Мой список блогов

понедельник, 15 июля 2013 г.

Մետաքսե...«ՉՀԱՆԴԻՊԵՑԻ»

  Չհանդիպեցի
Չգիտեմ որտեղ, որ երկնքի տակ, 
Բայց գիտեմ, որ կա, ա՜խ, կա այդ մեկը, 
Որի համար էլ ես աշխարհ եկա, 
Չհանդիպեցի ... 

Էլ ինչի՜ համար սիրեցի երգը, 
Սիրեցի մարդուն, սերը սիրեցի, 


Երբ հեռու հեռվում իմ այն մեկը կա, 
Որ երբեք չի գա, 

Երբեք չի պատմի իր սիրո մասին, 
Այլ հոգում հյուսած դեմքս անծանոթ, 
Նա գիշեր ու զօր կտանջվի ինձ պես, 
Ու կտառապի կարոտից անհաս, 

Որ կոպերի տակ ես ծնվեմ որպես 
Հավերժող երազ ...








Նկ.Ստանիսլավ Սուգինտաս


Համբուրվելու համար ջերմություն է պետք,
Ներքին հրկիզումով պոռթկացող ձգտում,
Թե չէ ինձ դուր գալով չես փրկի երբեք
Քեզ իմ շուրթերում:


Դու չարաշահել  ես ուզում պարզապես
Հմայումներն անմեղ այս երեկոյի ,
Աստղերի այն խաղը,լուսնի շողն այս հեզ,
Եվ այս լուսաշաղախ ճամփան հարդագողի:

Բայց քո աչքերի մեջ այս ապակեփեղկ
Չկան աստղեր ու կայծ,կարոտի երկինք,
Սիրո սրբության դեմ չեմ գործի ես մեղք
Թեկուզ և փոքրիկ:

Համբուրվելու համար շիկանալ է պետք,
Հոգու ժայթքումի հետ հրդեհող կրակ,
Թե չէ ես հենց այնպես չեմ դառնա երբեք
Կրքիդ նահատակ...







Կ. Ռազումով





Գինու պես


Խակ ես իսկապես,
Որ դեռ չգիտես,թե կինը կյանքում
Ինչքան մեծանում,առնում է տարիք,
Այնքան գինու պես թունդանում է նա...
Այդպիսի գինուց քեզ պես վախեցող
Տղամարդն անճար

Չի համարձակվի տանել շուրթերին
Հոգիներ ցնցող


Այդ գինարբուքը,քանզի կխորհի,
Թե՝ով իմանա
Սատանի բան է,
Կարող է հանկարծ տապալվել այնպես,
Որ խյտառակի և իրեն,և ձեզ...
Բայց երբ համոզվեց,որ չի դիմանա
Նա գինին կամաց մի կողմ կհրի,
Այ,ինչպես որ դու,
Եվ հեռանալիս կսփոփի իրեն,
Թե՝ շատ էր թթու...  


  




Ճառագայթում

Նայեցի,նայեցի ,նայեցի երկար,
Անծանոթ,օտար քո ծոծրակին,
Եվ հանկարծ ,ով զարմանք,այնպես շուռ եկար....
Որ բռնես իմ մեջ սիրահար կին:

Նախազգաց հույզի անորոշ վախով
Քո հայացքի տակ ծվարեցի,
Ու միամիտ,մոլոր առիթի խաղով
Թարթիչներիդ մեջ դող սփռեցի:

Ինչ ճառագայթում էր,ով մայր բնություն,
Որ անմեղ սրտին հաղորդեց մեղք,

                                                                                                                        
Ավաղ,չվերլուծած այս հրաշքը բուն,
Հասնում ենք երկինք ու տիեզերք:

Ամեն մահկանացու իր խորքում ունի
Իր տիեզերքը,երկինքը խուփ,
Հարաբերականության տեսությունն իր,
Իր Արքիմեդի օրենքը զուսպ:

Քայլող մոլորակներ,ճառագայթներ բաց
Մարդկային տեսքով սփռում են լույս,
Կյանքի պտույտներում որպես առեղծված
Հանգչում են,տանում անմեռ մի հույս:

Թե՝ կգա երևի այն օրն անձնվեր,                     
Երբ ամենանուրբ մի հրթիռով,
Կթռչենք մեր հոգու տիեզերքն ի վեր,
Որ ջահելանանք հարյուր տարով...

Նայեցի,նայեցի,նայեցի երկար,
Անծանոթ,օտար քո ծոծրակին,
Դու ո՞ր ճառագայթով իմ աշխարհն եկար,
Որ տարար ինձ ճիշտ ժամանակին:










Հարազատություն

Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ տանջանքի մեջ դրած ամենուր
Պայքարում ես ինձ պահելու համար,
Չկորցնելու,
Ինձ միշտ քո գրկում շահելու համար...
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ ծնունդ առավ ու արմատ գցեց
Նախահայրերի սիրահարության
Խորություններով,
Մեր երակների նույնահուր արյան,
Մեր հոգու,ոգու բռնկումների
Զորություններով,
Ու աստվածահաս մաքառումների
Հրացոլքերում
Ժայթքեց,բոցկլտաց մեր սիրո լավան
Ու հրավառվեց...
Մենք մեզ մերվելու,միաձուլվելու,
Մերանով գտանք հարազատություն,
Մեր վիշտն ու ցավը փոխանցած իրար
Ճակատագրի ցնծություն գտանք
Ու մակարդեցինք մի մեծ գոյություն...
Մեր սուրբ կարոտի կամրջակներով
Բաժանումների սմբակներ անցան,
Դոփեցին դարեր,
Մահ խրխնջացին ձիերը վայրի,
Ոտնահետք թողած ժամանակների
Հրաժեշտներում...
Մեզ քողարկեցին սիրո պատմության
Խավար զմռսող դամբարաններում,
Բայց մենք լույս ու կյանք սփռեցինք այնտեղ
Ու խնկարկեցինք հարատևության
Բարձրավանդակում...
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ հանուն սիրո գոյատևության
Դեռ պայքարում ես երկուսիս համար,
Մեր ամբողջության,մեր բոլորումի,
Մեր երջանկության լրումի համար,
Մեր միամորիկ այս ժառանգության 
Այս հողի,շողի փրկության համար...
Առանց քեզ ինչպես կդիմանայի,-
Ես ցավը տանեմ քեզ նման հայի...

                                                                               նկ.Ռոման Գարասյուտա                                                                       


Սիրո Երանգները

Դավում ես սիրուս,
Ուզում ես կյանքիդ կեսը շահավետ
Վայելել արդեն ուրիշ կնոջ հետ,
Սրտիս անկյունը քաշվել սուս ու փուս
Ակնկալում ես իմ դատաստանին.
Բայց ես ի՜նչ անեմ իմ փոփոխամիտ
Թուլակամությամբ.
Մերթ կամենում եմ սեղմել իմ ներսում
Էլեկտրական կոճակը սիրուս,
Որ տեղնուտեղը քեզ մոխրացնեմ,
Մերթ էլ ուզում եմ  խանդից իսկապես
Խեղդել քեզ հոգուս գազախցիկում,
Մերթ էլ՝ հիրավի քառախաչ հանել՝
Շպրտել սրտիս խորանները չորս...
Բայց մի պահ չանցած,լացով ինքնահոս
Կորստի ահից փլվում եմ իսկույն,
Ու քեզ գորովով բերում այս անգամ
Տեղավորում եմ հոգուս լուսավոր
Այն բարձրությունում,ուր ճառագայթով
Կարող է մեղքդ հեշտ բացահայտվել...
Նայում եմ, նայում,նայում լարված,
Բայց մեղք չեմ տեսնում,
Մի սափոր սեր է վերուց մեզ տրված,
Ամեն մարդ իրեն
Ուզած ձևով է իր գավը պարպում.
Մարդ կա՝կում-կում է խմում սափորից,
Մարդ էլ կա՝ բնավ խմել չգիտե,
Մարդ կա՝ լի գավին նայում է դատարկ,
Ծարավը մարում ուրիշի թասով,
Մարդ էլ կա ՝գալիս,գնում է կյանքից,
Չզգալով հոգում,
Թե իր սափորի խորունկ հատակում
Ի՜նչ հրաշք սեր էր վերուց պարգևած,
Որ կոշտ հպումից կարծրացավ հանկարծ...
Հիմա դու ո՜րն ես,չեմ էլ մտածում,
Գնա ուր կուզես,
Միայն թե զգույշ,հեռվում չմրսես,
Թեև դու քար ես ինձ պես կոշտի մոտ,
Որին թողեցիր կյանքի անձրևում....
Քեզ արձակում եմ մահի պես հանգիստ,
Քանզի լավ գիտեմ՝ ինչքան հեռանաս,
Այնքան ավելի երանի կտաս
Քեզ կապանքելուս անցած օրերին,
Երբ դու թևերիս շղթաների մեջ
Գալարվում էիր սիրուց խելագար,
Եվ գերությունդ թվում էր անվերջ
Ու հավերժատար...


Իմ Էությունը


Ինձ էլ է թվում,
Թե արցունքով են իրար հետ մերվում
Այսքան քնքշություն,
Ու վայրի-վերո կատաղության հետ,
Այսքան մեղմություն,
Այսքան պոռթկումներ ու ալեկոծում,
Ստրկության հետ և ըմբոստություն,
Այսքան համբերանք ու անզսպություն,
Պարզամտություն,շիտակության հետ
Այսքան ծռություն,
Ահաբեկության ու երկյուղի հետ
Այսքան թևավոր համարձակություն,
Այսքան ապստամբ անսանձության հետ՝
Ճորտության հասնող հնազանդություն,
Այսքան անամոթ անկեղծության հետ
Պատկառանք շիկնող ամոթխածություն,
Այսքան հույսերի,պաշտամունքի հետ՝
Անհավատություն,
Հուսալքության,վհատության հետ
Լավատեսություն,
Այսքան տանջանքի ու ցավերի հետ՝
Կյանքի անսպառ կենսախնդություն,
Ներքին լրջության,խելոքության հետ՝
Հիմարություններ ու թեթևություն,
Այսքան տարիքի ու հրդեհի հետ՝
Առանց վայելքի սիրահարություն...
Ինձ էլ է թվում,
Որ վայրի-վերո կատաղությունս
Գալիս է հեռու իմ նախնիներից,
Մնացած բոլոր խառնվածքային
Գույներ ու երանգ
Ժառանգել եմ ես հեթանոսության
Ոգուց հողեղեն,
Որ ձգվելով մինչ Հիսուսը հանճար,
Ամբողջացել են որպես էություն,
Երբ Տիրամայրը փառքի փոխարեն
Պարգևել է ինձ մարդկային բոլոր 
Թուլությունները որպես սուրբ շնորհ...


 Նկ.Վ.Ռոմերո ՌեդոնդոVicente Romero Redondo


Միմյանց համար





Սերն անկողին չէ.
Սերը վարմունք է ու վարվելաձև,
Ինչպես այս զույգը ,որ կանգնել հերթում 
Օծանելիքներ,գուլպա են ընտրում
Միմյանց համար...
Կինը վայելուչ ժպիտը դեմքին
Նայում է ջահել իր տղամարդուն,
Զգալով ինչպես աղջիկներ ու կին
Բարի նախանձով նայում են իրենց...
Բախտի շոգ ամառ,
Բախտի ցուրտ ձմեռ,
Ճակատագրի աշուններ դեղին,
Եվ ձյունաթաթախ գարուններ բախտի,
Դուք կաք,եղել եք և հավերժորեն
Կլինեք այնտեղ,որտեղ մարդը կա...
Այս կինը վկա,
Կյանքում շահում են հարմարվող կանայք,
Նրանց բոլորն են սիրում իսկապես,
Ափսոս շատ կանայք սղոցների պես
Կտրել,գցելու խառնվածքներով,
Մակարդակելու ցնորքների մեջ,
Այրին զիջելու մեծությունը թանկ
Մանրացնելով հասցնել մինչև
Լեզվագարության...
Ընդհարումներով համառ ու կտրուկ
Մանր վեճերով,մի բառով անգամ
Հաճախ կոտրում են,փշրում անգիտակ
Իրենցով ապրող սիրտը այր մարդու,-
Սերը անկողին չէ,
Սերը և վարք է ,և վարվելաձև....





Քմահաճույք

Սիրահար կնոջ քմահաճույքի մատներախաղով
Ես մեկիկ-մեկիկ արձակելով եմ փրկում սադափե
Այս կոճակները,որ օղակների շրջափակումով
Շղթա են կապել քո ոսկեդեղին վերնաշապիկի
Փակ օձիքն ի վար,
Ու փայլփլումով նայում են շվար,
Թե ե՞րբ խենթացած կանացի մի ձեռք կփրկի իրենց.
Ու ես փրկում եմ քո զգայական շոգ օգոստոսից
Ոչ միայն նրանց,
Այլև քո կրծքի լայնքն ու երկայնքը բնությամբ շահած
Աղվամազերի այս ծմակը մութ,
Որ ողջագուրվում կեսօրն օրորող զեփյուռի հետ զով
Իր ամբողջությամբ բուրում է քեզնով...
Այս ե՜րբ շղարշվեց երազանքներիս ցնորքը կապույտ,
Ու տարավ հոգիս,տարավ,մոլորեց
Այս թավիշի մեջ,
Այս թավուտ հենքում,որ բաբախում է սրտիդ զարկերով
Ու թրթռոցը շնչաբերական
Դողահարվում է մատներիս այրող շիկացումներից...
Հազար երանի կշնորհեմ ինձ,
Թե կարողանամ անցնել այս մազե կամուրջներով
Ու տիրել սրտիդ,որ լի է դատարկ միամտությամբ,
Այն մտերմությամբ,որ ապրում է լոկ սիրահարությամբ,
Աղվամազային ստվերախաղով,
Եվ ոչ թե սիրո հարատևության արևագալներով,
Որ լի են կյանքի հեթանոսությամբ....
Չեմ վախենում,թե կարոտներիս կայծկլտումներով
Կխանձեմ հանկարծ կուրծքդ զարդարող նախամարդկային
այս ծփանքը տաք,
Ու քիթս խոթած նրա թավիշե երանության մեջ
Դեռ շնչում եմ քեզ,
Դեռ արտաշնչում,ցնորում եմ մեզ-
Որ վարդավառվի կիրք ու փայփայանք
Մեր ներսում բախվող այս իրարամերժ
Ինքնահաստատման բարձրավանդակում,
Ու երջանկության հայտնագործությամբ
Մեր բաժանումին բերի սուրբ հերքում...


Նկ. Պինո Դաենի(Pino Daeni)



Գինարբուք ապրող կնոջ քմահաճ մատնախաղերով
Ես մեկիկ-մեկիկ համբուրելով եմ արձակել սադափ
Այս կոճակները,որ կյանք են մտել քո ոսկեդեղին
Վերնաշապիկի նուրբ օղակներից.
Թե հերթը գա ինձ,
Սիրուդ փախարեն անտարբերությամբ մի օր օղակվեմ,
Թող վախճանիս հետ այս փափուկ հենքում,
                               այս թավիշի մեջ
Քո ձեռքով թաղվեմ....





ՉՀԱՍԿԱՑԱՐ

նկ.Պինո Դաենի




Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Չտեսար իմ մեջ այն բարձունքները,
Որոնց դու հասնել,
Դու երբեք հասնել չկարողացար...
Չկարողացար թափանցել նրանց
Գագաթները վեհ,
Որ հասկանայիր ինձ գագաթներով,
Ու կատարներից նայելով խորունկ
Խորքերն իմ եսի,
Գոնե զգայիր մանրությունը քո:
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Քառախաչեցիր իմ անցյալն իմ դեմ,
Որ երկրպագեմ քեզ որպես միակ
Իմ փրկարարի,
Ձգտեցիր հարթել ինքուրույնության
Լեռները խրոխտ իմ խառնվածքի,
Ու պայթեցնել սիրո դավերով 
Ընդվզումներիս ժայռերը բյուրեղ...
Դու պայքարեցիր թուլություններում,
Որ խոնարհության դիմազրկությամբ
Ինձ պես անհատին զրկես ինձանից,
Ու գերեզմանես ինքնատիպ ոգիս...
Դու դավանեցիր, որ ես ամենուր
Իմը մոռացած միշտ քոնը հիշեմ,
Հալվեմ ու կորչեմ քո ծարավի մեջ 
Որպես կաթիլ ջուր...
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Նայեցիր վրաս լոկ որպես անզոր
Մի ենթակայի,
Որն իր պատկերի արտացոլումը
Կարող է տեսնել միայն քո դեմքին,
Բայց ես արարող, հաստատուն մի կին,
Չեմ կարող տանել իշխող մատներիդ
Բութ հպումները...
Պարզի՛ր ափերդ, որ այս լուսեղեն,
Այս ցորենաբույր շողերն արևի
Ծորեն մեղմորեն քո մատներն ի վար,
Ու ծլարձակեն քարահողերում...
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,
Եվ զուր ես կարծում, թե դու փրկարար,
Սերն ես իմ այն մեծ,
Որին փնտրել եմ ես իմ աղջկական
Ցնորքների մեջ...
Գուցե հենց դո՛ւ ես, դո՛ւ ես այն միակ
Պատահականը,
Որի հետ սիրուս ոտքերը բոբիկ
Չանգռեցին բախտի թփեր ու մացառ,-
Դու կյանքում երբեք ինձ չհասկացար...

                                       





Նկ . Վ. Վոլեգով                                     ՀԻՇԻՐ ԻՆՁ


Դու այս գիշեր մաքրությամբ, լույս մաքրությամբ հիշիր ինձ,
Թող արցունքներ ես դառնամ ու գլորվեմ այտերիդ,
Թող փշրվեմ ներումի, նվիրումի ճամփին քար,
Միայն թե դու այս գիշեր սուրբ մաքրությամբ հիշիր ինձ:


Դու այս գիշեր ետ մնա կարոտներից անանուն,

Թող մոմի տեղ ե՛ս այրվեմ հուշերիդ մութ խորանում,
Գիշերն իջել է ծունկի ու խոնարհված լուսնյակին,
Նահատակված իմ սիրո խաչքարերն է համբուրում...



ՄՈՌԱՑԱ

Սիրտս մոռացա գիշերը քեզ մոտ,
Անսիրտ քայլեցի ձեր փողոցն ի վար,
Կյանքս ծերացավ մինչև առավոտ,
Ձեր փողոցն ի վա՜ր, ձեր փողոցն ի վե՜ր...
Սիրտս պահերով, թե դու վեր տարար,
Տարո՛վ վար տարար, քարո՛վ վար տարար,
Ա՜խ, կյանքս վեր ու վարերով անցավ,
Վարերո՜ւմ անցավ...



ՁԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ

Աշնանային քամու հետ դողացի ձեր փողոցում,
Սպասեցի տագնապով, սպասեցի վախվորած,
Բայց լոկ քամին ինձ գրկեց բռնությունով իր անսանձ,
Ու մնացիր դու իմ մեջ որպես տխուր մի անցում...
Քամին տարավ կարոտիս տերևները դալկացած,
Ես մնացի միայնակ ամայացած փողոցում...






                                                 ԱՅՐԵՐ
Նկ.Ստանիսլավ Սուգինտաս
                                              Станислав Сугинтас

Այրե՛ր, ինչո՞ւ եք մեզնից բողոքում,
Երբ մինչև հիմա դուք մարդավարի
Կանանց գուրգուրել չգիտեք կյանքում.
Կնոջ հանդերձանք հանելը նույնպես
Արվեստ է մի նուրբ...
Չեք կարողանում ձեր սիրած կանանց

Այնպես հոլանել, որ փշաքաղվի,

Որ նա հուրհրա, շիկանա սրտում
Ու խենթացնի իր տղամարդուն...
Փորձե՞լ եք մի օր կնոջն հոլովել
Կոճակեղենի արձակումներով,
Օղակների դեմ՝ հարձակումներով,
Ականջօղերի շշնջումներով,
Վարսակալների խճողումներով,
Ցայգազգեստի ծաղկաքաղերով,
Քնքշանքով, խաղով...
Փորձե՞լ եք մի օր զգալ իսկապես,
Թե ձեր մատներով կիսահաղորդիչ 
Ջերմության դիմաց ինչ է փոխանցվում
Կնոջ մարմնին, հոգուն նվաճած,
Երբ ձեր կրակը շաղ տված դրսում՝
Պարտականության պարտքով սպանիչ
Գգվում եք նրանց,
Կայծի փոխարեն պահանջում հրդեհ...


Այրե՛ր մեր դարի,
Դուք մինչև հիմա դեռ մարդավարի
Չգիտեք գրկում կանանց հոլովել,
Սիրով շորորել,
Ձեզնով բոլորել չգիտեք կանանց:
Եվ մերկության մեջ այս մոլորակի
Կանայք կան՝ գալիս, գնում են գոցված,
Ու չեն հասկանում՝ ձե՞ր զոհն են իրենք,
Թե՞ ժամանակի...




ԵՐԱՆԻ 

Նկ. Կ. Ռազումով


Երանի՜ հագիդ վերնաշապիկին, 
Որ գրկել է քեզ օրը ցերեկով 
Եվ իր ծալքերի սեթևեթանքով 
Փաղաքշում է հեթանոսական 
Կրակը մարմնիդ ... 
Նրան ինչ, թե մի խելակորույս կին 
Այրվում է խանդից արեգակի պես 
Եվ երազանքի ճառագայթն աչքում, 
Տենչում է, մի օր գոնե տաշտակում 
Փայփայել նրան, որ հպվել է քեզ ... 

Նրան ինչ, թե կա աշխարհում մի կին, 
Որ փափագում է հոտոտել նրա 
Օձիքը տաքուկ, որ իր ռունգերում 
Եվ հիշողության շնչում հողեղեն 
Պահի քո սիրո բույրը այրական ... 
Երանի՜ հագիդ վերնաշապիկին, 
Որ կոճակների նուրբ օղակներով 
Կարողանում է տեղահան եղած 
Մեր ժամանակում, 
Կարճատև կյանքի սիրո ցերեկով 
Պահել իր գրկում քեզ նման մեկին, - 
Երանի՜ հագիդ վերնաշապիկին ...


                                                                               նկ.Ռոման Գարասուտա             



ԿՆՈՋ ԲՆՈՒԹՅՈՒՆ


Մեր այս հողեղեն բնությունից դուրս
Կա մի ավելի,
Իրեն խորքերում բացատրելի,
Իրեն խորքերում ավելի հարուստ
Ու բարդ բնություն,-
Դա մեր կանացի առեղծվածային
Բնապատկերն է, որ ժամանակին
Մենք ժառանգել ենք մեր նախամորից.
Եվ հիմա ամեն, ամեն մի պարզ կին
Խրթին խաչբառ է, մի բարդ բնություն...
Բայց կանայք ողջը բնությունից դուրս
Մի բնություն չեն,
Այլ ամեն մեկն է մի ողջ բնություն,
Բնությունից ներս, բնությունից շեն...
Եվ կանանց հազար ու մի բնություն
Չիմացող այրեր
Քեզ պես կարծում են, թե ես էլ խելոք
Այն կանանցից եմ, որոնք հարճի պես
Խոնարհ ու հլու կորչում են հաճախ
Գրկում այրերի,
Դառնում զոհերը այն պակաս-պռատ
Զգացմունքային կողոպուտների,
Որ վայելքների աշխարհում ազատ
Կոչվում է սիրո թերավարտություն...
Ո՛չ, ես ինձ երբեք,
Երբեք չեմ թողնի
Հասնելու սրտիդ՝ հպատակվելով,
Քեզ մատուցվելով...
Դու ի՛նքդ պիտի սիրուս ձին սանձես,
Հնազանդ պահես առնական ոգուդ,
Ինձ ի՛նքդ ինձնից պիտի ետ խլես,
Ինձ ի՛նքդ պիտի քեզնով նվաճես,
Ինձ ի՛նքդ պիտի տիրանաս, հաղթես,
Որ իմ մեջ հրճվի կանացի մի վախ,
Ու վայելքների փոխհատուցումով
Սպառումներդ ինձ շահեն այնպես,
Որ թուլությանս հաղթող զորությամբ
Ես կողոպտեմ քեզ...




ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԵԶ ՀԵՏ
Նկ . Վ. Վոլեգով   



Առաջին պահից սիրեցինք իրար,
Իրար փարվեցինք առաջին սիրո երկյուղածությամբ,
Ու ժամանակը չկարողացավ երբեք պարծենալ
Մեր վայելքների հպանցիկությամբ...
Ես արևելքի տաքարյուն մի կին
Ցնորվել ահա քո այրավարի գրկախառնումից,
Ինքնակամ ընկել գրկիդ հնոցը հալվում եմ, ձուլվում
Քո էությանը, լույսիդ ակունքին...
Այդ ի՜նչ թևեր են, որ իմ ծփացող ծարավը սանձում,
Փաղաքշանքով սարսուռ են շաղում արյան մեջ իմ բորբ,
Ու հրդեհիդ մեջ ես փշաքաղվում, դողում եմ շոգից...
Այդ ի՜նչ լավա է, որ ինձ կլանում
Տարփանքի այրող բոցկլտումներով ոգիս թալանում,
Փշրում է կամքիս ոսկորները որբ,
Ու ներխուժելով էությունս տաք,
Քանդում է հպվող փոթորկումների ծփանքները սուրբ,
Որ իրար մերվող ալեկոծումի բախումները զուսպ
Հանգուցվեն որպես սիրո խոնջանքի ցավ ու ափսոսանք...
Ո՞վ ես ինձ համար,
Այդ դո՞ւ ես արդյոք մասն իմ զորավոր,
Թե՞ ես եմ հոգուդ մի հյուլեն անզոր,
Դո՞ւ ես ինձանով միշտ հարստանում,
Թե՞ ես՝ քեզանով,
Բայց ամեն անգամ քեզ հանդիպելիս
Զգում եմ ինչպես շքեղությունդ մի նոր հմայքով
Ինձ հեռվից գիրկդ է կանչում, սիրելի՛ս:
Մեր կարոտների մակընթացությամբ
Ապրեցինք հույզի այնպիսի հզոր տեղատվություն,
Որ պառկել հիմա խաղաղված, թեթև,
Երկուսով նայում, ժպտում ենք թափուր երկնքին ծավի,
Որ դարձել պսակ ամպերից վերև,
Մեր միացումն է օրհնում երևի,
..............................................................
Իմ սիրո կապույտ, կապույտ օթևան
Սիրած ի՛մ Սևան...


Նկ. Լաուրա Բլանկ

New Awakening


Գնալուց առաջ

Ինչպե՞ս թե գնաս,
Կարծում ես հե՞շտ է խաչ քաշել վրաս,
Երբ մտել եմ  քո ամեն բջիջի,
Հոգու,ոգու մեջ
Ու գոյությունն եմ դարձել քո անձի:

Ես այրվում եմ քո շիկացած արյան ,

Ամեն հյուլեի բաղադրության
Ցոլացումների
Ու անդրադարձման արձանգանքներում,
Քո հյուսվածքներում,
Նյարդաթելերի գործվածքների մեջ


Եվ նուրբ հենքերի կապն եմ սրտամերձ...
Ինչպե՞ս թե գնաս,
Ախ դու չգիտես ,չգիտես  հոգիս,

Որ քո մեջ վաղուց ,դու վաղուց չկաս,
Ու չես իմանում,որ հաճախ անլուրջ
Երբ բորբոքվում ես,բռնկվում մեկեն,
Այդ ես եմ ներսից միամտորեն 
Հոգիդ փրփրում,
Երբ վրդովվում ես,տագնապից դողում ,
Ես եմ քո ներսից քո դեմ բողոքում,
Երբ գորովանք ես շաղ տալիս չորս դին,
Ես եմ քեզ ներսից շոյում մտերիմ,
Երբ ծիծաղում ես,հրճվանքից հարբում,
Ես եմ քո ներսից քեզ ծափահարում,
Իսկ երբ մզզում է ականջիդ ներսում
Վերքի մի օղակ,
Այդ ես եմ հյուսում ցավի եղանակ....
Ինչպե՞ս թե գնաս...
Դու այդ էությամբ ո՞ւր պիտի գնաս...
Երբ փորձի համար
Քո ներսից քեզ երես եմ թեքում,
Դու տղամարդու կամքով քո տկար,
Կորչում ես իսկույն ուրիշ գրկերում:
Երբ ետ եմ բերում
Շռայլանքներով փաղաքշանքիս,
Դու այդ կանանցից արդեն կշտացած 
Զղջումներիդ մեջ դառնում ես գերիս...
Ինչպե՞ս թե գնաս...

Կ.Ռազումով

Բաժանում

Բաժանում կա,որ արժե իսկապես 
Հազար միացում,
Ինչպես քոնն հիմա,ուր կա և զղջում,
Եվ խղճի մորմոք ,և արցունք և ցավ.
Եվ տարիների կորուստ կա հարկավ...

Գնում ես որպես հեռացող մի վիշտ,
Եվ ոչ թե պանդուխտ,
Որը միշտ ունի տունդարձի ճամփա...
Գնում ես որպես փրկության մի ուխտ,
Տանելով քեզ հետ թուլությանդ ողջ
Կարողությունը,
Որ յուրացնել չկարողացա,
Չկարողացա տանել կանացի ուսերով հոգնած
Տվածդ հարուստ տառապանքների
Գանձերը աղքատ,
Ուր ափսոսանքի մի ոսկի չկա...
Առ, տար քեզ հետ
Քո սիրուց շահած կուտակումներս,
Որ պատկերով լի հույսեր են փշրած,
Փթթած հույզեր են՝մաղախներով լի
Ու քուրձեր՝ լցված հավատով դատարկ...
Տար քեզ հետ բարձած խեղճ տարիներիս
Վագոնները ձիգ,
Որ բերնեբերան լցված են ցհագ
Հուսախաբությամբ....
Ես գիտեմ,որ մեր ճակատագրում
Լավատեսության ոչ մի շոգեքարշ
Չի շարժի տեղից այդ գնացքը բութ,
Քանզի շուռ կգա ուժասպառության
Երկաթգծերին 
Ու կկործանվի հիասթափությամբ...
Առ տար,տար  քեզ հետ բեռները սիրուդ
Որ չհանգուցվեն կյանքիս վթարին ,
Ու ծանրանալով աճյունիս հոգուն
Այս աշխարհում սեղմ
Կտրեն շիրիմիս շունչը հողեղեն...
Տար սիրտս,առ տար,
Սերն ունի հզոր նախազգացում,-
բաժանումներ կան որ արժեն  
Հազար մահ ու միացում...
.
                                                                                          Նկ. Կ. Ռազումով
Դատարկություն

Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց ,այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությունը,որն ուժ առնելով
Մեր կրակներից այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր չդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Որ կամաց-կամաց մեզնից աննկատ
Երբ ներսից արյվեց ,
Մոխրակույտ դարձավ,
բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի....







Նկ. Կ. Ռազումով

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ, ԱՍԱ՛...

Շղթա չի՞ դառնա քո այս մատանին...
Կարո՞ղ է գիրկդ լինի ինձ համար
Մանկուց կորցրած իմ նվիրական
Տունը հայրական,
Լինել եղբայրս, քույրս, հոգատար,
Որոնց կարոտը դեռ մինչև հիմա
Շաղեր են թողնում տողերիս վրա...
Արցունքներիս չափ կարո՞ղ ես տալ ինձ
Խնդություն ու սեր:
Կարո՞ղ ես կիսել անցած ու գալիք
Փորձությունները թե՛ մեծ, թե՛ փոքրիկ...
Կարո՞ղ ես արդյոք 
Ինձնով զօր-գիշեր
Պահել քո սրտի կրակը բորբոք,
Խենթությունները չթերթել հոգուս
Հայացքով թեկուզ:
Չդառնալ կամքիս քմահաճ իշխող,
Զգալ մոտիկից
Իղձերիս ամեն ճառագայթ ու շող...
Կարո՞ղ ես, ասա՛,
Լինել ընթերցողն իմ հավատարիմ...
Երկիր բերելով երազներս պերճ,
Քեզ չխնայել, սպառվել իմ մեջ,
Որ թե սայթաքեմ, կողքիս քեզ զգամ,
Ինձ սիրես այսպես, ինչպես որ ես կամ,

Կարո՞ղ ես, ասա՛...

Նկ. Կ. Ռազումով



Համարակալում

Այս ո՞վ է ծածուկ համարակալել
Մարդու սերն արդյոք,
Եվ ով է ասում, թե կյանքում իրոք
Բոլոր սերերից մեծ ու առավել
Առաջին սերն է, համբույրն՝ առաջին:

Գուցե հիշվում է սերն այդ կուսական
Լոկ նրա համար,
Որ ծաղկում է նա աստղերի, լուսնի 
Ժպիտով գաղտնի,
Որին ձգտում ենք անփորձ պատանու 
Տարերքով վարար,
Ու երբ չենք հասնում,
Բարձր է մեզ թվում երկինքն ավելի:

Իմ սիրո համար սրտիս ճամփեքում
Համարակալված հանգրվան չկա,
Բոլոր սերերը ես բազմապատկում,
Բոլոր սերերով սիրում եմ մեկին:
Իսկ թե ատում եմ, ատում եմ բոլոր,
Սերերիս մահվամբ վիրավոր:


նկ.Ռոման Գարասուտա
ՀԵԹԱՆՈՍ

Երբ դիցուհու պես ծնկանդ դրած՝
Երկրպագում ես փայփայանքներով,
Երբ աչքերիդ մեջ կրակներ ու կայծ
Ալեկոծում են արբած մի գորով,
Հիշում եմ մեր շոգ հեռավոր հեռուն,
Ուր Վարդավառի տոներին շքեղ,
Բագինների խենթ խրախճանքներում,
Հայոց այրերը մեր գեղեցկատես,
Արնավառ գինու արբունքից պապակ,
Ըմբոշխնում էին կանանց հենց այնպես,
Ծնկանը դրած,

Որպես վայելքի հեթանոս աստված...


Նկ.Կոնստանտին Ռազումով


ԵՍ ԳԻՆԻ ԵՄ 

Թանձր ու թունդ գինի եմ ես է՜ն գլխից, 
Այս դարի դեմ փրփրոտված անդադար, 
Տղամարդ ես, թասդ լցրու, ըմպիր ինձ, 
Թե կարող ես, սիրտս տար ... 
Բայց ով ես դու, ի զորու ես սիրտ տանել, 
Երբ ինձ համար սրբությունն է սիրո հաց, 
Զուր ես վերից այդքան վստահ նայում ցած,
 Այդ ինչ ունես դու ինձանից առավել, 
Որով սիրում, տիրանում ես և կանանց, 
Եվ սրտերին, և գահերին, և  աշխարհին թևաբաց ... 
Ես մաճառ չեմ, թունդ գինի եմ արնագույն, 
Եթե դավես ու խաբելով ըմպես ինձ, 
Ես քթիցդ այնպես կգամ, որ կյանքում
 Ուշքի չես գա, որպես խիղճ ... 
Դուք, այրերդ , վա՜յ, այրերդ անառակ, 
Սիրո բոմժեր, ալկաշներ եք շնացող,
 Խառնշտել եք հազար գինի ու տեսակ,
 Դարձել սիրո հարբեցող ... 
Ես նաիրյան թունդ գինի եմ է՜ն գլխից,
 Արևահամ, ոսկեծղի եւ արդար,
 Մոտիկ արի, թասդ լցրո՜ւ, ըմպիր ինձ, 
Տղամարդ ես, սիրտս տար ...

Օհ՜,էս ինչ «թունդ էր» )))) ոնց են «կուլ » տվել տղամարդիկ?)))

Նկ. Կ. Ռազումով


ԻՆՉ ԶԳՈՒՅՇ ԵՍ ՆԱՅՈՒՄ

Ինչ զգույշ ես նայում այսօր
Եվ չափազանց մեղմ ես ու ջերմ...
Ա՜խ, չլինի՞ թե հանցավոր
Մեղք ես գործել իմ սիրո դեմ...


                                           նկ.Ռոման Գարասուտա


Գաղտնիք չի մնում

Լվացքդ սիրուդ նման փոքրացել, դարձել է մի բուռ,
Եվ սի՛րտդ է տաշտիդ նման փոքրացել,
Դու թաքցնում ես խնամքով, իմ քույր,
Բայց ինձ հավատա՛,
Որ ես քո փռած լվացքներից եմ միայն զգացել,
Որ տանդ վաղուց տղամարդ չկա...
Ամեն տան լվացք ունի յուրովի կենսագրություն,
Որին նայելիս զգում ես իսկույն,
Թե ինչ մարդիկ են ապրում այդ տան մեջ,
Ի՞նչ ճաշակ ունեն,
Ունեն ի՞նչ տարիք և անգամ ինչ սեռ...
Ձեր պատշգամբից ձգվող պարանին
Չես փռում արդեն դու տղամարդու վերնաշապիկներ,
Տնազգեստներ, տաբատ չես փռում,
Ու նայողներին լվացքդ անքեն
Մատնում է, ավա՜ղ, այրիանալուդ
Տիրությունն անտեր...
Ամրակալների փայտե մատները սիրտդ կսմթում,
Ցավով են սեղմում ապրածիդ թերին,
Քամին մարում է ճերմակեղենի լույսերը տրտում,
Նրանց փեշերով իրիկնամուտը ծեփում պատերին:
Ննջազգեստդ փաղաքշանքի կորստից սմքել,
Կառչել է ահա օրերին կապող միակ պարանից,
Զեփյուռը կռվում քղանցքը նախշող ծաղկանց հետ գունատ,
Թերթիկների մեջ սփռում է թախիծ...
Շրջազգե՛ստդ, շրջազգե՛ստդ հողմից ցնորվել,
Մենավոր հովից խելագարվում է տանդ պարանին:

Ախ, հիմա ինչքա՛ն
Խելագարներ կան,
Որ բախտի քամուց իրենց կորցրել,
Խփվում են այսպես կյանքի պատերին…

Նկ. Կ. Ռազումով



ՆՐԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ

Ի՜նչ ես սարսափում, նայում երկյուղած
Հեղեղումներին իմ գգվանքների,
Քեզ ուր էլ տանի հորձանքը սիրուս՝
Պիտի թափառի իմ էության շուրջ
Ու վայելքների գանձեր վաստակած,
Գիրկս հետ բերի:

Ի՜նչ ես վախենում, նայում դողահար
Շիկացումներին իմ համբույրների,
Սիրահարվելիս միշտ էլ աշխարհում
Այնպես եմ սիրում,
Որ կարծես թե հին վրեժ եմ լուծում
Այրից իմ գերի:

Ի՜նչ ես զարհուրած նայում շարունակ
Հրդեհումներին իմ պոռթկումների,
Սեր ըմբոշխնելուս սպառումներում
Միշտ էլ ակամա ես ոխ եմ հանում
Աշխարհի բոլոր էրիկ չունեցող 
Կանանց փոխարեն,
Սիրո մեջ խաբված մեր աղջիկների,
Բախտում ձախողված բոլոր միայնակ
Ջահել մայրերի,
Տանը մնացած ցամաք կույսերի
Ու այրիների,
Մեկումեջ սիրվող հոմանիների,
Լոկ ձևի համար այր մարդ ունեցող
Տանտիկինների, նորահարսների
Եվ իմ փոխարեն,
Այնպես որ պիտի կա՛մ դու ինձ զգաս
Ու քո մեջ փնտրես նման մի սուրբ քեն,

Կա՛մ էլ՝ հեռանաս...


Նկ. Ռոմերո Ռեդոնտո
        
   ԱՂՋԻԿԸ

Նա մի աղջիկ է նուրբ ու կանացի,

Վաղ է մոլորվել կյանքի ճամփեքում,
Գուցե իր սիրո թախիծն է ցրում,
Որ գալիս է քեզ, գալիս է այցի:

Չի ակնկալում նա քեզնից ոչինչ,
Ո՛չ հարստություն, ո՛չ փառք, ո՛չ գանձեր,
Ուզում է թեկուզ գրկի մեջ քո ծեր,
Քնքշանալ, սիրվել, նրբանալ մի քիչ...

Շատ է միամիտ ու նուրբ է հոգին,
Փորձառու սիրուդ խաբվածն է անսուտ,
Բայց կգա օրը, երբ քեզնից անշուշտ,
Նա կհեռանա որպես հասուն կին...       


ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Այնպես եմ ուզում վերածնվել քո մեջ,
Տարրալուծվել իսպառ
Ծալքերի մեջ սրտիդ,
Որ ողողված լույսի թրթիռներով ընդմիշտ՝
Ապրեմ ես անվերջ
Միայն քեզ համար...

Այնպես եմ ուզում վերածնվել քո մեջ,
Ազատվել այս մթից, ցրտությունից իմ տան,
Եվ տառապանքներից անորոշության,
Որ քանդում է, հյուսում
Սիրուս սահմանամերձ
Երազանքներ և սյուն...

Այնպես եմ ուզում վերածնվել քո մեջ,
Կյանք տալ խեղաթյուրված տենչանքներիս բոլոր,
Դուրս գալ շրջափակված իմ այս բախտից մոլոր
Ու խեղճանալ միայն քեզ հնազանդվելուս
Փաղաքշանքներից խելագարվելիս...
Օ՜, ի՛մ սիրելիս,
Դու հրաժեշտին նայեցիր ինձ անհույս,
Ու չտեսար ներսիս հրաբուխները մեծ,

Որ երազում էին վերածնվել քո մեջ...

Ню от Константина Разумова (Konstantin Razumov)
Նկ. Կ. Ռազումով






ՉԵՄ ԻՄԱՆԱ

Կգա՛ս, ես գիտեմ, կայցելես մի օր

Հեռու-հեռավոր իմ գերեզմանին,

Կնստես կողքիս, կծխսես մոլոր,

Լուռ նորոգելով անցածները հին:

Կգաս մեխակներ, յասաման փնջած,

Գարուն շաղ կտաս շիրիմիս անշուք,

Կողբաս սիրո ծառուղին չանցած,

Որ մեր կյանքով մեկ ձգվեց որպես սուգ:

Կգաս, կհիշես երգերս գրած,

Անծուխ կմխաս՝ նայելով չորս դին,

Կայրվես իմ կյանքի կրակով հանգած՝

Մոխիրդ տալով տաք ծխախոտին:

Կգաս իմ սիրած մեղեդիներով,

Իմ քրքիջներով, ծիծաղներով բաց,

Ա՜խ, զգո՛ւյշ, նրանք լռության ձեռքով

Չպատառոտեն քո սիրտը հանկարծ:

Կգաս կարտասվես շիրիմիս մի օր,

Սրտիդ մեջ մոմեր կվառես իմ դեմ,

Չեն հանգչի մեկեն հուշերդ բոլոր,

Ու կգաս էլի, կգաս, ես գիտե՛մ,

Բայց, ափսո՜ս, երբ գաս, ես չեմ իմանա,

Էլ չե՜մ դիմանա...



Նկ. Կ. Ռազումով


Իզուր

Տիրամոր տեսքով մայրս ինձ գրկել,
Երազներիս մեջ ափսոսել է շատ,
Որ ինձ աշխարհում կին է ստեղծել,
Տղամարդ պիտի ստեղծեր հաստատ,
Որ իմանայի թե ի՜նչ եմ անում...
Ինչքան խեղճ կանայք վնաս են շահում,
Որ իմ խորքերում օրը ցերեկով
Կորչում են այսքան հույզեր ու գորով,
Այսքան կրակներ,սրտի ջերմություն,
Փաղաքշանքի մարող քնքշություն,
Կանանց զգալու խելագարություն,
Գուրգուրանքների հրաբխություն,
Տարերքի անափ տեղատվություն,
Երազի պայծառ մակընթացություն,
Նվիրվածություն, զոհաբերություն,
Ու մի շվարած հավատարմություն,
Այրին բա պե՞տք է այսքան սրբություն...
Մանավանդ չորս դին այրեր կան հիմա,
Որ  պիտի իրոք կամ ծնվեին կին,
Կամ կրոնական...
Թեև վերջինս իր աշխարհական
Զգացողությամբ ավելի խորունկ,
Ավելի այրող հրաշքներ ունի,
Քան տղամարդիկ այն հազար ու մի,
Որոնք ծնվել են ոչ թե տղամարդ,
Այլ՝ ճգնավորներ անաստվածության,
Եվ աշխարհով մեկ շաղ տալով իրենց
Կայծերը մի բուռ
Խոսում են անվերջ սիրո հրդեհից:
Այն ինչ սրտերի ցուրտ խորաններում,
Եվ օջախների ոգում անկրակ,
Նրանց գգվանքին կարոտ շատ կանայք
Ճակատագրի խաչերին ընծա,
Տուժվում են ցմահ...
.................................
Տիրամոր տեսքով մայրս երազում
Հաճախ է ինձ հետ ժպիտս կիսել,
Թե՝ ես այս դարում աղջիկ ծնվելով
Լավ տղաների թիվն է աշխարհում
Մեկով պակասել....


Նկ. Կ. Ռազումով

   Դժկամություն

Մի կին գորովով խնդրեց ամուսնուն,
Որ կրծքակալի ճարմանդն արձակի,
Ու դեմքին տեսավ երբ դժկամություն,
Հիշեց այն մեկին,
Որ տաք մատների այրող պոռթկումով
Ուզեց իր վզի կոճակը քանդել,
Եվ ինքը կոպտեց...
Բայց ինչ որ շորշոփ ,կարոտի տագնապ,
Մնացել նրա հպանցիկ խաղից
Ալեկոծում էր ներսը ափեափ.
Ուզեց նա իր մեջ դեռ փրկել մի կին,
Որ քնքշանքների ծարաված հոգին
Սեփական սերը  թողած հարկի տակ
Չտարվի հանկարծ ուրիշ երազով...
Ու տխրեց մի պահ սիրտը կանացի,
Որ ճիշտ է ասվել սիրո մի երգում,
Թե՝ մենք իրենց ենք տենչում գգվելիս,
Իրենք՝ուրիշի...
Ինչ ոչ ու փուչ է մոլորակն այս ծեր,
Որ պտտվում է առեղծվածներով,
Ու մեզ տանում է մեզնից և հեռու,
Եվ մոտիկ այնքան,
Որ չհասկանանք աշխարհից շատ բան,
Ինչպես միամիտ այս այրը հիմա,
Որ իր խնայած ջերմությամբ թեկուզ,
Թեկուզ հայացքի ցրտությամբ անլույս,
Թեկուզ ակամա,
Կնոջը հրեց գիրկը այն մեկի,
Ճիշտ ժամանակին...



Շուրջդ պտտվելուց

Հասկացիր վերջապես,ախ հասկացի՜ր,
Ես ծխատուփդ չեմ գլանակներով լի,
Որ երբ խելքիդ փչի ,ցանկացածդ վերցնես,
Ու հետո ինձ փակես շրխկոցով...
Ես մի մոլորակ եմ ներքին անհայտության,
Հայտնի երկմտության առեղծված եմ ներհակ,
Անհատականության հողագունդ եմ մի բուռ
Հիմնավորումների իմ մայր ցամաքներով,
Հավատացյալ սիրուս գմբեթներով թել-թել,
Խելագար թևերերիս գետերով փրփրաբաշ,
Ծովերով աչքերիս...
Հասկացիր վերջապես,ախ հասկացի՜ր,
Իմ աշխարհներն ունեմ հայացքիս մեջ հիմա
Իմ հայացքներն ունեմ հայացքիս մեջ հիմա
Որպես բնություն,ինքնություն որպես,
Քո կրկնությունը չեմ հողեղենի շարքում...
Անզգույշ մի շարժում
Եվ իմ հոգում եղած երանգն անզուգական
Գունազարդումներից ազատվելով իրեն,
Իմ էության ներսում հաղորդությամբ բարձրիկ
Կհամբարձվի երկինք,
Եվ դու աստված չես,որ ետ բերես նորից...
Հասկացիր վերջապես,
Ես չեմ պատկանում ոչ նրան ,ոչ քեզ,
Այլ միայն ինքս ինձ,
Որն այս աշխարհի պես,թվում է վաղուց,
Հոգնել է պատկերիդ շուրջը պտտվելուց...



Նկ. Կ. Ռազումով
Բախտավոր եմ ես, որ ձմռան կեսին
Փարվել է հոգուս արևի մի շող,
Ու թրթռում է քո սիրո մասին
Հաճելի մի դող:

Բախտավոր եմ ես, որ ձյուն-ձմեռով
Աստղերով լի է գիշերն աչքերիս,
Որ փաթիլ-փաթիլ հյուսում են գորով
Ու սիրո թավիշ:

Բախտավոր եմ ես, որ ճերմակ ցրտին
Շառագունել եմ քո սիրո վախով,
Ու բոցկլտում եմ կարոտիդ չորս դին
Արցունքի շաղով:

Բախտավոր եմ ես, որ սարսում է ինձ
Պարուրված սրտիս շոգը կենսատու,
Թե ի՜նչ հրաշք ենք շահում իրարից,

Գիտենք ես ու դու...


 

2 комментария:

  1. ....«Մետաքսե»-ի համար.... ու ընդհանրապես, Շնորհակալ եմ շա՜տ..."

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Y.S.B.Երախտագիտության խոսքերս Ձեզ են ուղղված...
    Ձեր շնորհիվ բացահայտեցի Մետաքսեին ...
    Գիտեմ...կայցելեք..կկարդաք այս հաղորդագրությունը...))))
    ու կիմանաք ,որ Շնորհակալ եմ շա՜տ ամեն-ամեն ինչի համար...

    ОтветитьУдалить