Ես հարուստ էի:Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր:
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ-կապույտ
Արտասուքները սրբելու համար:
Ես Հարուստ էի...Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դու ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար:
Ես Հարուստ էի:Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր:
Դու հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար:
Ես Հարուստ էի:Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով
Ու տալ քեզ նվեր:
Դու մայրցամաքի կարիք չունեիր:
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար:
Ես Հարուստ էի: Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր:Բայց դու,հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս,մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար:
Ես հարուստ էի: Ու թվում էր ,թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու:
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու ,անհատնելի իմ հարստություն:
P.S Միայն չասեք,թե չի «սազում» այս երգը բանաստեղծության հետ....)))
( ճիշտ է «հետ»-ը չի «սազում» բանաստեղծության « հետ» ,սակայն երգը սազում է բանաստեղծությանը) :))))
Այն էլ ո՜նց է սազում...)))
Միշտ այս երգի ներքո եմ ընթերցում իմ շատ սիրելի այս բանաստեղծությունը Համո Սահյանի...)))
Մեր տան պատից մի քար լիներ
Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:
Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜
Քարեր եմ մաշել:
Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա...
Երկրորդ հարկի պատշգամբը
Պարիսպներով շրջապատված
Բերդի պես էր ձեր տունը հին.
Գյուղի մեջ ,բայց գյուղից զատված
Մի դղյակ էր հեքիաթային:
Ես մեր բակից ամեն անգամ
Նայում էի ձեր դղյակին....
Եվ նախանձում էի անգամ
Կտրին իջած կաչաղակին (...ես խենթացա)))
Տենչում էի ՝հավքի թևով
Հասնել մի օր երկրորդ հարկին ,
Բայց ո՞վ ,բայց ո՞վ կթողներ ,որ
Արժանանամ ես այդ փառքին :
Նայում էիր հաճախ ինչպես
Տասնհիգօրյա լուսինն ամպից
Եվ չքանում վայրկենապես
Երկրորդ հարկի պատշգամբից:
Մերթ հրճվում էր ,մերթ վշտանում,
Կրակվում էր իմ սիրտն անբիծ
Ու նայելով չէր կշտանում
Երկրորդ հարկի պատշգամբից:
Անցնում էի ես ձեր դռնով,
Մնում էի գիշերն անքուն,
Եվ մի օր էլ դափ ու զուռնով
Ձիավորներ եկան ձեր տուն...
Նոր առավոտ բացվեց գյուղին,
Ժպտաց գյուղին արևն անշեջ,
Մնացել է ձեր տունը հին
Նոր շենքերի ստվերի մեջ:
Բոլորեցին ու կյանք դարձան
Որքան կային երազ ու տենչ,
Մխրճվել է կտուրն իմ տան
Երևանի երկնքի մեջ:
Փաթաթեցի իմ մատներին
Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
Առա անգամ Կարպատների
Գագաթները ոտքերիս տակ,
Աստղերի հետ վեճի մտած
Բարձունքները ելա փառքի...
Բայց ինձ համար անհաս մնաց
Պատշգամբն այն երկրորդ հարկի:
ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂԵՔ ԵՍ ԳՆԱՄ
Չէ, ժամանակն է կարծես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թող ամեն ինչ մնա ձեզ
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Քանի շնչում եմ մի քիչ
Եվ մնում եմ դեռ մի քիչ
Իմ երեսի ջրով ես, -
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Դեռ մոր ծիծը բերանում -
Իմաստուն է երեխան...
Էլ ո՞վ կա, որ խրատես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Ինչ իմ աչքով չտեսա,
Ձեր աչքերով կտեսնեմ,
Ի՞նչ ասել է. <<մնա, տես >>,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թմրել են սիրտ ու գլուխ...
Ոչ ծիծաղն է մի ծիծաղ,
Ոչ էլ ցավն է ցավի պես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Կայմ ու կողերը ջարդված,
Անառագաստ ու անղեկ
Եվ անդրոշ նավի պես
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Իմ առնելիքը առա
Եվ տալիքը տվի...
Եվ բախտից գոհ եմ այնպես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Ոչինչ չի փոխվի
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
(())
Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Դու վերջին իմ սեր,վերջին աստված:
Քո գիրկն եմ եկել ես թևաբեկ,
Մեզ համար էր այս առածն ասված,
Լավ է ուշ լինի,քան թե երբեք:
Եղել է արդեն երանելին,
Այս ինչ հրաշքով իրար գտանք,
Բախտից չեմ ուզում ես ավելին,
Միայն գտածը ձեռքից չտանք:
Ես միշտ կգտնեմ,ինչ էլ լինի,
Իմ վերջին,վերջին մխիթարանք,
Կենացիդ համար մի թաս գինի,
Կարոտիդ համար մի սուրբ տանջանք:
Հարկավոր Չէին
Հարկավոր չէին ոչ ինձ ,ոչ էլ քեզ
Ոչ իմ անհամեստ համեստությունը,
Ոչ իմ անիմաստ իմաստությունը,
Ոչ իմ այս անփույթ զգաստությունը,
Ոչ այսքան փխրուն իմ խստությունը,
Ոչ էլ երկուսիս նվաստությունը
Հարկավոր չէին ոչ ինձ,ոչ էլ քեզ:
Հարկավոր չէին ոչ ինձ, ոչ էլ քեզ
Ոչ մտերմական իմ խորթությունը,
Ոչ իմ հաջողակ ձախորդությունը,
Ոչ էլ ինքնիշխան իմ ճորտությունը:
Ոչ նզովյալի իմ օրհնությունը,
Ոչ անօգնական իմ օգնությունը,
Ոչ էլ երկուսիս այս հոգնությունը
Հարկավոր չէին ոչ ինձ ,ոչ էլ քեզ:
Հարկավոր չէին ոչ ինձ,ոչ էլ քեզ
Ոչ անդաշնագիր մեր դաշնությունը,
Ոչ մեր անջատված միասնությունը,
Ոչ էլ անկեսուր քո հարսնությունը:
Ոչ այդքան շիտակ քո թարսությունը,
Ոչ էլ այդքան բարդ քո պարզությունը
Հարկավոր չէին ոչ ինձ, ոչ էլ քեզ:
Հարկավոր չէին ոչ ինձ,ոչ էլ քեզ
Ոչ մեր ընդարձակ այս նեղությունը,
Ոչ այսքան ներող ահեղությունը,
Ոչ քո մեղավոր անմեղությունը,
Ոչ անտիրական այս տեղ ու տունը,
Ոչ այս տիրական անտերությունը,
Հարկավոր չէին ոչ ինձ,ոչ էլ քեզ:
Հարկավոր չէին ոչ ինձ,ոչէլ քեզ
Ոչ ուրշների զրպարտությունը,
Ոչ քո ընկճված հպարտությունը,
Ոչ հաղթանակած քո պարտությունը,
Եվ ոչ էլ պարտված քո հաղթությունը,
Երկուսիս այս մեծ դժբախտությունը
Հարկավոր չէին ոչ ինձ,ոչ էլ քեզ:
***
Այս անապատ աշխարհում
Դու օազիսն իմ միակ,
Բայց ես ինչպե՞ս քեզ հասնեմ,
Երբ որ դու էլ ես միրաժ:
Երբ որ դու էլ ես միրաժ,
Երբ որ դու էլ ես հեռու,
Էլ իմ գլուխն ո՞ւմ կանաչ
Թևերին է հանգչելու:
Ի ՞նչ Թաքցնեմ.
Էլ բան չունեմ
Ես աշխարհից թաքցնելու:
Մինչև հիմա ,որ չեմ հանգել
Էլ ինձ ո ՞վ է հանգցնելու:
Վառվել եմ ես մանկուց ի վեր
Ծիծաղել եմ ու հառաչել,
Ծիծաղել եմ ու հառաչել
Ինձ գտնելու մի հարցումով.
Եվ վերջապես կամաց-կամաց
Սկսել եմ ինձ ճանաչել,
Թեկուզ ՝այսքան ուշացումով:
Սկսել եմ ինձ ճանաչել
Ոչ թե այլոց կարծիքներով ,
Ոչ թե թևիս ու գլխիս տակ
Դրած փափուկ բարձիկներով,
Այլ ՝հոգսերի ծովն ամփոփող
Իմ ծով սրտի տարողությամբ...
Յոթ գլխանի տառապանքին
Դիմանալու կարողությամբ:
Սկսել եմ ինձ ճանաչել
Ոչ թե ինչ-որ խաբված սիրով
Այլ հոգուս մեջ շառագունած
Երազներիս Կաթն Ծիրով:
Սկսել եմ ինձ ճանաչել
Այս համարձակ առավոտով,
Իմ վաստակի վարձով առատ,
Մաքուր պահած իմ հավատով,
Արյան գույնով իմ անարատ:
Սկսել եմ կամաց-կամաց
Ինձ ճանաչել ու հասկանալ,
Ինձնից անկախ պատճառներով
Գործած բոլոր մեղքերիս դեմ
Սկսել եմ կամաց-կամաց ըմբոստանալ:
Սկսել եմ կամաց-կամաց
Դառնալ ներհուն,
Դառնալ խոհեմ:
Մի կաթիլ ջուր պահանջողին՝
Շատրվաններ չխոստանալ
Սկսել եմ իմ բախտի հետ
Ավելի սերտ մտերմանալ:
Սկսել եմ ավելի շատ ջերմացնել
Ու ջերմանալ:
Սկսել եմ կամաց-կամաց
Բոլորի դեմ հոգիս բանալ,
Գարնանային այս ամպրոպով սրբագործել
Ու լվանալ:
Սկսել եմ երգով ,
Հոգով ու խոհելով
Հարստանալ:
Եվ վերջապես.
Սկսել եմ ես հասկանալ,
Որ բան չունեմ այս աշխարհից թաքցնելու,
Մինչև հիմա
Որ չեմ հանգել,
Էլ ինձ ով է հանգցնելու:
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում...
Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:
Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ
Երազիս մեջ համբերեցի, բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել...
Ես մեկն էի, ինչպե՞ս որ երկու դարձա,
Միտք եմ անում... ու չեմ կարող լուսաբանել:
Վահագն Դավթյանին
Ես որոնել եմ ձեզ քանի տարի
Աշխարհի բոլոր ոլորաններում՝
Եվ շշուկներում աշնան անտառի,
Եվ գարնան ամպի որոտներում:
Ես որոնել եմ , բայց չեմ գտել քեզ,
Խոսքեր անպաճույճ,արևազօծ,
Որ ջերմ եք հավետ և պայծառ ինչպես
Եղեգան փողից դուրս եկած բոց:
Ես որոնել եմ...բայց գտել է քեզ
Համեստ,հիասքանչ այս պատանին...
Եվ այսօր այնքան բախտավոր եմ ես,
Որ ունկընդրել եմ նրա ձայնին:
Նա է ձեզ գտել այս լուսաբացին,
Բայց դուք այնպես եք սիրտս մտել,
Այնպես նման եք իմ որոնածին ,
Որ կարծես թե ձեզ ես եմ գտել:
Խոսքեր սրտագին,միևնույնն է թե
Ում ձեռքով եք լույս աշխարհ հանված,
Միայն թե ասվեք,միայն թե լսվեք
Միայն չմնաք չարտասանված...
Ես կուզեի
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունք իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին...
Ես կուզեի ՝ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի...բայց ի՞նչ անեմ
Եթե հանկարծ դու չուզես...
Ինձ Բացակա չդնեք
Ձեր լռությունը զնգում
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք....
Ձեր շուրջն ամպ է ,կայծակ,
Քնով չանցնեք,չքնեք,
Քնեցիք էլ ,արթնացաք,
Ինձ բացակա չդնեք...
Թվում է թե կամենաք
Մի օր երկինք կթռնեք,
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք...
Ձեր պնդության պատճառով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք...
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված ընդունեք,
Դուք ձեր կամքին հակառակ
Ինձ բացակա չդնեք...
Ոչ խոստումներ,ոչ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ,անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք...
***
Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,
Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի...
Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
Երկու ամպ եկան, հասան իրարու, -
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու...
Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,
Հետո հեռացան անհոգ ու անփույթ,
Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,
Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ...
Բայց վաղը անձրև կդառնան նրանք
Եվ կհանդիպեն ծովերում հեռու,
Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,
Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:
Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,
Եվ գիտեն անգամ ապերը ոսկի...
Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Դու եկել էիր
Դու եկել էիր նշանիդ շորում,
Մի կաթիլ արցունք մատանիդ քարին,
Մեզ վրա միայն մի աստղ էր շողում,
Երկնքում ուրիշ աստղեր չկային:
Եկար,ասացիր,-*ամեն ինչ անցավ,
Փակված են բոլոր ճամփեքը դարձի...
Մեր անջատումը ոչ ոք չիմացավ
Հեռու,հեռավոր այն աստղից բացի:
Հետո ինչքա՜ն են հանդիպել իրար
Մեր հայացքները անհայտ կողմերից,
Հեռու հեռավոր այն աստղի վրա,
Որի տակ մի օր մենակ թողիր ինձ:
1952թ.
Առաջին Սեր
Ես չգիտեի թե ինչ է սերը,
Ինչն էր այդքան շուտ ինձ տնից հանում,
Ինչու էր երկար թվում գիշերը,
Եվ ինչից էր,որ քունս չէր տանում:
Ես չգիտեի թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում: ))))))
Ես չգիտեի թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար:
Ես չգիտեի թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից....
Բայց երբ գնացի ես հեռուները
Եվ չմոռացա նոր սիրո բոցում
Տատիդ փեշերը,դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում:
Ձեր այն պարտեզը,ձեր այն ծառերը,
Ես նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք,երբեք չի մոռացվելու....
***
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարում նեղություն չզգաս:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, տարել, ներել, համբերել...
Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Անջատում
Ինչ եղավ,եղավ,գնանք կյանքում,
Ես իմ,և դու քո ճանապարհով,
Թեկուզ յոթ քայլ է մեր արանքում,
Բայց անջատված ենք յոթ աշխարհով:
Թող որ ես մրսեմ ձմռան ցրտում
Եվ ափսոսամ,որ ամառն անցավ,
Միայն թե զգամ,որ քո սրտում
Չկա և ոչ մի անջատման ցավ:
Թեկուզ կարող ես այդ բարձրունքից
Մեն մի հայացքով քո դյութական ,
Մեն մի ժպիտով մեր արանքից
Ջնջել մի ամբողջ Ատլանտական:
Բայց,թանկագինս,գնանք կյանքում,
Ես իմ,և դու քո ճանապարհով,
Թեկուզ յոթ քայլ է մեր արանքում,
Բայց անջատված ենք յոթ աշխարհով:
1957թ.
Փնտրում ես դու
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ,հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ մի քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ,երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչու ես ցավ պատճառում:
1952թ.
ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
Ամեն առավոտ
Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։
Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ։
ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ
Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:
Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
***
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ...
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։
ԿԳԱՄ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
Հոգնել եմ
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ հոգնել:
ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:
ԱՆՁՐԵՎ
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:
Սրտիս հետ
Սիրտ իմ ,արի էլ չկռվենք,
Էլ չլինենք մանր ու թեթև.
Մի անգամ լավ բացատրվենք
Ու հաշտ լինենք այսուհետև:
Արի,փռեմ գորգն այս խավոտ,
Քունն իմ աչքից հեռու վանեմ,
Նստեմ քեզ հետ մինչ առավոտ,
Հանցանքներս խոստովանեմ...
Ճիշտ որ քեֆիդ շատ եմ դիպել,
Շատ եմ հանձնել հոգսի ամպին,
Հողմ է հաճախ քեզ հանդիպել,
Երբ դու հով ես փնտրել ճամփին:
Երբեմն ինձնից վարդ ես խնդրել,
Շանթ եմ դրել ափերիդ մեջ,
Բայց դու էլի վիշտդ ցրել
Ու կանչել ես քո ձայնով մեկ:
Իմ երգերում վատնել եմ քեզ,
Մատնել եմ քեզ սիրո բոցին...
Ժամապահ եմ դարձրել ես
Քեզ իմ մանկան օրորոցին:
Հուշերի հետ քեզ իբրև գանձ,
Երազի հետ կարոտի,
Բաժանել եմ բոլոր մարդկանց,
Սիրտ իմ ,առանց մնացորդի:
Վառել եմ քեզ հազար անգամ,
Այրել եմ քեզ մանկուց ի վեր,
Բայց դու էլի քո սեփական
Մոխիրներից ելել ես վեր:
Ելել ես վեր... և վերստին
Բաբախում ես իմ կրծքի տակ
Եվ առաջվա նման անքեն,
Եվ առաջվա նման շիտակ:
Սիրտ իմ ,չէ՞ որ այս աշխարհին
Խոսքեր ունենք դեռ ասելու,
Ծովեր ունենք ճանապարհին,
Սերեր ունենք երազելու...
Ուրեմն արի էլ չկռվենք,
Էլ չտանջենք մենք իրարու,
Մի անգամ լավ բացատրվենք
Եվ մանրուքից մնանք հեռու:
Ամեն առավոտ
Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։
Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ։
(())
-Գրականությունը, արվեստը միրգ են: Համեղ, հյութեղ: Գրողներն ու արվեստագետները այդ միրգը ստեղծողներն են: Իսկ քննադատը դանակով կտրում է միրգն ու բացատրում՝ սա կեղևն է, սա՝ հյութն ու մարմինը, միս ու արյունը, սա կորիզը, սա… Էդ չի՞ քննադատությունը: Բա ինձ պե՞տք է քչփորել միրգը:
Համո Սահյան
Ախ, Սահյաաաաաաա~Ն
ОтветитьУдалитьվա՜հ...էս ում հրաշք Բարեկամն է եկել....)))
ОтветитьУдалитьբարևևևև....ոնց ես,neu em ջան...?)))
Էէ.. բա որ ես եմ "հրաշք", դու ինչ ես? օ.Օ
УдалитьԵս միշտ էլ էստեղ եմ ;)
լավ եմ, ամեն ինչ կարգին է, իսկ քո մոտ?))))))
Ինչ է,երկու Հրաշք մի տեղում չեն կարող լինել ...??? )))))))
УдалитьՀրաշալի է,որ այցելում ես...)))Շնորհակալ եմ,շատ...
Ես եմ շնորահկալ էսքան տաքության համար)
УдалитьԳրողի մեծությունը կայանում է նրա մտքերի հուզականության, խորության, կարդացողի ներս` դեպի սրտի խորքերը թափանցելու հատկությունից, ինչը Սահյանի մոտ շատ լավ է ստացվում...ես այս բանաստեղծությունը չէի կարդացել, ու նամանավանդ այս երգի ուղեկցությամբ...անխոս շատ հուզիչ էր, ու մի տեսակ էլ "հաճելի" տխրություն կար..Շնորհակալություն!!!
ОтветитьУдалить,,,Ձեր խոսքերը նույնպես «գիտեն թափանցել» հոգի...
УдалитьՇնորհակալ եմ Ձեզ ,Հարգելիս,անչափ...«Իմ և Սահյանիս) կողմից )))
Շնորհակալ եմ, բայց "անչափ" շնորհակալ լինելու կարիք չկա))) ես ասում եմ այն ինչ զգում եմ ու ինչը կարողանում եմ գոնե որոշ չափով բառերով ասել...որովհետև միշտ չէ, որ բառերը մարդու իրական զգացողությունները կարողանում են արտահայտել...դրա համար ամենաքիչը պետք է գոնե մի քիչ Սահյանին կամ նրա նման մեծերին նման լինել)))
УдалитьՀամաձայն եմ... )))
ОтветитьУдалить...Սահյանի Խոսքի մեջ գույն կա- անսպառ , հարուստ,անխառն գույներ.... ու բնության ձայներ ...ելևէջներ հոգեզմայլ ..... անպատմելի նրբության լուսավոր զգացումներ ու հարուստ խոհեր....
Գիտեք ,Սահյանի Խոսքի Հոգին կարելի նմանեցնել արցունքի պարզություն ,պայծառություն ունեցող առվակի ու անուշ զեփյուռի քնքշության հետ,որը պարզապես գերում է իր «շնչառությամբ մաքուր ու խնկաբույր» ...))))
Այո,դուք ասում եք այն,ինչ զգում եք,,, Իսկ այն ,ինչ զգում և ասում եք- ախր,շատ է Գեղեցիկ ... կարծում եմ , հենց սա է ամենակարևոր կարևորը ...)))
Հետո ինչ ,որ մենք չենք կարող գրել ,բառերով ասել մեր զգացածը ...Ահա,մեր փոխարեն մեծերն են Խոսել ու նվիրել մեզ...))) Մենք էլ կվերցնենք ու կնվիրենք նրանց ,ում համարում ենք այդ Խոսքին արժանի ...)))
Գիտեք ,դարձյալ պիտի անչափ շնորհակալ լինեմ ...ու հենց հիմա այն «կփաստեմ»...))) Սահյանի մի քանի բանաստեղծություններով ....))))
Հիմա կավելացնեմ ...)))
բայց ախր երբեմն զգում ես բաներ որոնք ոչ մի բանաստեղծություն չի արտացոլում..կամ էլ կարդացած բանաստեծությունների քանակն է քիչ)))
Удалитьբանաստեղծություններն էլ շատ լավն էին, մի քանիսը անգամ կարդացել էի նախկինում)))իսկ այսօր Սահյանը կդառնար 99 տարեկան, և փառք Նրան ու նրա մեծ ավանդին մեր հայ գրականության մեջ!!!
УдалитьԻսկապես Հարուստ էր...ու Շռայլ...«գնեց» հավերժից ու մեզ նվիրեց « յոթ երկինքները» գեղեցիկ...)))
УдалитьԱյո,հայ քնարերգության ականավոր դեմքերից մեկն է Մեր Սահյանը...
Իսկ այն Գեղեցիկն ու Ազնիվը,որը զգում ենք սակայն չենք կարող արտահայտել- մեզնից չեն խլի...չի կորչի անհետ...կմնա մեզ հետ ..կհարստացնի ու Աղոթքի նման «կոռոգի» մեզ...
ОтветитьУдалитьմիանշանակ համամիտ եմ) բայց երբեմն էլ ուզում ես որ դիմացինդ էլ իմանա ու զգա այն ինչ դու ես զգում, խոսքս դրա մասին էր..ու այստեղ է որ պետք է բանաստեղծի ստեղծագործ հատկությունները
УдалитьԷ՜հ,բարեկամ ,զուր չարչարանք է ...եթե չցանկանան մեզ «լսել» ու «զգալ» ...որևէ խոսք կամ բանաստեղծություն չի ունենա « իշխանություն» ...զորություն ))) ամեն խոսք դառնում է անօգուտ ...զո՜ւր...անկյանք ,անհնչյուն օդի տատանում..)))
ОтветитьУдалитьԲայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
ОтветитьУдалитьԴու ,անհատնելի իմ հարստություն:
Է՜հ, թանկագին բարեկամս...շնորհակալ եմ անչափ, որովհետև այսքան ժամանակ ինձ բախտ չէր վիճակվել ընթերցել այս գոհարները...
Շնորհակալ եմ )
Ուրախ եմ,շատ,որ կարողացա այսքան գեղեցիկ «ծառայություն մատուցել» ,Անահիտ ջան...))) Է՜ն էլ ո՜նց եմ ուրախ...)))
ОтветитьУдалитьՍահյանի տողերում մի ուրիշ ջերմություն կա, մի ուրիշ տխրություն...
ОтветитьУдалитьԱյո ,Արփինե ջան..Շատերի նման ինձ ևս կախարդել է նրա հաճարեղ պարզությունը ...պարզություն,որ մեջ անբացատրելի ուժ,հմայք ,ձգողականություն ,նուրբ հուզականություն..զգացականություն ,գեղեցիկ ապրումներ և առեղծված կա...Մի խոսքով -Սիրտ կա Նրա Խոսքի մեջ ...Պարզ ,սիրուն ,իմաստուն,քնքուշ , բարի ու Մեծ Սիրտ...
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ,Արփինե ջան գեղեցիկ ու անկեղծ մեկնաբանության համար....)))
Այոոոոոո, հենց պարզության մեջ է հանգրվանում անկեղծությունը, իսկ Սահյանի ստեղծածն անշուշտ միայն անկեղծ սիրո ծնունդ է,, ի դեպ, բարեկամս, նույնն էլ ձեր բլոգին է վերաբերում. ամեն ինչ այնքան պարզ է, ջերմ, անկեղծ, բայց միաժամանակ այնքան շքեղ ու գրավիչ, որ ամեն անգամ ստիպում է վերադառնալ...
ОтветитьУдалитьՏաթև ,բարեկամս,անկեղծության ԼԵԶՈՒՆ Բյուրեղյա է ...Պարզ Է ու Անմիջական, շատ գեղեցիկ,առանձնահատուկ,տարբեր...Նաև ՝անվախ..արտացոլում է մտավիճակ...գեղեցիկ ու Բարի մտավիճակ, թրթիռներ ... և փոխանցելու Շնորհք ունի -վերածելով այդ ամենը բառի , հնչյունների...ապրումների ...զգացմունքների.. կամ՝ որևէ գեղեցիկ արարքի ))
ОтветитьУдалитьԱռողջ միտքը ծնում է անկեղծ...վայելչագեղ ,բարի մտքեր...)))) Իսկ ամենակարևորը ՝թաթախված է հուզականության մեջ...այդ իսկ պատճառով էլ ,,,կամ հենց դրա համար էլ այն կաշառող է,գրավիչ,«կապող»... հասնում է հոգուն))Ահա, Սահյանիս Խոսքի Զորության գաղտնիքը...
Իսկ իմ էջում...զգույշ...)))Քայլում եք Հոգուս վրայով...)))) Զգույշշշշշ անցեք...Չէ,ինչ եմ խոսում,ինչպես հարմար է ,այնպես էլ «Անցեք» ))))))))
Շնորհակալ եմ,Բարեկամս...)))
Ձեր հոգու վրայով??? Չէէէ, բարեկամս, միայն կողքով ու թևանցուկ կքայլեմ ու կանցնեմ,, կանցնեմ, բայց կվերադառնամ միշտ...
ОтветитьУдалитьԴե...)))
УдалитьP.S Միայն չասեք,թե չի «սազում» այս երգը բանաստեղծության հետ....)))
ОтветитьУдалитьԻնչպե՞ս չասեմ, Լիլիթ կամ Լիլի: Ինչպե՞ս կարող է երգը սազի կամ չսազի բանաստեղծության... ՀԵՏ:
Այս «հետ»-ը ամենևին չի սազում Լիլիին: Թե՞ սազում է Յանայի հետ: :-))))
Հ.Գ. Համենայն դեպս, շնորհավոր գալիք Ամանոր...(Հոս պիտի ըլլար փունջ մը մանիշակ) :-))))
SAS
Ա՜հ... հասկացա...))Դուք փնտրում էիք սխալ ... և գտաք սխալ ...))))) Շնորհավորում եմ ,սակայն պիտի հիսաթափեցնեմ Ձեզ...))))
ОтветитьУдалитьերանի թե միակ սխալս լիներ...բայց ...))»
այնուամենայնիվ..շնորհակալ եմ« սխալիս...սխալներիս ...» չէ որ նրանք ապացույցն են այն բանի,որ ինչ-որ բան փորձել եմ անել ...առանց երկնչելու ... առանց վախենալու (լեզվի տեսչությունից) ...
Շնորհակալ եմ...))))
Ակնարկը հստակ է ու պարզ...))) այն ,ինչ կսազեր Յանային ՝ խստիվ արգելվում է Լիլիին....Շնորհակալ եմ... )))
Իսկ Ձեր «հիշատակած» սխալը չեմ ուղղի ...բայց ,..կմտապահեմ ու այլևս չեմ կրկնի ...))))
Համաձայնեք,Սխալները կարող են նաև ծնել ինչ-որ բան . ահա,թեկուզ հենց հիմա ձեր մեկնաբանությանը պատասախանելու ցանկություն )))»
Թող որ ես մրսեմ ձմռան ցրտում
ОтветитьУдалитьԵվ ափսոսամ,որ ամառն անցավ,
Միայն թե զգամ,որ քո սրտում
Չկա և ոչ մի անջատման ցավ...
Կներես,Սահյանս,բայց վերջին երկու տողերի անկեղծությանը մի քիչ կասկածում եմ... Դժվար թե մարդ կարողանա ուրախանալ,որ բաժանումը սիրեցյալի սրտին ոչ մի կերպ չի դիպել ու մի փոքր ցավ անգամ չի պատճառել...Չգիտեմ, չեմ հավատում...միգուցե ես եմ չար կամ էգոիստ,չգիտեմ... ///Աշխարհում կա արդյոք գոնե մի կենտ լեզու,որ չունենա իր մեջ այդ անջատվել բայը,թե կա,ես փոխում եմ ազգությունս......///
ОтветитьУдалить....Ցավն իր հետ բերում է անասելի տառապանքներ...
Եվ նա ,ով կյանքում գեթ մեկ անգամ զգացել է հոգու ցավ ,գիտի, որ այն շատ ավելի մեծ է ու անտանելի ,քան ֆիզիկական ցավը...
Ահավոր դժվար է պոկել սրտից և հիշողություններից «ցավի պատճառը...»
Մենք երբեք միանգամից չենք բաժանվում...հեռանում...օտարանում...«ամբողջովին չենք անջատվում» ...դա անհնարին է..Չէ որ ,մեր հոգու «ամենահյութեղ պատառը» ինքնակամ նվիրել ենք նրան ,ում սիրել ենք...շարունակում ենք սիրել....«Անջատվելուց » հետո -անջատման անտանելի ցավից մենք ենթագիտակցորեն շարունակում են պաշտպանել ուրիշին « պահ տված » լուսավոր ու անգին « կտորը »մեր հոգու....
Բացի այդ . միշտ չէ որ «անջատումը» պայմանավորված է անհավատարմությամբ... ստոր դավաճանությամբ ...կողմերի մեղքով......Շատ հաճախ «անջատվում են» նաև հանգամանքների բերումով...ստիպված լինելով...
Այսպիսով.
Անջատման Ցավից,որն իր հետ բերում է անասելի տառապանքներ... (որն ,ի դեպ,նույնիսկ թշնամուն չեն ցանկանում)))) մեծահոգաբար ցանկացել է պաշտպանել Սահյանն իր սիրելիին...Հազվադեպ պատահող Գեղեցիկ ու Ազնիվ «կեցվածք է» հոգու .....հոգու դիրքորոշում...և վկայություն ճշմարիտ սիրո...
Զգացել եմ այդ ցավը, ու եթե դա ես չեմ ուզում մենակ զգալ,ապա համոզված եմ ես էլ` ուրեմն այդ Գեղեցիկ ու Ազնիվ կեցվածքը անծանոթ է ինձ,իսկ ճշմարիտ սերը եղել է.դա անառարկելի է. պարզապես ինձ թվում է,որ դա մարդկային է ու հասկանալի...Չեմ արդարանում,բայց միթե այդքան վատն եմ ցանկացել,իսկ եթե հիշենք սա...
ОтветитьУдалить//Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր,բայց խույս մի տա տառապանքից,
Նա մաքրում է աչքը փոշուց,նա սրբում է հոգին ժանգից,
Տառապանքից չեն մեռնում,չէ,այլ ավելի են պնդանում,
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում...
... Արդյոք մտածելու տեղիք չի տալիս???
Ճիշտ եք.անջատումը անասելի տառապանքներ է բերում,բայց չենք էլ կարող ժխտել,որ այն հարստացնում ու ազնվացնում է հոգին ու մարդուն պահում ...ՄԱՐԴ...
Ինչ է տառապանքը...զգացում ,ապրում ,երբ իրականությունը չի համապատասխանում մեր ցանկություններին ....
ОтветитьУдалитьԿա մի այսպիսի տերմին (կարծեմ ՝եզրույթ)))-Կատարսիս... հոգու մաքրում...մաքրագործում տառապանքի միջոցով...Դեմ չեմ...))»Այսպես թե այնպես մեր կյանքում տառապանքներն անխուսափելի են...նրանք փոխում, վերափոխում են մեզ ու մեր կյանքը...կոփում ...Շատ կարևոր է ՝փորձությունից դուրս գալ չչարացած,մաքուր ,անկեղծ ու խոնարհ...
Ես միշտ գերադասել եմ տառապել ,քան թե ապրել գիտակցությունը ճզմող,հոգին սառեցնող հուզական անկյանք անապատում...)))
Կյանքը մեծ արհեստանոց է,դարբնոց մեր հոգիների համար...այո «մաքրում է հոգին ժանգից» ,ինչպես որ «ոսկին է փորձվում կրակով »...հարստացնում է,իմաստացնում...
Այդուհանդերձ ... Շատ մարդկային զգացում է նաև «ես քո ցավը տանեմ-ը» )))
Ուրիշը թող ինքը որոշի ՝ կցանկանա արդյոք « թրծել հոգին» տառապանքով ...կկարողանա «սերմել արցունքներով ,որ հնձի ուրախությամբ»... Իսկ ես պարզապես մարդկայնորեն « ցավը կտանեմ» նրա ,ում սիրել եմ...ով հարազատ ու հոգեհարազատ է ինձ ... միշտ պիտի ցանկանամ պաշտպանել նրան ,որ չտեսնի ,չզգա այն ցավը ,ինչ ես արդեն ապրել եմ ,զգացել...գիտեմ...
«....Ցավը քիչ կլինի ավելի ,եթե դադարենք համարել մեզ գլխավոր հերոսը մեր սեփական դրամայի» Լ. Գոհեն
Իսկ դու հրաշալի մարդ ես ,Աննա ջան...Շնորհակալ եմ քեզ...)))
Իսկ վերջում կասեմ այն ,ինչ ուզում էի հենց սկզբից ասել...)))
Отчего ты Лука так мягок? ... "Оттого я мягок, что меня много мяли" )))Մ. Գորկի « Հատակում»
Հավատա,սիրելիս,ես էլ առանց երկար-բարակ մտածելու ցավը կտանեի ու հոժարակամ կվերցնեի ինձ,բայց ոչ անջատման ցավը (համառ եմ),որովհետև այ սրա ներկայությունը նրա սրտում կնշանակե նաև իմ ներկայությունը այնտեղ,իսկ բացակայությունը`իմ բացակայությունը... թող չլինի այն ցավ,թող լինի լուսավոր թախիծ,հիշողություն,բայց թող լինի (վախենում եմ մոռացվելուց)... Եթե անջատումը ոչնչով չի դիպչում սրտին, ուրեմն սերն այնտեղ երբեք գործ չի ունեցել (զարմանալի սփոփանքներ ունի մարդու հոգին):Ըստ իս ամեն սեր պետք է որ ունենա իր "անդրսերյան կյանքը,որ կոչվում է կարծեմ հիշողություն"/Սևակ/,իսկ եթե նա մնացել է սոսկ հիշողություն,ուրեմն թախիծն անխուսափ է:Հետաքրքիր է շատ,Լիլի ջան,թե ինչ կասեիր Լերմոնտովին...//Ես տխուր եմ,որովհետև...ուրախ ես դու.../// (ամեն կերպ ուզում եմ արդարացնել ինձ):
ОтветитьУдалитьԳիտես,Լիլի ջան,հենց նոր հիշեցի շատ-շատ վաղուց գրված իմ գործերից մեկը,թեկուզև շատ պարզ կամ պարզունակ,չգիտեմ...
Կանչիր, ես կգամ,կանչիր,երբ կուզես,
Արևածագին ու մայրամուտին
Կանչիր ես կգամ.
Կգամ,որ առնեմ սիրտդ ձեռքիս մեջ,
Առնեմ հոգուդ մեջ փոթորկող վիշտը
Ու վշտերի մեջ,մոռացության մեջ ես ինձ կթաղեմ,
Միայն թե...ժպտա~ ...
Ու թե ճար լիներ կգողանայի արցունքներդ էլ անգամ,
Որ ոչ մի րոպե և ոչ մի վայրկյան
Չթրջեին նրանք աչքերը քո լուսե...
Տուր ինձ լացը քո,տուր թախիծը քո,
Թող քո փոխարեն ե'ս,ե'ս ՄԵՂՔ լինեմ...
Տեսնում ես,Լիլի ջան,ես էլ ինձանից գլուխ չեմ հանում,միթե կարող է մարդն այսքան փոխվել,չնայած... ՏԱՐԻՆԵՐ ԵՆ ԱՆՑԵԼ...
Հա,Աննա ջան...Հրաշալի կլիներ )))) « դառնալ անձեռակերտ հուշակոթող... ու անջնջելիորեն մխրճվել «այդ մեկի» մտքի ու սրտի մեջ ,որպես չխամրող, մշտարթուն հիշողություն ...)))» որպեսզի ՆԱ շարունակ հիշի ու մշտապես թախծի...(որքան դաժան է) ))))) ժպտումմմմմ եմմմմմմմ)))
ОтветитьУдалитьԱյդուհանդերձ... մարդկային հիշողությունը շատ է անարդար ....երբեմն ինքն է որոշում՝ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին հիշել ,թե մոռանալ...Դրան նպաստում է նաև ժամանակը...որն իսկապես շատ է անողոք ...
Անկեղծանամ...?))
Գիտես,սիրելի բարեկամս, ինքս էլ չեմ ուզում դառնալ հետզհետե մաշվող,աղոտացող...անհետացող «լղոզված» պատկեր...))))
Իսկ ինչ վերաբերվում է«Мне грустно... потому что весело тебе» տողերին ,ասեմ որ.
Мне грустно, потому что я тебя люблю,
И знаю: молодость цветущую твою
Не пощадит молвы коварное гоненье.
За каждый светлый день иль сладкое мгновенье
Слезами и тоской заплатишь ты судьбе.
Мне грустно... потому что весело тебе.
Այս քնարական ,նուրբ ու քնքույշ բանաստեղծությունը
նվիրված է բանաստեղծի վերջին սիրուն՝ Մարիա Շերբատովային ,որի պատիվը պաշտպանելու համար Լերմոնտովը մենամարտել է ու երկրորդ անգամ աքսորվել Կովկաս......
Բարեկամս...Բանաստեղծին ավելի շատ մտահոգում էր սիրելի կնոջ բարի անունն ու պատիվը ,քան իր զգացմունքներն ու տառապանքը...
Ինչու...?
Մարիայի մասին ասեկոսեներ էին պտտվում.....հասարակությունը բուռն քննարկում էր բանաստեղծի մենամարտը Բարանտոմի հետ...բացի այդ «քննարկվում էր» նաև նրա անհաջող ամուսնությունը...երեխայի կուրուստը...Լերմոնտովն ասես ուզում է պաշտպանել...պատսպարել սիրելի կնոջը բամբասանքների նոր ալիքից...նենգ խոսակցություններից...Զգուշացնում է իր մտավախությունների մասին...սակայն Մարիան ամեն ինչ «թեթև է տանում»...))))
Ահա թե ինչու բանաստեղծությունը Լերմոնտովն ավարտում է հետևյալ տողերով.«Ես տխուր եմ...քանի որ դու ուրախ ես»...այսինքն « ես տխրում ,անհանգստանում եմ քեզ համար,իսկ քո պետք էլ չէ» ))))))
Ընդհանուր առմամբ, բանաստեղծությունը կարծես հրաժեշտ է և ափսոսանք ...
Այսպիսի բաներ...
Աննա ջան...բարեկամս... Իհարկե,սերը ենթադրում է տառապանք... և անպայման «կծնի» հիշողություններ- լինի անուշ ..դառը կամ դառնանուշ...)))
Իսկ քո բանաստեղծությունը « ոչ պարզ էր ,ոչ էլ պարզունակ »...պարզապես հրաշք էր... Շնորհակալ եմ ,շատ...
«Աստված տվել է մեզ հիշողություն ,որ միշտ դեկտեմբերին վարդեր ունենանք»Ջեյմս Մեթյու Բարրի
Հենց այնպես...)))
ОтветитьУдалить
Շնորհակալ եմ շատ,Լիլի ջան,նաև Լերմոնտովի սիրո պատմության համար.մոռացել էի . երևի դա էր նաև պատճառը,որ սխալ էի հասկացել, կամ էլ ավելի շուտ ինձ շփոթեցրեց //որովհետև// շաղկապը.քո վարկածի դեպքում պետք է լիներ //բայց,սակայն// , քանի որ //որովհետևը// ենթադրում է պատճառ: Ինչևէ...
ОтветитьУдалитьԿյանքում հաճախ այնպես է լինում,
Երբ սիրողները ողջ են ու առողջ,
Իսկ սերը նրանց դառնում է լեգենդ~
Եվ... ապրում կյանքով հազարապատիկ...
* * *
Այն , ինչ կյանքում մոռացվում է,միշտ չէ,գիտեմ,
Որ իսկապես արժանի է մոռացության...
Պ.Սևակ
Հենց այնպես...///
Բարև,Լիլի ջան,նորից ես եմ ու նորից քո խորհուրդներին ու օգնությանը կարոտ:Լիլի ջան,դու ամեն ինչ գիտես ,ամեն ինչ կարողանում ես մեկնաբանել ու,եթե պետք է ,նաև արդարացնել: Անտանելի ծանր ապրումներ ունեմ հիմա,արցունքները խեղդում են,ու ես պետք է խոսեի,խոսեի քեզ հետ . դեռ երեկ շքամուտքում հանդիպեցի հարևանուհուս.ուրախ էր.տատիկ էր դարձել,կոնֆետներ էր բաժանում, երկուսն էլ փոքրիկիս տվեց,տուն կանչեց,ցույց տվեց օրորոցը:Ուրախությունից պարզապես խենթանում էր,պայթում էր... Իսկ քիչ առաջ բակում հավաքված կանանցից լսեցի,որ փոքրիկը...էլ չկա .մահացել է:
ОтветитьУдалитьԼիլի,խնդրում եմ ասա,ինչու է այդպես,ինչու նա ծնվեց,եթե ընդամենը մեկ օր էր ապրելու,ինչու Աստված նրան կյանք տվեց...հիմա ինչ պիտի անի նրա մայրը,ինչպես պիտի նայի նրա դատարկ օրորեցին,ինչ պիտի անի նրա համար գնած պուճուրիկ շորիկները,որոնք ինչ ~ երազանքներով էր գնել. Լիլի խնդրում եմ,ասա,ինչի համար է այդպես: Սեղանիս դրված են էն երկու կոնֆետները. դրանք ինչ անեմ.Աստված իմ,խենթանալ կարելի է:
Ներիր ինձ,քույրիկս,,,որ գցեցի տրամադրությունդ,բայց ես...ես պիտի խոսեի,կուզես մի էլ պատասխանիր.վստահ եմ,որ լսեցիր ինձ .շնորհակալ եմ.նորից ներիր ինձ....
Սիրելի Աննա...Իմ լավ Բարեկամ...Քո թույլտվությամբ կջնջեմ իմ «անկեղծության պահը...» ...կջնջեմ մեր վերջին երկու մեկնաբանությունները...Չես նեղանա ,չէ...??? Կարծում եմ ,չէ,վստահ եմ...կհասկանաս ինձ...
ОтветитьУдалитьԼավ?? )))
Որպես պատասխան կթողնեմ ՏԵՐՅԱՆԻՍ բանաստեղծությունը...
ОтветитьУдалитьԻմ Բալիկին»
Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռիկներըդ թույլ և թափված հլու՝
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
Նմանություն այն կիսաժպտալու,
Երեսըդ մաքո՜ւր ,բարա՜կ,լուսաշո՜ղ-
Ես արդեն երբեք չեմ մոռանալու...
Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ,թռել է հեռուն:
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն,
Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրիմի խավարում:
Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
Այնտեղ ,ուր մաքուր երանության մեջ
Ապրում են այնքան լուսե հոգիներ
Եվ ժպտում երկնի աստղերից անշեջ,-
Ա՜խ,եթե լինե՜ր ,ա՜խ, եթե լիներ....
3
Պահում էի վառ միշտ կրակը,
Բալիկս հուր էր սիրում,-
Բայց մահն այնպես արագ է,
Կրակն էլ չեմ վառում:
Մթնում այս նստել ու լալ,-
Ինչ է մնում ինձ,էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ , զուլալ,
Աստղիկ իմ ջինջ...
4
Հրեշտակներ քնքուշաթև
Կըգան կիջնեն իմ խուցը խեղճ,
Եվ երգերով լույս ու թեթև
Մեզ կըփայեն տխրության մեջ:
Արդարություն չըկա երկրում,
Բայց կա վերին մի ամոքում,
Երբ աշխարհի խոսքն է լռում,
Եվ գրկում է լույսը հոգուն...
Երբ հեռանանք մի անդրաշխարհ,-
Հավատում եմ ես գալիքին,-
Հրեշտակներ կըփայեն հար
Ինձ ու անբախտ իմ բալիկին.............................
Հասկանում եմ քեզ...իհարկե չեմ նեղանա,իմ նրբանկատ ԼԻԼԻ...Ապրես ...դու ճիշտ ես....
ОтветитьУдалитьԺպտում եմ... Աննա ջան,....Գիտես արդեն...շատ եմ շնորհակալ...))))
ОтветитьУдалить