Мой список блогов

вторник, 2 октября 2012 г.

Պոլ Վեռլեն


La Poésie Française     Ֆրանսիական
Պոեզիա
Երևանի Համալսարանի Հրատարակչություն
1984

Ա՜հ ,Քաղցրություն
Ա՜հ ,քաղցրություն,քաղցրություն ու վերստին քաղցրություն...
Հանդարտեցուր հուզումներն այս ջղաձիգ քիչ մ'այլևս...
Մինչև իսկ խորն հաճույքին՝ սրբուհին պետք է , գիտես,
Երբեմըն ցույց տա քրոջ մ' անդորրավետ ձևը հեզ...


Եղիր լքուն, հեշտասուն , գգվանք ըրե քնաբեր,
Եվ հավասար ՝ հառաչներդ ու նայվածքներդ օրորիչ.
Տե՛ս , սիրախանձ  այդ սեղմումն և հուսկ ցնցումն ալ լլկիչ,
Չեն արժեր լուռ ու երկար համբույրն եթե իսկ խաբեր ...

Բայց դուն,աղվորս,ինձ կ'ըսես,թե քու  սիրտիդ մեջ ոսկե,
Հնչեցնելով փողն իր միշտ կսուրա կիրքը կարմիր,
Ձգե՛ ազատ այդ պոռնիկն ,որ ուզածին պես փչե...

Դի՛ր ճակատիս վրա ճակատըդ ու ձեռիս մեջ ձեռքըդ դիր,
Եվ երդումներ ըրե ինձ,զոր պիտի վաղը մոռնաս,
Եվ մինչև լույս արտասվենք,ո՜վ իմ փոքրիկ անառակս...








Ընտանի Երազս

Երազն այս միշտ կը տեսնեմ՝ հոգեթափանց,տարորեն,
Կնոջ մ' ինձի անծանոթ ,ինձմե սիրված,սիրող զիս,
Որ ամեն հեղ  ոչ սույնն է ,ոչ ալ տարբեր հիմնորեն,
Որ սակայն զիս կը սիրե և կ'ըմբռնե իմ հոգին:


Զի կը'մբռնե ան հոգիս ,որ լուսավոր  բայց միայն 
Իրեն համար կը դադրի  մութ առեղծված մ'ըլլալե,
Իրեն միայն , ու տմույն իմ ճակատիս ջերմության՝
Միմիայն ինք զովություն ,արտասվելով , կը ցողե:

Թո՞ ւխ է արդյոք ,թե խարտյաշ,թե շիկահեր .-չեմ գիտեր.
Անո՞ ւնն անոր.-կը հիշեմ,թե հնչեղ է քաղցր ու հին ՝
Ինչպես կյանքեն աքսորված սիրելյալներու անուներ:

Կը նմանի իր նայվածքն արձաններու նայվածքին ,
Եվ ձայնը լուրջ,հեռալուր ,խաղաղավետ ,ունի շեշտն
Այն ձայներուն սիրելի ,որ լռեցին առհավետ:



Աշնան երգ 

Անլուռ լալկան
Ջութակն աշնան 
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշում է հար 
Եվ միալար....


Գիշերն է տոթ
Կրկին գալիս,
Բերում հուշեր 
Դառն անցյալից...
Լալիս եմ ես,
Նորից լալիս...

Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերևի պես
Տանում է ինձ
Այս կողմ ,այն կողմ
Տերևի պես...
(թարգմ. Վ. Տերյանի)


SPLEEN* (անգլ. -մելամաղձ)

  Կարմի՜ր,կարմի՝ր վարդեր՝
Թերթերին սև թավիշ:

Քո շարժումներն ,իմ սե՛ր,
Նորից ծնում են վիշտ:

Երկինք կապտանշան ,
Ծովի կանաչ ավիշ:

Քո փախուստին դաժան
Սպասել եմ ես միշտ:

Փշոտ սաղարթի փայլն
Ազդում է լոկ տաղտուկ,

Եվ հարթավայրն անծայր,
Ավա՜ղ, սակայն ոչ դուք:



Մայրամուտի արևներ 

Արշալույս խամրած
Դաշտերին բերրի
Սփռող մելամաղձ՝
Մայրամուտների:
Այդ մաղձն երգով
Մեղմիվ օրորվում
Սիրտըս՝ մոռացվող
Մայրամուտներում:
Եվ տեսիլներ մառ,
Ասես արևներ,
Որ հանգչում են հար:
Ուրուներ տարբեր
Ծածկում են իրար,
Ասես արևներ,
Որ հանգչում են հար 
Ավազներն ի վար:





Սերենադ

Կանչը ցնցում է տիրուհուն ՝հլու 
Ձայնին իմ ճապաղ,
Ձայն ,ասես մեռած, պատրաստ երգելու
Փոսի խորքից պաղ:

Բա՛ց ունկդ ,հոգի՛դ  ղողանջների դեմ
Իմ մանդոլինի.
Քեզ համար գրվեց երգն այս երկադեմ՝
Նրբին ու դժնի:

Երգելու եմ քո աչքերը օնիքս՝
Թափանցիկ ուրու,-
Լեթան քո կրծքի,մազերդ՝ Ստիքս՝
Մռայլ ու բուրող:


Կանչը ցնցում է տիրուհուն ՝հլու 
Ձայնին իմ ճապաղ,
Ձայն ,ասես մեռած, պատրաստ երգելու
Փոսի խորքից պաղ:

Հարկ է գովերգել հրապուրող քո
Մարմինը օրհնյալ.
Բույրեր նվիրող,երբ ինձ երեկոն
Քուն չէր կարող տալ:

Եվ կդրոշմեմ մի համբույր վերջում
Շուրթերին քո տաք,
Ինձ քո մեղմությամբ ,սիրով ես տանջում ,
-Պոռնի՜կ,հրեշտա՜կ,

Բա՛ց ունկըդ ,հոգիդ ղողանջների դեմ
Իմ մանդոլինի.
Քեզ համար գրվեց երգն այս երկադեմ՝
Նրբին ու դժնի:


                           

Պանդոկների աղմուկ,ցեխոտ մայթեր ու տուն,
Չինարիներ-թափվող տերևներ սև օդում ,
Օմնիբուսը ժանգոտ ,կեղտոտ ու մուրը կրած,
Ճռնչացող անհույս չորս ակների վրա,-
Գլորվում է,աչքը կանաչ-կարմիր թարթում:
Եվ բանվորն է գնում  իր ակումբը արդեն,
Ծխամորճը կոպիտ ժանդարմի քթի տակ :
Կտուրներն են կաթում ,թաց են պատեր, հատակ,
Ասֆալտին կեղտաջուր,առվակներ են և աղբ,-
Ահա ուղիս միակ ,որ տանում է դրախտ:


Комментариев нет:

Отправить комментарий