Мой список блогов

пятница, 26 августа 2011 г.

Հովհաննես Թումանյան


              Դառնացած ժողովուրդ,1910թ

Մտածմունքներ կան,որ սաստիկ ծանր են ,բայց դուք դատապարտված եք  մտածելու,չեք կարող փախչել նրանցից:Նրանք ծանր են:Նրանք էն հիվանդությունների նման են,երբ դուք գիտեք ,որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը,բարակացավի բացիլները կամ ՝ժանտախտի թույնը.....

Չեք կարող անց կենալ ու արհամարհել,կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն ,կամ դուք պետք է մարդկային հանճարի  տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք,առողջանաք. իհարկե,եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք:

Էն մարդիկ,որոնք երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով ,մեր մարդով,միշտ եկել են մի ծանր եզրակացության ,թե շատ չարություն կա մեր հոգում:
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով,էն ցավով որ կարելի էր ասել ,թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում: 
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը:Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ ,իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ:Ամեն մինը ինքը չար չի,կեղծավոր չի,հայհոյող չի,ստախոս չի,թայֆայական չի ,էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են:Իհարկե ,սրանց չպետք է հավատալ,ոչ էլ ականջ դնել:Ճշմարիտը էն է,որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով:
Նայեցեք:
Գյուղացի ռանչպար մարդիկ են,հարևան,միասին մեծացած,իրար հետ օխտը  բեռ աղ ու հաց կերած,բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում ՝մյուսը նախանձից հիվանդանում  կամ ինչպես իրենք են ասում ՝«արնով է ընկնում»:
Վաճառականներ են,առուտուր են անում ,թեկուզ մրցակիցներ էլ չեն,բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում,որքան նրա հաջողության վրա է դարդ անում,ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու:
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք-միշտ դժգոհ է,բողոքում է,գանգատվում անարդարությունից,և գիտե՞ք էդ անարդարությունը որն է,որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել:
Քաղաքացի թե գյուղացի՝երկուսը վեճ ունեն իրար հետ:Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը,տևում է երկար տարիներ և  հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա,մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել,գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են:
Մամուլ կա: Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է,էլ հայհոյանք,էլ զրպարտություն,էլ ափաշկարա սուտ,էլ չարախոսություն,կեղծավուրություն:Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էդքան անվայել կերպարանք չի առել,որքան սրա մեջ:Մի հայտնի հրապարակախոս պատմում էր,թե էս կամ էն գրողին,ինչքան էլ լավ գրվածք հրապարակի,միշտ պետք է զարկել,ծաղրել կամ լռել,մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել,միայն նրա համար,որ մեզ հետ չի,մեր թայֆիցը չի:


Էդպես էլ մտեք  ազգային,հասարակական ,գրական գործիչների մեջ:Մեկը մյուսի հռչակն  ու հաջողությունը տանել չի կարողանում:
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք:Դասերից ավելի շատ էն աշխատանքի վրա են ,որ իրար ոտի տակ փորեն,և շարունակ մի որևէ չնչին դեպք,որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել,ազգային հարց դարձրած,տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով,դատարանով,մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել,հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես....Ոչ մի մեղմություն,ոչ մի ներողամտություն,ոչ մի սահման չարությանը:
Ինչու՞ է էսպես:
Պարզապես հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից,էն լայն,խաղաղ ու խոր հայացքով,որ նրանք միայն կարող են տալ:Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը:Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ:Իսկ ամեն կենդանի գոյություն,որ ոտնատակ է ընկնում,եթե չի մեռնում ,այլանդակվում է,դառնանում ու փչանում:Էսպես է բնության օրենքը:
Էն հասարակ վարունգի թուփն ինչ է,հայտնի է,որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝էլ նրա պտուղը չի ուտվում,էնքան է դառնանում:Նրա համար էլ թույլ չեն տալ,որ նրա թուփը ոտի տակով անենք:Էնպես դառնանում ու դաժանանում է  և մարդը,նրա հոգին,սիրտը,միտքը,ու ներքին դառնությունը դուրս է տալի,հայտնվում է և աչքերում և դեմքին ,և խոսքերում,և գործերում,ամեն տեղ,ամեն ամեն ասպարեզում,ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան:Եվ էս տեսակ կյանքը կունենա,այո,շատ բան,և «հառաջադիմություն»,և «կուլտուրա»,և«մամուլ»,և«գրականություն»,և «դպրոց»,և «բարեգործություն»,բայց էդ բոլորը ներսից ճիճվի նման կերած պտուղի նման են,և տառապում են հիմնականում պակասություններով,մի ընդհանուր ցավով,որի ճարը դրսից անել չի կարելի :Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ,սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան:Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ,բարի սրտեր ու բարձր ոգիներ,հենց էն,ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի:
Արդ՝եթե մենք ունենք ազգային իմաստություն,հոգու արիություն և առողջ բնազդներ,անկարելի է աչքերս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք,որ մեր հոգին շատ է դառնացած,մեր ներքին մարդը շատ է փչացած ,և դրա դեմ կռվելու ,առողջանալու առաջին պայմանը էն է,որ մենք մեր սրտերում,և աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը:Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը:
Ուրիշ ճանապարհ չկա .ներսից է լինելու հաստատ փրկությունը,որովհետև ներսինց ենք փչացած.................

 ՀԱՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(Ֆելիետոնի փոխարեն)

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ թե սեր,
Վերջը պետք է դու փոշմանես.
Ահա, ես ձեզ համրեմ մի-մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի...
Չէ, մեզանում, աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։

Պոետն, ասին, տաղանդ ունի,
 Մենք էլ դրինք գործակատար,
Բայց տեր աստված հեռու տանի—
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ...
 Չէ, մեզանում, աստված վկա,
Մի շնորհքով... պոետ չըկա։

Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասին— գլուխ տարան,
Մենք էլ տարանք... բանկի միջին
Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հեշտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել...
Չէ, մեզանում, աստված վկա,
Մի հատ կարգին... արտիստ չըկա։

                                    

                                      (())   (())
                                           (())




Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմուտ ,հանճարեղ 

Լոռեցին

Հոմերի,Գյոթեի հետ մի օր ՝ հավասար ՝ նստել է քեֆի,

Եվ թաս է բռնել նրանց հետ ,մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի 

նստելիս:-




Նա մեծ էր ավելի ,քան եղավ:-Երկընքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:-
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ-
Եվ որսում էր երգեր ու խոհեր ,և տեսնում էր չքնա՜ղ երազներ...

 Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:-Արմատնե՜ր ուներ նա հողում:
Իր երգերը-գեղջուկ նայիրցու քրտնքո՛վ էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրա-իր երկրի արև՛ն էր շողում:-
Նա մեծ էր հողո՛վ ,արյուն՛ով:- Արմատնե՜ր ուներ նա հողում:


Թումանյանի երգերը 
Կարդալիս՝միշտ ես
Միտք եմ անում,թե արդյոք
Կարո՞ղ եմ ես էլ
Լինել այդքա՜ն իմաստուն,
Երբ լինեմ ծեր....

Կարողանա՞մ պիտի ես 
Արդյոք ,ինչպես նա,
Այդքան հանգիստ ընդունել
Թե անկում,թե մահ.-
Շա՜ղ տալ ձեռքով լիառատ
Երգեր ու գանձեր,
Իմաստությամբ անարատ,
Երբ լինեմ ծեր...


Եղիշե Չարենց




Поэзия Туманяна есть сама Армения, древняя и новая, воскрешенная и запечатленная в стихах большим мастером... Туманян - целый эпос, национальная эпопея! 
Валерий Брюсов

Թումանյանի պոեզիան հենց Հայաստանն է, հին և նոր,վերածնված  և մեծ վարպետների բանաստեղծությունների մեջ դրոշմված : Թումանյանը - մի ամբողջ էպոս է ,ազգային դյուցազներգություն:

Վալերի Բրյուսով 




                                                                              (())
P.S.Անտարբեր մի անցեք,,,,))) ով դեռ չի կարդացել ,խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ...խիստ արդիական է :)))

Ա՜խ ,Լոռեցիս,պաշտելի Լոռեցիս,,,միայն Դուք էլ բավական եք արդարացնելու 

,«քաղցրացնելու» ,և «լվացված»,

մաքուր , ազնիվ ,հանճարեղ , «թանկ ու համակրելի» համարելու «սա Ազգը »...))))

Թումանյա՜նս,սիրելի՜ս...Ոնց եմ սիրում քեզ...վկա է Աստված...)))

Комментариев нет:

Отправить комментарий