Мой список блогов

четверг, 29 сентября 2011 г.

Արթյուր Ռեմբո...

Նկ. Antoine Blanchard (1910 - 1988)


Սիրավեպ

Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ.
-Ու մի դյութիչ երեկո ՝ մի կողմ թողած աղմկուն
Սրճարանները պայծառ,գարեջուր թե լիմոնադ,
-Դու գնում ես շրջելու լորիների պուրակում:


Լորերիներ  բուրաշատ...երեկոն է մեղմ ու ջերմ...
Հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա,
Քամին աղմուկ է բերում ,- քաղաքն այնքան հեռու չէ ,-
Որթատունկն  է օրորում , ու կքնես դու հիմա...

-Նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝
Փոքրիկ լաթի մի  կտոր ՝շրջակարված ոսկեթել ,
Ու պատռված՝սպիտակ աստղի կողմից չարագույժ,
Որ սարսռում է համակ,ասես մահն է իր գտել...

Տասնյոթամյա պատանի...երեկոներ հունիսյան...
Հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում,
Թփրտում է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան,
Համբույրը տաք ու թովիչ ,ու լեզուդ կապ է ընկնում:


Սիրտդ որպես Ռոբինզոն , խենթանում է անծանոթ
Վեպերում ,երբ լապտերի լույսի միջով գունաթափ
Դանդաղ անցնում է փոքրիկ, հիանալի մի օրիորդ՝
Հոր կոճկովի օձիքի ահաբեկիչ շուքի տակ:

Եվ քանի որ դուք նրան անչափ նաիվ  եք թվում,
Նա  հեռանում է արագ կոշիկներով իր պստիկ.
Հետո շրջվում է կտրուկ ,կարծես, ձեզ է հետևում,
Եվ մահանում է իսկույն ձեր շուրթերի մեղեդին:

Սիրահարված եք արդեն ,վարձված մինչև սեպտեմբեր....



Իմ Սիրահարված Ճուտիկներ

Թող հիդրոլատն արտասուքի
Երկնի կաղամբը լվա.
Ծառն էլ թափի բողբոջ - թքի
Գնդիկները ձեզ վրա,

Ճերմակ լուսինն էլ թող բացի
Կլոր հետույքն իր ուրույն , ))))))
Իրար զարկեք ազդրերը ձեր,
Անճոռնիներ իմ սիրուն:

Իրար սիրում ենք անձնվեր,
Իմ անճոռնի կապտավուն.
Ուտում ենք մենք թերխաշ ձվեր
Հիանալի մեր դարում:

Դու ինձ պոետ հայհոյեցիր,
Իմ անճոռնի սպիտակ,
Դե ցած իջիր,քեզ ,որպես ձի,
Մտրակեմ ազդրերիս տակ:

Ես փսխեցի քո հեշտոցին,
Իմ անճոռնի սևաթույր.
Մանդոլինս դու ջարդեցիր
Քո սուր սայրով,ինչպես թուր:

Թո՜ւ, իմ թուքը դեռ չորացած,
Իմ անճոռնի շիկագույն,
Գարշ բուրում է վզիցդ ցած՝
Ստինքներիդ փոսիկում:

Սիրահարված իմ ճուտիկներ,
Ատում եմ ձեզ ,օ, հիմի.
Կեղտով ծածկեք վարակաբեր
Կրծքերը ձեր անճոռնի:

Դե,կոտրատեք կավե գավը
Ապրումներիս անարատ,
Հո՛պ, ուրեմն,դա՛ է լավը,
Պարե՛ք,պարե՛ք,դե,արա՛գ:

Խախտվում են ձեր հոդերն անվերջ,
Օ՜, իմ սերեր հնօրյա,
Ձեր հետույքի թշերի մեջ
Աստղ է շողում պղնձյա:

Մինչդեռ նրանց համա՞ր չէի
Հանգեր կցում ես իրար,
Արդ՝ ուզում  եմ, որ ջնջվեիք,
Անցյալիս սիրո համար:

Պիղծ աստղերի բույլն ահագին
Դղրդալով փուլ եկավ.
-Դուք կսատկեք Աստծո տակին,
Այն աշխարհը թե ընկաք:

Ճերմակ լուսինը թող բացի
Կլոր հետույքն իր ուրույն.
Իրար զարկեք ազդրերը ձեր
Անճոռնիներ իմ սիրուն:





ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամռան կապույտ գիշերին շավիղներով կգնամ՝ 
Ծակծկվելով հասկերից, ճզմելու արտը խոտի,
Անրջելով՝ ոտքերիս նրա զով շունչը կզգամ 
Եվ կթողնեմ, որ քամին մազերը իմ շաղոտի։
Կքայլեմ ես միայնակ, լուռ ու առանց խորհելու, 
Սակայն սերը անսահման կհամակի իմ հոգին, 
Գնչուի պես կգնամ ես միշտ հեռու, միշտ հեռո՛ւ 
Ու կգրկեմ երջանիկ Բնությունը, որպես կին։




Իմ Բոհեմը

Քայլում էի ՝ բռունցքներըս խոթած անտակ գրպաններում:
Վերարկուս էլ արդեն մաս-մաս ձուլվում էր իմ իդեալներին:
Չէ՛ որ ,Մուսա, բաց երկնի տակ, ես քո միակ ընտրյալն էի:
Օ լա-լա՜, ինչ փարթամ կույսեր սիրեցի իմ երազներում:

Անզուգական ,կարճ տաբատս անհուսալի մի խորշ ուներ:
Ես՝ երազող Մատնաչափիկ,բառերն աղում էի ճամփին՝
Որ հանգ թխեմ: 
Օթևանըս՝երկնում բազմած Մեծ Արջն էր հին:

Եվ իմ աստղերը երկնքից մաղում էին մեղմ շրշյուններ:
Շրշյուններն այդ լսում էի՝ նստած ափին ճամփաների,
Երբ երկնքից,- օ,ինչ բարի էր երեկոն սեպտեմբերի ,-
Ցող իջավ իմ բաց ճակատին,որպես գինի կենդանարար.

Երբ հանգերս կարկատելով շուքերի մեջ խելացնոր,
Որպես լարերը քնարիս,ձգում էի իմ վիրավոր
Կոշիկների քուղերն հազիվ՝ ծունկս հենած սրտիս վրա:







Բռնաբարված սիրտը

Սիրտս՝ լցված տխրությամբ, նավախելին է թքում,
Սիրտս խեղդվում է անպետք ծխախոտի ծխից գարշ.
Ու ապուրի շիթերը այս ու այն կողմ են ցատկում,
Սիրտս լցված տխրությամբ ,նավախելին է թքում .
Ու ամբոխն է գռեհիկ, իշավարի կատակում,
Հռհռում են բոլորը ծիծաղով կոշտ ու անտաշ,
Սիրտս ՝լցված տխրությամբ , նավախելին է թքում,
Սիրտս խեղդվում է անպետք ծխախոտի ծխից գարշ:

Փաղղոսի պես անամոթ,զինվորի պես անպատկառ
Կատակներն այդ գռեհիկ պոռնկացրին սիրտս կույս.
Ղեկը թվում է աչքիս պոռնկատան մի նկար՝
Փաղղոսի պես անամոթ,զինվորի պես անպատկառ,
Օ՜, ալիքներ շլացնող ,օ՜, ալիքներ խելագար,
Լվացեք սիրտս ,մաքրեք,թող չկորչի նա անհույս.
Փաղղոսի պես անամոթ,զինվորի պես անպատկառ
Կատակներն այդ գռեհիկ պոռնկացրին սիրտս կույս:

Թե որ ծամեն - վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի,
Օ՜, ինչ անել ,ո՛նց ապրել բռնաբարված այս սրտով,
Կտարածվեն բաքոսյան զկռտոցներ վայրենի,
Թե որ ծամեն - վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի,
Ստամոքսս ցնցվում է, ու սիրտս ետ է գալիս,
Սիրտս որպես մի պոռնիկ, գռեհկացած ու վրդով.
Թե որ ծամեն - վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի,

Օ՜, ի՛նչ անել ,ո՛նց ապրել,բռնաբարված այս սրտով:







ԱՄՈԹ

Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել:

(Նա՛ պիտի իր սեփական
Քիթն ու ականջը կտրեր
Եվ փորձեր, օ՜ հրաշք բա՛ն,
Իր որովայնը պատռել):

Այո՛, քանի չի խրել
Սուր դանակը իր գանգին,
Քարը կողը չի փշրել,
Չի մատնվել կրակին,

Այդ խենթ ու խև երեխան,
Որ արգելք է, խոչնդոտ,
Կմնա միշտ դավաճան
Եվ ստախոս անամոթ,

Ինչպես վայրի մի կատու,
Որ աղտեղում է չորս դին,
Բայց երբ մեռնի, Տե՛ր իմ, դու

Նրա համար աղոթի՛ր:








ՆԻՆԱՅԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ


ՏՂԱՆ _
.........................................................
Կուզե՞ս կուրծքս կրծքիդ վրա
Քայլենք անվերջ
Կապուտաշող առավոտվա
Շողերի մեջ,
Որ կցողեն գինու նման
Դեմքերը մեր...
Երբ անտառն է հեղում համայն
Համըր մի սեր
Ամեն ճյուղից ու բողբոջից,
Ցողից կանաչ,
Սարսռում է օդի մեջ ջինջ
Մարմինը բաց :
Դու կփռես առվույտի մեջ
Շորդ ճերմակ,
Կշողացնես սև ու անշեջ
Աչքդ կրակ.
Սիրահարված ու երջանիկ
Կտարածես
Քո խենթ ծիծաղը շամպայնի
Փրփուրի պես.
Եվ կսկսես դու ինձ ծաղրել`
Հարբած ուժգին,
Ես էլ ուժով կուզեմ քաղել 
Քո շրթունքի
Բույրը մոշի ու ելակի,
Դու կծաղրես 
Գարնան քամուն, որ կգրկի
Քեզ գողի պես,
Մասրենուն, որ գգվանքով 
Կտաջի քեզ,
Եվ հատկապես սիրածին քո
Կծանակես...
Դու տասնյոթ տարեկան ես,
Կերջանկանաս,
Ահա դաշտերը սիրակեզ.
Դե ի՞նչ , կգա՞ս...
Կուզե՞ս կուրծքս  կրծքիդ վրա,
Զրուցելով,
Քայլենք դանդաղ, մտնենք ապա
Անտառը զով…

Եվ աչքերը քո կիսաբաց,
Մեռյալի պես,
Իմ թևերին` ընդարմացած
Դու կպառկես…

Եվ կտանեմ  քեզ ժպպտադեմ,
Իմ թևերին,
Կերգի հավքը իր անդատեն`
«Կաղնիներին…»

Կկռանամ ես քո  դեմքին,
Քեզ պինդ գրկած,
Ինչպես քնած երեխային,
Գինովացած

Քո արյամբ, որ հոսում է տաք
Մաշկիդ ներքո,
Կասեմ խոսքեր ես համարձակ
Ականջին քո…

Անտառը իր հյութը կզգա,
Արեգակի
Շողքը վառման
Նրան կտա երազ ոսկի:

………………………………………

Տուն կդառնանք երեկոյան
Ծանոթ ճամփով,
Ինչպես հոտն է թողնում դժկամ 
Հանդ ու արոտ:

Չորս կողմը խոտն է կապտաթույր 
Ու անխռով,
Եվ այգիներն են` քաղցրաբույր
Խնձորներով:

Կիսամութին մենք գյուղ կգանք
Լուռ, հոգնաբեկ,
Կաթնեղենի հոտը կզգանք 
Ամենուրեք,
Կզգանք օդի մեջ` գոմերի

Բույրերը տաք,
Կլսենք հևքը կովերի,
Եվ լուսնի տակ

Նրանց մազեղ մեջը կոպիտ
Մենք կտեսնենք.
Ամեն քայլի կկոռոպի
Գոմեշը սեգ…

Հետո` ակնոցը տատիկի,
Քիթը երկար`
Գրքի վրա,գարեջրի
Խըցված  տակառ,

Նաև`ծխի ամպեր կապած
Ծխամորճներ,
Եվ ծխահոտ շուրթեր կախված,
Որ անհամբեր

Վերջ են տալիս խոզապուխտին
Ագահաբար,
Իր ցոլքերն է սփռում  չորս դին
Կրակը վառ:

Մի մանուկի հետույքը գեր 
Ու շողարձակ,
Որ ամանի մեջ է խցկել
Դեմքը ճերմակ.

Գռմռում է կողքին մի շուն
Մեծ, պատվավոր,
Որ քսվում է նրան, լիզում 
Թուշը կլոր…

Մռայլ, նստած աթոռակին
Մի անկյունում
Սարսափազդու մի պառավ կին
Թել է մանում…

Եվ կտեսնենք,սե'ր իմ, էլի
Բաներ այնքա՜ն,
Երբ կրակը լուսավորի
Դուռ, պատուհան…
-Հետո թփի տակ մի փարթամ
Յասամանի

Մեզ թաքնված մի պատուհան
Աչքով կանի…

Կգա՜ս,կգա՜ս, սիրո'ւմ եմ քեզ,
Իմ բարձրահո′ն,
Կգաս, չէ՞, որ մշտապես…

ԱՂՋԻԿԸ _ Իսկ հետո ի՞նչ...




ԱՌԱՋԻՆ   ԵՐԵԿՈՆ

(երեք համբույրի կատակերգություն)

—  Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց. 
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի 
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած, 
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։


Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝ 
Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված 
Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր 
Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։


-Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն, 
Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով. 
Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։


Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ. 
Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած, 
Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս, 
Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։


Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ 
Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
—  Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝ 
Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։


—  Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես 
Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա, 
Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
«Սա տանելի է դեռ, ավելի լա'վ է, բայց...


Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից...». 
Ես վերջին համբույրի մնացորդը անուշ 
Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ 
Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում...
—   Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց. 
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի 
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած, 
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։





ՀՄԱՅՎԱԾՆԵՐԸ

Սև գնդի նման` ձյան ու բքի մեջ
Շրջան են կազմել լուսավոր ու մեծ
Պատուհանի տակ,
Հինգ փոքրիկ,- թշվառ,-նայում են ծնկած
Ճերմակ հացթուխին,որ մեջքը կքած
Հաց է թխում տաք…
Տեսնում են ուժեղ ձեռքը հացթուխի,
Որ գորշ խմորն է հունցում, թխի
Շեկ վառարանում:
Տեսնում են`ինչպես մի մեծ, բարի հաց 
Եփվում է դանդաղ, հացթուխն էլ կամաց
Երգ է դնդնում:
Ու կուչ են գալիս,սեղմվում իրար`
Կարմիր օդանցքի շնչից բարերար`
Կրծքի պես տաքուկ:
Եվ երբ գիշերվա զանգերն թնդում
Ու հացն են հանում ծանր, կայծկլտուն,
Դեղին ու փափուկ,
Ու երբ ծխացող ցախերի միջից
Երգում են բուրյան փշուրներն հացի
Ծղրիդների պես,
Եվ երբ անցքն այդ շոգ շնչում է կյանքով, 
Հոգի'ն է նրանց լցվում բերկրանքով
Փալասների մեջ,
Ու նրանք այնպե՜ս ուտել են ուզում,
Փոքրիկնեն այդ խեղճ`եղյամով լեցուն,
-Որ այնտեղ են, տե՛ս,
Փոքրիկ, վարդագուն դեմքերը հպած
Փշալար ցանցին, սրունքները բաց,
Երգում են ասես,,
Աղոթք են ասում ի փառս փռի,
Նրաց ձգում է երկինքն այդ բարի
Այնպիսի~ ուժով,
Որ ճաքճքում են շալվարները կարճ,
Ու սրունքների գծերում թերաճ
Քամին է շրշում…



Զառանցանքներ

Փարիզյան Խնջույք կամ Փարիզը վերաբնակեցվում է

Օ՜,սրիկաներ ,ահա Քաղաքը: Խուժեք կայարան:
Սրբեց արևը իր տապ թոքերի ջերմությունը  բարկ
Բարբարոսներով մի օր հեղեղված բուլվարի վրա:
Արևմտանիստ սուրբ Քաղաքին էլ վերջապես հասաք:

Առա՜ջ ,լուր կտան ձեզ հրդեհների մասին նահանջող,
Ահա բուլվարը ,փողոցը ահա՝ կառամատույցի ,
Ահա շենքերիը լազուրի ներքո նուրբ ու լուսաշող,
Որ մի երեկո ռումբերը կարմիր աստղազարդեցին:

Մեռյալ  պալատի  վրա փայտամած վանդակներ քաշեք:
Երկչոտ ,հին  օրվա դիմաց պաղում է ձեր  հայացքը բութ:
Իսկ ազդրերն իրար ոլորած վայրի ոհմակին ձեր շեկ
Կծաղրեն հետո :Դե,խելագարվեք,գազաններ անգութ:

Դուք ստիպում եք ,որ ոսկեզօծված տները ճչան,
Դուք՝ դաշտանի մեջ և խաշիլ լափող քած շների կույտ:
Գողացեք,կերե՛ք՝ ուրախ գիշերն է ջղաձգության 
Փողոցում իջնում:Օ՜, հարբեցողներ հավերժ անհացուրդ,

Խմեք.իսկ թե գա խելքը կորցրած լույսը աչք ծակող
Եվ դառնա ձեր դեմ  շիթվող պերճանքի խուզարկուն զգոն,
Չե՞ ք թքելու դուք ձեր բաժակներում,անշարժ ու անխոս,
Աչքերդ սուզած հեռու եզերքի անծայր ճերմակում:

Խժռեք թագուհու հետույքի պատվին լայն ու ջրվիժող.
Եվ ականջ դրեք զկռտոցների ընթացքին տխմար,
Դուք՝ թալանչիներ,լսեք ՝ վարգում են գիշերվա մեջ շոգ
Ծերն ու պչրուհին,խռմփացնողը,լաքեյը հիմար:

Օ՜, բերանը ձեր սարսափելի է,սիրտը՝կեղտով լի ,
Էլ ավելի ժիր գործի դուք դրեք ձեր ռեխը հոտած:
Մատուցող ,այս ստոր անզգամների սեղանին՝գինի...
Մաշվել է արդեն ձեր Հաղթողներիդ,փորը ամոթխած:

Ձեր գոռոզամիտ ռունգերը բացեք լորձունքոտ ու թաց.
Սուզեք ճոպանը ձեր հաստ վզերի թույների մեջ բարկ,
Երեխայական  ձեր ծոծրակներին՝ձեռքերն իր խաչած
Պոետն ասում է.« Օ՜, սրիկաներ,դուք կխենթանաք,

Քանո որ Կնոջ որովայնին եք դարձել խուզարկու,
Վախենում ենք ,որ ևս մի անգամ նա ջղաձըգվի,
Եվ ճչում է նա ,շնչահեղձ եղած,և աղաղակում
Խիստ ճնշման ներքո ստոր և քսու ձեր ճտախմբի:

Որովայնախոս սիֆիլիտիկներ ,ցնդած արքաներ,
Պոռնիկ Փարիզը սրանից արդյոք ի՞ նչ օգուտ ունի,
Հոգի՞ ն ձեր կտաք ,մարմի՞ նը,թո՞ ւյնը,թե քրջերը ձեր,
Նեխած կռվողներ ,նա թափ կտա ձեզ,հեռու կվանի:

Եվ երբ կռանաք՝ ողբալով մահը ձեր փորոտիքի,
Մեռյալ արգանդով,վարձն իր պահանջող պոռնիկը կարմիր,
Մարտերում կոփված պինդ ստինքներով ,շփոթը դեմքին,
Ձեր քարացումից հեռու՝կսեղմի բռունցքներն  իր»:

Մինչդեռ ոտքերըդ այդքան կատաղի պարի մեջ մտան ,
Մինչդեռ քեզ՝ Փարիզ,բիրտ խոցոտեցին  հարված առ հարված,
Մինչդեռ , ի վերջո ,գերեզման մտար՝ շիկավուն գարնան
Գեղեցկությունից քո լույս բբերում մի պատառ պահած,

Օ՜, դու՝ տառապյալ, մահվան դուռն հասած ,քաղաք վշտադեմ,
Գլուխդ ու երկու կրծքերդ դեպի ապագան նետած,
Որն իր բյուրաբյուր դռներն է բացել թալկությանդ դեմ,
Քաղաք,որին մութ Անցյալ անգամ օրհնանք  իր կտար,

Մագնիսացնելով մարմինդ ՝պատրաստ բիրտ պատիժների,
Նորից ու նորից կյանք ես ըմբոշխնում սասափահարույց.
Երակներիդ մեջ հոսքն ես դու զգում գունատ որդերի
Ու սիրույդ վրա՝ վազող մատների շոշափը սառույց:

Դա լավ է,անշուշտ:Որդերը,որդերն այդ մեռելագույն
առաջընթացիդ ոգուն այլևս արգելք չեն լինի.
Ինչպես որ Ստրիքսը Կարիատիդների աչքը չէր Փակում,
Ուր աստղաոսկու  ողբն էր տապալվում լուրթ աստիճանին:

Սարսափն է ազդում թեև տեսքը քո այդ ծածկույթի տակ,
Թեև չի եղել կանաչ Բնության գրկում երբևէ
Այդքան գարշահոտ խոցի  վերածված մի ուրիշ քաղաք,
Պոետն ասում է .«Գեղեցիկ ես դու ,հմայիչ ես,վեհ»:

Ամպրոպը վերին բանաստեղծությամբ մարմինըդ օծեց,
Այս անչափելի ուժերի  շարժիչ օգուտ կառնես դու,
Օ՜, ընտրյալ Քաղաք,եռում է գործդ  մահվան տենդի մեջ ,
Ծանր շեփորի սրտում հավաքի ճիչերն այս հատու:

Պոետը սակայն կգտնի այնտեղ Նվաստի հառաչ,
Տաժանակրի թույն ու Անիծված ողբ սրտակեղեք,
Եվ նրա սիրո ճառագայթները կձաղկեն կանանց:
Եվ նրա Տողը կոստնի՝Ահա ձեզ,բանդիտներ ,կերեք:

-Հասարակություն ,ամեն ինչ նախկին իր տեղը ընկավ,
Խնջույքն է մաղում հին պոռնկատան խռմփոցըն իր հին.
Եվ զառանցելով,գազի լապտերը՝ կարմիր պատից կախ,
Իր չարագուշակ կրակն ուղղում աղոտ լազուրին:

                                                       Մայիս,1871



Խոսքի Ալքիմիան
Իմ մասին: Խենթություններիցս մեկի պատմությունը:
Երկար ժամանակից ի վեր ես պարծենում էի ,որ տիրում եմ բոլոր հնարավոր բնապատկերներին և ճղճիմ էի համարում գեղանկարչության և ժամանակակից քերթվածքի հռչկավորներին:
Ինձ դուր էին գալիս անմիտ նկարները, դռների ծածկանախշերը, շրջիկ հտպիտների զարդանկարներն ու
վարագույրները, ցուցանակները, ժողովրդական քրձեղենը,ինչպես  նաև    հնաոճ գրականությունը,եկեղեցական լատիներենը,անգրագետ
 գրված տռփալից գրքերը, մեր նախնյաց ժամանակների սիրավեպերը,
կախարդական հեքիաթները, մանկական գրքույկները,
հնամենի օպերաները, անհեթեթ կրկներգերը, պարզամիտ ռիթմերը:
  Երազում էի խաչակրաց արշավանքների,անհետացած գիտախմբերի,պատմությունից բացակայող հանրապետությունների
 ձախողված կրոնական պատերազմների,հեղաշրջող բարքերի, ցեղերի ու մայրցամաքների տեղափոխությունների մասին,
հավատում էի բոլոր կախարդություններին:
  Ես հորինեցի ձայնավորների գույները ՝Ա-ն ՝ սև, Է-ն՝ սպիտակ, Ի-ն ՝կարմիր, Օ-ն՝ կապույտ, Ու-ն՝ կանաչ:
-Ես կարգավորեցի յուրաքանչյուր բաղաձայնի ձևն ու շարժումը,
և բնազդական կշռույթներով պարծեցա, թե հնարել եմ բանաստեղծական լեզու, որն օրերից մի օր
ընդունելի կլինի մեր բոլոր  զգայարաններնների համար:Ես ինձ վերապահում էի մեկնաբանությունը:
    Նախևառաջ ես ուսումնասիրություններ արեցի: Գրի էի առնում լռությունը,գիշերները, նշում էի անարտահայտելին: Արձանագրում էի գլխապտույտները:

Հնամենի քերթվածքն իր մեծ բաժինն ուներ իմ ալքիմիայի մեջ:
Ես ինձ վարժեցնում էի ամենահասարակ զգայախաբությանը. պարզորոշ տեսնում էի
մզկիթ՝գործարանի փոխարեն,հրեշտակների ստեղծած թմբկահարների դպրոց
,մանկասայլակներ՝ երկնային արահետներում, մի մեծ գավիթ լճակի խորքում,նաև հրեշներ,հրաշքներ,
վոդևիլի վերնագիրը ինձ ստիպում էր փշաքաղվել սարսափից:
Այնուհետև իմ կախարդակն իմաստակությունները ես բացատրեցի բառերի  զգայախաբությամբ:
  Վերջում ես սահմանեցի ,որ սուրբ է  իմ գիտակցության խառնաշփոթությունը: Անգործ էի ՝ծանր տենդին
մատնված: Նախանձում էի կենդանիների երանելիությանը՝. թրթուրներին,որոնք ներկայացնում էին երկնային նախամուտքի անմեղությունը և խլուրդներին, որոնք մարմնավորում էին կուսական նինջը:
Բնավորությունս դառնում է խստաբարո:Ես հրաժեշտ եմ տալիս աշխարհին բազմապիսի ռոմանսներով...
Ես սիրեցի անապատը, այրված այգեստանները, գունաթափ կրպակները,գաղջ ըմպելիքները:Ես թափառում էի գարշահոտ նրբանցքներով,և աչքերս փակ
 տրվում էի արևին՝ կրակի աստծուն:
«Զորապետ ,եթե քո ավերված ամրությունների վրա մնացել է գոնե մի հին թնդանոթ, ռմբակոծիր մեզ չոր հողագուղձերով:Խփիր շքեղազարդ խանութների ապակիներին,սրահներին:
Կերցրու նրա փոշին քաղաքին: Ժանգահարիր ջրհորդանները:
Լցրու զարդասենյակները սուտակաթույր հրե փոշով...»:
Օ՜, մլակը՝ հարբած պանդոկի միզարանում,գաղտիկին սիրահարված, որ տարալուծում է ճառագայթը:



Հրաժեշտ

Աշուն է արդեն: - Բայց ինչու ափսոսալ հավերժական արևը,եթե մեր առաքելությունն է աստվածային լույսի
 բացահայտումը՝հեռու մարդկանցից ,որոնք մեռնում են տարվա բոլոր եղանակներին:

Նողկալի հուշեր: Նողկում եմ թշվառությունից....
Եվ ինձ ահաբեկում է ձմեռը ,քանզի այն հարմարավետության  եղանակն է...

Եվ ինչ, այժմ ես ստիպված  պիտի թաղեմ իմ երևակությունն ու հիշողություններս բոլոր: Արվեստագետի 
և կրքոտ հեքիաթասացի ինչպիսի՜ պանծալի փառք:
Եվ ես: Ես , որ ինձ համարել եմ գուշակ կամ հրեշտակ՝ ազատ ամեն տեսակի բարոյականությունից , ես 
երկիր եմ հայտնվել պարտականություն գտնելու և ամուր խտտելու խորդուբորդ իրականությունը:Գեղջուկ:
Միթե խաբված եմ: Միթե բարեգթությունը մահվան քույրն է լինելու ինձ համար:
Ի վերջո,ես թողություն  կաղերսեմ ,որ սնվել եմ կեղծիքով: Դե,գնացինք:
Բայց ոչ մի հարազատ ձեռք: Եվ որտեղից հայցել օգնություն:
Պետք բացարձակապես արդիական լինել...

Հոգեկան մաքառումը նույնքան կատաղի է  լինում ,որքան մարդկանց 
ճակատամարտը,բայց արդարության տեսիլքի միայն Աստծուն վերահասու հաճույք է...

Ինչ հարազատ ձեռքի մասին էի խոսում :
Իմ առավելությունն այն է,որ ես կարող եմ ծանակել հին ու կեղծ սերերը,ամոթով ձաղկել բոլոր խարդախ զույգերին,-ես այստեղ տեսել եմ  կանանց դժոխքը,-և օրինական կլինի,որ ես տիրանամ հոգու և մարմնի մեջ թաքնված ճշմարտությանը...


Անհնարինը:
Ես փախչում եմ:
Բացատրվեմ:
...մենք միշտ  ճանաչում ենք իրար: Սակայն և ձանձրացնում միմյանց:Գթասրտությանը անտեղյակ ենք մենք: Բայց մենք 
քաղաքավարի ենք,աշխարհի հետ մեր հարաբերությունները հավուր պատշաճի են: Զարմանալի է: Աշխարհը՝ առևտրականներ,մանկամիտներ: Մենք 
անարգված չենք:
Արդ կան ուրախ և չարանենգ մարդիկ՝ կեղծ ընտրյալներ ,քանի որ նրանց մերձենալու
համար մեզ անհրաժեշտ է հանդգնություն կամ հեզություն: Նրանք են  միակ ընտրյալները : Օրհնանքներ չեն երգում:

Ինձ համար ճարելով երկու գրոշանոց խելք,- կանցնի, կգնա
, - ես տեսնում եմ իմ անձկությունների 
պատճառը ,ես բավական ուշ գլխի ընկա, որ ապրում եմ Արևմուտքում: Արևմտյան ճահիճներ...Ոչ թե կարծում եմ ,թե լույսն է
աղճատված է , ձևը ՝խեղված, իսկ շարժումը ՝խոտորված...
Միտքը տիրակալ է, նա ուզում է ,որ ես արևմուտքում մնամ: Ուզածիս հասնելու համար նրան  լռեցնել է պետք:
Ես գրողի ծոցն եմ ուղարկում  մարտիրոսների դափնիները,արվեստի ճաճանչները, հնարամիտների գոռոզությունը,թալանչիների եռանդը,ես վերադառնում եմ արևելք՝ նախագո և հավերժական 
իմաստությանը: Երևի դա է աներես ծուլության երազանքը:
...մենք մշուշ ենք աճեցնում: Մեր ջրային բույսերով տենդ ենք ճաշակում:
...միտք իմ զգուշացիր: Չկան փրկության կտրուկ լուծումներ: Վարժեցրու քեզ: Ա՜խ, գիտությունը բավական կամկար է մեզ համար :
-Բայց ես կռահում եմ,որ միտքս քնած է:
Եթե նա այս պահից սկսած անընդհատ արթուն լիներ ,մենք շուտով կհասնեինք ճշմարտությանը,որը գուցե մեզ 
շրջապատում է իր լացող հրեշտակներով...Եթե նա արթնացած լիներ մինչև այս պահը ,ես 
կընդդիմանայի մահաբեր բնազդներին այդ անհիշելի ժամանակներում...Եթե նա միշտ լրիվ արթուն լիներ ,ես
 կնավարկեի կատարյալ իմաստության մեջ....
Օ՝, անաղարտություն,օ՜, մաքրություն....
արթնացումի  այս պահն  է ինձ պարգևել  տեսիլը մաքրության:
Բանականությամբ ենք գնում առ Աստված 
Սրտակեղեք ձախորդություն:



Փայլակ

Մարդկային աշխատանքը .ճայթյուն է , որ ժամանակ առժամանակ լուսավորում է իմ անդունդը...
Թող աղոթքը քառատրոփի ,և թող լույսը դղրդա ...ես լավ եմ տեսնում:Հասրակ բան է ,
և հետո չափազանց տոթ է. առանց ինձ էլ գլուխ կհանեն:Ես իմ պարտքն ունեմ և հպարտ կլինեմ 
շատ-շատերի նման, եթե այն մի կողմ դնեմ:
Կյանքս մաշվել է:Դե ,ինչ ,եկեք ձևացնենք մատնվենք պարապությանը, Օ՜,  խղճմտանք: Եվ մենք
 կգոյատևենք զվաճանալով, երազելով ճիվաղային սերեր ու
 ցնորական տիեզերքներ, ողբալով ու վիճարկելով աշխարհի կերպարանքները՝աճպարար,
մուրացկան,արվեսրագետ,ավազակ,-վանական...
Ոչ , ոչ ,այժմ ես ապստամբում եմ մահվան դեմ:Աշխատանքը չափազանց դյուրին է թվում 
 իմ գոռոզության համար. դավաճանությունս աշխարհին չափազանց կարճ մի տառապանք կլիներ:
Վերջին պահին ես կնետվեի աջ, կնետվեի ձախ...
այնժամ,-օ՜, իմ խեղճ հոգի,-հավերժությունը արդյոք կորած չի լինի մեզ համար....


Առավոտ
Մի՛թե մի անգամ ես չունեցա սիրառատ ջահելություն՝ հերոսական ,առասպելական ,որին կարելի է 
ոսկեգիր թերթիկներ ձոնել,-ի՜նչ մեծ հաջողություն: Իմ ո՛ր ոճրի, ո՛ր սխալի համար արժանացա այսօրվա թուլությանս:  
Դուք ,որ պնդում եք,թե 
գազանները հեկեկում են վշտից ,թե հիվանդները
 հուսալքվում են, թե մեռյալները վատ երազներ են տեսնում,փորձեք պատմել իմ անկումը և 
 նինջը իմ : Այսուհետև ես կարող եմ բացատրվել միայն
ինչպես մուրացկանն իր անվերջ   pater- ով և   ave Maria-ով: Ես չգիտեմ այլևս խոսել:
Սակայն այսօր ինձ թվում է, որ կապերս խզել եմ իմ դժոխքի հետ: Դա իրոք դժոխքն էր , հին դժոխքը, այն դժոխքը,որի
 դռները բացեց Մարդու որդին:
  Նույն անապատում,նույնպիսի գիշերվա մեջ իմ հոգնած աչքերն արթնանում են միշտ արծաթացոլ աստղի հետ,այնիչ դրանից չեն տագնապում կյանքի արքաները-երեք մոգերը՝սիրտը,հոգին,միտքը: Երբ ենք գնալու ավազափերից
 ու լեռներից անդին՝ ողջունելու նոր գործի ծնունդը, նոր իմաստությունը,
բռնակալների ու դևերի փախուստը,սնոտիապաշտության վախճանը, ե՛րբ ենք  երկրպագելու ,-առաջինը,- Ծննդյան տոնը երկրի վրա:
Երկնային երգը, ժողովուրդների երթը... ստրուկներ,կյանքը չանիծեք...


Ջահելություն


Քսան տարի

Աքսորյալ ձայները խրատական... 
Մարմնական պարզամտությունը՝ դառնորեն 
պապանձնված...Ադաջիո:Ա՜խ պատանեկական անսպառ եսամոլություն ,
ջանադիր լավատեսություն.որքան 
լի էր աշխարհը ծաղիկներով այդ ամառ: Հանգերն ու ձևերը մեռնող...
Երգչախումբ՝մեղմելու անկարողությունն ու միամտությունը:Գիշերային 
մեղեդիների ապակյա երգչախումբ...Շուտով նյարդերս իրոք կխանգարվեն:







Հանճար

Նա սերն է ու ներկան, քանզի տան դուռն է բացել
փրփրադեզ ձմռան ու ամառային ժխորի առջև, նա ,որ
 մաքրագործեց ըմպելիքներն ու կերակուրները: Նա ,որ վաղանցիկ վայրերի հմայքն է
 ու կայանների գերմարդկային հրճվանքը:
Նա սերն է ու ապագան,ուժը և գորովը,որ մենք՝ մոլեգնության ու
 ցավի մեջ կանգուն ,տեսնում ենք
 փոթորկաբեր երկնքի ու զմայլանքի դրոշների միջով անցնելիս:
  Նա սերն է,կատարյալ չափը՝ կրկին արարված,
հրաշալի ու աննախադեպ բանականությունը, նաև հավիտենությունը՝ ճակատագրական հատկանիշներով օժտված մեքենան :
Մենք բոլորս զգացել ենք նրա և մեր արտոնությունների սարսափը. օ՜, բերկրանք մեր առողջության, սլացք մեր կարողությունների , գորով եսամոլական և կիրք նրա հանդեպ, ով մեզ սիրում է հանուն իր անվերջանալի կյանքի...
Եվ մենք հիշում ենք նրան , և նա
ճամփորդում է...Ու թե հեռանում է Պաշտամունքը, հնչում է նրա պատվիրանը...Հեռու սնապաշտություններ,
զառամյալ մարմիններ, ընտանիքներ ու դարագլուխներ: Փլվում է այս դարաշրջանը:
  Նա չի հեռանա, երկնքից չի իջնի կրկին, չի բերի կանանց ցասումի ,այրերի հրճվանքի և 
այս ամբողջ մեղքի քավությունը,քանզի իրոք նա կա . կա ՝սիրված:
Օ՜, նրա հևքերը, նրա դեմքերը, նրա վազքերը. ձևերի ու գործողության կատարելության սոսկալի 
արագությունը:
Օ՜,մտքի բեղմնավորություն և տիեզերքի  անսահմանություն:
Նրա մարմինը՝ բաղձալի ազատագրում,նոր բռնությամբ խաչված վերին շնորհի խորտակում:
Նրա կերպարանքը՝բոլոր վաղեմի ծնրադրություններն 
ու տառապանքները
 վեր են կենում նրա առջև:
Նրա լույսը՝ բոլոր հնչեղ ու շարժուն տանջանքների բնաջնջում ավելի 
ուժգին երաժշտության մեջ:
Նրա քա՜յլը՝ հնագույն արշավանքներից ավելի վիթխարի արտագաղթ՝
Օ՜, նա ՜, և մե՜նք՝գոռոզություն,ավելի բարեշնորհ ,քան կորցրած գթասրտությունը:
Օ՜, աշխարհը,և նոր չարիքների պայծառ երգը:
Նա մեզ բոլորիս ճանաչեց ու սիրեց  բոլորիս: Գիտնանք այս
ձմռան գիշերը, հրվանդանից ՝հրվանդան ,աղմկալից բևեռից մինչև դղյակները բոլոր,
ամբոխից՝ լողափ, հայացքից՝ հայացք , հոգնաբեկ ուժերով
ու զգացմունքներով կանչել նրան, տեսնել նրան ու կրկին վռնդել նրան ,հետևել նրա կերպարանքին,նրա շնչին,
 մարմնին ու լույսին:


BOTTOM

Իրականությունը չափազանց փշոտ էր իմ ուժեղ խառնվածքի համար,բայց և այնպես, ես հայտնվեցի տիկնոջ տանը,
 որպես կապտագորշ խոշոր թռչուն,ճախրելով մինչև առաստաղի ծեփագործ քանդակները և թևերս քաշ տալով իրակնային աղջամուղջի մեջ:
Նրա պաշտելի գոհարներն ու մարմնական գլուխգործոցները պահող ամպհովանու տակ ես 
եղա մի մեծ արջ,մանիշակագույն լինդերով ու վշտից ճերմակած մազերով, աչքերս հառած բարձակների արծաթեղենին ու բյուրեղապակիներին:
Ամեն ինչ մշուշվեց,դարձավ հրակեզ ակվարիում: Առավոտյան-հունիսյան ռազմաշունչ արշալույսին-ես վազեցի դաշտերը իբրև էշ, ճոճվելով ու շեփորելով իմ տրտունջը, մինչև որ արվարձանի սաբինուհիները նետվեցին իմ լանջապանը:





Մի եղանակ դժոխքում


Անձկությունն այլևս իմ սերը չէ: Կատաղություն, ցոփություն,խենթություն. գիտեմ նրանց բոլոր խոյխնքներն ու աղետները,-թոթափել եմ ամբողջ բեռս:
Առանց գլխապտույտ ունենալու գնահատեք իմ անմեղության ընդարձակությունը:
Ես այլևս ընդունակ չեմ մխիթարվել գանակոծությամբ: Չեմ կարծում ,թե հարսենական նավ եմ նստել,որպեսզի աներս 
Հիսուս Քրիստոսը լինի:
Ես իմ խելքի գերին չեմ :Ես ասացի .«Աստված»:Ես ազատություն եմ ուզում փրկության մեջ.ինչպե՛ս հասնել դրան : Թեթևսոլիկ հակումներս լքել են ինձ:Այլևս ոչ անձնվիրություն,ոչ աստվածային սեր: Ես չեմ ափսոսում զգայուն հոգիների դարը:
Ամեն ոք իր դատողությունն ունի արհամարհանքի և գթասրտության ,ես իմ տեղը պահում եմ չզղջամտության այդ հրեշտակային սանդուղքի ամենաբարձր աստիճանին:
Ինչ վերաբերվում է կայուն երջանկությանը, ընտանեկան կամ ....ոչ...ոչ, ես չեմ կարող: Ես չափազանց ցրված եմ ,չափազանց թույլ:

Ասես պառաված օրիորդ լինեմ,քաջությունս չի հերիքում ,որ մահը սիրեմ:


Մի ժամանակ ,որքան հիշում եմ ,կյանքս խրախճանք էր, ուր հոսում
բացվում էին բոլոր սրտերը,և հոսում բոլոր գինիները:
Մի երեկո ես գեղեցկությունը նստեցրի ծնկներիս:-Իմ կարծիքով նա շատ 
դառն էր:-Եվ հայհոյեցի  ես նրան:
Ես զենք վերցրի արդարության դեմ:
Ես փախա: Ո՜վ վհուկներ,ո՜վ դու մորմոք,ո՜վ ատելություն, ձեզ էին վստահված իմ գանձերը բոլոր:
Ինձ հաջողվեց մտքիցս իսպառ  հանել մարդկային ամեն հույս :Ուրախությու տեսնելիս ,վայրագ գազանի խոլ ոստյունով
 վրա էի պրծնում այն խեղդելու:
Ես կանչեզի դահիճներին, որ զոհվելիս նրանց հրացանների  փայտե կոթերը կրծեմ:Ես արհավիրք կոչեցի,որ ինձ խեղդեմ
ավազով ,խեղդեմ ինձ արյունով: Չարիքն է եղել իմ աստվածը:
Ես թավալվել եմ ցեխաջրում,չորացել՝ եղեռնաբույր օդում:
Խենթության հետ ինչ խաղ ասես չեմ խաղացել:
           Եվ գարունն ինձ բերեց զարհուրելի հռհռոցը տխմարի:
Սակայն վերջերս ,երբ պաարզեցի ,որ շատ շուտով  իմ վերջին «կռինչը» պիտի արձակեմ, որոշեցի կրկին փնտրել իմ վաղեմի խրխճանքի բանալին,որտեղ գուցե ախորժակս նորից գրգռվեր:
   Գթությունն է այդ բանալին,: -Այս ներշնչանքը հավաստումն է,որ ես երազի մեջ եմ եղել:
  «Դու բորենի էլ կմնաս,և այլն...»-կրկին ճչում է դևը,պսակելով ինձ այնքան դուրեկան խաշխաշներով: «Քո բոլոր տենչերով,քո եսամոլությամբ ,քո երևելի մեղսանքներով  մահը նվաճիր»:
Ա՜հ,չափազանց շատ չէ ինձ համար.... 

Վերջ այլևս թափառաշրջիկներին, վերջ տարտամ 
պատերազմներին: Ստորին ցեղը կլանել է ամեն ինչ.
 ժողովուրդն է, ինչպես ասում են, բանականությունը ,ազգը և գիտությունը:
Օ՜, գիտությունը: Զավթել է ամեն բան: Վասն մարմնո և վասն հոգվո,-վերջին հաղորդությունը,- բժշկությունն ու փիլիսոփայությունը,-պառավական դեղամիջոցներն ու
 վերամշակված   ժողովրդական երգերը: Նաև իշխանների 
զվարճալիքներն ու իրենց իսկ արգելած խաղերը:Աշխարհագրությունը,տիեզերագրությունը,մեխանիկան, քիմիան...
Գիտությունը ,նորընծա ազնվականությունը:Առաջադիմություն:
Աշխարհն առաջ է շարժվում:Իսկ ինչու չպտտվի:
Ահավասիկ թվերի հայտնությունը: Մենք գնում ենք առ «Հոգին»: Շատ ստույգ է իմ ասածը,մարգարեություն է: Ես 
հասկանում եմ ,բայց նախընտրում եմ լռել, քանզի 
անկարող եմ բացատրվել առանց հեթանոս խոսքերի...

Հեթանոս արյունն է արթնանում:Հոգին մոտիկ է, ինչու   
Քրիստոսն ինձ օգնական չէ, ինչու չի ընծայում հոգուս ազնվություն և ազատություն:Ավա՜ղ,Ավետարանն էլ սպառեց իրեն: Ավետարան,Ավետարան:
Աստծուն սպասում եմ անհագ որկրամոլի նման: Հար և հավիտյան ստորին ցեղից եմ:

....Ես շատ ոսկի կունենամ. կլինեմ դատարկապորտ ու բռի: Կանայք հոգածում են նման խեղանդամ գիշատիչներին,որոնք վերադարձել են տաք երկրներից: Ես խառնված կլինեմ քաղաքական գործերին: Ես փրկված եմ:
  Այժմ ես անիծված եմ , սոսկում եմ հայրենիքից: Լավագույնը լավ հարբած քնելն է ափի ավազներին...

Ոչ մի տեղ չեմ մեկնի: -Կրկին կթափառեմ այստեղի ճանապարհներով՝ կքված իմ իսկ մեղքի ծանրությունից,
մեղք, որն իր տանջաբեր արմատները խորքերս տարածեց հենց բանականությանս արշալույսին,-մեղք,որն ինձ  երկինք է բարձրացնում,հարվածում, տապալում գետնին, քարշ տալիս իր հետևից:
Վերջին անմեղությունն ու պատկառանքը վերջին: Վճռված է: Չցուցադրլ աշխարհին իմ նողկանքն ու  դավաճանությունները իմ:
Առաջ: Երթ, բեռ ,անապատ ,տաղտուկ ու զայրույթ:
Ո՞ւմ վարձկանը դառնալ: Ո՞ր գազանին պաշտել: Ո՞ր սրբապատկերը երկրպագել:Ո՞ւմ սիրտը կոտրել:Ո՞ր կեղծիքը պետք է թաքցնել:Ո՞ւմ արյունով
պետք է քայլել:
Մանավանդ զգուշանալ արդարադատությունից: -Կյանքը դաժան է, տխմարանալը՝ հեշտ,- կկռած ձեռքով չբացե՞մ դագաղի կափարիչը,պառկեմ ու խեղդվեմ
: Այսպիսով վերջ ծերությանը, վերջ փորձանքներին: Խոճապը վայել չէ ֆրանսիացուն:
-Ա՜հ,այնքան լցված եմ ,որ պատրաստ եմ կատարելության գտնող իմ պոռթկումները նվիրաբերել ցանկացած
աստվածային պատկերին:
Օ՜,իմ անձնուրացություն,Օ՜, իմ սքանչելի գթասրտություն,սակայն ՝այստեղ ,այս աշխարհում:
De profundis Domine(անդունդից քեզ եմ դիմում,Տեր) ,ինչ հիմարն եմ...



Պայծառացումներ

Մարմնավորեի ձեր բոլոր հիշողությունները, լինեի այն կինը ,ով գիտի ձեր ոտուձեռը կապկպել...
Երբ մենք շատ ենք ուժեղ ,ո՛վ է ընկրկում, երբ շատ ուրախ ենք, ո՛վ է ծանակվում:Երբ շատ չար ենք ,ի՜նչ կարող են մեզ անել:
Պճնվեք,պարեք,ծիծաղեք:Ես երբեք չեմ կարողանա  Սերը պատուհանից դուրս վռնդել...
Ընկերուհի՜ս,մուրացի՜կ, հրեշավոր մանուկ, քեզ ինչ փույթ այս տառապյալ քույրերն ու այս հնարքները,նաև իմ հոգսերը:
Կապվիր մեզ հետ քո անկարելի ձայնով, քո ձայնը ՝այս գարշելի հուսահատության միակ շողոքորթը...


Օ՜,իմ Լավ ,իմ Չքնաղ...Ահարկու շեփորականչ ,որից բնավ չես գայթում:Կեցցե՜ արտառոց գործը և 
մարմինը հիասքանչ,կեցցե՜ փորձն առաջին....
Վայելչությունը,իմացությունը, բռնությունը: Մեզ խոստացան ստվերում թաղել բարու և չարի ծառը,արտաքսել առաքինությունները բռնի, որպեսզի մենք կարողանանք տանել մեր չափազանց անաղարտ սերը....
Սկսվեց ինչ-որ խորշանքներից և, քանի որ մենք չկարողացանք անմիջապես տիրել հավերժին, վերջացավ անուշաբույր ցնդումով:

Արբեցումի կարճ ու արթուն գիշեր ,սուրբ ես ,նույնիսկ եթե լինեիր լոկ այս դիմակի համար,որ ընծայեցիր մեզ...

Image result for kartini   Antoine Blanchard




Պոլ  Դեմենիին
Շառլըվիլ,15 մայիսի, 1871ԻՄ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՃՈՒՏԻԿՆԵՐԸ

Ահա: Նկատի ունեցեք նաև, որ ես չեմ երկնչում ձեզ 60 սանտիմից ավելի ծախսի տակ գցել,որպեսզի վճարեք փոստին,-ես աղքատ  հմայվածս, որ արդեն յոթ ամիս է ինչ ոչ մի բրոնզե սու ձեռքումս չեմ բռնել,- ձեզ կուղարկեմ նաև իմ «Փարիզի Սիրեկանները», որը հարյուր հեկզամետր է,Պարոն, և իմ « Փարիզի Մահը», որը երկու հայրուր հեկզամետր է:

-Վերսկսում եմ:
Այսպիսով ,բանաստեղծը կրակի իսկական կրող է:
Նա մարդկության բեռնակիրն է,նույնիսկ կենդանիների. նա պարտավոր է  իր մտահղացումները զգայելի,շոշափելի, լսելի դարձնել: Եթե այն ,ինչ նա բերում է այնտեղից ձև ունի , նա պետք է ձևը տա, իսկ եթե անձև է , նա պետք է անձևություն տա :Լեզուն պետք է գտնել:
-Ի դեպ, քանի որ բոլոր բառերը գաղափարներ են ,ապա կգա համընդհանուր լեզվի ժամանակը: Պետք է ակադեմիկոս լինես,-ավելի մեռած ,քան բրածոն է,- նման լեզվի բառարանը իր լրմանը հասցնելու համար:Թույլերը  այբուբենի առաջին տառի մասին կսկսեն մտածել և խենթանալով՝ արագորեն տռճիկ կտան:
   Այդ լեզուն հոգի կլինի՝ հոգու համար,ամփոփելով իր մեջ ամեն ինչ՝ թե բույրերը, թե հնչյունները, թե գույները,միտքը մտքին շղթայելով և պոկելով:Բանաստեղծը պետք է սահմանի իր ժամանակաշրջանում համընդհանուր ոգու մեջ ի հայտ եկած անհայտի քանակը. նա ավելին պետք է տա, քան իր մտքի բանաձևն է, ավելին, քան դեպի առաջընթաց գնալու իր հավաստումն է: Եվ քանի որ կարգից դուրսը կարգ կդառնա և կընդունվի բոլորի կողմից, ապա նա իսկապես  առաջընթացի բազմապատկողը կլինի, ինչպես տեսնում ենք :
Այդ ապագան մատերիալիստական կլինի, ինչպես տեսնում եք:
-Կստեղծվեն Թվով և Ներդաշնակությամբ մշտապես առլեցուն  բանաստեղծություններ՝հարատևելու համար միայն: -Ըստ էության ,ինչ-որ չափով դա Հունական պոեզիա կլինի:
Հավերժական արվեստը իր գործառությունները կունենա,ինչպես որ բանաստեղծները քաղաքացիներ են: Պոեզիան այլևս չի ռիթմավորի գործողությունը. նա առջևում կլինի:
   Կգան այդ բանաստեղծները: Երբ ջարդուփշուր կլինի կնոջ անսահման ստրկությունը,երբ նա կապրի ինքն իր համար և ինքն իր միջոցով,տղամարդը,- որ մինչև հիմա ստոր է եղել,- նրան ազատ կարձակի , և նա բանաստեղծ կդառնա, նա նույնպես: Կինը կհայտնագործի անհայտը : Կտարբերվի արդյոք նրա գաղափարների աշխարհը մերից: Նա կհայնաբերի արտասովոր , անչափելի ,զզվելի , հմայիչ բաներ : Մենք դրանք կընդունենք , կհասկանանք:
Սպասելով ՝գաղափարներ և ձևեր  պահանջենք  նորի բանաստեղծներից: Բոլոր ճարպիկները առանց ետ նայելու մտածում են , որ կարող են  բավարարել պահանջը ,- սա այդ դեպքը չէ :
   Առաջին ռոմանտիկները տեսանողներ էին ՝ այդ բանում այնքան էլ իրենց  հաշիվ չտալով .նրանց հոգու մշակումը պատահականություններով սկսվեց .լքված,բայց հուրհրատող լոկոմոտիվներ էին նրանք, որ որոշ ժամանակ շարժվում էեն ռելսի վրայով :
Լամարթինը տեսանող է երբեմն, բայց խեղդված է հին ձևի մեջ:
Հյուգոն ,այդ անուղղելի համառը, շատ բան է տեսել  իր վերջին հատորներում: «Թշվառները»  զտարյուն մի բանաստեղծություն է: Հիմա ձեռքիս է նրա «Պատիժները» .«Ստելլան» մոտավոր պատկերացում է տալիս Հյուգոյի  տեսանելու չափի մասին: Չափից ավելի են Բելմոնտեն ու Լամընեն...
  Մյուսսեն , մեզ՝ տառապյալներիս սերնդիս և տեսիլներով տարվածներիս համար ,զզվելի է տասնչորս անգամ,-ինչը նրա հրեշտակային ծուլությունը  վիրավորեց: Օ՜հ, այդ հեքիաթներն ու տափակ ասացվածքները ,օ՜այդ Գիշերները,Օ՜,այդ Ռոլլան,Նամունան ,Օ՜, այդ Գավաթը,ամեն ինչ ֆրանսիական է, այսինքն վերին աստիճանի  ատելի, ֆրանսիական և ոչ փարիզյան: Գումարած ՝այդ ստոր հանճարի ստեղծագործություններից մեկը նաև,որ ներշնչել է Ռաբլեին,Վոլտերին ,Ժան Լաֆոնտենին,և ըստ Տիկին Տենի մեկնաբանված ՝գարնանային է Մյուսսեի միտքը ,հմայիչ է նրա սերը: Ահա ձեզ  էմալե գեղանկարչությունը , լուրջ պոեզիան: Դեռ շատ կհմայվեն ֆրանսիական պոեզիայով ,բայց Ֆրանսիայում միայն : Յուրաքանչյուր  տղա - նպարավաճառ իրեն ի վիճակի է համարում  լուծելու Ռոլլաքի ապաթարցի առեղծվածը, յուրաքանչյուր սեմինարիստ  հինգ հարյուր հանգ ունի  պահած ծոցատետրի գաղտնարանում : Տասնհինգ տարեկանում կրքի այդ պոռթկումները  պատանիներին  արբունքի մեջ են նետում .տասնվեց տարեկանում նրանք հաճույք են զգում դրանք սրտանց արտասանելուց. տասնութ տարեկանում ,տասնյոթում  նույնիսկ կոլեջի յուրաքանչյուր աշակերտ ըստ հնարավորության Ռոլլա է խաղում ,Ռոլլա է գրում: Ոմանք դրանից գուցե  և մեռնում են:Մյուսսեն այդպես էլ ոչինչ  անել չսովորեց: Տեսիլներ կային վարագույրների շղարշի  ետևում. նա փակեց աչքերը: Այդ ֆրանսիական ,վարակ տարածող,փոքրիկ պանդոկից մինչև կոլեջի գրակալը քարշ եկած  գեղեցիկ հանգուցյալը մեռած է, և մենք չպետք է մեզ հոգս պատճառենք  մեր խորշանքի միջոցով նրա հանգիստը  վրդովելու:
Ռոմանտիկների երկրորդ  սերունդը  անչափ տեսանող է: Թեոֆիլ Գոտյե ,Լըկոնտ դե Լիլ,Թեոդոր դը Բանվիլ: Բայց անտեսանելին զննելը և անլսելին լսելը բոլորովին  այլ բան է, քան մեռյալներից  հոգի հանելը: Բոդլերը  առաջին տեսանողն է,բանաստեղծների արքան ,իսկական Աստված:Բայց դե նա էլ արհեստական միջավայրում ապրեց ,և նրա ձևը ,որ շատ  են փառաբանում ,աղքատիկ է: Անհայտի գյուտերը նոր ձևեր են պահանջում:
Հին ձևերով գրող բանից անտեղյակնը սրանք են ՝Ա. Ռընո-ստեղծել է իր Ռոլլան,-Լ. Գրանդե-ստեղծել է իր Ռոլլան .գաղղիականներն ու մյուսեները սրանք են՝Գ. Լաֆենեստր,կորան,Կ.-Լ. Պոպլեն,Սուլարի,Լ. Սալ. դպրոցականները սրանք են՝ Մարկ ,էկարդ,Թորյե. դիակներն ու տխմարները սրանք են՝ Օտրան,Բարբյե,Լ. Պիշատ,Լեմուայն,դեշաններ   և դը Էսսարներ .լրագրողները սրանք են՝ Լ. Կլադել,Ռոբեր Լյուզարշ,X. դը Ռիկար. երևակայությամբ տարվածները ՝Կ. Մանդես. բոհեմականները,կանայք,տաղանդները՝ Լեոն Դիերքս և Սյուլլի Պրյուդոմ,Կոպպե: -Սրաննցից իր կապերը խզած նոր դպրոցը ,որ պառնասական է կոչվում , ունի երկու տեսանող՝ Ալբեր Մերա և Պոլ Վեռլեն, որն իսկական բանաստեղծ է: -Այսքանը:
  Այսպես ես աշխատում եմ ինձ  տեսանող դարձնել:
-Եվ վերջացնենք մի բարեպաշտ երգով.
Պպզումներ
Ուշ էր արդեն ,երբ զգալով ստամոքսում ինչ-որ նողկանք
.............................
Դուք ստորություն արած կլինեք ,եթե չպատասխանեք ինձ. ընդ որում  շտապ,քանզի յոթ օր հետո  ես գուցե Փարիզում  լինեմ արդեն:
   Ցտեսություն:
                                              Ա. Ռեմբո






ԱՐԵՎ ԵՎ ՄԱՐՄԻՆ

I

Արեգակը հնոցն է գգվանքների և կյանքի,
Որ հմայված երկրի մեջ հուրն է հեղում հեշտանքի.
Եվ երբ պառկում ես դաշտում, դու ջղերով քո իսկույն
Հասունացած այս հողի արյան խռովքն ես զգում.
Նրա կուրծքը անսահման՝ լցված հևքով կենդանի,
Կնոջ ծոցի է նման և Աստըծո սեր ունի,
Եվ շողերն ու ավիշը ստեղծում են նրա մեջ
Մի մրջնանոց սաղմերի, որ չունեն թիվ, չունեն վերջ։

Եվ աճում է ամեն ինչ։ 
- Օ~, Վենե՛րա, Դիցուհի՛, 
Ափսոսում եմ ես ջահել ժամանակները այն հին 
Կենդանակերպ ֆավների, սատիրների հեշտասեր, 
Որոնք սիրուց խենթացած, կրծում էին կեղևներ 
Եվ համբուրում Նիմփերին շուշանների մեջ ճերմակ, 
Ժամանակները այն հին, երբ ավիշը բովանդակ, 
Գետի ջուրը, ծառերի ալ արյունը կենդանի 
Հեղում էին տիեզերք երակների մեջ Պանի, 
Երբ նա հողն էր դողացնում կճղակավոր ոտքի տակ, 
Երբ համբուրում էր մեղմիկ սրինգը իր քաղցրորակ 
Եվ հնչեցնում երկնի տակ սիրո օրհներգը վսեմ, 
Երբ կանգնում էր նա հովտում և կամենում էր լսել 
Ի պատասխան իր կանչին՝ արձագանքը Բնության, 
Երբ օրորում էր ծառը թռչուններին քաղցրաձայն, 
Հողն օրորում էր Մարդուն, և Աստված էր հովանի 
Էակներին իր բոլոր և բովանդակ Օվկիանին, 
Ժամանակնե՛րը այն հին, երբ Կիբելեն փառապանծ, 
Աստվածորեն գեղեցիկ, պղնձե կառքը նստած. 
Շրջագայում էր շքեղ քաղաքների մեջ պայծառ. 
Նրա կրծքերը երկու տարածության մեջ անծայր
Հեղում էին անսպառ կենաց շիթեր անարատ, 
Եվ պտուկները նրա ծծում էր Մարդը զվարթ`
 Երեխայի պես փոքրիկ նստած նրա ծնկներին։
-  Ուժեղ էր Մարդը, ուստի ողջամիտ էր ու բարի։

Խե՜ղճը, այժմ ասում է, թե ամեն ինչ գիտեմ ես,
Բայց անցնում է իր ճամփան նա խուլի ու կույրի պես։
-  Չկա և ոչ մի աստված, մարդը երկինք է հասել, 
Մարդը Աստված է, սակայն Մերն է Հավատը վսեմ։ 
Ա՜խ, եթե Մարդը մնար ստինքներից քո կախված,
0 ՜, Կիբե'լե, դու մեծ մայր աստվածների և մարդկանց. 
Եթե Մարդը դիցուհի Աստարտեին չլքե՜ր, 
Որը կապույտ ջրերից ելավ մի օր լույս եթեր, 
Որպես տարտամ բույրերով մարմին առած մի ծաղիկ, 
Ցույց տալով իր փրփրապատ պորտը վարդից գեղեցիկ 
Եվ ստիպեց, որ երգեն, սև աչքերով իր անշեջ, 
Սոխակները՝ անտառում և սերը՝ մեր սրտի մեջ։


II


Հավատում եմ քեզ, օ՜ մայր, օ՜ դիցամայր աննման, 
Ափրոդիտե՛ Ծովածին։ — 0 'հ, փշոտվեց մեր ճամփան, 
Երբ որ ուրիշ մի Աստված մեզ շղթայեց իր խաչին. 
Հավատում եմ քե՛զ՝ Ծաղիկ, Մարմար, Վեներա, Մարմին։
-  Այո, Մարդը տխուր է ու տձև այս երկնի տակ, 
Հագնվում է, քանի որ անպարկեշտ է, այլանդակ, 
Աղարտել է, ծռմռել, հրակիզված կուռքի պես, 
Օլիմպիական մարմինն իր ստրկության մեջ խայտառակ։ 
Մահից հետո էլ անգամ. Մարդը, որպես փուչ կմախք, 
Կուզե ապրել ` գտնելով գեղեցկությունը նախկին։
-  Իսկ քո այդ Կուռքը պաշտած, որին կոչում ես դու Կին, 
Կավն այդ, որի մեջ այնքան մաքրություն ես դրել դու, 
Որպեսզի Մարդը ցրի խավարը հեգ իր հոգու, 
Կամաց - կամաց ելնելով, սիրո գրկում անսահման,
Իր երկրային զնդանից դեպի լույսերը վառման. 
Կինն այդ հիմա չի կարող լինել նույնիսկ հետերա։
-0~, ինչպիսի տխուր Ֆարս։ Հիմա մարդիկ, Վենե'րա, 
Ծաղրում են քո անունը սիրելի ու սրբազան։


III


Ժամանակները անցա վերստին ե՛տ կդառնան,
-  Քանզի Մարդը վերջացա՜վ, խաղաց դերերն իր բոլոր։
Բայց կփշրի ձանձրացած նա իր կուռքերը մի օր, 
Աստվածներից ազատված կյանք կմտնի նա կրկին 
Եվ կհասնի վերջապես իրեն ծնող երկնքին։ 
Իդեալը, մտքերը անմեկնելի և անվերջ, 
Աստվածը, որ ապրում է նրա մարմնի կավի մեջ, 
Կելնեն, լույսով կպատեն նրա ճակատը պայծառ, 
Իսկ երբ չափել կարենա նա հորիզոնը անծայր, 
Դու ՝ հին լծի հերքողդ, զերծ վախերից ամենայն. 
Կգաս նրան շնորհելու Քավությունը սրբազան։
-  Կրծքերով մեծ մայրերի, շքեղաշուք, գեղատես,
 Կհայտնվես և անծիր Տիեզերքին կնետես
Սերը, Սերը անսահման քո անսահման ժպիտով, 
Մի վիթխարի համբույրի սարսուռի մեջ հոգեթով 
Կթրթռա Աշխարհը քնարի պես վիթխարի։

-  Դու կգաս, որ  հագեցնես սիրո ծարավն Աշխարհի։

....................................................................................

Բարձրացնում է գլուխը Մարդը հպարտ, ինքնիշխան, 
Եվ հեղակարծ շողերը գեղեցկության նախնական 
Արթնացնում են աստըծուն մեհյանի մեջ մարմընի։ 
Երջանկացած, մոռացած տառապանքը երբեմնի, 
Մարդը ամեն, ամեն ինչ կուզե չափել, իմանալ. 
Միտքը՝ երկար, շատ երկար սանձահարված երիվար. 
Ծառս է լինում, և երբ նա սուրա, ինչպես խոլ թռչուն, 
Մարդը կգա Հավատի և կիմանա, թե Ինչո՛ւ...
—  Ինչո՞ւ լազուրը համր է, տարածությունն՝ անսահման, 
Ինչո՞ւ աստղեր կան այսքան ավազի պես անքանակ,
Ի՞նչ կտեսնես վերևում, եթե անվերջ բարձրանաս, 
Ունի՞ ինչ- որ մի Հովիվ աշխարհների նախիրն այս, 
Որ քայլում է մշտապես տարածությամբ ահավոր։ 
Եվ  եթերում  թևածող աշխարհներին այդ բոլոր 
Չի՞ տատանում ինչ-որ մի հավերժական ձայն արդյոք։
—  Եվ տեսնել ու հավատալ կարող է Մարդը իրոք, 
Արդյոք մտքի ձայնը սոսկ երազանք չի՞ մի դատարկ։ 
Մարդը աշխարհ է գալիս և ապրում է մի կարճ կյանք. 
Որտեղի՞ց է հայտնվում. Սերմերի ու Սաղմերի 
Օվկիանո՞սն է նա սուզվում, խոր հատա՞կը վիթխարի 
Այն Հալոցի, որտեղից Մայր - Բնությունը կրկին 
Նրան կյանքի է կոչում, որպես ապրող էակի՝
Ցորենի մեջ աճելու և սիրվելու վարդի մեջ...

Մենք չենք կարող իմանալ, և մեզ ճնշում են անվերջ 
Չիմացության թիկնոցն ու քիմեռները դիվական։ 
Կապիկի պես ընկնում ենք մենք արգանդից մայրական 
Եվ անհաղորդ ենք մնում անսահմանին մշտապես։ 
Մենք կամենում ենք նայել, բայց Կասկածն է խոցում մեզ, 
Խփում է ժանտ իր թևով որպես դժնի մի թռչուն...
—  Եվ հորիզոնը հավերժ մեզնից փախչո՜ւմ է, փախչո՜ւմ...

...

Բաց է երկինքը անհուն, և գաղտնիքներ էլ չկան. 
Մարդը կանգնել է ոտքի՝ մեծահանդես բնության 
Շքեղության մեջ անբավ ապավինած իր բազկին, 
Երգում է նա... Անտառն ու գետն են երգում մեղմագին. 
Երջանկության երգն է դա, որ ճախրում է դեպի վեր.
-  Դա Քավությո՜ւնն է հոգու, դա սե՛րն է մեր, սե՛րն է մեր...


IV


Օ՜, վեհապանծ դու մարմի՛ն, օ՜ իդեալ վեհապանծ, 
Օ, սուրբ սիրո արթնաց'ւմ, օ՜ հաղթական այգաբաց, 
Երբ Կալիպիգը ճերմակ և էրոսը հոգեթով 
Հերոսներին և բոլոր Աստվածներին հաղթելով, 
Ձյունաճերմակ վարդերի թերթիկներով զարդարված, 
Նուրբ ոտքերով կհպվեն ծաղիկներին ու կանանց։
-Օ՜, Արիա'դնե չքնաղ, որ հոգոցներ ես հանում 
Ծովի ափին, տեսնելով, թե ինչպես է հեռանում 
Առագաստը Թեսևսի ալիքների մեջ երեր,
Քնքո՜ւշ մանո՛ւկ անարատ, որ ջարդվեցիր մի գիշեր, 
Մի' լար. կառքով իր ոսկե՝ սև խաղողով զարդարուն, 
Հարբած Բաքոսն է շրջում փռուգիական դաշտերում, 
Ինձերի հետ շիկամորթ, վագրերի հետ հեշտասեր, 
Երկայնքով մով գետերի, հանելով ալ փրփուրներ։
—  Զևսը ահա ցլակերպ՝ առած հուժկու իր վզին 
Եվրոպեին մորեմերկ, որը նետում է նրբին
Իր բազուկը Աստըծո պարանոցին սարսըռուն։ 
Տարտամ աչքով նայում է Զևսը ծաղկած գեղուհուն, 
Որ ճակատին է նրա հպում իր այտը չքնաղ 
Եվ շող աչքերը փակած, հալվում, հալվո՜ւմ է նվաղ 
Համբույրի մեջ դյութական, և ալիքներն անխռով 
Նրա վարսերն են ծածկում ոսկեպսակ փրփուրով։ 
Դափնեվարդի և կայտառ լոտոսների մեջ, ահա', 
Մեղմ սահում է երազկոտ մեծ Կարապը սիրահար
Եվ գրկում է Լեդային իր թևերով ձյունաթույր.
-  Ընթանում է Կիպրիսը գեղեցկությամբ իր անլուր, 
Ցուցադրելով փառահեղ ազդրերը իր անթերի. 
Շողացնելով ձույլ ոսկին իր լուսահեղ կրծքերի
Եվ իր փորը ճեփ - ճերմակ՝ սև մամուռով զարդարված։
-  Քաջ Հերակլեսը, ահա, առյուծաձև, սիգապանծ, 
Որի մարմնի վրա պիրկ առյուծի մորթն է փայլում, 
Ճակատով մեղմ ու խրոխտ, դեպ հորիզոնն է քայլում։

Դրիասը ամառվա լուսնի լույսի տակ աղոտ 
Թալկությամբ իր ոսկեցոլ կանգնած է մերկ, երազկոտ, 
Երկար հյուսքերը կապույտ ալիքվում են նուրբ մեջքին, 
Մշուշապատ բացատում, մամուռի մեջ շողարձակ 
Նայում է նա ակնդետ լուռ ու համըր երկնքին...
-Իր քնքուշ քողն է նետում Սելենեն սեգ ու ճերմակ 
Երկչոտորեն՝ ոտքերին էնդիմիոնի նրբագեղ
Եվ ցոլքերի մեջ գունատ համբուրում է նրան մեղմ...
-  Հեծեծում է Աղբյուրը հեռվում, վշտի մեջ խորին... 
Օ՜, դա Նիմփն է երազում՝ արմունկը իր սափորին, 
Այն գեղեցիկ պատանուն, որին ալիքը տարավ։
-   Գիշերվա մեջ հեշտագին սիրո զեփյուռը թռավ, 
Եվ անտառում սրբազան, ծառերի մեջ վեհաշունչ 
Մարմարները մթամած, Աստվածները, որոնց փուչ 
Ճակատին բույն է հյուսում Խածկտիկը թռվռան,
-  Լուռ ունկնդրում են Մարդուն և Աշխարհին անսահման։






ՈՐԲԵՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ

I

Խավար է դեռ սենյակում, բայց լսվում են շշուկներ. 
Տխուր ձայնով խոսում են երկու քնքուշ մանուկներ, 
Աչքերը նոր բաց արած, քնաթաթախ, գլխահակ, 
Թրթռացող ու երկար առագաստի տակ ճերմակ։
-  Կծկվում են շարունակ խեղճ թռչունները դրսում. 
Գորշ երկնքի տակ նրանց թևերը շատ են մրսում։ 
Եվ նոր տարին իր ամբողջ շքախմբով միգամած, 
Ձյունաճերմակ զգեստի երկար փեշերը փռած, 
Արտասվելով ժպտում է և երգում է դողահար...


II

Իսկ մանուկները՝ ծփուն առագաստի տակ, ահա, 
Խոսում են ցածր ձայնով, ինչպես խավար գիշերին, 
Լարված ականջ են դնում ասես հեռու ձայներին... 
Նրանք ցնցվում են հաճախ, երբ հնչում է վաղորդյան 
Զանգի ձայնը ոսկեհունչ, որ զարկում է բարձրաձայն 
Իր լեզվակը մետաղյա գմբեթի տակ ապակե...
-  Ցուրտ է մռայլ սենյակում... երևում են հատակին 
Մահիճների շուրջ թափված սգո շորեր սևավոր,
Եվ տան շեմին ոռնացող ձմռան քամին ահավոր 
Փչում է այդ տան վրա իր հևքը սառն ու դաժան։ 
Զգացվում է, որ այնտեղ պակասում է ինչ-որ բան...
-  Մի՞թե մայրն է այդ քնքուշ մանուկների բացակա. 
Մայրը պայծառ ժպիտով և հայացքով հաղթական։ 
Մոռացե՞լ է իսկապես նա իրիկունը արդյոք 
Վառարանը տաքացնել, միայնակ ու ծնկաչոք, 
Ծածկել բրդյա վերմակով մանուկներին իր քնած, 
Ներողություն ասելով, նախքան լքելը նրանց։
Չի՞ մտածել, որ տանը ցուրտ կլինի այդ ժամին. 
Որ դռների արանքից կփչի սառը քամին...
-   0՜, տենչանքը մայրական, դա մի վերմակ է տաքուկ, 
Մանուկների ապաստան բույն է հարմար ու փափուկ, 
Որտեղ որպես թռչուններ՝ ճյուղի վրա ճոճվելով, 
Ննջում են մեղմ ու հանգիստ երազի մեջ անխռով...
-Բայց այս բնում էլ չկա ո'չ ջերմություն, ո՛չ փետուր, 
Եվ մրսում են ձագերը, վախեցած են ու տխուր. 
Սառել է բույնը արդեն ձմռան քամուց բքաբեր...

III

Նրանք զրկված են մորից,— ճիշտ գուշակեց սիրտը ձեր։ 
Չկա մայրը, իսկ հայրը հեռու տեղ է գնացել...
—   Նրանց կողքին լոկ պառավ աղախինն է մնացել։ 
Հիմա  մենակ են նրանք սենյակում մութ ու սառած, 
Չորս տարեկան որբուկնե՛ր, ահա մտքի մեջ նրանց 
Կամաց - կամաց մի ուրախ հիշողություն է հառնում... 
Ինչպես աղոթք անելիս տերողորմյան են համրում. 
-Ա՜խ, գեղեցիկ առավոտ `ճոխ նվերներ խոստացող. 
Ամեն մեկը, գիշերը, երազի մեջ լուսաշող
Տեսել էր իր ցանկացած խաղալիքները շքեղ, 
Կոնֆետները ոսկեզօծ և զարդերը գունագեղ, 
Որոնք զվարթ պտույտով պարում էին, շրխկում՝ 
Չքանալով ու նորից հայտնվելով սենյակում։ 
Առավոտյան ժպտադեմ արթնանում են խնդագին՝ 
Տրորելով աչքերը՝ քաղցր համը շրթունքին... 
Եվ ինչպես մեծ տոներին, աչուկներով լուսավառ, 
Խոպոպներով գզգզված վազ են տալիս խենթաբար, 
Մերկ տոտիկները հազիվ դիպցնելով հատակին՝ 
Մեղմիկ դուռը թակելու ծնողների սենյակի... 
Ներս են խուժում... Գգվում են... և համբուրում են դարձյալ. 
Նրանց այդ օրը մի քիչ կարելի է շփանալ։

IV

Ա՜խ, բառերն այդ կրկնվող թովիչ էին չափազանց. 
-Հիմա այդ տունը զվարթ որքա՜ն, որքա՜ն է փոխված։ 
Վառարանում աղմուկով վառվում էր թեժ մի կրակ՝ 
Պայծառ լույսով լցնելով հին սենյակը բովանդակ, 
Եվ ցոլքերը ալ կարմիր ցայտում էին ու փայլում, 
Պար բռնելով խանդավառ կահույքի ջինջ հայելում։
—  Չուներ ոչ մի բանալի պահարանը բազմաձև... 
Միշտ գրավում էր նրանց փայտե դուռը գորշ ու սև... 
Չկա՜  ոչ մի բանալի... տարօրինա՜կ է ինչքան...
Ի՞նչ գաղտնիքներ է պահում, տեսնես փորի մեջ ինչ կա... 
Եվ լսում են ասես թե փականքից մութ ու անձուկ 
Ինչ-որ հեռո՛ւ, անորոշ և ցնծալի մի աղմուկ։
—  Ծնողների սենյակը լուռ ու դատարկ է այսօր. 
Դռան վրա այլևս չկան ցոլքերը բոսոր, 
Ծնողները, կրակը, բանալիները չկան,
Չկան նաև համբույրներ և նվերներ մոգական... 
0 ՝հ, ի՜նչ տխուր կլինի Նոր տարվա օրն առաջին:
 — Եվ տրտում ու մտահոգ աչուկներից կապտաջինջ 
Դանդաղորեն դառնաղի արտասուքներ են կաթում, 
Եվ մրմնջում են նրանք. «Մայրիկը ե՞րբ կգա տուն»։

.........................................................................................
V

Հիմա նորից քուն մտան մանուկները տրտմագին. 
Քնած տեղն էլ թվում է, թե արտասվում են կրկին. 
Աչքերն ուռած են այնպես, և ծանր է հևքը նրանց. 
Երեխաները բոլոր զգայուն են չափազանց։
—  Բայց հրեշտակը բարի նրանց արցունքը սրբեց 
Եվ այդ ծանր քնի մեջ ուրախ երազ ուղարկեց ,  
Այնքան ուրախ, որ նրանց շրթունքները կիսաբաց 
Ժպտացին և ասես թե մրմնջացին կախարդված...
—  Տեսան իբր, թե թմբլիկ թաթիկներին հենվելով՝ 
Արթնանում են մեղմորեն անուշ քնից անխռով
Ու մտորուն աչքերով ապշած նայում են, խնդում... 
Հայտնվել են ասես թե մի վարդագույն դրախտում... 
Վառարանի մեջ ուրախ երգում է բորբ մի կրակ, 
Պատուհանից ժպտում է երկինքը ջինջ, կապուտակ, 
Բնությունը արթնանում և արբում է շողերից... 
Եվ երկիրը կիսամերկ վերածնվում է նորից՝ 
Սարսռալով արևի համբույրներից սիրավառ... 
Եվ հին տանը ամենուր նորից տաք է ու հարմար, 
Էլ թափված չեն հատակին սգո շորեր սևավոր, 
Էլ չի ոռնում տան շեմին ձմռան քամին ահավոր... 
Ինչ-որ բարի փերի է ասես եկել, կախարդել...
—  Մեկտեղ ուրախ ճչացին երեխաները... Այնտեղ, 
Մահիճի մոտ իրենց մոր, շողերի տակ հուրհրան, 
Այնտեղ, գորգի վրա մեծ փայլփլում է ինչ-որ բան... 
Մեդալյոններ են երկու արծաթավուն, սև-սպիտակ, 
Սադափի ու սև սաթի ցոլանքներով շողարձակ,
Սև պսակներ՝ ապակե շրջանակի մեջ փոքրիկ,
Վրան ոսկե տառերով երեք բառ՝ «ՔԵ՛Զ, ՄԵՐ ՄԱՅՐԻԿ»


նկ. Վ.Կանդինսկի....ավանգարդիստ...





1991 «Ապոլոն» հրատարակչություն

Комментариев нет:

Отправить комментарий