Мой список блогов

понедельник, 1 апреля 2013 г.

Հ. Թումանյան

նկ.Արշիլ Գորկի (ուղղությունը՝աբստրակտ էքսպրեսիոնիզմ)



               Մի որոնիր

Մի որոնիր՝մի ժամանակ
Արհամարածդ՝ այս կրծքի տակ,
Հառաչանքով  դուրս թըռավ նա
Ու դատարկ է տեղը հիմա...

Էլ մի կանչիր,մի լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր 
Հին-հին հուշեր պիտի զարթեն,
Եվ ին՜չ օգուտ...ո՜ւշ է արդեն...





Հրաժեշտ

Այստեղ ահա կբաժանվենք.
Մնաք բարյավ ,սիրելի .
Այսպես  ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի :
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ ,ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ,
Թող պահպանե քեզ Աստված:
Ա՜խ,առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինես,դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:
Մնաս բարյավ ,բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար 
Չըմոռանաս աղոթել:


ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...


                  Իմ սերը

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք ,ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին:

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դըժվար է համբերել,
Չասել՝ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել:

                  

Ինձ մի խնդրիր,ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա  ձայնից
Կըխորտակվի քո հոգին...
Ոչ,քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք:

Ես երգեցի սարի վըրա,
Ու չորացան խոտ ու վարդ,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜,ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում:

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք ,սև գիշեր:


                   Կարոտ

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ,ի՜նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ:
Միայն թե տեսնեմ 
Պատկերըդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՜նց եմ կարոտել:


 Տրտմության Սաղմոսներից

Աստվա՜ծ,ինչպես ծուխ օրերըս անցան,
Ոսկերքըս,,ինչպես խըռիվ,չորացան,
Սիրտըս ցամաքեց,ընկա խոտի պես,
Ճամփես մոռացա ահագին վըշտես:

 Հացըս նախատինքն եղավ օտարի,
Հանգիստըս ճամփում հալածանքների,
Լըսեցի ցերեկն աղաղակ ու բոթ,
Գիշերը լացի մինչև առավոտ:

Տընքեցի,ինչպես բու ավերակում,
Ինչպես միայնակ ճնճղուկ՝ տանիքում...
Աստվա՜ծ,տանջանքից ուժերըս հատան,
Մի՞թե չըհասավ ժամը փրկության:

           Ինչո՞ւ այդպես

-Ինչո՞ւ այդպես ինձ մոռացար:
Ասավ աղջիկն ինձ մի օր:
-Ինչո՞ւ այդպես մեզ մոռացար,
Գանգատվեցին սար ու ձոր:

-Ո՜հ,մի հարցրեք,հին ընկերներ,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել այն օրից վեր,
Այնպես մի ցա՜վ ունեմ ես...

՞նչ  է ցավըդ,մի ճար անենք,
Ասավ աղջիկն անձնվեր.
՞նչ է ցավդ,տուր մեզ տանենք,
Ասին սարերն ու ձորեր:

Ո՜հ, չէ, սիրուն,էլ ոչ մի սեր
Ճար չի անի իմ սըրտին,
Դուք էլ,անուշ սար ու ձորեր,
Չեք դիմանա էս դարդին:

Ա՜խ,իմ դարդը...Բայց ոնց անեմ,
Որ իմ դարդը իմանաք.
Սիրտըս խորն է,թե բաց անեմ,
Սիրտըս խորն է,լեզուս՝փակ...

        Երկար Գիշերներ

Տանջվում եմ անքուն գիշերն անկողնում,
Տանջվում հուսահատ,վաստակած,տըկար,
Ու մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում,
Ու գիշերը մո՜ւթ,գիշերը երկար:

Ա՜խ, մի ժամանակ,և դեռ նոր էր այն,
Մայրական գիրկ էր աշխարհքն ինձ համար,
Հըրճվանքը սըրտիս չէր թըվում ունայն,
Ոչ գիշերն այսպես տաղտկալի,երկար:

Էհ, անցա՜վ,գընա՜ց, և ցնորք ,և սեր,
Եվ ուժ,և եռանդ-կորավ՝ինչ որ կար,
Եկան սև օրեր և ծանըր հոգսեր
Ու դարձրին այսպես գիշերը երկար:

Տանջվում եմ անքուն այժըմ անկողնում,
Եվ հուսակըտուր ,հոգնած,ուժասպառ
Նայումեմ, նայո՜ւմ,դեռ չի լուսանում.
Ա՜խ, այս գիշերներն ինչքա՜ն են երկար:


                Տրտունջ

Օրերս անպըտուղ,տխուր , ձանձրալի,
Ու գնում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց,իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով:

Թաղել եմ նըրանց:Տխուր է ճամփան:
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր,ոչ տեղ ու դադար:

Օտար են շուրջդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը,ոմանք քո լեզուն,
Անտարբեր՝ գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

Չընչի՜ն մարդուկներ,լըրբորեն հանգիստ,
Անսիրտ,փոքրոգի,գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են,մարում նըրանց հայացքից
Ե՜վ հոգու ձըգտում ,և սըրտի ժըպիտ:

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես,կյանքդ նվիրես,
Էլ ի՞նչպես ապրես   անսեր,անընկեր...

Եվ օրերս էսպես տխուր ,ձանձրալի,
Ու գնում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց,իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով:



Դու քո ճամփեն


Դու քո ճամփեն գնա, քույրի՜կ,
Եվ թող լինի նա պայծառ:
Ինձ մի՜ ժըպտա, ինձ մի՜ սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար:

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին:

Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
Պահի նըրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գընում է նա
Ձըգտումներովն իր անվերջ:

Եվ ո՛վ գիտի՝ դեռևս անմեղ
Քանի հոգի կը տանջի,
Եվ ո՛վ գիտի՝ ինչ մութ, ահեղ
Անապատում կըհանգչի…

Դու քո ճամփեն գընա, քույրի՜կ,
Եվ երբ լինենք մենք հեռու,
Աղոթք արա, որ մյուս անգամ
Չը հանդիպենք իրարու:


             Աստղերի հետ

Էյ աստղե՜ր,աստղե՜ր,
Երկնքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ.

Ժըպտում էիք դուք,
Երբ ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ

Թռվռում էի 
Ու ցավ չունեի...
Ժըպտում եք այսօր,
Երբ թույլ ու անզոր,

Կորած հույսերիս
Կըսկիծն եմ լալիս...
Կըժպտաք նաև
Շիրիմիս վերև...    



          Ժպտուն աչքեր

Դու մի հավատա ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար:

Ահա պոետն էլ պատրանքով հարբած
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքա՜ն տանջվեց,տառապեց խաբված,
Եվ որքա՜ն  սըրտում գանգատներ ունի...

Դու շատ մի խաբվիր ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տխուր հատակը ծածկելու համար:

Ահա պոետն էլ տառապած մի մարդ,
Որ սրտում այնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ այնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի:                ....
Եթե մի օր,անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրիմին,
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

Դու չըկարծես,թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել:

Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումըս ես տարա,
Նըրանք սիրո այն խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա:

Նրանք իմ ջերմ համբույրներն են,
Այն աշխարքից ուղարկված,
Որի ճամփեն քո առաջև
Գերեզմանով է փակված....  


        Անդարձ Ճամփորդներ

Իմ անցած կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց  տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական.

Մինն ասում էր.-Ես ունեի
Թարմ ու բուրյան ծաղիկներ,
Ու բոլորը մարդկանց տըվի
Գարնան գըրկովն առատաբեր:

Մյուսն ասում էր.-Ես ունեի
Շատ ըզգացմունք ու կորով,
Ու ողջ ես էլ նըրանց տըվի
Սիրանըվեր երգերով:

Մինն ասում էր.-ես թողեցի
Ձըմեռ ու սև էն հողում:
Մյուսը էստեղ ոչինչ չասավ,
Ու գնում էր գլխիկոր...

Էսպես իմ կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական:




Երեխի նման մտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնվեր.
Սրտումս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար՝
Բաժնեցի մարդկանց՝ անսեր, անտարբեր:
Երեխի նման խաբեցին ինձ շատ,
Երազուն ու խենթ երեխի նման.
Տարան իմ հավատն ու սե՛ րը անհատ ,
Խնդացին վրես իմ դեմ հանդիման։
…Երեխի նման տանջեցին ինձ բիրտ
Ընկեր, մերձավոր, և եղբայր, և կին.
Ես էլ հուսահատ, զզված խորասիրտ
Երեխի նման թողի ամենքին...
Եվ ահա էսպես՝ հոգնած ու վշտոտ,
Դադարգուն եղա, ամենքից փախա.
Ամենքից փախած գալիս եմ ձեզ մոտ—

Եվ դուք էլ, ավա՜ղ, ինձ պես երեխա:
     





Поэзия Туманяна есть сама Армения, древняя и новая, воскрешенная и запечатленная в стихах большим мастером... Туманян - целый эпос, национальная эпопея! 
Валерий Брюсов

Թումանյանի պոեզիան հենց Հայաստանն է, հին և նոր,վերածնված  և մեծ վարպետի բանաստեղծությունների մեջ դրոշմված : Թումանյանը - մի ամբողջ էպոս է ,ազգային դյուցազներգություն:

Վալերի Բրյուսով 


Комментариев нет:

Отправить комментарий