Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Տերյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տերյան. Показать все сообщения

вторник, 14 мая 2013 г.

Վ, Տերյանի նամակները զոքանչին՝ Ալեքսանդրա Նազարովնային

Մեծարգո Ալեքսանդրա Նազարովնա
                                   1911,12 փետրվարի,Մոսկվա

   Երեք -չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք,մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ: Բայց ճշմարիտ,Ալեքսանդրա Նազարովնա,չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս,որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում:

четверг, 2 мая 2013 г.

Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա....

                                            Վ. Տերյանի նամակը                 Նվ. Թումանյանին                                         1914,դեկտեմբեր,Պետրոգրադ

    Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես  ու հալ չկա:
Մի կողմ թողած իմ անձնական կյանքը,որ շատ  է տխուր  ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում,ավելին կասեմ,հույս էլ չեն ներշնչում,որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք,սիրելիս,որ ես,սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու:Ընդհակառակը,այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը,այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները,որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ-միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից:

воскресенье, 18 ноября 2012 г.

Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին



  •     Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը
  • четверг, 11 октября 2012 г.

    Վահան Տերյան

    Նկ. Աննա Ռազումովսկայա

    Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ ... Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող Արդյոք կապրե՞ս ... Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կըզգա՞ս ...

    пятница, 5 октября 2012 г.

    Վ. Տերյանի նամակներից






    Ս.Տերյանին
              1918,26 հունվարի,Պետրոգրադ

        Թանկագին մանկիկ  (նամակը գրված է ռուսերեն)


       Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, չնայած այն բանին,որ սարսափելի զբաղված եմ,ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում են քեզ և իմ Լյասկային:Մինչև Պիտեր գալս չէի կարող մի լուր ստանալ ձեր մասին,թեև հեռագրել էի և Բորյանին,և Ֆիլիպին. բանից դուրս է գալիս նրանք պատասխանել են հենց այն ժամանակ ,երբ մեկնել եմ այստեղից:Այստեղ ստացա քո հեռագիրը և անսահմանորեն ուրախ եմ ,որ ամեն ինչ բարեհաջող է:Տա Աստված ,որ հետագայում էլ ամեն ինչ լավ ընթանա:Պինդ կաց ,սիրելիս,շատ եմ խնդրում քեզ,մի վհատվիր ու թևաթափ մի լինի,տա Աստված ամեն բան դեպի լավը գնա:Ինչպիսի անսահման երջանկություն կլինի եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում իհարկե կգամ)  և ձեզ տեսնեմ ուրախ և առողջ: Ուրեմն պահպանիր քեզ ու Լյասկային,մանկիկս,և խելոք եղիր:Գրիր ու հեռագրիր որքան կարելի է հաճախ-հասկացիր,որ ինձ համար անտանելի ծանր է ,երբ լուրեր չկան ,այդ երբեք մի մոռացիր:Ես եկել եմ երկու օրով նյութերի համար և վաղը երեկոյան,այսինքն հունվարի 27-ին ,նորից կմեկնեմ Բրեստ: Այսօր ավանսով վերցրի ռոճիկս և Զորյանին վճարեցի վերցված փողը: Մոտս մնում է ևս 100 ռուբլու չափ և էլի պլյուս 50ռ. , որը չէի ստացել անցյալ ամիս...քո անունով 100 ռուբլու ծանուցագիր է եկել:Այդ փողը կուղարկեմ Թիֆլիս և կարծում եմ,որ յոլա կգնաս մինչև հաջորդ ստանալիքը,թեև թող դա քեզ չկաշկանդի և եթը կարիք լինի, հեռագրիր առանց քաշվելու,և ես քեզ կուղարկեմ (ես կկարողանամ ճարել,դա դժվար չէ) : Այնպես որ քեզ մի նեղիր և մտածիր միայն քո և Լյասկայի մասին, գլխավորը՝ քո մասին ,քանի որ դա Լյասկային օգնելու լավագույն միջոցն է: Նաշոն և մերոնք, իհարկե ,քեզ ամեն ինչում կօգնեն:Ուրեմն խելոք եղիր ,մանկիկս:

              Ես կաշխատեմ շուտով գալ: Սարգիսը մինչև հիմա դեռ չի եկել,որի համար շատ ափսոսում եմ:
    Մի անհանգստացիր: Առհասարակ իմ մասին մի անհանգստացիր՝ ինչ էլ որ պատահի,և եթե այդտեղ ինչ-ինչ լուրեր տարածվեն,մի հավատա (ես գիտեմ ,որ հիմա ,ասենք ինքդ էլ լավ գիտես,լրագրերն ու մարդիկ սատանան գիտի,թե ինչ անհեթեթ լուրեր են տարածում,այնպես որ մի հավատա և համբերությամբ սպասիր իմ նամակներին),իսկ եթե որևէ պատճառով նամակներս ուշանան ,նույնպես մի անհանգստացիր,նշանակում է կամ հաղորդակցություն չկա,կամ ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին գրելու:Այդպես էլ իմացիր և միանգամայն հանգիստ եղիր,գրիր քո և Լյասկայի մասին:
                 Բարևիր մերոնց բոլորին:
         Առողջ եղիր դու և Լյասկան. ձեզ երկուսիդ ,իմ մանկիկներին,համբուրում եմ միլիոն անգամ:


                                                       Քո և Լյասկայի Վահան




    Հ. Գ.

    Սուսաննան հիվանդ էր...Տերյանը Բրեստ-Լիտովսկ մեկնելուց առաջ, նրան   ուղարկում է Ստավրոպոլ ...
    Բրեստից վերադառնալուց հետո է իմանում ,որ ճանապարհին մահացել է Լյասկան ............

    Իմ Բալիկին 

    Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
    Կըզնգա կրկին համրացած առուն.
    Թևերով թեթև թռել է արդեն
    Իմ արտույտն անուշ,թռել է հեռուն:
    Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
    Ձյուներից կրկին կըբացվի գարուն,
    Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,
    Լոկ դու կըմնաս շիրիմի խավարում.....

    Տերյանն այլևս չտեսավ կնոջը...մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը...Նա երկար փորձեց կապ հաստատել կնոջ հետ , բայց նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին ...

    Ի՞նչ մնաց նրան ...

    Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ


    Ի՞նչ մնաց ինձ

    Ոսկյա մի ցանց,
    Ուրիշ ոչինչ:
    Մարգարտաշար հուշերի գանձ – 
    Ուրիշ ոչինչ:
    Տրտում գիշեր և մենություն անօգնական,
    Սիրտ կեղեքող կարոտ անանց - ուրիշ ոչինչ:
    Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
    Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:
    Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
    Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:
    Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
    Տար, մի թողնի, քամի անսանձ – 

    Ոչինչ, ոչինչ…

      1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը...


                 




    Ա Միսկարյանին

                          1911,26 ապրիլի,Մոսկվա

       Սիրելի Անտենկա


    Տարօրինակ զգացում  համակեց ինձ ,երբ կարդացի ձեր վերջին նամակը:

      Դա անքուն անցկացրած  գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից  եկած
    հայկական թատերախումբն էր,և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց:
               Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով ,որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո,պառկեցինք մի քիչ հանգստանալու:
         Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու,չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը,շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը... ես անասելի լավ էի զգում ինձ.... Չկարծեք,թե քնած էի.....
       Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն,որը,սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար,որ ձեզ չվիրավորեմ:Թեև ինձ թվում է,դուք չպետք է վիրավորվեիք դրանից:
         Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս,ինչպես և ես  ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք,գոնե երկրորդը,ինչ վերաբերվում է առաջինին,նույնպես հույսս չեմ կորցնում:
        Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա:Ե՞րբ կգաք:(Ըստ հնարավորին ստույգ):
        Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնան ուզում եմ(ավելի շուտ աշնան կողմ) լույս նծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը,որը, իհարկե, կուղարկեմ ձեզ( որպեսզի այն չկարդաք ,դե գոնե կնայեք):
              Դե, առայժմ:
                         Համբուրում եմ*  ձեզ պինդ:  
         
                                                                    Վահան Տերյան

        Այս օրերին գլխիցս դուրս չեք գալիս: Ինչ-որ խելահեղություն  է համակել ինձ....
        Լավ  կանեք ,եթե այս նամակը ոչնչացնեք,բայց անպայմանորեն ոչ ոքի ցույց չտաք: Լա՞վ:
         Բարևեցեք Մարթային և ձերոնց:

    Անտենկա... (Անթառամ Միսկարյանին):

    1908 , 27 դեկտեմբերի

    Ես տխուր եմ :Ես միշտ տխուր եմ լինում,երբ գալիս են տոների և համընդհանուր ուրախությունների հանդիսավոր օրերը:Հիմա ես արև եմ ուզում,Անտենկա,ավելի շատ լույս ,երաժշտություն ,գուրգուրանք....

    Տխուր եմ ,անսահման տխուր...Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ այս մասին :Ինչո՞ւ եմ վշտացնում Ձեզ իմ այս տխուր խոսքերով ....



    «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում:Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ,շատ եմ վախենում,որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով ՝հիասթափվեք:Չնայած ինձ թվում է,որ ես ավելի ստոր չեմ ուրիշներից :Ավելի հիմար էլ չեմ նրանցից:Սիրելի Անտենկա ,շուտ եկեք:Իսկ եթե չգաք ,ես ,իհարկե, ինքնասպան չեմ լինի և Մոսկվա գետը չեմ նետվի ,բայց շատ կտխրեմ:
    Ամուր-ամուր սեղմում եմ ձեր ձեռքը .ցավեցնելու չափ»:

    Հ.Գ.Այս նամակից երեք ամիս անց՝ Տերյանը հանդիպում է Սուսաննային ....
    Նրանց կապը չընդհատվեց...Տերյանը շատ էր զգում Անթառամի կարիքը...Նրանք շարունակում էին հաղորդակցվել նամակներով...նամակները գնալով դարձան ավելի քնքուշ ու զգացական...


     (621x699, 461Kb)
                                      

    Ավ.Ւսահակյանին
    1908 ,23 ապրիլի,Թբիլիսի

    Սիրելի Ավետիք


      Այսօր ստացա նամակդ ,որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ:Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ ,սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:

       Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու:Այժմ սպասում եմ ,հուսով եմ ,որ կտեսնվենք,թեև կարող է պատահել,որ ես գնամ գյուղ,որովհետև եթե մնայի,պիտի մնայի գրքի հրատարակության համար,իսկ այժմ միտք չունի մնալս,որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել:Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է,և ես կարծում եմ ,որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել,թեև դու  լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս,այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի,որ դասերով դժվար է հայթայթել:
    Մի խոսքով կգաս այստեղ ,կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք,ինձ թվում է , որ դա կարելի բան է:
            Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին,որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում:Քո մասին շատ բաներ եմ լսել,բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք:Մեր 
    Ս-Դ.-ական  «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ  կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ես այնտեղ կգամ,որովհետև քո քննադատներից գոհ չեմ:Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն,այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:
    Տեսնենք:
     Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ:Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում...Մի՞թե չգիտես,որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:

     Առայժմ այսքանը:

    Կտեսնվենք կխոսենք:
                                                     Քո Վահան





    Ավ.Ւսահակյանին

    1906,20 մարտի,Մոսկվա

       Սիրելի Ավո ջան


    Ստանալով փոքրիկ նամակդ,մինչև այսօր սպասում էի ընդարձակ պատասխանի,բայց ըստ երևույթին   Это только так говорится,մանավանդ պոետները երևի   ,երաշխավոր չեն իրանց խոսքերին:Իհարկե Ավետիքը առավել ևս:Երեկ լսեցի,որ Թիֆլիս էլի քեֆ ես անում և վճռեցինք Պողոսի հետ,որ էլի մի կոնֆլիկտ է պատահել avec Սոֆի կամ Աննետ:

    Մի խոսքով:Մեզանում ,Ավո ջան,քննությունները շուտով կսկսվեն,և այս վերջին ժամանակները այնպես են բեռնավորել պարապմունքներով(իհարկե հիմարագույն),որ չգիտես ինչ անես:Հավատացնում եմ ,ոչ ոքի նամակ չեմ գրել.......

          Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությունը:Իհարկե համոզված  լինելով ,որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորքով հրատարակել,քո անհուն աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկիրը:Պարոն գերմարդ,այդ 

    ի  ՞նչ է պատահել,որ այժմ սկսել ես «հացի երգեր » ասել:
                 Լևոնիկին բարևներ:
                 Առայժմ այսքանը:
                                                                       Քո Վահան






    Ս. Օտարյանին
    1905,6
    մայիսի,Մոսկվա

    Սոնա


       Ստացա Ձեր նամակը:Այս անգամ նա ինձ վրա ,չգիտեմ ինչո՞ւ,մի տարօրինակ տպավորություն գործեց:Ֆլինկի մասին չեմ ուզում երկարացնել,որովհետև նրա գործը իմ աչքում մի ահագին դրամա էր,դրա մասին չխոսենք:Միլլերի վերաբերմամբ դեռ ոչինչ չեն արել մեր ուսուցիչները,և այդ առթիվ օրերս խոսակցություն  չեմ ունեցել նրանց հետ...

    Դուք պաշտպանել եք տքնում ակուշերկաներին (ներեցեք,մանկաբարձուհիներին),ասացեք խնդրեմ,ի՞նչ են անում նրանք:
    Չեմ հասկամում Ձեր հետևյալ խոսքերը.
    -Խեղճ Aя,միայն նա էր ,որ խաչեցի,այս անգամ ավելի լավ օգուտներ ունեցա:Всегда первый блин  комом.(Բարեհաճեք,սիրելի Սուդարինյա,տալ անհրաժեշտ բացատրություններ):
     Հետո ի՞նչ է նշանակում թե՝ «Եթե Կովկաս գնաք,իհարկե կբարևեք իմ նախկին ընկերուհուս,(ձեր հարսին)»,սա նույնպես որոշ բացատրություն է պահանջում:
     Մի խոսքով,ինչ  որ գրում եք պարզ գրեցեք,ոչ այնպես ,որ կարելի լինի զանազան կերպով բացատրել:
     Չգիտեմ ինչու ,Ձեր նամակը մի տեսակ տատանումի մեջ ձգեց ինձ և այս րոպեիս չեմ կարող գրել:
    Այսօր տոմսակ եմ ճարել,գնում եմ Շալյապինին լսելու«Ֆաուստի» մեջ,լսում եմ առաջին անգամ,տպավորությունս կգրեմ:Առհասարակ  այսօրվա  նամակիս երաշխավոր չեմ,որովհետև գլուխս ինչ-որ ապուշ դրության է:
      Ձեր նամակին ավելացրել եք թե.-«ով է մեզանից ավելի «հիմարացել»,չգիտեմ դո՞ւք ,թե՞ ես.իմ կարծիքով նկատողություն անողը պիտի աշխատի ինքը նույն սխալը չանե,իսկ դո՞ւք ,պարոն»:   Что это значит? Ես Ձեզ հարց էի տվել կարծեմ,-որ խոմ չե՞ք «հիմարացել.իհարկե «հիմարացել»-ը այն մտքով,ինչ մտքով հասկանում եք Դուք:
    Ձեր խոսքերը չեմ հասկանում :Մի խոսքով ,էլի վախս բռնեց Ձեզնից,վախենում եմ,վախենում ,վախենում...Ցը:
                                                                                       Վահան

    P.S Եթե Ձեզ դժվարություն չի պատճառե,ուղարկեցեք Անդրանիկի պատկերը,երևի այդտեղ լավը հանած կլինեն:
    Շատ շնորհակալ կլինեմ:







    Ց.Խանզադյանին
    1913,1 օգոստոսի,Ստավրոպոլ

    «...Ուղղակի մեռցնում են ,հա՜լ չի մնում վրաս:Բայց ինչ պիտի անես:Ահա թե ինչու կանանց կուրսերը ոչինչ են մեր առաջ-նրանք այս ամենը չեն տալիս պետական քննություններին:Երանի՜ նրանց:Այս րոպեիս սովորում էի այդ սլավոնական լեզուների համեմատական քերականությունը:[Այս պարապմունքներից հետո էլ ի՜նչ զբաղվես գրականությամբ և այլ բաներով:Գլուխդ «շշմում է»,և քեզ զգում ես ոչ թե մարդ ,այլ սեղան,թանաքաման,առհասարակ անօրգանական էակ,որն ընդունակ չէ ոչ մի բանի...ինչքան վաղուց է,որ չեմ զգում]dolce far niente*.(Փափազով,ականջդ կանչի):Եթե ոչինչ չեմ էլ անում ,այն գիտակցությունը,որ պիտի անեմ-կրծում է,մաշում է հոգիս,հանգիստ չի տալիս...Մի սիրուն աղջիկ կար,մի փոքրիկ իշխանուհի(իսկապես իշխանուհի),15-16 տարեկան գիմնազուհի,որը ինձ համբուրում էր և սիրում,և ես նրա «առթիվ»  գրեցի  այա բանաստեղծությունը՝


    Այս հին ու նոր գրքերի վրա կորացած,

    Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր,
    Եվ այս մեռած մարդոց մեջ, սիրտս կուրացած
    Չըզգաց, որ բաց են արդեն վարդերը բոլոր ...
    Ես արևը չտեսա խուցիս մեջ մթին,
    Եվ երգերը մայիսյան չըհասան ինձ, չըհասան:
    Քո ծիծաղը կարկաչուն հնչեց իմ սրտին,
    Եկա՜ր, եկա՜ր որպես երգ պայծառ մայիսյան ...
    Տես ինչպե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,
    Խոսքերից իմաստուն, գիտուններից բյուր 
    Ժպտա, անգին, ժըպիտդ խոր գրքերից խոր,
    Խընդությունդ ամոքիչ, զրույցըդ աղբյուր ...
    Քո համբույրը գարնային իմաստուն է ավելի,
    Քան գիտունների այս խոժոռ, գրքերն այս մթին:
    Քո գգվանքը բյուր անգամ թովիչ է և սիրելի,
    Քան և Վոլֆը, և Բոպպը,և Հումբոլդտը միասին ...

            Դու գրում ես ,թե«փրանսիական» (Ալեքսանդր Միրիջանովիչ,ականջդ կանչի) ակադեմիան պրեմիա է տվել Ահարոնյանի գրվածների թարգմանության  և հետո հարցնում ես ,կամ,ավելի ճիշտ,տարակուսանքի մեջ ընկնում -«չգիտեմ ե՞ս եմ հիմսր,թե՞»...՛Անտարակույս «փրանցուզները»,եթե միայն դա էլ մի տեսակ ֆրանսիական «հայասիրություն» չէ,կամ եթե մի այլ բան չկա այդտեղ:Պողոսն էլ  գրում է,որ «Բաքվի Ձայնում» փառաբանում են Ահարոնյանին,որը de պարզերես է անում  մեզ ու մեր «գրականությունը» օտարների աչքում:

    Ահաև քո «կոլեգան»,որի մոտ ex լինելը դու գրեթե պատիվ էիր համարում :Ես այդ պատիվ համարելուց շատ ու շատ հեռու եմ ,չնայած որ քո կոլեգան ,ինչպես գրում էիր,«կարդացած» է,«գիտուն» և«լավ»:
    Աստված հեռու պահե  մեզ «գիտուն» սեմինարներից:Աստված մեզ ու մեր ազգը նրանց ձեռքից ազատե ու փրկե:Սղոթիր դու էլ,աղոթի՛ր,Ցոլակ ,գուցե Աստված լսե մեր աղաչանքը և ազատե մեզ և սեմինարներից և նրանց «գրականությունից» և նրանց «Հոսանքից» ու«Ձայներից»,«Հորիզոններից» և մանավանդ նրանց գիտնականությունից,իսկ ինձ՝ մեղավորիս,նրանց թե լավ,թե վատ ,մանավանդ գովաբանական քննադատությունից (օրինակ ,Տերտերյանի...):Եթե դու կապված չլինեիր նյութապես թերթի հետ,ես առանց տատանվելու քեզ խորհուրդ կտայի հեռանալ.....
     (կրճատ)

                                 Ամենայն բարիք.

                                      մեր գրականության սև ասպետ
                                                                       քո Վահան

    *dolce far niente-հաճելի անգործություն(լատիներեն)


    Ա. Տիգրանյանին

    1911,9 հուլիսի,Ստավրոպոլ

    Հարգելի ընկեր Արմենուհի

    Charles White



       Ինձ համար անսպասելի էր Ձեր նամակը:Վաղուց էր՝ինձ մոռացած, չէիք գրում,շնորհակալություն,որ վերջապես մտաբերել եք և ինձ:

    Վերջերս քիչ եմ գրում նամակներ,և ինձ էլ բնականաբար քիչ
    են գրում:Ուստի առավել ևս մեծ էր իմ ուրախությունը,երբ քիչ առաջ արթնացրին քնից  և տվին Ձեր նամակի ծանոթ ծրարը: Այս րոպեիս  գտնվում եմ Ստավրոպոլում ,ուր եկել եմ մի ամսով հանգստանալու...Սակայն  արդեն անսահման ձանձրացել եմ և շուտով կչվեմ դեպի Մոսկվա,ուր հոգեկան մենակությունն ավելի տանելի է կարծես...
    Չգիտեմ ինչու ,ես միշտ քաղցր հուզումով  եմ հիշում  Ձեր տանը անցկացրած այն երեկոն,երբ,հիշո՞ւմ եք,կարդացինք Ավոյի պոեմը և նստած թեյ էինք խմում:Հիշո՞ւմ եք...Թե միայն ինձ թվաց այդ ամենը ,որ չեմ կարող ասել,բայց որ մի տեսակ անասելի մաքուր և գեղեցիկ հիշողություն է թողել իմ մեջ:
    Գրեցեք:
    Դուք գրում եք.« Մեզ նման մարդիկ պետք է միշտ մոտ լինեն գոնե տարածության հարցում,որ հնարավորություն լինի երբեմն ցավից-դարդից պատմելու»: Ես միայն կավելացնեմ սրան, որ ոչ միայն տարածության հարցում,այլև ամեն կերպ պետք է մոտ լինին,որովհետև երբեմն այնքան ծանր է լինում կյանքը,որ չգիտես ինչ անես և այդ րոպեներին միայն «մեզ նման» մարդիկ կարող են  մխիթարել մեզ....Մինչդեռ  մենք հեռու ենք ամեն կերպ,մանավանդ տարածությունով  և դա ավելի զգալի է ինձ համար,քան Ձեզ,որովհետև Դուք էլի ունեք գոնե 5 հոգուց բաղկացած մի խմբակ,իսկ ես մանավանդ այժմ մենակ եմ,մեմ-մենակ....

    Շարունակելի



    Ս. Օտարյանին

    1906,հունիս-հուլիս,Մոսկվա

    Սոնա

    Այսօր թողի պաշտոնս,որովհետև սաստիկ ծանր էր,և հոգնել եմ վերջնականապես:Մտադիր եմ իմ գործերով զբաղվել,հանգստանալ:
    Հուսով եմ ,որ հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբներին կգաք, և անհամբեր սպասում եմ ու խնդրում,որ ինչքան կարելի է շուտ երևաք:
        Պարապում եմ ֆրանսերեն:Տնտեսագիտությամբ պարապում եմ մեծ հետաքրքրությամբ:Վաղը կտանեմ խնդիրս համալսարան  և կմտնեմ վերջնականապես ֆիլոլոգների կորպորացիայի մեջ:Ողջույն ֆիլոլոգից ֆիլոլոգուհուն: Ուզում եմ գրել,Սոնա, բայց տրամադրություն չկա իսկի գրելու՝ երևի կհասկանաք դրությունս: Ուրեմն ցը. բայց կրկնում եմ,շուտ եկեք ի սեր Աստծո և մամոնայի,որովհետև ոչ մի մարդ չկա համարյա:Գրեցեք շուտ:
                         Ձեր Վահան
    Երբ գաք ,յոթ օր յոթ գիշեր անընդհատ կխոսե՞նք:Չէ,չէ,չվախենաք ու չհետաձգեք դրա համար Ձեր գալուստը:  )))
                                                 Վահան



    Ս. Օտարյանին

                          1906,4 փետրվարի, Մոսկվա
     Սոնա
    401960_10 (700x473, 209Kb)   Այսօր երեք օր է ,ինչ եկել եմ Մոսկվա,բայց մինչև այժմ ժամանակ չունեցա Ձեզ գրելու: Թեև ես սովորություն չունեմ նամակ գրելու մինչև նախկին նամակիս պատասխանը ստանալը,բայց գրում եմ,որովհետև ենթադրում եմ ,որ պատճառներ ունեցած կլինեք,որ մինչև այժմ չեք գրել: Մոտ մի ամիս ուշացել եմ դասերից,այնպես որ երևի ստիպված կլինեմ  немножечко  позубрить напоследок. Բայց փառք Զևսին  ՝երեք -չորս ամիս ,և մենք ազատ մարդ կլինենք:Առայժմ երկար գրել չեմ կարող, մի քիչ կսպասեմ,սարքվեմ,տուն տեղս կարգի բերեմ,ապա Ձեզանից էլ նամակ ստանամ  ու ըստ այնմ կգրեմ ընդարձակ:
    Գրեցեք շուտ,ի՞նչ է պատահել Ձեզ ,կամ գուցե հասցեներդ  փոխե՞լ եք:

        Ուրեմն ինձ կգրեք առայժմ Լազարյան ճեմարան կամ իմ տունը-

    Graeme Gerken


    Ս. Օտարյանին 
    (հատված)
    1905,փետրվար, Մոսկվա

      Ձեզ գրեցի նամակս,բայց մի քիչ էլ եմ ուզում գրել: Ի՞նչ վերաբերվում է ուղարկածս «բանաստեղծի» Բոկաչչիո լինելուն ,երաշխավոր չեմ, կարող է լինել, թեև մեզանում այժմ նույնիսկ Բայրոնների թիվը երևի մի քանի տասնյակի կհասնի: Հիմա ինչ վնաս, որ մի քանի հատ էլ Բոկաչչիո ունենանք...)) Վերջին կիրակի այստեղ եկեղեցում ( սխալվեցի,կիրակի չէր ,վարդանաց տոնն էր) Մնջոյանը մի ճառ ասաց, որը քահանան ընդհատեց ,որովհետև նա խոսում էր կառավարության դեմ:
    Ժամը վերջանալուց հետո քահանային մի լավ կոթեցին:
      Դուք , ի միջի այլոց, գրում եք  Ձեր լեզվի մասին: Իրավ որ ցանկալի է ուղղել և դա ձեզ համար բոլորովին դժվար չի լինի:
       Ես էլ հայերենում  թույլ եմ ( չնայած որ ճեմարանում  5 ունեմ և համարվում եմ հայագետ) և մտադիր եմ ամառս լուրջ պարապել....
      Գրեցեք խնդրեմ, թե այդտեղ Ձեզ մոտ ինչ նորություններ կան: Հոգնեցի:
    Ցտեսություն :
                                                     Վահան







    Ս. Օտարյանին

    1906,9հունվարի
    Ալեքսանդրապոլ

    Սոնա


    Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի ,այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել: Եկանք Ալեքսանդրապոլ....Մինչև այժմ շրջում էինք գյուղերում,նոր ենք վերադարձել և այժմ  մեզ ուզում են պահել քաղաքում  պրոպագանդի:Երևակայեցեք,ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն....

        Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ,որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը,բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց:
       Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ,այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: Ճիշտ է, կանանցով շատ է տարվում,բայց , Սոնա, ճիշտն ասած,մեզանից,տղամարդկանցից ո՞րը չի տարվում ,և եթե ուրիշները սուրբ են երևում,դա միայն նրանից է ,որ նրանք դիմակի տակ են լինում:
        Ավետիքը-անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկ ուղղություն: Նրա բանաստեղծություններն  էլ-անմիջական զգացմունքի արտադրություններ են:
        Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ....
        
        Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը,որի մոտ էլ եմ լինում:..Ամսույս վերջին կգնամ Մոսկվա....Միջոցներ ունենայի ես էլ կգնայի արտասահման ամառս,բայց.....
         Նամակս երևի ստացած կլինեք Անիից,դիտմամբ«զակազնոե» գրեցի,որ հասնի անպատճառ:
         Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում-«Դավաճանություն»:Երևակայեցեք,սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում,որ ես սպասում էի տաղանդավոր խաղ,այնինչ նա այնքան թույլ էր,որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց:Վրույրը հիանալի էր.......

           Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում,և շատ ձանձրալի է կյանքը.... Շնորհքով մարդիկ էլ չկան,որ մարդ կարողանա հետները խոսել գոնե:

    Տպավորություններն այնքան շատ են,որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում:Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել՝ այնպես որ վերջացնում եմ նամակս:
                                                                  Ձեր Վահան
         






    Մարթա Միսկարյանին

    1910,30 հուլիսի

    Ձեզ ո՞վ ասաց,Մարթա ,որ ինձ համար հետաքրքիր չէ Ձեզնից նամակ ստանալը,կամ որ Դուք կարող եք ձանձրացնել ինձ: Աներեսության մասին առավել ևս չի կարող խոսք լինել,չէ՞
     որ առաջինը ես եմ գրել Ձեզ, ,կամ,համենայն դեպս,որքան հիշում եմ,Դուք վերջինը չպատասխանեցիք իմ նամակին,որից ես, ի դեպ ասած, շատ դժգոհ էի:
           Ձեր բացիկն իրոք հաջողներից չէր,բայց, չնայած դրան, շատ ուրախացրեց Տերյանին,որի համար այնպե՜ս տաղտկալի է,նա այնպե՜ս միայնակ է ու տրտում,իսկ գլխավորապես նրա համար ,որ նա ձեզ բոլորիդ,ձեր ընտանիքի բոլոր անդամներին (որոնց գեթ մի քիչ կարողացավ ճանաչել) առանձնահատուկ համակրանքով է վերաբերվում:  Գուցե Տերյանը դրա համար հիմք չունի ,գուցե  դա նրա կողմից նախապաշարմունք է,կամ թեթևամտություն,բայց և այնպես  դա այդպես է: Իսկապես ,Մարթա,Դուք պետք է այդ բացիկը ավելի շուտ գրեիք: Ախր մտածեցեք,որքա՞ն հաճելի է այդ գիտակցությունը,թե ուր-որ հեռու՜-հեռու ,գուցե մի սքանչելի երկրում կան սիրելի մարդիկ,որոնք հիշել են քեզ,խավար,աղոտ,գռեհիկ,խուլ անկյունում ընկած միայնակիդ,որոնք քեզ իսպառ չեն մոռացել:
        Շնորհակալ եմ ձեր բարի հիշողության  և ուշադրության համար:
    Ապրում եմ գյուղում,բայց վերջին երկու շաբաթ անընդմեջ ՝ քաղաքում: Որպեսզի պատկերացնեք ,թե ինչ  քաղաք է ,կնշեմ երկու բնորոշ բան:Նախ և առաջ այստեղ այնքան ձանձրալի է,որ մարդիկ  գնում են լսելու գավառական  բժշկի դասախոսությունը «խոլերայի մասին»:Եվ ես էլ այդ մեղքն ունեմ....բայց պատկերացրեք այս խուլ վայրում մրոտած ու բորբոսնած գավառական բժշկին դասախոսություն կարդալիս ....դա ծիծաղից մեռնելու բան էր,,,,այստեղ կա ևս մի  հիշարժան բան: Դա երջանիկ մարդ է: Դուք երևի գիտեք այն հիվանդ թագավորի  հեքիաթը,որին իմաստունները խորհուրդ էին տվել երջանիկ մարդու շապիկ հագնել:Երբ թագավորի բանբերները  գտնում են երջանիկ մարդուն ,պարզվում է,որ նա շապիկ չունի:Խե՜ղճ թագավոր :Եթե նա ողջ լիներ ,ես նրան ցույց կտայի  մի երջանիկ մարդու,որը,ընդսմին ,նաև շապիկ ունի)) Դա տեղիս նոտարն է,որը ինքն է ամենուրեք  և ամենքին հայտարարում,թե ինքը երջանիկ է:Այ թե խո՜զն է,տեր քեզ մեղա....))
       Իհարկե ,ամբողջ հոգով ձգտում եմ Մոսկվա...Քիչ եմ պարապում կամ, ավելի ճիշտ, չեմ պարապում: Հիմա թարգմանում եմ Օսկար Ուայլդի «Սալոմեն» ,բայց դա « հոգու համար է»:
    Դուք ի՞նչ եք անում: Ինչպե՞ս եք զգում Ձեզ: Ինչպե՞ս է Անետկայի առողջությունը: Զբաղվո՞ւմ եք որևէ բանով,թե՞ զբոսնում և կազդուրվում եք:
                  Եթե գրեք ,ուրախ կլինեմ:
                  Ողջույն Անտենկային և ձերոնց: 
                                                                                Վահան Տերյան

       
           


    Մարթա Միսկարյանին

    Anca Bulgaru



                           










    1910,28 դեկտեմբերի,Մոսկվա


    Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:

    «Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
     Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
    Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
    Եթե ես սիրեի՜:
     … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
    Անկամ ու հոգնած:
    Գարունն այստեղ աշնան պես է:
    Անձրև ու անձրև:
    Տխրություն:
    Մենակություն: Մշտապես:
    Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
    Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
    Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ Աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
    Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
    Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»:


    Z.L. Feng


    Ա. Միսկարյանին

                                                      1917,7 հունվարի


        Ձեր սիրելի նկարն ստացա և սրտանց շնորհակալ եմ ձեզնից:Անտենկա,դրա համար և ձեզ մոտ գալու հրավերի համար,սակայն հազիվ թե կարողանամ հրավերից օգտվել և դրա համար շատ պատճառներ  ունեմ: Մի ժամանակ շատ էի ուզում գալ,բայց վերջին անգամ ձեզ և Մարթայի հետ տեսնվելուց հետո տրամադրությունս
    միանգամից մի տեսակ ընկավ,և ես ինձ շատ և շատ անհարմար զգացի: Ինչի՞ն  պետք է վերագրել դա,արդյոք իմ զգայնությա՞նը,թե այլ հանգամանքների,բայց փաստը մնում է փաստ ,և ինձ թվում է ,որ նման որևէ բանի կրկնությունը ինձ համար կլիներ չափազանց  տհաճ, շատ ծանր:Ես մի րոպե իսկ չեմ կասկածում ,որ ձեր տանը կգտեի սրտաբացություն և հյուրընկալություն,բայց ինձ թվում է ,որ իմ բնավորությամբ այդքանը բավական չէր լինի,իսկ ձեզնից ավելին պահանջելու իրավունք չունեմ: Արդյոք ե՞ս  եմ տարօրինակ ,թե՞  դուք(և դուք,և Մարթան),բայց մեր վերջին տեսակցությունից հետո համոզվեցի ,որ համատեղ կյանքը կարող էր անցանկալի անախորժությունների տեղիք տալ:Իսկ ես կուզենայի դրանից խուսափել: Դա գլխավոր պատճառն է:Մնացածն էական չէ և կարևոր չէ: Իսկ ձանձրանալը՝ ես իսկապես ձանձրանում եմ,թեև կարող եմ լինել  և ոչ մենակ:Այստեղ բանը միայնությունը չէ: Դա երկար ու բարդ պատմություն է,որը ոչ մի ընդհանուր բան չունի « Սուսաննա-սիրո» (որի մասին ակնարկում եք նամակում) և այլնի հետ:Այստեղ ոչ մի Սուսաննա չի օգնի և ոչ ոք,գուցե,օգուտ չբերի:Ինձ հետ ինչ-որ վատ բան է կատարվում,Անտենկա,և երբեք այսքան վատ չեմ եղել: Դե ,այդ մասին չարժե: Ողջույն ձերոնց բոլորին: Հատկապես ձեր հիանալի հայրիկին: Եթե ցանկություն կունենաք ,գրեցեք:Ամենայն բարիք:
                                                                            Վահան Տերյան




























       Սիրելի Անտենկա
       Ես որոշեցի օգտվել ձեր հրավերից և առժամանակ մեկնել Մոսկվայից: Ինձ թվում է ,որ ինձ կհաջողվի ձեզ մոտ մի քիչ հանգստանալ: Սակայն չեմ կարող ցանկությունս իրագործել անհապաղ և ստիպված կլինեմ  այդ անել փոքր -ինչ հետո: Ինձ համար այնքան էլ հեշտ չէ բոլոր գործերս թողնել ու մեկնել, այսպես  թե այնպես դա պետք է ձևակերպել,ընդ որում հիմա ինձ մոտ փող էլ չկա,սպասում եմ օրերս,և ահա, հենց  որ այդ բոլորը վերջացնեմ,կսլանամ ձեզ մոտ (զզվելի՜ գնացքով):Իհարկե, ես դրա համար շատ ուրախ եմ և հույս ունեմ,որ ինձ համար լավ կլինի՝ Ես ոչ մի րոպե չեմ կասկածում ձեր անկեղծությանը,բայց, ճշմարիտ ,երբեմն մի քիչ անհարմար եմ զգում, և հետո  մի քիչ վախենում եմ,թե հանկարծ ձեզ հետ և Մարթայի հետ չկռվենք կամ իրար չձանձրացնենք(այսինքն՝ ես հանկարծ ձեզ չձանձրացնեմ և սրտնեղություն չպատճառեմ իմ ներկայությամբ):Ինձ նույնիսկ  թվում է ,թե Մարթան գուցե դժգոհ կլինի իմ ներկայությունից,և ,հետո  գուցե  որևէ նեղություն կպատճառեմ ձերոնցից որևէ մեկին:Իսկ դա շատ և շատ տհաճ կլիներ:Բայց և այնպես ես վճռել եմ գալ ձեզ մոտ,և հիմա դա ժամանակի խնդիր է(իհարկե, ստիպված չեք լինի երկար սպասել,եթե միայն սպասելու լինեք): Համենայն դեպս ես ենթադում եմ ձեզ մոտ պարապել, չէ՞ որ անչափ շատ քննություններ ունեմ:Դա հնարավո՞ր կլինի,թե ոչ: Ախր  ես ոչ թե պարապմունքներից եմ հոգնել, այլ ուղղակի զզվեցրել է Մոսկվան և այստեղի կյանքը,և ես լռություն եմ ուզում և,իհարկե,մարդիկ,բայց մարդիկ ,որոնց հետ լինելը ինձ համար հաճելի լինի:Մի խոսքով,ինձ թվում է,որ մոտավորապես մի շաբաթից կկարողանամ մեկնել:
    Դա հո ուշ  չէ՞:

     Բայց դուրս գալուս օրվա մասին կգրեմ,երբ պարզվի:Իսկ մինչ այդ, խնդրում եմ, մի փոքրիկ նամակ գրեցեք  և հայտնեցեք ,թե անհարմար չի՞,թե լինի(միանգամ էլ,որպեսզի միանգամայն հանգիստ լինեմ,բայց տեսեք,չստեք,այլ գրեցեք միանգամայն անկեղծ և առանց ձևականության ,հավատացնում եմ ձեզ,որ դա ամենևին  չի վիրավորի):Եվ հետո, Մարթայի վերաբերյալ էլ գրեցեք(ձեր մասին չեմ հարցնում,որովհետև,կարծես,չպետք է կասկածեմ)՝ ուզո՞ւմ է նա ինձ տեսնել ձեր տանը,թե գուցե նա այդ բանը չէր ցանկանա:Չգիտեմ ինչու ինձ շարունակ թվում է,թե նա ինձ մի քիչ չի սիրում կամ ինչ-որ բանի համար ինձնից նեղացած է: Եվ ապա, ողջունում եմ ձեզ և ձերոնց բոլորին,շնորհավորում եմ տոները և ցանկանում ամենայն,ամենայն... Կարծեմ ,ցտեսություն:

    Ասեք....

    Դե, սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ:

    Վահան Տերյան


    Հա ,ի դեպ ,երկու խոսքով գրեցեք,ինչպես պետք է գամ,չէ՞ որ աշխարհագրությունից լիակատար տգետ եմ,թեև ,գուցե այստե՞ղ կարելի է իմանալ:


    Առայժմ: Բարևեցեք:








    Նվարդին...


    Դուք ինձ մի նայեք,գրեցեք-հավատացած,որ Ձեր նամակները ուրախություն են ինձ համար և իմ չգրելը թող Ձեզ երբեք չնեղացնե-եթե չեմ գրում ,միայն հնար չլինելու համար չեմ գրում...

    Չեմ դավաճանի իմ Նվարդին
    Որքան էլ դյութես ,օ, Շամիրամ
    Որպես արքան այն ,մանուկ Արան,
    Չեմ դավաճանի իմ Նվարդին .
    Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
    Որքան էլ փայլդ փայե նրան,
    Չեմ դավաճանի իմ Նվարդին,
    Որքան էլ դյութես ,օ, Շամիրամ...

    ....Ձեզ հայտնի է,որ Արա գեղեցիկի կինը Նվարդն է եղել...Առհասարակ սա պատասխան է նրանց ,որ ուզում են տեսնել ուրիշ կողմեր իմ անուշ երկրից(միստիկ մտքով...)
          Ուզեցի ուղարկել Ձեզ սա,որովհետև այստեղ կա Ձեր անունը,թեև սա այն շարքից չէ,որ Ձեզ եմ նվիրել,այլ նաիրյան շարքից:
                                  Ձեր Վահան




    Նվ.Թումանյանին

    1915,սեպտեմբեր,Պետրոգրադ

    Սիրելի Նվարդ

                                    
    Այս անգամ ուշացավ նամակս,բայց բանն այն է,որ ես վճռել էի գալ Կովկաս,դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի......
    ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի:Մոսկվայի ժողովածուի հետ համաձայնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն,և մերում պոեզիան շատ կրճատեցինք-ընդամենը երկու թերթ պիտի բռնե,իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային:



    Այստեղ Պաոլոն է աշխատում գլխավորապես՝ թեև անունով կա խմբագրական մասնաժողով: Թարգմանել են «Անուշը»,«Աղավնու  վանքն» ու «Աղջկա սիրտը»,շատ լավ է թարգմանված,կարդացի- Վյաչեսլավ Իվանովն է թարգմանել Իվան Ֆադեյիչի գրվածների մեծ մասը:Եվ նա շատ է հավանում Իվան Ֆադեյիչին:Առհասարակ Մոսկվայի ժողովածուն հետաքրքրական կլինի և լավ,մերը ոչ, որովհետև հայոց պրոզան-Աստված գիտե,թե ինչ բան է:Ափսո՜ս չէ մեր պոեզիան. բայց ինչ արած, դարձյալ պետք է հրատակել և պրոզան:
       Մեր ժողովածուի մեջ պիտի մտնի «Պեպոն»,որ թարգմանել ենք ես ու Գորկին միասին:,«Ցավագարը» և մի շարք այլ գրվածներ:«Գիքորը» ինձնից անկախ պատճառով չհաջողվեց մտցնել:
        Ինչևէ,տեսնենք ինչ պիտի դուրս գա: Մեր պրոզան սարսափելի կերպով պրիմիտիվ է,երբեմն մարդ շշմած է մնում,թե ինչպես են այդքան միամիտ ու պարզամիտ մեր գրողները:Բոլորը գրված է կիսագրագետ մարդկանց համար:Ցավել պետք է,բայց,իհարկե,սիրել և աշխատել,որ առաջ գնա...Մի շաբաթ ապրեցի Գորկու մոտ ամառանոցում-շատ հետաքրքրական զրույցներ տեղի ունեցան-մի օր կգրեմ Ձեզ այդ մասին:Պատմեցի նրան մեր գրողների և պոետների մասին,ի միջի այլոց Իվան Ֆադեյիչի մի քանի սովորությունների մասին-շատ ծիծաղեց:
             Ա՜խ ,սիրտ չկա գրելու,սիրելի Նվարդ,չի գրվում,թողնեք մի ուրիշ օրվա....
                                                               Ձեր Վահան




    «Սիրելի Նվարդ


                                       1916,մայիսի վերջ-հունիսի սկիզբ,Պետրոգրադ


     Նամակդ ստացա միաժամանակ Պաոլոյի նամակի հետ:Այս րոպեիս գրելու առանձին հավես չկա,բայց ուզում եմ ,որ նամակս դեռ Թիֆլիսում ստանաս: Այստեղ անձրև է  ու ցուրտ: Իմ բախտն է դա: Բոլորովին տարբերություն չկա այսպիսի գարնան և աշնան մեջ, եթե չհաշվենք «սպիտակ» գիշերները,որ իրոք լավն են:

      Վերջին երկու -երեք շաբաթը, գուցե և ավել,զբաղված էի պոեզներով-ուզում էի կարգի բերել հին բաներս ու նորերը գրել: Շատ բան չարի, բայց էլի մի քիչ բան արի-դա էլ է փառք մեզ նման անիծվածների համար:
       Մեր ժողովածուի համար  գրում ես ,որ խիստ են քննադատում:Ես հանգիստ եմ, վասնզի այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն  «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը:Եվ թշվառ գավառն ամեն բան թամաշա ու ղալմաղալ է դարձնում:Մարդիկ կարծում են,որ այդ փոքրիկ  բանից է կախված աշխարհի,հայոց ազգի լինել չլինելը և դրա  համար այդպիսի աղմուկ ու կռիվ են  հանում ամեն բանի շուրջը: Եվ,բացի այդ, ամեն մեկը կարծում է ,որ միայն ինքն է,որ գտել է ճշմարտությունը- նա արդեն այդ ուրիշին ժխտում է լիովին:
       Այդ հիմարներին ասա,որ նախ, այդ ժողովածուից չի կախված հայոց ազգի գոյությունը,երկրորդ,որ դա շտապ կազմված,այն էլ անմարդ մի երկրում կազմված բան է և բնավ претензия չունի հայոց գրականության լիակատար պատկեր տալու-այլ միայն նպատակ է ունեցել տալ որոշ նմուշներ,որոնք կարելի է բնորոշել նմուշներ-ուրիշ ոչինչ:Ախր մի ժողովածու,որքան և մեծ լինի նա,չի կարող պարունակել իր մեջ մի ամբողջ գրականություն,որքան էլ դա փոքր ու թշվառ լինի(ինչպես մերը- «խոստովանինք ասիկա»,ինչպես ասում է պոետ Թեքեյանը)................

       Նամակս ,սակայն ,երկարեց:Մյուս նամակումս կգրեմ մի քանի այլ բաների մասին,որ այժմ շատ հեռու կտաներ և նամակիս հղումը կհետաձգեր:կգրեմ Բորժոմ:

       Առայժմ ջերմ ողջույներս ձերոնց բոլորին և, ամենից առաջ,  իհարկե,մեր ալեհեր պառնասականին իմ և Սուսաննայի կողմից,ապա քեզ և հետո բոլոր այլոց...

                                                                           Վահան»





    1914,հոկտեմբեր,2-րդ կես,Պետերբուրգ


    Դուք ինձնից չպետք է նեղանաք ,սիրելի  և լավ Նվարդ,իմ գործերը այնպիսի ընթացք ստացան ,որ հնար չունեի իմ սրտի և հոգու մասին մտածելու:Մոսկվայում ,հակառակ իմ ցանկության և ի վնաս իմ գործի,մնացի ամիս և կես և այն խառն ու անախորժ գործերի մեջ խրված...
    Զարմանալի դիպվածով Ձեր նամակը համապատասխան թվաց իմ տրամադրության:Ապացույց՝ վերջին օրերը գրած(դեռ անմշակ,բոլորովին սևագիր) ոտանավորս՝ահա.
      
      Երգն այս անզոր ու անզարդ,
    Թող հիշեցնե քեզ կրկին
    Գարնան անձրևն այն զվարթ
    Եվ «Եդեմ» այգին:

    Այսօր անձրև է նորից,
    Բայց աշնանայի՜ն,բայց հյուսիսյա՜ն-
    Ինչպե՞ս չըզգամ ես թախիծ,
    Ինչպե՞ս չափսոսամ...


    Ինչպե
    ՞ս սրտով մորմոքուն,
    Ինչպե՞ս,ինչպես չըթերթեմ
    Հուշեր,որ դառն այս միգում
    Երազ են արդեն...

    Եվ շողարձակ այդ աչքերիդ
    Որպես գերի մի անզեն,
    Ինչպե՞ս կիզող ցոլքերիդ
    Սիրտըս չըպարզեմ....




    Տեսնո՞ւմ եք,ես էլ ,չնայած իմ խառը գործերին ու մտքերին,անձնատուր եմ լինում հույզերին:Բայց ավելին.ես երբեմն(գուցե լավ չեմ տեսնում) տխրությամբ մտածում եմ՝

         Եվ նոքա , ում սիրեցի,իմ սիրով ու խնդությամբ,
          Արբեցին ու մոռացան-ու ինձ ոչինչ չըմնաց....

    (ցիտում եմ «Գեղարվեստի» վերջին համարում տպված իմ բանաստեղծությունից)
    .........
    Այդպես,սիրելի Նվարդ...
    Դեհ,առայժմ ցը,սիրելի լավ Նվարդ:Մի մոռանաք ինձ:Ամենաջերմ համբույրներով
                                                         Ձեր Վ.Տ.

      Ձեր հասցեն մի կարգին գրեք իմանամ:Հա,ներեցեք,ժամանակ չեղավ(իսկ երբ ժամանակ կար,փող չէր լինում) խոստացածս որոնելու և Ձեզ ղրկելու,բայց գործերս մի քիչ կարգի գան (տեր իմ,երբ է լինելու վերջապես այդ) ,իսկույն կղրկեմ:Դրա համար իրավունք եմ տալիս ինձ մի անգամ ևս համբուրելու ձեզ.չչարանաք այս աննյութ համբույրներից:

    Graeme Gerken


    Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին



       Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը,բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ,եթե  միայն կարելի է հիմնավոր  համարել որևէ պատճառ:Սակայն առհասարակ կուզեի ,որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ«գրվում է»,երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն:Այս ամենն ասում եմ,որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի:Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
    Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ:Серьезно,да.  Լինենք միշտ ազատ և անկեղծ,որքան հնարավոր է:Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից:Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ,որ շատ  քչերի հետ ,գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից,նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
    Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ:Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև:Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն  շատ անախորժ մոմենտներ:Բանն այն է,որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց,իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք»,այլ զրուցում ես անբռնազբոսիկ,ազատ,առանց վախենալու և քաշվելու:Ահա թե ինչու ես ասում եմ,որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա ,ում գրված է նա:Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու,ինչպես իմ մտերմին ասած մասնավոր,ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը:Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես:Ուրիշ տեսակ ՝ոչ :
    Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց:Ուրախացրեց,որովհետևԴուք էիք գրել այն,տխրեցրեց,որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու,իսկ Դուք չկայիք և հեռու էիք......
                         
    Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
    Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
    Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
    Եվ քո աչքերի փայլը հրակեզ......

    Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,

    Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
    Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
    Մի բոցով այրում հոգիս քո հոգում .....

    Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,

    Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
    Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
    Որպես առօրյա ծանոթներ երկու.....

    Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ

    Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
    Որպես սիրելի պոետից մի էջ,
    Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ.......




              Չկարծեք ,սիրելի Նվարդ,որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու:Քավ լիցի:Այս էքսպրոմտը վաղուց  «լեզվիս վրա»  էր,ինչպես ասում են դուրս թռավ:Այս «պոեզ»-իս  ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք:Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա  Ձեզ,թեև նա նույնը կլինի (եթե միայն« համաձայնի»  փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:

               Դուք ուզում եք ,որ « այն գրքույկը» ղրկեմ ,բայց ես առայժմ չեմ ղրկում:Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ ,երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ:Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց,եթե միայն Ձեր մեջ«մնայուն » լինի այդպիսի հիշատակ ունենալու  և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը:Այդպես եմ ասում ,որովհետև իմ սիրտը տխուր է այսօր,թեպետև պայծառ տխրությամբ:Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները,որովհետև իմ սիրտը տխուր է:Այո,ես այդպես եմ կարծում :Серьезно,да!
    Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի,քնքույշ ծաղիկներով:Շատ են ,անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից:Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ,որ նա ինձ չմոռանա......Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ,գիտեք որքան լավ կլիներ-ես պիտի ասեի նրան.«սիրուն աղջիկ,տեսնում ես-ահա մեր սարերը լա՜յն ու բաց,տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար,քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն,որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան,եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ,այն աղջկան ,որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից ,մի քանի անմոռուկ,որ նա ինձ չմոռանա........
    Բայց կուզեի,որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:
    Серьезно,да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ ,չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝փոստ:Ինձ ասեցին,որ վաղը մեկը քաղաք է գնում,բայց ես վախենում եմ ,ուստի շատ կուզենայի իմանալ ,արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար ,որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ,որտեղ եք լինելու ամառը:
                                                                                                                        Ձեր Վ.Տ.


    6
    Graeme Gerken
    Նվ. Թումանյանին


    «Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար,իմ սիրելի ,իմ լավ Նվարդ,բայց ուղղելու կարիք կա,ուստի չղրկեցի:Ուզում էի,որ «տրիոլետների մանյակ»լինի դա,բայց ամեն անգամ  երբ նստում էի Ձեզ գրելու,միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր......
    Ահա, սիրելի Նվարդ,իմ տրիոլետներից երեքը:Պետք է լինի յոթը,բայց մնացյալները դեռ շատ են անմշակ:Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով,ուստի.պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին....
    Առայժմ վերջացնում եմ նամակս,որ ուշարկեմ,իսկ եթե հետաձգեմ նոր բաեր ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:
                                                      Ամենաջերմ համբույրներով
                                                                         Ձեր Վահան

    Տեսնու՞մ ես որքան ,որքան արագ
    Անցնում է բոլորն ու դառնում հուշ.
    Այժմ ո՞վ է արդյոք գրկում զգույշ
    Իրանըդ այնքա՜ն,այնքա՜ն բարակ:
    Եվ ո՞վ է ,ո՞վ է լսում անուշ


    Խոսքերըդ սիրո և սևորակ 

    Հուրերիդ խառնում մի նոր կրակ,
    Արբած ջեռ փայլով աչքերիդ նուշ....

    Ես ձմռան օրով տեսա գարուն
    Ու մայիսից վառ տեսա հունվար.
    Եվ ի՞նչ մնաց ինձ այն լուսավառ 
    Օրերից.... Հուշերգ մի ոլորուն
    Եվ այս կարոտը,կարոտն անզոր,
    Որ դառն երգում է գիշեր ու զոր...
                                          ****

    Սրտիս հուշերը բարի են դեռ,
    Եվ քո անվամբ է,անուշ Նվարդ,
    Որ մայիսին այս դառն ու անվարդ
    Սրտիս հուշերը բարի են դեռ:
    Թեև իջնում է հոգուս ըստվերը
    Եվ չեմ սպասում գալիք ից վարդ,
    Սրտիս հուշերը բարի են դեռ
    Քնքուշ անվամբ քո,անուշ Նվարդ:

                               2
     Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
    Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
    Որքան էլ գալիքն իջնի տրտում-
    Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
    Որքան էլ սրտիս տիրե խավար,
    Որպես նայվածիդ  հուրը ցայտուն,
    Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
    Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում:

                               3
    Հիմա բացվում են այստեղ վարդեր
    Ու վարդերի մեջ դու,հրե վարդ,
    Չենք հանդիպի մենք արդեն,Նվարդ,
    Թեև բացվում են նորից վարդեր:
    Օ,եղիր խնդուն,որպես թիթեռ,
    Ու թող հրահրի հուրըդ կախարդ.
    Հիմա բացվում են այստեղ վարդեր
    Եվ դու՝վարդերում վարդերի վարդ:

                   ***
    Նույնն է հասցեդ հնամյա,
    Նույնն է՝օթելը՝«Պարիժ»
    Բայց տրտմությունըս հիմա
    Այլ է,կարոտըս՝ուրիշ:

    Նույնն է խանութը դեմի,
    Նույնն է ցուցանակը հիմար.
    Նույն մեղմախոս Վեռլենի
    Երգն ես կրկնում դու համառ:

    Գուցե այստեղ գտներ իմ
    Սիրտս շրջիկ ու մոլոր
    Եվ խնդություն մի վերին,
    Եվ ամոքում,և օրոր...

    Բայց հեռանում եմ անկամ,
    Ի՞նչն էվանում ինձ,ինչու
    Մի՞տդ է,ինչպես մի անգամ
    ինձ ասացիր դու «գնչու»...



    Մ. Շահխաթունուն

     
     1917,հուլիսի 2-դ կես,Ախալքալաք

    Սիրելի Գրետա

                                                                     
            Ձեր նամակն ստացա հենց նոր և,ինչպես տեսնում եք,պատասխանում եմ անմիջապես,որովհետև այս անգամ հայտնել եք Ձեր հասցեն,թեպետև ոչ մշտական: Մի շաբաթից մտադիր եմ մեկնել Պիտեր:Ըստ երևույթին չի հաջողվի Ձեզ տեսնել-ես կանցնեմ Բակուրիանով:Թիֆլիսում հավանաբար կանգ չեմ առնի(եթե չհաշվենք այն մի քանի ժամը ,որ ստիպված կլինեմ այնտեղ անցկացնել գնացքի սպասելով):
    Եթե հաստատապես իմանայի,որ Դուք այնտեղ եք ,այն ժամանակ ուրիշ բան:Ինձ անհրաժեշտ է շտապել Պիտեր -այդ են պահանջում գործերը:Ես դեռ բոլորովին չգիտեմ ,թե որտեղ կլինեմ ձմռանը և առհասարակ ինչպես կտեղավորվեմ,թեև հաղորդում են ,որ արդեն բնակարան վարձված է -ըստ երևույթին Պիտերում ապրելու հնարավորություն կա :Տեսնենք ինչ կլինի:Դեռ ամեն ինչ անհայտ է:Եթե Ձեզ այդ հետաքրքրում է ,կգրեմ,երբ ինքս ինձ համար պարզեմ դրությունը(եթե ,իհարկե,Դուք ցանկանաք ինձ հայտնել Ձեր հասցեն):
    Ինչ տխրալի է ,սիրելիս,որ կովկասը թողնում եմ առանց Ձեզ տեսնելու:Առհասարակ հայրենիքս թողնում եմ տրտմությամբ և ինչ-որ տագնապի զգացումով:Դուք լավ գիտեք իմ վերաբերմունքը դեպի  Ձեզ: Հավատացնում եմ Ձեզ,սիրելի Մարգո,դա չի փոխվի նույնիսկ այն դեպքում,երբ Դուք ինձ«դավաճանեք»:Ես գիտեմ և լավ եմ հասկանում,որ Ձեր կողմից այդ «դավաճանութունն » անխուսափելի է,այլ կերպ չի էլ կարող լինել,բայց ինձ համար թախծալի է մտածել,որ այդ «դավաճանությունը» կփոխի մեր հարաբերությունները,ավելի շուտ ,Ձեր վերաբերմունքը դեպի ինձ,
    քանի որ ,ինչպես վերն ասեցի,իմը երբեք չի կարող փոխվել:Որքան էլ տարօրինակ թվա,բայց հավատացնում եմ Ձեզ,որ եթե մեկին սիրեցի,չեմ կարող դադարելնրան սիրելուց:Միչդեռ Դուք անխուսափելիորեն կսիրեք մեկ ուրիշին  և սիրելով կդադարեք ինձ սիրել,քանի որ ես «մարմանդ վառվելու եմ,իսկ Դուք ՝փթթելու»: Փթթեցեք ուրեմն,սիրելի, սքանչելի Գրետա,և թող ուրախությունը Ձեզ ուղեկից լինի:Սրտանց ցանկանում եմ ,որ Ձեզ համար լավ լինի:Ես հիմա այնպես տխուր-տխուր եմ ,բայց և թեթև ,կարծես վախճանվել եմ,կարծես կենդանի չեմ արդեն,այլ սոսկ ստվեր,հուշ որևէ տեղ: «Վահան Տերյա՜ն»-Ձեր,բոլոր նրանց ,ում սիրում եմ և ով քնքուշ էր դեպի ինձ:« Վահան Տերյա՜ն»-արդյոք ես եմ այդ....
    Դուք գիտեք ,իմ լավ ,ինչպես քնքշորեն կապված եմ Ձեզ և որքան հաճելի կլինի ինձ գիտենալ այն ամենը ,ինչ վերաբերվում է Ձեզ,ուստի գրեցեք ինձ,հաշվի չառնելով պայմանականությունները ,հիշեցեք ,որ ինձ շատ կուրախացնեք Ձեր մասին մի լուր տալով:Ինձնից մի պահանջեք չափազանց մեծ ճշտապահություն,չէ որ այն թափառաշրջիկ կյանքը ,որ վարում եմ ,այնքան էլ չի նպաստում դրան:Բայց հավատացեք ,ես հարմար առիթը բաց չեմ թողնի,որպեսզի մի քիչ շատախոսեմ Ձեզ հետ,հաղորդեմ մտքերս ու տրամադություններս: Գրեցեք միանգամայն ազատ-ոչ ոք,բացի ինձանից ,չի կարդա երբեք: Ինձ համար հաճելի է մտածել ,որ Ձեզ հետ դեռ էլի կհանդիպենք:Իսկ առայժմ ցտեսություն(եթե  մինչ այդ չեք մոռանա ինձ կամ չեք կորցնի ինձ տեսնելու ցանկությունը):
                                                                             Քնքշորեն համբուրում եմ Ձեզ:
                                                                                                              Ձեր Վահան Տերյան

    Avi Belaish.




    Մ. Շահխաթունուն
    Սիրելի Գրետա

           Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա:Բացիկի վրա նկարված աղջիկն իրոք քնքուշ էր ու սիրուն,բայց նա ու՜ր,Գրետան ու՜ր...եթե ինձ հարցնեին,ես կասեի,որ Մարգոն բյուր և բյուր անգամ և սիրուն է ,և սիրելի:Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում:Վերջերս դեպքերն այնքան հուզիչ են ,որ ոչ միայն գրել,այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ:Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից,բայց ֆիզիկական հնար չկա:Կարող եք երևակայել ,սիրելի Մարգո,թե որքան մեծ է իմ ցավը,որ այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպիսի ժամանակ Պետերբուրգում լինելու փոխարեն ընկած եմ այս անկյունում:

    Ինչ լավ կլիներ ,եթե զատկին Դուք այստեղ լինեիք:Ես Ձեզ շատ կարոտել եմ:Եթե գյուղ գնալու լինեմ,անպայման Ախալցխայով կերթամ,բայց դեռ չգիտեմ Թիֆլիս բժիշկներն ինչ պիտի ասեն ինձ:Առայժմ գիտեմ միայն,որ մի քանի օրից գնում եմ Թիֆլիս:
    Դուք հարցրել էիք,թե ինչ է նշանակում«սնորակ» բառը Ձեզ ուղարկած ոտանավորի մեջ-չգիտեմ ես եմ սխալ գրել,թե Դուք եք սխալ կարդացել,պետք է կարդալ սևորակ:Ես հույս ունեմ,որ մենք շուտով կտեսնվենք:Վերջացնում եմ նամակս և խնդրում եմ չնեղանաք,որ այսպիսի անշնորհք նամակ եմ ուղարկում Ձեզ նման մի շնորհալի և անուշ օրիորդի,և չմոռանաք: 
                                       Ձեր Վահան Տերյան



    Ափսոս չէ՞ ,Մարգո,այս երեկոն,
    Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
    Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
    Նստած կարդում ես «Սատիրիկոն»-
    Ափսոս չէ՞, Մարգո ,այս երեկոն...


    Արդեն քնած է,Մարգո,նայիր,
    Այս խեղճ ծերուկը,որին «նոքա»
    Մեզ մոտ թողել են իբրև վկա-
    Ես քո գերին եմ-հրամայիր,-
    Արդեն քնած է,Մարգո, նայիր...

    Ա՜խ, կանցնի, Մարգո,այս երեկոն
    Եվ կանհետանա հավերժի մեջ.
    Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
    Ուր հավետ ապրի անուշ Մարգոն.-
    Ա՜խ, կանցնի,Մարգո,այս երեկոն...

    Մ. Շահխաթունուն

                   1917,17մարտի,Սուխումի





    Նկ. Իվան Ալիֆան


    Սուսաննա Տերյանին 
       1918,սեպտեմբերի 2-րդ կես,Մոսկվա      
                                                                     
    Թանկագին Սուսաննա

    Քեզ շատ անգամ եմ գրել ,բայց ըստ երևույթին նամակներս չեն հասնում:Չգիտեմ,արդյոք այս նամակս կհասնի...Գրում եմ համենայն դեպս:Եթե հասնի ,իմացիր,ողջ -առողջ եմ :Սարսափելի անհանգստանում եմ քեզ համար ,բայց քեզ մոտ գալ չեմ կարող:Ես շարունակ հույս էի տածում ,թե դու Մոսկվա կկարողանաս ընկնել Ուկրաինայի վրայով: Բայց հիմա այդ հույսն էլ եմ կորցրել:
    Եթե դու որևէ պատճառով չես կարող գալ ,ապա, ի սեր Աստծո,աշխատիր քո մասին մի լուր ուղարկել:Առանձնապես ծավալվել չեմ ուզում,Աստված գիտի ,նամակս կհասնի ,թե  ոչ:Եթե հնարավոր է,անհապաղ եկ,շատ եմ կարոտել քեզ և շատ եմ անհանգստանում :Խիստ ցավալի է,որ չեմ կարող քեզ փող ուղարկել,որովհետև մարդ չկա,որի  հետ ուղարկեմ: Նամակս կարող եմ ուղարկել որևէ կերպ ,իսկ փողը հազիվ թե:Եթե հնարավոր լինի ,այդտեղ որևէ մեկից վերցրու ,պայմանով,որ վճարվի Մոսկվայում,ես անմիջապես կճարեմ :Շատ կուզենայի,որ գայիր:Ես ռիսկ կանեի մի անգամ էլ գալ ձեր կողմերը,բայց չգիտեմ.....Մի քիչ էլ կսպասեմ.եթե հնարավոր է,ավելի լավ է դու եկ:Ուկրաինայի վրայով մարդիկ գալիս են:Ամենացավալին այն է,որ քեզ փող ուղարկել չի կարելի:Գրիր գոնե մի քանի տող:Աշխատիր անպայման քո մասին տեղեկացնել:
    Դե, առայժմ,համբուրում եմ:
                                                                                                         Քո Վահան
     Գրում եմ հապճեպ:Այսօր ինչ-որ մեկը գալու է Ուկրաինա և մի ծանոթ(Կարենոյի աներձագը) խոստացավ և իմ նամակը հանձնել նրան:






    Մ. Շահխաթունուն
                            1917,11 փետրվար,Սուխումի

    Սիրելի Մարգո

      Ձեր ծածկաբացիկին պատասխան գրել էի դեռ Երևանում,բայց չգիտես ինչու չուղարկեցի:Հիմա թղթերիս մեջ գտա այդ պատասխանը՝Պավլի հավելագրումով:Իմ պատասխանը խոտանեցի,իսկ պավլյան հավելագրումն ուղարկում եմ սույնին կից:Ուղարկում եմ նաև այն բանաստղծությունը,որ Դուք խնդրել էիք և որը Ձեզ խոստացել էի,թեև տհաճ է չհղկված բան ուղարկել:
       Դրանից կարող եք եզրակացնել,որ ավելի լավ է այդ բանաստեղծությունը մարդու ցույց չտալ:Ասենք,ինչպես կամենաք:
      Հիմա իմ տրամադրությունը շատ-շատ վատ է:Նստած եմ սանատորիայում,ուր մտա երեք օր  առաջ:Ինձ զգում եմ ինչպես բանտում,թերևս ավելի վատ...Ծանր է և տհաճ: Ուրեմն ողջ լերուք,սիրելիս, և մի մոռացեք ինձ,թշվառիս....

                                                               Ձեր Վահան Տերյան

    Հասցես՝Сухум, санатория врача Кошко, Вагану Териану





    Նվ. Թումանյանին

    1917,11 փետրվարի, Սուխումի

    Սիրելի Նվարդ

    Չորս օր է ,որ մտել եմ սանատորիան և սիրտս շատ տխուր է,և տրամադրությունս,այսինքն քեֆս խարաբ: Իսկի  հավաս ու հալ չկա գրելու:Գրում եմ միայն տեղյակ կացուցանելու համար ,որ կենդանի եմ և այստեղ եմ : Ճանապարհին «Քրիստոսի պես չարչարվեցի»: Բայց էլի կենդանի եմ դեռ: Հույս կա ,որ ավելի ևս կենդանանամ  մի երկու ամսից:
                          Առայժմ այսքանով վերջացնում եմ նամակս:
                                      Ջերմ ողջույնով
                                                Քո Վահան
    Հասցես՝Сухум, санатория врача Кошко, Вагану Териану


       Նկ. Մ. Գորդեեվա                                           


    Աշուն

                     սևագրություններ

    Պուրակն է ժպտում ոսկե զարդերով,

    Երկինքը՝ դժգույն,աստղերը գունատ,
    Ես քեզ սիրում եմ մի քնքուշ սիրով,
    Որպես մեռնողի ժպիտն անհաստատ:


    Անեռանդ ու հեզ գունատվող կրակ,

    Աշուն մեղմաշունչ,խաբված կնոջ պես,
    Գունատ օրերի տխուր երկնի տակ
    Անխոս վայր ընկնում ու անխոս մեռնում,
    Ոսկե թերթերըդ քամին է թաղում,
    Անծանոթ քամին,անծանոթ հեռվում...
    Այդպես իմ հոգու թևերն են դողում,
    Այդպես իմ հոգու աստղերն են մեռնում....

                           


                                     Աղոթք

    Սիրո քարոզիչ,այսօր ես նորից
    Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
    Հայտնվիր դու ինձ՝ խաղաղ,անթախիծ,
    Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
    Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
    Տանժանքի ահեղ շղթայի ներքո,
    Որպես լուսազարդ երկինք ոսկեշող,
    Որպես գուրգուրող հիասքանչ արև:
    Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
    Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
    Ես քեզ դիմում եմ այս ցուրտ աշխարհից,Ես քեզ բերում եմ հույզերս բոլոր:

    Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,

    Ամոքիր սիրտս քո անմար սիրով...


                      
    Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած
    Ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում.
    Ինչպե՜ս տանջված ես,ա՜խ ,ինչպես հոգնած,
    Եվ ինձ ես փնտրում քո ամեն քայլում:

    Բայց ես անուրջ  չեմ,ես կամ ,ես կըգամ,
    Կոչիր ինձ միայն,և ես կըդառնամ,
    Կգամ վանելու քո բյուր ցավերը,
    Հեքիաթ դարձնելու քո ապրումները:


    Կըգամ իմ հոգու ալ-լավ վարդերով
    Հոգուդ դրախտը նազան զուգելու,
    Իմ երազների հուր բույր թևերով 
    Անուրջ -պատրանքի գիրկը տանելու:

    Միայն թե ծածկիր այդ բացված վիհը
    Աշնան տերևով,անդարձ մահերով,
    Ու վերածնվիր,անցիր անդունդը,
    Հոգուդ անդունդը անվախ,անխռով:



    Ինձ մի նայիր,օ՜,մի նայիր ինձ այդպես,
    Ես սոսկում եմ քո....հայացքից,
    Ես հիշում եմ,քեզ հիշում եմ,գիտեմ քեզ,
    Օ,հեռացիր,օ,մի նայիր  այդպես ին:...
    Դու կանգնած ես անխոցելի ու անխոս,
    Դու չես գնում-օ,իմ սիրտը մի խոցիր,
    Ես դողում եմ քո հայացքից-օվկիանոս,
    Օ, մի նայիր,ինձ մի նայիր, հեռացիր...


                         

    Վերջալույսի ստվերներում խուսափուկ,
    Հափշտակված երազներով դյութական՝
    Հոգիս զգաց մտերմական մի շշուկ-
    Քո խոսքերի գգվանքները դյութական:
    Որոնումիս կասկածների անտառում,
    Ուր հոգնատանջ սիրտս թույլ էր ու հիվանդ,
    Տեսա ուղին ,տես կյանքի ողջ հեռուն,
    ...........աղոթքներով ջերմառատ,
    Եվ դու այնտեղ ,խավարներում այն հեռու,
    Վառում էիր քո լույսերը անաղոտ,
    Վերջալույսը գունատվում էր.սակայն դու
    Վառում էիր քո արշալույսն անծանոթ...







               Graeme Gerken                                   
    Живопись. Красочные пейзажи Грэма Геркена
     Հ.Թումանյանին

                                                            (հեռագիր)
                                                                 
    1913,նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1,Պետերբուրգ
                                                                 Թիֆլիս,Վոզնեսենսկայա 18,Հովհաննես Թումանյանին
         

               Հիվանդ եմ,նյութապես ծայրահեղ դժվարին վիճակում,խնդրում եմ ,եթե հնարավոր է ,ճարեցեք փոխարինաբար 150 ռուբլի:Հուսով եմ ինձ կպաշտպանեք ստորացումներից,ավելորդ խոսակցություններից:Ընդունում եմ նյութական բնույթի ամեն պայման:Սպասում եմ շուտափույթ հեռագրական պատասխանի:
                                                                                                         Վ.Տերյան



                                                            Հ. Թումանյանին
                                                           (հեռագիր)

    Զգացված եմ Ձեր ուշադրությունից,ջերմությունից,մեծապես շնորհակալ եմ,կգրեմ առաջին հնարավորության դեպքում:

                                                                                                                      Տերյան



                                         Հ. Թումանյանին

                                                                                1913,11 դեկտեմբերի,Պետերբուրգ

              Սիրելի և հարգելի պարոն Թումանյան



                 Ամենից առաջ խնդրում եմ ներողամիտ լինեք դեպի ինձ,որովհետև ինքս շատ լավ զգում եմ,որ արածս բանի նման չէր,բայց արտակարգ պայմաններն ստիպեցին ինձ դիմելու մի այդպիսի արտակարգ միջոցի և այնքան անսպասելի ու անտեղի կերպով Ձեզ անհագստացնելու: Որքան մեծ էր իմ շփոթմունքը ,երբ Ձեր ուղարկած փողն ստանալուց մի քանի օր անց ստացվեց «Հորիզոնը» ,ուր ես ամոթով կարդացի Ձեր հայտնած կարծիքը իմ գրվածների մասին:Այդ զարմանալի զուգադիպությունը ինձ ուղղակի շվարեցրեց: Թույլ տվեք այդպիսի պարագաներում խուսափելու իմ զգացմունքներն արտահայտելուց,թեպետ գիտեմ,որ Ձեր պայծառ ու ազնիվ լավատեսությունը թույլ չի տա Ձեզ իմ մշտական և խոր հարգանքի ու սիրո զզգացումները կապելու այդ վերջին դեպքերի հետ:

          Ինձ խորապես հուզում է Ձեր բարի և բարեկամական վերաբերմունքը,և Ձեր սիրելի հովանավորությունը «ի սկզբանե» ես ընդունել եմ իբրև անգնահատելի  և բարձր պատիվ:Ընդունեցեք իմ ամենաջերմ շնորհակալությունը և թույլ տվեք այս անգամ չերկարացնելու նամակս,որովհետև ,կրկնում եմ,ներկա պարագաներում ,չնայած վերը հիշածս վերապահության Ձեր մասին,իմ նրբանկատ դրությունը թույլ չի տալիս բուռն զգացմունքներս արտահայտելու:Կուզեի խնդրել ,որ հայտնեք ինձ ,թե ինչ պայմաններով ու ժամանակով է ուղարկված այդ փողը ,որպեսզի  օր առաջ մտածեմ  ու անելիքս  իմանամ:Ներողություն եմ խնդրում և այս անհանգստության համար,որ պատճառում եմ կրկին Ձեզ,բայց,հուսով եմ,մի երկտողով չեք զլանա ինձ տեղեկացնելու այդ մասի: Իմ ջերմ ողջույնների հետ ընդունեցեք անկեղծ ու խորին հարգանքս ու շնորհակալությունս:

                                                    Ձեր Վահան Տերյան

                                                                                                     


                                            Ավ. Իսահակյանին

                                                                       1917.մարտ,Սուխումի
               
              Սիրելի Ավո
               
             Շատ վաղուց է ,որ դու ինձ չես գրել-ես էլ քեզ:Չգիտեմ ինչպես է պատահել,որ այդպես է եղել:Ես եմ մեղավորը,թե դու,թե ,վերջապես,ամենից զորեղ ու ամենից մեղապարտ պատահմունքը,համենայն դեպս ուզում եմ քավել իմ մեղքը:Այդ մեղքն այն է ,որ ժամանակին քեզ չեմ ուղարկել մեր կազմած ժողովածուն:Խոսքս   сборник арм.литературы  մասին է ,որ նամակիս հետ ուղարկում եմ քեզ( երկու օրինակ ,որ եթե մեկը կորչի ,գոնե մեկը հասնի): Ինչևէ :Ներիր և ինձ , և նրանց:Մյուս ժողովածուն (Поэзия Армении ) երևի ստացած կլինես:Նա անշուշտ ավելի հետաքրքրական է ,քան «մերը»:Որովհետև սա միայն նոր գրականության է նվիրված  և գլխավորապես պրոզային ,որ, ինչպես գիտես,մեզանում շատ թույլ է և անգույն:Այս բոլորի շուրջը ասելիքներ շատ կան ,բայց չեմ ուզում գրել այդ ամենի մասին-մի օր կպատմեմ,եթե հետաքրքրվես:Ես չգիտեմ ինչու հույս ունեմ ,որ շուտով պիտի տեսնվեմ քեզ հետ:
    Գրում եմ քեզ Սուխումից,ուր մտել եմ սանատորիա,որովհետև Պետրոգրադ թոքերս վնասել եմ:Շատ անախորժ է այստեղ և անհամբեր սպասում եմ  գարնան բացվելուն,որ գնամ մեր սարերը,ուր ,ինձ թվում է ,շուտ կբժշկվեմ:Գրելու բան շատ կա ,բայց հալ ու հնար չկա գրելու . չգիտեմ էլ որը քեզ հետաքրքրական կլինի,որը ոչ:Շատերից երևի նեղացած կլինես ( ի թիվս այլոց գուցե և ինձնից,որ այսքան երկար ժամանակ չեմ գրել քեզ): Խնդրում եմ ինձանից չնեղանաս ,որովհետև դու ինքդ էլ ինձ չես  գրել: Համենայն դեպս հավատա,որ քեզ երբեք չեմ մոռացել և միշտ էլ սրտանց սիրել եմ թե իբրև պոետի,թե իբրև ընկերոջ ու մարդու:

                                                             Առայժմ ողջ լեր,սիրելի                                                                                Ավո,և մնա պայծառ:

                                                                Ընդունիր կարոտագին                                                                                համբույրներս:
                                                                                                 
                                                                                                         Քո                                                                           Վահան Տերյան

    Ինձ կարող ես մշտապես գրել «Մշակի »խմբագրության հասցեով:

    Գոնե մի բացիկով տեղեկացրու գրքերն ստանալուդ մասին,որ խիղճս հանգիստ լինի:




                                             













    Ց. Խանզադյանին

    1908,4-8 մայիսի,Թիֆլիս

    Սիրելի Ցոլակ


       Այսօր գնացել էի Հովհ. Թումանյանի մոտ «Իլիա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու:

    Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ,ուստի ոտանավորներս էլ հետս էին:Նա հետաքրքրվեց,և կարծում եմ կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը: Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը. մտնում ես մի շքեղ կաբինետ ,ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ  լիքը գրքերով և ընտիր գրքերով:Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ,մանավանդ որ չես սպասում մի այդպիսի բանի հանդիպելու հայ գրողի- բանաստեղծի մոտ:
         Գնացել էինք Սաթենիկի հետ:
        Ընդունեց շատ սիրալիր:Տեսնելով ոտանավորներիս տետրը ՝ասաց,որ  իրան ավելի է հետաքրքրում այդ  « նոր  բանաստեղծի տետրը»:
        Պետք է նկատեմ,որ ես քաշվում էի,մանավանդ որ,չնայած իր պարզության,նա իմ վերա տպավորություն գործեց:Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ:Գուցե հասա՞կը,կամ հենց այն հանդարտ պարզությո՞ւնը-չգիտեմ :
        Նա սկսեց  թերթել տետրս: Սաթենիկը շուտով գնաց,որովհետև ասացին,որ Օնիկը եկել է(իսկ նա ինչ-որ խաղ է սկսել վերջինիս հետ):
    Մնացինք ես ու Թումանյանը:
       « Մի բան ,որ իմ առաջին պահանջն է ամեն սկսնակ գրողից,-ասաց նա,-դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն-նոր բան բերո՞ւմ է այդ մարդը կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու:Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես:Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է:Դուք խոսքերի հետ չեք խաղում: (օրինակ է բերում Ահարոնյանին,որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի):Հետո խոսում է արվեստի վերա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով,որ ասում է. «Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ-բարո՜վ եկաք»:
         Ապա խորհուրդ է տալիս նշանակություն չտալ զանազան թերթերի խոսքերին: Գովասանական ,թե վատաբանական լինեն նոքա-միևնույնն է:
       Դուք ,ասում է նա, ավելի լավ եք սկսում,քան մենք:Ես նկատում եմ ,որ այստեղ մեղավորը ժամանակն ու պայմաններն են: Ընթերցողի համար դա նշանակություն չունի,նկատում է նա,երբ ես իբր ընթերցող վերցնում եմ մի գիրք,ուզում եմ ,որ նա բավարարություն տա իմ պահանջներին,ես պարտավոր չեմ հաշվի առնելու  նրա ստղծագործության պայմանները : Մի քանի տեղ նա նուրբ նկատողություններ  արեց ,որ ես աչքի առաջ կունենամ,իհարկե:
       Համենայն դեպս երևում է,որ խելացի և տաղանդավոր մարդ է....

    ......Հա,Ավետիքը այստեղ չէ...

        Երեկ ինքնասպանություն է գործել Գրիգոր Վանցյանը: Այսօր այստեղի  վայրենի գիմանզիստները Կագան ազգանունով մի ուսուցչի սպանել կամենալով սպանել են մի 8-րդ դասարանի գիմնազուհիի...
    Վրաս շատ վատ ազդեց այդ դեպքը,որին գրեթե ականատես էի....
       Սոսկալի երկիր է,ամեն ինչ այստեղ այլանդակ կերպարանք է ընդունում,ամեն ինչ վայրենի ձևով արտահայտվում և այլասերվում:
    Եվ մենք պետք է աշխատենք այստեղ, մտածիր՝ ինչքա՜ն ուժ է պետք ,ինչքա՜ն տոկունություն:
                                                              Քո Վահան
     Գրիր հին հասցեով:

           




                                       

                                                           Ստ. Զորյանին

                                                                           1917,օգոստոսի կեսեր,Պետրոգրադ


         Հասել եմ Պետրոգրադ ,բայց դեռ տուն ու տեղ եմ լինում,ուստի ժամանակ չի եղել Ձեր թարգմանությունը կարդալու,մանրամասն գրելու:Մոտ օրերս կգրեմ: Ես էլ դարձա Թումանյանի «Շունն ու կատվի» կատուն-«հլա նոր եմ ցրցամ տվել,թե որ կարեմ»:Մի օր «կկարեմ»,վնաս չունի:Դուք ուղարկեք շարունակությունը:Գրեցի Կարենին ,որ պակաս մնացած 100 ուբլին էլ ուղակե Ձեզ:Գրեցեք:

                            Իմ հասցեն-
    Ողջույններով Ձեզ և մեր բոլոր բարեկամներին
                                                                   Ձեր Վահան Տերյան






                          Նվ. Թումանյանին

           Սիրելի Նվարդ


    Չորս  օր է,որ մտել եմ սանատորիան և սիրտս շատ տխուր է,  և տրամադրությունս ,այսինքն քեֆս, խարաբ: Իսկի հավաս ու հալ չկա գրելու: Գրում եմ միայն տեղյակ կացուցանելու համար ,որ կենդանի եմ և այստեղ եմ:Ճանապարհին «Քրիստոսի պես չարչարվեցի»:Բայց էլի  կենդանի եմ դեռ:Հույս կա ,որ ավելի ևս կենդանանամ մի երկու ամսից:

       Առայժմ այսքանով վերջացնում եմ նամակս:
                                                                                                                 Ջերմ ողջույնով
                                                                                                                                    Քո Վահան




         Ավ. Իսահակյանին

                                                                       1917.մարտ,Սուխումի
               
              Սիրելի Ավո
         
    Գրում եմ քեզ Սուխումից,ուր մտել եմ սանատորիա,որովհետև Պետրոգրադ թոքերս վնասել եմ:Շատ անախորժ է այստեղ և անհամբեր սպասում եմ  գարնան բացվելուն,որ գնամ մեր սարերը,ուր ,ինձ թվում է ,շուտ կբժշկվեմ:Գրելու բան շատ կա ,բայց հալ ու հնար չկա գրելու . չգիտեմ էլ որը քեզ հետաքրքրական կլինի,որը ոչ:Շատերից երևի նեղացած կլինես ( ի թիվս այլոց գուցե և ինձնից,որ այսքան երկար ժամանակ չեմ գրել քեզ): Խնդրում եմ ինձանից չնեղանաս ,որովհետև դու ինքդ էլ ինձ չես  գրել: Համենայն դեպս հավատա,որ քեզ երբեք չեմ մոռացել և միշտ էլ սրտանց սիրել եմ թե իբրև պոետի,թե իբրև ընկերոջ ու մարդու:

                                                             Առայժմ ողջ լեր,սիրելի Ավո,և մնա պայծառ:

                                                                Ընդունիր կարոտագին համբույրներս:
                                                                                                 
                                                                                                         Քո Վահան Տերյան




                                                                        Ջավախեցուն

                                                                          (հատված)
                                                                                                       1917,11 փետրվարի,Սուխումի


         Կյանքիս վերջին օրերն եմ ապրում,Ղազար ջան: Ցավ չէ մեռնելը,բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է......... դեռ ինչքան գործ կա անելու........ Սուտ է ,Ղազար ջան ,սուտ,խաբում են ինձ բոլորը...... Ցավս է մենակ ,որ չի խաբում,խեղդում է..................

         

       Ընկերներից մեկին

    (հատված)
                     1919,հոկտեմբերի վերջ-նոյեմբեր


      Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում,ինչպես հավանաբար իրենց զգում էին առաջին քրիստոնյաները:














    Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության, որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր, բայց, իհարկե, ոչ քաղքենի – կնիկը, այլ կին-մարդը, խելացի-կինը, կին-ընկերը: 
    Արդյոք կա՞ այդպիսին «ընդլուսնյա աշխարհում»: Անուրջներում` այո, իրականության մեջ` չգիտեմ, չեմ հանդիպել:
                                  Վահան Տերյան

                              ***

    Կանայք Վահան Տերյանի կյանքում
    Անթառամ Միսկարյան` նրա քնքուշ սերը, Սուսաննա Պախալովա` նրա ճակատագրական սերը, Անահիտ Շահիջանյան` նրա ամոքիչ սերը:





    ....Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: (փոքրիկ հատված Ն. Թուխիկյանի «Խոստովանություն» գրքից) )))»




                                ***




    Գինով եմ ,գինով եմ ես էլ,
    Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
    Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
    Օրորիր,օրորիր մեզ,գինի:

    Պոետ մի անտեր ու անտուն, 
    Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
    Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
    Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
    Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
    Ժպտալ քո խոսքին սեթևեթ...

    Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
    Ասղտում է-ննջե՜լ առհավետ...

    Պարում են, երգում վետերում,
    Սահում ենք եթեր առ եթեր.
    Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
    Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...  


    հ.գ. բանաստեղծությունը նվիրված է Անահիտ Շահիջանյանին...Գեղեցկուհի Անահիտը առանց վարանելու ,հետևելով սրտի ձայնին( այդ ժամանակ նա  կրծքի տակ կրում էր Տերյանի զավակին՝  Նվարդ Տերյանին,որը ծնվեց հոր մահից չորս ամիս անց) ,  գնաց Տերյանի  հետ...երբ նա կանչեց նրան ՝չխոստանալով «ո՛չ երանություն ,ո՛չ դրախտ»...

    Գինով եմ ,գինով եմ ես էլ...(Տերյանի վերջին բանաստեղծությունը...)
    Չէ ,Տերյանը գինուց չէր հարբած  ...սիրուց էր արբած ...նրանք  միասին են ...մեկնում են Սամարա  ,մենակ...մե-նա՜կ ...իրար հետ,հեռու մարդկանցից ,նրանց դատապարտող հայացքներից,հարցերից  ...
    Ո՛չ , Տերյանը թաքուն չէր հեռանում Սուսաննայից ...նրանց ընտանեկան կյանքը կործանվեց   Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ..
        (1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը...) :















  • Վ, Տերյանի նամակը զոքանչին՝Ալեքսանդրա Նազարովնային
  • Յասնայա Պոլյանայում















  •                               
    Հայ ընթերցողը պետք է ունենա իր գրադարանում հայերեն լեզվով  բոլոր ռուս գրողների գրվածքները՝ և Գոգոլի,և՛ Պուշկինի ,և՛ Տոլստոյի ,և՛ Չեխովի-գոնե նրանց լավագույն գրվածների ժողովածուները ...Իզուր են կարծում շատերը,որ այդ գրքերըն ընթերցողներ չեն ունենա :Գուցե դրանք ավելի շատ ընթերցողներ ունենան ,քան հայ հեղինակների  գրվածները:
       Չի կարելի պահանջել հայ ընթերցողից ,որ միայն Րաֆֆիով և Պռոշյանով սնվի:Որքան էլ բարձր գնահատելու լինենք մեր հեղինակներին      ,այնուամենայնիվ նրանք չեն կարող բավարարություն տալ ընթերցողին:





    Լև Տոլստոյն այնպիսի մի հեղինակ է,որի գրվածների եթե ոչ լիակատար ժողովածուն ,ապա գոնե ժողովածուն ,ըստ կարելվույն լիակատար ժողովածուն  պետք է ունենա  ամեն մի ժողովուրդ,եթե նա կուլտուրական կոչվելու հավակնություն  ունի:Ուրեմ, եթե մենք համարում ենք  քիչ թե շատ կուլտուրական մեզ, անհրաժեշտ է մտածել այդ բանի մասին:  


    Եթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի ,անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար Շուշիի կամ Ախալքալակի կյանքից: Մինչդեռ մեր հասակավոր կամ ջահել հաճախ անվանի և վաստակավոր գրողները կարծում են ,որ բավական է հերոսուհու  անունը Լյուսի դնել կամ Օլգա և գրվածքը եվրոպական բնույթ կստանա:Կարծես մի Շողակաթ կամ մի Կիրակոս չեն կարող բարձր գեղարվեստի նյութ ծառայել....)))

    Թումանյանի մի «Փարվանան» ես չեմ փոխի պոլսահայ բոլոր հանկարծակի հեթանոսացած պոետների արտադրության հետ...
      Բայց ինչո՞ւմն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը :Գեղարվեստականությունը: Նա այն ժամանակ կկանգնի  իր բարձրության վրա ,երբ կզգա իր իսկական կոչումը,երբ ազատ կզգա իրան ,որովհետև գեղարվեստն անազատ լինել չի կարող : Այդ ազատությունը զորություն կներշնչե նրան  ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու  և ազատ օդ շնչելու: Ամեն ինչ կա հայ գրականության մեջ ՝ չկա միայն մարդը ,նրա հոգին ,նրա միտքը , նրա անհուն խորությունը ,այն ,ինչ Դոստոևսկին անվանում է « անդունդ իմ մեջ» : 
       Արդյոք հայ գյո՞ւղն է եղել մեղավորը,որ Պռոշյանը գեղարվեստական գրվածների տեղ ազգագրական  պրոտոկոլներ է տվել,արդյոք հայ ժողովո՞ւրդն է մեղավոր ,որ հայ  քննադատը  Ծատուրյանին Թումանյանից, Իսահակյանից ու Հովհաննիսյանից բարձր է դասել ,վերջապես ով է եղել մեղավոր ,որ հայ սեմինարիստ ինտելիգենցիան իրան ինտելիգենցիա է համարել և իրա կուլտուրան - ազգային կուլտուրա : Սրան կասեն - с больной головы да на здоровую!

    Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում  ու մեռնում ,այնպես էլ ազգը: Ազգերի զարգացումն ու առաջընթացը պայմանավորված է փոխադարձ հարաբերություններով,փոխադարձ ազդեցությամբ:

    ....եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու,այսինքն ժամանակի ոգին  արտահայտելու ,եթե լեզուն ընդունակ է  ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու ,ուրեմն նա  կենդանի լեզու է  և դեռ կենսունակ: Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ ,երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ է մտնում ուրիշ մարդկանց հետ ,այնպես էլ լեզվի զորությունը երևում է ,երբ նա բախվում է  ուրիշ լեզուների հետ: Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն ,որքան  և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ ,անզոր է դառնում ,երբ բախվում է  ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ: Ինչպես անձնամոռացության հասնող քաջությունն ու ըմբոստությունը  չի օգնում լեռնականներին դիմադրելու կուլտուրական  մի ազգի արշավանքին,նույնպես ինքնամփոփությունը և տգիտությունը չեն օգնի նրանց լեզուն պահպանելու...


      Լեզուների պատմությունը մեզ ասում է ,որ հասարակական տարբեր խմբակցությունների լեզուները ազդում են իրար վրա,խառնվում , և այդպիսով ստեղծվում է մի նոր լեզվական միություն: Այդ լեզուների  իրար խառնվելը կարող է զանազան աստիճանների հասնել- սկսած մինիմումից մինչև մաքսիմում ,այսինքն  մինչև լեզվական դենացիոնալիզացիա,երբ մի ազգը ընդունում է մի ուրիշ ազգի լեզուն: Ինչպես ,օրինակ, հրեաները: Այդ լեզուների փոխադարձ հարաբերության մեջ մտնելու  հետևանք լինում են ՝ 1) օտար բառերը,որ այն լեզվի մեջ, որն ընդունել է այդ օտար բառերը ,ենթարկվում են կատարյալ ասիմիլյացիայի, 2)  կատարելապես  չեն ենթարկվում  ասիմիլյացիաձի ,պահպանելով իրանց օտար ծագման հետքերը ,կամ  երկու լեզվական տարր միանում են  և փոխադարձաբար ձուլվում իրար:
       Օրինակ ,այդպիսի մի խառը լեզու է հայոց լեզուն: Դա պարզ ապացուցել է Մառը:

    Եվ հիրավի,գերմանական գրականության լեզուն ծնվել է սաքսոնական դիվանատներում լատին լեզվի գերիշխող ազդեցության տակ, լեհական լեզուն չեխերի ,գերմանացիների և նույն լատին լեզվի խոր ազդեցության տակ է առաջ գնացել: Նույն լատին լեզվի ծնունդ է իտալերենը : Նույնպիսի ընդհանուր ազդեցությունների տակ զարգացել են անգլիական լեզուն և Սկանդինավայի լեզուները: Նույնը եղել է  և Ռուսիայում,ուր գրական լեզուն զարգացավ հին սլավոնական լեզվի անմիջական ազդեցության տակ ,թեպետ գերիշխող հանդիսանում  է վելիկոռուսների բարբառը, սակայն նա դարձել է գրական մի լեզու  մի արվեստական  ,ինչպես ասում են,լեզու ,որ ընդունել է իր մեջ ահագին նյութ թե օտար լեզուներից ,թե հարազատ ու ցեղակից բարբառներից:
       Ճիշտ նույն ձևով ,ինչպես մեզ մոտ ,նա սկզբում եղել է ավելի մեռած ,կիսակենդան ,թույլ ,հետո կենդանացել  է և հասել է իր զարգացման  այն հսկայական բարձունքին ,ուր շողշողում է Պուշկինի դյութական անունը:
       Սակայն Պուշկինը երկնքից չիջավ: Նրա գալուստը պայմանավորված էր Սումարոկովի, Լոմոնոսովի,Դերժավինի հայտնվելով: Եվ մինչև որ գրականությունը չանցներ այդ մարդկանց մեռած լեզվի բովով ,մինչև որ  չընդուներ իր մեջ Սումարոկովի կեղծ-կլասիցիզմն ու Ժուկովսկու և Կարամզինի սենտիմենտալիզմը և ռոմանտիզմը ,չէր կարող անցնել Պուշկինին....

                                                     (())
                             
    ...Կապիտալը գալիս է մեր երկիրն ու հեղաշրջում է նրա համայն կերպարանքը:

       Հեղաշրջում է իհարկե և մտքերը,տրամադրությունները ,զգացմունքները,ինչպես և հագուստները: Ճիշտ է,հագուստն ավելի հեշտ է փոխել,քան միտքը,սակայն մեկը մյուսին ,ինչպես ասում են այժմ,բնաահրաժեշտորեն  պայմանավորում է,մեկին հետևում է մյուսը ,թեկուզ ոչ արագ ,գուցե մեկ կամ երկու սերնդի կյանք է հարկավորում,բայց այդ հեղաշրջումը կատարվում է....

      Այդ  տնտեսական և կուլտուրական հեղաշրջման  առաջին շրջանի նկարագիրը տվել է մեր գեղարվեստական գրականության մեջ Շիրվանզադեն:Այստեղ նա ծաղրում է այդ երեկվա տրեխավորին ,որն այսօր լաքած կոշիկ է հագնում,իսկ հոգով տրեխավոր է մնում: Դա Շիրվանզադեի այն  գրվածներն են ,որոնց համար Լեոն կշտամբել է նրան,որովհետև Լեոի աչքում այդ նոր հասարակական-կուլտուրական  երևույթը գեղարվեստորեն պատկերացնել,նշանակում է գնալ դեպի,ինչպես նա է ասում «արիստոկրատները»: Լա՜վ արիստոկրատներ են...)))))

    նկ.Մհեր Աբեղյան



    Գրեթե բոլոր հայ պուբլիցիստները տվել կամ պակաս եռանդով ու զայրույթով մտրակել են հայկական (ինդիֆերենտիզմը) անտարբերականությունը:

    Ինդիֆերենտ վերաբերմունք դեպի ամեն ինչ- դեպի քաղաքական-հասարակական կյանքը,դեպի արվեստը, դեպի գրականությունը:


    Չպետք է զարմանաք ,եթե տեսնեք,որ այստեղ կյանքը պահպանում է իր սպեցիֆիկ հայ-գավառական կերպարանքը-գուցե ավելի շքեղ ու հարուստ հագուստով,ավելի ճոխ դեմքով,սակայն նույն մանրբուրժուական ներքինով....


                                                                  (())

    Ռուսաստանի ամեն մի հայ գաղութ-դա նույն գավառն է ,նույն հետամնաց վայրը,ուր ամեն ինչ ներփակված է ընտանեկան շրջանում,ուր գրեթե գոյություն չունի որևէ հասարակակն կյանք:

    Մի որևէ բորսային տուզի ամուսնությունը կամ մահը ավելի մեծ հետաքրքրություն է շարժում ,քան ամենակարևոր ու նշանակալից հասարակական երևույթ:

                                        (())


    Հայրիկի մահը եկեղեցում բավական խուռն բազմություն էր գումարել,սակայն դա մի պաշտոնական ,գուցե շատերի համար ակամա մի այցելություն էր,որ այնուամենայնիվ կատարում էին ըստ ավանդության:Նույն պապենական ,նահապետական  հոտն է փչում  և այն ճառերից ,որ արտասանեցին մի քանի ազգայիններ՝ դրվատելով Հայաստանյայց առաքելական եկեղեցվո պետին:

    Թափվեց խոսքերի տարափը,ուր մտքերը համեստաբար անհետացել էին ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում,երևի վախենալով հանկարծակի լուսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականչություններ լսելու:
         Կարիք չկա կրկնելու այդ ճառերի բովանդակությունը ,երևի դուք լսել եք գավառներում երդվյալ հռետորներին ,որ ամեն տարի խոսում են  Վարդանաց տոնին և ուրիշ ազգային տոներին կամ հայ գործիչների թաղման ժամանակ:
    -Վարդանը մեռավ,սակայն նա կենդանի է...
    -Հայրիկը մեռավ,սակայն նա կենդանի է և այլն....
       Շարունակությունը արդեն գիտեք,հազար անգամ լսել եք ,մեծ մասամբ ոչ միայն «մտքերը» նույնն են, այլև բառերը ,նախադասությունները.....

                                                  (())


    ....Թույլը կորչում է:Բնական օրենքի անսասան,տիրական զորությամբ է կատարվում այս ամենը :
    Այն ,ինչ մեր ազգային ինտելիգենցիան անվանում է ռուսական արշավանք -իրոք եվրոպական կապիտալի,ուրեմն և եվրոպական կուլտուրայի արշավանք պետք է անվանել,մանավանդ  եթե աչքի առաջ ունենանք գալիք օրերի,և այն ըստ իս ոչ այնքան հեռավոր գալիքի,տնտեսական արշավանքը:
      Եվրոպական ազդեցությունը ,որ ռուսական  քաղաքական տիրապետությամբ մուտք է գործել մեր երկիր ,աստիճանաբար զարգանում է և քանի գնում ավելի արագ,ավելի տիրական քայլերով Է արշավում  մեր երկրի ամեն անկյունը, քանի գնում լայնանում է այդ . խորանում,այո, և խորանում է այդ ազդեցությունը :Եվ ռուս-եվրոպական ազդեցության տակ է,որ աճում է մեր ինտելիգենցիայի միտքը ,և այսօր կանգնում են նրա առջև կամ,ինչպես պոլսեցիք են ասում,ծառանում են  այն հարցերը ,որոնց հանդեպ տիրացուական ինտելիգենցիայի  միտքը մոլար  ու երկչոտ դողում է,պատեպատ ընկնում-ահով բռնված տեսնում է այն ,ինչ չկա,և չի տեսնում այն,ինչ ակնբախ է արևի նման:
      Արդ՝ ինչ հետևանք կարող է տալ այդ արշավանքը:Երկու հետևանք կարող է լինել:Մեկը այն է,որ մենք կձուլվենք.այսինքն կկորցնենք մեր կուլտուրական առանձնության գործոնները,կկորցնենք մեր լեզուն և կդառնանք մի ապազգային մասսա: Կամ թե չէ, կզարգացնենք մեր ամենից առաջ լեզուն,հետո մյուս ազգային-կուլտուրական գործոնները և ընդունելով եվրոպական կուլտուրան,կմնանք եվրոպական ազգերի շարքը իբր կուլտուրական մի ազգ:Ուրեմն կուլտուրական մի ազգ լինելու համար մենք պետք է  ամբողջապես յուրացնենք  Եվրոպայի ժամանակակից կուլտուրան  և միայն այն ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել:Այսինքն ազգային կուլտուրային ձգտելով ,այսպես ասած,մենք պետք է նախ դուրս գանք մեր այժմյան ազգային կճեպից և ընդգրկենք  լայն հորիզոններ:....




    «Չպետք է ծույլերի
    հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա.չպետք է մեզ կերակրենք այն հավատով,որ մի արտաքին փոփոխություն ,մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնե:Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել,այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար»:
    «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը,հոգու և մտքի հպարտությամբ  ճոխացնենք  նրան»


    «հիշենք ,որ այդ «զոոլոգիական » ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը,մեր կուլտուրական թշվառությունը »



    «Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում,եթե արհամարհում եք այն,ինչ հոգին և սիրտն է նրա...»:

    «Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի,դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը...»:

    «Լեզուն մենազորեղ զենքն է մարդու ,որովհետև նա միացնում է նրան   մյուս մարդկանց հետ,նա է մարդուն անբան անասունից զատողը»:

    «...Օտար բառը թարգմանում են կամ տեղը մի նոր,ինչպես իրենք են ասում ,ավելի «հայաշունչ» բառ են թխում... վելոսիպեդին ասում են հեծանիվ,ինտելիգենցիային-մտավորականություն,սոցիոլոգիային-ընկերաբանություն,պալտոյին-վերարկու,գալոշին-կրկնակոշիկ և այլն...
     Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար ,որ «տրամվայ »բառը « էլեկտրաքարշ» բառից և բարեհնչյուն է, և դյուրըմբռնելի,այլև գլխավորապես նրա համար,որ այդպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան,շինծու,անհասկանալի բառերի ու դարձվածքների ,որոնք մեր լեզուն դժվարացնում են,դարձնում ավելի դժվար յուրացվող մի լեզու:Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս ,որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն,որը ավելի հեշտ է յուրացվում,որի կազմվածքը ավելի պարզ է....
        Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից,նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել:Պարզ է,որ վառարանը փեչ չէ,ոչ էլ տրամվայը-էլեկտրաքարշ,ոչ էլ պալտոն-վերարկու,կամ գալոշը-կրկնակոշիկ:
    Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ,քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը...»:

    «Լեզուն զարգանում է և ազատ է և չի կամենում հպատակվել լեզվաբանների պեղած հին օրենքներին և օրինակներին...»:
                                                                             

    «Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը, բնության ստեղծագործությունն է ,ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է,որ պահպանված է եղել մարդու համար ,եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է ,ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածայինի աստիճանի,եթե աստծո պարգև է՝ ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին  պարգևն է ...Ամենահին դարերից սկսած  խոսքը  եղել է հիացումի առարկա մարդկանց համար :Ոչ արտաքին աշխարհը կամ բնությունը ,ոչ մարդու ներքին աշխարհը  չեն հարուցել այնքան խորը զմայլմունք ու զարմանք ,որքան լեզուն:Եվ դրա համար էլ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ  ունի դեպի խոսքը : Խոսքը դարձել է հավատալիք ,պաշտամունքի առարկա :Խոսքի զորությունը ահեղ է ,անքննելի  և ամենակարող՝ժողովրդի աչքում մինչև մեր օրերը :Խոսքը կենդանի շունչ է համարվում -ոգի ,զորություն կախարդական: Դեռ 1812թ., ասում է պրոֆեսոր  Բոդուեն դե Կուրտենեն ,մի ֆրանսիացի ,որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա,հավատացնում էր հետո իր հայրենակիցներին ,որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է  լինում ,որ խոսքերը  շրթունքներից դուրս են թռչում ,բայց մինչև լսողի ականջը չեն հասնում ՝որովհետև ճանապարհին սառչում են...»:

    Վահան Տերյան

    Սովետական գրող,1989