Տխրություն
Ես կորցըրի կյանք ու կորով
Եվ ընկերներ ու խնդություն,
Մինչև անգամ ՝ հպարտություն,
Որ օրորեց ինձ հանճարով:
Ճշմարտութայնն հանդիպելով ,
Թվաց ՝ գտա իմ տիրուհուն:
Երբ հասկացա հոգին իր բուն,
Հոգիս լցվեց խոր հափրանքով:
Հավերժական է նա սակայն:
Եվ ով որ զանց առավ նրան,
Մնաց անգետ ու շվարուն:
Տերն է խոսում ,տանք պատասխան:
Միակ շահըս այս աշխարհում՝
Մերթ լաց եղա՝ ա՛յդ է միայն:( Թարգմ. Ա. Ալիքյան)
Լյուսին
Իմ սիրելիք, երբ կմեռնեմ,
Շիրիմիս տնկեք լացող ուռի,
Նրա դալուկն ես կսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վրա
Թեթև կգա շուքը նրա:
Մի երեկո մենակ էինք: Նստած էի նրա կողքին:
Նա, գլուխը թեքած դեպ ինձ ու անձնատուր ցնորքին ,
Սահեցնում էր դաշնամուրին թաթը ճերմակ ձյունի պես.
Թևի փափուկ հարված էր էն, հովի շշուկ էր ասես,
Որ վախում է ՝ չզարթնեցնել անուշ քնած հավքերին .
Որ անցնում է եղեգնուտով թեթևասահ ու լռին:
Մելամաղձոտ գիշերների բաժակներից դեպի վեր.
Շագանակի պուրակները ու կաղնիներն ալևոր
Թախծում էի ՝ գլուխները տատանելով մեղմօրոր:
Լսում էինք մենք գիշերին:Պատուհանը կիսաբաց.
Ներս էր հոսում զով գիշերը գարնան բույրով արբեցած:
Դաշտն ամայի,դուրսը հանդարտ,հանդարտ էնքա՜ն ու էնքա՜ն:
Ու մենք մենակ ,մենք մտածկոտ,մենք տասնհինգ տարեկան...
Նայում էի ես Լյուսիին: Նա գունատ էր ու դալուկ:
Աչքերն երբեք ոչ մի անգամ էնքան անուշ ,գեղաշուք
Չեն ցոլացրած ջինջ երկնքի լազուրն իրենց խորքերում:
Հարբած էի ես նրանով ,նրան էի ես սիրում:
Եվ էնքան էր նա ամոթխած,էնքա՜ն մաքուր ,էնքա՜ն հեզ,
Որ թվում էր ՝եղբոր նման էի սիրում նրան ես:
Մենք լուռ էինք:Իմ ձեռքը նա պահած իրեն ձեռքերում.
Ու գեղանի իր ճակատը մռայլվում էր ,ցնորում:
Ու ես էն ժամ զգում էի-ի՜նչ թովիչ է ու կարող
Թարմ ու չքնաղ ջահելության հրապույրը մեզ գերող:
Լուսինն ելավ ջինջ երկնքում .լուսնի դալուկ լույսի տակ
Ժպտաց նա ինձ ,ապա երգեց որպես տխուր մի հիշատակ:
Մենք մե՜ն-մենակ,մենք մտածկոտ,ես ակնապիշ Լյուսիին...
Նա երգում էր դողդոջելով՝ տրտում հենված իմ ուսին:
Խե՜ղճ երեխա.լալիս էիր:Քնքուշ,մատաղ քո հոգում
Գուցե դժբախտ Դեզդեմոնի կսկիծն էիր դու զգում...
Համբուրեցի ես խոնարհած գլուխը հուսահատ...
Երբ մյուս անգամ համբուրեցի -դու սառն էիր ու գունատ...
Սառն ու գունատ դրած էիր մահվան տխուր դագաղում....
Էսպես անցար, քնքո՜ւշ ծաղիկ,անցա՜ր ,կորար սև հողում:
Իմ սիրելիք, երբ կմեռնեմ,
Շիրիմիս տնկեք լացող ուռի,
Նրա դալուկն ես կսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վրա
Թեթև կգա շուքը նրա: (Թարգմ. Հ. Թումանյան)
La Poésie Française
Ֆրանսիական
Պոեզիա
Երևանի Համալսարանի Հրատարակչություն
1984
Комментариев нет:
Отправить комментарий