Мой список блогов

вторник, 20 марта 2012 г.

Բոդլեր ,Դը Լիլ, Պոլ Էլյուար,Թ. ԳՈԹԻԵ, Վեռլեն,Մյուսե,Ժակ Բրել

Նկ.Ռենուար

La Poésie Française     Ֆրանսիական
Պոեզիա
Երևանի Համալսարանի Հրատարակչություն
1984

Թեոֆիլ Գոթիե

Համբույրի մը մեջ՝Ալյակն...

Համբույրի մը մեջ ՝ալյակն ի վշտեր
Կըսե ծովեզեր.
Իբրև սփոփանք վարդերուն վայրի
Այգն արցունք ունի.
Խորունկ հեծեծանքն  իրիկվան հովին
Կը լըսե նոճին,
Ինչպես բևեկնին՝վշտալից վուվուն
Աղավիներուն ՝


Երբոր ամեն ինչ քուն է ՝ ցավեն զատ,
Կոհակաց շնչատ,
Կը պատմե պատճառն իր դժգունության 
Դժգույն լուսընկան.
Քու ճերմակ գմբեթդ ,ո՜վ Այա-Սոֆիա,
Կը խոսի ահա,
Կապույտ երկնից հետ ,որ անրջախոհ
կբացվի Աստծո:

Ծառ ու գերեզման ,ապառաժ ,ալյակ,
Ծաղիկ ու տատրակ,
Ամեն ինչ ,հասդիս,մեկը ունի 
Սրտին ունկնդիր...
Ես՝ առանձին եմ, և ինձ ոչ մի բան
Կուտա պատասխան,
Ոչինչ , բայց միայն ձայնըդ տրտմահոս,
Մո՝ւթ Հելլեսպոնտոս...


Շատոնց է ,որ ձեզ կսիրեմ,
-Տասնևութը տարվան սեր է,-
Վարդագույն եք դուք,ես՝ դեղնած,
Գարունն ունիք դուք,ես՝ ձըմեռն:

Քունքերս ծաղկած են ըսպիտակ
Լեղակներով գերեզմնոցի.
Ընդհուպ խամրած ճակատս ամբողջ
Պիտ՝ անոցմով հովանավորի:

Դժգույն արևս խոնարհող,
Հորիզոնին մեջ' տի  սուզի,
Եվ բլուրին վրա մահաշուք՝
Իր վերջին տունս ահա կ'տեսնեմ:

Ա՜խ,թող բերնիս վրա ձեր բերնեն
Իյնա համբույր մ'հետանընաց,
Որ կարենամ գերեզմանիս
Մեջ գեթ հանդարտ սրտով քնանալ:

Նկ .Անտուան Բլանշարտ
 (700x456, 173Kb)

ՇԱՐԼ ԲՈԴԼԵՐ

Դուն Այս Գիշեր 

Դուն այս գիշեր  ի՞ նչ ըսես պիտի, հոգի՛ մենավոր,
Սիրտ ,ի՞ նչ ըսես պիտի դուն ,սիրտս էր երբեմըն թոշնած-
Այն էակին շատ բարի ,շատ սիրելի ,շատ աղվոր,
Որուն նայվածքեն երկնային քեզ ծաղկեցուց հեղակարծ:

-Պիտի հպարտ ըլլանք մենք երգելով գեղն իր համբույր-
Ոչինչ անուշ է այնքան ,որքան իր կամքը իշխող.
Հոգեճաճանչ իր մարմինն հրեշտակաց ունի բույրն
Ու կը պատե մեզ աչքն իր հանդերձանքով լուսաշող:

Ըլլա մութին գիշերվան, առանձնության ալ մեջտեղ,
Եվ կամ ըլլա փողոցին ու բազմության մեջ ահեղ,
Իր լույս ստվերն օդին մեջ կ'երթա զերթ ջահ մը բոցեղ:

Մերթ կը խոսի ու կըսե.« Գեղեցիկ եմ , ու հրաման
Կ'ընեմ ձեզի ,որ սիրեք գեղեցկությունը միայն.
Ես պահապան հրեշտակն եմ ու տիրամայրն ու մուսան»:


Օրհներգ

Սիրելագույն ,գեղեցկագույն
Կնոջ ,որ փայլ սրտիս կուտա,
Հրեշտակի՛ն ,կուռքին անմահ՝
Անմահության մեջը՝ ողջո՜ւյն :

Կտարածվի կյանքիս մեջ ան՝
Աղով զեղուն օդի մը պես,
Եվ իմ անհագ հոգինես ներս
Կհեղու համն հավերժության:

Բյուրապարկիկ միշտ թարմ՝ խնկող
Օդը խուցի մը սիրելի,
Բուրվառ լքված ի գիշերի ,
Որ կը մնա գաղտ ու անշող:

Ի՞ նչպես կըրնամ քեզ ,սեր անեղծ,
Նկարագրել ճշմարտապես-
Քեզ ,մուշիկ հա՛տ ,զոր ձեռք մ'անտես
Հավերժորեն մեջս թաղեց...

Ազնվագույն ,գեղեցկագույն
Կնոջ ,որ ինձ կյանք, խինդ կուտա,
Հրեշտակի՛ն ,կուռքին անմահ՝
Անմահության մեջը՝ ողջույն:

                                   (())

Խաղաղ սրտով ես բարձրացա լեռան գագաթ
Ու դիտեցի քաղաքը իր աղմուկի մեջ.
Հիվանդանոց ,պոռնկատուն ու քարավան,

Դժոխք ,տաժանք ,որտեղ ծփում են բյուր մեղքեր:
Օ՜, Սատանան՝ իմ անձկության դու տիրակալ,
Գիտես ,որ ես այնտեղ իզուր չեմ արտասվել,

Բայց ձգտում եմ ես որպես մի ծեր սիրահար
Իմ Սիրուհու տարփանքների մեղքով հարբել
Եվ հմայքով դժոխային՝ ջահելանալ:

Սիրում եմ քեզ ,իմ անառակ մայրաքաղաք.
Թմբիրի մեջ ,այգաբացի սավաններում,
Թե իրիկվա շղարշի մեջ ոսկեբանված,

Եվ ինչպիսի՜ հաճույքներ են հաճախ բերում
Ավազակները քո և կամ քո ցոփուհին,
Որ չի զգում ամենևին ամբոխն այս խուլ:





ԼԸՔՈՆՏ ԴԸ ԼԻԼ

Անկորչելի Բուրումը

Երբ Լահորի վարդը ՝ծաղի՜կ արևի,
Իր հոտավետ սրտեն լեցուց շիթ առ շիթ
Սրվակը կավ և կամ բյուրեղ կամ ոսկի,
Կրնաս պարպեսլ զայն ավազին վրա առջիդ:

Ի զո՜ւր պիտի գետերն ու ծովն ողողեն
Նեղ սրբարանն,որ բանտարկեց զայն իր մեջ.
Ան կը կոտրի՝ չզատելով իր բույրեն
Եվ իր փոշին իսկ կը պահե՜ զայն անվերջ:

Քանի որ իմ սրտիս վերքեն մշտաբաց
Դուն կը հոսիս նույնպես,հե՛ղուկ երկնային,
Ո՛վ սեր ,որ զիս ըրիր այրող  իր գերին,
Նե՜րենք իրեն,,և ըլլա՜ ցավս օրհնըված.
Մարդոց ժամեն,ժամանակեն ալ անդին՝
Սիրտըս պահե պիտի այս բույրն անմեկին:


Նկ .Անտուան Բլանշարտ



Պոլ Էլյուար 


Մնաս բարով, թախիծ,
Եվ բարև, թախիծ,
Դու, որ լցված ես գծերի միջև այս առաստաղի
Դու, որ լցված ես աչքերի մեջը իմ սիրած մարդու
Դու չե՛ս վատթարը ամեն ցավերից,
Քանզի շրթունքն էլ ամենատխուր 
Դավաճանաբար ազդարարում է
Քո գոյությունը
Մեն մի ժպիտով:
Դե, բարև, թախիծ, 
Սերը սիրելի մեր մարմինների
Եվ հզորությունը միևնույն սիրո,
Որ ասես հրեշ առանց մարմնի
Դուրս է հորդեցնում քաղցրությունը իր:
Հրեշ անգլուխ,

Բայց թախծի չքնաղ, գեղեցիկ դեմքով:



Մի Նոր գիշերվա առիթով

Կին, որի հետ ես ապրել եմ,
Կին,որի հետ ես ապրում եմ,
Կին, որի հետ ես կապրեմ,
Դու միշտ նույնն ես:


Քեզ պետք է կարմիր մի թիկնոց,
Կարմիր ձեռնոցներ,մի կարմիր դիմակ
Եվ սև գուլպաներ:
Պատրվակներ,չքմեղանքներ,
Քեզ բոլորովին մերկ ցույց տալու համար.
Մաքուր մերկությամբ,-օ՜հ, պաճույճ պաճուճված
Ստինքներ...

Օ՜հ, իմ սիրտ:


                         (())

Զգացմունքներ ակներև
Հպանցիկ մոտեցում,
Հեք շոյանքների:

Անհոգ և անփույթ
Քո աչքերը հանձնվում են իրենց տեսիլքին,
Եվ ինչի նայես ՝դա նայում է քեզ:

Բյուրեղյա վհատություն
Երկու հայելիների միջև,
Մութի մեջ քո աչքերը անհայտանում են,
Զուգվելու համար ցանկությամբ արթնացման:

Չի կարելի ինձ ավելի լավ ճանաչել,
Քան դու, որ ճանաչում ես ինձ:

Քո աչքերը ,որոնց մեջ քնած ենք
Մենք , միասին,
Իմ մարդկային լույսերին նվիրել են
Ավելի պայծառ մի ճակատագիր,
Քան աշխարհի գիշերներին:

Քո աչքերը ,որոնց մեջ ես ճամփորդում եմ,
Տվել են ոլորտներին իմ ճամփաների 
Ոչ հողեղեն  մի իմաստ:
Քո աչքերը,որոնք արտացոլում են անդոհանքն անսահման,
Այլևս այն չեն ,ինչ կարծում էին լինել:

Չի կարելի քեզ ավելի լավ ճանաչել,
Քան ես,որ ճանաչում եմ քեզ:



Սիրահարված կինը

Նա կանգնած է թարթիչներիս վրա,
Եվ նրա մազերը՝ մազերիս մեջ են:
Նա տեսքն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա կլանված է ստվերիս մեջ
Ինչպես մի քար ՝երկնքի վրա:

Բաց են նրա աչքերը անդադար
Եվ թույլ չեն տալիս ինձ քնել:
Նրա երազները , վառ լույսերի մեջ
Գոլորշիացնում են արեգակներ,
Ստիպում են ինձ ծիծաղել,
Լացել և ծիծաղել
Եվ խոսել՝առանց ասելիքի:




 (699x503, 187Kb)
Antoine Blanchard (1910 - 1988)


Պոլ Վեռլեն


Ա՜հ ,Քաղցրություն
Ա՜հ ,քաղցրություն,քաղցրություն ու վերստին քաղցրություն...
Հանդարտեցուր հուզումներն այս ջղաձիգ քիչ մ'այլևս...
Մինչև իսկ խորն հաճույքին՝ սրբուհին պետք է , գիտես,
Երբեմըն ցույց տա քրոջ մ' անդորրավետ ձևը հեզ...


Եղիր լքուն, հեշտասուն , գգվանք ըրե քնաբեր,
Եվ հավասար ՝ հառաչներդ ու նայվածքներդ օրորիչ.
Տե՛ս , սիրախանձ  այդ սեղմումն և հուսկ ցնցումն ալ լլկիչ,
Չեն արժեր լուռ ու երկար համբույրն եթե իսկ խաբեր ...

Բայց դուն,աղվորս,ինձ կ'ըսես,թե քու  սիրտիդ մեջ ոսկե,
Հնչեցնելով փողն իր միշտ կսուրա կիրքը կարմիր,
Ձգե՛ ազատ այդ պոռնիկն ,որ ուզածին պես փչե...

Դի՛ր ճակատիս վրա ճակատըդ ու ձեռիս մեջ ձեռքըդ դիր,
Եվ երդումներ ըրե ինձ,զոր պիտի վաղը մոռնաս,
Եվ մինչև լույս արտասվենք,ո՜վ իմ փոքրիկ անառակս...


Ընտանի Երազս

Երազն այս միշտ կը տեսնեմ՝ հոգեթափանց,տարորեն,
Կնոջ մ' ինձի անծանոթ ,ինձմե սիրված,սիրող զիս,
Որ ամեն հեղ  ոչ սույնն է ,ոչ ալ տարբեր հիմնորեն,
Որ սակայն զիս կը սիրե և կ'ըմբռնե իմ հոգին:


Զի կը'մբռնե ան հոգիս ,որ լուսավոր  բայց միայն 
Իրեն համար կը դադրի  մութ առեղծված մ'ըլլալե,
Իրեն միայն , ու տմույն իմ ճակատիս ջերմության՝
Միմիայն ինք զովություն ,արտասվելով , կը ցողե:

Թո՞ ւխ է արդյոք ,թե խարտյաշ,թե շիկահեր .-չեմ գիտեր.
Անո՞ ւնն անոր.-կը հիշեմ,թե հնչեղ է քաղցր ու հին ՝
Ինչպես կյանքեն աքսորված սիրելյալներու անուներ:

Կը նմանի իր նայվածքն արձաններու նայվածքին ,
Եվ ձայնը լուրջ,հեռալուր ,խաղաղավետ ,ունի շեշտն
Այն ձայներուն սիրելի ,որ լռեցին առհավետ:

Mon rêve familier

Je fais souvent ce rêve étrange et pénétrant
D’une femme inconnue, et que j’aime, et qui m’aime,
Et qui n’est, chaque fois, ni tout à fait la même
Ni tout à fait une autre, et m’aime et me comprend.


Car elle me comprend, et mon cœur transparent
Pour elle seule, hélas ! cesse d’être un problème
Pour elle seule, et les moiteurs de mon front blême,
Elle seule les sait rafraîchir, en pleurant.


Est-elle brune, blonde ou rousse ? – Je l’ignore.
Son nom ? Je me souviens qu’il est doux et sonore
Comme ceux des aimés que la vie exila.


Son regard est pareil au regard des statues,
Et, pour sa voix, lointaine, et calme, et grave, elle a
L’inflexion des voix chères qui se sont tues.

Paul Verlaine


Աշնան երգ 

Անլուռ լալկան
Ջութակն աշնան 
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշում է հար 
Եվ միալար....


Գիշերն է տոթ
Կրկին գալիս,
Բերում հուշեր 
Դառն անցյալից...
Լալիս եմ ես,
Նորից լալիս...

Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերևի պես
Տանում է ինձ
Այս կողմ ,այն կողմ
Տերևի պես...
(թարգմ. Վ. Տերյանի) 


Les sanglots longs
Des violons
De l’automne


Blessent mon cœur
D’une langueur
Monotone.


Tout suffocant
Et blême, quand
Sonne l’heure,


Je me souviens
Des jours anciens
Et je pleure ;


Et je m’en vais
Au vent mauvais
Qui m’emporte


Deçà, delà,
Pareil à la
Feuille morte.

Paul Verlaine (1844–1896)

SPLEEN* (անգլ. -մելամաղձ)

  Կարմի՜ր,կարմի՝ր վարդեր՝
Թերթերին սև թավիշ:

Քո շարժումներն ,իմ սե՛ր,
Նորից ծնում են վիշտ:

Երկինք կապտանշան ,
Ծովի կանաչ ավիշ:

Քո փախուստին դաժան
Սպասել եմ ես միշտ:

Փշոտ սաղարթի փայլն
Ազդում է լոկ տաղտուկ,

Եվ հարթավայրն անծայր,
Ավա՜ղ, սակայն ոչ դուք:



Մայրամուտի արևներ 

Արշալույս խամրած
Դաշտերին բերրի
Սփռող մելամաղձ՝
Մայրամուտների:
Այդ մաղձն երգով
Մեղմիվ օրորվում
Սիրտըս՝ մոռացվող
Մայրամուտներում:
Եվ տեսիլներ մառ,
Ասես արևներ,
Որ հանգչում են հար:
Ուրուներ տարբեր
Ծածկում են իրար,
Ասես արևներ,
Որ հանգչում են հար 
Ավազներն ի վար:



Նկ. Կալ Գաջում




Սերենադ



Կանչը ցնցում է տիրուհուն ՝հլու 
Ձայնին իմ ճապաղ,
Ձայն ,ասես մեռած, պատրաստ երգելու
Փոսի խորքից պաղ:

Բա՛ց ունկդ ,հոգի՛դ  ղողանջների դեմ
Իմ մանդոլինի.
Քեզ համար գրվեց երգն այս երկադեմ՝
Նրբին ու դժնի:

Երգելու եմ քո աչքերը օնիքս՝
Թափանցիկ ուրու,-
Լեթան քո կրծքի,մազերդ՝ Ստիքս՝
Մռայլ ու բուրող:


Կանչը ցնցում է տիրուհուն ՝հլու 
Ձայնին իմ ճապաղ,
Ձայն ,ասես մեռած, պատրաստ երգելու
Փոսի խորքից պաղ:

Հարկ է գովերգել հրապուրող քո
Մարմինը օրհնյալ.
Բույրեր նվիրող,երբ ինձ երեկոն
Քուն չէր կարող տալ:

Եվ կդրոշմեմ մի համբույր վերջում
Շուրթերին քո տաք,
Ինձ քո մեղմությամբ ,սիրով ես տանջում ,
-Պոռնի՜կ,հրեշտա՜կ,

Բա՛ց ունկըդ ,հոգիդ ղողանջների դեմ
Իմ մանդոլինի.
Քեզ համար գրվեց երգն այս երկադեմ՝
Նրբին ու դժնի:


                               (())

Պանդոկների աղմուկ,ցեխոտ մայթեր ու տուն,
Չինարիներ-թափվող տերևներ սև օդում ,
Օմնիբուսը ժանգոտ ,կեղտոտ ու մուրը կրած,
Ճռնչացող անհույս չորս ակների վրա,-
Գլորվում է,աչքը կանաչ-կարմիր թարթում:
Եվ բանվորն է գնում  իր ակումբը արդեն,
Ծխամորճը կոպիտ ժանդարմի քթի տակ :
Կտուրներն են կաթում ,թաց են պատեր, հատակ,
Ասֆալտին կեղտաջուր,առվակներ են և աղբ,-
Ահա ուղիս միակ ,որ տանում է դրախտ:



Նկ. Կալ Գաջում


ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ

Տխրություն

Ես կորցըրի կյանք ու կորով
Եվ ընկերներ  ու խնդություն,
Մինչև անգամ ՝ հպարտություն,
Որ օրորեց ինձ հանճարով:

Ճշմարտութայնն հանդիպեսլով ,

Թվաց ՝ գտա իմ տիրուհուն:
Երբ հասկացա հոգին իր բուն,
Հոգիս լցվեց խոր հափրանքով:

Հավերժական է նա սակայն:
Եվ ով  որ զանց առավ նրան,
Մնաց անգետ ու շվարուն:

Տերն է խոսում ,տանք պատասխան:
Միակ շահըս այս աշխարհում՝
Մերթ լաց եղա՝ ա՛յդ է միայն:( Թարգմ. Ա. Ալիքյան)


Լյուսին

Իմ սիրելիք, երբ կմեռնեմ,
Շիրիմիս տնկեք լացող ուռի,
Նրա դալուկն ես կսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վրա 
Թեթև կգա շուքը նրա:

Մի երեկո մենակ էինք: Նստած էի նրա կողքին:
Նա, գլուխը  թեքած դեպ ինձ ու անձնատուր ցնորքին ,
Սահեցնում էր դաշնամուրին թաթը ճերմակ ձյունի պես.
Թևի փափուկ  հարված էր էն, հովի շշուկ էր ասես,
Որ վախում է ՝ չզարթնեցնել անուշ քնած հավքերին .
Որ անցնում է եղեգնուտով թեթևասահ ու լռին:
Մելամաղձոտ գիշերների բաժակներից դեպի վեր.
Շագանակի պուրակները ու կաղնիներն ալևոր
Թախծում էի ՝ գլուխները  տատանելով մեղմօրոր:
Լսում էինք մենք գիշերին:Պատուհանը կիսաբաց.
Ներս էր հոսում զով գիշերը գարնան բույրով արբեցած:
Դաշտն ամայի,դուրսը հանդարտ,հանդարտ էնքա՜ն ու էնքա՜ն:
Ու մենք մենակ ,մենք մտածկոտ,մենք տասնհինգ տարեկան...
Նայում էի ես Լյուսիին: Նա գունատ էր ու դալուկ:
Աչքերն երբեք ոչ մի անգամ էնքան անուշ ,գեղաշուք
Չեն ցոլացրած ջինջ երկնքի լազուրն իրենց խորքերում:
Հարբած էի ես նրանով ,նրան էի ես սիրում:
Եվ էնքան էր նա ամոթխած,էնքա՜ն մաքուր ,էնքա՜ն հեզ,
Որ թվում էր ՝եղբոր նման էի սիրում նրան ես:
Մենք լուռ էինք:Իմ ձեռքը  նա պահած  իրեն ձեռքերում.
Ու գեղանի իր ճակատը մռայլվում էր ,ցնորում:
Ու ես էն ժամ զգում էի-ի՜նչ թովիչ է ու կարող
Թարմ ու չքնաղ ջահելության հրապույրը մեզ գերող:
Լուսինն ելավ ջինջ երկնքում .լուսնի դալուկ լույսի տակ 
Ժպտաց նա ինձ ,ապա երգեց որպես տխուր մի հիշատակ:
Մենք մե՜ն-մենակ,մենք մտածկոտ,ես ակնապիշ Լյուսիին...
Նա երգում էր դողդոջելով՝ տրտում հենված իմ ուսին:
Խե՜ղճ երեխա.լալիս էիր:Քնքուշ,մատաղ քո հոգում
Գուցե դժբախտ Դեզդեմոնի կսկիծն էիր դու զգում...
Համբուրեցի ես խոնարհած գլուխը հուսահատ...
Երբ մյուս անգամ համբուրեցի -դու սառն էիր ու գունատ...
Սառն ու գունատ դրած էիր մահվան տխուր դագաղում....
Էսպես անցար, քնքո՜ւշ ծաղիկ,անցա՜ր ,կորար սև հողում:
                                                
Իմ սիրելիք, երբ կմեռնեմ,
Շիրիմիս տնկեք լացող ուռի,
Նրա դալուկն ես կսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վրա 
Թեթև կգա շուքը նրա:  (Թարգմ. Հ. Թումանյան)




Ժակ Բրել

Ժակ Բրել <<Մի լքիր դու ինձ>> Jacques Brel "Ne me quitte 
Թարգմանությունը ՝ Սարգիս Սարուխանյանի

Մի լքիր դու ինձ 
Մոռանալ է պետք,,
Հեշտ է մոռանալ
Այն՝ ինչ անցել է:

Թո՛ղ ժամանակը,
Վեճերը այն սին,
Կորցրած անգին

Այն վայրկյանները:
Մոռանալ է պետք

և այն ժամերը,
որոնք կասկածի
մութ հարվածներով
Փշրել են սիրտս:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:

Մի լքիր դու ինձ:
Կտամ անձրևի 
Մարգարիտներ քեզ,
Այն Երկրից՝ որտեղ
Անձրև չի լինում:
Կփորեմ գետինն
Ու թե հողը իմ
Ծանրանա վրաս
Մեկ է ,կպատեմ 



Քեզ փայլով ոսկու 
Ու կյանքով լույսի:
Կարարեմ աշխարհ
Ուր արքան ՝ սերն է,
Ուր սերն օրենք է
Իսկ դու՝ թագուհին:
Չլքես դու ինձ,

Մի լքիր դու ինձ
Ես կհորինեմ
Անիմաստ բառեր,,
Կըմբռնես լոկ դու,,,
Սիրահարների 
Մասին կպատմեմ,
Որոնք տեսել են 
Հրկիզումն իրենց 
Սեփական սրտի:
Արքայի մասին
Որը մահացավ
Հենց այն պատճառով
Որ քեզ չտեսավ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:

Հաճախ եմ տեսել
Վերստին ժայթքող
Կարծեցյալ հանգած
Այն հրաբուխը: 
Ու Նման է նա
Հողերին այն գիժ
Որոնք միշտ առատ 
Ցորեն են տալիս:
Երբ ընկնում է մութը
Որ վառվի երկինքը,
Միթե կարմիրը
Չի ձուլվում սևին:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Էլ լաց չեմ լինի,,
Էլ ես չեմ խոսի,,,
Մթում թաքնվեմ 
Որ հեռվի՛ց տեսնեմ 
Լույսը ժպիտիդ,
Թրթիռը հոգուդ
Ու հեռվից լսեմ
Ինչպես ես երգում,
Հետո ՝ ծիծաղում՝
Մանկական այնպես:
Թող,որ ես դառնամ
Ստվերը քո ստվերի,
Ստվերը քո ձեռքի
Ու ստվերը քո շան,
Չլքես դու ինձ,
Երբեք մի լքիր
Մի լքիր դու ինձ,,,



Նկ.Ռենուար,Սիրահարները






                                 
Քնքշանք

Մի քիչ քնքշանքի համար                                
Կտայի գանձերն այն բազում 
Որ շոյում է դևը չար
Իմ փողերի սնդուկում
Հավատո՜ւմ ես իմ սիրուն
Որ նավաստին ծովափին
Իր քսակն է դատարկում
Որ գանձերն իր նվիրի 
Արքայադստերն այն սուտ 
Քնքշանքի համար զուտ:

Մի քիչ քնքշանքի համար 
Ես կթողնեի արբեցում 
Կփոխեի դեմք ու կերպար
Ես կփոխեի իմ լեզուն
Հավատո՞ւմ ես իմ սիրուն 
Որ երգերի բարձունքում
Շատ կայսրեր ու երգիչներ 
Հաճախ թողնում են լքում
Զորություն գանձ անհամար
Մի քիչ քնքշանքի համար:

Մի քիչ քնքշանքի  դիմաց
Ժամանակ այն կըծայեի
Որ ամառն իր ավարտած
Ջահելությունից է մնում
Հավատո՞ւմ ես իմ սիրուն
Որ երգն է իմ բարձունքում
Դեպ ժանյակն այդ լուսավոր
Որ պարում է ճակատիդ
Հակված դեպ կողմն  իմ անճար
Մի քիչ քնքշանքի համար:

թարգմ.Ս. Չիլոյան





Քնիր ,Սիրելիս

Քնիր ,սիրելիս
Դրսում  գիշերը սև է
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս բարի գիշեր
անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը թակող ծաղիկների վրա
Եվ թռչունը որ երգելու է այգաբացին
ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
Նորից միայնակ կլինենք 
Եվ դու ինձ կորցրած կլինես 
Ես ունեի քո քնքշանքի կարիքը 
Իսկ դու փոխանակ 
Դեպի ինձ թեքվելու պարզորեն
Ինձանից ավելին ուզեցիր
մահու չափ ձանձրալի
Հավերժական 
                      ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Գտնելու համար
աղջիկները որոնց սիրում ենք
Չեն հասկանա երբեք 
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են
Մեր վերջին բախտը
մեր վերջին թռիչքը
Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
Քնիր սիրելիս
դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս 
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ:

Թարգմ.Հ. հարությունյան


Ծերերը

Ծերերը չեն խոսում կամ խոսում են սակավ այն էլ աչքի պոչով
Հարուստ են թե աղքատ ունեն լոկ պատրանքներ և մի սիրտ երկուսով
Նրանց տունը ծոթրին  երիցուկ է բուրում և փոշոտ բառ ու բան
Եվ Փարիզը անգամ մի գավառ է դառնում երբ որ ծեր ես այդքան
Նրաց ձայնը կերկեր արձագանքն է գուցե մի անցած ծիծաղի 
Նրաց կոպերի տակ ծվարել են գուցե արցունքները աղի 
Եվ սոսկում են նրանք ժամացույցից պատի որն անգամ երազում 
Մռռում է ու ասում մերթ այո ու մերթ ոչ մերթ ձեզ եմ սպասում:

Ծերերը չեն երգում դաշնամուրն է լռում ու գրքերն են քնած
Մեռել է տան կատուն ու գինին տոնական չի ջերմացնում նրանց 
Ծերերը չեն շարժվում իրենց կնճռոտ քայլքով իրենց նեղ  աշխարհում
Անկողնուց պատուհան  անկողնուց բազկաթոռ ճամփան են լոկ կտրում

Եվ եթե պատահի որ դուրս  գան թևանցուկ գնալու ինչ-որ տեղ
Կգնան թաղելու մեկին որն իրենից թե ծեր էր թե տգեղ
Մոռանալով մի պահ ժամացույցը պատի որն անգամ երազում 
Մռռում է ու ասում մերթ այո ու մերթ ոչ և նրանց է սպասում:

Ծերերը չեն մեռնում մի օր քուն են մտնում և քնում շատ երկար 
Իրարու ձեռք բռնած վախենում են կորչել բայց կորցնում են իրար
Եվ մեկը հեռանում լքում է երկրորդին որ չար էր կամ բարի
Բայց ի՞նչ փույթ չէ որ  նա ով կմնա այստեղ դժոխքում միշտ կապրի 
Դուք կտեսնեք մեկին դուք կտեսնեք մյուսին որ շփոթ ու անտեր
անցնում է ներկայով և ներում է հայցում որ ինքն ապրում է դեռ
Ու փախել է կրկին ժամացույցից պատի որն անգամ երազում 
Մռռում է ու ասում մերթ այո ու մերթ ոչ և նրան է սպասում
Մռռում է ու ասում մերթ այո ու մերթ ոչ և մեզ է սպասում:

Թարգմ. Պ. Թյուրաբյան 


Նկ. Էդուարդ Լեոն Կորտես

Комментариев нет:

Отправить комментарий