Мой список блогов

четверг, 1 декабря 2011 г.

Հերման Հեսսե

( հատվածներ....կարդալու ընթացքում ձեռքիս հետ դուրս եմ գրում....))



Տափաստանի Գայլը

Հիմա ո՞ւր գնալ։ Եթե այս պահին կատարվեր հրաշք, և հնարավոր լիներ իմ ցանկացած երազանքի իրականացումը, ապա ես կխնդրեի մի փոքրիկ, գեղեցիկ դահլիճ՝ Լյուդովիկոս Տասնվեցերորդի ոճով կառուցված, որտեղ ինձ համար մի քանի երաժիշտներ կատարեին Հենդելից ու Մոցարտից մեկ-երկու ստեղծագործություն։ Դա համապատասխան կլիներ իմ գոյության իմաստին այս պահին,
և ես կըմբոշխնեի այդ զով, ազնվական երաժշտությունը, ինչպես աստվածները՝ նեկտարը։ Օ՜, եթե հիմա մի բարեկամ ունենայի, մի բարեկամ որևէ ձեղնահարկում, և նա, մտքերի մեջ ընկած, նստեր մոմի լույսի տակ, իսկ կողքին լիներ նրա ջութակը։ Անշշուկ, գիշերային լռության մեջ ես կգտնեի նրան, անաղմուկ կբարձրանայի արմունկավոր սանդուղքները և հանկարծակիի կբերեի նրան, և մենք, զրույցի ու երաժշտության ուղեկցությամբ, կտոնեինք վերերկրային մի քանի ժամ։ Հաճախ, անցյալ օրերում, ես ուրախանում էի այսպիսի երջանկությամբ, բայց ժամանակների հետ այն ևս կորսվեց ինձ համար ու հեռացավ, այն օրերի ու ներկայի միջև ընկած են թառամած տարիներ։

Մի պահ ես կանգ առա՝ հոտոտելով զիլ հնչող արյունոտ երաժշտությունը, չարությամբ ու ագահորեն ներծծելով այդ հրապարակի մթնոլորտը։ Այս Երաժշտության մի կեսը՝ քնարականը, քաղցրահունչ էր, հաճելի, սենտիմենտալությամբ ողողված, մյուս կեսը մոլեգին էր, տրամադրող և ուժով լեցուն, բայց երկու կեսերն էլ, հաշտությամբ ու պարզությամբ միախառնվելով իրար, ստեղծում էին մի ամբողջություն։ Դա անկման երաժշտություն էր, վերջին կայսրերի ժամանակների Հռոմում, երևի, գոյություն է ունեցել նման երաժշտություն։ Բնականաբար, Բախի, Մոցարտի և լուրջ երաժշտության համեմատությամբ, այն խոզության էր, սակայն խոզություն էր մեր ողջ արվեստը, մեր ողջ մտածողությունը, մեր ողջ թվացյալ մշակույթը։ Եթե դրանք համեմատության մեջ դնեինք իսկական մշակույթի հետ։ Իսկ այս երաժշտությունն ուներ ուղղամտության՝ պարզհոգի ու դուրեկան նեգրականության և զվարթ, մանկական տրամադրության մեծ առավելությունը։ Նա ինչ-որ բան էր պարունակում նեգրից և ինչ-որ բան ամերիկացուց, որ մեզ՝ եվրոպացիներիս վրա, իր ամբողջ ազդեցիկությամբ հանդերձ, թողնում է երեխայական թարմության և մանկականության տպավորություն։ Եվրոպան նույնպե՞ս այդպիսին է լինելու։ Նա արդե՞ն այդ ճանապարհի վրա է։ Արդյո՞ք մենք՝ հնաշխարհիկ Եվրոպայի, անցյալի ընտիր երաժշտության, անցյալի ընտիր բանաստեղծության գիտակներս ու երկրպագուներս, ուղղակի հիմար փոքրամասնությունը չէինք իմաստակ ջղայինների, որոնք վաղը մոռացության են տրվելու և արժանանալու են ծաղրի։ Այն, ինչ մենք անվանում ենք մշակույթ, հոգի, ոգի, գեղեցիկ, սրբազան, սոսկ ուրվական չէ՞ արդյոք, վաղուց արդեն մեռած մի բան, որին միայն մենք ենք՝ մի բուռ հիմարներս, համարում ճշմարիտ ու կենդանի։ Հնարավոր է, որ այն, ինչի համար մենք՝ հիմարներս, տանջում ենք մեզ, մշտապես եղել է ընդամենը անիրական ինչ-որ տեսիլք։

Ջազն ինձ համար տհաճ էր, բայց ես այն տասն անգամ ավելի էի սիրում, քան այսօրվա ակադեմիական երաժշտությունը, իր ուրախ, կոշտ վայրենությամբ նա խորապես դիպչում էր իմ բնազդներին և շնչում իր պարզունակ, ազնիվ զգայնությամբ։

Մենակությունը անկախություն է , ես ինքս եմ այն ​​ցանկացել ու նվաճել ինձ համար երկար տարիների ընթացքում : Մենակությունը սառն էր , այո , բայց եւ անաղմուկ , զարմանալի անաղմուկ ու մեծ , ինչպես սառը , անաղմուկ տարածությունը , որի մեջ շարժվում են աստղերը ….

Սիդհարթա

Բուդդան լռելյայն գլխով համաձայնության նշան արեց։Սիդհարթան ասաց.— Ո՜վ Վեհագույն, քո ուսմունքի մեջ ինձ ամենից շատ մի բան զարմանք պատճառեց։ Քո ուսմունքում ամեն֊ամեն ինչ կատարելապես պարզ է ու համոզիչ։ Դու աշխարհը ցույց ես տալիս որպես մի կատարյալ, երբեք և ոչ մի տեղ չխզված շղթա, որպես մի հավերժական հերթափոխ, կազմված պատճառից ու հետևանքներից։ Երբեք և ոչ ոքի կողմից դա այդպես պարզ չի տեսնվել կամ գիտակցվել, երբեք այն այդպես անառարկելիորեն ապացուցված չի եղել։ Յուրաքանչյուր բրահմանի սիրտը կրծքի տակ իսկապես որ պետք է ոգևորությունից տրոփի, երբ նա, քո ուսմունքի միջով աշխարհին է նայում որպես մի կատարյալ փոխկախվածությունների շղթայի, առանց բացթողումների, հստակ ու վճիտ՝ ինչպես բյուրեղը, որը կախված չէ պատահական դիպվածներից, կախված չէ աստվածներից։ Ուրիշ հարց է, թե արդյոք աշխարհը բարի է, թե չար, նրանում ընթացող կյանքը տառապանք է, թե երջանկություն, այստեղ դա կարևոր չէ, դա նույնիսկ երևի թե էական էլ չէ։ Սակայն աշխարհի միասնությունը, իրադարձությունների փոխկապակցվածությունը, բոլոր տեսակի մեծ ու փոքրի ենթակայությունը միևնույն հորձանքին, պատճառների, սկզբնավորման ու վախճանի միևնույն օրենքին, սա է, որ ամենապայծառ հստակությամբ ճառագում է քո վսեմաշուք ուսմունքից, ո՜վ Կատարելագույնդ։ Այժմ սակայն, համաձայն քո իսկ ուսմունքի, պարզվում է, որ բոլոր իրերի միասնականությունն ու բնական ժառանգորդությունը մի կետում ընդհատվել֊խզվել է, մի փոքրիկ սողանցքից այս միասնականության աշխարհն է ներխուժել օտար մի բան, նորահայտ մի բան, այնպիսի մեկը, որ մինչ այժմ գոյություն չի ունեցել, և որը, հետևաբար, անկարելի է ցուցանել կամ ապացուցել. և դա աշխարհի հաղթահարման, փրկության ու ապաշխարության քո ուսմունքն է։ Այդ պստլիկ անցքի պատճառով, այդ աննշան թվացող խզման հետևանքով, սակայն, այդ ողջ հավերժական ու միասնական աշխարհի օրենքը վերստին խախտված է և ուժը կորցրած։ Այստեղ ես հայցում եմ քո ներողամտությունը իմ այս առարկության կապակցությամբ։Լուռ ու հանգիստ Գոթաման լսեց նրան։ Իր հեզ, բարեհունչ ու վճիտ ձայնով այսպես խոսեց Կատարյալը.— Դու լսեցիր ուսմունքը, ո՜վ բրահմանորդի, և փա՛ռք քեզ, որ այդքան խորը ընկալեցիր այն։ Դու նրանում մի ճեղքվածք, սխալմունք գտար։ Շարունակի՛ր ավելի խորանալ նրա մեջ։ Բայց զգուշացի՛ր, խուսափի՛ր, ո՜վ դու հետաքրքրասեր, կարծիքների թավուտներից և բառերի կռվից։ Խնդիրը կարծիքներին չի վերաբերում, ինչպիսին էլ նրանք լինեն, գեղեցիկ կամ տգեղ, խելացի, թե անմիտ, ամեն ոք ազատ է ընդունելու դրանք կամ մերժելու։ Այն ուսմունքը, որը սակայն դու ինձանից լսեցիր, կարծիք չէ, և այն նպատակ չի հետապնդում բացատրելու աշխարհը հետաքրքրասերների համար։ Նրա նպատակն ուրիշ է. քավությունը, տառապանքից ազատումը։ Սա՛ է, ինչ ուսուցանում է Գոթաման, և ոչ թե մեկ այլ բան։— Խնդրում եմ դու իմ վրա մի բարկացիր, Վեհագո՛ւյնդ,— ասաց պատանյակը։— Վիճելու համար չէր, բառերի պատճառով քեզ հետ վիճաբանելու համար չէր, որ ես այդպես խոսեցի քեզ հետ։ Հազար անգամ դու իրավացի ես, խնդիրն
իսկապես կարծիքներին չի վերաբերում։ Բայց թո՛ւյլ տուր ինձ մի բան էլ ասեմ. ես վայրկյան անգամ չեմ տարակուսել քո առնչությամբ, ես վայրկյան անգամ չեմ կասկածել, որ դու իսկապես Բուդդան ես, որ դու հասել ես նպատակին, բարձրագույն նպատակին, որի համար տասնյակ հազարավոր բրահմաններ ու բրահմանորդիներ ճանապարհ են ընկել։ Դու գտել, հայտնաբերել ես մահվանից փրկությունը։ Դու դրան հասել ես քո սեփական որոնումների միջոցով, քո՛ իսկ անցած ճանապարհի շնորհիվ, քո՛ մտածությունների, ինքնասուզումների, ճանաչողության, պայծառատեսության շնորհիվ։ Բայց ոչ երբեք մի ինչ֊որ օտար ուսմունքի սերտման միջոցով... Եվ, այսպիսին է իմ միտքը, ո՜վ Վեհագույն, ոչ ոք չի կարող հասնել փրկության շնորհիվ որևէ ուսմունքի։ Ոչ ոքի, ո՜վ Վեհագույնդ, դու չես կարող բառերի ու խրատուսույցների միջոցով հաղորդել ու արտահայտել այն, ինչը քեզ վիճակվել է վերապրել քո պայծառատեսության պահին... Շա՜տ բան է իր մեջ բովանդակում պայծառատես Բուդդայի ուսմունքը, շատ֊շատերին այն կուսուցանի ճիշտ և արդարամիտ ապրելու արվեստը, չարից խուսափելու գիտությունը։ Միայն մի բան կա, որ պակասում է այդ այնքան պարզ ու այնքան բարձրուվեհ ուսմունքին. այն իր մեջ չի բովանդակում, նրա մեջ բացահայտված չէ այն բանի գաղտնիքը, թե ի՛նչ է Վեհագույնն ինքը վերապրել, միայնումիայն նա՝ հարյուր հազարավորների մեջ։ Ահա՛ թե ես ինչ էի մտածում և ինչ հասկացա ուսմունքն ունկնդրելիս։ Սա է պատճառը, որ ես որոշեցի վերստին շարունակել իմ որոնումները և ճանապարհ ընկնել, բնավ ոչ այն նպատակով, որ մեկ ուրիշ, ավելի լավ ուսմունք գտնեմ, քանզի ես արդեն գիտեմ, որ այդպիսին չկա, այլ որպեսզի բոլոր ուսմունքներին ու բոլոր ուսուցիչներին մնաս բարով ասեմ ու միայնակ մնալով, մենության մեջ իմ նպատակին հասնեմ, և կամ վախճանվեմ։

Բուդդան խոնարհ հայացքը հառել էր գետնին, խաղաղ, կատարյալ անվրդովությամբ էր ճառագում նրա անթափանց ու անորսալի դեմքը։— Թող որ քո մտքերը հանկարծ մոլորություն դուրս չգան,— դանդաղ, ծոր տալով խոսեց Վեհագույնը։— Ես քեզ ցանկանում եմ, որ դու հասնես քո նպատակին... Բայց, ասա՛ ինձ, դու տեսա՞ր իմ սամանաների բազմությունը, իմ բազմահազար եղբայրներին, որոնք ապաստան են գտել իմ ուսմունքի մեջ։ Եվ դու կարծում ես, օտարական սամանա, դու կարծում ես, որ նրանց բոլորի համար ավելի լավ կլինի հրաժարվե՞ն այդ ուսմունքից և վերադառնան աշխարհիկ կյանքի՞ն, որ լի է ամեն տեսակի կրքերո՞վ։— Ես շատ հեռու եմ նման գաղափարից,— բացականչեց Սիդհարթան։— Թող նրանք բոլորը հավատարիմ մնան ուսմունքին, թող հասնեն իրենց նպատակին։ Ինձ չի պատշաճում դատել ուրիշներին։ Միայն ինձ համար, միայնումիայն ի՛նձ համար հարկ է որ ես դատավճիռ կայացնեմ, ընտրել մի բան, մերժել մյուսը։ Մենք, սամանաներս, որոնում ենք եսից ազատագրվելու ուղին, ո՜վ Վեհագույնդ։ Եթե ես դառնամ մեկը քո աշակերտներից, ո՜վ Վսեմափայլ, ապա ես վախենում եմ, որ իմ եսը միայն արտաքուստ, թվացյալ իմաստով միայն հանգիստ կառնի ու փրկություն կգտնի, իսկ իրականում այն կշարունակի ապրել և նույնիսկ գուցե ավելի կմեծանա, կաճի, քանզի այդ դեպքում հենց ինքը՝ ուսմունքը և նրա նկատմամբ իմ հավատարմությունը, քո հանդեպ իմ տածած սերը և վանականների համայնքային կյանքը կդառնան իմ եսը...Կիսաժպիտը դեմքին, անվրդով պայծառությամբ ու բարյացկամությամբ Գոթաման նայեց օտարականի հայացքի մեջ ու հրաժեշտ տվեց նրան գրեթե անտեսանելի շարժումով։— Խելացի ես դու, ո՜վ սամանա,— նկատեց Վսեմափայլը։— Եվ գիտես խելացի խոսել, բարեկամս։ Զգուշացի՛ր, սակայն, չափից ավելի խելամտություններ արտահայտելուց։Ասելուն պես Բուդդան շրջվեց ու հեռացավ, սակայն նրա հայացքն ու կիսաժպիտը հավերժ դաջվեցին֊մնացին Սիդհարթայի հիշողության մեջ։— Ես երբեք չեմ տեսել այսպիսի մի մարդու, որն այդօրինակ հայացք ու ժպիտ ունենար, որ այդպիսի նիստուկացի տիրապետելիս լիներ,— մտածեց Սիդհարթան,— ես ինքս էլ կուզենայի նրա հայացքն ու ժպիտն ունենայի, նրա նման նստել ու քայլել իմանայի, այնպես անբռնազբոս ու ազատ, այնպես արժանապատիվ, ծածուկ ու բացազատ, մանկան նման այնքան պարզ ու խորհրդավոր։ Այդպես իրականում կարող է նայել ու քայլել միայն այն մարդը, որին վիճակվել է ներթափանցել իր եսի ամենաթաքուն խորխորատները։ Ուրեմն ես էլ կփորձեմ հասնել իմ եսի ամենախոր շերտերը։— Ես տեսա մի մարդու,— շարունակում էր մտածել Սիդհարթան,— միակ մարդուն, որի առաջ ես պետք է հայացքս խոնարհեի։ Ուրիշ էլ ո՛չ ոքի առաջ ես այլևս չեմ ցանկանում հայացքս խոնարհել, ո՛չ ոքի առաջ։ Այլևս ոչ մի ուսմունք չի կարող ինձ գայթակղել, եթե այս մարդու ուսմունքը չկարողացավ ինձ իրեն ենթարկեցնել։— Ինձ թալանեց, կողոպտեց Բուդդան,— մտածում էր Սիդհարթան,— նա ինձ շատ բանից զրկեց, բայց ավելի շատ բաներ պարգևեց նա ինձ։ Նա ինձանից խլեց իմ ընկերոջը, այն մարդուն, որն հավատում էր ինձ և որն այլևս իրեն է հավատում, նա՛, որ իմ ստվերն էր ու հիմա Գոթամայի ստվերը դարձավ։ Փոխարենը, սակայն, նա ինձ նվիրեց Սիդհարթային, նվիրեց հենց ինձ։

Նա տեսնում էր վաճառականներին՝ առևտուր անելիս, իշխաններին՝ որսի շտապելիս, մահացածների վրա սգացող հարազատներին, իրենց փաղաքշանքներն առաջարկող պոռնիկներին, հիվանդի համար հոգացող բժիշկների, քուրմերի, որ հունձքի ժամանակն են որոշում, իրար սիրատածող ու փաղաքուշ սիրահարների, նորածիններին կերակրող մայրերի, և ոչինչ, ոչինչ նա արժանի չէր համարում իր հայացքին. այդ ամենը սուտ էր, խաբեություն, ողջը գարշահոտող կեղծիք էր, ողջը միայն թվացյալ իմաստ էր պարունակում, կեղակարծ երջանկություն ու գեղեցկություն, ողջը բուրում էր անգիտակից փտախտով ու նեխահոտությամբ։ Դառնապատիր համ ուներ աշխարհը։ Ողբ ու տառապանք էր կյանքը։Մի նպատակ էր կանգնած Սիդհարթայի առաջ, մեն մի նպատակ. դատարկվել ամեն ինչից, իր միջից դուրս մղել ամենայն ձգտում ու ցանկություն, ձերբազատվել երազներից, հրաժարվել ուրախություններից ու տառապանքից։ Ինքն իրենից հեռանալ֊անէանալ, դադարել սեփական եսը զգալուց, դատարկված սրտի համար հանգիստ գտնել, ինքնաձերբազատված ու ինքնօտարված մտքի մեջ պատրաստ լինել ընդունելու հրաշքը, սա էր նրա նպատակը։ Երբ ողջ եսը հաղթահարված ու մահացած լիներ, երբ սրտում բույն դրած բոլոր ցանկություններն ու մղումները մարած լինեին, այդժամ արդեն պետք է ծնունդ առներ այն ամենակատարյալը, այն նվիրական բանը, որն այլևս եսը չէ, այն մեծահսկա գաղտնիքը։

— Ի՞նչ է ինքնախորասուզումը։ Ի՞նչ ասել է մարմնից հրաժարումը։ Ի՞նչ է ծոմ պահելը կամ ի՞նչ ասել է շնչառության կանգառումը։ Դա փախուստ է եսից, դա մի կարճատև փախուստ է սեփական եսի կեցության տառապանքներից, կյանքի անիմաստության ու ցավի հանդեպ մի կարճաժամկետ ինքնաթմրեցում։ Այդ նույն փախուստը, այդ նույն ժամանակավոր ընդարմացումը եզնարածը գտնում է իջևանատանը, երբ նա մի քանի գավաթ բրնձագինի է ըմբոշխնում կամ էլ՝ եփ գալուց թթվեցված կոկոսի կաթ։ Այդժամ նա այլևս իր եսը չի զգում, այդժամ նա այլևս չի զգում կյանքի տառապանքները, այդժամ նա ժամանակավորապես ընդարմացում է գտնում։ Բրնձագինու գավաթի վրա նիրհած միջոցին նա գտնում է նույն բանը, ինչ Սիդհարթան ու Գովինդան են գտնում, երբ երկարատև վարժանքների արդյունքում նրանք հեռանում են իրենց մարմնավոր թաղանթից և բնակություն հաստատում ոչ֊եսի մեջ։

Մենք գտնում ենք մխիթարություններ, սփոփանք, մենք գտնում ենք ընդարմացումներ, ուսանում հմուտ ճարտարություններ, որոնցով ինքներս մեզ խաբում ենք։ Սակայն ամենակարևորը՝ ուղիների ուղին, մենք այդպես էլ չենք գտնում։

Դանդաղ ընթանալով իր ճանապարհով՝ նա ցանկանում էր հասկանալ ինքն իրեն, ինչպես մի մարդ, որ սուզվել էր խորը ջրի մեջ, նա խորացավ մինչև այդ զգացողության հատակը, մինչև նրա սկզբնապատճառները, քանզի կարծում էր, որ պատճառների ճանաչման մեջ է հենց մտածողության նպատակը։ Միայն այդ պայմանով զգացողությունները դառնում են ճանաչողություն ու չեն կորչում, այլ էություն են ձեռք բերում և սկսում են ճառագել այն լույսը, որ պարփակված է իրենց մեջ։Դանդաղ ընթանալով իր ճանապարհով՝ Սիդհարթան ընկել էր մտածությունների գիրկը։ Նա հասկացավ, որ ինքն այլևս դադարել էր պատանի լինելուց, տղամարդ էր դարձել։ Նա հասկացավ, որ ինչպես օձն է իր կաշին փոխում, ինքն էլ իր վրայից նետել է մի բան, որն իր ողջ պատանեկության ընթացքում իր ուղեկիցն էր եղել, իրեն է պատկանել. ազատվել էր ուսուցիչ ունենալու և այլոց ուսմունքներին հետևելու ցանկությունից։ Իր ճանապարհին հանդիպած վերջին ուսուցչին, վսեմագույն և իմաստնագույն ուսուցչին, սրբազան Բուդդային ինքը լքել էր, հարկադրված բաժանվել էր նրանից, անկարող լինելով ընդունելու նրա ուսմունքը։

«Բայց իսկապես ի՞նչ էիր դու ցանկանում սովորել ուսուցիչներից ու նրանց ուսմունքներից, և այդ ի՞նչն էր, որ ինչքան էլ նրանք փորձեցին քեզ սովորեցնել, սակայն այդպես էլ չկարողացան։— Եվ նա գտավ պատասխանը։— Սեփական եսի, նրա իմաստի ու էության ճանաչողությունը, ահա՛ թե ինչի էի ես ձգտում, ինչ էի ցանկանում սովորել։ Ես ուզում էի ձերբազատվել նրանից, հաղթահարել իմ եսը։ Բայց այդ բանը ես չկարողացա անել, ես կարողացա լոկ մոլորեցնել նրան, փախչել նրանից, թաքնվել նրանից։ Իսկապես, աշխարհում ոչինչ այնքան չէր զբաղեցնում իմ միտքը, որքան իմ այդ եսը, այն հանելուկը, որ ես ողջ եմ, ապրում եմ, այն, որ ես բոլոր մյուսներից տարբեր ու առանձնակի մի բան եմ ինձանից ներկայացնում, որ ես Սիդհարթան եմ... Եվ աշխարհում ոչ մի բանի մասին ես այնքան ավելի քիչ չգիտեմ, որքան Սիդհարթայի մասին...»։

«Այն որ ես ոչինչ չգիտեմ իմ մասին, որ Սիդհարթան ինձ համար մնում էր օտար ու անծանոթ մեկը, գալիս է մեն֊միակ պատճառից, այն որ ես վախենում էի ինքս ինձանից, փախչում էի ինքս ինձանից... Ես փնտրում էի Աթմանը, փնտրում էի բրահման, ես կամենում էի իմ եսը բաժան֊բաժան անել, մասերի բաժանել, մաքրել բոլոր թաղանթներից, որպեսզի նրա անծանոթ խորխորատներում գտնել կարողանայի բոլոր այդ թաղանթների սրտամիջուկը՝ Աթմանին, կյանքը, աստվածայինը, նախասկզբնատուին։ Ընդսմին, այդ փնտրտուքի մեջ, սակայն, ես ինքս ինձ կորցրեցի»։

«Օ՜,— մտածեց նա՝ թեթևացած շունչ քաշելով,— հիմա ես այլևս թույլ չեմ տա, որ Սիդհարթան խույս տա ինձանից։ Ես այլևս իմ մտքերն ու կյանքը չեմ նվիրաբերելու Աթմանին ու երկրային տառապանքին։ Ես այլևս ինձ չեմ սպանելու ու քայքայելու պես կտոր֊կտոր անելու, որպեսզի ավերակների ետևում ինչ֊ինչ գաղտնիք գտնեմ։ Ես այլևս չեմ ղեկավարվելու , ոչ Աթհարվավեդայով ոչ ճգնակեցությամբ կամ որևէ այլ ուսմունքով։ Ինքս ինձ մոտ ես պետք է ուսանեմ, ես ուզում եմ ինքս իմ աշակերտը լինել, ինքս ինձ ճանաչել, գաղտնիքը, որ կոչվում է Սիդհարթա»։

«Եվ ինչքա՜ն խուլ ու բութ էի ես,— մտածեց Սիդհարթան՝ քայլերն արագ֊արագ գցելով։— Երբ մեկը մի ձեռագիր է ընթերցում և ցանկանում է հասկանալ նրա իմաստը, նա երբեք չի արհամարի կամ ատի նշաններն ու տառերը և նրանց չի կոչի խաբկանք, մոլորություն, պատահականություն կամ անարժեք թաղանթ, այլ նա կընթեռնի դրանք՝ տառ առ տառ, սիրով կլցվի նրանց նկատմամբ, ամեն տառի ու նշանի հանդեպ։ Մինչդեռ ես, որ ցանկանում էի ընթեռնել աշխարհի և իմ սեփական էության գիրքը, մի ինչ֊որ նախապես ենթադրյալ իմաստի սիրույն արհամարհանքով էի նայում նշաններին ու տառերին, երևույթների աշխարհը ես կոչում էի մոլորություն ու խաբկանք, իմ աչքն ու իմ լեզուն անվանում էի պատահական ու արժեզուրկ երևույթներ։ Օ՜ ոչ, դա արդեն անցյալին է պատկանում, ես արդեն արթնացել եմ, ես իսկապես որ արթնացել եմ, ես հենց միայն այսօր եմ ծնվել»։

Սիդհարթան միշտ մի նոր բան էր սովորում իր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, քանի որ աշխարհը փոխակերպվել էր, և իր սիրտն էլ կախարդված էր։ Նա տեսնում էր արևի ծագումը անտառոտ լեռան թիկունքից և նրա մայրամուտը հեռավոր արմավենիների ծովափին նշմարվող հորիզոնի ետևում։ Գիշերները նա տեսնում էր աստղերի ընթացքը երկնքում, լուսնեղջույրը, որ լողում էր կապույտի մեջ՝ որպես մի նավակ։ Նա տեսնում էր ծառերը, աստղերը, կենդանիներին, ամպերը, ծիածանը, ժայռածերպերը, խոտասեզերը, ծաղիկները, աղբյուրն ու գետը, վաղորդայնի թփուտների մեջ փայլատակող ցողը, հեռվում երևակվող կապտաթույր ու սպիտակափառ լեռները, թռչունների երգեցողությունն ու մեղուների բզզոցը, արծաթագույն բրնձի դաշտերում թևածող քամու շշնջոցը։ Այդ ամենը, հազարածալ ու բազմաբղետ, միշտ էլ գոյություն է ունեցել, նախկիններում էլ արեգակն ու լուսինը մշտապես փայլատակել են, գետերն աղմկել ու մեղուներն իրենց բզզոցն են արձակել, սակայն այն երբեմնի ժամանակներում այդ ամենը Սիդհարթայի համար այլ բան չի եղել, քան հպանցիկ մի երևույթ, պատրանքով բուրող տեսախաբություն, որ ժամանակ առ ժամանակ երևակվում էր իր աչքերի առաջ, որոնց կասկածելի գոյության հանդեպ հարկ էր լոկ աչք փակել և որը հենց միայն այն նպատակով գոյություն ուներ, որպեսզի խզվեր ու ոչնչացվեր մտածողության կողմից, քանի որ դա էություն չէր, քանի որ էությունները գտնվում էին հասանելիի, տեսանելիի սահմաններից անդին։ Այժմ, սակայն, նրա ազատագրված հայացքը կանգ էր առնում այն ամենի վրա, ինչն ընկած էր այս կողմում, նա տեսնում ու ճանաչում էր տեսանելին, հայրենիք էր փնտրում այս աշխարհում, իրերի էությունները չէր փնտրում, չէր ձգտում դեպի այնկողմնայինը։ Գեղեցիկ էր աշխարհը, երբ մարդս այն ընկալում է այնպես, ինչպիսին այն կա, այդպես՝ առանց որոնելու, այնպես պարզ ու մանկամտորեն։ Գեղեցիկ էին լուսինն ու աստղերը, սքանչելի էին աղբյուրն ու ծովեզերքը, անտառն ու ժայռը, այծերն ու ոսկեթև բզեզները, ծաղիկներն ու թիթեռնիկները։ Որքա՜ն հիասքանչ ու սիրելի էր քայլել այդ աշխարհով, մանկան պես, արթնացած, հոգին պարզած ամենայն մերձավորին, հաշտ ու խաղաղ, առանց տարակույսի դույզն֊ինչ նշույլի։

Երկար ժամանակ ինձանից պահանջվեց և դեռ վերջին չեմ հասել այս մեն֊միակ բանը հասկանալու համար, ո՜վ Գովինդա. այն, որ հնարավոր չէ որևիցե բան սովորել... Ես կարծում եմ, որ իրականում չկա, գոյություն չունի այն բանը, ինչը մենք «սովորել» ենք անվանակոչում։ Կա, գոյություն ունի, բարեկամս, միայն մի՛ գիտելիք, որն ամենուր է և դա Աթմանն է, այն իմ մեջ է և քո մեջ և յուրաքանչյուր էակի մեջ։ Եվ ահա ես սկսում եմ հավատալ, որ ճանաչողությունը, գիտությունը չունի ավելի կատաղի թշնամի, քան գիտենալու ցանկությունն է, քան սովորելը։

ՔԱՄԱԼԱ
Սիդհարթան միշտ մի նոր բան էր սովորում իր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, քանի որ աշխարհը փոխակերպվել էր, և իր սիրտն էլ կախարդված էր։ Նա տեսնում էր արևի ծագումը անտառոտ լեռան թիկունքից և նրա մայրամուտը հեռավոր արմավենիների ծովափին նշմարվող հորիզոնի ետևում։ Գիշերները նա տեսնում էր աստղերի ընթացքը երկնքում, լուսնեղջույրը, որ լողում էր կապույտի մեջ՝ որպես մի նավակ։ Նա տեսնում էր ծառերը, աստղերը, կենդանիներին, ամպերը, ծիածանը, ժայռածերպերը, խոտասեզերը, ծաղիկները, աղբյուրն ու գետը, վաղորդայնի թփուտների մեջ փայլատակող ցողը, հեռվում երևակվող կապտաթույր ու սպիտակափառ լեռները, թռչունների երգեցողությունն ու մեղուների բզզոցը, արծաթագույն բրնձի դաշտերում թևածող քամու շշնջոցը։ Այդ ամենը, հազարածալ ու բազմաբղետ, միշտ էլ գոյություն է ունեցել, նախկիններում էլ արեգակն ու լուսինը մշտապես փայլատակել են, գետերն աղմկել ու մեղուներն իրենց բզզոցն են արձակել, սակայն այն երբեմնի ժամանակներում այդ ամենը Սիդհարթայի համար այլ բան չի եղել, քան հպանցիկ մի երևույթ, պատրանքով բուրող տեսախաբություն, որ ժամանակ առ ժամանակ երևակվում էր իր աչքերի առաջ, որոնց կասկածելի գոյության հանդեպ հարկ էր լոկ աչք փակել և որը հենց միայն այն նպատակով գոյություն ուներ, որպեսզի խզվեր ու ոչնչացվեր մտածողության կողմից, քանի որ դա էություն չէր, քանի որ էությունները գտնվում էին հասանելիի, տեսանելիի սահմաններից անդին։ Այժմ, սակայն, նրա ազատագրված հայացքը կանգ էր առնում այն ամենի վրա, ինչն ընկած էր այս կողմում, նա տեսնում ու ճանաչում էր տեսանելին, հայրենիք էր փնտրում այս աշխարհում, իրերի էությունները չէր փնտրում, չէր ձգտում դեպի այնկողմնայինը։ Գեղեցիկ էր աշխարհը, երբ մարդս այն ընկալում է այնպես, ինչպիսին այն կա, այդպես՝ առանց որոնելու, այնպես պարզ ու մանկամտորեն։ Գեղեցիկ էին լուսինն ու աստղերը, սքանչելի էին աղբյուրն ու ծովեզերքը, անտառն ու ժայռը, այծերն ու ոսկեթև բզեզները, ծաղիկներն ու թիթեռնիկները։ Որքա՜ն հիասքանչ ու սիրելի էր քայլել այդ աշխարհով, մանկան պես, արթնացած, հոգին պարզած ամենայն մերձավորին, հաշտ ու խաղաղ, առանց տարակույսի դույզն֊ինչ նշույլի։ Արևն այլ կերպ էր գլուխդ այրում, մեկ ուրիշ կերպ էին զովություն պարգևում անտառի ստվերները, ուրիշ կերպ էին բուրում աղբյուրն ու գետնափոր ջրապահեստը, սեխն ու բանանները։ Օրերն ավելի կարճ էին թվում, գիշերներն՝ ավելի շուտանցիկ, ժամերն իրար ետևից թռչում էին ու անհետանում, ինչպես ծովում լողացող առագաստը, և առագաստի ներքո նավն էր՝ գանձերով լի, հաճույքներով լեփլեցուն։ Սիդհարթան տեսավ կապիկների մի թափառախումբ, որ թրև էր գալիս անտառի բարձրաբերձ կամարի ներքո, բարձրուղեշ ճյուղերի մեջ, լսում էր նրանց վայրի, վավաշոտ երգեցողությունը։ Սիդհարթան տեսավ, թե ինչպես է խոյը հետապնդում մաքիին ու զուգավորվում նրա հետ։ Նա տեսավ, թե ինչպես էր եղեգնուտին սահմանակցող լճակում երեկոյան քաղցը հագեցնելու համար որսի դուրս եկել շնաձուկը, ինչպես էին նրա առջևից փախչում երիտասարդ ձկնիկները, որ վախը սրտներում, ժամանակ առ ժամանակ, ամբողջ վտառներով ցատկոտում էին լճակի մակերևույթին՝ փայլեցնելով իրենց ոսկե թեփուկները։ Ուժ ու խանդավառ կիրք էր ճառագում շուրջբոլորը՝ ձկնորսի կատաղի ու ինքնամոռաց ընթացքից գոյացած ջրակոհակներից։Այդ ամենը մշտապես եղել է և ինքը առաջներում չի էլ նկատել դա, նա այդ ամենին ներկա կամ մասնակից չի եղել։ Հիմա ինքն այդ ամենին մասնակից է ու ներկա, ինքը պատկանում է դրան։ Իր հայացքի միջով սահում֊անցնում էին լույսն ու ստվերը, իր սրտի միջով անց էին կենում աստղերն ու լուսինը։Ճանապարհին Սիդհարթան մտաբերում էր նաև այն ամենը, ինչ ինքը վերապրել էր Յեթավանայի պարտեզներում, ուսմունքը, որն այնտեղ ինքը լսել էր, աստվածային Բուդդային, Գովինդայի հետ իր հրաժեշտը, Վեհագույնի հետ իր ունեցած զրույցը։ Նա կրկին վերհիշեց Վեհագույնի հետ իր զրույցի մանրամասները, այն խոսքերը, որ ինքը ասել էր նրան, բառ առ բառ, և զարմանքով նկատեց, որ այն ժամանակ ասել ու խոսել էր բաների մասին, որոնց վերաբերյալ այնժամ ինքը հստակ պատկերացում անգամ չուներ, նույնիսկ չգիտեր էլ դրանց մասին։ Այն, ինչ ինքն այն ժամանակ ասել էր Գոթամային, որ Բուդդայի գանձն ու գաղտնիքը ոչ թե նրա ուսմունքն էր, այլ այն անարտահայտելին ու ուսուցման չտրվողը, ինչը նա երբևէ զգացել ու վերապրել էր իր պայծառատեսության պահին, հենց դա էր, որ ինքն այժմ սկսել էր վերապրել։ Նա հիմա ինքն իրեն պետք է վերապրեր։ Իրականում նա շատ վաղուց գիտեր, որ իր եսը Աթմանն էր, որը ծագում էր այն նույն հավերժական էությունից, ինչ և բրահման։ Բայց ինքը, իրականում, այն երբեք չէր գտել, որովհետև ինքը այն մտքի ցանցով էր ցանկացել որսալ։ Եթե իսկապես մարմինը չէր այդ եսը և ոչ էլ զգացմունքների խաղը, ապա հաստատապես այդպիսիք չէին կարող լինել ո՛չ միտքը, ո՛չ բանականությունը, ո՛չ սովորովի իմաստնությունը, ո՛չ եզրահանգումներ անելու ձեռքբերովի արվեստը, ո՛չ էլ արդեն իսկ մտածված բաներից նորանոր մտքեր հղանալու կամ հյուսելու ունակությունը։ Ո՛չ, մտածությունների այդ աշխարհն էլ դեռևս այսրկողմնային չէր, և բոլորովին անիմաստ էր սպանել զգացմունքի պատահականության ծնունդ հանդիսացող եսը, փոխարենը ուժերը ներածին չափով սնուցանելով մտքերի, սովորովի գիտելիքների պատահական եսը։ Երկուսն էլ՝ ինչպես մտքերը, այնպես էլ՝ զգացմունքները, գեղեցիկ բաներ էին, որոնց թիկունքում թաքնված էր ողջի ու ամենի իրական իմաստը, երկուսին էլ, թե՛ մեկին, թե՛ մյուսին հարկավոր էր ունկնդրել, խաղալ նրանց հետ, նրանց ոչ պետք էր անտեսել, ոչ էլ թերագնահատել, երկուսի մեջ էլ հարկավոր էր լսել նրանց խորքերում հնչող ծածուկ ձայները։ Եվ նա վճռել էր ընթանալ դեպի այնտեղ, ուր իրեն առաջնորդում էր իր ներքին ձայնը և չմնալ այնտեղ, ինչից իրեն ետ էր պահում այդ նույն ներքին ձայն կոչվածը։ Ինչո՞ւ էր Գոթաման այն ժամանակ, այն բարձրագույն պահին, նստել Բո ծառի տակ, երբ նրան պայծառատեսությունն այցելեց։ Նա լսել էր ձայնը, իր սեփական սրտի ձայնը, որն իրեն կարգադրել էր հանգիստ առնել այդ ծառի ներքո, և նա հետ կանգնեց, հրաժարվեց իր մարմնի ինքնաձաղկումից, զոհեր մատուցելուց, լվացումներից ու աղոթքներից, որոշեց ուտել ու խմել, քնանալ ու երազներին տրվել, նա անսաց իր ներքին ձայնին։ Այդպես հլու֊հնազանդ անսալ, բայց ոչ արտաքին հրամանին, այլ միայն ներքին ձայնին, պատրաստ լինել դրան, դա հիանալի էր, մնացյալը բնավ անհրաժեշտություն չէր։Գիշերը, երբ նա քուն էր մտած գետն անցկացնող լաստանավորդի ծղոտե հյուղակում, Սիդհարթան մի երազ տեսավ. Գովինդան կանգնած էր նրա առաջ՝ ճգնավորի դեղին սքեմ զգեցած։ Գովինդան տխուր տեսք ուներ և նույն տխուր շեշտով էլ հարցրեց. «Ինչո՞ւ դու ինձ լքեցիր»։ Այդժամ ինքը գրկեց, համբուրեց Գովինդային, ձեռքը նրա ուսովը գցեց, և մինչ նա բարեկամին սեղմել էր իր կրծքին ու համբուրում էր նրան, վերջինս այլևս Գովինդան չէր, այլ մի կին, և այդ կնոջ հանդերձանքի տակից դուրս էր ցցվել հասուն ու առլեցուն կուրծքը, որի կողքին պառկել էր Սիդհարթան, խմում էր ու խմում, քաղցր ու ուժգնահամ ուներ այդ կրծքի կաթը։ Այն կնոջ ու տղամարդու համ ուներ, բուրում էր արևով ու անտառով, կենդանիներով ու ծաղիկներով, զանազան տեսակի մրգերով ու հաճույքներով։ Այն արբեցնում էր ու թմրեցնում գիտակցությունը։ Երբ Սիդհարթան արթնացավ, հյուղակի դռնակից երևաց գետակի գունատ լուսափայլը, իսկ անտառում բարձր ու զիլ հնչում էր թուխ բվեճի արձակած կռինչը։Օրը բացվելուն պես Սիդհարթան խնդրեց իր հյուրընկալին, լաստավարին, իրեն գետի հանդիպակաց ափը փոխադրել։ Լաստանավորդը նրան նստեցրեց գետափին կապված բամբուկից հյուսկեն լաստամակույկին ու տեղափոխեց դիմացի ափը։ Վաղորդայնի լույսերի մեջ թաթախված կարմրին տվող փայլեր էր արձակում ընդարձակ փռված ջրազանգվածը։— Շա՜տ գեղեցիկ գետ է,— ասաց նա իր ուղեկցին։— Այո՛,— վրա բերեց լաստավարը,— անչա՜փ գեղեցիկ է, ես այն ամեն ինչից շատ եմ սիրում։ Ես հաճախ եմ ունկնդրել նրան, հաճախ եմ նայել նրա աչքերի մեջ և ամեն անգամ նորանոր բաներ եմ սովորել նրանից։ Գետից կարելի է շատ բան սովորել։— Ես շնորհակալ եմ քեզանից, իմ բարերար,— ասաց Սիդհարթան, երբ նա արդեն դիմացի ափին իջևանեց։— Ես նվեր չունեմ քեզ ընծայելու, սիրելիս, ոչ էլ կարող եմ ուրիշ կերպ վարձահատույց լինել քեզ։ Ես մի անհայրենիք թափառաշրջիկ եմ, տնանկ մի բրահմանորդի ու սամանա։— Ես ինքս էլ գլխի ընկա, թե ով ես դու,— ասաց լաստավարը,— ես քեզանից վարձ չեմ ակնկալում և ոչ էլ որևէ ընծա։ Դու իմ նվերը մեկ ուրիշ անգամ կտաս։— Դու այդպե՞ս ես կարծում,— զվարճախոսեց Սիդհարթան։— Վստահաբա՛ր։ Ես դա էլ եմ գետից սովորել. ամենքը վերադառնում են... Դո՛ւ էլ, սամանա, մի օր կվերադառնաս։ Դե, մնաս բարով... Քո բարեկամությունը թող ինձ ընծա լինի։ Ամեն անգամ հիշիր ինձ՝ աստվածներին զոհեր մատուցելիս։Ժպտադեմ՝ նրանք բաժանվեցին իրարից։ Փայլատակող ժպիտն աչքերում՝ Սիդհարթան հրճվանք էր ապրում լաստավարի մերձակցության ու բարեկամական պահվածքի համար։ «Նա կարծես Գովինդան լինի,— ժպտադեմ մտածեց նա,— բոլոր մարդիկ, ում ես հանդիպել եմ իմ ճանապարհին, ասես Գովինդան լինեն։ Բոլորը երախտապարտ են ու շնորհակալ, թեև իրենց նկատմամբ է պատշաճում շնորհապարտ լինել։ Բոլորը հարգանքով են լցված, բոլորը հաճույքով ցանկանում են բարեկամ լինել, հաճույքով են հնազադվում և խորհրդածում են հնարավորինս քիչ։ Մարդիկ նման են երեխաների»։Կեսօրվա կողմ նա մի գյուղակում հայտնվեց։ Փողոցներում, կավաշեն տնակների առաջ վազվզում էին երեխաները, խաղում սեխի կճեպներով ու խխունջներով, բղավում էին ու իրար հետ գզվռտվում, սակայն օտարական սամանային տեսնելուն պես՝ վախվորած մի կողմ քաշվեցին։ Գյուղակի ծայրում մի ճանապարհ էր անցնում աղբյուրի կողքով, իսկ աղբյուրի եզրին մի կին էր ծունկի եկել ու լվացք էր անում։ Երբ Սիդհարթան ողջունեց նրան, կինը գլուխը բարձրացրեց և ժպտադեմ նրա կողմը նայեց, այնպես որ Սիդհարթան նկատեց նրա աչքի մեջ փայլատակող սպիտակուցի պեծպեծանքը։ Նա կնոջը ողջունեց ճամփորդող վանականներին հատուկ սովորական օրհնաբանությամբ ու հարցրեց, թե դեռ որքան երկար է ճանապարհը մինչև մեծ քաղաքը։ Այդժամ կինը տեղից վեր կացավ, ոտքի կանգնեց, մոտեցավ նրան, այնպե՜ս գեղեցիկ էին փայլում կնոջ խոնավ շրթունքները նրա երիտասարդ դեմքի վրա։ Դեռատի կինը սկսեց կատակաբանել նրա հետ և հարցրեց, թե արդյո՞ք ճամփորդը քաղցած չէ, ճի՞շտ է արդյոք, որ սամանաները միայն անտառներում են գիշերում և նրանց արգելված է կանանց հետ հարաբերվել։ Ասելուն պես կինը նրա աջ ոտքն առավ իր ձախ ոտքի մեջ և այնպիսի մի շարժում արեց, որպիսին կանայք անում են, երբ հրավիրում են տղամարդուն փաղաքուշ սիրախաղի, ինչը դասագրքերն անվանում են «ծառամագլցման արվեստ»։ Սիդհարթան զգաց, թե ինչպես է արյունը եռ գալիս իր մեջ, և քանի որ այդ պահին նա մտաբերեց իր տեսած երազը, նա փոքր֊ինչ խոնարհվեց կնոջ վրա և շրթունքներով հպվեց նրա կրծքի սրածայր պտուկին։ Իսկ երբ բարձրացրեց աչքերը ու նայեց կնոջ ժպտացող դեմքին, այնտեղ նկատեց կրքոտության կնիքը և նեղացած աչքերում՝ ցանկասեր կարոտախտը։Սիդհարթան ևս համակվեց ըղձատենչ կարոտախտով ու սեռերի մոլուցքով։ Բայց քանի որ ինքը դեռևս երբեք որևէ կնոջ մատով դիպած չկար, մի պահ միայն վարանեց, մինչդեռ նրա ձեռքերն արդեն իսկ պատրաստ էին գրկելու կնոջը։ Եվ հենց այդ պահին նրա մարմնով սարսուռ անցավ ու նա ընկալեց իր ներքին ձայնը, որն ասում էր՝ ոչ։ Եվ անմիջապես էլ դեռատի կնոջ ժպտուն դեմքը նրա համար կորցրեց իր ողջ գրավչությունը և նա տեսավ միայն սեռական մոլուցքով, կտղանքով բռնված կնոջ խոնավությամբ բուրող կենդանական դեմքը։ Նա քնքշորեն շոյեց կնոջ այտը, հետո կտրուկ շրջվեց ու ճկուն սահքով անհետացավ՝ հուսախաբությանն անձնատուր կնոջից թաքնվելով բամբուկի մարգագետնում։Նույն օրը՝ երեկոյան դեմ նա հասավ մեծ քաղաքի դարպասների մոտ և շատ ուրախացավ, քանի որ ձգտում էր մարդկանց հետ շփվել։ Երկար ժամանակ էր նա ապրել անտառներում և լաստավարի ծղոտե հյուղակն այդ ամբողջ ընթացքում եղել էր այն միակ ծածկը, որի ներքո ինքը գիշերներ էր անցկացրել։Քաղաքի մատույցներում, գեղեցիկ ցանկապատով շրջանակված այգեստանի մերձակայքում, ճամփորդի դեմ հանդիման հայտնվեց զամբյուղներով ծանրաբեռնված սպասուհիների ու սպասավորների փոքրիկ թափորը։ Նրանց ճիշտ և ճիշտ մեջտեղում, չորս ծառաների ուսնած բազմաբղետ ու նկարեն պատգարակի վրա, կարմիր բարձերին թիկնեթեկին տված, արևից պաշտպանող գունագեղ գահածածկույթի ստվերում բազմած էր մի տիկին, նրանց տիրուհին։ Սիդհարթան կանգ առավ աչք շոյող այգեստանի մուտքի առաջ և ուշիուշով նայում էր թափորի երթին, տեսավ ծառաներին, սպասուհիներին, կողովները, տեսավ գահածածկույթը և նրա ներքո բազմած տիկնոջը։ Սևաթույր վարսերի բարձր սանրվածքի տակ նա տեսավ լուսաճառագ, նրբանուրբ ու խելացի մի դեմք, վառ կարմիր բերանը՝ ասես նորաբաց թուզ հիշեցնող, գեղամշակված ու սնգույրով գծաներկված բարձրաղեղ ունքերը, սևաթույր աչքերը՝ խելացի ու զգոն, լուսապայծառ երկար պարանոցը, որ վեր էր խոյանում կանաչ ու ոսկեգույն վերնազգեստից, հանդարտ կախ ընկած լուսավոր ձեռքերը՝ երկարուկ ու բարալիկ, հոդախաղերին ընդելուզված ոսկեձույլ ու լայն ապարանջաններով։Սիդհարթան տեսավ նրա գեղեցկությունը և նրա սիրտը հրճվանքից ուռչեց։ Նա խորը գլուխ տվեց, երբ գահավորակը իրեն մոտեցավ և վերստին ուղղվելով՝ հայացքը սևեռեց այդ լուսավոր ու նրբենի դեմքին, մի պահ նրա հայացքը գամվեց կնոջ խելամիտ, բարձր ու կամարաձև ունքերի տակ երևակվող աչքերին, ներշնչելով իրեն անծանոթ անուշահոտությունների զգլխիչ բույրը։ Կինը ժպիտով պատասխանեց նրա երկրպագության ցույցերին և մի ակնթարթ անց նա այլևս անհետացավ պարտեզում, նրա հետևից էլ՝ իր սպասավորները։։«Ահա՛ ես մուտք եմ գործում այս քաղաքը,— մտածեց Սիդհարթան,— մի այսպիսի հմայիչ նախանշանի ներքո»։Նա ցանկություն ունեցավ անմիջապես ոտք դնել պարտեզի ցանկապատից ներս, բայց զսպեց իրեն, և միայն այժմ նա հասկացավ, թե ինչպես էին, մուտքի մոտ, իրեն նայում ծառաներն ու սպասուհիները, որքա՜ն արհամարհանք, անվստահություն ու նողկանք կար նրանց հայացքում։«Չէ՞ որ ես դեռ սամանա եմ,— մտածեց նա,— ես դեռ ճգնավորի ու մուրացկանի տեսք ունեմ։ Ինձ այլևս չի կարելի այս տեսքով մնալ, այս կերպարանքով ես չեմ կարող պարտեզի մուտքից ներս մտնել»։Ու նա ծիծաղեց։Ճանապարհին պատահած առաջին անցորդին հարցուփորձ արեց պարտեզի ու այն տիկնոջ վերաբերյալ և իմացավ, որ դա հանրահայտ կուրտիզանուհի, դշխո Քամալայի այգեստանի ապարանքն է և որ այգեստանից բացի՝ մի տուն էլ նա քաղաքում ունի։Այնուհետև Սիդհարթան մուտք գործեց քաղաք։ Հիմա նա հստակ նպատակ ուներ։Իր այդ նպատակին հետամուտ՝ նա ներքաշվեց քաղաքային կյանքի մեջ, խառնվեց փողոցային ամբոխին, շրջում էր հրապարակներում, հանգիստ առնում գետափնյա քարե աստիճաններին։ Երեկոյան կողմ նա բարեկամացավ վարսավիրի մի ենթավարպետի հետ, որին նա առաջին անգամ տեսավ նկուղի ստվերներում աշխատելիս, ապա հանդիպեց Վիշնուի տաճարում՝ աղոթելիս, որին ինքը պատմեց Վիշնուի ու Լակշմիի մասին զրույցը։ Գիշերը նա անցկացրեց գետափնյա նավակների հարևանությամբ, իսկ առավոտ վաղ, նախքան վարսավիրի կրպակում կհայտնվեին առաջին հաճախորդները, ենթավարպետի մոտ նա սափրել տվեց իր մորուքը և կտրել տվեց վարսերը, հարդարեց ու օծեց նրբանուրբ յուղերով։ Հետո գնաց ու լողացավ գետում։Երբ ուշ երեկոյան գեղեցկուհի Քամալան, իր գահավորակին բազմած, մոտենում էր այգեստանին, Սիդհարթան կանգնել էր մուտքի դռան մոտ, գլուխ խոնարհեց նրա առաջ և դշխոն պատասխան նշան արեց նրան։ Հետո էլ՝ թափորի վերջից ընթացող սպասավորին ակնարկեց մի պահ սպասել և վերջինիս խնդրեց հաղորդել իր տիրուհուն, որ նրա հետ զրուցել է ցանկանում երիտասարդ բրահմանը։ Միառժամանակ անց սպասավորը վերադարձավ և առաջարկեց նրան հետևելու իրեն, լռելյայն ուղեկցեց նրան դեպի այն տաղավարը, ուր օթոցին ընկողմանած էր Քամալան ու Սիդհարթային մենակ թողեց նրա հետ։— Այդ դու չէի՞ր, որ երեկ էլ կանգնած էիր դրսում ու ողջունեցիր ինձ,— հարցրեց Քամալան։— Այո՛, ես երեկ էլ քեզ տեսա ու ողջունեցի։— Բայց երեկ դու կարծես մորուք ունեիր ու երկար մազեր, որոնք փոշով էին պատված։— Միանգամայն ճիշտ է, դու շատ ճիշտ ես ամեն ինչ նկատել։ Դու տեսել ես Սիդհարթային, բրահմանորդուն, որ լքել էր իր հայրենիքը՝ սամանա դառնալու նպատակով և երեք տարի շարունակ այդպիսին է եղել։ Այժմ, սակայն, ես թողել եմ այդ ճանապարհը ու եկել եմ այս քաղաքը, և առաջին մարդը, որն ինձ հանդիպեց մինչև քաղաք մտնելը, դո՛ւ էիր։ Եվ ահա՛ թե ես ինչ եմ ցանկանում քեզ ասել, ո՜վ Քամալա։ Դու առաջին կինն ես, որի հետ Սիդհարթան խոսում է այլ կերպ, քան խոնարհած հայացքով։ Ես այլևս երբեք աչքերս ցած չեմ խոնարհի, եթե գեղեցկուհի կնոջ հանիպելու լինեմ։Քամալան ժպտաց և սկսեց խաղալ սիրամարգի փետուրներից հյուսկեն իր հովհարով։ Եվ հարցրեց.— Եվ միայն դա ասելու համա՞ր է Սիդհարթան ինձ մոտ եկել։— Այո՛, քեզ դա ասելու համար ու նաև շնորհակալություն հայտնելու համար, որ դու այդքան գեղեցիկ ես։ Եվ եթե դու կընդունես, ապա ես քեզ կխնդրեի, Քամալա, լինել իմ ընկերուհին ու ուսուցիչը, քանզի ես դեռևս բնավ չեմ տիրապետում այն արվեստին, որի մեջ դու վարպետ ես։Այստեղ Քամալան բարձրաձայն ծիծաղեց։— Ինձ հետ դեռ երբեք նման բան չի պատահել, բարեկամս, որ անտառաբնակ սամանան այցելի ինձ և ուզենա սովորել ինձ մոտ։ Ինձ հետ դեռ երբեք չի պատահել, որ երկար մազերով, մաշված ու պատառոտված ամոթույքի կապով սամանան իմ ոտքը գա... Շատ պատանիներ են ինձ մոտ գալիս, նրանց թվում նաև բրահմանորդիներ, բայց նրանք ներկայանում են գեղեցիկ հանդերձանքով, նրբաճաշակ ոտնամաններով, անուշահոտություններ արձակող վարսերով և լիքը դրամապանակներով։ Ահա այսպիսի՛ պատանյակներ են ինձ այցելում, ո՜վ սամանա։Խոսեց Սիդհարթան.— Ահա՛ և քեզանից ես սովորեցի իմ առաջին դասը։ Երեկ էլ ես մի դաս ստացա։ Ես արդեն մորուքս սափրել տվեցի, մազերս հարդարեցի ու յուղերով օծեցի։ Հիմա արդեն ինձ քիչ բան է պակասում, ո՜վ գեղեցկուհիդ, գեղեցիկ հանդերձանք, նրբանուրբ ոտնամաններ, քսակի մեջ փող։ Իմացա՛ծ եղիր, որ Սիդհարթան շատ ավելի դժվար խնդիրներ է իր առաջ դրել և ոչ միայն նման դատարկ բաներ, ու հասել է իր նպատակներին։ Դե ինչպե՞ս է հնարավոր, որ ես չհասնեմ այն նպատակին, որը դեռ երեկ եմ իմ առաջ դրել. դառնալ քո ընկերը ու քեզանից սովորել սիրո հաճույքները... Դու կտեսնես, Քամալա, թե ես ինչ ընդունակ աշակերտ եմ, ես շատ ավելի դժվար բաներ եմ սովորել, քան այն, որ դու ինձ պետք է սովորեցնես։ Ուրեմն ասա ինձ. Սիդհարթա, այն, ինչ դու այս պահին ունես, դեռ բավարար չէ, մազերդ թեև յուղերով են օծված, սակայն դու դեռ հագուստ չունես, չունես ոտնամաններ, առանց փող...Քամալան ծիծաղից թուլացած բացականչեց.— Ո՛չ, թանկագինս, այդքանը դեռ բավարար չէ։ Սիդհարթան պետք է զգեստներ ունենա, գեղեցիկ հանդերձներ ու ոտնամաններ, գեղեցկակար ոտնամաններ, և շատ փող դրամապանակում և ընծաներ Քամալայի համար։ Հիմա դու ամեն ինչ գիտե՞ս, անտառաբնակ սամանա։ Լա՛վ մտապահիր դա, և չմոռանաս։— Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ,— բացականչեց Սիդհարթան,— ինչպե՞ս կարող եմ ես չհիշել մի բան, ինչն ասվում է քո շրթունքներից... Քո բերանն ասես մի նորաբաց ու թարմ թուզ լինի, Քամալա։ Իմ բերանն էլ կարմիր է ու թարմ, այն շատ հարմար կգա քոնին, ա՛յ կտեսնես։ Բայց ասա՛ ինձ, գեղեցկուհի Քամալա, մի՞թե դու բնավ չես վախենում անտառաբնակ սամանայից, որն եկել է սիրո դասեր առնելու։— Ինչո՞ւ ես պետք է վախենամ մի սամանայից, անտառից եկած մի հիմար սամանայից, որն եկել է շնագայլերի մոտից և դեռ բոլորովին չգիտի, թե ինչ ասել է կին։— Օ՜, նա շատ ուժեղ է, այդ սամանան, և ոչնչից վախ չունի։ Նա կարող էր քեզ ուժով տիրանալ, գեղեցկուհի աղջիկ։ Նա կարող էր առևանգել քեզ, քեզ խորը տառապանք պատճառել...— Օ՜, ո՛չ, սամանա, ես դրանից չեմ վախենում։ Արդյո՞ք որևէ սամանա կամ բրահման վախենում է այն բանից, որ կարող է գալ մեկը, որ կբռնի նրան ու կառևանգի նրանից նրա գիտելիքները, ազնվաբարոյությունը, նրա խորագիտությունը։ Բնավ ո՛չ, քանի որ այդ ամենը նրա անօտարելի սեփականությունն է, որից նա բաժին է հանում միայն այնքանը ու այն չափով, որքան ինքն է ցանկանում և ում որ ինքն է կամենում։ Նույնը վերաբերում է նաև Քամալային ու սիրո հաճույքներին։ Գեղեցիկ է ու կարմիր Քամալայի բերանը, բայց փորձի՛ր միայն համբուրել այն Քամալայի կամքին հակառակ, մի կաթիլ քաղցրություն իսկ դու չես զգա այդ համբույրի մեջ, որն ուրիշ հանգամանքներում այնքա՜ն շատ կարող է պարգևել այդ բարիքից... Դու խելացի ես ու ընդունակ, Սիդհարթա, ուրեմն իմացի՛ր և սա. սերը կարելի է մուրալ, գնել, որպես ընծա ստանալ, գտնել ճանապարհին ընկած, սակայն առևանգել կամ ուժով տիրանալ նրան հնարավոր չէ։ Այդպես դու սխալ ուղու վրա կընկնես։ Օ՜, ո՛չ, ափսոս կլիներ, որ քեզ պես գեղեցիկ պատանին, խնդրին բոլորովին սխալ կողմից մոտենար...Սիդհարթան ժպիտը դեմքին խոնարհվեց ու ասաց.— Իսկապես ափսոս կլիներ, Քամալա, դու միանգամայն իրավացի ես։ Ափսոսանքի արժանի բան կլիներ... Ո՛չ, ես չեմ ուզում զրկվել քո շուրթերից ծորացող քաղցրության ոչ մի կաթիլից, բայց դո՛ւ էլ պետք է ճաշակես իմ շուրթերի քաղցրությունը։ Ուրեմն այսպե՛ս. Սիդհարթան կվերադառնա, երբ նա կունենա այն ամենը, ինչն այս պահին պակասում է նրան՝ հանդերձանք, ոտնամաններ, փող։ Սակայն, ասա՛ ինձ, գեղեցկուհի Քամալա, դու չե՞ս կարող ինձ մի հարցում մի փոքրիկ խորհուրդ էլ տալ։
— Խորհո՞ւրդ։ Ինչի՞ կապակցությամբ։ Իսկ ինչո՞ւ խորհուրդ չտալ թշվառական, տգետ սամանային, որ գալիս է անտառաբնակ շնագայլերի մոտից։— Դե մի խորհուրդ տուր ինձ, սիրելիդ իմ Քամալա. ո՞ւր գնամ, որպեսզի ամենաշտապ ձևով կարողանամ ձեռք բերել թվարկածդ այդ երեք բաները։— Բարեկա՛մ, դա շատ֊շատերը կուզենային իմանալ։ Դու պետք է անես այն, ինչ սովորել ես և դրա դիմաց որպես վարձ փող պահանջես, հանդերձանք ու ոտնամաններ։ Աղքատ մարդու համար փող վաստակելու այլ ճանապարհ չկա։ Իսկ դու ի՞նչ կարող ես անել։— Ես կարող եմ առմտածել։ Կարող եմ սպասել։ Կարող եմ ծոմ պահել։— Միայն այդքա՞նը, ուրիշ ոչի՞նչ։— Ոչինչ։ Ի դեպ, ես կարող եմ նաև բանաստեղծություններ հորինել։ Դու համաձա՞յն ես, որ ես մի բանաստեղծություն արտասանեմ և փոխարենը դու ինձ մի համբույր տաս։— Համաձա՛յն եմ, եթե քո բանաստեղծությունը դուր գա ինձ։ Դե արտասանի՛ր այն։Եվ Սիդհարթան, փոքր֊ինչ մտածելուց հետո, արտասանեց այս բանաստեղծությունը.Ստվերախիտ այգին մտավ գեղեցկուհի Քամալան։Մուտքի առաջ կանգնած էր այն թուխ պատանին՝ սամանան։Եվ լոտոսի գեղեցկագույն ծաղիկն հանկարծ տեսնելով՝Նա խոնարհվեց ու Քամալան ժպտաց նրան ի ողջույն։Եվ պատանին մտածեց. աստծուն աղոթելուց ավելիՀաճելի է համբույր քաղել շուրթերից Քամալայի։Ափերն ուժգին իրար խփելով ծափ զարկեց Քամալան, այնպես որ ոսկեկուռ ապարանջանները զրնգացին։— Քո բանաստեղծությունը շա՜տ գեղեցիկ է, թո՛ւխ սամանա, և ես իսկապես ոչինչ չեմ կորցնի, եթե դրա դիմաց քեզ մի համբույր տամ։Նա հայացքով պատանուն իր կողմը գրավեց, վերջինս էլ իր դեմքը խոնարհելով նրա դեմքին, շրթունքները սեղմեց նրա շրթունքներին, որ նորաբաց թուզ լինեին կարծես։ Քամալայի համբույրը շատ երկար էր, և խորադրոշմ զարմանքով Սիդհարթան զգաց, թե ի՜նչ իմաստուն ձևով էր նա իրեն ուսուցանում, ի՜նչ խելացի էր Քամալան, ինչպե՜ս էր նա կառավարում իրեն՝ մեկ ետ պահելով ու մեկ էլ իր կողմը գրավելով, զգաց, որ այդ առաջին համբույրին դեռ հետևելու է հմտորեն մշակված ու փորձված համբույրների մի ամբողջ շարք, մեկը մյուսից բոլորովին տարբեր, որոնք դեռ սպասում էին իրեն, որոնք ինքը դեռ ճաշակելու էր։ Խորը շունչ քաշելով՝ նա մնաց տեղում կանգնած, երեխայի պես սքանչանալով՝ սովորելու արժանի գիտելիքի այն քանակի առթիվ, որ հենց նոր միայն բացվում էր իր աչքերի առջև։— Քո բանաստեղծության տողերը շա՜տ գեղեցիկ են,— բացականչեց Քամալան,— եթե ես շատ հարուստ լինեի, դրանց դիմաց ես քեզ ոսկե մետաղադրամներ կտայի։ Բայց քեզ համար անչափ դժվար կլինի քո այդ բանաստեղծություններով այնքան շատ փող վաստակել, որքան քեզ անհրաժեշտ է։ Իսկ փող քեզ շատ է պետք լինելու, եթե դու ցանկանում ես դառնալ Քամալայի ընկերը։— Ի՜նչ լավ ես դու կարողանում համբուրել, Քամալա,— մրմնջաց Սիդհարթան։— Այո՜, դա ես կարողանում եմ անել։ Դրա համար էլ ես պակասություն չեմ զգում ո՛չ հանդերձանքի, ո՛չ ոտնամանների, ապարանջանների և բազմաթիվ ուրիշ֊ուրիշ գեղեցիկ իրերի հարցում։ Բայց դո՞ւ ինչ կարող ես անել։ Մի՞թե դու բացի մտածելուց, ծոմ պահելուց ու բանաստեղծություններ հորինելուց ուրիշ ոչինչ չգիտես։— Ես գիտեմ նաև զոհ մատուցելու ժամանակ ասվող երգեր,— ասաց Սիդհարթան,— բայց ես այլևս չեմ ուզում երգել դրանք։ Ես գիտեմ նաև կախարդական խոսքեր, բայց ես այլևս չեմ ուզում դրանք արտաբերել։ Ես սուրբ գրքերի ընթերցանությամբ եմ պարապել...— Կա՛նգ առ, բավակա՛ն է,— ընդհատեց նրան Քամալան։— Դու կարդա՞լ գիտես։ Իսկ գրե՞լ...— Իհա՛րկե ես դա գիտեմ։ Շատերը գիտեն դա։— Մեծամասնությունը դա չգիտի։ Ես էլ չգիտեմ։ Դա շատ լավ է, որ դու գրել և կարդալ գիտես, շա՜տ լավ է։ Կախարդական խոսքերն էլ քեզ կարող են դեռ պետք գալ։Այդ պահին մոտ վազեց սպասուհիներից մեկը և ինչ֊որ բան շշնջաց տիրուհու ականջին։— Հիմա ինձ մոտ մարդ է գալու,— բացականչեց Քամալան։— Շուտ հեռացի՛ր այստեղից, Սիդհարթա, ոչ ոք քեզ չպետք է տեսնի այստեղ, սա լա՛վ հիշիր։ Վաղը մենք նորից կտեսնվենք։Իսկ սպասուհուն կարգադրեց պատվարժան բրահմանին մի ճերմակ թիկնոց տալ։ Չիմանալով նույնիսկ, թե ինչպես դա տեղի ունեցավ, Սիդհարթան ենթարկվեց սպասուհուն, որը նրան սրահից դուրս ուղեկցեց, զարտուղի ճանապարհներով նրան բերեց այգու մեջ գտնվող փոքրիկ տնակը, նրան մի ձեռք վերնազգեստ տվեց, առաջնորդեց դեպի թփուտը, թախանձագինս խնդրելով, առանց որևէ այլևայլության, անմիջապես լքել այգեստանի ցանկապատված տարածքը։Նա հաճույքով ենթարկվեց հրահանգին։ Անտառին վարժված լինելով՝ Սիդհարթան անաղմուկ կտրեց֊անցավ այգեստանը և ցանկապատի վրայով մյուս կողմն անցավ։ Գոհ ու բավարարված տեսքով նա վերադարձավ քաղաք, թևքի տակ սեղմած ծալված զգեստը։ Մի օթևանում, ուր եկվորներն են գիշերում, նա կանգնեց դռան առջև, լուռ խնդրելով կերակրել իրեն ու լռությամբ էլ ընդունեց իրեն մեկնված բրնձե թխվածքը։ Գուցե հենց վաղվանից սկսած, մտածում էր նա, ես այլևս ոչ մեկից ուտելիք չեմ մուրա։Հանկարծ նրա մեջ հպարտությունը ճառագեց։ Նա այլևս սամանա չէր և իրեն վայել չէր ողորմություն խնդրել։ Բրնձե թխվածքը, դեռ չճաշակած, նա տվեց մի շան ու մնաց առանց կերակուր։— Ի՜նչ պարզ ու հասարակ է կյանքը, որ վարում են այս աշխարհում մարդիկ,— մտածեց Սիդհարթան։— Նրանում ոչ մի դժվարություն չկա։ Ամեն ինչ շատ ավելի ծանր էր, դժվար և վերջիվերջո անհույս, երբ ես դեռ սամանա էի։ Իսկ հիմա ամեն ինչ հեշտ է, նույնքան հեշտ, որքան համբույրի դասը, որ ինձ Քամալան տվեց։ Ես պետք է ձեռք բերեմ հանդերձանք ու փող, ուրիշ ոչինչ, դրանք փոքրիկ ու մոտակա նպատակներ են և չեն կարող իմ քունը խանգարել։Նա ավելի վաղ էլ հարցուփորձ էր արել Քամալայի քաղաքային տան մասին և հենց հաջորդ օրն էլ ներկայացավ այնտեղ։— Ամեն ինչ լավ է,— այս բացականչությամբ դիմավորեց նրան Քամալան։— Քեզ սպասում են Կամասվամիի մոտ, նա մեր քաղաքի ամենահարուստ վաճառականն է։ Եթե դու նրա դուրը գաս, նա քեզ իր մոտ ծառայության կվերցնի։ Խելացի՛ եղիր, թխամաշկ սամանա։ Ես այնպես կազմակերպեցի, որ քո մասին նրան ուրիշները պատմեին։ Սիրալիր եղիր նրա հետ, նա շատ հզոր է և ազդեցիկ։ Բայց շատ էլ համեստություն չխաղաս... Ես չեմ ուզում, որ դու նրա ծառան դառնաս, դու պետք է նրա հետ հավասարը հավասարի պես լինես, այլապես ես գոհ չեմ լինի քեզանից։ Կամասվամին սկսում է ծերանալ և նրան հանգիստ է անհրաժեշտ։ Եթե դու նրա դուրը գաս, նա քեզ շատ բան կվստահի։Սիդհարթան շնորհակալություն հայտնեց նրան ու ժպտաց. Քամալան իմանալով, որ նա երկու օր է՝ ինչ ոչինչ չի կերել, կարգադրեց նրա համար հաց ու մրգեղեն մատուցել և հյուրասիրեց նրան։— Քո բախտը բանում է,— ասաց Քամալան հրաժեշտ տալիս,— քո առաջ իրար ետևից բացվում են դռները։ Ինչպե՞ս դա կարելի է բացատրել։ Գուցե դու ինչ֊ինչ կախարդական հնարքների՞ ես տիրապետում։Ինչին Սիդհարթան պատասխանեց.— Երեկ ես քեզ ասացի, որ ես գիտեմ առմտածել, սպասել ու ծոմ պահել, իսկ դու ասացիր, որ դրանք ոչ մի բանի համար պիտանի չեն։ Մինչդեռ դրանք նույնիսկ շատ պետքական կարող են լինել, Քամալա, դու դեռ կտեսնես։ Դու կտեսնես ու կհամոզվես, որ անտառաբնակ, հիմար սամանաները շատուշատ բաներ գիտեն և կարող են շատ գեղեցիկ բաներ անել, որպիսիք դուք չեք կարող։ Դեռևս երկու օր առաջ ես մի ցնցոտիավոր, չքավոր մեկն էի, բայց արդեն երեկ ես համբուրեցի Քամալային, իսկ շուտով ես վաճառական կդառնամ, փող կունենամ և բոլոր այն բաները, ինչին դու այդքան մեծ կարևորություն ես տալիս։— Այդպես է, որ կա, բայց ի՞նչ էր լինելու քեզ հետ առանց ինձ։ Ի՞նչ էիր դու անելու, եթե Քամալան չօգներ քեզ։— Սիրելի Քամալա,— ասաց Սիդհարթան՝ ողջ մարմնով մեկ ձգվելով,— երբ ես քեզ մոտ, քո այգեստանը եկա, ես առաջին քայլը կատարեցի։ Այն ժամանակ ես իմ առաջ համառ նպատակ դրեցի՝ սովորել սիրո գիտությունը ամենագեղեցիկ կնոջ մոտ։ Եվ հենց այն նույն վայրկյանից, երբ իմ մեջ ծնվեց այդ նպատակը, ես արդեն գիտեի, որ կարողանալու եմ այն իրագործել։ Ես գիտեի, որ դու ինձ կօգնես, ես դա գիտեի քո առաջին իսկ հայացքից, այն, որ դու ուղղեցիր ինձ այգեստանի մուտքի մոտ։— Իսկ եթե ես դա չցանկանայի՞։— Բայց դու այդ բանը ցանկացար։ Նայի՛ր, Քամալա. երբ դու ջրի մեջ քար ես նետում, ապա այն շատ արագ, ամենակարճ ճանապարհով ջրի հատակն է ընկղմվում։ Նույն կերպ է վարվում նաև Սիդհարթան, երբ նա իր առջև որևէ նպատակ է դնում։ Սիդհարթան ոչինչ չի անում, նա միայն սպասում է, մտածում, ծոմ պահում, բայց նա անցնում է աշխարհի իրերի ու գոյացությունների միջով, ինչպես որ քարն է անցնում ջրի միջով, դրա համար ոչինչ չանելով, անգամ չնչին մի շարժում։ Նա տրվում է իրեն ձգող ուժին, թողնում, որ ինքը ցած ընկնի։ Նրա նպատակն արդեն ինքնին ձգում֊տանում է իրեն, քանի որ նա չի թողնում իր սրտի մեջ ներթափանցել որևիցե մի բան, ինչը կարող էր հակառակվել հետապնդվող նպատակին։ Ահա սա՛ է, որ Սիդհարթան սովորել է սամանաների մոտ։ Սա այն է, ինչը տխմարները կախարդանք են անվանում և երևակայում են, թե այդ մոգական ուժը ձեռք է բերվում դևերի օգնությամբ, սակայն դևերը, որպես այդպիսիք, այստեղ դեր չունեն, դրանք իրականում գոյություն էլ չունեն։ Յուրաքանչյուր ոք կարող է հմայել, յուրաքանչյուր ոք կարող է հասնել իր նպատակին, եթե միայն նա ընդունակ է մտածելու, սպասելու ու ծոմ պահելու։Քամալան ուշադիր լսում էր նրան։ Նրան դուր էր գալիս Սիդհարթայի ձայնը, նա սիրում էր նրա աչքերի մեջ արտահայտված հայացքը։— Գուցե այդ ամենը հենց այդպես է,— կամացուկ ասաց նա,— ինչպես դու ես ասում, բարեկամս։ Բայց գուցե դա նաև նրանից է գալիս, որ Սիդհարթան պարզապես գեղեցիկ տղամարդ է, որ նրա հայացքը դուր է գալիս կանանց և այդ պատճառով էլ երջանկությունը ընդառաջում է նրան։Սիդհարթան համբուրեց նրան ու հրաժեշտ տվեց։— Թող այդպես լինի, իմ ուսուցչուհի։ Ես կուզենայի, որպեսզի իմ հայացքը մշտապես դուր գար քեզ, որպեսզի դու ինձ մշտապես երջանկություն պարգևեիր...





Սակայն ամեն օր, պայմանավորված ժամին, նա այցելում էր գեղեցկուհի Քամալային, լավ հագնված ու նրբենի ոտնամաններով, և շուտով սկսեց նրան ընծաներ մատուցել։ Շատ բաներ սովորեցրին Սիդհարթային Քամալայի ալ կարմիր, խելացի շրթունքները։ Շատուշատ բաներ սովորեցրեց նրան Քամալայի նուրբ ու ճկուն ձեռքը։ Սիրո մեջ դեռևս երեխա ու սկսնակ լինելով և ավելի շատ հակված կուրամիտ ու անկուշտ հաճույքներին՝ ասես անհատակ անդունդին տրված, նա Քամալայից հիմնավորապես սովորեց այն հիմնարար կանոնը, ըստ որի չի կարելի հաճույք ստանալ՝ առանց որ ինքդ այն կտաս, և որ յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր փաղաքշանք, յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր հայացք, անգամ մարմնի վրայի յուրաքանչյուր փոքրիկ մասնիկ իրենց գաղտնիքն ունեին, որը կյանքի կոչումը գիտեցողին մեծագույն երջանկություն է պարգևում։ Կինը սովորեցրեց նրան, որ սիրահարները սիրո տոնահանդեսից հետո չպետք է բաժանվեն իրարից՝ առանց փոխադարձ սքանչացում արտահայտելու միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրը պետք է հավասարապես և՛ պարտվածի, և՛ հաղթողի տպավորություն թողնի, այնպես որ նրանցից ոչ ոքի մոտ չծնվի հագեցումի ու դատարկության զգացումը, և այն տհաճ զգացողությունը, թե ինքն ի չարս է գործադրել կամ օգտվել է դիմացինի թուլությունից և կամ ինքն է անթաքույց ենթարկվողականություն ցուցաբերել։ Զմայլելի ժամեր էր նա անցկացնում գեղեցկուհի ու խելացի դշխոյի ընկերակցությամբ։ Սիդհարթան դարձավ նրա աշակերտը, նրա սիրեցյալը, նրա ընկերը։ Նրա՛, Քամալայի մեջ էր ամփոփված իր ներկայիս կյանքի արժեքն ու իմաստը… 

Комментариев нет:

Отправить комментарий