Շեքսպիր (հատվածներ սոնետներից)
Ա՜խ, մնաս բարով. ինչպե՞ս կարող եմ ես քեզ տիրանալ,
Դու ինքդ ,անգին ,քո գինը գիտես ինչպես ոչ մի մարդ:
Արտոնությունդ պատրաստ է սրտիդ ազատություն տալ,
Քանզի իմ սիրո պարտքերը քո մեջ վերջացած են արդ:
Ինչպե՞ս քեզ պահեմ,ես դրա համար չունեմ իրավունք,
Երբ արժանի չեմ տիրակալ դառնալ քո հարստության.
Պարգևիդ վայել հոգիս չի գործել արժանի վարմունք՝
Քեզ տալով կրկին արտոնագիրը շնորհատիրության:
Ինձ նվիրվելով քո արժանիքը բնավ չիմացար
Եվ նվիրումով թերամիտ եղար դու իմ նկատմամբ:
Բայց շուտով արդեն ճշմարտությանը դու ընդդիմացար՝
Վերադարձնելով քո արժանիքը նոր դատողությամբ:
Ուրեմն դու ինձ պատկանում էիր երազում միայն.
Քնիս մեջ ՝արքա ,իսկ արթնանալիս՝ցավոտ հո՜ւշ էր այն:
Այսպես էլ կապրեմ՝ քեզ հավատարիմ կարծելով անվերջ...
Լավագույնն ընտիր ,և լավագույնն այդ քեզ եմ ցանկանում
Եվ այդ ցանկությամբ ես տասնապատիկ երջանկանում...
Նայիր հայելուն և խոստովանիր քեզ նայող դեմքին՝
Այն ժամն է հասել ,որ դու ունենաս քո կրկնորդը նոր,
Իսկ թե երբևէ չկերտես կյանքում քեզ նման մեկին,
Աշխարհին խաբած՝դու օրհնությունից կզրկես մի մոր:
Որտե՞ղ է արդյոք այն գեղեցկուհին ,ում ընդերքն անվար
Չուզենա հանկարծ քո սերմնացուներն իր հողում պահել...
Որքան իմ սրտում սեր կա թաքնված՝քեզ լինի,իմ սեր,
Արդյո՞ք ավելին կունենաս այդժամ քո ունեցածից....
Ո՜վ անույշ իմ գող ,ես ներում եմ քո ամեն կողոպուտ,
Զրկում ես թեև ինձ իմ ունեցած աղքատությունից
Սակայն գիտեմ, որ այդտեղ է իմ շահը անօգուտ....
Եթե ընթերցես այս տողերը ,որ քեզ եմ նվիրել,
Ձե՛ռքն իմ մոռացիր,քանզի քեզ կյանքում սիրել եմ այնպես,
Որ ես կուզենամ քո անուշ մտքում մոռացված լինել,
Եթե իմ մասին խորհելը չնչին ցավ պատճառի քեզ....
Հիշիր չի տալիս ոչինչ անվճար բնությունը քեզ,
Այլ պարտք է տալիս,որ հատուցանես տվածը նրա....
Ինքդ քեզանից անվերջ գնելով ու սակարկելով՝
Դու քեզ ես խաբում ու քեզնից գնում քո անգին հոգին...
Զտված ծաղիկներն անգամ ձմռանը մնում են անեղծ,
Խամրում արտաքուստ ,սակայն չեն կորցնում էությունն իրենց:
Մի թախծիր երբեք արածիդ համար և լավ իմացիր՝
Անփուշ վարդ չկա, զուլալ շատրվան անգամ տիղմ ունի,
Միշտ չեն շողշողում արև ու լուսին երկնքում անծիր,
Ծաղիկների մեջ նստած է զազիր որդը գողունի...
Բայց գոհարներ են արցունքները,որ քո սերն է թափում,
Եվ նրանք իրենց մեծարժեքությամբ քո մե՛ղքն են քավում:
Գիտեմ ,իմ սիրո ,ինչպես ինձ համար ,այն ժամը կգա,
Երբ կբզկտվի նա ժամանակի ձեռքից չարագործ....
Քեզանից բացի ուրիշ ներշնչանք ես չեմ որոնել,
Թեև դժվար է թղթերին հանձնել քո վսեմ հոգին:
Ուստի, սիրելիս, քեզ պիտի լինես լոկ երախտապարտ,
Եթե երբևէ դու իմ տեսնես արժանիք ու լույս....
Թույլ տուր հաստատել որ մենք երկուսով երկու կմնանք,
Թեև հավիտյան մեկ է սերը մեր անբաժանելի,
Եվ անարգանքի բծերը բոլոր ,ուր էլ որ գնանք,
Առանց քո փոքրիկ օգնությամբ անգամ ինձ հետ են էլի...
Թեև չկա նոր բան և պատահածը կրկնվում է զուտ
Այդժամ ինչպիսի՜ խաբկանքով է մեր ուղեղը սնվել,
Մեր ուղեղը ,որ հայտնություններ է որոնում իզուր՝
Հարկադրելով ծնված մանկանը վերստին ծնվել....
Չլինի երբեք ,որ աշխարհը քեզ հարց ու փորձ անի ,
Թե սիրուդ վայել ինչ արժանիքներ դու գտար իմ մեջ...
Հիմա ,սիրելիս, տարվա այն պահն է հասել իմ ներսում ,
Երբ դեղին ու չոր տերևներն են լոկ կախվել շյուղերից,
Որ ցրտասարսուռ,անողորմ հողմից դողո՜ւմ են, մրսո՜ւմ,
Եվ անույշ հավքերն էլ չեն դայլայլում դատարկ ճյուղերից:
Հիմա ,սիրելիս, այն մթնշաղն է թանձրացել իմ մեջ,
Որ արևմուտքում հաջորդում է միշտ իրիկնապահին,
Եվ սև գիշերը(այդ մահը երկրորդ) իջնում է անվերջ
Եվ իր կնիքով անդորր դրոշմում երկնքի գահին:
Հիմա,սիրելիս, տեսնում եմ իմ մեջ օջախը հանգած,
Որ մարմրում է իր ջահելության անթեղների տակ.....
Երբ կարոտակեզ մտորմունքների լռին ատյանում
Ամփոփում եմ ես իմ տարիների հուշերը անցած,
Հառաչում եմ միշտ ,թե՝ ա՜խ ,չգտա փնտրածս կյանքում,
Եվ հին վշտի հետ նորն է հեծեծում ժամերս կորած,
Փրջվում են այդժամ իմ աչքերն,անհուն խնդության սովոր,
Մահվան գիշերում կորած հարազատ դեմքերի համար,
Հեծեծում եմ ես սիրո մոռացված վշտերը բոլոր
Եվ ցավով հիշում քարուքանդ եղած վայրերն անհամար,
Եվ գումարելով անցյալի ամեն կսկիծ ու հառաչ,
Ստանում եմ ես հառաչանքներիս այս գումարը սին,
Որ պիտի վճարեմ վերստին ինչպես տարիներ առաջ.
Բայց երբ խորհում եմ միայն քո մասին ,անգի՛ն բարեկամ,
Օ՜, փարատվում են ամենացավոտ մորմոքներն անգամ:
Комментариев нет:
Отправить комментарий