Մի օր Փափազյանն ասաց.
-Ես չեմ ուզում մեռնել,երևի ոչ ոք էլ չի ուզում մեռնել:Բոլոր ասողները,թե իրենց համար մեկ է՝ վաղը կմեռնեն,թե մի քանի տարի հետո,անկեղծ չեն:Ոչ ոք չի ուզում այս աշխարհից հոժարակամ գնալ:Նկատված է,որ իրենց վրա ձեռք բարձրացողները վերջին պահին զղջում են,խնդրում փրկել:
Եվ միտքը շարունակեց այսպես.
-Բայց եթե մեռնել,ապա միայն այնպես ,ինչպես պատահեց Համբարձումի հետ:
Խոսքը Խաչանյանի մասին է,որին շատ էր սիրում,և որը մահացել է «Երկիր հայրենի» ներկայացման ժամանակ՝բեմազգեստը հագին,դիմահարդարված,բեմ մտնելուց մի քանի րոպե առաջ:
Ամենից ավելի նրա վրա տպավորություն էր թողել Միքայել Թավրիզյանի մահը,մահ՝ նվագախումբը ղեկավարելիս,վահանակի մոտ,բուռն շարժման պահին,երբ աջ ձեռքը մեկնել էր վեր՝ հնչյունի հետևից...
-Մարդ պետք է այդպես մեռնի:Ես շատ բան կտայի՝բեմում խաղի ժամանակ մեռնելու համար:
Եվ մի օր Փափազյանի խաղի ժամանակ հիշեցի մեր զրույցը:
1967-ի դեկտեմբերի 14-ին էր,«Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը:Խաղում էր Մեք-Գրեգոր,որը,ինչպես հայտնի է,մեռնում է բեմում:Երբ նա «մահացավ» ,Վարդերեսյան-Ջոնին մոտեցավ և մի փոքր բարձրացրեց ձեռքը,որն ընկավ այնպես անկյանք,որ շատերը թատերասրահում,այդ թվում և ես ,կարծեցինք,թե Փափազյանն իսկապես մահացել է: Իսկ ներկայացումը շարունակվում էր:Երբ Բեն-Ալեքսանդր -Բաբկեն Ներսիսյանն ասաց.«Այս մարդը մեր ժամանակի ամենամեծ շեքսպիրյան դերասանն էր»,բարձրացավ այնպիսի ծափահարություն,ինչպես երբեք չէր եղել:Մեք -Գրեգորին շալակցին ու տարան:Կյանքի ոչ մի նշույլ չկար:
Այդպես միայն դիակն է լինում:
Վարդերեսյանի խաղում վախեցած շփոթ կար:Ու եթե դա համընկնում է և համապատասխանում այդ պահի բեմական ապրումին ըստ թատերախաղի,ապա Արուս Ասրյանը հետագայում ասում էր,որ ինքը հավատացել է,թե տեղի է ունեցել ամենասարսափելին,և խաղում էր՝ հազիվ զսպելով արցունքները,զարմացած,թե ինչու վարագույրը չեն փակում:
Երբ ներկայացումը վերջացավ ,և ծափահարությունների ներքո Փափազյանը բեմ եկավ, հանդիսատեսը ազատ շունչ քաշեց և ապա ուրախացած,որ դերասանին հաջողվել է դահլիճին խաբկանքի մեջ պահել,որոտընդոստ ծափահարությանը միացրեց ցնծագին կանչերը՝«Բռավո՜՝»:
Դա Փափազյանի վերջին ներկայացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում...
Հիշում է Ռուբեն Զարյանը
Комментариев нет:
Отправить комментарий