի մարդ համարեն  և ձեզ հետ կրկին տեսնվելու  ցանկություն զգան:
-Ուրեմն ,պետք է  կարողանալ նաև տխրե՞լ: 
-Հապա ինչպես ,-հաստատում եմ ես :- Դա արդեն ինքնին հասկանալի է: Բանն ում էլ վերաբերվի ՝տղամարդկանց ,թե կանանց ,սիրուն ,թե քաղաքականությանը ,այս աշխարհում հաջողության կհասնի  նա ,ով կարողանում է նաև տխրել:
-Դե այդ դեպքում ես նախընտրում եմ հաջողության չհասնել ,-ասում է իմ զրուցակցուհին:
-Ես նույնպես,-համաձայնում եմ ես ,-աստված վկա ,գոնե դրանում մենք ձեզ հետ հաջողության կհասնենք :

Ահա, guerida,երեկ այսպիսի խոսակցություն ունեցա մի ջահել աղջկա հետ:Ի՜նչ արած :Չէ որ դուք իմ կողքին չէիք,իսկ ապրել ,այնուամենայնիվ պետք է: մնա՜ք բարով:



Բախտորոշ րոպեի մասին 
 («մի թեթև » կրճատումներով)))

Ճշմարիտ չէ,չքնաղ անծանոթուհի,թե իբր մեզանից յուրաքանչյուրի կյանքը հենց մեր ծնվելուց կա աշխարհի սկզբից սկսած լիովին  և ամբողջությամբ որոշված է մի ուժով ,որը ո՛չ հասկանալ կլինի,ո՛չ էլ ընկճել:Որոշ չափով ,անտարակույս, այդպես է,եթե դուք տգեղ ծնվեիք  ,ձեր կյանքն  այլ կլիներ,իսկ ձեր գեղեցկությունը ձեր ծնողների քրոմոսոմների զուգակցման արդյունք է ,որի վրա ազդելը ձեր ուժերից վեր է:  Դրան պետք է ավելացնել ,որ մեր օրերում դեմքը դեպի լավը կարող է փոխել վիրաբույժը ,որ հմայքն ու խելքը գեղեցկացնում են մարդկանց  և որ հոգեկան անդորրը կարդացվում է դիմագծերում :Ո՞ւմն են այս խոսքերը,թե քառասուն տարեկանից հետո յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր դեմքի
 համար :  «Ճակատագիրը շտկելու» մարդկային ունակությունն ամենից առաջ արմատավորված է նրանում ,թե մենք ինչպես ենք արձագանքում իրադարձություններին:
Այդ իրադարձություններն ընթանում են իրենց կարգով :Ինչ-որ մեկը սիրում է ձեզ և խոստովանում է:Սակայն պատերազմը խլում է նրան ձեզանից. տնտեսական ճգնաժամը սնանկացնում է նրան,նրա կյանք է ներխուժում մի ուրիշ կին:Այսպիսին են փաստերը:Սակայն ձեր ձախորդությունների ու կամ երջանկության պատճառն այդ մերկ փաստերում չէ: Ինչպիսի՞ն կլինի ձեր վարքագիծն այդ իրադարձությունների հանդեպ: Այս է հարցերի հարցը:Շատ իրադրություններում լինում է  մի այնպիսի՝ միակ րոպե,երբ ձեր ընդունած որոշումից կախված կլինի ձեր կյանքի ողջ ընթացքը:Եվ այն անվանում են բախտորոշ րոպե:Ինչո՞ւ է այս խոսքը սոսկ միայն մեկ րոպեի մասին: Այսպիսին է աշխարհը: Հարմար առիթը հազվագյուտ է երկու անգամ ներկայանում :
    Պատերազմում հենց այդպես է լինում: Մառնի ճակատամարտը  պատերազմի ընթացքը փոխելու միակ  շանսն էր,և այն հարկավոր էր իրագործել մի ակնթարթում...Նույն բանն է տեղի ունենում  նաև սեռերի «պատերազմում »:Վրա է հասնում մի այնպիսի պահ ,երբ  տղամարդը ,որը   վաղուց  արդեն  սիրատածում է կնոջը,հանկարծ նրա աչքերում տեսնում է ինչ-որ հեզ ու անօգնական  բան ՝դա նրա հաղթանակի նախանշանն է:Այստեղ իրենց դերը խաղացին բազմաթիվ պատճառներ՝ հարմար առիթը,կողմնակի անձանց բացակայությունը ,զրույցի տոնը, նախաամպրոպային շրջանը,կարդացած գիրքը,որևէ մի շարժմունք: Մի խոսքով՝ կինը նրա իշխանության տակ է:
Սակայն եթե այդ միակ օրհնյալ երեկոյան մենք  բաց թողնենք առիթը ,մտածելով, որ այն դեռ շատ կկրկնվի ,և ավելի հարմար պարագաներում ,մենք կկորցնենք մեզ բաժին ընկած շանսը ,ընդ որում՝ ընդմիշտ: Կինը կամ կսթափվի կամ կհիշի հնարավոր վտանգների մասին, կամ էլ կսկսի արհամարհել մեզ անվճռականության համար: Իսկ գլխավորը ՝ նա դուրս կգա իրեն անձնատուր լինելու  տրամադրած  հանգամանքների  արտասավոր ընթացքի ազդեցության տակից: Այսօր հաղթանակը ջանքեր չէր պահանջում,կասկածներ չէր հարուցում,վաղն արդեն կլինի անհասանելի  ........
................
Բարոյախոսություն. Անհապաղ պատասխանեք ինձ : Մնա՜ք բարով:




Նկ.Ռենուար,
                                                         Առաջին Սերը

Առաջին սերը ամբողջ կյանքում հետք է թողնում տղամարդու հոգում:Եթե դա երջանիկ ժամանակ է եղել,եթե  այն կինը կամ այն աղջիկը ,որն առաջին անգամ արթնացրել է պատանու զգացմունքները ,պատասխանել է նրան փոխադարձությամբ  և ոչ մի անգամ իր զգացմունքներում կասկածելու առիթ չի տվել,վստահության և հոգեկան անդորրի մթնոլորտը միշտ կուղեկցի նրան: Իսկ եթե այն առաջին անգամը,երբ նա կամեցել է առանց ետ նայելու հավատալ,նրան վանել ու դավաճանել են, վերքն այդպես էլ լրիվ չի առողջանա,իսկ բարոյական առողջությունը,խախտվելով,երկար ժամանակ չի վերականգնվի:
    Չի կարելի ասել,թե այդպիսի հիասթափությունների հետևանքները միշտ միևնույնն են:Սերը մի հիվանդություն է ,որի նախանշաններն ամեն անգամ  տարբեր ձևով են դրսևորվում: Բայրոնը ,որին  Մերի -Էնն Չովարտն արհամարհել էր նրա  հաշմության
համար ,դարձավ դոնժուան  և ստիպում էր մնացած կանանց հատուցել առաջինի անգթության համար:Մարիա Բիդնելլի կողմից աղքատության համար մերժված Դիքենսը դարձավ տիրատենչ փնթփնթան,միշտ դժգոհ ամուսին:Թ՛ե մեկին,թ՛ե մյուսին առաջին անհաջողությունը խանգարեց գտնել իրենց երջանկությունը:
  Շատ անգամ առաջին սիրո մեջ դժբախտ տղամարդն  իր  ողջ կյանքում երազում է բանաստեղծական ու քնքուշ,աղջկա պես մաքուր և  մոր պես բարի, բարյացկամ ու զգայուն ,ամեն ինչ հասկացող  և հնազանդ կնոջ մասին:Միշտ օդային ոգու ետևից ընկած ,նա գնում է մի հափշտակությունից մյուսը: Երկրային ՝ թեկուզ ոչ կատարյալ  և ոչ հասարակ ,բայց իրական կանանց  հետ  գործ ունենալու փոխարեն ,նա, ինչպես  զգուշացնում էին ռոմանտիկ բանաստեղծները ,հրեշտակ է փնտրում,իսկ ինքը գազանի նմանվում:
   Պատահում է,որ  երիտասարդները  հիասթափվելով իր հասակակիցներից ,մտերմանում է քառասունամյա  կնոջ հետ: Այդ կնոջ զգացմունքը զարդարող մայրական քնքշության անորսալի մասնիկը տղամարդու մեջ վստահություն է ներշնչում  իր հանդեպ տածած՝  նրա անդավաճան քնքշության նկատմամբ:  Ընդ որում , գիտակցելով ,որ ինքն ավելի տարեց է  և որ ծերությունը   արդեն հեռու չէ ,կինը կներդնի իր բոլոր ուժերը իր պատանի սիրեկանին պահելու համար:Բալզակը,որը երիտասարդ տարիներին սիրային կապի մեջ էր իրենից անհամեմատ տարեց  մի կնոջ հետ ,ամբողջ կյանքում պահպանել է նրա նկատմամբ ունեցած հավատը և որոշ չափով միամիտ պարծենկոտությունը՝հատկություններ,որոնք ծառայություն են մատուցել նրան կյանքի դժվարին ճակատամարտերում:Ավելացրեք դրան ,որ երեսունհիգ կամ քառասուն տարեկան  կինը կյանքում ավելի հուսալի ուղեկից կլինի ,քան դեռատի աղջիկը,որը ոչինչ չգիտի  կյանքի ճանապարհին հանդիպող դժվարությունների մասին:
Բայց այդպիսի միության մեջ գնալով ավելի ու ավելի դժվար է պահել ու պահպանել հավասարակշռությունը:
   Իսկ երջանկության համար ամենահարմարը առանց ետ նայելու միմյանց նվիրված,իրենց սիրուն չափազանց ազնվորեն վերաբերվող ,ամեն գնով փոխըմբռնողությունը պահպանել ձգտող մոտավորապես նույն տարիքի տղամարդու և կնոջ միությունն է (տղամարդը կարող է քիչ ավելի մեծ լինել ): Կրել առաջին սերն մբողջ կյանքում ՝ ի՜նչը կարող է ավելի գեղեցիկ լինել: Դրա համար աղջիկները պետք է հրաժարվեն ուրիշ տղամարդկանց սիրաշահելու հաճույքից ,որը,իհարկե,հեշտ չէ: Թերևս, Բայրոնի անհաջողությունների  պատմությունը կբացատրի նրան ,թե ինչ վտանգներ են թաքնված թեթևամիտ և առաջին հայացքից անմեղ կոկետության մեջ:Ի՜նչ սոսկալի պատասխանատվություն է ,տիկին,տաղանդավոր մարդու ,և ընդհանրապես  ցանկացած մարդու առաջին սերը լինելը:
Մնա՜ք բարով :



Սիրելու երկու տարբեր ձևեր


Մի անգամ ,երբ իր ներկայությամբ  խոսք բացվեց կյանքի ու այն մասին,թե ինչն է դրանում իսկապես կարևոր ,Վիկտոր Հյուգոն ասաց,որ,իր կարծիքով,հիրավի թանկ է ոչ թե փառքը,կարողությունը,տաղանդը,այլ սիրելու և սիրված լինելու հնարավորությունը:Եվ նա իրավացի էր: Մեզ համար ոչ մի բան գին չունի ,եթե այն անկարելի է բաժանել նրա հետ,ով սիրում է մեզ,սիրում ամբողջ սրտով . սակայն այդ սերը մեզ քիչ ուրախություն կբերի,եթե փոխադարձությամբ չենք պատասխանում: Անհրաժեշտություն չկա,որ մեզ սիրող մարդիկ խիստ շատ լինեն : Ես միշտ ենթադրել եմ ,որ կարելի է իրեն երջանիկ զգալ ամենափոքրիկ քաղաքում ,նույնիսկ Սահարայի մի որևէ օազիսում ,եթե քեզ հետ լինեն երկու  կամ երեք անձնվեր բարեկամներ: Եվ ընդհակառակն ,պետության ղեկավարը կամ հռչակավոր դերասանը հազիվ թե կարող են երջանկություն ճաշակել, եթե իրենց կողքին չկա մի կենդանի շունչ ,որի ներկայությամբ կարելի է դեն նետել դիմակը: Այդ պատճառով էլ այնքան մեծ է այն դերը,որ նշանավոր մարդկանց կյանքում խաղացել են մտերիմները,կանայք,սիրուհիները: « Ես այնպես միայնակ եմ ,- գանգատվում էր ինձ  ողջ աշխարհին հայտնի մեկը ,որը շրջապատված էր մի ամբողջ շքախմբով : Որդիական ,ամուսնական կամ մտերմությամբ ծնված սերը փշրում է միայնության շղթաները:
  Սակայն սիրելու տարբեր ձևեր կան : Առաջինը՝ երբ սիրում են իրենց համար,այլ կերպ ասած ,ուրիշ մարդկանց նկատմամբ մտերմություն զգում նրա համար ,ինչ տալիս է ձեզ նրանց սերը  : Պատահում են կանայք ,որոնք միանգամայն անկեղծորեն սիրում են ամուսնուն ,որովհետև նա իրենց շուրջն ստեղծում է հուսալիության մթնոլորտ ,շրջապատում հոգատարությամբ և ուրախություն բերում,բայց սիրում են սոսկ այն պատճառով ,որ չեն պատկերացնում ,թե ինչպես առանց նրա յոլա կգնային : Նա իրենց անհրաժեշտ է ,հոգում է իրենց և երեխաների երջանկության մասին . նա իրենց կյանքի կենտրոնակետն է:Բայց նրա սեփական կյանքն իրենց շատ քիչ է հետաքրքրում ,այդ կանայք իրենց հարց չեն տալիս ,թե նա ունի արդյոք այլ ցանկություններ ,այլ կարիքներ,նրանք բնական են համարում,որ ամուսինը իր կարճ կյանքը մաշում է ՝ դասավորելով իրենց երջանկությունը:
 Այդ տեսակ ամուսիններ ու սիրեկաններ նույնպես շատ կան .նրանք կնոջը սիրում են այն բանի համար ,ինչ նա տալիս է իրենց ,առանց ,և երբեք նույնիսկ չեն փորձում նայել նրա հոգու խորքը:
Երեխաներն իրենց ծնողներին գրեթե միշտ  հենց այդպես են սիրում : Հայրը նրանց համար մի մարդ է ,որի վրա միշտ կարելի է հենվել ,մայրը մշտապես ներողամիտ խորհրդատու է: Բայց շա՞տ երեխաներ են արդյոք լրջորեն մտահոգված ,թե ինչպես թեթևացնել ծնողական հոգսերի բեռը: Ահա թե ինչ են համարում սեր իր համար:
   Սիրել ուրիշին հենց նրա համար ՝նշանակում է մտածել ոչ թե այն մասին,թե ինչ ես ստանում նրանից,այլ, թե ինչ ես տալիս նրան : Դրա համար պետք է այնպես սերտորեն կյանքը կապել նրա  կյանքի հետ ,այնպես լիովին բաժանել նրա զքացմունքները ,որ նրա երջանկությունը դառնա ձերը: Մի կարծեք թե այդպիսի սերը հազվագյուտ է : Շատ ծնողներ ավելի շատ ուրախանում են երեխաների ,քան իրենց սեփական հաջողությունների համար : Ես ճանաչել եմ ամուսնական բազմաթիվ զույգերի ,որտեղ ամուսինն ու կինը ապրում էին մեկը մյուսի համար:Կան ամենավեհ մտերմության շատ օրինակներ : Նման բարեկամություն նկարագրել է Բալզակը  «Զարմիկ Պոնս» -ում և «Աստվածների պատարագ»- ում : Իսկական մտերմության մեջ  անհամեմատ ավելի շատ հոգատարություն  կա , քան պահանջկոտություն: Ահա թե ինչն եմ ես համարում սեր ուրիշների համար:
   Անշահախնդիր սիրո կարևոր հատկանիշն այն է ,որ նա ավելի շատ երջանկություն է բերում ,քան սերը կամ մտերմությունը իր համար: Ինչո՞ւ: Որովհետև մարդն այդպես է ստեղծված . մոռանալով իր մասին նա ավելի շուտ է էրջանկություն ձեռք բերում :Քանի դեռ մտածում ես .«Արդյո՞ք ես կյանքում հասել եմ այն ամենին ,ինչին կարող էի : Ո՞ր սխալ քայլն է ինձ հասցրել այս վիճակին ,որում գտնվում եմ:Ինչ են մտածում իմ մասին : Սիրո՞ւմ են ինձ արդյոք »: Հենց որ մեկ ուրիշը (կամ ուրիշ կինը)  դառնում է քո կյանքի կենտրոնակետը ,ամեն ինչ ընկնում է իր տեղը: Ինչնումն է մեր պարտքը:Կազմել երջանկությունը նրա հետ , ում սիրում ես:Նույն րոպեից կյանքը լցվում է իմաստով ,և ապա այդ իմաստը դառնում է նրա միջուկը:Հավատի պարգևած անարտահայտելի երանությունը ,ցավոք մատչելի է  ոչ բոլորին:Բայց երկրային մտերմությունները նույնպես քաղցր  են  ու թանկագին:  Մնա՜ք բարով:


Ո՞վ եք դուք ՝ իր ,թե անձ


Դուք գիտեք ,որ կինը կարող է լինել իր կամ անձ: Նա անձ է ,եթե անկախություն է պահպանում այն տղամարդուց ,որին սիրում է ,ինքնուրույն է իր հայրենիքում ու իր պլաններում ,իր մարմնի ու մտքերի տիրուհին է: Նա իր է ,եթե թույլ է տալիս վարվել իր հետ ինչպես իրի հետ ,թեկուզ գեղեցիկ ու թանկարժեք ,բայց այնուամենայնիվ զուրկ սեփական կամքից  հնազանդ իր տիրոջ ցանկություններին ու քմահաճություններին,ինչպես համեղ կերակրատեսակ,որով հյուրասիրվում են ,երբ ցանկություն է առաջանում:
  Շատ երկար ժամանակ կինը եղել է միայն իր : Հին ժամանակներում նա կազմվում էր ռազմավարի մի մասը : Հաղթողն իրավունք ուներ խլված զենքի ,ոսկե կամ արծաթե ամանների  և գերի կանանց նկատմամբ: Այդ ամենը ավար էր համարվում: Ստրկավաճառության շուկան ,որտեղ կարելի էր գնել կոջը,ինչպես միրգն են գնում  Փարիզի կենտրոնական շուկայում ,մեր մայրաքաղաքում գոյություն ուներ մինչև վերջերս :Անձ դառնալու և իր իրավունքները հաջողությամբ պաշտպանելու  համար կինը պետք է տնտեսական անկախություն ձեռք բերեր:
   Նկատի ունեցեք,շատ տղամարդիկ ափսոսում են ,որ կինը դադարել է իր լինելուց: Դա այնքա՜ն հարմար էր: Նա բավականության աղբյուր էր ,ծնում էր երեխաներ ,դաստիարակում նրանց,վարում տնային տնտեսությունը: Փոխարենը պահանջում էր սնունդ ,ապաստան ,մի քիչ  էլ ուշադրություն : Եվ արդյո՞ք նա պահանջում էր այդ ուշադրությունը :Ամուսնությունից որոշ ժամանակ հետո ամուսինն սկսում էր տարվել ուրիշ կանանցով . ամուսին-սիրեկանն առանց քաշվելու հեռանում էր տնից :
   Այն ժամանակ կինը ,ցանկանալով անձ դառնալ ,ջղայնացնում էր տղամարդկանց : Հենց դրանում էր Ժորժ Սանդի դժբախտությունը:  Նա ամենից առաջ մարդ էր և պահանջում էր ,որ իր հետ համապատասխանաբար վարվեին: Իր շրջապատի տղամարդկանց մեծամասնությունից ավելի խելոք  լինելով   ,Սանդը ոչ մի բանում  չէր զիջում նրանց :Նա իր հայացքներն ուներ :Հոգնելով սիրային կապից ,նա խզում էր այն ,ինչպես դա անում են տղամարդիկ: Նա ինքն էր իր ապրուստը վաստակում և ուզում էր անձամբ տնօրինել իր ունեցվածքը :Նրա չարաբախտ,շվարած,իրեն կորցրած ամուսինը գանգատվում էր:
-Ես ամուսնացել եմ ոչ թե կնոջ,-ասում էր նա,- այլ ավելի շուտ  տղամարդու հետ:
  Ոչ միայն ամուսինը,այլև ամբողջ հասարակությունը հանդիմանում էր տիկին Սանդին տղամարդկային բնավորության համար: Իսկ նա ընդհակառակն ,շատ կանացի էր՝թե՛ արտաքինով, թե՛ իր վարքով  , թե՛ զգացմունքները արտահայտելու ձևով,թե՛ խելքով:Բայց նա անձ-կին էր ,և ոչ թե իր-կին: Ամբողջ բանն այդ էր:
   Վերջերս ես  այդ թեմայով դասախոսություն էի կարդում  ֆրանսիական մի մեծ քաղաքում և հայտարարեցի ,ինձ էլ ավելի շատ դուր է գալիս անձ-կինը: Ըստ որում խոստովանեցի ,որ ջահել ժամանակ դուր էր գալիս ,երբ ինձ, ցեղական շների պես շրջապատում էին իրերի խմբին պատկանող  սիրունիկ կանայք ,սակայն ես համաձայնեցի ,որ դա ընդամենը անարգական վերապրուկ էր: Վերջում ասացի ,թե հարգում էր մարդկային արժանապատվությունն իմ քույր կանաց մեջ ճիշտ այնպես ,ինչպես իմ եղբայր տղամարդկանց մեջ :
Դասախոսությունից հետո կայացավ մի շատ հաճելի ընթրիք,որին ներկա գտնված գեղեցկուհիներն իրենց ամուսինների հետ վեճ բաց արին իրենց սեփական դրության մասին:Նրանցից շատերը բողոքում էին ,որ նույնիսկ մեր օրերում  իրենց հետ վարվում են ինչպես իրերի հետ: Իսկ մի կին շատ գոհ էր դրանից:
-Ինձ դուր է գալիս շքեղ լինելը ,-հայտարարեց նա:
-Այդ դո՞ւ ես իրը,-բացականչեց նրա ամուսինը : Դու ինձ պատահած կանանցից ամենաիշխանազոր անձն ես:
Իսկ դո՞ւք  guerida : Ո՞վ եք դուք ,ա՞նձ,թե իր:Ասացեք առանց թաքցնելու: Մնա՜ք բարով:


                                            (())



Մաքսիմներ և Աֆորիզմներ


Սենտիմենտալ զրույցի մասին


Ինձ դուր են գալիս Սթիվենսոնի խոսքերը.« ցանկացած զրույց ունի երեք թեմա. ես ՝այդ ես եմ ,դու՝ այդ դու ես,,մնացածները օտարներ են»:


Հմայք կոչվածն ինքն իրենից ներկայացնում է բնականության ու կոկետության մի խառնուրդ,որը վրդովում է և միևնույն ժամանակ հանգստացնում է մեզ: Հմայքը զգացմունքների անբռնազբոսությունն է,այնպես,ինչպես նազելիությունը՝շարժումների անբռնազբոսություն:

Պատահում է,որ բարեկամությունը կամ սերը սկզբից ևեթ չափազանց  բարձր նոտա են վերցնում:Դա վատ նշան է:Երջանկությունը միայն այնտեղ է ,ուր բնականությունն է:




Տղամարդիկ ստում են անբնականորեն : Կանայք,որոնք իրենք դա անում են ապշեցուցիչ վարպետությամբ,իրենց սիրելիների մոտ ակնթարթորեն հայտնաբերում են ստի փոքրագույն երանգը:Մեղավոր տղամարդու խոսակցության տոնի մեջ կա շինծու անբռնազբոսություն, և չափից ավելի բնականության ձայներանգները դավաճանաբար մատնում են բնականության պակասը:

Ամենաապշեցուցիչ հիշողությունը սիրահարված կնոջ հիշողությունն է:

Սիրո արշալույսին սիրահարները խոսում են ապագայի մասին,մայրամուտին՝ անցյալի:

Կան իրենց խառնվածքով սքանչելի ու աշխույժ կանայք,որոնք ամուսնության մի քանի ամսում խամրում ու մարում են:Ամուսինն այնպես ամբարտավորեն է քամահրում նրանց մտքերն  ու հայացքները,որ նրանք կորցնում են ինքնավստահությունը,դառնում երկչոտ,վհատ էակներ և ծեծված շան տեսքով են պահում իրենց:
  Նրանց առաջին սիրեկանին պետք կլինի շատ նրբազգացություն կյանքի նկատմամբ նրանց հավատը վերադարձնելու համար:


Տղամարդը կարող է պաշտել իր սիրեցյալին և ընդ որում վախենալ ,որ նա հանկարծ որևէ հիմարություն չասի մարդկանց ներկայությամբ:Նա հասկանում է,որ միայն ինքն է հասկանում կնոջը:


Վստահականության մասին 

Խորհուրդը միշտ խոստովանություն է :

Ցանկությունը ծնվում է երկու մարմինների անսպասելի առնչումից,վստահականությունը ՝ երկու դյուրընկալ խառնվածքների անակընկալ շփումից . և ինչպես առաջինը քիչ է սիրո առաջացման համար ,այնպես էլ երկրորդը քիչ է մտերմականության  առաջացման համար :

Ամենածածկամիտ մարդիկ անգամ պահանջ են զգում վստահել իրենց գաղտնիքները ,բայց դա անում են ընդհանուր գաղափարների ձևով:Եվ այդպիսի դիմակի տակ իրենց համարում են անվտանգության մեջ: 
Ասենք ,ես ինքս էլ ,երբ գրում եմ այս տողերը...))))


Չարախոսության մասին

Վախենալով ձանձրալի երևալ,մենք հազվագյուտ են մեզ թույլ տալիս բարյացկամ լինել մարդկանց նկատմամբ . բայց մենք զուր ենք վախենում . դա այնքան՜ ինքնօրինակ կլիներ:

Ամեն ոք համոզված է ,որ մյուսները սխալվում են ,երբ դատում են իր մասին ,և որ ինքը չի սխալվում,երբ դատում է ուրիշների մասին:

Եթե մենք ուրիշներին իմանայինք ,ինչպես մեզ գիտենք ,ապա ամենադատապարտելի արարքներն անգամ մեզ ներողամտության արժանի կթվային:

Այն բարեկամների մասին ,ում մոտ հենց նոր ենք ճաշել չարժե զզվելի բաներ նրանց  տնից հարյուր մետր հեռավորության վրա:)))

Շարունակելի


«Ադրե Մուրուա »
«Հայաստան» հրատարկաչություն,1986



1 комментарий: