Мой список блогов

четверг, 2 мая 2013 г.

Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա....

                                            Վ. Տերյանի նամակը                 Նվ. Թումանյանին                                         1914,դեկտեմբեր,Պետրոգրադ

    Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես  ու հալ չկա:
Մի կողմ թողած իմ անձնական կյանքը,որ շատ  է տխուր  ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում,ավելին կասեմ,հույս էլ չեն ներշնչում,որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք,սիրելիս,որ ես,սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու:Ընդհակառակը,այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը,այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները,որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ-միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից:
Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության,որ մեր հայրենիքի ցավը մեզ այնքան է մաշում,ջլատում,կեղեքում,որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու:Դա մի հիվանդագին սեր է,դա մի անհաղթելի մոլություն է-դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը-այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ:Ես ինձ այնպես եմ զգում-ինչպես կզգա մեկը ,որ թոքախտ ունի և գիտի,թե  որքան կարճ  է իր կյանքը-նրա կյանքը կյանք չէ ,այլ -մահացում   :Տարիներով մենք ձգտում ենք ստեղծել մեզ համար գոյության մինիմալ պայմաններ,որպեսզի նվիրվենք մեր կոչման-իսկ մինչ այդ վատնում ենք մեր բոլոր  ուժն ու կարողությունը և հանկարծ դառը սրտով տեսնում,որ միջոցը նպատակ է դարձել և անցածը ետ դարձնելու  հնար չկա:Այդպես ենք մենք բոլորս-կոտրված,գետնահար խոտի նման,ընկած,պարտված,անհույս, ու անհավատ:Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում,իսկ մարդիկ կարծում են,որ կարելի է նրան կենդանացնել...  Ախ,թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը-հին ու անբուժելի  հիվանդություն է դա,և մենք անզոր ենք  նրա դեմ:Չկարծեք ,թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները,ավա՜ղ,շատ վաղուց:Եվ չեմ ազատվի դրանցից մինչև վերջը-ինչպես ազատվես ինքդ քեզնից:    Կարող եք երևակայել,երբեմն իմ մտքից անցնում է հեռանալ աշխարհից,մի վանք շինել և լռության մեջ  անցկացել կյանքիս կարճ օրերը,սակայն անկարող եմ իրականանցնելու իմ այդ գաղտնի բաղձանքը-պատճառներ ու արգելքներ շատ կան ու ոչ միայն արտաքին,այլև ներքին:Իմ սիրելի,իմ լավ Նվարդ,դուք այս նամակը  կարդալիս չզարմանաք և չծիծաղեք վրաս:Դուք երևակայել չեք կարող ,թե ինչպես է անցնում իմ կյանքը.ոչ թե անցնում է,այլ այրվում մի ներքին դառն կրակով,և ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական.....
                                                                                                  Վահան                                                               

Комментариев нет:

Отправить комментарий