Мой список блогов

вторник, 21 июня 2011 г.

Սերգեյ Եսենին Աննա Սնեգինա

թարգմ. Վ. Դավթյան

«Մեր գյուղն, ուրեմն, Ռադովոն է դա,
Մոտ երկու հարյուր ծուխ կա նրանում,
Եվ ով գալիս է այստեղ, հավատա,
Մեր բնությունը շատ է հավանում։
Հարուստ ենք ջրով և ունենք հանդեր,
Անտառներ ունենք, խոտհարք ու արոտ...
Եվ ուր նայում ես՝ այստեղ ու այնտեղ
Բարդենիներ են շարված իրար մոտ։
Լուրջ բաների մեջ չենք մտնում մենք շատ,
Գոհ ենք մեր բախտից և շնորհակալ,
Տնակներ ունենք մենք թիթեղապատ,

Ամեն մեկն ունի բակ, այգի ու կալ։
Փեղկերն են ներկված քաղաքավարի,
Տոներին ունենք թե կվաս, թե միս.
Զուր չէ, որ առաջ մեծը գավառի
Շատ հաճախակի մեզ հյուր էր գալիս։
Հարկը ավել ենք միշտ ժամանակին,
Բայց տանուտերը չար ու անօրեն
Ավելացնում էր միշտ էլ մեր հարկին
Մի չափ ալյուր ու մի չափ էլ ցորեն։
Ու մենք էլ, որ չար փորձանքի չգանք,
Նրա ուզածը տվել ենք արագ,
Իշխանություն են քանի որ նրանք,
Դե, ժողովուրդ ենք մենք էլ հասարակ։
Բայց չար են մարդիկ, առանց երկյուղի,
Շատերի աչքը ժանիք է ասես...
Ու մուժիկները հարևան գյուղի
Խեթ էին նայում մեր գյուղին ու մեզ։
Սրանց ապրուստը աղքատ էր ու չոր,
Համարյա ամբողջ այդ գյուղը ուներ
Միայն մի մաշված, մի փայտե արոր,
Մի երկու հատ էլ սատկած յաբուներ։
Դե, էլ ինչ ապրուստ ու առատություն,
Միայն թե հոգիդ չգնա ձեռից։
Նրանք էլ հաճախ մեզանից թաքուն
Փայտ էին կտրում մեր անտառներից։
Մի անգամ նրանց բռնեցինք տեղում,
Նրանք մեզ կացնով, դե մենք էլ նրանց.
Պողպատն այնպես էր զնգում ու շողում,
Որ դողդողում էր մարդ տեղում կանգնած։
Արյունի հոտ էր այդ կռվից գալիս,
Ու հանկարծ մեղքով թե մեր, թե նրանց,
Մեկն իր կացինով այնպես է տալիս,
Որ տանուտերը ընկնում է մեռած։
Ու մենք ժողովում մեր այս գյուղական
Ընթացք տվեցինք մի օր այդ գործին։
Դատեցին։ Հետո շղթայի զարկած
Մի տասը հոգու Սիբիր ղրկեցին,
Մեր գործն էլ լավ չի դրանից հետո,
Բախտը իր բարին էլ չի ուղարկում,
Երեք տարի է այսպես, որ հերթով
Չոռն ու հրդեհն են մեր գյուղին զարկում»։
Կառապանն անվերջ պատմում էր այսպես,
Կարճելով ընթացքն իմ ճանապարհի...
Մեր հայրենական վայրերն էի ես
Հանգստանալու գնում այդ տարի։
Պատերազմը չար կերել էր հոգիս...
Շահերի համար ինչ-որ օտարի,
Պետք է խփեի եղբորս կրծքին,
Գնդակը նրա սրտի մեջ տայի։
Հասկացա, որ ես խաղալիք եմ լոկ,
Մինչ թիկունքում են հարուստ ու ջոջեր։
Ու թնդաանոթին հրաժեշտ տալով,
Վճռեցի երգի սուրը լոկ ճոճել։
Ես հրացանս նետեցի մի կողմ։
Փողով ինձ մի կեղծ փաստաթուղթ տվին։
Ահա այդպիսի ճարպիկ գործարքով
Ընդառլաջ ելա 17 թվին։
Ազատությունը պոռթկաց մոլեգին։
Վարդագույն ու գարշ հրի մեջ սակայն,
Կերենսկին, հեծած սպիտակ իր ձին,
Դարձել էր երկրում տեր ու տիրական։
Կռիվը «մինչ վերջ», «մինչև հաղթանակ»:—
Ու շինել հագած գյուղացիներին
Այդ իշխողների ոհմակն հացկատակ
Մատնում էր հրին ու մատնում սրին։
Բայց ես չմտա հրացանի տակ։
Ունկնդիր կռվի ահեղ շառաչին,
Ի հայտ բերեցի մի ուրիշ սխրանք՝
Ես դասալիքը դարձա աոաջին։



Ճանապարհն այնպես հաճելի է, լավ,
Իրիկվա քամին իր զովն է բերում,
Լուսնյակն էլ ահա մեղմորեն ելավ
Ու ոսկով օծեց գյուղերի հեռուն։
«Ահա Ռադովոն, հենց մեր գյուղն է սա»,—
Ասաց ու իջավ
Կառապանը վար,—
«Տեսար, թե ինչքան արագ տեղ հասա,
Կոտորելով ձիուս խասյաթը հիմար։
Դե, խնդրեմ հիմա ինձ տվեք «նաչայ»
Ջաղա՞ցն եք ուզում...
Հենց էն է, որ կա,
Այսպիսի երկար մի ճամփի համար
Շատ, չեմ պահանջում, աստված է վկա»։
. . . . . .
Մի քառասուննոց եմ տալիս ես նրան։
«Քի՜չ է»...
Տալիս եմ։
«Էլի եք տալու»...
Ինչ գարշելին է այս ջահել տղան,
Այս ջահել տղան երեսուն տարու։
«Ի՞նչ է,
Ծախե՞լ ես խիղճդ սատանին,
Ինչո՞ւ ես ինձնից պլոկում այդքան»։
Ու պատասխան է ցմփորն ինձ տալիս.
«Վարսակն այս տարի թանկ է բավական։—
Տվեք ինձ էլի, դե էդպես, մի տաս
Կամ, լավ, վեցով էլ ես գոհ կմնամ,
Ու գինետանը կխմեմ մի թաս
Հանուն ձեր պատվի ու առողջության»...



Ջրաղացում եմ...
Մութ եղևնուտին
Կայծոռիկներ է գիշերը թափել,
Ծեր ջաղացպանը ուրախությունից
Չի կարողանում երկու խոսք կապել...
«Իմ աղավնյակս...
Այդ դո՞ւ ես, որդի,
Մրսել ես ասա ու կարգին սառել
Դե, շուտ, այ պառավ, ինքնաեռը դիր,
Սեղանը գցիր, կարկանդակը բեր»։...
Ապրիլին մրսել դժվար է մի քիչ,
Այն էլ ամսվա վերջին օրերին...
Երեկոն այնպես խոհուն էր ու ջինջ
Ինչպես ընկերոջ ժպիտը լռին։
Ջրաղացպանը այնպես է գրկում,
Որ արջն էլ ցավից կարող է ոռնալ։
Բայց վատ պահերին միշտ լավ է կյանքում
Բարեկամներ ու ընկեր ունենալ...
«Երկա՞ր կմնաս»...
«Այդպես, մի տարի»։
«Դե, բարեկամս, քեֆ արա կարգին,
Ամառը պտուղն ու սունկն անտառի
Ծով է, թե կուզես Մոսկվա ուղարկիր։
Որսն էլ, եղբայրս, առատ է այնպես,
Որ ինքն իրեն է գնդակիդ գալիս...
Մտածիր միայն,
Չորս տարի է քեզ
Մենք չէինք տեսել։ Սերգեյ, սիրելիս...»։
. . . . . . . . . .

Զրույցն ավարտվեց...
Մենք պատշաճորեն
Ողջ ինքնաեռը պարպեցինք արագ,
Առաջվա նման ահա ես նորեն
Մուշտակս առած գնում եմ մարագ։
Անցնում եմ ահա մեծացած այգով,
Սիրենն է քնքուշ դիպչում իմ դեմքին,
Ու դիտում եմ ես կարոտ հայացքով
Այս ցանկապատը կորացած ու հին։
Այն դռնակի մոտ ես մի ժամանակ
Պատանի էի տասնվեց տարու,
Ու մի լավ աղջիկ թիկնոցով ճերմակ
Քնքշորեն ասաց. «Ո՛չ, քեզ չեմ սիրում»։
Օրե՜ր հեռավոր և օրե՜ր քնքուշ...
Դեռ այն պատկերը իմ մեջ չի մարել,
Բոլորս ենք սիրել մենք սյդ տարիքում,
Ու սակայն, ավա՜ղ, մեզ քիչ են սիրել։


«Էլ ինչ, Սերգուշա, վեր կաց ու արի,
Չի էլ բարձրացել արեգակը դեռ,
Բայց պառավն արդեն քաղցր ու հյութալի
Բլիթ է թխել քո ազիզ խաթեր։
Ես էլ, անգինս, գնում եմ հիմա
Կալվածատիրոջ՝ Սնեգինայի մոտ։
Ի՜նչ կտցարներ եմ ես նրանց համար
Խփել անտառում երեկ առավոտ»։
Ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն, կյանքի այգաբաց...
Ես վեր եմ կենում, հագնվում, գնում,
Խնձորիներից ճերմակ ու ծաղկած
Կարծես մի թեթև ծուխ է բարձրանում։
Եվ մտածում եմ՝
Ինչ լավ են, ազնիվ
Այս հողն ու մարդը
Այս երկնքի տակ.
Բայց քանիսները չար պատերազմից
Դարձել են հիմա հաշմ ու այլանդակ։
Եվ քանիսներն են հողի տակ լռում,
Եվ քանիսները դեռ պիտի լռեն...
Եվ իմ այտերին ու ծնոտներում
Մի դող եմ զգում ես համառորեն։
Ո՛չ, ո՛չ,
Ես երբեք չեմ գնա այնտեղ,
Որ ինչ-որ մարդիկ զազրելի ու գորշ,
Խեղանդամ դարձած զինվորին նետեն
Մի քանի մաշված պղնձե գռոշ։
«Դե, իմ պառավս, բարի լուսաբաց.
Ինչպես տեսնում եմ ծերացել ես քիչ»։
Պատասխանում է նա հազը զսպած.
«Աշխատանքից է դա, աշխատանքից։
Հիմա մենք չունենք հանգիստ ու դադար,
Մեր քրտինքով է ամեն ինչ բուրում,
Կռիվ է, որդիս, կռիվ անդադար,
Գյուղը գյուղի դեմ ատամ է սրում։
Ամեն օր այստեղ լուրեր են գալիս,
Անցորդ մարդիկ են լուրերն այդ բերում,
Մեկ կրիուշանցիք մերոնց են տալիս,
Մեկ էլ մերոնք են նրանց կոտորում։
Իսկ դա ասել է անիշխանություն,
Ցարին գցեցին, ու տեսար, որդի,
Ամեն տեսակ ցավ ու դժբախտություն
Թափվեց խեղճ գլխին մեր ժողովրդի։
Չգիտես ինչու բանտը բաց արին,
Չարագործներին բաց թողին բանտից,
Ու հիմա այնտեղ՝ մեծ ճանապարհին
Չկա դրանցից դադար ու հանգիստ։
Այ, վերցրու թեկուզ դու կրիուշանցոց,
Պետք է, որ դրանք փտեին բանտում,
Սակայն այդ մարդիկ գող ու չարագործ
Հիմա ազատվել ու եկել են տուն։
Մի Պրոն Օգլոբլին ունեն այդ գյուղում,
Սրիկա մի մարդ, կոպիտ, կռվարար,
Նա բոլորի դեմ ատամ է սրում
Ու շաբաթներով հարբում անդադար։
Մի երեք տարի սրանից առաջ,
Դրանք ու մերոնք երբ կռիվ արին,
Այդ Օգլոբլինը կացինը առած,
Խփեց, սպանեց մեր տանուտերին։
Հիմա այդպիսիք բյուր են ու հազար
Իրենց գարշելի վարքով ու գործով...
Ռուսիա, մեր Ռուսիա, մինչև ո՜ւր հասար,
Կորար դու, կորար, մայր մեր սնուցող»:
Կառապանին եմ հիշում ես նորեն
Եվ, գավազանս ու գլխարկս առած,
Գյուղ եմ շտապում, որ մտերմորեն
Բարևի թեքվեմ գյուղացոց առաջ։

Ձգվում է ահա ճամփա մի բարակ...
Ու տեսնում եմ ես, որ թաց խոպանով
Իմ ջաղացպանն է արշավում արագ
Ու ինձ է կանչում խնդագին ձայնով։
«Սերգուխա, անգին, քո ազիզ խաթեր
Բան եմ ասելու, սպասիր մի քիչ․․․
Մի այս սանձերը ուղղեմ հալա դեռ,
Որ հետո կարգով պատմեմ ամեն ինչ։
Ինչո՞ւ ինձ ոչինչ չասիր առավոտ...
Ես Սնեգինային՝ թե այսպես ահա,
Քաղաքից եկել ու հյուր է ինձ մոտ
Մի զվարճալի, մի ջահել տղա։
(Օ՜, նա իմ հանդեպ շատ լավ է հակված,
Տասը տարի է ծանոթ եմ հետը),
Իսկ նրա դուստրը՝ Աննան պսակված
Հարցրեց.
— Այդ նա՞ է արդյոք, պոետը՞․․․
— Նա է,— ասացի,– հենց նա է, էլ ո՞վ․․․
— Շե՞կ է...
— Իհարկե շեկ է,— ասացի։
— Կապուտաչյա՞ է, գանգուր մազերո՞վ...
— Ուրախ պարոն է դրանից բացի...
— Ե՞րբ է նա եկել...
— Վաղուց չէ, երեկ․․․
— Ախ, մայրիկ, գիտե՞ս։
Այդ նա է, այդ նա,
Որ այնպես քնքուշ ու զվարճորեն
Սիրահարված էր ինձ մի ժամանակ։
Համեստ տղա էր,
Հեզ ու լռակյաց...
Իսկ հիմա...
Գնա ու նայիր նրան...
Գրող է դարձել․․․
Հայտնի, հռչակված...
Առանց խնդրանքի չի գա տեսության»։
Ու ջաղացպանը հպարտ ժպտալով,
Աչքն է կկոցում խորամանկաբար,
«Դե, մինչև ճաշը քեզ մնաս բարով,
Մի քիչ էլ հետո կպատմեմ, եղբայր»։
Ես քայլում էի դեպի Կրիուշի
Ու գավազանով կանաչը հնձում,
Զարթնեց իմ հոգին այդ հեռու հուշից,
Ու ոչինչ, ոչինչ սիրտս չէր ցնցում։
Հոսում էր շուրջս հովը բուրավետ,
Ու մտքերիս մեջ մշուշ էր խաղաղ․․․
Հիմա զինվորի սիրուն կնկա հետ
Պետք է սկսել մի լավ սիրախաղ։



Ահա և գյուղը։
Չորս տարի է, ինչ
Ես չէի տեսել տանիքներն այս հին...
Գարնան առավոտն արևոտ ու ջինջ
Սիրենի գույն է փռել դաշտերին։
Շան հաչոց չկա։ Երևի գյուղը
Այլևս չունի պահպանելու բան,
Ամեն մեկն ունի իր փտած հյուղը
Ու այդ հյուղի մեջ մի հին վառարան:
Նայում եմ ահա։
Պրոնենց բակում
Խոսք ու աղմուկ է գյուղացիների,
Նոր օրենքներն են նրանք քննարկում
Ու նոր գները հացի, տավարի։
«Բարև ձեզ, բարև»։
«Ա՜, որսո՞րդն է դա,
Բարև քեզ, բարև,
Նստիր, բարեկամ,
Մեկ է, անգործ ես, եկ ականջ արա,
Թե ինչ է խոսում խալխը գեղական։
Պատմի մի տեսնենք ի՞նչ կա Պիտերում։
Ծանոթ կլինես մինիստրներին,
Անիծած հոգի, մանուկ օրերում
Քեզ զուր չի կրթել քո կուլակ քեռին։
Բայց դե քեզ էլի չենք հանդիմանում,
Դու մերն ես, մուժիկ, ծնունդ ես գյուղի,
Քո փառքով շատ էլ չես հպարտանում,
Ու գիտենք, սիրտդ նրանց չես ծախի։
Դու մեր նկատմամբ ուշադիր էիր,
Ու հոգիդ մեր դեմ միշտ բաց էր այնքան․․․
Ասա մի.
Կտա՞ն գյուղացիներին
Առանց փրկագնի հողն աղայական։
Գոռգոռում են, թե՝
Հոգին ձեռ չտաք,
Իբր թե դրա ժամը չի հասել․․․
Ինչո՞ւ ենք հապա գնդակների տակ
Կործանում մենք մեզ, կարո՞ղ են ասել»։
Եվ ամեն մեկը ժպիտով տխուր
Նայում է դեմքիս ու հարցում անում,
Իսկ ես կքել եմ մտքերի տակ լուռ
Ու պատասխանել չեմ կարողանում։
Աստիճանները ճռնչում էին,
Բայց խլացնելով հանկարծ աղմուկը,
Հարցրին․
«Ասա մեզ—
Ո՞վ է Լենինը»։
Եվ ես ասացի՝ «Լենինը— դուք եք»։


Եվ սողում էին լուրերը համառ,
Որոշում էին մարդիկ ու դատում...
Եվ այդ լուրերից պառավս ինձ համար
Դեսից ու դենից շատ էր հայթայթում։
Մի անգամ որսից վերադառնալով
Ուզեցի մի քիչ պառկել ու ննջել․․․
Եվ սակայն հանկարծ ճահճի շունչը գոլ
Սկսեց ամբողջ մարմինս ցնցել։
Ես դողում էի, ասես տենդահար,
Ջերմն ինձ բռնում էր ու բաց չէր թողնում,
Եվ այդպես ահա չորս օր անդադար
Տառապում էի ես իմ անկողնում։
Դարձել էր ծերուկն իմ խելացնոր,
Գնաց
Ու բերեց նա ինչ-որ մեկին...
Ես տեսնում էի լոկ ճերմակ մի շոր
Ու մեկ էլ ինչ-որ վեր ցցված մի քիթ...
Հետո ես մի քիչ լավ էի արդեն,
Ջերմը դադարեց, դողը մեղմացավ,
Հինոերորդ օրը երեկոյան դեմ
Մրսածությունս լիովին անցավ։
Ելա։
Նոր էի դրել հատակին
Իմ ոտքերը դեռ թույլ ու դողդոջուն,
Լսեցի մեկի ձայնը խնդագին.
«Ա... իմ սիրելիս,
Ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն։
Վաղուց է ես ձեզ չեմ տեսել, անգին,
Մանկության օրերն անցել են հավետ,
Հիմա դարձել եմ ես լուրջ մի տիկին,
Իսկ դուք հռչակված ու հայտնի պոետ։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 
Դե, նստենք։Անցա՞վ ձեր տենդը իսպառ...
Որքա՜ն փոխված եք, նման չեք հնին,
Ես հառաչեցի նույնիսկ գաղտնաբար,
Երբ ձեռք տվի ձեզ՝ ձեր հիվանդ պահին։
Կյանքը տարածն իր էլ ետ չի բերում,
Օրերը հոսում, անցնում են անհետ...
Ես մի ժամանակ շատ էի սիրում
Այգու դռան մոտ լուռ նստել ձեզ հետ։
Երազում էինք մենք անուն ու փառք․․․
Եվ դուք խփեցիք ուղիղ նշանին,
Իսկ ինձ ստիպեց մի ջահել սպա,
Որ ես մոռանամ հավետ այդ մասին»։

Ես լսում էի նրան, ակամա,
Եվ դիտում էի դեմքը երազուն
Եվ ուզում ասել Դե բավ է, հիմա
Եկեք որոնենք մի ուրիշ լեզու։
Եվ սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ, չգիտեմ,
Ասացի նրան հուզված ու անկապ.
«Այո, ա՛խ, այո․․․
Հիշեցի արդեն, նստեցեք, խնդրեմ,
Ուրախ եմ անչափ...
Ես ձեզ մի քանի
Երգեր կկարդամ
Ռուսիայի մասին գինետնային,
Պարզ են այդ երգերն, ամուր են սարքած
Եվ գնչուական թախիծով են լի»։
«Սերգեյ,
Ա՛խ, վատն եք, վատն եք դուք որքան,
Ցավում եմ այնպես
Ու ձեզ ափսոսում,
Որ կռիվների մասին ձեր հարբած
Ամբողջ երկիրն է ծայրեծայր խոսում։
Ասացեք ի՞նչ է ձեզ հետ պատահել»․․․
«Չգիտեմ»։
«Իսկ ո՞վ պետք է իմանա»։
«Երևի մայրս ինձ աշխարհ է բերել
Մի աշնանային խոնավ Ժամանակ...»։
«Կատակասերն եք»։
«Դուք նույնպես, Աննա»։
«Սիրո՞ւմ եք արդյոք որևէ մեկին»...
«Ոչ»։
«Դե, առավել ափսոս ու ծանր է
Կործանել կյանքը այդպես դառնագին։
Ձեր դիմաց ճամփան պայծառ է այնպես...»
Մուժն էր խտանում դաշտերի վրա...
Չգիտեմ ինչու շոյում էի ես
Նրա ձեռնոցներն ու շալը նրա։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Լուսինն էր ժպտում միմոսի նման։
Եվ թեկուզ արդեն առաջվանը չեմ,
Բայց սիրտս, սիրտս լի էր անսահման
Իմ պատանության խայտանքով այն ջերմ։
Մենք բաժանվեցինք վաղ առավոտյան
Աչքերի խաղով անհասկանալի․․․
Ամառվա մեջ կա հիասքանչ մի բան,
Որով մեր հոգին ու սիրտն էլ է լի․․․

Իմ ջաղացպանը․․․
Ա՛խ, ջաղացպանը
Ինձ խելքահան է անում անդադար։
Մի քաշքշուկ է սարքել անբանը
Ու վազվզում է որպես փոստատար։
Մի երկտող բերեց նա այսօր նորից,
Ասես սեր հայտնի մեկը այդ գրով.
«Եկեք։
Ամենից մոտիկն եք դուք ինձ։
Ձեզ անկեղծ սիրող՝
Օգլոբլին Պրոն»։
Գնում եմ։
Հասա ահա Կրիուշի։
Պրոնն է կանգնած դարբասի մոտ հին,
Հարբած գոռում է...
Դուրս զալով ուժից
Հայհոյում աղքատ գյուղացիներին.
«Է՛յ, ողորմելի
Ու չնչին դու լու․․․
Սնեգինայի մոտ...
Ու մեկից այսպես՝
Առանց փրկագին մեզնից ուզելու
Քո կալվածքները դու տաս պիտի մեզ»։
Եվ հանկարծակի ինձ տեսած իր քով
Ու ցածրացնելով տոնը կռվասեր,
Ասաց նա անկեղծ վիրավորանքով․
«Գյուղացիներին եփել է պետք դեռ»։
Հարցրի․
«Պրոշա, ինշո՞ւ ես կանչել»։
«Անշուշտ, ոչ վարի, ոչ էլ հնձելու։
Հիմա ձի գտնեմ, կգնանք այնտեղ...
Սնեգինայի մոտ․․․ հող պահանջելու․․․»
Ահա մեզ համար բերին մի յաբու,
Լծափայտի մեջ կմախք է ասես,
Այդ ձին ուրիշին ձրի կտաս դու,
Միայն թե իզուր քեզ մոտ չպահես։
Ընթանում էինք մանր քայլերով,
Ծիծաղում էինք ու ջղայնանում,
Երբ անցնում էինք մենք դիք վայրերով,
Ինքներս էինք մեր սայլակը տանում։
Տեղ հասանք։
Տունը իր կիսահարկով
Ճակատի կողմից նստել է մի քիչ․
Այնպես քնքշորեն բուրում էր ծաղկով
Նրա հյուսածո ցանկապատը ցից։
Իջանք։
Մոտեցանք ահա տերրասին,
Փոշոտ շորերս ենք փոթով թափ տալիս,
Ու ինչ-որ մեկի վախճանի մասին
Խոսակցություն է սենյակից գալիս։
«Էլ օգուտ չունի, ի՞նչ ես հեծեծում,
Նա արդեն սառած դիակ է դարձել...
Ինչ-որ մեկն այնտեղ մեր դուռն է ծեծում.
Դու պուդրա քսիր․․․
Ես գնամ բացեմ․․․»։
Բացում է ահա մեր դեմ դուռը տան
Մի գիրամարմին ու տխուր տիկին,
Իսկ Պրոնն, առանց այլևայլության,
Հողն է պահանջում
Առանց փրկագին։
«Դե տուր,—
Կրկնում է նա ձայնով իր խուլ,—
Ինչ է՝ պիտի գալ, ոտքդ համբուրե՞լ»․․․
Եվ ընդունում էր տիկինն այն տխուր
Այդ խոսքերն այնպես սառն ու անտարբեր։
Հետո կես խոսքից դեպի ինձ թեքվեց
Ու հարցում արավ
Դեմքով ահաբեկ․
«Դստերս մոտ եք երևի եկել,
Կհայտնեմ հիմա,
Խնդրում եմ, նստեք»։
Ես պարզ հիշում եմ ճակատագրական,
Ծանր օրերի այն շղթան անվերջ։
Սակայն ինձ համար դժվար էր այնքան
Նայել Աննայի լուրթ աչքերի մեջ։
Ու ես հասկացա նրա վիշտն անել.
Ես ուզում էի լինել կարեկից․
«Ախ, սպանել են․․․
Բորյային սպանել,
Հեռու գնացեք,
Մենակ թողեք ինձ։
Օ՜, վախկոտ եք դուք ու ողորմելի,
Նա մեռավ...
Մինչ դուք մնացիք այստեղ․․․»։
Ո՛չ, դա շատ շուտ է, չափից ավելի,
Ամեն մարդ չէ, որ կարող է մարսել,
Եվ ամաչելով այդ խիստ ապտակից,
Պրոնին թեքված, ասացի տրտում.
«Է՛հ, այսօր նրանք քեֆ չունեն մի քիչ,
Մի վեր կաց, Պրոն, գնանք գինետուն»։

Ես ողջ ամառը որս արի անվերջ,
Մոռացա նրա դեմքը դյութական։
Վիրավորանքն իմ
Ճահիճների մեջ
Սգալով թաղեց կտցարը լալկան։
Աղքատ է այնքան հայրենիքն իմ հեզ
Իր անտառների ծաղկով ու հյութով․
Եվ կարճ է նրա ամառը այնպես,
Ինչպես մայիսյան գիշերը դյութող։
Ալ է առավոտն ու ավելի ցուրտ,
Ներքև է իջնում մշուշը ծավի։
Եվ տերևաթափ անտառում թավուտ
Զիլ երգն է հնչում երաշտահավի։
Ժպտում է անվերջ իմ ջաղացպանը,
Հոգին լեցուն է ինչ-որ խնդությամբ.
«Սերգուխա, հիմա լավ է մեր բանը,
Նապաստակների հախիցը կգանք»։
Ես որսի համար ուրախ եմ հարկավ,
Ձանձրույթ ու թախիծ էլ ինչո՞վ ցրես...
Այսօր երեկո Պրոնը եկավ
Ու ներս գլորվեց լուսնկայի պես։
«Եղբայրս, ցնծա՛,
Երջանկություն է,
Հասանք վերջապես սպասված օրին,
Եկավ մեր արդար իշխանությունը,
Մենք քամուն կտանք հիմա բոլորին։
Առանց փրկագնի մենք հենց էս ամառ
Մեր ձեռքն ենք առնում դաշտ, անտառ ու մարգ,
Սովետական է մեր Ռուսիան հիմա.
Լենինն է հիմա կոմիսարն ավագ։
Եղբայրս, տեսա՞ր,
Գործը ոնց եռաց,
Սա ուրիշ բան է, ուրիշ գործ է, չէ․․․
Ես խնդությունից հազիվ չմեռա,
Իսկ իմ եղբայրը վարտիքը թրջեց»։
Մի եղբայր ուներ Պրոնը՝ Լաբուտյան,
Ոնց որ ֆուրգոնի անիվն հինգերորդ,
Վտանգի ժամին, ժամին փորձության
Թե պարծենկոտ էր ու թե շատ վախկոտ։
Շաղակրատում էր։ երբեք չէր լռում,
Այդպիսիներին դուք էլ տեսած կաք,
Երկու մեդալ էր նա կրծքին կրում,
Ստացած կռվում այն ճապոնական։
Ու երբ մտնում էր նա միշտ գինետուն,
Ձգում էր ձայնով իր հարբեցողի․
«Լյաոյանի տակ հռչակված մարդուն
Խնդրում եմ բաշխեք կես լիտր օղի»։
Հետո հարբում էր, ընկնում էր հալից,
Հուզվում էր, խոսում տաք ու բորբոքուն․․․
Նա Պորտ-Արտուրի համար էր լալիս
Եվ հարևանի ուսն արցունքոտում։
Գոռում էր.
«Պետյա՜,
Իմ աղավնյակս...
Չասես հարբած եմ, իմ սիրտն է ցավում
Իմ խիզախությունն ու իմ սխրանքը
Լոկ Լյաոյանը գիտի աշխարհում»։
Աչքի առաջ են մարդիկ այդպիսի,
Չեն էլ աշխատում ու ապրում են հեշտ․․․
Սովետի օրով, ինչ ասել կուզի,
Նա մեդալներն իր սնդուկում պահեց,
Սակայն չփոխվեց գոռ տեսքը նրա,
Նույն հպարտությամբ ծեր վետերանի
Խռպոտ խոսում էր բաժակի վրա
Նարչինսկի մասին ու Տուրուխանի։
«Այո, եղբայրս,
Եղանք վշտի մեջ,
Սակայն ոչ մի բան մեզ ահ չէր բերում...»
Ու մեդալները, մեդալներն անվերջ
Զրնգում էին նրա խոսքերում։
Խաղում էր եղբոր ներվերի հետ նա,
Եվ հայհոյում էր Պրոնը նրան,
Բայց առաջինը նա էր, որ գնաց
Վերգիր անելու տունն սնեգինյան։
Բռնագրավումը արվում է արագ․
«Նախ տուր, կպարզենք ողջը այնուհետ»։
Եվ կալվածքն ամբողջ քշեցին գավառ
Տիրուհիների ու տավարի հետ։
Իսկ ջաղացպանը․․․
Իմ ջաղացպանը
Տիրուհիներին բերեց իրենց տուն
Ու ստիպեց ինձ այդ ծեր անբանը,
Որ մտնեմ նրանց բախտի մեջ տրտում:
Նորից ինչ-որ բան հոգուս մեջ ծփաց,
Ու գիշերն ամբողջ, այն գիշերը ձիգ
Ես դիտում էի հոգսերից կորված
Նրա շուրթերը՝ նուրբ ու գեղեցիկ։
Հիշում եմ,
Նա ինձ ասում էր այսպես.
«Անիրավ եղա ձեր հանդեպ․․․ ներեք...
Ամուսնուս անչափ սիրում էի ես,
Հուշից ցավում է գլուխը իմ հեգ...
Բայց ձեզ կոպտեցի պատահմամբ ու զուր,
Դաժանությունն իմ եղավ, օ՜, ինձ դատ...
Կար այդ բանի մեջ գաղտնիք մի տխուր,
Որի անունը կիրք է հանցապարտ:
Ես կարող էի
Այս ամառ ձեզ հետ
Վայելել հրճվանք ու բախտ մի ուրիշ,
Դեն կնետեիք դուք ինձ այնուհետ
Որպես դատարկված ու անպետք մի շիշ․․․
Հենց դրա համար, ես այդ զգացի,
Պետք չէր հանդիպել ու շարունակել...
Կարող էի ես, դրանից բացի,
Վրդովել մորն իմ՝ հին հայացի տեր»։
Բայց ես զրույցը շուռ տվի իսկույն,
Նայելով նրա աչքերի մեջ ջինջ,
Նրա մարմինը բարակ ու ճկուն
Մեղմ օրորվելով, ետ գնաց մի քիչ։
«Ասացեք, Աննա,
Դուք շա՞տ եք ցավում
Ձեր կալվածքների կորստի համար»․․․
Ոչ մի բան չասաց ու իր տխրավուն
Հայացքը ղանդաղ խոնարհեց նա վար։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
«Նայեք,
Բացվում է արդեն օրը ջինջ,
Այգը ձյան վրա հրդեհ է մի ալ․․․
Դա ինչ-որ բան է հիշեցնում...
Բայց ի՞նչ․․․
Չեմ կարողանում հիմա հասկանալ։
Ա՛խ․․․ Հա՜...
Մանկության օրերին էր դա․․․
Ո՛չ աշնան․․ Ուրիշ մի այգ էր վառվում։
Միասին էինք մենք այգում նստած,
Ու ամեն մեկս՝ տասնվեց տարու»...
Հետո քնքշաբար նայելով նորեն,
Ձեռքը կարապի վզի պես թեքած,
Ասաց նա, կարծես թե անփութորեն.
«Քնելու ժամն է արդեն,
Բարեկամ»։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Երեկոյան դեմ մեկնեցին նրանք։
Մեկնեցին,
Բայց ո՞ւր․․․
Չգիտեմ այդ ես․․․
Թե ուղենիշ կա դաշտի մեջ արձակ,
Դու շատ հեշտությամբ ճամփան կգտնես:
Այդ դեպքերն արդեն ես լավ չեմ հիշում,
Չգիտեմ, Պրոնն ի՞նչ արեց արդյոք։
Պիտեր սլացա ես հենց այդ աշուն,
Ցրելու այնտեղ թախիծ ու մորմոք։


Օրեր խստաշունչ և ահեղ այնքան։
Մի՞թե բոլորն այդ կպատմես գանգիստ․․․
Պալատներն էին այն արքունական
Լսում զինվորի հայհոյանքը խիստ։
Է՜խ, կտրիճություն․․․
Դաշտեր ճաղկավառ․․․
Եվ իզուր չէ որ գյուղացիք կեղտոտ
Ռոյալի վրա՝ կովերի համար
Նվագում էին տամբովյան ֆոկստրոտ։
Կարտոֆիլի դեմ, վարսակի, հացի
Գրամոֆոններ էր մուժիկը ուզում
Ու կուշտ ծխելով «տոտիկը այծի»,
Իր համար նստած տանգո էր լսում։
Շահույթից ձեռքը շփում էր հանգիստ,
Ոչ մի տեսակ հարկ էլ սրտովը չէր
Գժված խորհում էր այն բանի մասին,
Որը ճոճվում էր ոտքերի միջև:
Եվ անցնում էին
Տարիներն այն տաք․․․
Գյուղացու բանը դժվար էր նորից։
Որքան ու որքան փտեց հողի տակ
Շշերում պահված Կերենսկու փողից։
Դու իմ աղավնյակ, դու մեր սնուցիչ...
Հողի, տավարի տեր է նա դառել,
Բայց հանուն մի զույգ հին հարյուրնոցի
Թույլ կտա իրեն մտրակով դաղել։
Դե, լավ,
Էլ բավ է հառաչել այսպես,
Պետք չեն էլ խոսքեր ու ծաղրուծանակ․․․
Այսօր Պրոնի բախտի մասին ես
Իմ ջաղացպանից ստացա նամակ։
«Սերգուխա, անգին, քո ազիզ խաթեր,
Ողջույն քեզ, ողջույն ու հազար բարի,
Եղբայրս, էդ քեզ ի՞նչ է պատահել
Չես եղել մեզ մոտ դու մի վեց տարի։
Դեհ, պատիվ արա,
Պատրաստվիր, եղբայր,
Գարնանամուտին այցի արի մեզ։
Այստեղ այնպիսի անցուդարձ եղավ,
Որ նամակի մեջ դժվար կպատմես։
Լռեցին հողմերն ու դադար տվին,
Եվ ժողովրդի կյանքը խաղաղվեց,
Իմացիր, սակայն, որ քսան թվին
Օգլոբլին Պրոնը գնդակահարվեց։
Ռուսիա․․․
Նա ասես խենթ հնչյուն լինի...
Կուզես հավատա դու ինձ, կուզես՝ ոչ...
Մի անգամ ջոկատը Դենիկինի
Եկավ, գրավեց Կրիուշին ամբողջ։
Ու բանն սկսվեց զվարճալի գործով,
Զվարճանք, որից հեշտ է սատակել...
Եվ կրճտոցով ու հռհռոցով
Կազակի ղամշին սկսեց կատակել,
Այդ ժամանակ էլ Պրոնին չրթեցին...
Մի դեզի մեջ էր Լաբուտյան մտել...
Ու դուրս եկավ, երբ նժույգը վերջին
Կորավ մոտակա անտառի հետև։
Շրջում է հիմա առաջվա նման,
Հարբած սֆաթով գոռում անդադար․
«Իմ կրծքին կարմիր մի շքանշան
Պետք է կպցնել քաջության համար»։
Ցրվել են հիմա ամպերը չարի...
Թեկուզ մեր կյանքը դրախտ չի դարձել,
Բայց դու, սիրելիս, մեզ այցի արի,
Մխիթարելու իմ օրերը ծեր»։

Ճանապարհին եմ նորից ես ահա,
Հուլիսյան գիշերն իր մեգն է փռել,
Սլանում է կառքն իմ աղմկարար
Ու գիշերվա մեջ չի ուզում լռել։
Ճանապարհն այնպես հաճելի է, լավ,
Դաշտային քամին իր զովն է բերում,
Լուսինն էլ ահա մեղմորեն ելավ
Ու ոսկով օծեց գյուղերի հեռուն։
Ջրհորներ ահա ու զանգակատուն,
Եվ ահա, ահա ցանկապատը հին...
Իմ սիրտը այնպես արագ է զարկում,
Ինչպես այն հեռո՜ւ, հեռո՜ւ օրերին։
Ջրաղացում եմ...
Մութ եղևնուտին
Կայծոռիկներ է գիշերը թափել,
Ծեր ջաղացպանը ուրախությունից
Չի կարողանում երկու խոսք կապել․
«Իմ աղավնյակս,
Այդ դո՞ւ ես, որդի,
Մրսել ես ասա ու կարգին սառել,
Դե, շուտ, ա՛յ պառավ, ինքնաեռը դիր,
Սեղանը գցիր, կարկանդակը բեր։
Սերգեյ, հոգյակս, ականջ արա դեռ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դու էլ տարիքով արդեն ծերուկ ես,
Սպասիր հիմա, քո ազիզ խաթեր,
Մի փոքրիկ նվեր պիտի տամ ես քեզ»։
«Նվե՞ր»․․․
«Չէ, չէ,
Մի հասարակ նամակ...
Բայց, աղավնյակս, մի շտապիր դու...
Վաղուց է արդեն, երկար ժամանակ,
Ինչ փոստից բերել ու գցել եմ տուն»։
Բացում եմ, կարդում․․․ Դե նա է, էլ ո՞վ,
Ուրիշ որտեղի՞ց էլ պիտի լինի...
Գրված է անփույթ մի ձեռագրով,
Ծրարի վրա լոնդոնյան կնիք։
«Կենդանի՞ եք դուք... Ես ուրախ եմ շատ,
Ես էլ ձեզ նման ապրում եմ ու կամ...
Ու երազներում մի հին ցանկապատ
Ու ձեզ եմ տեսնում ես ամեն անգամ:
Ես ձեզնից հիմա հեռու եմ այնպես,
Ռուսիայում գարուն ու ապրիլ է տաք,
Եղևնուտին ու կեչուտին այն հեզ
Մշուշի քողն է իջել կապուտակ․․․
Ու հիմա, երբ ես թղթին եմ հանձնում
Խոսքերն այս, լեցուն տխրությամբ խորին,
Ջաղացպանի հետ անտառի խորքում
Ականջ եք դնում դուք ցախաքլորին։
Նավահանգիստ եմ գնում ես հաճախ
Եվ նավերի մեջ այնքան ու այնքան,
Ոչ այն է վախով, ոչ այն է ուրախ,
Նայում դրոշին ձեր սովետական։
Իմ ճանապարհը որոշ է ու պարզ...
Նորոգ ուժեր են ձեր երկրում եռում,
Բայց դուք ինձ համար սիրելի եք հար,
Որպես հայրենիք ու որպես գարուն»...
Նամակն իսկական նամակ է։
Բնավ
Ես չէի գրի այդպիսի նամակ...
Մուշտակս առած առաջվա նման
Գիշերելու եմ գնում ես մարագ:
Գնում եմ ահա մեծացած այգով,
Սիրենն է քնքուշ դիպչում իմ դեմքին,
Ու դիտում եմ ես կարոտ հայացքով
Այս ցանկապատը կորացած ու հին։
Այն դռնակի մոտ ես մի ժամանակ
Պատանի էի տասնվեց տարու,
Ու մի լավ աղջիկ թիկնոցով ճերմակ
Քնքշորեն ասաց․ «Ո՛չ, քեզ չեմ սիրում»։
Օրեր հեռավոր և օրեր քնքուշ,
Դեռ այն պատկերը իմ մեջ չի մարել...
Բոլորս ենք սիրեք մենք այդ տարիքում,
Նշանակում է
Մեզ էլ են սիրել...

Комментариев нет:

Отправить комментарий