Мой список блогов

вторник, 13 ноября 2012 г.

Վսեմ Առաքելություն

Ըստ Նվարդ Թումանյանի

       1915 թվականն էր: Արհավիրք,կոտորած, գաղթականներով լեցուն ճանապարհներ,ահ ու սարսափ:
    Աղետալի լուրերը հասան Թիֆլիս:Թումանյանի տունը դարձել էր հավաքատեղի:Խոսում էին,վիճում,քննարկում: Մեծ բանաստեղծը այդ ահասարսուռ օրերին  կծկվել էր,կորցրել բնատուր զվարթությունը,վշտալլուկ դեմքին ի հայտ էին եկել նոր կնճիռներ:Իր ժողովրդի դժխեմ ճակատագիրը բզկտում էր նրա զգայուն հոգին:Սիրտը այնտեղ էր՝ մայր Հայաստանում:

    Հունիս ամիսն էր: Էջմիածինը լեփ-լեցուն էր Արևմտահայաստանից փախած գաղթականներով,անթիվ-անհամար որբ ու անտերունչ երեխաներով: Կուչ եկած այս կամ այն պատի տակ՝նրանք տանջալլուկ հայացքները հառում էին անցորդներին՝ մի կտոր հաց ստանալու ակնկալությամբ: Ցնցոիտավոր,բոկոտն կանայք տնից տուն էին գնում ,մուրում՝ վախվորած  պարզելով դողդոջուն ձեռքերը:Մի կողմից սովը,մյուս  կողմից ժանտախտը իրենց սուր մանգաղով հնձում էին դժբախտ մարդկանց:
   Ահա այդ օրերին Թումանյանը ժամանեց Էջմիածին:
   Թեև գաղթականների ցնցող ողբերգության մղձավանջային պատկերները բանաստեղծի վրա թողեցին ծայրաստիճան տպավորություն,այնուամենայնիվ առանց հապաղելու նա գործի անցավ:Դժգոհ էր ,որ տեղի կազմակերպությունները չէին կարողանում գաղթականներին օգնելու գործը արագ կարգավորել:Վրդովվում էր,որ պահեստներում եղած մթերքը,հագուստեղենը այդպես էլ չէին բաժանվում անօթևան մարդկանց:Ունենալով մեծ հեղինակություն՝Թումանյանը իր վրա վերցրեց այդ դժվարին գործը: Ինքը գրեթե ոչինչ չէր ուտում:Ոչ ժամանակ ուներ,ոչ ախորժակ: Միակ բանը կոնյակով թեյն էր,որ խմում էր զանազան վարակներից զերծ մնալու համար:
   Օգոստոսի 19-ի գիշերն էր՝ ... Կայծակի օձեղեն մտրակները ահռելի որոտով կտրատում էին երկինքը: Քիչ անց մոլեգին մրրիկին փոխարինեց հորդառատ անձրևը...Այդ ահեղ ժամին գաղթականները անձրևի տակ էին՝ բացօթյա,անօգնական:
 Սև թիկնոցը գլխին ՝ Թումանյանը շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականներին որևէ տեղ պատսպարելու  մտադրությամբ: Նա նկատի ուներ վեհարանի կիսավարտ շենքը ,որ կաթողիկոսը  մերժել էր գաղթականներին հատկացնել:Թումանյանը զայրացած էր: Հակառակ  վեհափառի արգելքին՝ գաղթականներին տարավ այնտեղ: Տեղատարափ անձրևի տակ քայլում էր բանաստեղծը,և նրա հետևից գնում էին հարյուրավոր գաղթականներ՝ կապոցներով,երեխաներով,նույնիսկ հարազատների դիակներով: Սարսափելի տեսարան էր:Այդ վսեմ առաքելությամբ Թումանյանը հիշեցնում էր  աստվածառաք մի մարգարեի,որ դեպի փրկություն է առաջնորդում իր ժողովրդին: Նա հոյատեսիլ էր այդ պահին,վեհորեն սքանչելի:
    Կաթողիկոսին դուր չեկավ Թումանյանի վարմունքը: Հաջորդ օրը նրան կանչեց և ինքնագլուխ արարքի համար բացատրություն պահանջեց: Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց,և նա ջղագրգիռ տոնով հիշեցրեց :
-Դուք գիտե՞ք ,որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:
   Թումանյանը դուրս եկավ համբերությունից:
-Իսկ դուք գիտե՞ք,-ասաց նա,-որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ:
  Երկու ամիս Էջմիածնի դժոխքում անցկացնելուց հետո Թումանյանը վերադարձավ Թիֆլիս: Ամիսներ էին պետք,որ նրա գրգռված նյարդերը հանգստանային, և  կարողանար փոքրիշատե վերագտնել հոգու անդորրը:


















Комментариев нет:

Отправить комментарий