Мой список блогов

среда, 23 ноября 2011 г.

ՌՈԲԵՐՏ ԲՅՈՐՆՍ


Նուրբ ակնարկ

-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Եվ աչքերս են շաղվում մութից,
Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն
Ու ներս մտնեմ լուսամուտից:
Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս
Ցրտից, քամուց այս դժնդակ,
Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս
Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:


-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Իսկ դու դողում ես ուղղակի
Եվ տաքություն ես որորնում
Պատերի տակ իմ սենյակի,
Խորհուրդ կտամ, թե ուզես գալ
Ու իմ ծոցը մտնել շուտով,
Եկեղեցու դռնով արի
Եվ ոչ մեր տան լուսամուտով:


Երեկոյան դաշտում շրջել,
     Արտն է մտել վարսակի, 
     Ու թրջել է, շատ է թրջել
     Մեգին շորերն իր հագի: 
     Սրսրթում է աղջիկն այնպես
     Ու ատամներն է զարկում,
     Ախ, թրջել է գուլպա ու փեշ
     Իրիկվա թաց վարսակում:
Բայց եթե մեկն ինչ-որ մեկին
     Վարսակի արտն է կանչել, 
     Ու գրկել է մեկն այդ մեկին, 
     Ի՜նչ կարող ես պահանջել: 
     Ու ի՜նչ հոգսն է մեր ամենքի, 
     Թե ինչ-որ մեկը թաքուն
     Համբուրել է ինչ-որ մեկին
     Իրիկվա թաց վարսակում:


Ոտաբոբիկ աղջիկը

Ոտաբոբիկ այն աղջկան
Ես երբևէ չեմ մոռանա:
Տանջվում էին ոտքերն այնքան,
Երբ փողոցով անցնում էր նա:

Այդ ոտքերին՝ հարգ ու կարգով
Ատլաս ու խաս էր լոկ վայել,
Նա սլանար պիտի կառքով
Եվ ոչ ոտքով այդպես քայլեր:

Կրծքին էին հոսում անվերջ
Խոպոպիկներն իր մազերի,
Իսկ աչքերը խավարի մեջ
Փարոսն էին նավազների:

Թեկուզ անհայտ է աշխարհին
Այդ աղջիկը հրաշալի,
Բայց նրա դեմ կխամրեին
Գեղեցիկներն այս աշխարհի:


Комментариев нет:

Отправить комментарий