Мой список блогов

понедельник, 31 декабря 2012 г.

«Նոր տարվա դիմավորումը Փարիզում»


Թ.Կորտես,Ելիսեյան դաշտեր


Ավետիք Իսահակյան

Երբ Փարիզ էի, մի քանի ընկերներից հրավեր ստացա նոր տարին միասին դիմավորելու։

Դեկտեմբերի 31-ի գիշերը, մոտ ժամը 10-ին, մեր խումբը ռեստորանում արդեն գրավել էր վաղուց պատվիրած սեղանը։ Ռեստորանի ընդարձակ դահլիճը լիքն էր

հասարակությամբ, բոլոր սեղանները բռնված էին։ Կային բազմաթիվ կանայք՝ շքեղ հագնված, ծաղիկներով զարդարված։ Դահլիճը լուսավորված էր անհամար ջահերով, ամեն սեղանի վրա լույսեր կային, որոնք բխում էին ծաղիկների միջից:

Կանանց օղերի և մանյակների, ապարանջանների և մատանիների գոհարներն անթիվ աստղերի պես շողշողում էին շլացուցիչ փայլով։
Երաժշտաթյանը նվագում էր, և տեղ-տեղ պարում էին զույգերը։
Ֆրակներ հագած սպասավորները, ճարպիկ և ճկուն ձեռնածուների նման, մատների վրա կրելով մատուցարանները, ափսեներով, բաժակներով, կերակուրներով լեցուն, անցուդարձ էին անում սեղանների միջով։
Ամեն սեղանից ճառագայթում էր ծիծաղ, քրքիջ, զվարթ ձայներ։
Նայում էի շուրջս, մոտիկ ու հեռուն. բոլորը զվարթ էին, բոլորի աչքերի մեջ՝ պայծառ ժպիտ կար և գոհունակություն։ Կարծես այս մարդիկ բնավ վիշտ չէին տեսել, ոչ մի տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ նույն հավատքով ընդունելու նոր եկող տարին, որ շարունակողն է լինելու իրենց ուրախության և երջանկության։
Ժամանակը քանի մոտենում էր գիշերվա ժամի 12-ին, երբ պիտի հին տարին տեղի տար նորին, ընդհանուր զվարթությունը լցվում էր, ուռճանում, որ պիտի պայթեր շամպայնի գինու շշերի աղմուկով թռչող խցանների հետ և պիտի հորդեր շշերից հոսող փրփրուն գինիների հետ։


Է.Կորտես,Դե Լա Պե սրճարանը


Փողոցից, ռեստորանի հսկա լուսամատներից նայում էին ներս ցնցոտիներ հագած մարդիկ, խեղճ երեխաներ։ Նույնիսկ մի քանի երեխաներ հանդգնել էին ներս մտնել և դռան մոտ կուչ էին եկել վախվխելով։
Ներս մտնող պարոնները նայում էին նրանց և անտարբեր անցնում, ոմանք մի քանի սանտիմ էին դնում նրանց ափերի մեջ։
Սպասավորները անընդհատ և զայրույթով նրանց քշում էին դուրս:
Մի պահ անց, նորից ներս էին մտնում նրանք։
«Երևի դահլիճի լույսն ու շքեղությունը հրապուրում է նրանց,— մտածում էի ես,— և մոռացության մատնում իրենց ապրած դառն իրականությունը»։
Ես նկատում էի, որ մի սպասավոր չափազանց կատաղած է նրանց դեմ, կոպտաբար ծոծրակներին զարկելով վռնդում է դուրս։
Այս տեսարանն ուղղակի փչացնում էր իմ և ընկերներիս տոնական տրամադրությունը, մանավանդ որ մեր սեղանը մուտքից հեռու չլինելով, ավելի մոտիկից տեսնում էինք այս տխուր պատկերը։
Մի քանի ֆրանկ տվինք սպասավորին, երեխաներին հանձնելու համար։
«Զարհուրելի բան է աշխարհը»,— ասաց ընկերներիցս մեկը՝ մի ծխախոտ վառելով։— «Մանավանդ մեծ քաղաքը»,— հարեց մի ուրիշը։ «Քանի աղքատ կա քովդ, երջանիկ չես կարող լինել»,— ասաց մեր ընկերներից մեկի տիկինը։
Երաժշտությունը մի պահ դադարեց, մի քանի րոպե միայն մնում էր ժամի 12-ին։ Բոլորը, բոլորը պատրաստվում էին «խորհրդավոր» վայրկյանին, ժամի 12-ի հնչելուն, երբ հանկարծ մի ցավագին ճիչ լսվեց, մի աղիողորմ ձայն, բոլորը դարձան ձայնի կողմը, դռան մոտ էր։ Երեխաներին դուրս քշելիս, սպասավորներից մեկը բռունցքով ամուր հարվածել էր մի երեխայի երեսին։ Խեղճ երեխան երկու ձեռքով բռնել էր բերանը, բայց քթից հոսում էր արյունը, խեղճը լալիս էր և վախեցած ճչում։
Կանայք շրջում էին՝ դեմքերը կնճռոտելով և ծածկելով հովհարների տակ։ Շատերը զայրացած էին, չգիտես ո՞վ, ո՞ւմ դեմ։ Ռեստորանի կառավարչի հրամանով երաժշտությունը որոտաց և ձայների մեջ խեղդեց երեխայի լացը։
Մի րոպե անց, երեխաներից մաքրված էր դուռը, և մի սպասավորուհի սրբում էր հատակի արյունը։
Այդ վայրկյանին հնչեց ժամը 12-ը. շամպայնի շշերը պայթյունով բացվեցին, և դահլիճը թնդաց ուռաների մեջ։
— Վատ սկսվեց տարին,— ասաց ընկերներիցս մեկը։
— Դատարկ խոսք է ասածդ,— խստությամբ վրա բերեց ուրիշը,— ուրախ լինենք, քեֆ անենք, ամեն տարի ողջ, առողջ...
Բայց մեր բոլորի տրամադրությունը փչացել էր, թեև ձգտում էինք ուրախ ձևանալ։
Սակայն այդ գիշեր ինչ որ ես ուտում էի և խմում, ինձ այնպես էր թվում, թե այդ խեղճ երեխայի արյունն է թափվել իմ բոլոր կերած-խմածի մեջ։

Է.Կորտես,Հաղթական Կամարը ձմռանը

Комментариев нет:

Отправить комментарий