Мой список блогов

среда, 28 сентября 2011 г.

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ


Կյանքի իմաստը գինու մեջ ու ջանի մեջ  դու փնտրեցիր,-
Բայց ,ո՜վ Խայամ,կինն ու գինին քյուլհանի մե՞ջ դու փնտրեցիր:-
                                                                     Եղիշե Չարենց





« Նա երբեք հակում չի ունեցել ընտանեկան կյանքի նկատմամբ և ժառանգներ չի թողել:Այն ,ինչ որ մնացել է նրանից ,քառյակներ են և արաբերեն ու պարսկերեն  լեզվով գրված երկեր՝ փիլիսոփայությունից...» :

Այսպես է ներկայացնում Օմար Խայամին 15-րդ դարի պարսիկ հեղինակ Ահմադ Թաբրիզին...















Գինուս կուժը դու կոտրեցիր,Աստված իմ.
Բախտիս դուռը դու փակեցիր,Աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր ,Աստված իմ.
Ես եմ խմում ՝դո՞ւ հարբեցիր,Աստված իմ:



Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
Խելքը ՝գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,
Քանի ականջ,աչք ու լեզու տեղում են դեռ,
Էն գլխից կույր և համր ու խուլ պիտի լինես:



Ես չգիտեմ՝ նա ,ով տվեց ինձ շունչ - հոգի,
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե ՞Դժոխքի.
Գավը,սիրունն ու քնարն ինձ կանխիկ տվեք-
Ձեր ապառիկ Դրախտը ձեզ լինի ,հոգի:   )))))



Օդը մեղմ է ,օրը ՝պայծառ ու մաքուր,
Վարդի դեմքից ցողը փոշին է մաքրում.
Դեղին վարդին թեքված սոխակը գինով
Շշնջում է.«Ճիշտը հարբելն է կյանքում....» :

Տիկնիկ ենք մենք , ճակատագիրը ՝ դերասան,
Պատկեր չէ սա ,այլ՝ հավաստի  և իրական ,-
Մի քանի օր կխաղանք այս բեմ - աշխարհում,
Մինչև մեզ նորից նետեն սնդունկն անէության :



Եթե մեզ վարդ բաժին չընկնի - փուշն էլ  բավ է :
Եթե կրակի բաժին չընկնի-լույսն էլ բավ է ,
Եթե ոչ շեյխ լինի, ոչ քուրձ, ոչ մենաստան,
Ժամի զանգը և Հարության հույսն էլ բավ է:


Ո՛վ օրենսգետ ,մենք քեզանից ջանասեր ենք այս աշխարհում.
Թեև՝ հարբած,սակայն սթափ խելքի տեր ենք այս աշխարհում,
Մենք  ՝խաղողի արյունը ալ-մարդկանց արյունն ես դու խմում,-
Խղճով ասա, մե՞նք , թե՞ դու ես արյունախումն այս աշխարհում:


Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ինչ պիտի անես,երբ քո մահը գա,-
Խմիր քանի...արթնանում ես դեռ քնից :


Ոչ դրախտը, ոչ դժոխքը դեռ չի տեսել ոչ ոք ,սի՛րտ,
Դեռ հանդերձյալ այն աշխարհից ,ետ չի դարձել ոչ ոք ,սիրտ,
Ինչքան հույս ու հավատ ունենք, մենք վստահել ենք մեկին,
Ու անունն ու ինչ լինելը ՝դեռ չի պարզել ոչ ոք ,սի՛րտ :



Գոռոզությունը անցնում է գինուց ,
Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,
Սատանան , մի կում թե գինի խմեր՝
Խոնարհում կաներ մարդ - աստծուն հնուց :

Եթե իմ ձեռքը հասներ ճակատագրի տախտակին ,
Կգրեի այն նորից՝ համաձայն իմ տենչանքի.
Կջնջեի մեկընդմիշտ այս աշխարհից հոգս ու ցավ ,
Բարձրացրած իմ գլխով այս կամարը երկնքի :



Քանի որ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում .
Եվ անմուրազ հեռանալը - իմ կամքով չէ այս աշխարհում,
Վեր կաց,գոտիդ ամրացրու և գինի բեր ինձ ,մատռվակ,
Որ աշխարհի ցավը խեղդեմ  այս գինով լի կուժ-կուլայում:


Հավատից մինչև անհավատություն - չնչին մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն - չնչին մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր -
Քանի որ կյանքի իմաստը միակ - հենց այդ մի պահն է :


Մատռվա՛կ, վարդն ու սեզն այս դուրեկան,
Տես, մի շաբաթ անց ,ինչ օրը ընկան,
Խմիր,վարդ քաղիր - զի մեկ էլ տեսար -
Այս սեզը՝ չոր հարդ,վարդը՝  հող դարձան....

Նորուզի սյուքը ալ վարդին լավ է,
Սիրահար զույգը  թարմ մարգին լավ է .
Հերիք դարդ անես անցածի մասին -
Այսօրվա օրն է ամենից լավը:

Թե ձեռքս ընկներ անիրավ բախտին,
Ցած կնետեի  նրան իր թախտից , 
Եվ կստեղծեի ուրիշ մի անիվ,
Որ մարդ տեր դառնար մի ուրիշ բախտի :



«Դրախտն,- ասին ,-հուրիներով է անուշ ».
Ես ասի.« Լոկ խաղողի հյութն է անուշ».
Առ Կանխիկն ու Ապառիկից ձեռք քաշիր -
Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ....



Ինչքան ընկեր քիչ ունենաս ,այնքան լավ ,
Ինչքան մարդկանց քիչ մոտենաս,այնքան լավ,
Ում այս կյանքում քո բարեկամն ես կարծում ,
Նա է քո դեմ, կույր մի լինի, նյութում դավ :


Նրանք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացին,
Եվ Աստծո մեծ էության մասին խոսքեր շռայլեցին,
Ոչ գաղտնիքի թելը գտան ,ոչ էլ կծիկը քանդեցին ,
Նախ խելքերին զոռ տվեցին ,հետո ...աչքերը փակեցին:


Հավերժության գաղտնիքը մութ ոչ դու գիտես ոչ էլ ՝ ես ,
Ոչ դու կարող ես վերծանել  գրերն այս մութ,և ոչ էլ՝ ես.
Իրականը ՝ քողի ետև եղած զրույցն է միայն,-
Երբ քողն ընկնի՝  էլ չենք լինի այս աշխարհում ոչ դու,ոչ՝ ես :


Երեկ գիշեր քարին տվի խաս կուժը ես,
Հարբած էի, երբ ]ջարդեցի այս կուժը ես,
Կուժը դարձավ ու մարդկային լեզվով ասաց.-
«Քեզ պես էի ,դու էլ վաղն ինձ կնմանվես...» :



Գարնանը ,երբ մանուշակի թուփն է ծաղկում,
Վարդի թփին զեփյուռը չանգ* է նվագում.
Նա է սթափն ,ով կնոջ հետ արծաթամորթ
Խմում է ու գինու գավը՝ զարկում քարին:

* չանգ -տավիղ ,վին




Գինետանը հարցում արի ես մի ծերից.
«Ի՞նչ լուր,-ասի,-այս աշխարհից մեկնողներից...»
«Խմիր,-ասաց,- մեզ պես քանիսն են գնացել,
Եվ նրանցից դեռ չի դարձել ոչ ոք նորից»:


Երբ կյանքն անցել է վերջացել,.-Բալխ ու Բաղդադ՝ բառեր են սին ,
Երբ լցվել է գավն ու թափվել. -դառն ու քաղցր - բառեր են սին.
Դարդ մի անի,լուսինը դեռ շատ կդառնա -
Լիալուսնից՝ նորալուսին,նորալուսնից ՝ լիալուսին :

Մենք ՝կանք - չկանք,աշխարհը կա ու կմնա,
Մեզանից հետք ու անուն էլ չի մնա,
Երբ չկայինք ՝աշխարհը բան չէր կորցրել,
Երբ չլինենք ՝ նա էլի նույնը կմնա:


Այն պալատում , ուր Բահրամը քեֆ էր անում,

Հիմա եղնիկն ու այռուծն են ձագեր հանում.
Բահրա՛մ,  որ գուռ էիր որսում քո ողջ կյանքում 
Տեսա՞ր , ինչպես գուռը որսաց քեզ աշխարհում:




Երեք գիշեր բրուտի մոտ մտա մի ծեր,
Տեսա երկու հազար խոսուն ու լուռ կժեր,
Նույն հարցն էին տալիս նրանք.«Ո՞ւր եք ,ասեք,
Կուժ սարքողներ,կուժ ծախողներ,կուժ առնողներ...» :

Մեզնից ո՞վ մեղք չի գործել  այս աշխարհում,ասա,

Թե չի գործել ,ո՞նց է ապրել այս աշխարհում ,ասա,
Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,
Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն,ասա :


Առ այս գավը ,Նոռուզի կակաչի պես արնագույն,

Կակաչադեմ կույսի հետ խնջույք արա ողջ կյանքում.
Խմիր , հարբիր , քանի դեռ երկնակամարը կապույտ
Քո աճյունը չի խառնել այս հողի հետ արնագույն :


Ամեն վատ - լավ ,որ մարդու էությունից է գալիս,

Ամեն խինդ - ցավ, որ մարդու բնությունից է գալիս,
Բախտի վրա մի բարդիր ,քանզի անիվը բախտի 
Քեզնից հազար անգամ խեղճ ու անճար է ավելի:

Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,

Չթողնես - առանց խնդության անցնի...
Կյանքի իմաստը՝հենց ինքն է ,որ կա,-
Ինչպես որ ապրես ,այնպես էլ կանցնի:


Գարուն ,թե ձմեռ,քնած ,թե արթուն ,

Կյանքի գիրքը մեր թերթվում է , հատնում ,
Խմիր և հիշիր խոսքը հաքիմի,
Վշտերը թույն են ,գինին ՝հակաթույն ...

Ո՛վ անտեղյակ ՝այս աշխարհին - ոչինչ ես դու ,դու չկաս,

Քամին է հիմքը քո կյանքի - ոչինչ ես դու ,դու չկաս,
Քո գոյությամբ ընկած երկու անգոյության արանքում 
Որպես Ոչինչ ՝Ոչնչի մեջ - ոչինչ ես դու,դու չկաս :


Անձդ ֆալաքի հոգսերին մի տա ,

Հոգիդ անցավոր վշտերին մի տա ,
Թե տալիս ես՝ քեզ գինուն  տուր , յարին,-
Քո կյանքն անցավոր զուր քամուն մի տա :

Այն բրուտը ,որ հունցում է կավը,

Թե խելքը գլխին զննի այդ կավը.
Չի հունցի նրան,բռունցք ու ոտով ՝
Իր նախնինների հողն է այդ կավը:

Տեր , դու ես իմ կավը հունցել - ես ինչ անեմ,

Բուրդըս դու ես մանել -  գործել ,ես ինչ անեմ,
Այն ամենը ,ինչ կա իմ մեջ - թե լավ ,թե վատ -
Իմ ճակատին դու ես գրել - ես ինչ անեմ :

Այն փոշին , որ տրորում ես քո ոտքի տակ,

Եղել է մի արևադեմ,մի լույս Արուսյակ,
Զգույշ սրբիր  թևքով փոշին քո երեսից,
Ո՞վ գիտե,նա ո՞ր նազենու դեմքն է ճերմակ ...

babochka-na-vetke-2009 (700x474, 86Kb)

Մի կաթիլ ջուր էր - և մի ծով դարձավ.
Փոշի էր՝ հողին ձուլվեց - միացավ.
Քո աշխարհ գալու իմաստն ի՞նչ էր ,մարդ -
Աննշան մի ճանճ ,որ...անտես դարձավ :


Օ՜ , բախտի անիվ ամեն չարիք քո քենից է գալիս ,

Անարդարության բիրտ արհեստը քո հնից է գալիս .
Թե վաղը բացեն քո կուրծքը ,որ սև կուրծք է մայր հողի ,
Ինչ գանձեր ասես ,որ չեն գտնի քո սրտում գաղտնալից....

Թե ես մոգերի գինուց հարբած եմ - այդպես եմ ,որ կամ .

Սիրահար,գյավուր և կռապաշտ եմ ,- այդպես եմ ,որ կամ .
Ամեն մի թայֆա իր կարծիքն ունի  կյանքում իմ մասին -
Թե ո՞վ եմ ,կամ ՝ ի՞նչ - ես ինքս գիտեմ - այդպես եմ ,որ կամ....


Ինձ իմաստուն կոչեց դիտմամբ իմ թշնամին ,

Աստված   վկա՝ սուտ են խոսքերն այդ ու քամի ...
Քանի որ ես ընկել եմ այս խուցը ցավի,
Հեչ չլինի՝գիտեմ,թե ով եմ ես ,կամ ՝ ինչ :


Երկնակամարից վատ արարքներ ու վատ վարք սպասիր,

Այս աշխարհը փուչ՝ բարեկամներից դատարկ իմացիր .
Ինչքան կարող ես - եղիր այնպիսին ,ինչպիսին որ կաս -
Ոչ Երեկ տենչա, ոչ Վաղվան ձգտիր ,Այսօրվան հասիր:


Ափսոս,որ իմ ջահելության գիրքը թերթվեց - վերջացավ,

Եվ իմ կյանքը - հազար ափսոս - վաղ գարնան պես շուտ անցավ,
Երջանկության հավքն այն,որին ջահելություն են կոչում,
Ե՞րբ երևաց, ե՞րբ ծլվլաց ու ե՞րբ չվեց՝չիմացա....


Ես մեծ գավերով գինին կխմեմ,

Երկու գավ ավել ինձ կնվիրեմ,
Նախ...ապահարզան կտամ իմ խելքին ,
Իսկ հետո գինուն կնության կառնեմ ...

Երբ մեռնեմ ,դուք ինձ գինով լվացեք ,

Եվ գավը ձեռքին ինձ թալղին ասեք ,
Թե հարության օրն ինձ գտնել ուզեք,
Գինետան շեմին ,փոշում փնտրեցեք :

Շեյխը հարբած մի պոռնիկի հայ էր տալիս.

«Մեկ սրա հետ,մեկ նրա հետ ման ես գալիս» :
Կինն ասաց. «Շեյխ ,ես այն եմ ,ինչ ասում ես դու ,
Իսկ դու ա՞յն ես ,ինչ որ կյանքում ցույց ես տալիս ...» :


Թեև մզկիթ ես կարիքից դրդված եկա,

Բայց չկարծեք ,թե նամազի համար եկա,
Այն սեջանդեն ,որ գողացել եմ այստեղից,
Մաշվել է...նոր սեջանդեի համար եկա :

Այս աշխարհին ի՞նչ օգուտ իմ աշխարհ գալուց,

Կամ ինչ օգուտ ՝ այս աշխարհից իմ գնալուց,
Գոնե մեկն իմ զույգ ականջից մեկին ասեր ,
Թե ինչ իմաստ ՝ մեր այս գալուց ու գնալուց:



Այս կուժն ՝ ինձ պես սիրով տարված է եղել ,
Սիրունի սև ծամին գերված է եղել ,
Կժի վզին փարված այս կանթը սիրուն ,
Ձեռք է ,որ իր յարին փարված է եղել ...


Այն ,ինչ տեսար ու հայեցիր -  ոչինչ է ,

Ինչ ասացիր ու լսեցիր  - ոչինչ է .
Սողա,մուլք ու կայք կուտակիր  -  ոչինչ է....


Նա, ով խելքով առաջնորդվի այս աշխարհւում ,

Միևնույնն է ՝ թե ...եզ կթի այս աշխարհում 
Նախընտրելի չէ՞  ՝որ հիմարի շորեր հագնի,
Նույն գնով են երբ սոխ ու խելքը վաճառում :))))

Մի ձեռքին գինի ,մյուսում ՝ Ղուրան ,

Մերթ հարամ ենք մենք ,մերթ՝ հալալ միայն :
Այսպես,փիրուզի այս երկնքի տակ 
Ոչ թունդ գյավուր ենք , ոչ ՝ զուտ մուսուլման :



 Երեխա էինք ՝ հասուն այր դարձանք,

Բայց դրանից էլ մի խեր չտեսանք .
Կուզե՞ս իմանալ ՝ թե վերջն ո՞ւր հասանք ՝
Ջրի պես եկանք ,- քամու պես անցանք :

Մի գավ գինին հարյուր սիրտ ու հավատ արժե ,

Մի կում գինին մի չինական պալատ արժե,
Նրա մի կում դառնությունը - ինչ լալ - հակինթ,
Հազար ու մի քաղցր կյանք ու լազաթ արժե :


Մի բրուտանոց մտա մեր տան կից,

Տեսա, բրուտը կավի մեծ կույտից
Կժերին ՝գլուխ ու կանթ է սարքում -
Շահի գլխից ու աղքատի ձեռքից....

Քանի որ հիմա շահ չկա խելքից ,

Եվ անխելքն է լոկ օգտվում կյանքից
Գինի լից ,թող իմ խելք - միտքը տանի -
Գուցե քաղցրանա աչքը ֆալաքի :

Երեխա,ջահել թե ծեր անկենդան ,

Իրար ետևից կգան ու կերթան ,
Աշխարհն ում մնաց ,որ ումը մնա -
Գնացին, կերթանք . կգան ու կերթան ...  





Ամեն մի ցեղ, ամեն ազգ,
Ունի հատուկ ճանապարհ.
Սիրո ճամփան աշխարհում
Միայն չունի ղեկավար:


Պատմում եմ քեզ, որ գուցե մնաս սրտիս անծանոթ.
Եվ որ ձանձրույթ չունենաս՝ ահա՜, իմ խոսքն համառոտ:
Սերըդ կապված սրտիս հետ՝ ես հողի տակ կըտանեմ,
Եվ սիրուդ հետ միատեղ՝ գլուխըս հողից կըհանեմ:


Ուրախ լինել չի կարող մի սիրտ, որին պատե ցավ.
Բաժանվելով քեզանից, ուրախ սիրտն իմ սևացավ:
Ողջ դառնությունն աշխարհի քաղցր է քեզնով ինձ համար.
Քո բաժանման դառնությամբ՝ ինչի՞ս է պետք մի աշխարհ:




Իմ աննմա՜ն սիրուհիս, դու ո՞ր կողմից ծագեցիր,
Որ լուսինն իսկ նվաղեց փայլիդ առաջ երկնածիր:
Տոնին՝ իր դեմքն է պճնում յուրաքանչյուր գեղանի,
Երբ դու եկար՝ քո դեմքով դարձար պճնանքն այս տոնի:



Բաղդատեցի նոճու հետ մի օր քո կազմն այդ շիտակ,
Ծառըն այդ օրից պարծանքով գլուխ բարձրացրեց համարձակ: )))


Սիրտըս, զեփյռից երբ քո բույրը զգաց,
Թողեց ինձ, ու քեզ փնտրելու գընաց.
Այժմ ինձ, ո՜վ հրաշք, չի հիշում բընավ.
Քո հոտն էր առել, բնություննդ էլ առավ:


Ինչ սիրտ՝ որի մեջ կա լույսը սիրո
Լինի նա իսլամ, լինի անհավատ,
Սիրո  տոմարում թե անունը կա, -
Անկախ է դրախտից, դժոխքից՝ ազատ:


Հազիվ զատեցի ես ձեռքըս ոտքից,
Որ բախտը կապեց ոտքերս ու ձեռքեր.
Ափսո՜ս, որ պիտի գրեն իմ հաշվիս,
Մի կյանք, որ անցավ անգինի, անսեր:


Ո՜վ դու աշխարհում ընտրյալս միակ,
Դու՝ թանկ իմ հոգուց, իմ երկու աչքից.
Կյանքից, պաշտելի՜ս, անուշ բան չըկա,
Դու հազա´ր անգամ անուշ ես կյանքից:



Ես ձեռքըս տարա հերքիդ բուրալից,
Բայց ոչ թե  դրդված սիրով առնացի.
Հերքիդ մէջ տեսա սիրտըս խենթացած,
Եվ իմ սրտիս հետ ձեռքով խաղացի:



Սիրուհիս, որի կյանքը թո´ղ լինի ցավիս պես երկար,
Այսօր բարության ու շնորհի նոր էջ բացեց ինձ համար.
Աչքիս մեջ հայացք ձգեց ու անցավ աչքով սիրալիր,
Ուզում էր ասել.«Լավություն արա´, և  ջուրը գցիր»:


Բերանըդ՝ բաժակ, շրթունքըդ նրա գինին է զեղուն.
Մի բաժակ է աչքդ, ու միջին գինին՝ հոգիդ է ծփուն.
Կարծես բյուրեղյա բաժակը պայծառ գինով ժպտուն՝
Շիթ է արցունքի, և արյան շիթեր կան մեջը լեցուն:



Ասում են մարդիկ, թե մեզ կտանեն մի դրախտ երկնային,
Թե այնտեղ գինի և  հուր ու փերի կըտան մեզ բաժին:
Ինչո՞ւ աշխարհում չընտրենք ուրեմն մենք սեր ու գինի,
Քանի որ մեր գործն հանդերձյալ կյանքում հենց այդ կըլինի:

Ով որ այլոց վատն ուզե, չունի լավից նա բաժին,
Անշեղ իրեն կդառնա, ինչ վատ անե ուրիշին,
Ես քո բարիքն եմ ուզում, իսկ ինձ համար դու՝ չարիք,
Չարիք բընավ չի գա  ինձ, և չես տեսնի դո´ւ բարիք:

Որքան էլ քեզ այս կյանքում տրվի մի բախտ չարաչար,
Եվ որքան էլ դառնությամբ լցվի բաժակ քեզ համար,
Տըմարդ մարդուց մեկ շիթ ջուր, -որքան էլ զով ու վըճիտ-,
Եթե վառվում էլ ես , մի´ կաթեցրու շրթունքիդ:



Թե խելք ունես՝ մի´ լինիր ագահության դու գերի,
Ամենքի մոտ գլխիկոր, շնորհիվ՝ անմարս իղձերի,
Սահուն եղիր ջրի պես և հուրի պես՝ վա´ռ եղիր,
Բայց մի´ լինիր իբրև հող՝ ամեն հովից ցան ու ցիր:


Բարի է մարդ աշխարհում, թե լավ հռչակ ստանա,
Նույնքան ամոթ՝ որ բախտի հարվածներից բեկվի նա,
Հարբել ջրով խաղողի՝ հազար անգամ լավ է քան
Գոռոզանալ ու պանծալ արդարությամբ սեփական:


Բախտը մարդուն, զգույշ կա´ց, տալիս է լոկ չարիքներ,
Հանգիստ, անփույթ մի´ նստիր, խիստ սուր ունի նա սուսեր,
Թե ժամանակը հանկարծ մեղրից շնորհե քեզ պատառ,
Զգույշ եղիր, կուլ չտա´ս,  թույն կա մեջն անպատճառ:



Ո՜վ բախտ դու միշտ իմ սրտին ցավ ես տալիս ու կսկիծ,
Եվ բերկրության շապիկն իմ պատռում ես միշտ իմ կրծքից.
Հովը որ ինձ է գալիս, հուր ես շինում դու նրան.
Հող ես շինում ամեն ջուր, որ առնում եմ ես բերան:



Ո՜վ կապտագույն դու անի՜վ ո´չ ազնիվ ես, ո´չ կարող,
Գործին ազնիվ  մի մարդու, երբեք չեղավ  նպաստող:
Տմարդներին տալիս ես գանձ ու գոհար ու սեղան,
Կեցցե՜ս, անի՜վ բախտի, սրիկաների´ դու պաշտպան:


Արբեցությունն ու  գինին եղան իմ գործն ու սփոփանք,
Ինչո՞ւ են միշտ իմ գլխին թափում այսքան պարսավանք.
Երանի՜ թե հարբեցնե   ամեն մի գործ մեղապարտ,
Որ դու ամբողջ աշխարհում լուրջ չըգտնես ո´չ մի մարդ:


Մի´ որոնիր բարեկամ այս աշխարհում ձեռնածու,
Լսի´ր ինձնից այս խրատն ու մի´ հայտնիր դու մարդու:
Ցավով գոհ կա´ց, և դարման մի´ պահանջիր մարդկանցից.
Ուրախ նստի´ր վշտիդ հետ, և  մի փնտրիր վշտակից:


Ժամանակի դեպքերից մի´ վախենար հարածին,
Ինչ առաջ գա, մի´ վախիր, կանցնի արագ ու դյուրին:
Անկապտելի շահ հաշվիր , մեկ րոպեիդ այս ներկան,
Թո´ղ ցավ չըտայ քեզ անցյալն, ու վախ չազդե ապագան:


Մեռածների հանգստում, շրջել եմ ես քիչ ու շատ.
Գերեզմաններ եմ տեսել հարուստ մարդկանց  և աղքատ,
Ոչ աղքատը պատանից զուրկ էր մտել գերեզման,
Ոչ էլ հարուստն էր տարել ավելի քան մի պատան:


Իմ սիրտն խեղճ ու վշտալից, սիրտն իմ թշվառ ու խելառ,
Հարբած սիրով իմ սիրուհու՝ ուշքի չեկաւվ  նա իսպառ:
Երբ տրվեցավ  սիրո գինուց ամեն ոքի մի բաժին,
Իմ բաժակը մինչև  բերան սրտիս արյամբ լցրեցին:


Քանի՜-քանի՜ մարդկանց արյուն թափեց երկինքն անիրավ.
Որքա՜ն ծաղիկ բուսնեց հողից, և վերստին հողն ընկավ:
Գեղեցկությամբ, մատղաշությամբ, մի´ պարծենար, ո՜վ հոգյակ,
Քանի՜-քանի՜ դեռ գոց կոկոն թափվել է ցարդ ոտքի տակ:


Շարունակ սրտիդ իղձերի համար
Տանջում ես, մաշում կյանքըդ պատվական,
Չըգիտես, որ քո ցավերն են դրանք,
Որոնց կարոտը քաշում ես այդքան:



Թարգմանությունը Գևորգ Էմինի








.
























Комментариев нет:

Отправить комментарий